«Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։
[օր 18] Թավշյա հեղափոխության մեկնարկը
[Աշոտ Խաչատրյան] Առավոտյան արդեն արթնացել էինք անսերժ Հայաստանում։ Ինձ թվում ա՝ ինքն էլ գոհ չէր իր ընտրության օրվանից։ Ինձ մոտ միայն մեկ կասկած կար՝ կհեռացվի ինքը խաղաղ, թե բռնի ճանապարհով։ Նախորդ օրը ինձ 2 անգամ բերման էին ենթարկել, ու դա ինձ հուշեց, որ մարտավարությունը պետք էր փոխել։ Պետք էր ամեն գնով չբռնվել, ինչքան մնայինք փողոցում, այնքան շատ օգուտ կտայինք։
[Արմեն Գալջյան] Առավոտյան 8-ի կողմերը՝ ես, Նիկոլը, Ամիգոն և Դավիթը ռուպռներով, ուղիղ եթերներով և power bank-երով «զինված» դուրս եկանք ՔՊ-ի գրասենյակից, որը գտնվում էր Մաշտոց-Խորենացի հատվածում: Մայթով քայլում էինք դեպի Ֆրանսիայի հրապարակ, ճանապարհին մեզ տեսնող բոլոր քաղաքացիները, առանց բացառության, սկսում էին քայլել մեզ հետ, երբ հասանք խաչմերուկ, տեսանք, որ հարյուրավոր երիտասարդներ Արամ Խաչատրյանի արձանի մոտ մեզ են սպասում: Երբ տեսան Նիկոլին, ոգևորություն տիրեց, մի փոքր ուշացել էինք նախատեսված ժամից, երևի մտածում էին, թե չի գա, դրա համար տեսնելուց ուրախացան:
Փողոցները դեռ ազատ էին, մեքենաները կարողանում էին շարժվել, բայց հասկացանք, որ հերիք է և նստեցինք Մաշտոց փողոտայի վրա: Քաղաքը մեր նստելու պահին կանգնեց: Ձեռքերով շղթա կազմեցինք և ամբողջ Ֆրանսիայի հրապարակը շրջանաձև փակեցինք։ Երբ հասկացանք, որ ամեն ինչ նորից մեր վերահսկողության տակ է, երթով շարժվեցինք դեպի Բաղրամյան: Ուշադիր նայում էի դիմացս: ՍԴ-ի մոտ Նիկոլի ականջին շշնջացի՝ «առջևում ընդհանրապես ոստիկաններ չկան», անցավ երկու վայրկյան և սկսեցինք վազել դեպի Բ-26: Երբ հասանք դարպասների մոտ, մի շարք վահաններով ոստիկաններ հասցրեցին փակել շենքի մուտքը, չնայած մենք ներս մտնելու մտադրություն չունեինք: Քիչ անց Արարատը հարյուրավոր մարդկանց հետ վերևից միացավ մեզ, խնդրեցինք, որ այս «պոստը» վերցնի իր հսկողության տակ, իսկ մենք երթով իջանք դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ոստիկանությունը վահաններով շարվել էր և մինչև մեր գալը մոտ 30 հոգու բերման ենթարկել:
[Վահան Կոստանյան] Քաղաքը շարունակում էր պարալիզացված մնալ։ Նորընծա վարչապետն անհասկանալի էր, թե ինչն էր կառավարում։ Ալիքը Երևանից արդեն սկսել էր դուրս գալ դեպի մարզեր, ինչն ավելի էֆեկտիվ էր դարձնում ապակենտրոն պայքարը, քանի որ ոստիկանական ուժերը չէին բավարարում։
[Սոնա Մնացականյան] Առավոտյան զարթնում եմ էն գիտակցությամբ, որ ես ճամփորդ եմ էսօր, բայց կուզեի մի հրաշքով էդ ճամփորդությունը հետաձգվեր։ Ամիսներով սպասել եմ էսօրվան, բայց հիմա կեսսիրտ եմ։
[Գոհարիկ Տիգրանյան] Գործը կիսատ էր, և այն կիսատ էր մնալու այնքան ժամանակ, մինչև սեփական աչքերով ու մարմնով չզգայի, որ որևէ փողոցում՝ առաջնագծում, թե թիկունքում, պատի կարիք չէր լինելու, քանի դեռ չզգայի, որ իմ կարիքն էլ չկա։
Սակայն հետադարձ թռիչքս 19-ին էր, քանի որ գնելիս ես որոշել էի գալ իմ բաժին հեղափոխությունն արագ անել ու հետ գնալ, բայց մաթեմատիկական հաշվարկներս, ինչպես միշտ, սխալ էին։
Նորից անհաշտ էի ինքս ինձ հետ, նորից պայքար (անկեղծ ասած, ես ինձ հետ կռվելուց արդեն հոգնել էի), բայց տոմսս փոխելու միտքը տանջում էր ինձ։ Գիտեի, որ մամային ասեմ ուզում եմ մնալ, դրամատիկ թատերական ներկայացում էր սկսվելու, մտածում էի մամային կասեի, որ գնում եմ, տոմսս կերկարացնեի ու կմնայի մտերիմ ընկերուհուս՝ Մարիամիկի տանը, բայց ամենամեծ խնդիրը գումարն էր, ես, ուղղակի, ինչպես տոմս առնելիս, այնպես էլ տոմսը երկարացնելու գումար չունեի։ Գրպանումս կար 20000 դրամ, ու դրա մասին որևէ մեկը չգիտեր։
[Աշոտ Խաչատրյան] Դեռ ոստիկանների թիվը բավարար էր, փողոցները փակելը մեծ բարդությամբ էր ստացվում։ Բայց մենք այդ օրը փորձարկեցինք մի բան, որով հետագայում ոստիկաններին աննկարագրելի տանջելու էինք։ Երբ ոստիկանները թույլ չտվեցին փակել Ֆրանսիական հրապարակը, մենք իջանք ներքևի խաչմերուկներ և սկսեցինք դրանք փակել։ Իրենք վազում էին խաչմերուկից խաչմերուկ, ցրում մեզ, մենք փախնում, մեկ ուրիշն էինք փակում։
[Վահան Կոստանյան] Օրվա ընթացքում հասցրի գնալ գրասենյակ ու զբաղվել հին ու բարի մոնիտորինգով, որովհետև գործողությունները կայծակնային արագությամբ էին զարգանում ու պետք էր հետևել դրանց ընթացքին։
Հետո հասցրի միանալ նաև ուսանողներին, որոնց ինքնակազմակերպմանը կնախանձեր ցանկացած HR մենեջեր։
[Գոհարիկ Տիգրանյան] Իմ հետ կռվելով հասա համալսարան, որոշվել էր ամենը սկսել համալսարանից, հետո պլանը փոխվել էր ու պետք էր գնալ Ֆրանսիայի հրապարակ։
[Վահան Կոստանյան] Վաղը պիտի Գոհարիկը գնար, ինչը թույլ տալ չէի կարող։ Ինտուիտիվ մակարդակում զգում էի, որ մեզնից հաղթանակը գողանալ էս անգամ հնարավոր չի ու գիտեի, թե ինչքան կարևոր էր Գոհարիկի համար էդ հաղթանակին ներկա լինելը։ Իսկ իրականում կարոտս չէի առել ու էգոիստաբար չէի ուզում, որ գնար։
[Գոհարիկ Տիգրանյան] Սոնայի հետ հասա հրապարակ, մի քանիսին բարևելուց հետո Վահանին տեսա ու սկսվեց․
- Ի՞նչ ես որոշել, գնում ես։ Կուզե՞ս գնանք տոմսդ երկարացնենք։
Գայթակղիչ էր, չէ՞, ինձ առաջարկում էին սրտիս ուզածը, ասացի․
- Չէ կգնամ հետ, ես իմ գործն արել եմ։ (Մտքումս ինչ-որ մեկը աչքերը պտտացրեց ու ճպացրեց)։
[Վահան Կոստանյան] Համոզեցի գնանք ուկրաինական ավիաուղիների գրասենյակ ու փոխենք տոմսը։
[Գոհարիկ Տիգրանյան] Վահանն առաջարկեց գնալ գոնե իմանալ, թե թռիչքի օրը փոխելը ի՞նչ կարժենա, ինչ արեցի, իհարկե, համաձայնեցի։
[Վահան Կոստանյան] Պարզվեց, որ տուգանք պետք կլինի մուծել հետաձգելու դեպքում, իսկ Գոհարիկը վերջին խնայողություններն արդեն ծախսել էր Երևան գալու համար։
[Գոհարիկ Տիգրանյան] Հիասթափություն, ուկրաինական ավիաուղիները ներկայացնող գրասենյակում ասացին, որ իմ ուզած տարբերակով վճարելու ենք 100000 դրամ, չհամաձայնվեցի։
[Սոնա Մնացականյան] Գնում եմ համալսարան՝ որոշ կիսատ գործեր ավարտելու։ Համալսարանի դիմաց հանդիպում եմ Անդոյին, մենակ ա ծխում․ Վահրամն Ամերիկայում ա, Արթուրն էլ ցույցի տեղը կլինի՝ հաշվի առնելով իր երեկվա հեղափոխական նամակը։
Զարմանում եմ, որ Անդոյի լսարանում դեռ ուսանող կա։ Ինքն էլ իմ զարմանալու ու իմ ոգևորվածության վրա ա զարմանում։ Ասում ա՝ ես էս անգամ սկզբունքորեն չեմ մասնակցում, որովհետև անկազմակերպ ա երևում, ծրագրված չի։ Ասում եմ՝ բայց էս անգամ ուրիշ տեսակի ա երևում, ինքնակազմակերպվող ա, մենք էլ չգիտենք՝ ինչ ա լինելու վերջը, բայց փաստ ա, որ օր օրի աճում ա թափը։ Չէ որ չէ՛, մեր ծրագարավորող ընկերը հստակ ծրագիր ա ուզում։
[Միքայել Նահապետյան] Արթնանում եմ 10-ին։ Նորմալ քնել եմ։ Ի՞նչ է անում իսկական հայ տղամարդը վաղ առավոտյա՞ն. բլոկում է ԱԳՆ շենքը։
[Վահան Կոստանյան] Անտրամադիր դուրս եկանք, սկսեցին մեր մշտական կռիվները. համոզում էի, որ կգնեմ տոմսը ու հետո գումարը կվերադարձնի ինձ, ինչպես միշտ՝ հակառակվում էր։
[Գոհարիկ Տիգրանյան] Հետ եկանք հրապարակ, առավոտվա պլանը համալսարան գնալ և էլի ուսանողներ հավաքելն էր, նախորդ օրվա պես շատ չէինք։ Կոտրված ու դաշտը լքող զինվորի պես քայլում էի, երեխեքը կողքիս էին, կեղծավոր ժպիտով ու հաստատակամ ասում էին, որ ես անցել եմ իմ բաժին ճանապարհը, ու քանի որ վարչապետի պաշտոնում հայտագրված մարդն արդեն նաև ընտրված էր, շատերիս մեջ «նորից չստացվեց» կիսաժպտադեմ, բայց քարուքանդ եղած հոգեվիճակն էր (ես վստահ կարող եմ ասել, որ շատերս ենք կեսից մտածել շարժման ձախողման մասին, ես արդար չեմ լինի, որ պնդեմ, թե ես ու շատերը սկզբից մինչև վերջ հավատում էինք պայքարի հաջողությանը, դե ինչ ասեմ, մարդկային հոգեբանությունն էդպիսին է)։
Արդեն լքում էինք համալսարանի տարածքը, երբ ֆիզիկայի ֆակուլտետից մի դասախոս տեսավ Սոնային ու նրա կուրսեցիներին ու ասաց․
- Ապրեք, շարունակեք, դասի մասին մի մտածեք, չգաք։
Հուսադրող էր, իհարկե, պարտավորեցնող էր։ Ֆիզիկայի ֆակուլտետի վերջում էինք, Վահանը զանգեց, առաջարկեց միանալ իրեն ու Մխիթարին։ Գնացի, թենիսի կորտի կողքին եղած, դեպի այգի տանող նեղ աստիճանների վրա նստած էին։ Տխուր էինք, խոսում էինք, ինչ-որ բաներ քննարկում, Մխիթարը հարցրեց, թե երբ եմ գնում, պատասխանս․ «Վաղը»։ Վահանը կողքից սկսեց․
- Առաջարկում եմ, չի ուզում տոմսը հետ տա ուշ գնա, չի ուզում գումարը ընդունել։
Մխիթարը նայեց վրաս․
- Ինչի՞, անելիք կա, եթե չկա էլ, գոնե կհանգստանաս մի քիչ, նոր կգնաս։
Սրտովս էր, ամենը սրտովս էր, բայց այդ ի սրտե ցանկությունը իմ կրթաթոշակի 70 տոկոսն արժեր։ Որոշեցինք գնալ ու ուրիշ օրեր էլ ստուգել, եթե թանկ լիներ՝ հետ էի գնում։
Նորից Թումանյանի վրա էինք, Մխիթարը հոգնած էր, նստեց, ես ու Վահանը աշխատակցի մոտ էինք, ստուգեցինք, բոլոր օրերն ու ամենաէժանը ապրիլի 24-ին եղած տոմսն էր, արժեքը՝ մոտ 70000 դրամ։ Սկզբում կտրուկ մերժեցի, հետո Մխիթարն ասաց․ «Երեխայություն մի արա»։ Վահանին ասացի, որ Կիևից վերադառնամ ու կփորձեմ արագ հետ վերադարձնել պարտքը, սկզբում մերժում էր, հետո՝ համաձայնվեց (իրականում սպառնացի)։
[Վահան Կոստանյան] Իմ էգոիզմը, ինչպես շատ դեպքերում, տեղի չտվեց, գլուխս տնկեցի, վերադարձա ու խնդրեցի թռիչքը հետաձգել մինչև ամսի 23-ը, ով իմանար, որ հենց էդ օրը ՍՍ-ն պիտի հրաժարական տար։
[Արմեն Գալջյան] Փաշինյանը ոստիկանության ներկայացուցիչների հետ բանակցեց մոտ 10 րոպե, որը տվեց իր դրական արդյունքը, մենք շարժվեցինք դեպի բժշկական, հետո ԵՊՀ, Խանջյան, Վարդանանց, քաղաքապետարան և այդպես շարունակ:
[Միքայել Նահապետյան] Ոստիկանությունը խաղում է երկու լարի վրա։ Նիկոլի շուրջ դեմոկրատիա են բեմադրում, առանձին օջախներում վայրենի գործելակերպ դրսևորում։ Գեմոյին եմ տեսնում։ Ասում է՝ գալի՞ս ես փողոցն անցնենք։ Ասում եմ` արի։ Հենց անցնում ենք նորից է հարցնում՝ գալի՞ս ես փողոցը անցնենք։ Նայում ենք իրար, բազմանշանակ ժպտում ու ով գիտի Գեմոյին` գիտի նրա պայթող ծիծաղը... այ դա որոտում է Սարյան-Ամիրյան խաչմերուկում։
[Գոհարիկ Տիգրանյան] Տոմսը փոխել էի, այդ ժամանակ քայլողները հասել էին քաղաքապետարան։ Որոշել էի՝ մամային չէի ասելու մնալու մասին, կմտածեր էլ Հայաստանում չեմ, իսկ ես կմնայի Մարիամիկենց տանը։
Օպերայի շրջակայքում ֆեմինիստական ճակատին տեսանք՝ ոստիկանների հետ խաղում էին, նրանք իրենց գործը լավ գիտեին (քիչ փորձի չէ, որ ունեին)։ Այդ օրն էր կարծեմ, որ Աննան իր ռուպըռը տվել էր Նիկոլին (պատկերացնում եք չէ, թե ինչ ժամանակներ էին), ինչ ոգի էր։
[Միքայել Նահապետյան] Ուրեմն մեր անցուդարձը տևում է կես ժամ, հետո մի տեղից վերջապես ազատվում են բերետները, հասնում մեզ։ Եվ ո՜վ դու զարմանք. երեք վայրկյանից չքվում ենք տարբեր ուղղություններով։
Բայց այս խառնիխուռն իրադարձությունների մեջ մի բան հնչեց ավետիսի պես. ոստիկանական ռացիայի ձայնը։ Երրորդ գումարտակի հրամանատար Խաչիկը կապ է տալիս Արշակունյացում աշխատող խմբին. «Պրասպեկտ-Ամիրյան մարդ ուղարկեք` չենք հերիքում»։ Հնչում է պատասխանը «Ի՜, արա դու՛ք մեզ մարդ ուղարկեք»։ Պատկերացնում եմ գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի դեմքը։ Նա սա տեսել է Մաշտոցի պուրակում, տեսել է «100 դրամի» ժամանակ, նա գիտի, որ այս ալիքի դեմ խաղ չկա, որ էս պրոցեսում հարվածները միայն արագացնում են ընթացքը, նա գիտի, որ պիտի տան այն, ինչ պահանջում ենք, բայց նախկինում խաղադրույքը այգի էր կամ ուղեվարձ, իսկ հիմա, փաստորեն, իշխանությունն են հանձնելու։ Չեմ նախանձում։
[Սոնա Մնացականյան] Մինչ ես ուսանողներիս նամակներին եմ պատասխանում, ավարտականի թեմաներն եմ քննարկում, Քրիստն ու Գեմոն հայտնվում են Շենգավիթի ու Էրեբունու քաղմասերում՝ համապատասխանաբար։ Կարենը ոտուձեռ ա ընկել․ էնքան Քրիստի համար չի անհանգիստ, ինչքան Գեմոյի։ Վախենում ա, որ Գեմոն մի տաքարյուն բան կանի հիմա։ Գնում ա Էրեբունու ոստիկանություն, Գեմաֆին անունով մարդ ոչ լսել են, ոչ տեսել։ Գասպարիին էլ են դուրս թողնում, բայց Գեմոյից լուր չկա։ Մի կերպ ճշտում ա, որ ներսում ա, ուղղակի անունն ա հրաժարվել ասել։
[Գոհարիկ Տիգրանյան] Գնացինք քաղաքապետարանի մոտ, ճանապարհին մարդկանց մեծ խումբ էր միանում ցուցարարներին, մենք զարմացած էինք, խումբը մեծ էր իրական լինելու համար։ Ուրախացանք, հույսը վերածնվեց, մարդիկ մեզ չէին մոռացել, իսկ վարչապետի ընտրությունն էլ չէր մարսվել։
Բոլորը հոգնած, պառկած էին քաղաքապետարանի գազոնին, ես էլ առիթը բաց չթողեցի ու թռա գազոնի վրա (էլ երբ էի նման շանս ունենալու՝ փափուկ գազոն, արևոտ օր, ոչ մեկ չէր հանում)։
Սուսիին տեսա՝ կուրսեցիս էր, ով որոշել էր, որ միանում է պայքարին, գրկվեցինք, խոսեցինք ու մեր խմբին միացավ։ Մանոն ինչպես միշտ հումորներ էր անում, խոսում էր (Մանոյի հետ մտերմացա այդ օրերին, անբաժան ընկերս էր դարձել)։ Հրահանգ տրվեց, որ դուրս գանք գազոնային տարածքից ու գնանք Կոմիտասի անվան այգի, ճանապարհին տեսանք մեր մյուս կուրսեցուն՝ Արսենին (նա էլ Վրաստանից էր եկել, հենց նույն առիթով)։
[Սոնա Մնացականյան] Աննան պատվիրում ա, որ եթե իրեն բերման ենթարկեն, ցույցը չթողնեն գնան հետևից։ Մեկ էլ Գեմոն ա գրում, թե ինքն անհայտ քաղաքացի ա ու կոֆե ա խմում «մեր ընգերոջ»՝ Արթուր անունով ոստիկանի հետ։ Կարենը պնդում ա, որ էդ անանուն կայֆերը թարգի, դուրս գա։
Սիրտս պայթում ա, ուզում եմ միանամ ընկերներիս, բայց դեռ ճամպրուկս չեմ հավաքել, էլ չասած՝ որ որոշ շորեր էլ պիտի լվանամ։ Վազում եմ տուն։ Գյուլբենկյանի մրգաբանջարեղենային բաց շուկայի վաճառողները կլանված ռադիո են լսում (էստեղ ռադիոն միշտ ա միացրած), բայց էդ կլանվածներից մեկը նկատում ա ինձ, ավելի շուտ՝ մազերս։ Իմ համար նորություն չի դա, մազերս համարյա ազգային արժեք են դարձել, կարամ նույնիսկ ապահովագրեմ։ Բայց ապահովագրելու փոխարեն մտածում եմ, որ մազերս էլ կտամ, մենակ թե հեղափոխությունը ստացվի։ Մի րոպե, Սոնա՛ ջան, կարո՞ղ ա գիտես էս քո համար Ջրահարսի հեքիաթն ա, հեղափոխությունն էլ՝ խեղդվող արքայազնը։ Հա, ինչ պակաս հեքիա՞թ ա որ․․․․ ֆեյսբուքում գրում եմ խոստումս, պարզվում ա՝ ես մենակ չեմ։ Իրարից անկախ՝ ինձ ծանոթ ու անծանոթ մարդիկ խոստացել կամ արդեն իսկ զոհել են իրենց մազերը։
[Գոհարիկ Տիգրանյան] Ժամը 4-ին Վահանն ու ես պետք է Մեդիա կենտրոնին հարցազրույց տայինք։ Հարցազրույցի ընթացքում իմացանք, որ շարժվում են դեպի ԿԳՆ, հետո՝ հրապարակ։
Վերջացնելուց հետո միացանք մեր ընկերներին, ճանապարհին ես որոշեցի ավելի փոքր սուտ ասել մամային, բայց մնալ տանը։
[Աշոտ Խաչատրյան] Հուզիչ էր մեկ այլ դրվագ։ Երբ մի քանի բռնության դեպք եղավ, ցույցի մասնակից և պարզապես ականատես մի խումբ կանայք հավաքվեցին, մի քանի վայրկյան խորհրդակցեցին և որոշեցին, որ Մաշտոց-Թումանյան խաչմերուկը միմիայն իրենք են փակելու։ Մեզ անգամ թույլ չէին տալիս միանալ իրենց։ Ոստիկանների շվարած դեմքը չեմ մոռանա, բացի խնդրելուց ոչինչ չկարողացան անել, որոշ ժամանակ հետո կանայք միայն իրենց կամքով ազատեցին խաչմերուկը։ Այս դրվագը շատ բան էր ասում մեր հասարակության մասին։ Քիչ թե շատ մարդկային ոստիկաններով ոստիկանապետություն կառուցելը բարդագույն գործ է։
[Սոնա Մնացականյան] Խանդանյանն ա գրում, թե որտեղ եմ, երբ պիտի հանդիպենք․ ճամփա ընկնելուց առաջ սա կարևոր ծիսակարգ ա։ Սաքոն Ստամբուլից ա դարձել բոլոր անգտնելի հասցեների, անհայտ ուղիների իմ նավիգատորը, բայց զգում եմ, որ չեմ հասցնի։ Խոսում ենք, ինքը կենտրոնում ա, ինձ բարի ճանապարհ ա մաղթում, խնդրում ա, որ չմոլորվեմ, ասում ա՝ մինչև գաս, հեղափոխություն կանենք, ես նեղվում եմ, որ իրենց մենակ եմ թողնում:
[Վահան Կոստանյան] Երեկոյան ոստիկանության հայտարարությունը տարածվեց, որ փողոցային անկարգությունների պատասխանատվությունը կրում են Նիկոլ Փաշինյանը, Արմեն Գրիգորյանը, Դավիթ Սանասարյանը, Վահան Կոստանյանը և Դավիթ Պետրոսյանը։ Վատ շրջապատ էի ընկել փաստորեն ու ձերբակալվելը սարերի հետևում չէր։
[Սոնա Մնացականյան] Ուշ ա արդեն, ես ճամպրուկս եմ դասավորում, իբր․․․ մի բան դնում եմ, մինչև մյուսը կդնեմ, րոպեներով քարանում եմ Ազատության լայվի առաջ, քուրս նկատողություն ա անում, որ կուշանամ, հետո հույսը կտրած՝ ինքն ա սկսում հուշել, թե ինչ պիտի անեմ։
[Արմեն Գալջյան] Երեկոյան նորից հանրահավաք էր հրավիրված Հանրապետության հրապարակում, այսօր ավելի շատ մարդ կար: Հանրահավաքի ավարտին հայտարարվեց, որ նորից ենք գնում Բ26 մոտ: 40 հազարանոց երթ էր, իսկական կաշմառ, մութ, սադրիչներ, պետք էր պահել, որպեսզի բախումներ չլինեն, երթը կանոնավոր ընթանա:
[Դանիել Իոաննիսյան] Ապրիլի 18-ին մարդկանց քանակը նվազում էր, քանզի Սերժ Սարգսյանի ընտրությամբ շատերն իրենց պարտված էին զգում: Երեկոյան նախաձեռնվեց երթ դեպի Բաղրամյան 26, որպեսզի Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ նայի ժողովրդին փշալարերի հետևից: Լևոն Երանոսյանը որոշեց դիմավորել ժողովրդին ոչ թե փշալարերով, այլ զրահատեխնիկայով: Ես մի 5 րոպե շուտ հասա ու հստակ տպավորություն էր, որ ուզում են սադրանքի միջոցով դաժան սցենարի գնալ։
Մարդիկ հասան նստավայր ու վանկարկումներ անելուց հետո Նիկոլի գլխավորությամբ ետ գնացին։
[Արմեն Գալջյան] Մոտ 10 հոգով առջևից էինք գնում, կասկածելի մարդկանց չեզոքացնում, բարեբախտաբար, ամեն ինչ նորմալ ընթացավ, վերադարձանք Հանրապետության հրապարակ՝ առավոտյան գալու պայմանավորվածությամբ: Կար մի վախեցնող բան, որ ժողովրդին դուր չի գա Բ26 գնալ հետ գալը, բայց իրենք էլ տեղում հասկացան, որ երկիրը արդեն ոչ թե այդ շենքից է կառավարվում, այլ փողոցից:
[Դանիել Իոաննիսյան] Բայց ոչ բոլորը։ Մի որոշ՝ առավել ագրեսիվ խավ մնաց, ու Սանասարյանին հազիվ հաջողվեց պահպանել խաղաղությունն ու մարդկանց ետ իջեցնել դեպի Ֆրանսիայի հրապարակ։
[Վահան Կոստանյան] Ուշ երեկոյան Պուշկինի փողոցի բակերից մեկում հանդիպեցի պետական ապարատում աշխատող ընկերներիցս մեկին, ով պատմեց՝ ու ղեկավարները չեն կարողանում կառավարել աշխատակիցներին։
[Սոնա Մնացականյան] Ճիշտ ժամին հասնում եմ Զվարթնոց․ ես ինձնից գոհ եմ, որ չուշացա։
Անդոն ա գրում, թե ինչ վիճակ ա քաղաքում։ Ասում եմ՝ Աննայի հետ խոսի, ես Զվարթնոցում եմ արդեն։ Բարի ճանապարհ ա մաղթում, ես էլ մի վերջին հույսով գործարք եմ առաջարկում՝ իմ փոխարեն դու գնա ցույցերին, տենց սկզբունքիդ էլ չես դավաճանի ։-))
Բարձրանում ենք ինքնաթիռ․ ցտեսություն, երկի՛ր ջան․․․
[Գոհարիկ Տիգրանյան] Հանրահավաքը վերջացավ, կարծեմ փողոցում մարդ չէր մնում, գնացի տուն։
- Մամ սուրճ տուր։
Մինչև մաման խոհանոցում էր, ես մտածում էի։
- Մամ, գիտես, մնում եմ, կուրսեցիներս ևս գալիս են, համալսարանից գրել էին ու ասել, որ թողնում են Երևան գալ ու մասնակցել ցույցերին։ Կիևում դասերը դադարել են։
Մայրս լուռ էր ու սկսվեց․
- Այսինքն մնում ես հա, էդ ոնց եք բոլորդ մնում, խաբում ես։ Էլի ինձ հաշվի չես առնում։ Վերջում դուրս ես մնալու համալսարանից։
Էլ երդում, էլ գոռոց, բայց համոզեցի, մնում էի։ Հետո, իհարկե, խոստովանեցի սուտս, բայց այդ պահին ապահով էի, նա գիտեր, որ մնում եմ։ Իրականում, հեղափոխության իմ մասը չէր ավարտվել ու ով գիտեր, որ այն ճիշտ ժամանակին էր ավարտվելու․․․
[Վահան Կոստանյան] Կեսգիշերն անց վերադարձա տուն, որտեղ ինձ սպասում էին նույն երկու մեքենաները, զգում էի նաև, որ օրվա ընթացքում էլ միշտ պոչ ունեմ հետևիցս։
Տնեցիները տեսել էին ոստիկանության հայտարարությունը, ու պապաս իջել էր բակ ինձ դիմավորելու՝ անակնկալ հարձակումներից խուսափելու համար։ Լավ ծերացել էր։
Ընդհանրապես, տարիներ շարունակ ամեն ակցիայից հետո գալիս էի տուն ու տեսնում, թե ոնց են ծերացել ծնողներս։ Ես ու ընկերներս վստահորեն չենք ափսոսում մեր էս տարիների համար, բայց վստահորեն բոլորս էլ մեղքի զգացողություն ունենք մերոնց նկատմամբ։
Գոհարիկի հետ միշտ խոսել ենք սրա մասին, երբ դեռ ամենը նոր էր սկսվում, մի անգամ էլ Միքոյի հետ էինք քննարկել, թե հանուն ինչի ծնողներին կմոռանանք, կմոռանանք նրանց զգացմունքները, դրանք կստորադասենք։
Վստահ եմ, բոլոր ընկերներս մեկ տարի, երկու, երեք, չորս տարի առաջ նույն պատասխանը կտային ու վստահ եմ, որ բոլորս հոգու խորքում ամեն անգամ ուզում ենք ասել էդ կներեք-ը, բայց չի ստացվում։
comment.count (0)