Ադրբեջանը հայտարարում է, որ Իրանի հատուկ ծառայությունների ստեղծած լրտեսական ցանց է հայտնաբերել
10:54 - 14 նոյեմբերի, 2022

Ադրբեջանը հայտարարում է, որ Իրանի հատուկ ծառայությունների ստեղծած լրտեսական ցանց է հայտնաբերել

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ հայտնաբերել է Իրանի հատուկ ծառայությունների ստեղծած լրտեսական ցանց։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական Report-ը։

Նշվում է, որ «Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է համալիր օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնել՝ Իրանի Իսլամական Հանրապետության հատուկ ծառայությունների ներկայացուցիչների՝ Ադրբեջանի դեմ իրականացվող հետախուզական գործողությունները կանխելու ու ստեղծված լրտեսական ցանցը բացահայտելու ուղղությամբ»։

«Օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ասգերով Զահիր Ֆախրադդին օղլուն, որն աշխատում է Կասպից ծովի նավթային նավատորմում որպես նավապետ, Իրանի Կում քաղաքում կրոնական կրթություն ստանալիս գումարի դիմաց երկրի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվել է գաղտնի համագործակցության մեջ։ Նա նրանց հանձնարարությամբ տեղեկություններ է հավաքել Ադրբեջանում գործող օտարերկրյա պետությունների կազմակերպություների ու ներկայացուցիչների շարժի, Կասպից ծովում ռազմածովային ուժերի անցկացրած զորավարժությունների վայրի ու տեղի, նավթային բեռների տեղափոխվան ուղղությունների մասին։ Ասգյարովը այդ տեղեկությունները փոխանցել է ինչպես հեռախոսով, այնպես էլ Իրանում այդ անձանց հետ հանդիպումների ժամանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ, որում ևս չորս քաղաքացու դավաճանական գործողությունների մասին է հաղորդվում։

Վերոնշյալ անձը և ևս 4 անձ ձերբակալվել են։ Նրանք բոլորն էլ Ադրբեջանի քաղաքացիներ են։

Նշենք, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունները վերջին շրջանում լարված են։ Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարությունը հայտարարեց, որ Շիրազ քաղաքի Շահ Չըրաղ դամբարանում ահաբեկչական գործողությունը կազմակերպողների թվում Ադրբեջանի քաղաքացի կամ քաղաքացիներ կան: Այնուհետև Բաքուն պնդեց, որ Նախիջևանում «սադրիչները» Իրանին միանալու մասին Թեհրանին ուղղված խնդրանքներ են տարածում։

Ավելի ուշ՝ նոյեմբերի 10-ին էլ Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն կանչվեց Իրանի ԱԳՆ. նրան բողոքի նոտա էր փոխանցվել հակաիրանական քարոզչության համար։ Ապա Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին կանչվեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ ԱԳՆ-ն նշեց․ «Հանդիպման ընթացքում հնչեցվել է դժգոհություն և իրանական կողմին է ներկայացվել Բաքվի մտահոգությունը՝ կապված Իրանի բարձրաստիճան քաղաքական և ռազմական գործիչների կողմից հակաադրբեջանական քարոզչության, զրպարտչական արշավի, սպառնալից հռետորաբանության հետ, որը չի համապատասխանում երկու երկրների հարաբերություններին հռետորաբանությանը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել