Պատմական գիտությունների թեկնածու Արսեն Հակոբյանը «Միացումից՝ անկախություն․ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հետագիծը» վերտառությամբ հետազոտության մեջ վերլուծում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վարչաքաղաքական պատկանելության ու կարգավիճակային փոփոխությունները՝ 1988-91թթ․, եւ դրանք պայմանավորող բազամաշերտ գործոնները, քննարկում է պաշտոնական-քաղաքական փոփոխությունները՝ հակամարտության փոխակերպումների լույսի ներքո, ի թիվս այլնի՝ անդրադառնում է ԼՂ հակամարտությանն առնչվող իրավական ակտերին, այդ համատեքստում ինքնորոշման իրավունքի գործնական իրացմանը։
Օրենքների, որոշումների ու կարգավիճակների «պատերազմներ»
Ղարաբաղյան հակամարտության զարգացումների ընթացքում շատ կարեւոր են միութենական, հանրապետական, մարզային մակարդակներում տարբեր մարմինների ընդունած որոշումները․ դեռեւս խորհրդային իրականության շրջանում ՀԽՍՀ-ն, ԼՂԻՄ-ը, Ադրբեջանի ԽՍՀ-ն եւ կենտրոնական իշխանությունները տարբեր, այդ թվում՝ իրար հակասող որոշումներ էին ընդունում ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, ինչը պատմական գիտությունների թեկնածու Արսեն Հակոբյանը բնութագրում է որպես օրենքների, որոշումների, կարգավիճակների «պատերազմներ», երբ ընդունված այդ որոշումները չէին բավարարում կողմերից մեկին՝ հանգեցնելով նոր որոշումների ընդունմանը, հնի չեղարկմանը եւ այլն:
«Միացումից՝ անկախություն․ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հետագիծը» վերտառությամբ իր հետազոտությունում Հակոբյանը ներկայացնում է, որ իրավաքաղաքական այդ որոշումները ու դրանց ընդունման, կիրարկման գործընթացը կապված էին հենց հակամարտության դինամիկայի, ինչպես նաեւ տեղի ունեցող մյուս գործընթացների հետ՝ մասսայական շարժումներ, բռնություններ, գործադուլներ եւ այլն․ մի կողմից այդ գործընթացն ինքն էր հարուցում հակամարտության ու զարգացումների նոր ընթացք, մյուս կողմից էլ ընթացիկ իրողությունների ուղղակի ազդեցությունն էր կրում:
Արսեն Հակոբյանը, գնալով զարգացումների սկիզբը, հիշեցնում է, որ 1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ եւ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին՝ խնդրանքով՝ «խոր ըմբռնման զգացում դրսեւորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերին եւ լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՀ կազմից Հայկական ՍՍՀ կազմ հանձնելու հարցը, միաժամանակ միջնորդել ՍՍՀՄ Գերագույն խորհրդի առջեւ՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՀ կազմից Հայկական ՍՍՀ կազմ հանձնելու հարցի դրական լուծմանը»:
Պատմական գիտությունների թեկնածուն նկատում է, որ, ըստ էության, այդպիսով որոշման հասցեատերեր էին դառնում ՀԽՍՀ-ն, Ադրբեջանի ԽՍՀ-ն եւ ԽՍՀՄ ԳԽ-ն, որոնք պետք է արձագանքեին ԼՂԻՄ որոշմանը․
«Մարզային խորհրդի որոշումը, որն ընդունվեց դրամատիկ պայմաններում, քանի որ Ստեփանակերտ գործուղված մոսկովյան ու ադրբեջանական ներկայացուցիչներն ամեն կերպ փորձում էին թույլ չտալ նիստի կայացում, մի շատ կարեւոր արձանագրում արեց ու ցույց տվեց, որ ԼՂ-ի համար խնդիրը իրավաքաղաքական դաշտում է, ու լուծումն էլ ակնկալվում էր հենց այդ շրջանակում, այլ կերպ ասած՝ հիմնախնդրի կրողը քաղաքական սուբյեկտներն են, որոնցից էլ հայցվում է լուծում»,- գրում է Հակոբյանը՝ շարունակելով, որ առաջին արձագանքը Մոսկվայից էր․ 1988թ. փետրվարի 21-ին ԽՄԿԿ Քաղբյուրոն շարժումը որակեց «էքստրեմիստական» ու «նացիոնալիստական», իսկ մարտի 24-ին ԽՍՀՄ ԳԽ նախագահությունը՝ Մ. Գորբաչովի գլխավորությամբ, անհնար համարեց ԼՂԻՄ վարչաքաղաքական ու պետական պատկանելության փոփոխությունը՝ անթյուլատրելի համարելով սահմանների փոփոխությունը, սակայն ԽՍՀՄ Սահմանադրությունը չէր որոշում հանրապետությունների սահմանները, միեւնույն ժամանակ ԽՍՀՄ ԳԽ, ըստ Սահմանադրության, իրավունք ուներ սահմանների փոփոխություն կատարելու:
Հետազոտության հեղինակը նկատում է, որ հենց այս որոշումն էլ ծնեց «սահմանների անփոփոխության» ու ինքնորոշման իրավունքի հակադրությունը:
Կենտրոնական իշխանությունները հարցը համարեցին տնտեսական խնդիր
Բայց, միեւնույն ժամանակ, կենտրոնական իշխանությունները չէին կարող անտեսել հիմնախնդրի գոյությունը, սակայն հարցը համարեցին տնտեսական խնդիր եւ 400 մլն ռուբլի հատկացրին ԼՂԻՄ սոցիալ-տնտեսական ծրագրերի համար 1988-95թթ, Ադրբեջանն էլ որոշում ընդունեց ԼՂԻՄ սահմանակից դաշտային Ղարաբաղի արագացված սոցիալ-տնտեսական զարգացման ծրագերի համար՝ 1989-95թթ.։
Հետազոտության հեղինակը գրում է, որ 1988թ․ հունիսի 13-ին Ադրբեջանի ԳԽ-ն որոշում ընդունեց ԼՂԻՄ-ի վերաբերյալ՝ համարելով, որ առկա կարգավիճակը միանգամայն հարիր է եղած խնդիրների լուծման համար՝ նամանավանդ կենտրոնական իշխանության կողմից տրամադվող միջոցների պարագայում, իսկ ԼՂԻՄ կարգավիճակի ու պատկանելիության փոփոխությունը կհակասի Ադրբեջանի հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների շահերին: Իսկ երկու օր անց, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը համաձայնություն տվեց «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Հայկական ԽՍՀ կազմի մեջ ընդգրկելու կապակցությամբ» եւ միջնորդեց ԽՍՀՄ ԳԽ-ին դրականորեն լուծելու հարցը, իսկ մեկ ամիս անց ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհրդի 8-րդ նստաշրջանը հայտարարեց «Ադրբեջանական ԽՍՀ կազմից Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի դուրս գալու» մասին: Մինչ այդ՝ հունիսի 17-ին, Ադրբեջանի ԳԽ նստաշրջանը բացասական էր արձագանքել ՀԽՍՀ ԳԽ որոշմանը, որին էլ ի պատասխան՝ հունիսի 21-ին ԼՂԻՄ մարզխորհուրդը կրկին դիմում է Մոսկվային՝ հարցին դրական լուծում տալու վերաբերյալ եւ առաջարկում՝ որպես ժամանակավոր լուծում ԼՂԻՄ-ը ենթարկեցնել կենտրոնական իշխանություններին:
ԼՂԻՄ Մարզային խորհուրդը, միեւնույն ժամանակ, առաջարկում է սումգայիթյան ոճրագործության հետ կապված քրեական գործերը Ադրբեջանի Գերագույն դատարանից փոխանցել ԽՍՀՄ Գերագույն դատարան, քանի որ Ադրբեջանում տեղի էր ունենում դատական գործընթացի աղճատում: Սումգայիթյան ոճարագործության ոչ պատշաճ քրեադատավարական գործընթացը, ԼՂԻՄ հարցի առկախումը, Ադրբեջանի ԳԽ բացասական արձագանքը՝ ՀԽՍՀ ԳԽ որոշմանը, ստիպեցին ԼՂԻՄ Մարզխորհդին հուլիսի 12-ին որոշում ընդունել Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին:
1988 հուլիս 18-ին տեղի ունեցավ ԽՍՀՄ ԳԽ Նախագահության նիստ, որը մերժեց ԼՂԻՄ-ի հետ կապված ՀԽՍՀ խնդրանքը․
«Այնուամենայիվ, հարցը բաց էր մնում, իրավիճակի սրացումներն ու ծավալվող շարժումը թելադրեցին կենտորնական իշխանություններին ինչ-որ ելքեր ու լուծումներ փնտրել, եւ 1989թ. հունվարի 12-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Հատուկ կառավարման կոմիտեն՝ ութ հոգուց բաղկացած կազմով»,- գրում է Արսեն Հակոբյանը։
Այս որոշումը չէր փոխում ԼՂԻՄ տարածքային պատկանելությունը, իսկ դա չէր բավարարում հայկական կողմին, սակայն լուծում էր քաղաքական ենթակայության խնդիրը եւ, ըստ էության, ԼՂԻՄ-ում մտցվում էր կենտրոնական կառավարում՝ ի հաշիվ ԼՂԻՄ տեղական ինքնակառավարման: Կոմիտեն ուղիղ ենթակա էր Մոսկվային: Միեւնույն ժամանակ, ԼՂԻՄ-ում լուծարվեցին տեղական իշխանության մարմինները՝ Մարզային խորհուրդը եւ այլն, այսինքն ԼՂ-ն դադարում էր լինել ինքնակառավարվող սուբյեկտ, հետեւաբար չէր կարող քաղաքական ներկայացվածություն ունենալ եւ դիրքորոշում ներկայացնել․
«Հանգամանք, որ հայցում էր հայերի դժգոհությունը, քանի որ վերջիններս առաջարկում էին տեղական իշխանության մարմինների պահպանում՝ Կոմիտեին ենթարկվելու պայմանով: Կոմիտեի կառավարման շրջանում քայլեր կատարվեցին ԼՂԻՄ մի շարք հիմնարկ-ձեռնարկությունների՝ ՀԽՍՀ-ի ենթակայության տակ անցնելու հետ կապված, իսկ, օրինակ, ԼՂԻՄ գազային համակարգը տրվեց Գազպրոմին, եւ մարզի գազաֆիկացման աշխատանքներն արդեն իսկ սկսեց իրականացնել Հայտրանսգազը: Այդ շրջանում վերբացվում է նա եւ Արցախի թեմը»,- հիշեցնում է հեղինակը:
Հակոբյանը գրում է նաեւ, որ ԼՂԻՄ հայ բնակչությունը դեմ էր արտահայտվում Բաքվի կողմից մարզի վարչատնտեսական կառավարմանը, քանի որ Ադրբեջանը տնօրինում էր ԼՂԻՄ-ին հատակացված միջոցները, որոնցով իրականացվում էր բնակարանային ու արդյունաբերական շինարարություն՝ միայն Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական հատվածում, օրինակ՝ Խոջալու, Շուշի եւ այլն, ինչը նախադրյալներ էր ստեղծում մարզում ժողովրդագրական իրավիճակը փոփոխելու համար․ «Հենց այդ ժամանակ ԼՂԻՄ-ում հայտնվեցին նաեւ թուրք մեսխեթցիները: Բացահայտ դժգոհություն էր արտահայտվում առ այն, որ մարզային գործադիր կոմիտեի վերացումը տեղի բնակչությանը զրկել էր ինքնակառավարումից»:
Հետազոտության հեղինակն ընդգծում է, որ, ընդհանուր առմամբ, թե՛ Երեւանում, թե՛ Ստեփանակերտում, թե՛ Բաքվում դժգոհ էին Հատուկ կառավարման կոմիտեի ներքո ԼՂԻՄ ենթակայությունից։
Այնուամենայնիվ, իշխանության եւ համամարզային ինքնակառավարման իրավունքն իրացնելու, քաղաքական սուբյեկտայնությունը վերականգնելու եւ իշխանության վակուումը լրացնելու նպատակով ձեւավորվում է ԼՂԻՄ Ազգային խորհուրդ, որը մարզային ինքնակառավարման ներկայացուցչական մարմին էր՝ ձեւավորված 1989 թվականի օգոստոսի 16-ին Ստեփանակերտում հրավիրված ԼՂԻՄ ազգաբնակչության լիազոր ներկայացուցիչների համագումարում․
«Նախատեսվում էր, որ այն՝ որպես իշխանության մարմին, գործելու է մինչեւ ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի եւ կուսակցության մարզկոմի վերականգնումը՝ մարզը ղեկավարելու նպատակով։ Ազգային խորհուրդը ունեցել է 80 անդամ, ընտրել նախագահություն։ Ըստ էության, Ազգային խորհուրդը կրկնում էր 1918-20թթ. ԼՂ ինքնակառարման մոդելը՝ նույն իշխանության վակուումի պայմաններում»:
ԼՂ-ն Բաքվի ենթարկեցնելու համար ստեղծվեց Հանրապետական Կազմկոմիտե
Արդեն 1989 նոյեմբերի 28-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշմամբ լուծարվում է ԼՂ Հատուկ կառավարման կոմիտեն: Դրա փոխարեն ստեղծվում է Հանրապետական Կազմկոմիտե (ադրբեջանա-ղարաբաբաղյան), որի ղեկավար է նշանակվում Ադրբեջանի կոմկուսի երկրորդ քարտուղար Վիկտոր Պոլյանիչկոն․ այդպիսով փորձ է արվում վերադարձնել Ղարաբաղը Ադրբեջանի անմիջական հսկողության տակ։
Հետազոտության հեղինակը նկատում է՝ հենց այս ռեժիմի օրոք եւ մասնակցությամբ տեղի ունեցավ «Օղակ» գործողութունը․ «Կազմկոմիտեն ԼՂ-ն Բաքվի ենթարկեցնելու համար ստեղծված ռազմաքաղաքական մարմինն էր՝ «ռազմա-կուսակցական» դիկտատուրա»,- մեկնաբանում է Արսեն Հակոբյանը:
ԽՍՀՄ ԳԽ այդ որոշումը ծայրաստիճան բացասական արձագանք գտավ ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում: Ի պատասխան՝ ԼՂԻՄ-ում անցան բազմահազարանոց ցույցեր, որոնց ընթացքում ընդունվում էին քաղաքացիական անհնազանդության, նշված որոշումը բոյկոտելու, միութենական իշխանությունների հետ համագործակցությունից հրաժարվելու կոչ անող բանաձեւեր, Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդին ու Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին ուղղված դիմումներ՝ Հայաստանի ու ԼՂԻՄ-ի վերամիավորման պահանջով:
Ի պատասխան ԽՍՀՄ ԳԽ այդ որոշման՝ 1989 թ. դեկտեմբերի 1-ին Երեւանում Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ նիստին ընդունվում է «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» որոշում․ ԼՂԻՄ-ը մտցվում է ՀԽՍՀ սոցիալ տնտեսական զարգացման պլանների մեջ: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի ԽՍՀ ԳԽ-ն դեկտեմբերի 4-ին որոշում է ընդունում կասեցնել ԽՍՀՄ ԳԽ նոյեմբերի 28-ի որոշման որոշ կետեր իրագործումը ԼՂ-ում, որը չէր բխում Ադրբեջանի շահերից, այն է՝ ԼՂ համար ռեալ ինքնավարության ապահովումը եւ դեմոգրաֆիական փոփոխություների անթույլատրելիությունը: 1990թ. հունվարին ԽՍՀՄ ԳԽ չեղարկում է հայկական ու ադրբեջանական ԳԽ-ի ընդունած դեկտեմբերյան որոշումները՝ որպես ԽՍՀՄ Սահմանադրությանը հակասող:
Այունամենայիվ, նպատակ ունենալով ժողովրդագրական փոփոխություններ իրականցնել, Ադրբեջանի ԳԽ-ն 1990թ. որոշում է ընդունում ԼՂԻՄ-ում վարչաքաղաքական փոփոխություններ կատարելու մասին, որով, օրինակ, Խոջալու գյուղին տրվում է քաղաքի կարգավիճակ, եւ այլն:
«Ընդհուպ մինչեւ 1991 օգոստոսյան խռովությունը՝ իրադարձություններն ընթանում էին ԼՂԻՄ ինքնակառավարման օղակների ու հասարակության անհնազանդության եւ ԼՂ-ի դեմ Պոլյանիչկոյի գլխավորած մարմնի պատժիչ գործողությունների տրամաբանությամբ, որը հայտարարել էր, որ 1991թ. լինելու է «Ղարաբաղի տարի»։ 1991թ. փետրվարին Ադրբեջանի ԽՍՀ ԳԽ նստաշրջանում ԼՂ հայերի տեղահանության ծրագիրն, ըստ էության, ընդունվել էր, իսկ մինչ այդ հունվարին ԼՂԻՄ ու հարակից տարածքներում Ադրբեջանը մտցրել էր նախագահական ուղիղ կառավարում»,- գրում է հետազոտության հեղինակը՝ նշելով, որ Կազմկոմիտեն իր իշխանությունն իրացնում էր բացառապես ուժային եղանակով՝ հենարան ունենալով ադրբեջանական ՕՄՈՆ-ը եւ ԼՂ-ում տեղակայված ԽՍՀՄ ներքին զորքերի զորամիավորումները:
1991 օգոստոսյան խռովությունից հետո, զրկված լինելով ԽՍՀՄ ուժային աջակցությունից, Կազմկոմտեն հեռանում է Ադրբեջան, մինչ այդ, իհարկե, այն իր իշխանություն իրացրել էր տեղահանությունների, խաղաղ բնակչության սպանությունների, պատանդառության, մարդու իրավունքների մասսայական ոտնահարումների միջոցով, որոնք արձանագրված էին իրավապաշտպան տարբեր զեկույցներում: Արսեն Հակոբյանը շեշտում է, որ այս բոլոր փոփոխություններն ու գործընթացները տեղի էին ունենում դեռեւս կենտրոնական իշխանությունների կողմից ԼՂԻՄ-ում հաստատված հատուկ, ապա արտակարգ դրության պայմաններում:
comment.count (0)