Էթնիկ մոբիլիզացիան եւ բռնությունների սկզբնավորումը [Միացումից՝ անկախություն․ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հետագիծը մաս 2]
12:00 - 16 օգոստոսի, 2022

Էթնիկ մոբիլիզացիան եւ բռնությունների սկզբնավորումը [Միացումից՝ անկախություն․ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հետագիծը մաս 2]

Պատմական գիտությունների թեկնածու Արսեն Հակոբյանը «Միացումից՝ անկախություն․ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հետագիծը» վերտառությամբ հետազոտության մեջ անդրադառնում է Ղարաբաղյան շարժման էթնիկացմանը,  և դրանից բխող մասսայական շարժումներին։

Արցախյան հակամարտության մասին հետազոտություններ, հոդվածներ, տեսանյութեր եւ 44-օրյա պատերազմի ժամանակագրությունը
nk-conflict.infocom.am

 

Հակամարտության էթնիկացումը

Ղարաբաղյան հակամարտությունը բռնության դրսեւորումների տարբեր փուլեր ու զարգացումներ է ունեցել՝ սկսած 1988-ից՝ Ղարաբաղյան շարժումից։ Պատմական գիտությունների թեկնածու Արսեն Հակոբյանը «Միացումից՝ անկախություն․ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հետագիծը» վերտառությամբ իր հետազոտության մեջ գրում է, որ մինչ Ադրբեջանի կազմից դուրս գալու եւ Հայաստանին միանալու մասին ԼՂԻՄ մարզային խորհդի որոշումը՝ Ստեփանակերտում այդ պահանջով ցույցեր են սկսվում: 

Համարվում է, որ առաջին ցույցը տեղի է ունենում փետրվարի 14-ին, իսկ այդ օրը երեկոյան մարզային ղեկավարության հետ խորհրդակցության ժամանակ Ադրբեջանի կենտկոմի բաժնի վարիչ Ասադովը հայտարարում է, որ հարյուր հազար ադրբեջանցիներ պատրաստ են ցանկացած պահի ներխուժել Ղարաբաղ եւ կազմակերպել արյունալի սպանդ: Սա, Հակոբյանի մեկնաբանմամբ, նշանակում է, որ ի սկզբանե ադրբեջանական հանրության մոտ առկա է եղել խնդրի էթնիկացման եւ էթնիկ բռնության լեգիտմիզացիայի միտում, ինչը ցույց է տվել նաեւ դեպքերի հետագա զարգացումը․

«1988թ. փետրվարի 22-ին ադրբեջանական Աղդամ քաղաքից բազմահազար ամբոխը շարժվում է դեպի Լեռնային Ղարաբաղ՝ ճանապարհին ջարդուփշուր անելով ամեն ինչ: Հայերին «դաս տալու» համար, բացի Աղդամից, Ղարաբաղ են շարժվում նաեւ Բարդայի բնակիչները, որոնք միանում են աղդամյան ամբոխին: Հիշյալ փաստը ցույց է տալիս, ադրբեջանական հանրությունում հայերի նկատմամբ բռնության թույլատրելիության մասին ներքին դիսկուրսի առկայության մասին, որը եւ լեգիտիմիզացնում է այդ երեւույթները»,- գրում է հետազոտության հեղինակը՝ շարունակելով, որ ադրբեջանցիների շրջանում լուրեր էին տարածվում, թե իբր հայերը բռնություններ են գործադրում կամ սպանել են ադրբեջանցիներին իրենց հավաքների ժամանակ, որը բռնության լեգիտիմիզացիա էր ենթադրում հայերի նկատմամբ:

Ասկերանի մատույցներում ամբոխը կանգնեցվում է, չպարզված հանգամանքներում զոհվում են երկու ադրբեջանցիներ: Զոհերից մեկը սպանվում է հենց ադրբեջանցիների կողմից, մյուսի մահվան հանգամանքները հայտնի չեն: Ադրբեջանում անմիջապես լուրեր են տարածվում, որ երկու երիտասարդներին սպանել են հայերը: Ադրբեջանական մեկ այլ մեկնաբանության համաձայն՝ Ստեփանակերտ-Աղդամ ճանապարհին տարերային ցույցի ժամանակ հայ միլիցիոներները սպանում են երկու ադրբեջանցի երիտասարդի․

«Իսկ աղդամյան ջարդարար զոհերը ղարաբաղյան իրադարձությունների ադրբեջանական մեկնաբանության մեջ դառնում են առաջին զոհերը, որոնք զոհվում են հայերի կողմից ցույցի ժամանակ: Ակնհայտ է, որ դեպքերի հիշյալ մեկնաբանությունը կառուցում է «զոհի» կերպար` առանց տարբերակելու պատճառահետեւանքային կապեր, ավելին` կառուցելով երեւույթի կեղծ տրամաբանություն, որը նույնական է, ասենք, եթե օրինակ, Ստալինգրադի ճակատամարտի նացիստ զոհերի մասին նշվի «Գերմանացի զոհերը` սպանված ռուսների կողմից»»։

Իսկ հայկական միջավայրում պտտվում էր կարծիքը, որ ադրբեջանցիներին սպանել են հենց ադրբեջանցի միլիցիոներները կամ խորհրդային զինվորականները: Կենտրոնական եւ ադրբեջանական ԶԼՄ-ներն այդ դեպքերի առնչությամբ հաղորդում են երկու ադրբեջանցիների զոհվելու մասին՝ նշելով, որ նրանք սպանվել են Աղդամի եւ Ասկերանի բնակչության միջեւ բախման հետեւանքով:

Այս դեպքերի նշյալ մեկնաբանությունը, ըստ Արսեն Հակոբյանի, ստեղծում կամ կառուցում է երեւույթի նոր համատեքստ` առաջին պլան մղելով զոհերի եւ նրանց էթնիկ պատկանելության խնդիրը, անտեսելով բռնության նախաձեռնողներին եւ հավասարեցնելով երկու կողմերին՝ համարելով այն երկկողմանի բախում, որը խնդրի էթնիկացման միտումների ու տրամաբանության մեջ է գտնվում:

 

Կենտրոնական իշխանությունները երեւանյան, ստեփանակերտյան խաղաղ ցույցերը բնութագրում են որպես ծայրահեղական, նացիոնալիստական


Միեւնույն ժամանակ, կենտրոնական իշխանությունները երեւանյան, ստեփանակերտյան խաղաղ ցույցերն ու շարժումը բնութագրում են որպես ծայրահեղական, էքստրեմիստական, նացիոնալիստական, գրում է հետազոտության հեղինակը: Այդ գնահատկանները կրկնում եւ տարածում են նաեւ ադրբեջանական ԶԼՄ-ները: Այդպես, ստեղծվում է մի իրավիճակ, երբ կարծես թե «մեղավորին» պատժելու խնդիրը լեգիտիմացվում է:

Արսեն Հակոբյանը գրում է, որ 1988թ. փետրվարյան օրերին, երբ Ստեփանակերտում ցույցեր ու միտինգներ էին տեղի ունենում, իսկ դրանք ընթանում էին «Միացում», «Լենին, պարտիա, Գորբաչով» նման լոզունգներով, համաձայն մի վկայության, շուշեցի (նաեւ Շուշիի շրջանի) ադրբեջանցիները պատրաստ էին իջնելու Ստեփանակերտ, որի արդյունքում արյունահեղությունը անխուսափելի կլիներ: Ադրբեջանական աղբյուրը նշում է, որ շուշեցիների ու աղդամցինեի տրամադրութունները նույն էին. «նույնը կատարվում էր Աղդամում»: Նույն մտավորականի հաղորդմամբ` իրենք աշխատում էին հանդարտեցնել կրքերը Շուշիում, միեւնույն ժամանակ «պետք է պատրաստ լինենք հակահարված տալու, եթե հայերը շարունակեն»:

Այս փաստերն, ըստ հետազոտության հեղինակի, ցույց են տալիս, որ երեւույթների շուրջ երկու հասարակություններում ընկալումները տարբեր էին. եթե հայերի պարագայում, այն քաղաքական պայքար ու խնդիր էր, ապա ադբեջանցիների ընկալմամբ այն արդեն իսկ էթնիկական կոնֆլիկտ էր, այստեղից էլ գալիս էր «հայերին պատժելու» մտայնությունը, եւ «պատասխանը» տրվում էր ոչ թե քաղաքական մակարդակում, այլ էթնիկ:

Իսկ շարժման վերաբերյալ կենտրոնական իշխանությունների գնահատականներն էլ ստեղծում էին մի վիճակ, երբ շարժումը կրող հանրությունը «օտարվում էր» խորհրդային իրականությունից, համարվում էր խորհդային ազգային համերաշխությունը խարխլող երեւույթ:

Պատմական գիտությունների թեկնածուն նկատում է՝ տվյալ պարագայում կենտրոնական իշխանությունների՝ շարժմանը տված գնահատականները տրված էին խորհրդային դիտանկյունից, միեւնույն ժամանակ, սակայն, դրանք ամրապնդում էին շարժման, նրա մասնակիցների «մեղավոր» լինելու հանգամանքը։ Իսկ ադրբեջանցիների ընկալմամբ հայերի գործողությունները «անհարիր էին» հենց ադրբեջանականության կամ «իրենց հողերի» նկատմամբ հավակնություն ունենալու առումով։ Հետազոտության հեղինակը նշում է, որ այս իրավիճակում 1988թ. փետրվարի 27-29 էթնիկ բռնության հզոր ալիքը հայկական ջարդերի տեսքով բռնկվեց Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում: Եւ այն առաջին էթնիկ ջարդն էր խորհրդային տարածքում: Ի դեպ, ինչպես շեշտում է Արսեն Հակոբյանը, սումգայիթյան ցույցերն ու միտինգները չունեին որեւիցե սոցիալական կամ հակախորհրդային ընդվազման նշույլ իսկ, եւ Հայաստանում ու Ղարաբաղում ադրբեջանցիների նկատմամբ բռնություններ կիրառելու մասին կեղծ լուրերն էին, որ մոբիլիզացնում էին բռնությունները:

Հետազոտության հեղինակը մանրամասնում է, որ Սումգայիթյան ջարդերի ժամանակ բացի հայերին փնտրել, գտնելու համեմատաբար սովորական ու պարզ միջոցներից. հարեւաննների մատնություններ, բնակարանների փնտրտուք եւ այլն, եղել են նաեւ այլ ձեւեր, օրինակ՝ ջարդարարները մարդկանց ստիպել են արտասանել «ֆնդղ» բառը․ համարվել է, որ հայերը ճիշտ չեն կարողանում արտասանել այդ բառը եւ արտասանական սխալ են թույլ տալիս: Մեկ այլ դեպքում զոհերի հայ լինելը մատնել է «քառասունքի» սեղանին դրված հացը․ համարվում է, որ ադրբեջանցիները «քառասունքի» սեղանին հաց չեն դնում:

Հայտնի է, որ սումգայիթայան ջարդերը ուղեկցվեցին հայերի զանգվածային սպանություններով: Այդ ողբերգական երեւույթը՝ սպանությունը, որոշակի մշակութային փոխպայմանավորվածություն ունի` կապված զոհի եւ բռնություն իրականացողների էթնիկ, սեռային պատկանելության հետ եւ այլն․

«Սումգայիթյան ջարդերի պարագայում առկա են հայ կանանց հրապարակային մերկ պարեցնելու, բռնաբարելու ու սպանելու փաստերը: Նույն երեւույթը երեք ամիս անց՝ 1988թ․ մայիսին, տեղի է ունենում Ղազախում: Ուշագրավ է, որ ղազախյան պոգրոմների հեղինակներն ու հրահրիչները Բաքվից էին»,- գրում է հեղինակը՝ նշելով, որ Ղազախի հայերի ջարդերն այդպես էլ մնացին ստվերում՝ հասարակական, հրապարակային քննարկման ու լուսաբանման չարժանանալով: 

Պատմական գիտությունների թեկնածուն ուշագրավ է համարում այն, որ հայ կանանց նման սպանությունները հենց նույն եղանակով արձանագրվում են 1908թ. Ադանայի ջարդերի ժամանակ, ինչպես նաեւ 1915թ. Հայոց ցեղասպանության ընթացքում: Ըստ էության, սպանության նման տեխնոլոգիան խոսում է մշակութային որոշակի կոդավորման մասին, որը ժամանակային, տարածական ու մշակութային տրանսմիսիա (փոխանցում,-խմբ) է ունեցել. դարասկզբի օսմանյան կայսրությունից մինչեւ 20-րդ դ. վերջ խորհրդային իրականություն ու ադրբեջանական հանրություն:

 

Կենտրոնական իշխանությունները սումգայիթյան ջարդերը որակեցին որպես խուլիգանություն


Միեւնույն ժամանակ կենտրոնական իշխանությունները սումգայիթյան ջարդերը որակեցին որպես խուլիգանություն` դատական գործընթացը ցրելով տարբեր քաղաքներում ու դատարաններում` ըստ էության փորձելով մոռացության տալ կամ լղոզել այն: Ադրբեջանում այդ դեպքերն այդպես էլ դատապարտման չարժանացան, եւ հասարակական լռությունը համաձայնություն էր ենթադրում, իսկ քիչ ավելի ուշ ջարդերն արդարացնելու խնդիրը ծնեց նոր մոտեցում՝ այն գցել հայերի վրա: Արսեն Հակոբյանը նկատում է՝ սումգայիթյան ջարդերի պատասխանատվությունը հայերի վրա գցելու մոտեցումը տարածված է նաեւ այժմ։

 

1988թ․, նոյեմբեր․ մասսայական նոր բռնություններ

Ադրբեջանում 1988թ. վերջին հայերի նկատմամբ տեղի ունեցան մասսայական նոր բռնություններ ու ջարդեր, որոնց ժամանակ տեղի ունեցան սումգայիթյան ոճրագործների հրապարակային հերոսացումներ, իսկ 1988թ. վերջին Հայաստանում ադրբեջանցիների նկատմամբ բռնությունները արդեն իսկ ընկալվեցին որպես պատասխան Սումգայիթին:

Հայերի նկատմամբ բռնությունների երկրորդ ալիքի ժամանակ ամենախոշոր ջարդերը տեղի ունեցան Կիրովաբադում, Շամախիում, Շամխորում, Մինգեչաուրում: Նույն ժամանակահատվածում՝ 1988 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, ինչպես նշում է հետազոտության հեղինակը, տեղահանվեց Արցախի հյուսիսում՝ Խանլարի, Դաշքեսանի, Շամխորի ու Գետաբեկի լեռնային եւ նախալեռնային մասերում գտնվող 50 հայկական բնակավայրերի, ինչպես նաեւ Կիրովաբադի (Գանձակ) 48 հազարանոց հայ բնակչությունը: 1988-1990 թթ. Ադրբեջանում հայ ազգաբնակչության նկատմամբ հալածանքների, բռնությունների, ջարդերի եւ սպանությունների գագաթնակետը դարձան 1990թ. հունվարին Բաքվի հայերի զանգվածային սպանություններն ու վերջնական տեղահանումը: Այդ տարիներին հայաթափվեց Արդբեջանի ողջ հայ բնակչությունը՝ բացառությամբ Բաքու քաղաքի, որը, չնայած նույնպես ենթարկվեց հակահայկական ջարդերի ու բռնությունների, այունամենայնիվ մինչեւ 1990թ. ջարդերը այնտեղ դեռ շարունակում էին հայեր ապրել:

«1988թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ադրբեջանում հայերի նկատմամբ էթնիկ հալածանքներն ու իրենց բարձրակետին հասած բռնություններն իրենց արձագանքներն ունեցան նաեւ Հայաստանում, որտեղ իննամսյա խաղաղ գործընթացներից հետո եւս գրանցվեցին էթնիկ բռնության դեպքեր»,- գրում է հետազոտության հեղինակը՝ շարունակելով, որ Ադրբեջանում բռնությունները տեղի էին ունենում Մոսկվայում ընթացող սումգայիթյան դատավարությանը զուգահեռ։

Այս հանգամանքը, Արսեն Հակոբյանի դիտարկմամբ, վկայում է, որ սումգայիթյան իրադարձությունների շուրջ ԽՍՀՄ կենտրոնակական իշխանությունների թելադրած դիսկուրսը որեւէ ազդեցություն չուներ հետագա բռնությունների կանխարգելման վրա, եւ ըստ էության չկատարելով այդ ֆունկցիան` խրախուսում էր բռնությունները:

«Էթնիկ բռնության այս նոր փուլը Ադրբեջանում սկվում է Թոփխանա կոչվող վայրի շուրջ պատմությամբ: 1988 հոկտեմբերի 23-ին ԼՂԻՄ իշխանությունները որոշում են ամայի այդ վայրում կառուցել Երեւանի ալյումինի գործարանի պանսիոնատ: Մոտ մեկ ամիս անց ադրեբջանական ԶԼՄ-ները սկսում են հակահայակական արշավ` ներկայացնելով իբր թե Թոփխանան բնական ու մշակութային արժեքավոր հուշարձան է, եւ հայերը ոտնձգություն են կատարում նրա դեմ»,- գրում է պատմական գիտությունների թեկնածուն՝ նշելով, որ թեեւ ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները խնդիրը պարզաբանելու համար հանձնաժողով են ուղարկում, եւ այն եզրակացություն է տալիս, որ այդ վայրը ոչ մի բնական ու մշակութային հուշարձան չէ, այլ պարզապես ամայի տեղանք, սակայն այն որեւէ ազդեցություն արդեն չի թողնում բռնկված հակահայկական հիստերայի ու մոլեգնող բռնությունների վրա:

Եւ Թոփխանան դառնում է հայերի դեմ ուղղված էթնիկ բռնությունների մոբլիզիացիոն հիմնական գաղափար:

Այն, որ Թոփխանայի այս թեման ձեւավորվեց ադրբեջնական պաշտոնական ԶԼՄ-ում, Արսեն Հակոբյանի դիտարկմամբ՝ թույլ է տալիս ենթադրել, որ դա կազմակերպված ու ուղղորդված սադրանք էր, հատկապես նկատի ունենալով, որ խորհրդային ԶԼՄ համակարգը գործում էր կուսակցական վերահսկողության ներքո, կար գրաքննական համակարգ եւ այլն․ «Եթե առաջին կեղծ հաղորդագրությունը տեղ է գտնում նոյեմբերին, ապա մյուս կեղծ հոդվածները դեկտեմբերի սկզբներին արդեն լույս էին տեսնում պարետային ժամի ու հատուկ դրության պայմաններում»:

Այսպիսով, ինչպես ամփոփում է հետազոտության հեղինակը՝ պատմական գիտությունների թեկնածու Արսեն Հակոբյանը, բռնության սկզբնավորումը ղարաբաղյան կոնֆլիկտի ժամանակ ունեցել է զարգացման իր դինամիկան ու համապատասխան դիսկուրսը. նախ եւ առաջ դրա հիմքում կար հայերին պատժելու գաղափարը, միեւնույն ժամանակ, արդարացնելու համար բռնության ակտը, ինչպես նաեւ ապահովեու էթնիկ ու խմբային մոբիլիզացիան, առաջ են գալիս բռնությունների մեջ հայերին մեղադրելու կեղծ գաղափարներ, սադրիչ կոչերի, լուրերի տարածման միջոցով կառուցվում է կեղծ իրականություն՝ Աղդամ, Սումգայիթ: Սումգայիթյան իրադարձությունների շուրջ դիսկուրսը ծնում է նոր բռնություններ, որոնք, մասշտաբների ու հետեւանքների առումով գերազանցում են նախորդներին։

Ազգային, հասարակական, ինքնակազմակերպման մեխանիզմները ԼՂԻՄ-ում՝ որպես քաղաքացիական դիմադրություն [Միացումից՝ անկախություն․ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հետագիծը․ մաս 3]


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել