Ուկրաինան և Լեհաստանը փորձել են ուղղակի բախում հրահրել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ
 |tert.am|
10:50 - 17 նոյեմբերի, 2022

Ուկրաինան և Լեհաստանը փորձել են ուղղակի բախում հրահրել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ |tert.am|

tert.am: Ուկրաինան և Լեհաստանը, օգտագործելով սահմանին հրթիռների անկման հետ կապված իրավիճակը, փորձել են ուղղակի բախում հրահրել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև, ասել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Եթե հանդիպումը նախատեսված չլիներ, ապա այն պետք է հրավիրվեր՝ քննարկելու Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախում հրահրելու Ուկրաինայի և Լեհաստանի փորձերը: Այս երկու պետությունների ղեկավարության կողմից արված բացարձակ անպատասխանատու հայտարարությունները չեն կարող այլ կերպ ընկալվել», - ասել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված էր Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին:

Նեբենզյան ընդգծել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեղադրելով Ռուսաստանին, չի կարող չիմանալ, որ Ուկրաինայի կողմից արձակված հրթիռները հարվածել են Լեհաստանի տարածքին։

«Դա նշանակում է, որ սա ոչ միայն կանխամտածված ապատեղեկատվություն է, այլ նաև գիտակցված փորձ՝ Ուկրաինայում Ռուսաստանի հետ պրոքսի պատերազմ մղող ՆԱՏՕ-ին մեր երկրի հետ անմիջական բախման մեջ ներքաշելու»,- հավելել է մշտական ներկայացուցիչը։ 

Հիշեցնենք, որ Լեհաստանի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ նշել է, որ հրթիռները, որոնք ընկել են երկրի տարածք ու երկու մարդու մահվան պատճառ դարձել, ռուսական արտադրության են։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ասել է, որ, ըստ հրթիռի հետագծի, «քիչ հավանական է, որ այն Ռուսաստանից արձակված լինի», սակայն դեռ պետք է քննել։

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ռուս մասնագետներրը ուսումնասիրել են լեհական կողմի հրապարակած լուսանկարները և նույնականացրել են, որ բեկորները Ուկրաինայի օդուժին պատկանող С-300 զենիթային կառավարվող հրթիռի տարրեր են։ 

Associated Press լրատվական գործակալությունը նախ հղում էր արել ԱՄՆ հետախուզության բարձրաստիճան պաշտոնյայի՝ գրելով, որ ռուսական հրթիռներն են պայթել Լեհաստանում։ Ավելի ուշ գործակալությունը մեջբերել է այլ ամերիկացի պաշտոնյաներին, որոնք ասում էին, թե նախնական բացահայտումներն այժմ փաստում են, որ պայթյունն առաջացել է ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռներից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել