ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում բացվել է 4-րդ շարժական ՁԻԱՀ բուժախտորոշիչ կլինիկան․ ԱՆ
17:08 - 01 դեկտեմբերի, 2022

ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում բացվել է 4-րդ շարժական ՁԻԱՀ բուժախտորոշիչ կլինիկան․ ԱՆ

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակում ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում բացվել է 4-րդ շարժական բուժախտորոշիչ կլինիկան։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։ 
 
Այն Հայաստանին է նվիրաբերվել ՌԴ օգնության ծրագրով' «ՍՊԻԴ ինֆոսվյազ» տարածաշրջանային հասարակական կազմակերպության աջակցությամբ:
 
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրերի ղեկավար Ռոզա Բաբայանը, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ նախագահ Ժենյա Մայիլյանն ու այլ հյուրեր:
 
Միջոցառման շրջանակներում անցկացվել է նաև «ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը՝ որպես ջանքերի մեկտեղման նոր հնարավորություն» խորագրով համաժողովը:
 
Նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն առանձնացրել է ՄԻԱՎ-ի թեստավորումն ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ Հայաստանի կառավարության և առողջապահության նախարարության իրականացրած ծրագրերը.
 
«Այս ծրագիրը հենց այդ քայլերից մեկն է, որը հնարավորություն է տալիս հեռավոր շրջաններում, գյուղերում շարժական բուժախտորոշիչ կլինիկայի այցերի միջոցով մեր բնակչությանը տրամադրել ՄԻԱՎ-ի թեստավորման հնարավորություն: Առհասարակ ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում ՄԻԱՎ-ի դեպքերը, ցավոք, աճում են: Եվ իհարկե ուրախալի է, որ մենք արդեն կարողանում ենք հայտնաբերել դեպքերը, և, եթե մարդիկ ավելի վաղ են տեղեկանում իրենց կարգավիճակի մասին և ստանում դեղերը, որոնք անվճար տրամադրվում են կենտրոնի կողմից, կարողանում են երկար տարիներ ապրել որակյալ կյանքով և որևէ առողջական խնդիր չունենալ»,- ասել է Լենա Նանուշյանը:
 
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ ՌԴ-ի համար ՁԻԱՀ-ի և այլ վարակների դեմ պայքարը Միջազգային հումանիտար համագործակցության առաջնային խնդիրներից է, ուստի ծրագրի նպատակն է նվազեցնել Հայաստանում վարակիչ հիվանդությունների տարածումը:
 
Մասնագետները ներկայացրել են ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ներկա վիճակն ու կանխարգելման ուղղությամբ կատարվող աշխատանքները, նախանշել առաջիկա ծրագրերը` կարևորելով համատեղ նախաձեռնությունների իրականացումն ու հնարավորությունների մեկտեղումը՝ ՁԻԱՀ-ի դեմ առավել արդյունավետ պայքարելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել