Հավանություն ենք տալիս Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն ուղարկելու կոչին․ Արցախի ԱԳՆ-ն՝ Եվրախորհրդարանի բանաձևի մասին
16:55 - 20 հունվարի, 2023

Հավանություն ենք տալիս Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն ուղարկելու կոչին․ Արցախի ԱԳՆ-ն՝ Եվրախորհրդարանի բանաձևի մասին

Ողջունում ենք Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման դատապարտումը Եվրախորհրդարանի կողմից և կոչերը անհապաղ վերականգնելու Լաչինի միջանցքի գործունեությունը՝ ի կատարումն 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների։ Երախտագիտություն ենք հայտնում այն պատգամավորներին, որոնք սկզբունքային դիրքորոշում են դրսևորել Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի անմարդկային քաղաքականության կանխման անհրաժեշտության վերաբերյալ։ Այս մասին նշվում է Արցախի Հանրապետության ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

«Հավանություն ենք տալիս տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն ուղարկելու, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների՝ Արցախ մուտքն ապահովելու կոչերին։

Բարձր ենք գնահատում Եվրախորհրդարանի դիմումը միջազգային հանրությանը՝ ավելի ակտիվ մասնակցություն ունենալու Արցախի ժողովրդի ճակատագրում։

Կրկին ընդգծում ենք, որ Արցախի շրջափակումը Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի ոչնչացման ծրագրի բաղադրիչներից միայն մեկն է։ Ստեղծելով անտանելի կենսապայմաններ՝ Ադրբեջանը նպատակ ունի վտարել Արցախի ժողովրդին իր պատմական հայրենիքից։

Կարևորում ենք միջազգային հանրության հավաքական ջանքերի կենտրոնացումը կոնկրետ քայլերի իրականացման վրա՝ միտված Ադրբեջանի ցեղասպանական ծրագրի խափանմանը»,- ասվում է ԱՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքները հարգելու վերաբերյալ։ Ադրբեջանի Մեջլիսը դատապարտել է այս բանաձևի ընդունումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել