Գործերը գտնվում են դատաիրավական համակարգում, այնտեղ կապացուցենք մեր անմեղությունը․ Օհանյանը՝ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին
12:44 - 13 փետրվարի, 2023

Գործերը գտնվում են դատաիրավական համակարգում, այնտեղ կապացուցենք մեր անմեղությունը․ Օհանյանը՝ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը այսօր՝ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում, անդրադարձավ հարցին, թե ինչու խմբակցությունը չի մասնակցել նիստերին, որոնց ընթացքում քննարկվում էր Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամ քրեական հետապնդում հարուցելու մասին Գլխավոր դատախազի միջնորդագրերը։ 

«Կարծում էինք, որ առաջինը՝ բոլոր այդ գործերը վաղեմության ժամկետն անցած են և եթե մենք ստորագրեինք, ուրեմն չէին լինի այդ միջնորդագրերը, իսկ մենք հրաժարվել ենք ստորագրելուց, քանի որ գտնում ենք, որ մեղավոր չենք, և այդ գործերը շինծու են: Որևիցե մի շահ որևիցե հարցում չենք ունեցել, որևիցե մի շրջանակի հետ մենք պայմանավորվածություններ չենք ունեցել»։ 

 Օհանյանը նշեց՝ չեն մասնակցել, որովհետև անվտանգային հարցերը այս իշխանությունների համար առաջնահերթություն չեն, և սա իրականացվել է հանրության ուշադրությունը շեղելու համար․ «Բացի այդ, ըստ Օհանյանի, իշխանությունները այս հարցը, ինչպես մնացած հարցերը, «դակելու է»․ «Մենք   պատասխանատու չենք իշխանությունների, հատկապես, ՔՊ-ական մեծամասնության առջև։ Մեղադրանքը առաջադրվել է, գործերը գտնվում են դատաիրավական համակարգում, և մենք այնտեղ կապացուցենք մեր անմեղությունը»։ 
 
Անդրադառնալով միջնորդագրերից մեկի բովանդակությանը, որը վերաբերում է զորամասերից մեկի օտարման գործարքին, Սեյրան Օհանյանը ասաց․ «Նախ, այնտեղ զորամաս չէ, հենց մի քանի անգամ զորամաս անվանելով, իշխանությունը փորձում է նորից շեղել մեր հանրության ուշադրությունը։ Դրանք հին, շահագործումից դուրս գտնվող հողամաս և ավերված շինություններ են։ Բանակի ձևավորման սկզբնական ժամանակահատվածում ցանկացած շինություն օգտագործվել է ժամանակավոր զորանոցների, կացարանների փոխարեն, բայց Զինված ուժերի զարգացմանը զուգահեռ, մենք ստեղծել ենք ավելի լավ շինություններ, ավելի մշտական տեղակայման վայրեր, և այդ հողակտորները, քանդված շինությունները դուրս են մնացել։ Դրանք ավելորդ ծախսերի աղբյուր են եղել, նրանց պահպանման համար ավելի մեծ ծախսեր էին իրականացվում, քան հիմանական գներն էին։ Եվ այն ձևակերպվել է պետության համապատասխան օրգանների կողմից։ Այնպես որ, այդ մեղադրանքը չենք ընդունում, հատկապես, որ Դատախազության կողմից ներկայացվածը ոչ թե միջնորդություն էր, այլ, կարելի է ասել մեղադրանք, իսկ մեղադրանքը իրականացնում են իրավապահ մարմինները, որոնց առաջ էլ մենք պատասխանատու ենք լինելու հետագայում»։ 

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը անցած շաբաթ համաձայնություն տվեց ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ միջնորդագրերին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել