#Կարճ_ասած
#Մանրամասն
Խուռհատ սարի գործով երեկ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարան էր բերման ենթարկվել 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի զինծառայող Մոնթե Պողոսյանը։ Դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ նշանակված էր նույն գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանի գործով հերթական դատական նիստը։ Պողոսյանը այն վկաներից էր, որոնք մի քանի անգամ պատշաճ ծանուցվել, սակայն նախորդ նիստերին այդպես էլ չէին ներկայացել, ինչից հետո դատարանը բերման ենթարկելու որոշում էր կայացրել։
Իշխան Վահանյանը, հիշեցնենք, մեղադրվում է պատերազմի ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ։ Նա կալանավորված է, եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Մոնթե Պողոսյանը հաստատեց զոհված զինծառայողի հոր այն տեղեկությունը, որ Ջրականի ավելի վաղ զորակոչված ծառայողները ընդվզել են նորակոչիկներին Խուռհատ սար տանելու որոշման դեմ
Վկա Մոնթե Պողոսյանը դատարանին պատմեց, որ սեպտեմբերի 27-ին ինքը եղել է մոտ 2 ամսվա զինծառայող, գնդացրորդի օգնական։ Երբ պատերազմը սկսվել է, բարձրացել են Ջրականի դիրքեր, որտեղ մնացել են մինչեւ հոկտեմբերի 6-ը: Այդ օրը Ջրականից նահանջել են դեպի «9–րդ կմ» կոչվող տարածք, որտեղից էլ գնացել են Հադրութի զորամաս, ապա՝ դպրոց։ Ըստ Պողոսյանի՝ մինչեւ Հադրութ հասնելը ինքը Վահանյանին չի տեսել, նրա ենթադրյալ վիրավորման մասին տեղեկություն չունի․ «Միայն գումարտակի՝ այդ ժամանակվա հրամանատար Սամվել Սահակյանի զոհվելու մասին եմ լսել»,– ասաց նա։
Հադրութի դպրոցում, ըստ վկայի, մնացել են մեկ օր, որից հետո՝ հոկտեմբերի 9-ին, նրանց տարել են Խուռհատ սար՝ ասելով, թե այնտեղ ավելի ապահով է։ Տուժողների իրավահաջորդ Գուրգեն Գրիգորյանը հետաքրքրվեց՝ ինչո՞վ պայմանավորված են շեշտել, որ այնտեղ ավելի ապահով է, ի վերջո, պատերազմ էր, եւ հրամանը մնում էր հրաման՝ անկախ նրանից՝ ապահով էր թե չէ։ Վկան, սակայն, դժվարացավ կոնկրետ պատասխան տալ այդ հարցին։
–Հնարավո՞ր է, որ զինվորները չէին վստահում Վահանյանին, նա էլ փորձում էր այնպես անել, որ բարձրանան,– հարցրեց Գրիգորյանը։
–Նման միջադեպ չեմ հիշում, –պատասխանեց վկան։
Ավելի ուշ, սակայն, երբ այս դրվագի վերաբերյալ վկային հարցեր հղեց տուժողի իրավահաջորդ Գեղամ Ղազարյանը, վկան սկսեց որոշ բաներ մտաբերել․
Լուսանկարում՝ տուժողի իրավահաջորդ Գեղամ Ղազարյանը
–Հադրութում վիճաբանություն եղե՞լ է սպաների եւ զինծառայողների միջեւ, երբ սպայակազմը զորքին նորից ուզել է դիրքեր հանել, զինվորները ասե՞լ են՝ չենք գնա,– հարցրեց զոհված զինծառայողի հայրը։
–Դպրոցում մեծ դահլիճ կար, էնտեղ էին հավաքել բոլորին․․․ Շարվել էինք, որ նորից պիտի գնայիք, էդ ժամանակ մեծ վեճ չեմ հիշում, չեմ կարող ասել․․․
–Չէ, Ջաբրայիլի հին ծառայողները (նկատի ունի ավելի վաղ զորակոչվածներին,-հեղ) սպաներից պահանջել են՝ նորմալ զենք–զինամթերք, բահեր տան, նոր գնան, եղե՞լ է նման բան։
–Եղել է,– պատասխանեց վկան՝ հավելելով, որ ներկա սպաների մեջ էին Գարիկ Վարդերեսյանը, Հայկազ Գրիգորյանը, թիկունքի պետը, որի անունը չի հիշում,– ասացին՝ ով զենք չունի, նրան կտան, բահերի մասով բան չեմ լսել։
– Էդ ժամանակ են սպաներն ասել՝ նորակոչիկներին տանում ենք ապահով տեղ, չմտածեք, ճի՞շտ է։
–Այո։
–Բայց ձեզ խաբեցին, չէ՞։
–Դե, մեզ ասել են ապահով տեղ, բայց․․․ Երեւի հին ծառայողներն էլ չգիտեին՝ կոնկրետ որտեղ ենք լինելու։
–Խաբեցին, չէ՞։
Ծնողի հարցը մնաց անպատասխան։
Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը հարցրեց, թե որպես սպա՝ ինչպե՞ս կբնութագրի Իշխան Վահանյանին, սակայն մեղադրողի հարցին նույնպես լռություն հաջորդեց։
Վկայի խոսքով՝ վիրավորներին տեղափոխող մեքենայի մեջ ոչ մի սպա, այդ թվում՝ Վահանյանը, չի եղել
Շարունակելով ցուցմունքը՝ վկա Մոնթե Պողոսյանը պատմեց, որ սարը բարձրանալով՝ հրաման են ստացել իրարից տասը մետր հեռավորության վրա երեք-երեք դիրքավորվել։ Թե ինչու իրեն գնդացրորդի կողքին չեն դիրքավորել, որպեսզի օգնի վերջինիս, Պողոսյանը չգիտեր, ասաց՝ որտեղ հրամայել են, այդտեղ էլ կանգնել է։ Քանի որ խրամատներ չեն եղել, թաքնվել են թմբերի ետեւում․ «Հոկտեմբերի 10-ին իջել էինք՝ սնունդ վերցնելու, կարծեմ Հայկազը (նկատի ունի սպա Հայկազ Գրիգորյանին,-հեղ․) ասաց՝ բարձրանանք, սարի վրա դիրքավորվենք, բարձրացել ենք, ու երեւի մի ժամ չանցած՝ հարձակումը սկսվել է»։ Ըստ Պողոսյանի՝ կողմերի միջեւ փոխհրաձգություն է սկսվել, իր ներկայությամբ հրետանի, օդուժ չի աշխատել, ուստի նա չի կարող ասել՝ Վահանյանը հաստատապես կարո՞ղ էր սարում բեկորային վնասվածք ստանալ թե ոչ։ Թշնամու թիվը, ըստ նրա, հարյուրից ավելի է եղել։
Լուսանկարում՝ մեղադրյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը
Մարտը սկսվելուց մոտ մեկ-մեկուկես ժամ անց Պողոսյանը վիրավորվել է, իր խոսքով՝ գլխից․
-Դա ի՞նչ վիրավորում էր, քերծվա՞ծք էր թե՞ արնահոսում էր,-հետաքրքրվեց դատավորը։
-Սաղավարտը խփեց, գցեց, հետո փամփուշտը քերծեց ճակատային մասս, արնահոսում էր, ոչ տեսնում էի, ոչ լսում․․․
-Ուշագնաց եղա՞ք։
-Պառկել եմ սարի վրա՝ համարյա ուշագնաց եղած, հետո գիտակցության եկա, վաշտի տղաներն ինձ օգնեցին, իջա ներքեւ՝ խաչմերուկի մոտ, որտեղ կամազներ կային, առաջին բուժօգնություն ցույց տվեցին, հետո նստեցրին մեզ։
Վկայի խոսքով՝ իջնելիս Վահանյանին տեսել է, բայց թե նա ինչ վիճակում էր, դժվարացավ ասել․ «Երեւի նորմալ, ես վիրավոր էի, շատ բան չէի կարողանում նկատել»։ Ըստ վկայի՝ 8 վիրավորներով նստել են կամազի թափքի մեջ, սպա չի եղել, իսկ վարորդը իրենց պես 2 ամսվա զինծառայող էր։
Լուսանկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը
-Քրեական գործում տեղեկություններ կան, որ սարից իջնելիս ձեզ հետ նույն ավտոմեքենայով իջել է նաեւ Վահանյանը,- ասաց մեղադրող Գեւորգ Ավետիսյանը։
-Ոչ, մեզ հետ ոչ մի սպա չի եղել։
Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը ճշգրտող հարց տվեց՝ հնարավո՞ր է, որ Վահանյանը խցիկում նստած լինի, եւ վկան նրան տեսած չլինի, ինչը վկան բացառեց՝ ասելով, որ խցիկում նույնպես զինվորներ էին։
-Այլ տեղեկությունների համաձայն՝ երբ ճանապարհին կրակել են, դուք, այդ թվում՝ Վահանյանը, իջել եք, սպասել՝ շտապօգնության մեքենային, ապա բոլորով շարժվել եք հոսպիտալ։
-Տենց բան չի եղել։
Ավելի ուշ վկան հայտնեց, որ այդ հատվածում մոտ 3-4 ուրալ է եղել, 1-ին ուրալը զինվորների է տեղափոխել, 2-րդը՝ վիրավորների իրենց խմբին։ Մյուս ուրալների մասին տեղեկություն չուներ, բայց ասաց՝ դրանք հիմնականում զինվորների համար էին։
-Իսկ տեղյա՞կ եք՝ ձեր հեռանալուց հետո սարում գտնվող զինծառայողներն ինչ ճակատագրի են արժանացել։
-Ճիշտն ասած՝ կոնկրետ չեմ կարող ասել՝ ինչ են արել, մանրամասն չեմ հետաքրքրվել, մենակ լսել եմ, որ շրջափակման մեջ են ընկել, մնացածը չգիտեմ։
Մոնթե Պողոսյանի խոսքով՝ ճանապարհին իրենց վրա կողքի սարից սկսել են կրակել, թուրքերը թե յուրային զորքերը՝ նա չգիտեր․ «Խուճապահար իջել, մտել ենք կողքի գյուղ, վիրավորներից մարդ կար՝ արդեն արնաքամ էր լինում, մի կամավոր եկավ, ասաց՝ ինքն իր մեքենայով (Opel մակնիշի) մեզ կհասցնի հոսպիտալ»։ Այդ ժամանակ արդեն 5 հոգով են եղել, ըստ նրա՝ կրակելու պահին ամեն մեկը տարբեր կողմեր է գնացել։
Խնձորեսկի հոսպիտալում Պողոսյանն ու Վահանյանը հանդիպել են, պառկել կողք կողքի գտնվող մահճակալներին
Վկա Մոնթե Պողոսյանի խոսքով՝ հոսպիտալ հասնելուց մոտ մեկ ժամ անց ինքը այնտեղ հանդիպել է Իշխան Վահանյանին։ Նույն հոսպիտալում հանդիպել է նաեւ իրենց գումարտակի մի երկու զինվորի, որոնցից մեկի անունը Արման էր, եւ մի սպայի, որի ազգանունը Քոչարյան էր։
-Ռենտգեն էի անցնում, այդ կաբինետում տեսա Վահանյանին, հիշում եմ՝ ասում էր, որ բեկորային վնասվածք է ստացել կոնքի հատվածում, ուրիշ բան չենք խոսել,- ասաց վկան։ Նշենք, որ ըստ քրեական գործի՝ Վահանյանը աջ ազդոսկրի վնասվածքը ստացել է հոկտեմբերի 10-ին Խուռհատ սարում, դրանից առաջ վիրավորում ստանալ-չստանալու վերաբերյալ տեղեկություններ չեն պարզվել։ Տուժող կողմը, սակայն, այն համոզմանն է, որ նա շատ ավելի վաղ է վիրավորվել, իսկ հոկտեմբերի 10-ին վերքը քչփորել է՝ մարտի դաշտը թողնելու պատրվակ ստեղծելու համար։ Ավելի վաղ՝ սեպտեմբերի 29-ին վիրավորվելու հանգամանքը հաստատվել է դատարանում հնչած ցուցմունքներով, մինչդեռ Վահանյանը հայտարարել է, որ ինքը երկու անգամ է վիրավորվել։
-Իսկ Դուք հոսպիտալում նկատե՞լ եք այդ վիրավորումը,- հարցրեց մեղադրողը։
-Ոչ,-պատասխանեց վկան՝ հավելելով, որ նա ինքնուրույն, բայց փոքր-ինչ կաղալով էր քայլում։
-Փորձե՞լ եք հետաքրքրվել՝ ինչ պայմաններում է հայտնվել հոսպիտալում։
-Չէ, չեմ տվել այդ հարցը։
-Իսկ հակառակ հարցադրում եղե՞լ է, թե դուք ինչ պայմաններում եք հայտնվել։
-Ոչ, չի հարցրել։
Լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը
Վկայի այս պատասխանները զարմացրին դատավարության մասնակիցներին, եւ նախագահող դատավորը փորձեց հասկանալ՝ ինչպես է դա հնարավոր․
-Որ հանդիպեցիք, չասեցի՞ք՝ վա՜յ, հրամանատար, ես ձեր գումարտակից եմ․․․
-Որ տեսա, արդեն ճանաչեցի, հիշեցի իրեն․․․
-Չմոտեցա՞ք։
- Էդ ժամանակ չեմ մոտեցել, գնացել, պառկել եմ, մյուս օրը ինքը եկավ, իմ կողքի կոյկին պառկեց, իրար կողք ենք եղել, բայց չեմ հարցրել՝ ինչ է եղել։
-Ամսի 10-ին էլ է ձեր կողքին եղե՞լ։
-Չէ, բայց կազարմայում է եղել։
-Բա ինչո՞ւ է եկել Ձեր կողքին։
-Չեմ կարող ասել,- նշեց վկան՝ հավելելով, որ երկու օրից էլ տեղափոխվել է այլ մահճակալի՝ հիշյալ սպա Քոչարյանի մոտ։
-Չհարցրի՞ք՝ պարոն մայոր, ի՞նչ է պատահել։
-Ասում էր՝ որ վիրավորում է ստացել, ես էլ մտածեցի, որ վիրավոր իջել է, շատ հարցեր չեմ տվել։
-Բաներ եք ասում, որ մի քիչ հավանական չեն․ երբ հիվանդանոցում երկու անծանոթ մարդ մի սենյակում պառկում են, շփվում են, իրարից որպիսություն հարցնում․․․ Դու պատերազմական իրավիճակում հոսպիտալում քո գումարտակի հրամանատարի կողքին գտնվես եւ չխոսե՞ս, դա ո՞նց է հնարավոր,- հարցրեց դատավորը։
-Խոսելը էլի խոսել ենք, բայց կոնկրետ հարցեր, որ ասում եք․․․ Ճաշարան էլ ենք գնացել։
-Ինչի՞ց եք խոսել։
-Դե, խառը, տենց․․․ Չեմ կարող հիշել։
Լուսանկարում՝ վկա Մոնթե Պողոսյանը
-Մոնթե՛, երբ մենք քեզ կանչում էինք դատարան՝ հարցաքննելու, դու անընդհատ խուսափում էիր, իմ աշխատակազմին գրում էիր, որ երկրի համար շատ բան ես արել, ինչի են քեզ հիմա հետապնդում, անընդհատ փորձում էիր իմ օգնականներին մոլորության մեջ գցել, խուսափել գալուց, մինչեւ որ ոստիկանները եկել են ձեր տուն, ու ստիպված ես եղել գալ։ Սրանից ինձ մոտ ենթադրություն է ստեղծվել, որ դու շփվող անձնավորություն ես, որովհետեւ կազմից զանգում են քեզ, դու սկսում ես կարճ հաղորդագրություններ գրել, ասել՝ ես ձեր երկրի համար այսպիսի բաներ եմ արել․․․ Հիմա առաջարկում եմ լարել հիշողությունդ․․․ Ինչ-որ մեկը քեզ մեղադրե՞լ է, որ շուտ ես իջել դիրքերից։
-Ոչ։
-Դու մեղադրե՞լ ես Վահանյանին, որ թողել է զորքին։
-Ես այդ ժամանակ չեմ իմացել տենց բան։
-Բա էն երկու տղե՞րքը (նկատի ունի իրենց գումարտակի՝ հոսպիտալում գտնվող զինվորներին,-հեղ․)
-Իրենց հետ չեմ խոսել էդ մասին։
-Բա ինչի՞ մասին ես խոսել։
-Հարցնում էինք՝ ոնց ենք վիրավորվել։
-Իսկ Վահանյանին ո՞նց էին վերաբերվում։
-Չեմ կարող ասել, շփում չկար հետը։
-Իսկ սպա Քոչարյա՞նը։
-Նա մոտ էր Վահանյանի հետ, շփվում էր։
-Ի՞նչ վիրավորում է ունեցել նա։
-Ասում էր՝ աղիքների հետ է խնդիր ունեցել։
Վկայի այս պատասխանից դահլիճում գտնվողները տխուր քմծիծաղ տվեցին։
Մոնթե Պողոսյանը հոսպիտալում մնացել է 6 օր, որից հետո ուղեւորվել է մայրական խնամքի, ապա՝ վերադարձել մարտի դաշտ՝ Սարուշեն։ Նրա խոսքով՝ հոսպիտալը լքելիս Իշխան Վահանյանը դեռ այնտեղ է եղել։ Հիշեցնենք, որ դատաքննության սկզբնական փուլում Իշխան Վահանյանը հայտարարել է, որ ի սկզբանե շտապօգնությունը իրենց տարել է Տող գյուղ, ապա՝ Ստեփանակերտ, որից հետո՝ Խնձորեսկի հոսպիտալ, որից հետո էլ՝ Զանգեզուրի կայազորային հոսպիտալ։
Առաջին անգամ դատարան էր ներկայացել ուսումնական գումարտակի նախկին հրամանատար Սամվել Սահակյանի հայրը
Երեկվա նիստին առաջին անգամ ներկա էր նաեւ ուսումնական գումարտակի նախկին հրամանատար Սամվել Սահակյանի հայրը՝ Սուրեն Սահակյանը։ Նշենք, որ Սամվել Սահակյանը զոհվել է սեպտեմբերի 29-ին, նրանից հետո գումարտակի հրամանատար է նշանակվել Գարիկ Վարդերեսյանը, որից հետո՝ Իշխան Վահանյանը։
Լուսանկարում՝ Սուրեն Սահակյանը
–Ինչի՞ց է զոհվել Սամվելը, – Սուրեն Սահակյանը հարցրեց վկային։
–Լսել եմ, որ սնարյադից։
–Հովհաննես Թումանյանի հեքիաթներն են,– արձագանքեց Սահակյանը։
Նա հայտարարեց, որ դատական նիստերի ժամանակ պարբերաբար ասում են, թե Սամվել Սահակյանը բեկորային վնասվածքներից է զոհվել, սակայն դատաբժշկական եզրակացության համաձայն՝ նրա վրա բեկորային վնասվածք չի հայտնաբերվել․ «Դատական բժիշկն ասում է՝ եթե ամբողջ Հանրապետության իրավապահ մարմինները իմ դեմ դուրս գան, ես կասեմ՝ Սամվելին ոչ մի բեկոր վնաս չի տվել, Սամվելը զոհվել է գնդակային վիրավորումից․․․ Ես Վարդերեսյան Գարիկին հարցնում եմ՝ ո՞նց է սպանվել իմ որդին, ասում է՝ սնարյադը պայթեց, հրամանատարը զոհվեց, հարցնում եմ՝ բա դուք որտե՞ղ էիք, ասում է՝ մոտերքն էինք, այսինքն՝ պայթեց, իրենց ոչինչ չեղա՞վ․․․ Մեկ էլ ասում է՝ երեւի դիվերսիան է եկել, խփել, ասում եմ՝ ուրեմն հատուկ հանձնարարությունով եկավ, կամբատին խփեց, տեղակալները կողքին կանգնած՝ ձեզ չխփե՞ց․․․ Այ էդ ընթացքում է Իշխանը վիրավորվել, եթե վիրավորվել է, էդ էլ թեթեւ քերծվածքային վիրավորում էր, միակ վիրավորումը, ինչքան ես լսել եմ»։ Նշենք, որ Գարիկ Վարդերեսյանը դատարանում հայտնել է, որ իրենք հրամանատարական դիտակետում են եղել, երբ հրետակոծությունը սկսվել է հենց դիտակետի վրա․ «Վահանյանը կանգնած է եղել գումարտակի հրամանատարի հետեւում, եւ վերջինիս ոտքերի մոտ ընկած արկից երկուսն էլ վիրավորվել են․ հրամանատարը հոսպիտալի ճանապարհին մահացել է, իսկ Վահանյանին, որը բեկորային վնասվածք է ստացել, բուժակը՝ Կարեն Հովհաննիսյանը (նա եւս հետագայում զոհվել է,– հեղ․), բուժօգնություն է ցուցաբերել, վիրակապ դրել, եւ նա շարունակել է ծառայությունը»,-իր ցուցմունքում ասել է Վարդերեսյանը։
Դատավորը Սուրեն Սահակյանին տեղեկացրեց, որ նրա որդու մահվան հանգամանքները այս գործի հետ առնչություն չունեն, դրանք քննության առարկա են դարձվել, ինչպես հանրային մեղադրողն է հաստատում, այլ գործի շրջանակում, որը դեռեւս նախաքննության փուլում է։
Սուրեն Սահակյանը նաեւ հայտնեց, որ սեպտեմբերի 27-ին իր որդին արձակուրդում է եղել, երբ Վահանյանը զանգել, ասել է՝ պատերազմ է սկսվել․ «Իմ տղան էլ զանգեց ինձ, ասաց՝ զորքս անտեր է, ես գնում եմ, հասնեմ զորքիս, ասացի՝ տղա՛ ջան, 5 տեղակալ ունես, ինչո՞ւ է անտեր, ասաց՝ դրանք մարդ չեն, զորքին թողնելու են, փախչեն․․․ Եթե իմ տղան չզոհվեր, այս ծնողների տղերքի 40 տոկոսը ողջ էր լինելու»։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 2-ին։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)