Զարեհ Սինանյանը Հալեպի նահանգապետի հետ հանդիպմանն իր զորակցությունն է հայտնել Սիրիայի ժողովրդին
11:51 - 09 մարտի, 2023

Զարեհ Սինանյանը Հալեպի նահանգապետի հետ հանդիպմանն իր զորակցությունն է հայտնել Սիրիայի ժողովրդին

Սիրիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարտի 8-ին Հալեպ է ժամանել ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, որին ուղեկցում էր Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանը:
 
Հալեպում Զարեհ Սինանյանին ընդունել է Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիյաբը: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն իր զորակցությունն ու համերաշխությունն է հայտնել ավերիչ երկրաշարժից տուժած Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ հույս հայտնելով, որ հնարավորինս սեղմ ժամկետներում կվերացվեն աղետի հետևանքները:
 
Ողջունելով հյուրերին՝ նահանգապետ Հ. Դիյաբը նշել է, որ Հայաստանն առաջիններից էր, որ մարդասիրական օգնություն առաքեց և Հալեպ գործուղեց հայ փրկարարներին, որոնք որոնողափրկարարական մեծ ծավալի աշխատանքներ իրականացրին ալ-Շաար վարչական շրջանում:
 
ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հանդիպումից հետո ճանաչողական և քաղաքավարական այցեր է կատարել Բերիո Հայոց Թեմի, Բերիո Կաթողիկե Հայոց Թեմի առաջնորդարաններ և Սիրիայի Հայ ավետարանական համայնքի գրասենյակ:
Նույն օրը երեկոյան Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում կայացել է ընդլայնված կազմով հանդիպում՝ մասնակցությամբ հալեպահայ համայնքապետերի, ավանդական երեք կուսակցությունների (ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ) ղեկավար կազմի, Սիրիայի ՀԲԸՄ ատենապետի, «Ջինիշյան» հիշատակի ձեռնարկի տնօրինուհու և Ս.Օ Խաչի շրջանային վարչության ատենապետուհու:
 
Հանդիպման ընթացքում ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ծանոթացել է երկրաշարժից հետո Հալեպի հայ համայնքի առջև ծառացած հիմնախնդիրներին, մտքեր են փոխանակվել Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման և համագործակցության հեռանկարների վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել