Զինվորների կացարանի վառարանը առերեւույթ բենզինով վառած սպան կալանավորվել է․ ՔԿ
11:12 - 18 մարտի, 2023

Զինվորների կացարանի վառարանը առերեւույթ բենզինով վառած սպան կալանավորվել է․ ՔԿ

ՀՀ ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի կացարանում տեղի ունեցած հրդեհի և զինծառայողների մահվան դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում երեկ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալ, նույն զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ 

Գիշերը, դատարանը բավարարել է միջնորդությունը, և մեղադրյալը կալանավորվել է։ Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Մինչ այս Ե․Հ․-ն գտնվում էր բժշկական հաստատությունում։

Այս վարույթով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով վարչությունում։

Հիշեցնենք՝ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի փետրվարի 1-ին որոշում էր կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ):


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել