azatutyun.am: «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի՝ ԱՆԻՖ-ի գործունեության հետ կապված քրեական վարույթն «ակտիվ նախաքննության փուլում է ու առաջիկայում՝ կարճ ժամանակահատվածում քրեական հետապնդումները չեն բացառվում»։ Խորհրդարանում այդ մասին հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով ԱԺ նախագահի հարցին։
Դատախազի խոսքով՝ Քննչական կոմիտեում քննվում են ԱՆԻՖ-ի մի շարք աշխատակիցների կողմից բարձր աշխատավարձեր ու պարգևավճարներ ստանալու, նաև «Հայկական ավիաուղիներ», «Սերմից ֆերմա», «Տավրոս ԿՎՄ» «Մասդար», «Հարդ Ռոք», «Քեյ էնդ ջի», «Ապագա փրոջեքթ», «Գլոբալ քոննեքթ» ընկերությունների հետ համատեղ գործունեության ընթացքում առերևույթ չարաշահումներ կատարելու դրվագները։
Վարույթը քննվում է Քրեական օրենսգրքի մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու, վստահված գույքի հափշտակման հատկանիշներով:
«Առաջիկայում պատրաստ կլինենք հանրությանը ներկայացնել արդյունքները», - հայտարարեց Աննա Վարդապետյանը։
Ալեն Սիմոնյանի հարցին, թե կա՞ն նախկին, ներկա պաշտոնյաներ, որ ԱՆԻՖ-ի գործով հարցաքննվել են կամ գործով ունեն կարգավիճակ, Վարդապետյանը պատասխանեց. «Գործի մի դրվագով՝ 2 միլիոն դոլարի չափով ունենք հեռանկարային քննություն քրեական հետապնդման մասով, հարցաքննվել են ու շարունակում են հարցաքննվել, այդ թվում՝ պաշտոնյաներ»:
ԱՆԻՖ-ի գործունեության հետ կապված քրեական վարույթ նախաձեռնվել էր 2023-ի դեկտեմբերին։ Հանրային միջոցներով ստեղծված այս ֆոնդը ներդրումներ էր կատարում կասկածելի նպատակներով և ուղղություններով։ ԱՆԻՖ-ը ներդրումներ էր կատարել Fly Arna և «Ապագա փրոջեքթս» ընկերություններում, որոնք սնանկացել են։ Արևային էլեկտրակայաններ կառուցելու «Մասդար»-ի ծրագիրը ևս իրականացվում էր ԱՆԻՖ-ի հետ, սակայն մինչ այժմ նույնիսկ շինարարության փուլը չի մեկնարկել։
comment.count (0)