«Խուռհատ սարի պաշտպանությունն ի սկզբանե դատապարտված չէր արդյունավետ լինելու»․ 70 օր շրջափակման մեջ մնացած զինծառայողի հարցաքննությունը
20:59 - 21 մարտի, 2023

«Խուռհատ սարի պաշտպանությունն ի սկզբանե դատապարտված չէր արդյունավետ լինելու»․ 70 օր շրջափակման մեջ մնացած զինծառայողի հարցաքննությունը

Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի նախկին ժամկետային զինծառայող Ռուսլան Թումանյանի խոսքով՝ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին Հադրութի հարակից Խուռհատ սարի պաշտպանությունն ի սկզբանե դատապարտված չէր արդյունավետ լինելու. քաոսային վիճակը, հրամանների անկազմակերպ լինելը, զորքի բարոյահոգեբանական վիճակը, զորքի եւ հրամանատարության միջեւ կապը․․․ Դրա համար, ըստ նրա, մի շարք գործոններ կային։

Ռուսլան Թումանյանը մեկն է գումարտակի այն տղաներից, որոնք սարից նահանջի ընթացքում կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ միասին անջատվել են մնացած անձնակազմից եւ սխալ ուղղությամբ գնալով՝ ընկել շրջափակման մեջ։

Ուսումնական գումարտակը, հիշեցնենք, մայոր Իշխան Վահանյանի ղեկավարությամբ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին մեկնել է Հադրութին հարակից Խուռհատ սարը՝ մարտական առաջադրանքի, որտեղ, սակայն, հարձակման է ենթարկվել եւ հարկադրված նահանջ իրականացրել։ Այժմ Վահանյանը մեղադրվում է սարում մարտի դաշտը ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Հետագայում շրջափակման մեջ ընկած անձնակազմն էլ է խմբերի բաժանվել, եւ Ռուսլանը՝ իր 5 ծառայակից ընկերների հետ միասին, 70 օր շարունակ թաքնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վանք գյուղի տներում եւ անտառներում։ 2020 թ․ դեկտեմբերի 20-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հաղորդել է, որ  Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով 6 տղաները վերադարձվել են հայրենիք։

Ռուսլանը եւ մյուսները Խուռհատ սարի գործով ճանաչվել են տուժող։

2020 թ սեպտեմբերի 25-ին մարտական տագնապ է հնչել, որը որոշակի խուճապ է առաջացրել զինծառայողների շրջանում

Ռուսլան Թումանյանը բանակ է զորակոչվել 2020 թ․ հուլիս ամսին, մինչ պատերազմը հասցրել է զինվորական երդում տալ։ Ընդգրկված է եղել 5-րդ գումարտակի Նռնականետային դասակում (հրամանատարը՝ Ռաֆայել Խալաֆյան)։

Հարցաքննության սկզբում Ռուսլանը հայտնեց, որ դատավարության մասնակիցներից ճանաչում է ամբաստանյալ Իշխան Վահանյանին, նրա հետ որեւէ տեսակի հարաբերություն չունի։

Խուռհատ սարի դեպքերից բացի նա պատմեց պատերազմին նախորդած, իր գնահատմամբ՝ էական նշանակություն ունեցող մի շարք այլ դրվագներ։

Լուսանկարում՝տուժող Ռուսլան Թումանյանը

Ըստ այդմ, Ռուսլանի խոսքով՝ պատերազմից 2 օր առաջ՝ սեպտեմբերի 25-ի երեկոյան, մարտական տագնապ է հնչել․ «Ճաշարանի դիմաց կանգնած էինք, սկսեցինք վազել մեր զորանոց, որ մտնենք նկուղ, թաքնվենք, բայց երբ հավաքվեցինք զորանոցում, տեսանք, որ նկուղի դուռը չի բացվում, իսկ բանալին, որ պիտի լիներ օրապահի մոտ, նրա մոտ չէր, հետագայում իմացել եմ, որ գումարտակի թիկունքի պետի մոտ է եղել․․․ Ոտքով ջարդել ենք դուռը, բայց մինչեւ հասցրինք մտնել, կարելի է ասել, չեղարկեցին տագնապը՝ որեւէ կերպ չպարզաբանելով»։ Այդ տագնապից հետո, ըստ Ռուսլանի, զինծառայողների շրջանում որոշակի խուճապ է առաջացել․ «Սկսեցին վախեր հայտնվել, չէին հավատում, որ սխալմամբ է այդ կոճակը սեղմվել, մտածում էին՝ ինչ–որ բան կա, տղաներ կային, որ դիրքերում գտնվող տղաների հետ էին խոսում, նրանք էլ ասում էին, որ ինչ–որ բան պատրաստվում է, բոլորը ինչ–որ բանի սպասում էին՝ միաժամանակ այն հույսով, որ չէր լինի»։

Այդ օրվանից հետո զինծառայողները, փաստացի, պատրաստվել են պատերազմի․ պայուսակները, որ պատերազմ սկսվելու դեպքում պետք է իրենց մոտ լիներ, հավաքել, քնելիս մահճակալի մոտ են դրել։

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 26-ին, իրենց զորամասը սպառազինությամբ է համալրվել, զինծառայողները դրա դասավորմամբ են զբաղված եղել․ «Դրանից բացի պատերազմը, որ սկսում է, ըստ կանոնակարգի, մեզ պիտի բարձրացնեն նստեցման գոտի, որ մեքենաները գան, մեզ էդ թաքնված տեղից վերցնեն, տանեն դիրքեր․․․ Մենք էդ փոսից չենք ունեցել, ամսի 26-ի ժամը 3-ից մինչ գիշերվա քնելը փորմամբ ենք զբաղված եղել, բայց էլի լրիվ չենք հասցրել ավարտել,- ասաց Ռուսլանը՝ հավելելով, որ այդ հրամանը տվել է գումարտակի հրամանատարի՝ այդ ժամանակվա տեղակալ Գարիկ Վարդերեսյանը։

Սեպտեմբերի 27-ի առավոտյան, երբ պատերազմը սկսվել է, զինծառայողները զորանոցի մոտ շարված են եղել․ «Տղաներից ոմանք սկսեցին ձայն լսել, երկնքում օբյեկտ էինք նկատել, չէինք հասկանում՝ ինչ է, հասկանում էինք, որ դռոն է, թռչող բան, բայց զարմանալին այն էր, որ շտաբից պատասխան չէր գալիս, 1-1․5 րոպե հետո մեկը դուրս եկավ, գոռաց հրամանատարներին, որ զորքին մտցնեն զորանոց»,-պատմեց Ռուսլանը՝ ընդգծելով․ «Նկուղ չէ, զորանոց»։

Զորանոցում գտնվելու ընթացքում, ըստ Ռուսլանի, կամիկաձե տեսակի անօդաչու թռչող սարք է ընկել մոտ 150 մետր հեռավորության վրա գտնվող պահեստի վրա, որտեղ ռազմական ոստիկանության միավորում էլ կար։ Դրանից հետո իջել են նկուղ, հետո՝ ըստ դասակների բարձրացել, զենքեր ստացել, գնացել նստեցման գոտի, այնտեղից էլ՝ «Չռիկներ» կոչվող տեղանք։

Տեղակայվել են, ըստ Ռուսլանի, 2-րդ գծում, որը շուտով ճեղքվել է։ Կահավորում չի եղել, զինծառայողներն են գիշերները խրամատներ փորել․ «Մեր դասակը բաժանվում է երկու պրոֆիլի՝ հակատանկային` СПГ տեսակի զենքերի եւ հետեւակային զորքերի դեմ գործելու՝ АКС տեսակի զենքերի, СПГ-ն չէինք բարձրացրել մեզ հետ, որովհետեւ մեկը չէր աշխատում, մյուսը չգիտեմ, ուղղակի չենք հասցրել, իսկ АКС-ին մենք չէինք տիրապետում, որովհետեւ դեռ չէինք սովորել, դրանով պաշտպանություն իրականացնում էին միայն մեր դասակի ու ջոկի հրամանատարները»։

Մոտ 4-5 օր անց զորքը «Չռիկներ»-ից նահանջել է դեպի «9-րդ կմ» կոչվող տարածք, այնտեղից էլ՝ Հադրութ։

Ռուսլանի խոսքով՝ դպրոցի վրա, որում տեղակայված էին, ռումբ է ընկել 

Նահանջած անձնակազմը տեղակայվել է Հադրութի զորամասում, ապա՝ տեղափոխվել դպրոց։ Այդ ընթացքում՝ հոկտեմբերի 8-ին, դպրոցի վրա ռումբ է ընկել․ «Մենք երկրորդ հարկում էինք տեղակայված՝ անկյունային դասարանում, երբ խփեց, պիտի աստիճաններով իջնեինք, ու հիշում եմ՝ աստիճանների կեսը փլված էր»։

Նույն շրջանում գումարտակի՝ այդ ժամանակվա հրամանատարի պաշտոնակատար Գարիկ Վարդերեսյանը (հրամանատար Սամվել Սահակյանը զոհվել էր) փորձել է զրուցել զինծառայողների հետ․  «Մենք զալում նստած էինք, ինքը խոսում էր բեմից, բայց բարոյահոգեբանական վիճակի մի քիչ տարօրինակ բարձրացում էր տեղի ունենում, այսինքն՝ հակառակը, էդ ամենից հետո մարդիկ ավելի խառը էմոցիաներ սկսեցին ապրել, ավելի անհասկանալի դարձավ ամեն ինչ»,- ասաց Ռուսլանը՝ չմանրամասելով, թե հատկապես ինչն է տարօրինակ եղել։

Ինչպես հայտնի է, դպրոցում հրամանատարական կազմի փոփոխություն է տեղի ունեցել․ Գարիկ Վարդերեսյանն ազատվել է գումարտակի հրամանատարի պաշտոնից, եւ նրա փոխարեն նշանակվել է Իշխան Վահանյանը։ Վերջինս մինչ այդ եղել է նույն գումարտակի շտաբի պետը։ Թե ինչ պատճառով են այդ փոփոխությունները եղել, Ռուսլանը հստակ չգիտեր, ենթադրում էր, որ պատճառներից մեկը անձնակազմի կորուստներն էին։ Իրենց դասակի հրամանատարը եւս վիրավորվել է, տեղափոխվել հոսպիտալ։ Նրան փոխարինել է СПГ ջոկի հրամանատար Դավիթը (ազգանունը չէր հիշում)։ Շատ այլ զինծառայողներ էլ, ըստ նրա, կոչումի բարձրացում են ստացել, որ կարողանան պաշտոններ ստանձնել։ 

Լուսանկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը

Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը հետաքրքրվեց, թե Խուռհատ սարը բարձրանալն ում հրամանն է եղել, ինչին Ռուսլան Թումանյանը պատասխանեց՝ եթե չեմ սխալվում, Մանուկ Բադալյանի։ Վերջինս դիվիզիայի հրամանատարի՝ բարոյահոգեբանական գծով տեղակալն էր։ Առաջադրանքը եղել է դիրքավորվելն ու պաշտպանվելը։

Ռուսլանի տպավորությամբ՝ հրամանատարները սարում քաոսային վիճակում էին, չէին հասկանում՝ ինչ անել 

Ռուսլան Թումանյանը պատմեց, որ հոկտեմբերի 9-ին գումարտակին Խուռհատ սար են բարձրացրել  КАМАЗ-ներով։

Սարում երկու-երկու բացազատվել են իրարից տասը մետր հեռավորության վրա, իրենց դասակի հրամանատարի հետ նույն խրամատում են եղել։ Վերջինս իրեն հրամայել է իջնել, սպառազինությունը բերել։ Հենց այդ ժամանակ է Ռուսլանը նկատել, որ Իշխան Վահանյանը տեղակայվել է «վիշկա»-յի մոտ․ դա, ըստ նրա, սարի ամենաներքեւում էր՝ ավելի ապահով հատվածում։

Հոկտեմբերի 10-ի կեսօրին՝ 12։30-ից 13։00-ն ընկած հատվածում, հակառակորդը հարձակման է անցել․ սկզբում հրաձգային, ապա՝ ականանետային ու նռնականետային կրակ են վարել։

- Ի՞նչ հրամաններ են արձակվել այդ ժամանակ,- հարցրեց մեղադրողը։

- Հրամաններ եղել են, բայց խնդիրն այն է, որ դրանք եղել են խառը, ոչ համակարգված, հրամայում էին՝ կրակեք էստեղ, կրակեք էնտեղ․․․

- Ինչո՞վ էր պայմանավորված այդ խառը վիճակը։

- Պայմանավորված էր նրանով, որ, ենթադրում եմ, հրամանատարները իրենք էլ քաոսային վիճակում էին, չէին հասկանում՝ ինչ անել։

- Ովքե՞ր էին այդ հրաման տվողները։

- Եթե ճիշտ եմ հիշում, Ղարիբյան Արսենից եմ լսել հրաման (ականանետային մարտկոցի հրամանատարն է եղել, նրա ցուցմունքը՝ այստեղ,-հեղ․), բայց շատերն են տվել։

Ամենաթեժ մարտը, ըստ Ռուսլան Թումանյանի, սարի վերեւի հատվածում էր, այսինքն՝ «վիշկա»-յի հակառակ կողմում․ «էդտեղից տղերքը վիրավորներ, դիակներ էին իջեցնում, իսկ մենք շարունակում էինք մարտը․․․ Հետո իմ դասակի տղերքից մեկը վիրավորվեց՝ Ռազմիկը, ու ես սկսեցի օգնել, որովհետեւ գոռում էր ցավից, գրկեցի, իջեցրինք․․․ Երբ ուզում էի բարձրանալ իմ տեղը, հասկացա, որ հետ ենք սեղմվել, այսինքն՝ բարձրանալու տեղ էլ չկար, բոլորը արդեն հետ էին իջել, Վահանյանին այդտեղ եմ հանդիպել, հրամաններ էր տալիս, եթե ճիշտ եմ հիշում, ուղղակի հրամանների բովանդակությունը չեմ հիշում, հնարավոր է՝ ասում էր, որ կրակենք, տենց ինչ–որ բաներ»,- պատմեց Ռուսլանը՝ ենթադրելով, որ թիկունքից հրամաններ տալը արդյունավետ չէր կարող լինել։

Լուսանկարում՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը

- Այդ ընթացքում, երբ հանդիպեցիք Վահանյանին, վիրավորում ունե՞ր։

- Տեսանելի տրավմա, կաղել կամ նման բան չեմ տեսել։

- Ձեր կարծիքով՝ ինչո՞վ էր պայմանավորված, որ նա չփորձեց բարձրանալ ձեզ հետ, գալ օգնության։

- Չգիտեմ, իրականում բավականին դաժան իրավիճակ էր, վայրկյանը մեկ վիրավորներ, զոհեր էին իջեցնում, հնարավոր է՝ ցանկության բացակայությամբ է պայմանավորված։

Դրանից հետո՝ բուն նահանջի ընթացքում արդեն, Ռուսլանը Վահանյանին չի տեսել․ «Շատ խառն էր իրավիճակը, չորս կողմից գնդակներ էին թռնում, ոչ մի բան չէինք հասկանում, էդ վիճակում չէի կարող դեմքեր նկատել»,- ասաց նա՝ հավելելով, որ հետագայում զինծառայողներից է լսել, թե նա իբր վիրավորվել եւ հեռացել է։ 

- Դուք անձամբ ականատես եղե՞լ եք դրան,- հետաքրքրվեց մեղադրողը։

- Ոչ։

- Թեկուզ հեռանալուն, ոչ վիրավորվելուն։

- Ոչ,- պատասխանեց տուժողը։

Հադրութի ուղղությամբ նահանջելիս, ըստ Ռուսլանի, տեղյակ եղել են, որ հակառակորդը այնտեղ է

Ռուսլան Թումանյանի խոսքով՝ նահանջից հետո դուրս են եկել ճանապարհի վրա, սկսել քայլել։ Այդ պահին կոնկրետ որեւէ որոշում կայացված չի եղել, Վահանյանի ենթադրյալ փախուստից հետո մնացած սպաներից ոչ ոք իր վրա չի վերցրել հրամանատարությունը։ Ռադիոկապ եղել է թե ոչ՝ չգիտեր, ասաց՝ ուշադրություն չի դարձրել, բայց բջջային կապ ունեցել են, օրինակ՝ Հովհաննես Մուրադյանի մոտ հեռախոս եղել է։

- Գիտեի՞ք՝ ուր էիք գնում,- հետաքրքրվեց Գեւորգ Ավետիսյանը։

- Ոչ, ուղղակի հետեւում էինք հրամանատարներին, ես պոստ ֆակտում իմացել եմ, որ դեպի Վանք գյուղ քայլելիս ենք եղել, մեր նպատակը նահանջելն էր դեպի ավելի ապահով տեղ, բայց Վանք գյուղը էդքան էլ ապահով չէր, մենք ուզում էինք էդ սարը կտրել, դեպի Սարուշեն, Թութակներ, էդ էր նպատակը, բայց վերջում էնպես ստացվեց, որ բաժանվեցինք, եւ մենք նահանջեցինք Վանք գյուղի ուղղությամբ։

- Ինչպե՞ս ստացվեց, որ բաժանվեցիք․ դա շատ կարեւոր է։

- Բաժանումը նույնպես կանոնակարգված չէր, ոչ ոք չբռնեց, ասեց՝ եկեք բաժանվենք․․․ Էդ սարը բարձրանալը բավականին դժվար էր երկու օր չքնելուց հետո, բոլորը հոգնած էին, դրա համար մարդիկ կային՝ դանդաղ էին բարձրանում, հետ էին ընկնում, ու ասենք, 5 րոպեն մեկ կանգնում էինք, հանգստանում․․․ Եթե ճիշտ եմ հիշում, առջեւից գնացող խումբը չէր կանգնել հանգստանալու, իսկ հետեւինը կանգնել էր, ու այդպես կտրվել էր թելը․․․ Հետո հաշվել էինք, որ մենք մնացել ենք մոտ 100 հոգով, մեզ հետ հրամանատար միայն Հովհաննես Մուրադյանն էր, մեկ էլ վստահում էինք մի կամավոր քեռու՝ որպես հասուն, ավագ մարդու (նահանջի ընթացքում թե՛ Մուրադյանը, թե՛ կամավորը զոհվել են,-հեղ․)։

Մինչ այս հարցաքննված այլ վկաներ ասել էին, որ նահանջի ընթացքում զորքի ուղղությամբ արկ է ընկել, եւ այդ պատճառով է այն երկու մասի բաժանվել։ Ռուսլան Թումանյանը հերքեց, որ նման բան է տեղի ունեցել։

- Ինչպե՞ս որոշվեց գնալ Վանք գյուղի ուղղությամբ։

- Ըստ քեռու խոսքերի՝ Հադրութի զորամասում շրջափակման մեջ մնացած զինծառայակիցներ կային, պիտի գնայինք, իրենց օգնեինք դուրս գալ շրջափակումից։ Քեռու ուղիղ խոսքերն եմ ասում։

- Եվ ի՞նչ տեղի ունեցավ։

- Դրանից 1-2 րոպե հետո սարի բարձունքից հրազենային կրակ սկսեցին մեզ վրա ու նռնակներ նետեցին, որը ամենածանր վնասը տվեց, ու եթե ճիշտ է եղել իմ պատկերացումը, էդ 100 հոգուց ողջ է մնացել մոտ 50 հոգի, ու էլի քաոսային էր, կրակում էին, մարդիկ վիրավորվում էին, օգնում էինք անցկացնել ձորը, որ փրկվի․․․ Ու որ արդեն բոլոր վիրավորներին հանեցինք, մենք էլ մտանք ձորը, էդ ժամանակ արդեն 21 հոգով ենք եղել, ունեցել ենք 4 վիրավոր, 2 օր ձորում ենք մնացել, հետո իջել ենք Վանք գյուղ, հետո արդեն շրջափակման ամբողջ պատմությունն է։

Լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը

- Երբ նահանջում էիք, տեղյա՞կ էիք, որ հակառակորդը Հադրութում է,– հետաքրքրվեց մեղադրողը։

- Այո, սարի երկայնքով, որ նահանջում էինք, սարից լավ երեւում էր՝ ադրբեջանական տանկերը ոնց էին մտնում քաղաք, ոնց էր քաղաքը վառվում,– պատասխանեց տուժողը։

- Դուք վստա՞հ եք, որ դրանք հակառակորդի տանկերն էին։

- Ես էդպես եմ հասկացել, այդ ուղղությունից էին գալիս։

- Մինչ այս հարցաքննված մի շարք վկաներ, այդ թվում՝ սպայակազմից, նշել են, որ սկզբնական օրերին Հադրութում եղել են դիվերսիոն–հետախուզական խմբեր, այս պայմաններում անհասկանալի է Ձեր պատասխանը, որ տանկեր եք տեսել։

–  Վիզուալ 4-5 տանկեր շատ լավ հիշողությանս մեջ պահպանվել են։

- Զորամասը գտնվում էր Հադրութ քաղաքում, ճի՞շտ է, եւ Ձեր ցուցմունքից հետեւում է, որ տանկերն էլ մտել են Հադրութ քաղաք, այսինքն՝ դուք տանկերի՞ դեմ պիտի մարտնչեիք։

- Հետեւաբար՝ հա, տանկերի հետ մարտնչելով՝ մի ձեւ պիտի գնայինք զորամաս ու դուրս բերեինք․․․ էդպես է ստացվել, ամեն ինչ չէ պատերազմի ժամանակ, որ տրամաբանական է, հակառակը, տարօրինակ էր ու ոչ ռացիոնալ։

- Դուք ո՞նց էիք պատկերացնում այդ բարոյահոգեբանական վիճակով, հակատանկային միջոցներ չունենալու պայմաններում իջնել քաղաք, մարտնչել տանկերի դեմ։

- Ես հասկանում եմ, որ օբյեկտիվորեն այդպիսի պաշտպանություն անհնար է իրականացնել, բայց էդ դեպքում առաջին հերթին առնվազն հայրենասիրական նկատառումներով ես․․․ Ես հասկանում եմ, որ սխալ է առանց պատշաճ սպառազինության հակառակորդի հետ մարտնչելը։

- Քեռին փորձե՞լ է կապ հաստատել զորամասի հետ։

- Զանգել է Վահանյանին, հարցրել է՝ որտեղ է, բայց պատասխանը չգիտեմ։

- Հնարավո՞ր է՝ այդ ընթացքում Վահանյանն է փորձել ուղղություն տալ եւ դրանից հետո է քեռու որոշումը փոխվել։

- Ինձ չի թվում, ի սկզբանե էլ քեռին նախատեսել էր դա՝ տեղյակ լինելով այդ զորամասի վիճակից։

Հիշեցնենք՝ քեռու եւ Վահանյանի այդ հեռախոսազանգի մասին իր ցուցմունքում նշել է նաեւ վկա Սամվել Հովասյանը՝ ասելով, որ քեռին  զանգել է Իշխան Վահանյանին, բարձրախոսով խոսել, հարցրել՝ ո՞ւր ես, զորքդ շրջափակման մեջ է, ինչին ի պատասխան՝ Վահանյանը, առանց որեւէ ուղղություն հուշելու, ասել է․ «Ես վիրավոր եմ, իջնում եմ ներքեւ»։ Հարցին՝ դրան պատասխան չհնչե՞ց, վկան պատասխանել էր․ «Հնչեց, բայց ցենզուրայից դուրս է»։

- Քեռուն որքա՞ն ժամանակ էինք ճանաչում եւ որպես վերադաս ի՞նչ էր հանդիսանում։

- Ես այդ մի օրն եմ ճանաչել նրան։

- Եվ նա այն պատշաճ անձն էր, ում պիտի լսեի՞ք։

- էդ դեպքում՝ հա, որովհետեւ նա միակ անձն էր, որ կարողանում էր էդ իրավիճակում իր վրա պատասխանատվություն վերցնել։

Տուժողի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքում էական հակասություններ կային

Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը դատարանին միջնորդեց հրապարակել տուժողի նախաքննական ցուցմունքը, քանի որ այն 2 դրվագով հակասում էր դատաքննական ցուցմունքին։ Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը միջնորդությունը բավարարեց։

Ավետիսյանը նշեց, որ նախաքննության փուլում Թումանյանը ասել է, որ տեսել է Վահանյանի հեռանալը, իսկ դատարանում ասաց, որ չի տեսել։ Թումանյանը ենթադրեց՝ գուցե քննիչի մոտ նկատի է ունեցել, որ տեսել է Վահանյանի՝ մեքենայի մոտ գնալը։ Մեղադրողը ուղիղ մեջբերեց ցուցմունքի այդ հատվածը․ «Այդ ընթացքում նա, կարելի է ասել, արագ քայլելով, առանց որեւէ վիրավորում ունեցողի տպավորություն թողնելու գնաց դեպքի մեքենան ու հեռացավ, որը ինձ համար անսպասելի եւ զարմանալի էր, եւ այդ ամենը տեսան մեր անձնակազմի տղաներից, ու բոլորիս մոտ մի տեսակ զարմանք եւ հիասթափություն առաջացավ»,- նախաքննության ժամանակ ասել է Թումանյանը։

Լսելով ցուցմունքը՝ նա կարծիք հայտնեց, որ կամ շփոթմունք է եղել, կամ ինքն այդ դրվագը հետագայում մոռացել է, որովհետեւ հիմա որեւէ կերպ չի կարողանում հիշել։ Հարցին, թե որ պատասխանը հիմք ընդունեն, Թումանյանը պատասխանեց՝ դատարանում հայտնածը, քանի որ հիմա այդպես է հիշում։

Մյուս հակասությունը վերաբերում էր դեպի Հադրութ նահանջելու դրվագին․ դատախազի խոսքով՝ նախաքննության ժամանակ Թումանյանն ասել է, որ չեն իմացել, որ հակառակորդն այնտեղ է, մինչդեռ դատարանում ասաց, որ նախապես տեղյակ էին, քանի որ սարից տանկեր էին տեսել․ 

- Անտրամաբանական կլիներ ասելը՝ հակառակորդ չկա, եթե գնում էինք ինչ–որ մարդկանց շրջափակումից հանելու, նկատի եմ ունեցել՝ էդքան շատ չկա,-պարզաբանեց տուժողը։

- Բայց նախաքննական ցուցմունքում շրջափակման մեջ ընկածների մասին չեք նշել։

- Ուրեմն՝ չեմ հիշել, նոր եմ վերհիշել։ Կներեք, պատերազմը նենց բան է, որ որոշ դրվագներ․․․ Ենթագիտակցական վիճակում ես ու չես հիշում․․․

Զորքի հետ մնացած սպաները, Ռուսլանի գնահատմամբ, կոմպետենտ չեն եղել

Դատարանում հարցաքննված մի քանի վկաներ պատմել են, որ նահանջի ընթացքում, երբ հարակից սարի վրա տեսել են հակառակորդի հետ մարտնչող մեկ այլ՝ 3-րդ գումարտակին, ցանկացել են գնալ, միանալ նրանց, բայց քանի որ հակառակորդը ռումբ է նետել իրենց ուղղությամբ, եւ զորքը կիսվել է, դա այդպես էլ չի իրականացվել։ Ռուսլանը ոչ միայն հերքեց իրենց ուղղությամբ ռումբ ընկնելու հանգամանքը, այլեւ ասաց՝ 3-րդ գումարտակը այնպիսի հեռավորության վրա էր, որ բացականչելով կարող էին իրար լսել։

Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Գուրգեն Գրիգորյանը եւ Գայանե Հովակիմյանը

-Այսինքն՝ եթե ձայն տայիք, կարող էին ճանաչել, ուղղություն տալ, որ միանայիք իրենց,– հարցրեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը։

-Ենթադրում եմ, որ այո։

-Ձեր տպավորությամբ՝ ինչու՞ դա չարվեց Հայկազի, Վազգենի, մյուսների կողմից (խոսքը վերաբերում է նահանջող անձնակազմի հետ մնացած սպաներին, նրանցից ոմանց ցուցմունքները՝ այստեղ եւ այստեղ-հեղ․), ինչո՞ւ չգնալ այնտեղ, որտեղ ավելի ապահով է, դիրքեր են, գումարտակ է նստած, քան գնալ չգիտեմ ուր։

-Ոչ կոմպետենտ լինելու պատճառով, այսինքն՝ բացառելով տենց է ստացվում․ ես չեմ մտածում, որ իրենք դիտավորությամբ են արել, որ մեր դեմ ինչ–որ բան անեն, չեմ մտածում, որ էն իրավիճակը չի եղել, որ դա չանեինք, ուղղակի էդ եզրակացությանը չեն եկել էդ պահին։

-Չեք մտածե՞լ, որ ձեզ կարող էին թողնել, որ իրենք հնարավորություն ու ժամանակ ունենային դուրս գալու։

-Չեմ մտածել։ Էսպես ասեմ․ այդ 4 սպաները նահանջի ժամանակ այդ լիդերի ոգին չունեին, որ սպասեին՝,մինչեւ վերջին զինվորը անցնի, իրենք էլ ոգեշնչեին․․․

- Իրենք ավելի՞ արագ էին փախնում,- լսվեց դահլիճից։

- Հնարավոր է,-պատասխանեց Ռուսլանը։

- Ճիշտ հասկացա՞նք, որ հրամանատարությունը, մեղմ ասած, իր զինվորական եւ կազմակերպչական գիտելիքներով չէր փայլում, եւ եթե լիներ նորմալ կազմակերպվածություն, ապա ե՛ւ սարի օպերացիայի, ե՛ւ զոհված տղաների, ե՛ւ ձեր ճակատագիրը կարող էր այլ կերպ վերջանալ,- հարցրեց Գուրգեն Գրիգորյանը։

-Կարծում եմ՝ այո,- պատասխանեց Ռուսլան Թումանյանը։

Ողջ մնացած անձնակազմը նոյեմբերի 6-ին 3 խմբի է բաժանվել

Հիշյալ քեռու եւ միակ հրամանատար Հովհաննես Մուրադյանի զոհվելուց հետո 21-հոգանոց անձնակազմը մնացել է միակ սերժանտ Հարութ Կարախանյանի հետ, որը վիրավոր է եղել։ Ռուսլանի խոսքով՝ Հարութը խումբ է ստեղծել, ասել՝ 7 հոգի իր հետ վերցնում է, որ շարժվի Ստեփանակերտի կողմ։ 

Նոյեմբերի 6-ին էլ մնացած 13-հոգանոց անձնակազմն է բաժանվել․ իրենց 6-հոգանոց խումբը գլխավորել է տարիքով ավելի մեծ Արման Արմաղանյանը․ «Բայց ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ բաժանումը բավականին ընկերական պայմաններում է եղել, նույնիսկ գրկախառնությամբ»։ 

Երկուսուկես ամիս շարունակ 6 տղաները թաքնվել են Վանք գյուղի անտառներում եւ տներում, գյուղացիների կոմպոտներով ու պահածոներով սնվել։

Դեկտեմբերի 20-ին կապի դուրս գալով՝ նրանց ի վերջո հաջողվել է փրկվել։

Վրույր Խեչումյանի խոսքով՝ Օնիկ Գասպարյանն ասել է՝ առավոտյան էրեխեքը տանը կլինեն

Երեկ դատարանում հարցաքննվեց նաեւ զոհված զինծառայող Սուրեն Խեչումյանի հայրը՝ Վրույր Խեչումյանը։ Վերջինս որդու մարտական ուղու մասին մանրամասներ չգիտեր, ասաց՝ պատերազմի ժամանակ 3-4 անգամ է զանգել, ասել, որ բունկերում են կամ անտառներում, չանհանգստանան։ 

Լուսանկարում՝ Վրույր Խեչումյանը

Վահանյանի անուն ազգանունը Խեչումյանը չի իմացել, բայց այլ զինծառայողներից լսել է, որ ասել են՝ գումարտակի հրամանատարը վիրավորվել, թողել փախել է։ 

Խեչումյանը որդու հետ վերջին անգամ հոկտեմբերի 16-ին է խոսել։ Հոր տեղեկություններով՝ հետագայում, երբ Վանք գյուղից դուրս են եկել, անտառով շարժվել են, ընկել փոխհրաձգության մեջ․ «Նոյեմբերի 14-ին գնացել ենք ԼՂ, իմացել ենք շրջափակման մասին, ԳՇ ենք մտել, ՊՆ․․․ Նոյեմբերի 20-ին Ադոյան Արկադին (զոհված Դավիթ Ադոյանի հայրն է, նրա եւ նրա կնոջ ցուցմունքը՝ այստեղ-հեղ․) մտավ Օնիկի մոտ, դուրս եկավ, ասաց՝ էրեխեքը էսօր զանգել են, ողջ են, օգնություն են խնդրում, Օնիկն էլ ասել էր՝ արխային գնացեք, առավոտը էրեխեքը տունն են»։

Սուրեն Խեչումյանը, սակայն, տուն չի վերադարձել։ Զոհվել է պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 26-ին։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել