Այսօր ԱԺ հերթական ընտրությունների քարոզարշավի 7-րդ օրն էր։ Քաղաքական ուժերը շարունակել են շփումները քաղաքացիների հետ։
Նախընտրական քարոզարշավի շրջանակում Կենտրոնական բանկի (ԿԲ) շենքի դիմաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Հայաստանի առևտրային բանկերը, ԿԲ աջակցությամբ, աղքատ ժողովրդի հաշվին գերշահույթներ են դիզում։ Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ վերջին 5 տարիների ընթացքում բարձր տոկոսադրույքների նվազեցման ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել։ Նմանատիպ նախաձեռնություն եղել է միայն 2019 թվականին, սակայն կառավարությունը մերժել է այն։ Մարուքյանն առաջարկում է սահմանել բոլոր տեսակի վարկերի տոկոսադրույքների առավելագույն թույլատրելի շեմ։
«Ավելին՝ կսահմանափակվեն նաև տոկոսադրույքին ուղիղ չառնչվող բոլոր հավելյալ վճարները։ Թույլ չենք տալու, որ մեր ժողովրդին թալանեն։ Թույլ չենք տալու, որ մարդիկ դառնան բանկային համակարգի զոհը։ Կենտրոնական բանկից մոտ 6.7% տոկոսադրույքով ներգրավված միջոցները առևտրային բանկերը քաղաքացիներին տրամադրում են 16%, 18% կամ նույնիսկ 20% տոկոսադրույքով։ Մինչդեռ Կենտրոնական բանկում կարծում են, որ բանկային տոկոսադրույքները նվազեցնելու անհրաժեշտություն չկա։ Սա նշանակում է, որ հասարակ մարդու խնդիրների մասին մտածող իշխանություն չկա»,- ասել է նա։
«Բոլորին դեմ եմ»-ը իրականացրել է «ջուր ծեծոցու» ակցիա Կարապի լճի հարակից տարածքում։ Ի սկզբանե քաղաքական ուժը հայտարարել էր, որ «ծեծելու են» Կարապի լճի ջուրը, սակայն առավոտյան պարզել էին, որ լիճը դատարկվել է։ Փոխարենը նրանք բերել էին ջրով լի նավակ. ակցիայի մասնակիցները մոտենում էին նավակին, մուրճով հարվածում ջրին։
Կուսակցության անդամ Իշխան Գևորգյանը հայտարարեց, որ ընտրությանը մասնակից 18 ուժերի արածը ոչնչով սրանից չի տարբերվում․ մեկը ձեզ խաղաղություն է խոստանում, ավելի ոգևորված ուժերը՝ Նախիջևան խոստանում։
Երևանի քաղաքապետարանի Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը մեկնաբանել է, որ լիճը դատարկվել է սանիտարական մաքրման համար․ «Շաբաթական մեկ օր մայրաքաղաքի արհեստական լճերն ու շատրվանները մաքրվում են, և յուրաքանչյուրն ունի իր սանիտարական մաքրման օրը»,- նշել է նա։
«Հայ Ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ իրենց նախընտրական ծրագրով նախատեսված է Հայաստանն Իրանի հետ կապող երկաթուղու կառուցումը, ինչը կլուծի կենսական խնդիրներ Հայաստանի համար։
«Այդ երկաթուղին կկապի Ագարակը Գագարինի երկաթուղային կայարանի հետ։ Երևանից երկաթուղային կապ կհաստատվի Գավառ, Մարտունի, Ջերմուկ, Սիսիան, Կապան, Մեղրի քաղաքների հետ, ինչը կամրապանդի մեր երկրի տնտեսական, պաշտպանական, անվտանգության համակարգը, կաշխուժացնի այդ բնակավայրերի տնտեսական կյանքը»,- ասաց Զուրաբյանը։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը ներկայացրել է ծնելիության խթանման եւ ժողովրդագրության բարելավման իր ծրագիրը։ Նա նշել է, որ գործող իշխանության քաղաքականության հետեւանքով ծնելիությունը նվազել է, արտագաղթի տեմպերն ավելացել են։
«Մարտի 1-ը հարյուր տոկոսով ու բոլոր մանրամասներով բացահայտված է, իսկ Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի,- քարոզարշավի 7-րդ օրն Աջափնյակում հայտարարել է «Քաղացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ղեկավար, վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հատկանշական է, որ գործի բացահայտման մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր նաև խորհրդարանական ընտրությունների նախորդ՝ 2021-ի քարոզարշավին։ Մինչ օրս, սակայն, այս գործով որևէ մեկը չի դատապարտվել, մեղավոր չի ճանաչվել։
Փաշինյանը քարոզարշավի ընթացքում անդրադարձել է Ապարանում քարոզարշավին ուսուցիչների ու երեխաների մասնակցությանը՝ նշելով, որ դպրոցի տնօրեններին հրահանգել է աշխատանքից հեռացման դիմումներ գրել։ Նրա խոսքով՝ 4 տնօրեններ են, որոնց դպրոցներից աշակերտ է ներկա եղել։ Փաշինյանը նշեց, որ նրանք չեն ազատվի աշխատանքից, նախ ծառայողական քննություն կիրականացվի, «որովհետև էսօր էլ երեխաներ են եղել, որոնք ասել են՝ դասից են փախել»։
«Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ)կուսակցությունն առաջարկել է կրկին վերաբացել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը։
«Գյուղացիներն իրենց խնդիրներով դիմելու տեղ պետք է ունենան։ Պետությունը պետք է համայնքապետարաններին սելիտրա, պարարտանյութ և սերմ տրամադրի, որպեսզի գյուղապետներն էլ ըստ տարածքների բաժանեն այդ ամենը։ Հիմա սելիտրան 13 000 դրամ է։ Ոչ թե այդքան թանկ պետք է տրամադրել գյուղացուն, այլ 5000-6000 դրամով։ Այդ գումարներն էլ պետք չէ միանգամից վերցնել գյուղացուց, այլ բերք ու բարիք ստեղծելուց, այն վաճառելուց և եկամուտ ունենալուց հետո` առանց տոկոսի»,– ասել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը Նոյեմբերյանում անցկացվող քարոզարշավի ընթացքում։
«Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում խուզարկություններ են տեղի ունեցել, եղել են բերման ենթարկվածներ և ձերբակալվածներ։
Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է հրապարակել՝ հայտարարելով, որ «Հայաստան» դաշինքի աջակից և Սպիտակում գրասենյակի ղեկավարը բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, ընտրող հանդիսացող Լոռու մարզի բնակչին անհատույց տրամադրել է դրամական միջոց։ Բացի այդ, այլ անձանց հետ խոչընդոտել է նույն մարզի բնակչի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, որը դրսևորվել է վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով։
«Հայաստան» դաշինքը հայտարարել է՝ տեղի ունեցողը ոչ թե իրավական գործընթաց է, այլ հերթական էժանագին փորձ՝ խոչընդոտելու իրենց կառույցների բնականոն աշխատանքը։ «Նմանատիպ մեթոդներով իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ սփռել, սակայն սա միայն ամրապնդում է մեր համոզմունքը, որ ընտրված ճանապարհը ճիշտ է»,- նշված է հայտարարությունում։
Դաշինքն այսօր Աջափնյակում է անցկացրել քարոզարշավը, որի ժամանակ դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ աշխարհագրորեն անհնար է համարում տեսանելի ապագայում Հարավային Կովկասի ընդգրկումը Եվրոպական Միությունում։ «Տեսանելի ապագայում դա հնարավոր չէ։ Հնարավոր է՝ եթե Թուրքիան դառնա, Վրաստանը դառնա ԵՄ անդամ, դրանից հետո էլ մի 20 տարի, 25 տարի հերթում կանգնես՝ եթե մինչ այդ Եվրամիությունն այս տեսակով դեռ պահպանվի։ Սա է իրականությունը»,- ասել է նա։
Փոխարենը, ըստ Քոչարյանի, հնարավոր է Հայաստանը դարձնել եվրոպական երկիր՝ իր արժեքային համակարգով, բարեկեցությամբ, տնտեսական զարգացվածությամբ ու ազատություններով։
«Նախընտրական այս օրերին ընտրական գործընթացը որոշ շրջանակների կողմից կրկին փորձ է արվում վերածել քաղաքական առևտրի՝ ընտրողի ձայնը գնելու, վաճառելու և գողանալու անթույլատրելի գործարքի»,- հայտարարել է ԴՕԿ կուսակցության շտաբի պետ Լևոն Բաղդասարյանը՝ անդրադառնալով ընտրակաշառքի մասին Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակված ձայնագրություններին։
«Ավելին՝ այդ կեղտոտ գործընթացներում, ըստ հրապարակված ձայնագրությունների և լիազոր մարմինների արձագանքների, ներգրավված են նաև հանցավոր խմբեր։ Որոշ «աշխուժակների» կողմից միջնորդավորված ուղերձներ են փորձ արվել հասցնել նաև ԴՕԿ Կուսակցությանը՝ իբրև թե «սատարելու» առաջարկներով։
Հստակ հայտարարում եմ․ ԴՕԿ կուսակցությունը, Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ, մերժում է նման ցանկացած «ծառայություն»։ Մենք իշխանության չենք գալու ընտրողի ձայնը գնելու, հանցավոր խմբերի հետ գործարքի գնալու կամ որևէ մեկի առաջ ստվերային պարտավորություն ստանձնելու ճանապարհով»,- ասված է հայտարարության մեջ։
«Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, որ մերժելով Նիկոլ Փաշինյանի քաղաքական համագործակցության առաջարկը՝ հայտնվեց Հայաստանի սահմաններից դուրս՝ «սկսելու սրանց դեմ անզիջում, իսկական պայքար»․
«Ոչ թե նրանց նման, ովքեր հերթով-շարանով գրանցվել են էս ընտրություններին մասնակցելու համար, որ խաբեն, ձեր ձեները տանեն։ Համարյա բոլորը նախկինների մոտ պաշտոնյա են եղել, Նիկոլի մոտ աշխատած պաշտոնյաներ են եղել, գործից ազատվել են եկել, դառել են ընդդիմադիր, ու հիմա ձեր քվեն են ուզում։ Ես դուրս եմ եկել Հայաստանից՝ մերժելով Նիկոլի քաղաքական համագործակցության առաջարկը»,- ասել է Ուրիխանյանը։
Ուրիխանյանը պնդում է, որ այս իշխանությունները միայն զանգվածային շարժմամբ պիտի հեռացվեն․ «Պիտի վռնդվեն, ձերբակալվեն, բանտում սպասեն, մինչեւ Հայաստանում փոխվի օրենսդրություն, եւ ենթարկվեն Հայաստանում նորից վերականգնված մահապատժի»։
Հիշեցնենք, Ուրիխանյանը հետախուզման մեջ է, նա մեղադրվում է ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու առերևույթ հրապարակային կոչ հնչեցնելու համար։
«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունը Կոտայքի մարզում է քարոզարշավ արել։ Եղվարդի Սբ Սարգիս եկեղեցու բակից նա տեսանյութ է հրապարակել, որ դիտողները լսեն պատարագը՝ կտրվելով «ոչ քաղաքական քաղաքականությունից»։
«Այսօր մեր աշխատանքային խմբով եղանք Բյուրեղավանում, Զովունիում, Արզնիում, Նոր Հաճնում եւ հիմա Եղվարդում։ Ընդհանրական ասեմ՝ ձեզ շնորհակալություն եմ հայտնում ձեր ջերմ ընդունելության համար, այն պարագայում, որ մենք չունենք գովազդ, կռապաշտություն, ավելորդ ծախսեր, անհեթեթություններ, այսինքն՝ չենք բերել Հայաստան օտար մշակույթ, օտար բարքեր, հակառակը՝ պատարագի զմայլությամբ եւ համեստությամբ ձեզ բերում ենք մեր քաղաքական մշակույթը»,- ասել է կուսակցության վարչապետի թեկնածու Լեւոն Շիրինյանը։
«Ազգային-ժողովրդավարական բեւեռ» կուսակցությունը նախընտրական քարոզարշավն իրականացրել է Արագածոտնի, Շիրակի մարզերում, ինչպես նաեւ Երեւանի Էրեբունի եւ Կենտրոն վարչական շրջաններում։ Նրանք շփվել են քաղաքացիների հետ, բաժանել իրենց թռուցիկները։ Գյումրիում Բևեռը բաժանել է Արարատի նշանով կախազարդեր։ Կուսակցության առաջին համար Գեւորգ Կարապետյանն իրենց քարոզարշավը շատ ակտիվ է գնահատում։
«Հայաստանը չի ուզում ծնկած խաղաղություն, Հայաստանն ուզում է ոտքի վրա ամուր կանգնած եւ անվտանգ Հայաստան»,- հայտարարել են կուսակցության անդամները քայլերթի ընթացքում՝ կոչ անելով ընտրել իրենց։
«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը ներկայացրել է նախընտրական իրենց ծրագրի առաջին դրույթը՝ Եվրոպականացումը։
«Հիմա կասեք՝ ՔՊ-ն էլ է դա ասում, բայց չի անում։ Այո, ասում է, բայց չի անում։ Իրենց թվում է՝ այսօր քնելու ես, վաղը զարթնես, միանգամից հայտնվես Եվրոպայում։ Դա այդպես չէ, շատ մեծ աշխատանք է պետք կատարել։ Պետք է բարձրացնել և հասցնել եվրոպական ստանդարտների մեր տեղական արտադրությունը, արդարադատությունը, բնապահպանությունը, խոսքի, մամուլի ազատությունը: Ասելու եք՝ բա Ռուսաստանը, չեն թողնելու, կանգնացնելու են․․․ Չե՛նք թողնելու ոչ մի երկիր խառնվի մեր ներքին գործերին»,- նշել է նա։
Ռեֆորմիստների կուսակցության վարչապետի թեկնածու Վաղարշակ Հարությունյանն այսօր ասուլիս է հրավիրել, որի ընթացքում ամփոփել է նախընտրական քարոզարշավի անցած շաբաթվա արդյունքերը, անդրադարձել ծրագրային հիմնական դրույթներին՝ ընդգծելով անվտանգության ամրապնդման և երկրի կայուն զարգացման ուղղությամբ առաջարկվող քայլերի կարևորությունը։ Հիշեցնելով 1994 թվականի զինադադարի մասին՝ նա ընդգծել է, որ այդ փորձը կարևոր հիմք է ներկայիս անվտանգային մարտահրավերների գնահատման և արդյունավետ լուծումների համար։
«Հանրապետություն» կուսակցությունն այսօր Երևանի Ավան և Աջափնյակ վարչական շրջաններում քարոզարշավ է անցկացրել, որի ընթացքում կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի անվտանգությունը տեսնում է բանակի հզորացմամբ և լավ սպառազինություն գնելով։
«Հայ զինվորից ավելի խիզախ, նվիրված, հայրենասեր զինվոր չկա, որին պակասում է 6-րդ սերնդի ուժեղ սպառազինությունը»,- ասել է նա։