Gemini_Generated_Image_4embbv4embbv4emb

Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 16-րդ օրը

Մայիսի 23-ը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 16-րդ օրն էր, որը քրեական վարույթների մասին լուրերից դարձյալ զերծ չեղավ։

Նախ այսօր հայտնի դարձավ, որ ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։

Երեկ երեկոյան Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն էր տվել Անդրանիկ Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ միջնորդությանը։

Արաբկիր համայնքում քարոզարշավի ժամանակ ԲՀԿ աջակիցները քայլում էին Թևանյանի նկարներով։

«Հիմա ժողովրդի վիճակը, երկրի ծանր վիճակը թողած… Ի՞նչ է իրա ուզածը, ի՞նչ է ուզում, նույն ճակատագրին արժանացնի՞, ինչ, որ Արցախում եղավ։ Հեղինակազրկվելով, Ալիևին շնորհակալություն ասելով… էդ է իր արածը, ոչ մի բան չի կարող անել»,- երթի ժամանակ ասել է Ծառուկյանը։

Նախընտրական քարոզարշավի շրջանակում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար  Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ։ 

«Առաջարկ Հայաստանին» ծրագրով մենք նախատեսում ենք փոքր և միջին ձեռնարկատիրության համար հարկային էական արտոնություններ, վարկային բեռի թեթևացում և համակարգային բարեփոխումներ։ Աշխատող, ստեղծարար և նախաձեռնող մարդն է ձևավորում ուժեղ տնտեսություն, իսկ ուժեղ տնտեսությունը դառնում է կայուն, անվտանգ և մրցունակ պետության գլխավոր երաշխիքը»,- նշել է նա Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում։ 

Օրվա ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդեց ԲՀԿ աջակիցների նկատմամբ նախաձեռնված նոր քրեական վարույթի մասին։

«Հակակոռուպցիոն կոմիտեի և ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամներ բարեգործության անվան տակ, ընտրող հանդիսացող Գյումրի քաղաքի բնակչի տան վերանորոգման համար անհատույց տվել են շինարարական նյութեր: Դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի խումբ անձինք, կատարվել են մի շարք խուզարկություններ, վարութային այլ գործողություններ»,- նշված է Կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

Այսօր հայտնի դարձավ նաև, որ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում միայն վերջին երկու օրվա ընթացքում ձերբակալվել է 21 անձ։ Նրանցից 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

«Ռեֆորմիստներ» կուսակցության անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակում այցելել են Երևանի Ավան վարչական շրջան, շրջել փողոցներում, թռուցիկներ բաժանել անցորդներին և հորդորել մասնակցել ընտրություններին։ 

Կուսակցության նախագահ Վահան Բաբայանը Ֆեյսբուքի էջում գրել է․ «Ընտրվելուց անմիջապես հետո բերում ենք ԱԺ օրակարգ հետևյալ օրենքի նախագիծը․ Յուրաքանչյուր նոր ծնված երեխայի համար պետության կողմից ծնողները միանվագ ստանում են 2.000.000 ՀՀ դրամ աջակցություն»:

Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին։

Նրա խոսքով՝ երբ Հայաստանի իշխանությունները սադրում են և շանտաժի լեզվով են խոսում Ռուսաստանի նման պետության հետ, իրենք պետք է սպասեն, որ ամեն օր տարբեր սահմանափակումներ են լինելու։ «Հունիսի 7-ից հետո ցանկացած հարց, որը կառաջանա, մենք ընդամենը մեկ օրվա ընթացքում լուծում ենք տալու։ Մենք պետք է բալանսավորված քաղաքականություն վարենք Ռուսաստանի, Եվրամիության, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև»,- նշել է նա։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները  հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն անցկացրել են Արմավիրում։ Դաշինքի ներկայացուցիչները շփվել են քաղաքացիների հետ, բաժանել քարոզչական թռուցիկներ, ներկայացրել իրենց ուժի ծրագրերը տարբեր ոլորտներում։

Բնակիչների հետ հանդիպման ժամանակ ելույթ է ունեցել դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։ Նա անդրադարձել է գյուղմթերքի մթերման հետ կապված խնդիրներին՝ շեշտելով, որ այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է մթերման կայաններ ունենալ։

«Ուժեղ Հայաստանը» առաջարկել է նաև Էջմիածինը Վատիկանի նման կրոնական կենտրոն դարձնել.

«Սամվել Կարապետյանի առաջարկն է՝ Էջմիածինն առանձնացնել որպես հատուկ քաղաք և դառնա կրոնական կենտրոն: Դրանից հետո կազմակերպել, որ ամբողջ աշխարհում, ինչպես երկրորդ Վատիկան, քրիստոնյա մարդը աշխարհում գոնե մեկ անգամ տեսնի այս հրաշքը, տեսնի, բայց գա և մնա այստեղ: Եվ դա մեր աշխատանքի ճանապարհն է: Այս քաղաքը կդառնա աշխարհի համար կարևոր կետ»,- Էջմիածնում ելույթի ժամանակ ասել է Նարեկ Կարապետյանը:

«Հայ ազգային կոնգրես»-ն այսօր քարոզարշավ է իրականացրել Շիրակի մարզում։

Կոնգրեսի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը ևս կարծում է, որ Փաշինյանի բանակցած խաղաղությունն իրատեսական չէ։

«Իշխանությունը փորձում է ժամանակավոր նախընտրական զինադադարը, որը Ալիևը տվել է Փաշինյանին, որ իր նման ապաշնորհ մարդուն ընտրել տա Հայաստանում, մատուցել որպես խաղաղություն», – ասել է ընդդիմադիր գործիչը։

Անդրադառնալով Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող TRIPP-ծրագրին՝ Զուրաբյանը պնդել է, թե դրա ապագան վտանգված է, քանի որ ամերիկա-իրանական պատերազմից հետո Միջին Արևելքում բալանսը փոխվել է։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները նախընտրական արշավի 16-րդ օրն անցկացրել են Սյունիքում։ 

Գորիսից հրապարակված տեսանյութում կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ռուսաստանի որոշումների՝ Հայաստանից կոնյակի և ծաղիկների ներկրումն արգելափակելու մասին։

«Սա շատ մտահոգիչ է։ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչանում են, և շատերը կարծում են, թե դրանով մենք ավելի ինքնիշխան ենք դառնում, բայց մենք կարծում ենք, որ սա կարող է հանգեցնել Ռուսաստանից ավելի մեծ կախվածության։ Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը կարող է գնալ և համաձայնվել բոլոր պայմաններին, ինչի արդյունքում ավելի մեծ կախվածություն կունենանք, քան հիմա ունենք։ Մյուս տարբերակն այն է, որ իրավիճակը կարող է էլ ավելի սրվել և կոլապս տեղի ունենալ»,- ասել է Մարուքյանը։

Խնձորեսկ գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ԼՀԿ առաջնորդը նշել է, որ գալիք ընտրություններով է որոշվելու Հայաստանի ապագան․

«Մենք ուզում ենք, որ Հայաստանը մնա հայերի պետություն։ Սա հայ ժողովրդի միակ պետությունն է։ Ուստի ուզում եմ հղում անել մեր կարգախոսին՝ «Պաշտպանի՛ր ինքնությունդ»։ Մենք կարծում ենք, որ պատերազմից հետո մեր ազգի ինքնությունը ճգնաժամ է ապրում, ճգնաժամ է ապրում նաև մեր պետության ինքնությունը։ Մեր առաջին խնդիրը մեր ինքնության պաշտպանությունն է»,- ասել է Էդմոն Մարուքյանը։ 

«Միասնության թևեր» կուսակցության անդամներն այսօր քարոզարշավ են իրականացրել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։

Քաղաքացիներից մեկի՝ Տիգրանաշենի ճակատագրի մասին հարցին՝ կուսակցության ղեկավար Արման Թաթոյանն ասել է, որ դա սխալ դիսկուրս է։

«Անկլավների հարց չկա։ Այդպիսի բան գոյություն չունի։ Կա երկրի անվտանգության հարց: Դու չես կարա, գիտես մեխանիկական տարածքով մտածես։ Դե, այս մի մետրը այստեղից տանք, այն մի մետրն՝ այնտեղից»։ 

Թաթոյանը նշել է, որ Տիգրանաշենը պատմական հայկական գյուղ է․ «Եթե, Աստված չանի, Տիգրանաշենի ճակատագիրը լինի, ոնց որ ինքն է ասում, Սյունիքից ու Վայոց ձորից մեր ռազմավարական կտրվածություն է առաջանում»։

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների մայիսի 23-ին արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ավան վարչական շրջան։

Փաշինյանի գլխավորությամբ կուսակցության ներկայացուցիչները շրջել են Ավանում, թռուցիկներ են բաժանել, լուսանկարվել բնակիչների հետ և հորդորել անպայման մասնակցել խորհրդարանական ընտրություններին։

Իր ելույթում Փաշինյանը նշել է, որ Հայաստանում այսօր բոլոր դեպքերում որոշողը ժողովուրդն է։ «Սա այսօրվա Հայաստանի և իմ ու մեր թիմի քաղաքական գործունեության առանցքն է։ Որ պահին ժողովուրդը որոշեց, որ ես պետք է հեռանամ, նույն պահին ես կհեռանամ՝ առանց քննարկելու։ Եթե 700 հազար մարդ՝ ընտրողների 50+1 տոկոսը, ասել է՝ Նիկոլ մնա, Նիկոլը կմնա։ Եթե մարդիկ ասեն՝ Նիկոլ գնա, Նիկոլն ո՞վ է, որ չգնա, Նիկոլը ծառա է։ Այդպես լինո՞ւմ է, որ ծառան ասի՝ չէ, չեմ գնալու»,- ասել է Փաշինյանը։

ՔՊ ղեկավարը քարոզարշավի ժամանակ նաև հայտնել է, որ ամռանը Երևանի Հանրապետության հրապարակում ելույթ կունենա  System of a Down  հայտնի ռոք խումբը։

Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը հայտարարել է, որ ամենակարևորը պետության ազգային օրակարգերն են, որոնք պիտի բխեն Հայաստանի շահերից։

«Մեր ազգային շահն այսօր թելադրում է, որ մենք պիտի եվրոպական գնողունակ շուկային հասանելիություն ունենանք: 20 տրիլիոն եվրո, 500 միլիոն գնողունակ քաղաքացուն պիտի մեր ապրանքը հասանելի դարձնենք: Դա այլընտա՞նք է ռուսական այս սպառնալիքներին, թե՝ չէ՞, այս տնտեսական պատերազմի։ Այ, հենց մենք կունենանք այդ այլընտրանքը, հավատացեք՝ Լարսը չի փակվի։ Մեր ծաղիկները երբեք էլ ոչ մի արգելքի չեն հանդիպի»,- նշել է նա։

«Հայաստան» դաշինքի անդամներն այսօր գտնվել են Արմավիրի մարզում։ Դալարիկ գյուղում  բնակիչների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է պետական պարտքին։

«Դուք 8 մլրդ դոլարով պարտքը ավելացրել եք, հասցրել եք 15 միլիարդի։ Ի՞նչ եք սարքել այդ 8 միլիարդով։ Կարելի էր այս երկիրը դրախտ սարքել այդ պարտքերով։ Ուղղակի համոզված եմ՝ այդ գումարի մի զգալի մասը մսխվել է, գնացել է անհայտ ուղղությամբ»,- նշել է Քոչարյանը։

Հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Մարդու իրավունքների պաշտպանը մեկնարկել է ընտրատեղամասեր այցերի իրականացումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրական գործընթացների մատչելիությունը մշտադիտարկելու նպատակով:

Մշտադիտարկման ընթացքում ուսումնասիրվում են ընտրատեղամասերի ֆիզիկական և տեղեկատվական մատչելիության պայմանները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքների արդյունավետ իրացման երաշխիքները։

Հրապարակվել են ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցման արդյունքները։ Ըստ դրա՝ Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին որևէ քաղաքական ուժ բացարձակ մեծամասնություն չունի։

Առաջատար է Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին ում կտայիք ձեր ձայնը հարցին ստացվել են սպոնտան հետևյալ պատասխանները.

  • «Քաղաքացիական պայմանագիր» (Նիկոլ Փաշինյան)՝ 32%,
  • «Ուժեղ Հայաստան»  (Սամվել Կարապետյան)՝ 6%,
  • «Հայաստան» դաշինք (Ռոբերտ Քոչարյան)՝ 3%,
  • «Հայաստանի շնորհապետական կուսակցություն» (Գուրգեն Սիմոնյան)` 2%։

Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան», «Բոլորին դեմ եմ» և Արման Թաթոյանի «Միասնության թևեր» կուսակցություններն ունեն 1-ական տոկոս։

Չկողմնորոշվածների թիվը 23% է, իսկ պատասխանել հրաժարվածներինը՝ 21%։

Այսօր լրատվամիջոցները գրեցին, որ մայիսի 22-ին ընտրություններին մասնակից 8 քաղաքական ուժ ստորագրել է ներառական քաղաքականությունների հանձնառության փաստաթուղթը։

Փաստաթղթի նպատակն է խթանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ներառումը քաղաքական օրակարգերում և նախընտրական ծրագրերում։

Նախաձեռնությանը միացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ռեֆորմիստների» կուսակցությունը, «Հայաստանի շնորհապետական» կուսակցությունը, «Միասնության թևեր» կուսակցությունը,  «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։

 

Նկարը ստեղծվել է Արհեստական բանականության կիրառմամբ

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն