photo_2026-05-26_22-23-06

Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 19-րդ օրը

Այսօր հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 19-րդ օրն էր։

Առավոտյան հայտնի դարձավ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել «Ալյանս» կուսակցության գրանցումը Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար. 13 համարը չի լինի ընտրացուցակում:

Հանձնաժողովը նաև հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանի արտահայտություններում բռնnւթյան կիրառման uպառնալիքի ընկալում չի տեսնում՝ այդպիսով մերժելով «Ուժեղ Հայաստան» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ներկայացրած դիմումը՝ քննարկման առարկա դարձնել Փաշինյանի նկատմամբ հնարավոր պատասխանատվության միջոցների հարցը և դիմել իրավասու մարմիններին՝ քարոզչության ընթացքում հնչեցված արտահայտություններին իրավական գնահատական տալու համար։

«Հնչեցված բառապաշարը թեև նախընտրական քարոզչության շրջանակներում զսպվածության, քաղաքական կոռեկտության համատեքստում չէ, այնուամենայնիվ, չի առաջացնում «հոգեբանական, ֆիզիկական, կրոնական հարկադրանքի մեթոդների կամ բռնության կոչերի, բռնության կիրառման սպառնալիքների կամ ցանկացած այլ տեսակի հարկադրանքի» ընկալում»,- կարծում է ԿԸՀ-ն։

«Միասնության թևեր» կուսակցությանը առերևույթ ապօրինի 926 միլիոն դրամ ֆինանսավորելու հրապարակման հիմքով «Անկախ դիտորդ» դաշինքը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել:

Դաշինքի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրել է, որ «Դոսյե» կենտրոնի հետաքննությունից պարզ է դառնում, որ խոսքը ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Սերգեյ Կիրիյենկոյի կուռացիայի տակ գործող ЭИСИ ինստիտուտի միջոցով տրվող աջակցության մասին է։

«Հրապարակման մեջ նշված՝ Արման Թաթոյանի ֆինանսավորման նախահաշիվներն ու փոխանցումների մասին տեղեկությունները բավականին արժանահավատ են, քանի որ տրամաբանորեն բացատրում են Թաթոյանի ու «Միասնության թևեր» բռենդի PR-ի վրա ծախսված ահռելի գումարների ծագումնաբանությունը, որը գաղտնի էր պահվում։ Դեռևս երկու շաբաթ առաջ, (բացի վերոնշյալից՝ խմբ.) բացահայտել էինք, որ «Միասնության թևերի» բոլոր շուրջ 30 գրասենյակների վարձակալության պայմանագրերը պատշաճ գրանցված չեն եղել»,- գրել է նա:

Արման Թաթոյանը հերքել է հրապարակման մեջ առկա տեղեկատվությունը՝ ընդգծելով, որ «Միասնության թևեր» կուսակցությունը չունի ֆինանսավորում որևէ արտաքին աղբյուրից, առավել ևս Ռուսաստանից․

«Հրապարակված թվերը հորինված են, բացարձակ չափազանցված: Մենք նշվածի կեսի կեսն էլ չենք ծախսել: Գրասենյակների համար նշված գումարի 10% ենք ծախսել: Մեր բոլոր քայլերը համապատասխանում են օրենքին. դրանք երևում են հարկային ու բանկային հաշվետվություններով ու բոլոր մյուս վերաբերելի հիմքերով: Մենք հիմա փնտրում ենք իրավական ուղիներ. պատասխանատվության ենթարկելու համար դատի ենք տալու կասկածելի սկզբնաղբյուրին։ Հետո գնալու ենք բոլորի հետևից, ովքեր փորձում են ձեռքերը տաքացնել»,- հայտարարել է կուսակցության վարչապետի թեկնածուն:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը այսօր քարոզարշավ է արել ԱԱԾ դիմաց: Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ քաղբանտարկյալ է համարում վերջին 1 տարում քրեական վարույթներով անցնող բոլոր անձանց։ 

«Բոլոր այն անձինք, ում հանդեպ վերջին 4-5 ամսում, դրանից առաջ էլ մինչև 1 տարվա ընթացքում քրեական վարույթներ են նախաձեռնվել, քաղբանտարկյալներ են՝ սկսած Սամվել Կարապետյանից։ Բագրատ սրբազանի գործն էլ առաջիններից է եղել»,- նշել է Մարուքյանը՝ պնդելով, որ իրավապահների հրապարակած որևէ ձայնագրության չի հավատում, հատկապես Բագրատ սրբազանի գործով, իր խոսքով, կեղծված ձայնագրությունից հետո։ 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր Կոտայքի մարզում է քարոզարշավ արել: Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Մեղրաձոր բնակավայրում քարոզարշավի ժամանակ խոսել է բանակի մասին. «Այնքան բամբասեցին, թե բանակը քանդել ենք։ Մենք ոչ թե բանակը քանդել ենք, այլ իրենց բանակ կոչված ավերակը մի կողմ ենք դրել և զրոյից ստեղծել ենք բանակ։ Եկեք Հանրապետության հրապարակ և տեսեք այդ բանակը»:

Անդրադառնալով մայիսի 28-ի զորահանդեսին՝ նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումից հետո միջազգային շուկաներում Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվել զինտեխնիկայի ձեռքբերման հարցում։

Փաշինյանը Նոր Հաճնում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ անդրադարձել է Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան այցին, և հայտարարել, որ  ՀՀ-ն և ԱՄՆ-ն համաձայնեցրել են TRIPP նախագծի իրագործման վերաբերյալ համաձայնագրի տեքստը, և այն պատրաստ է վերջնական ստորագրման։

«TRIPP նախագիծը դառնում է իրականություն։ Դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը հաղթահարում է շրջափակումը և կոնֆիլկտի փակուղուց վերածվում է խաղաղության խաչմերուկի»,- ասել է նա: 

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Սյունիքի մարզի Կապան համայնքում կայացած քարոզարշավի ժամանակ անդրադարձել է Փաշինյանի՝ բանակի մասին այսօրվա հայտարարությանը։

««Ավերակ» անվանել այն բանակը, որը եղել է մարտունակ, որը անսասան է պահել Հայաստանի և Արցախի սահմանները, ավիրել այդ բանակը, հրահրել պատերազմ, տալ 5000 կորուստ 12 հազար վիրավոր և հետո ասել, որ ավերակ է դա։ Այս մարդը ոչ խիղճ ունի, ոչ խելք ունի, ոչ էլ՝ գուցե հիշողություն»,- ասել է Քոչարյանը։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածու Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ Հանրային հետուստատեսությունը Պետրոս Ղազարյանի հետ իր հարցազրույցի YouTube-յան տարբերակից հեռացրել է հետևյալ հատվածը.

«… միանգամից հանեցին ՔՊ-ի կազմից: Եվ շատ պարզ է արդեն, որ Նիկոլ Փաշինյանը և իր ռեժիմը դառել է խաղամոլության տարածման և թռիչքաձև աճի հովանավորը: Դա ուղղակի ահավոր ժանտախտ է: Նույնը՝ թմրամոլության տեմպերն են հուշում, որ էստեղ ինչ-որ լուրջ պայքար չի տարվում, և նորից հովանավորության մասին կարող ենք շատ փաստեր բերել։ Ես կարծում եմ, որ սա ահավոր խնդիր է, և մենք գալով իշխանության պետք է լուրջ միջոցներ ձեռնարկենք, որպեսզի սրա դեմ պայքարենք և երիտասարդությանը լուրջ հեռանկարներ ցույց տանք: Դրա համար մենք ունենք ծրագիր…»։

Զուրաբյանն այս միջամտությունը որակում է անօրինական է եւ նշում, որ այն սահմանափակում է իր խոսքի ազատության և լսարանի՝ ազատորեն տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքները․

«Ավելի կարևոր է, սակայն, որ այս կոպիտ միջամտությամբ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ցույց տվեց, թե ինչից է շատ վախենում. որ նարկոբիզնեսի և կազինոների հովանավորի իր դերը չբացահայտվի ժողովրդի առաջ [․․․]»,- ասված է հայտարարության մեջ:

ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու Լեւոն Զուրաբյանն այսօր նաեւ պնդել է, թե Նիկոլ Փաշինյանը որոշել է հունիսի 4-ի մեծ բանավեճը վերածել սեփական ասուլիսի։

ՀԱԿ վարչապետի թեկնածուն հայտնել է, որ իրենց կուսակցության ներկայացուցիչները Հանրային ՀԸ հրավերով գնացել են այնտեղ, եւ ներկայացվել է ձեւաչափը, որով պետք է անցկացվի հունիսի 4-ի գլխավոր բանավեճը՝ քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարների միջև։

Զուրաբյանի խոսքով՝ բանավեճը հետեւյալ կերպ է կազմակերպվելու․ «Մենք հնարավորություն չենք ունենալու խոսել առանձին, տարբեր կառավարման ոլորտների հետ կապված մեր ծրագրերի մասին, միակ ֆորմատը լինելու է հետեւյալը, ամեն թեկնածու հարց է տալու որեւէ այլ թեկնածուի, ընդ որում 30 վայրկյան, իսկ էն թեկնածուն, որին հարցն ուղղված է, պատասխանելու է մեկ րոպե։ Իրականում դա ինչի՞ է վերածվելու։ Հասկանալի է, չէ՞, որ ընդդիմադիր կուսակցությունները շահագրգռված են հարց ուղղել գործող իշխանությանը։ Այսինքն՝ մենք մեր 30 վայրկյանանոց հարցերը պիտի տանք, իսկ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի 18 թեկնածուների հարցերին 1 րոպե, այսինքն՝ 18 րոպե․ դա դառնում է Նիկոլ Փաշինյանի շոուն, ասուլիսը»,- ասել է Զուրաբյանը՝ նշելով, որ Փաշինյանը փորձում է այսկերպ առավելություններ ստեղծել, բայց իրենք ստիպված են ընդունել ներքաղաքական պայքարի այս մարտահրավերը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավորության թեկնածու Էլինար Վարդանյանն այսօր ներկայացրել է ԲՀԿ ծրագրում ընդգրկված 7 առաջարկ՝

  1. կրկնակի կրճատել գույքահարկը,
  2. ամսական կենսաթոշակի նվազագույն չափը համապատասխանեցնել նվազագույն կենսապահովման զամբյուղին՝ 2027-ից փուլային տարբերակով այն դարձնելով 100 000 դրամ,
  3. առաջիկա երկու տարիների ընթացքում նվազագույն աշխատավարձը փուլային տարբերակով դարձնել 150 000 դրամ,
  4. ստեղծել «Երիտասարդների առաջին աշխատավայր» ծրագիրը, որտեղ պետությունը և մասնավոր հատվածը համագործակցությամբ կլուծեն նորավարտ երիտասարդի զբաղվածության խնդիրը,
  5. պետական ու համայնքային պատկանելություն ունեցող բոլոր կրթօջախները (մանկապարտեզներ, դպրոցներ, միջին մասնագիտական հաստատություններ՝ քոլեջներ, բուհեր) 2028-ից դարձնել անվճար,
  6. կառուցել հարմարավետ և մատչելի հանրակացարաններ՝ մարզերից եկած ուսանողների համար,
  7. հայտարարել համաներում:

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզում է եղել։ Կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Հայկ Մարությանը և կուսակցության ներկայացուցիչները շփվել են քաղաքացիների հետ, ներկայացրել կուսակցության նախընտրական ծրագիրը, քարոզչական թռուցիկներ բաժանել քաղաքացիներին՝ բոլորին հորդորելով գնալ ընտրության։

Ազգային-ժողովրդավարական բեւեռի ներկայացուցիչ Հերմինե Մկրտչյանը հայտարարել է, որ իրենց աջակիցը բերման է ենթարկվել եւ ազատ արձակվել միայն այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը Չարենցավանում ավարտվել է․

«Ես ահազանգ ստացա Չարենցավանի մեր աջակիցներից մեկից, որ իրեն բերման են ենթարկել Մարտունիում։ Քիչ առաջ նախընտրական քարոզարշավի շրջանակում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները այցելել են Չարենցավան, նրա այցերի ժամանակ սովորաբար Բեւեռի աջակիցներին բերման են ենթարկում ինչ-որ ապօրինի մեղադրանքով, մի քանի ժամ պահում են, հետո բաց են թողնում, մինչեւ Փաշինյանը գնա։

Գեւորգ Հակոբյանն այսօր առավոտյան որոշել է, որ մի ամբողջ օր բաժնում չանցկացնի, Չարենցավանից կտրել, հասել է Մարտունի, որ իրեն այսօր բերման չենթարկեն։ Բայց Մարտունիում բերման են ենթարկել, ասել են՝ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով»,- պատմել է Մկրտչյանը՝ հավաստիացնելով, որ Հակոբյանի մեքենայի եւ անձնական զննության արդյունքում որեւէ ապօրինի առարկա չի հայտնաբերվել, սակայն նրան միեւնույն է տարել են ոստիկանության բաժին ու 3 ժամ պահել։ Մկրտչյանի պպնդմամբ՝ իրենց աջակցին բաց են թողել միայն այն ժամանակ, երբ Փաշինյանը Չարենցավանից հեռացել է։

«Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք» կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանը առաջարկում է, որ կառավարությունը փորձաշրջանով աշխատի, իսկ իրեն չարդարացնելու դեպքում՝ հետ կանչվի․ 

«Մենք մեր ժողովրդին խոսք ենք տվել, որ հաղթանակի դեպքում առաջին քայլը լինելու է գույքահարկի զրոյացումը եւ անվճար քաղաքային տրանսպորտը: Դա հենց առաջին օրվա որոշումն է լինելու, հետագայում էլ վճարված գույքահարկը փուլային եղանակով վերադարձնելու ենք ժողովրդին»,- ասել է Արտակ Սարգսյանը:

Կուսակցության պատգամավորի թեկնածու Հմայակ Հովհաննիսյանն էլ կոչ է արել ձայնը չտալ ոչ 3 գլխավոր ընդդիմադիր ուժերին, ոչ էլ իշխանություններին, այլ ճանապարհ տալ երրորդ ուժին. «Իշխող ուժը նրանց հայտարարել է պատերազմի կուսակցություն, բայց ինքն էլ իր վարքագծով նպաստում է պառակտմանը եւ բախումներին»։ 

ԴՕԿ կուսակցության նախընտրական շտաբի պետ Լևոն Բաղդասարյանը ընտրակաշառքի վերաբերյալ արձանագրված փաստերի մասին դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ «դրանք արդեն իսկ համակարգային բնույթ են կրում, ինչպես նաև կրթական և այլ պետական-համայնքային հաստատությունների աշխատակիցներին նախընտրական քարոզարշավների կամ հանրահավաքների մասնակցելու հարկադրանքի դեպքերը»․

«Այս երևույթները ոչ միայն հակաօրինական են, այլև ուղղակիորեն կասկածի տակ են դնում ընտրական գործընթացի ազատությունը, արդարությունը և լեգիտիմությունը»,- հայտարարել է Բաղդասարյանը՝ ԿԸՀ-ից պահանջելով անհապաղ հարուցել վարույթ և դեպքերին տալ պատշաճ իրավական գնահատական։

«Ընտրություններից հետո ԴՕԿ կուսակցությունը հետևողական է լինելու այս խայտառակ նախընտրական գործընթացի ընթացքում ընտրողին գնելու, վաճառելու և հարկադրելու բոլոր դեպքերի բացահայտմանը՝ անկախ նրանից, թե դրանք արձանագրված են համացանցում, լրատվամիջոցներում, թե պետական մարմինների տրամադրության տակ»,- ասված է հայտարարության մեջ։

Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր ևս ընտրակաշառքի դեպքերի մասին է հայտնել: Մասնավորապես՝ Կոմիտեն փաստական տվյալներ է ստացել, որ «Ուժեղ Հայաստան»-ի՝ Գորիսի տարածքային պատասխանատուն կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ավելի ուշ Կոմիտեն հայտնեց, որ ընտրակաշառք տալու և ստանալու մեկ այլ դեպքով 2 անձ կալանավորվել է․ «Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող մի խումբ անձինք, ԱԺ ընտրություններին նույն կուսակցության օգտին քվեարկելու և նախընտրական քարոզչություն իրականացնելու պայմանով մի շարք քաղաքացիների տվել են ընտրակաշառք` գործընթացը քողարկելով կուսակցության տարածքային գրասենյակներում նշված անձանց կաշառք-գումարը աշխատավարձի տեսքով վճարելու անվան տակ»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն