news.am: 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները շարունակում են նստացույցը Քննչական կոմիտեի դիմաց, որը նրանք սկսել էին երեկ։ Այսօր մինչև ժամը 15:00-ին ժամկետ են տվել այդ կառույցին, որպեսզի կատարի իրենց պահանջը՝ մեղադրանք առաջադրի զոհվածների ծնողների նկատմամբ «Եռաբլուր» պանթեոնում բռնություն կիրառած 13 ոստիկաններին:
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը, ով գիշերն անցկացրել է այստեղ, լրագրողների հետ զրուցյում նշեց. «Մենք երեկ եկել էինք այստեղ ոչ թե կոնկրետ մեղադրանքի հետ կապված, այլ որպեսզի հերթական անգամ իմանանք գործը ընթացքի մասին:
Փորձը ցույց է տալիս, որ եթե մենք չենք գալիս Քննչական կոմիտե, գործը քնում է, իսկ երբ գալիս ենք, կանչում են համապատասխան ոստիկաններին, առերեսումներ էին կազմակերպում: Իրենք մեզ հավաստիացրել են, որ գործն ընթացքի մեջ է, բայց մեր վերջին գալուց հետո, իսկ դա 2 ամիս առաջ էր, մենք միջնորդություն ներկայացրեցինք, որ չեզոք մարդկանց կանչեն առերեսման կոնկրետ միջադեպին ներկա լրագրողներին առերեսում անեն լրագրողների հետ, որպեսզի ճշտումներ լինեն, թե ով է պատկերը ճիշտ ներկայացնում:
Խոսքն այն մասին է, թե արդյոք սեպտեմբերի 21-ին «Եռաբլուրում» ծնողներին օրինական պահանջ եղել է, թե ոչ: Մենք ասում ենք, որ չի եղել, ամեն ինչ տեսանկարահանված է; Դրանից հետո երկու լրագրողների կանչել են: Մեզ ինֆորմացիա եկավ, որ չեն կարողանում մյուս լրագրողներին գտնել ու կանչել հարցաքննության: Դա պատրվակ է, որ գործը ձգձգեն»,-ասաց նա:
Արա Ռոստամյանը հավելեց, որ երեկ ՔԿ-ից քննիչը չի ցանկացել իջել իրենց հետ հանդիպելու, որից հետո իրենք պահանջ են դրել մեղադրանք առաջադրել այն 13 ոստիկանների նկատմամբ, որոնք զոհվածների ծնողներից 5 կանանց նկատմամբ բռնի ուժ են կիրառել, մարմնական վնասվածքներ են հասցրել:
«Առերեսումների ժամանակ այդ ոստիկանները իրենց մեղքն ընդունեցին, ծնողներից ներողություն խնդրեցին, որ սխալ ենք արել, էլ չի կրկնվի: Նաեւ առերեսման ժամանակ կարմիր բերետավորների գումարտակի հրամանատարն ասաց, որ ինքն է տվել հրամանը: Նա եւս ներողություն խնդրեց, ասաց, որ անհամաչափ է եղել արարքը: Եթե ընդունում են, որ անհամաչափ ուժ են կիրառել, ուրեմն պետք է այդ 13-ին մեղադրանք առաջադրեն:
Մենք ասացինք, որ եթե 24 ժամվա մեջ մեղադրանք չառաջադրեն, մենք այսօր ժամը 3-ին հայտարարություն կանենք եւ էլ չենք գա ՔԿ, արդեն հույսներս կկտրենք»,-ասաց զոհվածի հայրը:
Նա հավելեց, որ քանի դեռ իշխանության է Նիկոլ Փաշինյանը, որեւէ իրավական համակարգ չի աշխատում, բոլորը կատարում են Փաշինյանի ցուցումները:
Նշենք, որ զոհված զինծառայողների հարազատները երեկվանից ՔԿ-ի դիմաց նստացույց են սկսել: Նրանք պահանջում են անհապաղ պատասխանատվության ենթարկել այն 12 ոստիկաններին, որոնք «Եռաբլուր»-ում փաստացի մարմնական վնասվածքներ են հասցրել զոհված զինծառայողների ծնողներին:
Հիշեցնենք, որ ոստիկանության ծառայողների եւ որդեկորույս ծնողների մասնակցությամբ միջադեպը տեղի էր ունեցել 2022 թ․ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, երբ մի շարք ծնողներ որոշել էին թույլ չտալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Անկախության տոնի առիթով այցը պանթեոն։ Վաղ առավոտից այնտեղ հավաքված մեծաթիվ ոստիկաննները բերման էին ենթարկել ծնողներին՝ ինչպես հետագայում պարզվեց, մարմնական վնասվածքներ հասցնելով։ Դեպքի առթիվ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն էր նշանակվել, իսկ ավելի ուշ՝ Քննչական կոմիտեում քրեական վարույթ նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով): Մինչ այս պահը դեպքի առթիվ որևէ ոստիկանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ։
Լուսանկարը՝ Հետքի