armenpress.am: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը վստահեցնում է՝ պետական գնումների արդար ու թափանցիկ համակարգի ներդրումը մշտապես օրակարգային է: Նա, սակայն, բարելավման, որոշակի անելիքների կարիք է տեսնում:

Ջանջուղազյանը նման տեսակետ հայտնեց Երևանում «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը» թեմայով աշխատանքային քննարկմանը:

«Պետական գնումների արդար և թափանցիկ համակարգի ներդրումը օրակարգային է մշտապես: Թեպետ ներդրման օրվանից սկսած մենք համոզված ենք եղել, որ դրա նախկին վիճակի հետ համեմատած այն արդեն արդար ու թափանցիկ է, բայց մշտապես բարելավման անհրաժեշտություն ունի: Եվ վերջին ժամանակների անընդհատ անդրադարձը գնումների համակարգին, կարծում եմ, մեզ թույլ է տալիս ենթադրել, որ այստեղ դեռ անելիք ունենք»,-ասաց Ջանջուղազյանն ու հավելեց՝ հուսով ենք, որ կհաջողվի որոշակի բարելավում արձանագրել նաև պետական գնումների համակարգում։

Նախարարը հիշեցրեց լավագույն էլեկտրոնային համակարգ ունենալու հավանականության և գնումների բողոքարկման համակարգի հետ կապված քննարկումների մասին: Նա նշեց՝ գնումների համակարգը մշտապես ուշադրության կենտրոնում է, սակայն, իրենց ընկալմամբ, միշտ չէ, որ արդարացիորեն: «Սակայն գնումների գործընթացում իսկապես համարում ենք, որ անելիք ունենք: Համանման կարիքները չեն նույնականացվում որպես համանման կարիքներ: Սա արձանագրված խնդիրներից մեկն է:

Մինչդեռ մենք համոզված ենք, որ համանման կարիքները պետք է նույնականացվեն որպես մի տեսակի կարիք: Օրինակ, եթե անհրաժեշտ է բոլոր պետական մարմիններում բաժակ օգտագործվի, ապա դա պետք է նկարագրված լինի մի ձևով։ Հաջորդ խնդիրն այն է, որ նույն կարիքի համար կիրառվող գործընթացը, նույնիսկ եթե դրանք միասնական նկարագրության են ենթարկվում, միշտ չէ, որ միատեսակ է։ Սա նույնպես խնդիրներից մեկն է: Եվ ենթադրվում է, որ այդ ուղղությամբ պետք է ջանք գործադրենք, որպեսզի ընթացիկ պահպանման ծախսերին վերաբերող գնումները չունենան տարբեր նկարագրություններ, և, հետևաբար, տարբեր ընթացակարգեր չկիրառվեն»,-ասաց նա:

Անդրադառնալով գնումների բողոքարկման համակարգին՝ նշեց, որ դրա հետ կապված որոշակի դիտարկումներ ունեցել են և արձանագրել են, որ համանման իրավիճակներում երբեմն միմյանց հակասող որոշումներ են ընդունվում, բայց, այդուհանդերձ, հիմնականում լինում են արդարացիորեն ընդունված որոշումներ: Ջանջուղազյանը կարևորեց բողոքարկման համակարգի արդյունավետության բարձրացումը, նա նկատեց՝ դա գնումների գործընթացի նկատմամբ հանրության հսկողության լավագույն գործիքներից մեկն է: