Իրենց տեղը խոհանոցն է, հաճախ՝ նաև բանտախուցն ու մոռացության մատնվելը. Ալեն Սիմոնյան |armtimes.com|
14:00 - 30 հունիսի, 2020

Իրենց տեղը խոհանոցն է, հաճախ՝ նաև բանտախուցն ու մոռացության մատնվելը. Ալեն Սիմոնյան |armtimes.com|

armtimes.com: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը անդրադարձավ ներքաղաքական և հասարակական բնույթի մի շարք հարցերի։

Հրայր Թովմասյանի՝ արձակուրդում գտնվելու հարցին անդրադառնալով՝ փոխխոսնակը նշեց. «Ես կարծում եմ, որ Թովմասյանը, ինչպես ինքն էր բնորոշել, իր խրամատը որոշեց թողնել տիկին Ալվինա Գյուլումյանին, կարծում եմ՝ պարոն Թովմասյանին շատ բնորոշ է այս քայլը»:

Հարցին, թե արդյոք 2 ընդդիմադիր խմբակցությունների նիստերին չմասնակցելը միջազգային հանրության բացասական արձագանքին կարո՞ղ է արժանանալ, Ալեն Սիմոնյանը նշեց. «Պառլամենտարիզմը ենթադրում է, որ, օրինակ, երկու կամ երեք ընդդիմադիր ուժ կարող են քաղաքական քայլ անել և չմասնակցել, բոյկոտել, չքվեարակել, հանձնաժողով ստեղծել, դա նրանց դիրքորոշումն է, և դրա հիման վրա կարող է եզրակացություն անել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ տեսնելով, օրինակ, ինքը ժամանակին գնացել քվեարկել է ԲՀԿ-ի կամ ԼՀԿ-ի համար, և մշտապես օրհասական պահին պատճառներ են գտնվում»:

Անդրադառնալով ԲՀԿ, «Հայրենիք» ՀՅԴ  կուսակցությունների դատախազություն դիմելուն՝ Սիմոնյանն ասաց. «Դե, մի բան պետք է անեն, չգիտեմ՝ ինչ են անում։ Երբ հիմա տեսնում եմ այն գործողությունները՝ միանալը, հուշագրեր ստորագրելը, ինձ հիշեցնում է այն նույն շրջանը, որ երեսուն տարի ՀՀ-ի բոլոր ընդդիմությունները այդ շրջանով անցնում են, պտտվում, վիճում, հանդիպում, լուսանկարվում և այլն, և այլն։ Ցավում եմ, որ ուժեր, մարդիկ, որ հնարավորություն ունեին կամ ունեն այլ ձևով աշխատելու, այլ մարտավարություն ընտրելու, իրականությունը ճիշտ գնահատելու, այլ ոչ թե իրենց վճարած իրականությունը տեսնելով և դրան հավատալով, գործողություններ անելով՝ նույն ցիկլի մեջ են, նույն բաներն են անում»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

ԱԺ փոխնախագահը ճեպազրույցում անդրադարձավ նաև որոշ ընդդիմադիր հեռուստաընկերությունների. «ՀՀ-ում լրատվամիջոցների իննսուն տոկոսը ոչ շահավետ բիզնես է, և ՀՀ-ում հեղափոխությունից հետո Ռոբերտ Քոչարյանի, Միքայել Մինասյանի և էլի տարբեր նախկին իշխանության ներկայացուցիչների միջև եղան բազմաթիվ առուվաճառքի պայմանագրեր։ Դրանց մեջ մտան «5-րդ ալիք»-ը, «Արմնյուզ»-ը, եթե չեմ սխալվում, էլի շատ ու շատ բաներ»,- նշեց նա։

Սիմոնյանի խոսքով՝ այդ ամենը արվում է և արվել է՝ քաղաքական նպատակ սպասարկելու համար։ «Այդ լրատվամիջոցները վճարվում են այն բանի համար, որ ստեղծվի իրականություն, և հետագայում քաղաքական գործիչները ընկնում են հենց իրենց ծուղակի մեջ։ Այդ լրատվամիջոցները ստեղծում են, որ վարկաբեկեն իշխանությանը, և հետո իրենք դիտում են հեռուստաալիքները և հավատում են, որ, օրինակ, իշխող կուսակցության վարկանիշը ցածր է, իրենց վարկանիշը շատ բարձր է, իսկ իրականում իրենք ուղղակի ՀՀ քաղաքական դաշտում գոյություն չունեն, իրենց տեղը խոհանոցն է, իրենց տեղը հաճախ բանտախուցն է, իրենց տեղը մոռացության մատնվելն է, սրա մասին է խոսքը»,- ասաց նա։

Սիմոնյանը անդրադարձավ նաև «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի առաջին ընթերցումից հետո Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան հայտարարությանը՝ նշելով, որ հարցը քննարկել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ։ «Գոյություն ունի մուլտիպլեքս համակարգ, որի ծածկույթը, կարելի է ասել, որ ՀՀ-ի ամենափոքր մասն է, մի քանի տոկոսն է կազմում։ Դա այն վայրերն են, որտեղ փաստացի գոյություն չունի, օրինակ, Ucom ցանցը, Rostelecom ցանցը, ինտերնետային հեռուստատեսային ցանցը, և մուլտիպլեքս համակարգերում ներառված են եղել այնպիսի հեռուստաընկերություններ, ինչպես CNN-ն է, և ռուսական երկու երեք հեռուստաալիք։ Ընդհանրապես աշխարհում մուլտիպլեքսներում չկա ներառված որևէ երկրի, նույնիսկ ամենադաշնակից Բելառուսի կամ Հայաստանի հեռուստաալիքները, և դա նոնսենս է, որ մուլտիպլեքսը ներառում է օտարալեզու որևիցե հեռուստաալիք»,- ասաց նա՝ հավելելով, որ այս պահին բանակցություններ են ընթանում, որ, այնուամենայնիվ, հայաստանյան մուլտիպլեքսում ռուսական որոշ հեռուստաալիքներ ներառվեն։

Կարդալ ավելին՝ armtimes.com-ում: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել