Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Հայաստանի իշխանությունները գնահատել են տարածաշրջանային հնարավոր ռիսկերը՝ Իսրայելի և Իրանի միջև լարվածության ֆոնին |armenpress.am|

Հայաստանի իշխանությունները գնահատել են տարածաշրջանային հնարավոր ռիսկերը՝ Իսրայելի և Իրանի միջև լարվածության ֆոնին |armenpress.am|

armenpress.am: Իրանի և Իսրայելի միջև լարվածության ֆոնին Հայաստանի իշխանությունները գնահատել են տարածաշրջանային հնարավոր ռիսկերը։  Այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Անդրադառնալով հարցին, թե Հայաստանի իշխանություններն արդյոք գնահատե՞լ են հնարավոր ռիսկերը, որ կարող են առաջանալ Հայաստանի համար՝ պայմանավորված Իրանի և Իսրայելի միջև հակամարտությամբ՝ Ալեն Սիմոնյանը դրական պատասխան է տվել։  «Գնահատել ենք, քննարկել ենք այդ հարցը ռազմական գործողությունները սկսվելուց հետո։ Քննարկել ենք ոչ միայն Ադրբեջանից սպասվող հնարավոր գործողությունները, այլև հնարավոր հետագա զարգացումները հենց Իրանի ներսում, մեր սահմանների վրա։ Պետք է ասեմ, որ Իրանից որևիցե հոսք չկա, մեր սահմանին որևիցե նման բան չի արձանագրվել։ Մենք գտնվում ենք կապի մեջ մեր միջազգային գործընկերների հետ, և այս պահի դրությամբ որևէ ավելացնելու բան չկա»,– ընդգծել է ԱԺ նախագահը։   Սիմոնյանը պատասխանել է նաև հարցին, թե ինչպես կարող է Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունն անդրադառնալ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների գործընթացի վրա.   «Այս պահի դրությամբ մտահոգություն չկա, որ դա կարող է ինչ-որ ձևով ազդեցություն ունենալ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների վրա, որովհետև խոսակցությունը շարունակվում է, և կան կոնկրետ գործընթացներ, որոնք հիմա ընթացքի մեջ են, և նման բան չենք տեսնում»,– նշեց Սիմոնյանը։ 
16:00 - 17 հունիսի, 2025
Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին |arm.sputniknews.ru|

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ հայցեր է ներկայացրել դատարան։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Երկու հայցերն էլ մուտքագրվել են հունիսի 13-ին։ Փաշինյանի դեմ ներկայացված հայցում Քոչարյանը պահանջում է հերքել հունիսի 5-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետի կողմից հնչեցված և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջում հրապարակված «Դատարանի որոշմամբ արձանագրված է՝ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է» տեղեկությունը։ Քոչարյանը պահանջում է, որ Փաշինյանը որպես հերքման տեքստ հրապարակի հետևյալը․ «Նախկինում իմ կողմից կառավարության նիստի ընթացքում հնչել են կեղծ, սուտ, ակնհայտ անհիմն արտահայտություններ, որոնք զրպարտել են ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ներկայումս ցանկանում եմ հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հայտնածս տեղեկատվությունը իրականության հետ որևէ առնչություն չունի և հանդիսացել է զրպարտության արդյունք»։ Հերքումից բացի ՀՀ երկրորդ նախագահը պահանջում է վարչապետից բռնագանձել 6 միլիոն դրամ՝ որպես հասցված ոչ նյութական վնասի հատուցում: Հայցը մակագրվել է դատավոր Անի Կարաքեհյանին։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել հետևյալ տեքստով․ «Նախկինում իմ կողմից լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հնչել են հրապարակային արտահայտություններ, որոնցով ես նպատակ եմ ունեցել Ռոբերտ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը արատավորելու։ Ներկայումս ցանկանում եմ ներողություն խնդրել ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանից և հայտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի հասցեին նախկինում հնչեցրածս արտահայտությունները եղել են իմ ոչ իրավաչափ վարքագծի արդյունք, ինչի համար զղջում եմ»։ Քոչարյանը պահանջում է, որ Սիմոնյանը նաև հերքում հրապարակի ֆեյսբուքյան պաշտոնական էջում, ավելին՝ պահանջում է նրանից բռնագանձել 6 միլիոն դրամ զրպարտության և 3 միլիոն դրամ վիրավորանքի համար՝ որպես հասցված ոչ նյութական վնասի հատուցում: Այս հայցն էլ մակագրվել է դատավոր Ազատ Դունամալյանին։
18:36 - 14 հունիսի, 2025
Հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության ու դարավոր բարեկամության վրա. Ալեն Սիմոնյան |armenpress.am|

Հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության ու դարավոր բարեկամության վրա. Ալեն Սիմոնյան |armenpress.am|

armenpress.am: Հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները հարուստ պատմություն ունեն, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա։  Այս մասին Հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովի բացման ելույթում նշեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։  Վերջինս կարծիք հայտնեց, որ համաժողովը կարևոր հարթակ է Հայաստանի ու Ռուսաստանի միջև համագործակցության խորացման համար։  «Այն տեղի է ունենում մեզ համար ամենահիշարժան իրադարձություններից մեկի՝ Հայրենական պատերազմում հաղթանակի 80-ամյակի համատեքստում։ Խորհրդանշական է, որ համաժողովի բացմանը մասնակցում է մեր պատվավոր հյուրը՝ ՌԴ Դաշնային ժողովի նախագահ, հարգարժան Վալենտինա Մատվիենկոն»,- նշեց Սիմոնյանը։  «Հենց միջտարածաշրջանային կապերն են, որ այս հարաբերություններին հաղորդում են կենդանի շունչ, գործնական բովանդակություն և կայունություն։ Այդ հարաբերություններն անդրադառնում են մարդու ամենօրյա կյանքի կարևոր ոլորտներին՝ տնտեսությունից, կրթությունից և մշակույթից մինչև զբոսաշրջություն ու առողջապահություն»,-ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ անցկացվող համաժողովը վկայում է հայ-ռուսական հարաբերությունների խորացման նկատմամբ ունեցած հանձնառության մասին։  Սիմոնյանի դիտարկմամբ՝ այստեղ են ձևավորվում այն նախաձեռնությունները, որոնք հետագայում իրականություն են դառնում՝ վերածվելով արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի, գիտության և նորարարությունների ոլորտում հստակ ծրագրերի։  «Ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել հումանիտար ոլորտում համագործակցության կարևորությունը։ Կրթության, մշակույթի, երիտասարդության ու գիտության բնագավառներում փոխանակման ծրագրերը երկարաժամկետ հեռանկարում ձևավորում են երկկողմ հարաբերությունների համար ամուր և կայուն հիմք։ Ապակենտրոնացված համագործակցությունը լայն հնարավորություն է ստեղծում՝ խթանելու անմիջական կապերը ու համատեղ նախաձեռնությունները։ Այսօր, երբ աշխարհը բախվում է բազմաթիվ մարտահրավերների և վերափոխումների, առավել քան երբևէ կարևոր է պետությունների և տարածաշրջանների կայուն, փոխշահավետ և երկարաժամկետ համագործակցության հաստատմանն ու զարգացմանն ուղղված քայլերը»,- իր ելույթում ընդգծեց ԱԺ նախագահը՝ համոզմունք հայտնելով, որ համաժողովը նոր հնարավորություններ կստեղծի հայ-ռուսական համագործակցության համար՝ խթան հանդիսանալով գործընկերային հարաբերությունների հետագա զարգացման և միջտարածաշրջանային կապերի խորացման համար։ 
16:35 - 06 հունիսի, 2025
ՌԴ-ն տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է. Մատվիենկոն՝ Սիմոնյանին

ՌԴ-ն տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է. Մատվիենկոն՝ Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 6-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը նախ առանձնազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ, ինչին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Վալենտինա Մատվիենկոյին Հայաստան կատարած այցի համար` նշելով, որ նման փոխադարձ այցերը կարևոր են երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից՝ մասնավորապես ընդգծելով այն հանգամանքը, որ այցը տեղի է ունենում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի հոբելյանական 80-ամյակի համատեքստում: ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցեր ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ կրթական և մշակութային` շեշտը դնելով, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցության զարգացման վրա: Առանձին անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին: ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման հարցում` նշելով, որ Հայաստանը սպասում է ադրբեջանական կողմին, որպեսզի ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը: ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահն էլ իր հերթին ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է: Ալեն Սիմոնյանը ռուս գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց խնդրին: Այնուհետև ՀՀ ԱԺ նախագահը և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը մասնակցել են Ռուսաստանի Դաշնային ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստի պաշտոնական բացմանը: Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն շրջել են նաև ԱԺ շենքում ու մասնակցել «Ճանապարհ դեպի Սանահին: Մեկ մանկատան պատմություն» խորագրով ցուցահանդեսին, որի նյութերը տրամադրվել են Սանկտ Պետերբուրգի մշակույթի կոմիտեի և «Լենինգրադի պաշտպանության ու շրջափակման պետական հուշահամալիր» թանգարանի կողմից:
13:36 - 06 հունիսի, 2025
Ռուսաստանն ուրախ է Հայաստանի հետ խորհրդարանական մակարդակով երկխոսության վերսկսման համար․ Վալենտինա Մատվիենկո

Ռուսաստանն ուրախ է Հայաստանի հետ խորհրդարանական մակարդակով երկխոսության վերսկսման համար․ Վալենտինա Մատվիենկո

Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին խորհրդարանական մակարդակով քաղաքական երկխոսության վերսկսման համար։  Այս մասին Վալենտինա Մատվիենկոն նշել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ։ «Մեր հայ բարեկամներ, գործընկերներ, ես կրկին անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում ձեզ Հայաստան այցելելու հրավերի, հանձնաժողովների նախագահների, խորհրդարանների նախագահների մակարդակով երկխոսությունը վերսկսելու հնարավորության համար։ Մենք ուրախ ենք որոշակի ժամանակահատվածից հետո վերսկսել քաղաքական երկխոսությունը խոսնակների մակարդակով»,-ասել է Մատվիենկոն՝ դիմելով Սիմոնյանին։  Մատվիենկոն նաև հավելել է, որ այս երկխոսությունը տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում։ 
13:19 - 06 հունիսի, 2025
Մայիսի 28-ը միայն անցյալի մասին չէ․ Ալեն Սիմոնյան

Մայիսի 28-ը միայն անցյալի մասին չէ․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ. «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ: 1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո, վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը: Հայ ժողովուրդը, ապրելով իր առջև ծառացած բարդագույն ժամանակաշրջաններից մեկը, կարողացավ հավատալ իր ուժին ու ոտքի կանգնեց՝ կերտելով անկախ հանրապետություն: Չնայած նրան, որ Հայաստանի առաջին հանրապետությունը շատ կարճ կյանք ունեցավ, այն շրջադարձային էր մեր ազգային մտածողության տեսանկյունից ու խոր հետք թողեց ապագա սերունդների գիտակցության մեջ: Մայիսի 28-ը միայն անցյալի մասին չէ: Այն մեր ընթացքն է դեպի ապագա, դեպի կայուն, արդար և ուժեղ պետություն: Մեր սերունդն իր պատասխանատու դերակատարումն ունի՝ կառուցելու այնպիսի երկիր, որտեղ պետությունը ծառայում է քաղաքացուն, իսկ քաղաքացին իրեն զգում է պաշտպանված: Սա է մեր հանձնառությունը, որը, վստահաբար, համատեղ ջանքերով կյանքի ենք կոչելու: Փառք հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր նահատակներին: Շնորհավոր Հանրապետության տոնը, ազատ, անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի»:
10:45 - 28 մայիսի, 2025
«Արևմտյան ադրբեջանցիների» մասին հայտարարությունները արցախցիների քայլերի հայելային պատասխանն են. ԱԺ նախագահ
 |azatutyun.am|

«Արևմտյան ադրբեջանցիների» մասին հայտարարությունները արցախցիների քայլերի հայելային պատասխանն են. ԱԺ նախագահ |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է՝ Ալիևի պահանջած՝ «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի մասին հայտարարությունները արցախցիների քայլերի հայելային պատասխանն են: «Դե մենք էլ ենք չէ՞ տարածքային պահանջ բան անում, չէ՞, երբ որ Ղարաբաղի ներկայացուցիչները նոր, ինչ-որ, նախագահ են ընտրում իրանց համար, հետո ինչ-որ հայտարարություններ են անում: Մենք էդ չենք նկատում, բայց դրան ի պատասխան Ադրբեջանի արած քայլերը, ասում ենք՝ տեսա՞ք ինչ ասեցին», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահը: Համեմատությունը Սիմոնյանը տեղին է համարում։ Հայաստանի տարածքում եղե՞լ է «Արևմտյան Ադրբեջան», իշխող ուժի ներկայացուցիչը հայտարարում է՝ ոչ: Արցախ չի՞ եղել. տասնամյակներով միջազգային գերտերությունների հովանու ներքո Արցախի կարգավիճակի հարց է քննարկվել: «Ախր հայկական մոլորակից դուրս եկեք, այո, չի եղել, այո, չի եղել, ու չի էլ կարա լինի, ասեմ ավելին, հարցը դա չի: Բայց ինքը հայելային պատասխանում է, իմ ասածը դա է, իմ ասածը դա է», - հայտարարեց ԱԺ նախագահը՝ շարունակելով. - «Պետք է հասկանաք, որ բացի մեր ընկալումներից, որոնք ճիշտ են, սխալ են, կամ այլ ձևի են, իրենք էլ էդ ձևով են պատասխանում: Իմ ասածը հետևյալն է, որ այս քայլերը, այս հայտարարությունները իր հայելային արձագանքն է, էդքան բան: Ես ասում եմ՝ ինչու է ինքը դա անում, ես չեմ ասում՝ որն է ճիշտ, որն է սխալ»: Դիտարկմանը՝ «մինչև Արցախի խորհրդարանի նախագահի ընտրությունն էլ այդ «Արևմտյան Ադրբեջան» արտահայտությունները կային, այսինքն՝ երկու տարի առաջ է դա արել», Սիմոնյանն արձագանքեց. - «Ոչ, ոչ, խնդիրը կայանում է նրանում, որ ինքը հիմա փորձում է ու մշտապես փորձել է նույն բաները, ինչը իր ընկալմամբ արել ենք մենք, անի մեր հետ»: Ղարաբաղի հայերը մի օր, երբ անվտանգ կլինի, պետք է վերադառնան ու ապրեն իրենց տներում, կարծում է խորհրդարանի խոսնակը: «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին կոչ է անում մոռանալ, չի տեսնում հնարավորություն, որ ադրբեջանցիները գան ու ապրեն Հայաստանում. - «Ես դա չեմ տեսնում, որովհետև դա անվտանգային առումով այս պահի դրությամբ անհնար է»: Բայց այլ կանխատեսում է Սիմոնյանն անում՝ խաղաղության պայմանագիրը կնքելուց հինգ րոպե հետո Հայաստանի ու Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել. ինքն, օրինակ, Ադրբեջանից գազ կառներ: «Երբ որ կլինի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել Բաքվում, մնացածը կարող են վերադառնալ էն գյուղերը, որը որ ժամանակին իրենք ապրել են Հայաստանի տարածքում, ասենք, չգիտեմ, հիմա ո՞նց են հայերը ապրում Վրաստանում, նույն տրամաբանության մեջ: Այսինքն, մենք որ ասում ենք խաղաղություն, պատկերացնում ենք խաղաղություն, բայց մենք իրար բարև չենք տալիս և իրար չենք նայում, հինգ րոպե հետո, խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո Հայաստանի Հանրապետության բնակիչները և Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել, առևտուր անել, իրար հետ բոլոր հնարավոր ձևերով կոմունիկացվել և շփվել», - վստահ է Ազգային ժողովի նախագահը: «Առևտուր են անելու: Ժողովուրդ, Ղարաբաղի շրջափակման ժամանակ նույնիսկ առևտուր է եղել, շրջափակման ժամանակ, անուններ չտամ, կարող եմ անուններ տալ, Ղարաբաղի որոշ ներկայացուցիչներ, չէ, չէ, կոնյակով չեն գոյատևում, կոնյակի մասին է խոսքը, կոնյակ են վաճառել, փող են վերցրել, առևտուր են արել: Վերջացրեք, մի ապրեք հեքիաթների մեջ, որ առևտուր չի լինելու, տենց պատ ենք կառուցելու, իրար բարև չտանք», - շարունակեց Սիմոնյանը: Խաղաղության պայմանագիրը ստորագրելու ազդակներ Ադրբեջանից կա՞ն. Ալեն Սիմոնյանն ասաց՝ խոսակցությունը շարունակվում է, իսկ հայ - ադրբեջանական սահմանին ԱՄՆ պետքարտուղարի հայտարարած հնարավոր էսկալացիայի մասին տեղեկության, պնդեց, չի տիրապետում։ 
17:12 - 27 մայիսի, 2025
Ո՛չ արևմտամետ ենք, ո՛չ՝ ռուսամետ, մենք հայամետ ենք, ՀՀ-ի ռեալ օրակարգն ենք սպասարկում. Ալեն Սիմոնյան
 |1lurer.am|

Ո՛չ արևմտամետ ենք, ո՛չ՝ ռուսամետ, մենք հայամետ ենք, ՀՀ-ի ռեալ օրակարգն ենք սպասարկում. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: Մենք ո՛չ արևմտամետ ենք, ո՛չ ռուսամետ ենք, մենք հայամետ ենք, և ՀՀ-ի ռեալ օրակարգն ենք սպասարկում: Չի կարելի մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղությունն ընկնել: Այդ մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ՌԴ-ից և ԵՄ երկրներից բարձրաստիճան պաշտոնյաների այցելություններին ՀՀ: Այս համատեքստում ԱԺ խոսնակն ընդգծեց՝ պետք է եղած հարցերը բարձրաձայնել, միաժամանակ Հայաստանի անվտանգության համակարգի ու տնտեսության համար նոր ճանապարհներ փնտրել: «Այն խնդիրները, այն հարցերը, այն հարցադրումները, որոնք կան մեր ռուս գործընկերների նկատմամբ, օրակարգից դուրս չեն եկել: Այնուամենայնիվ, ո՞րն է ՀԱՊԿ-ի սահմանը, այնուամենայնիվ, ինչո՞ւ է ՀԱՊԿ-ը նույնիսկ քաղաքական համակարգով իրեն հեռու պահել (ՀՀ-ում և ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունների համատեքստում - խմբ.), այդ ՀԱՊԿ երկրներից մեկը հայտարարել էր, որ իրենք միասին հաղթեցին Հայաստանին. դա ու էլի շատ ու շատ հարցեր դուրս չեն եկել,- ասաց Ալեն Սիմոնյանը և հավելեց,- այնուամենայնիվ, լավ բան չէ երկիրն ամբողջությամբ 1 խողովակից կախելը և 1 ճանապարհով երկրի [ընթացքը] ապահովելը: Ասում եմ՝ կարևոր չէ, թե դա որ ճանապարհն է. չի կարելի լինել միայն արևմտամետ, չի կարելի լինել միայն ռուսամետ, պետք է քո երկրի շահերն ունենաս»: Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը և այլ երկրներ ունեն իրենց օրակարգը, տեսլականն ու շահերը, իսկ ՀՀ դիվանագիտության, քաղաքական գործչի գործունեության իմաստը, ըստ Ալեն Սիմոնյանի, այն է, որ այս բոլորի ցանկությունների մեջ սպասարկի հայկական ցանկությունը: «Ռուսամետները գալու են, ասեն՝ ո՛չ, միայն Ռուսաստան, եվրոպամետները գալու են, ասեն՝ ո՛չ, միայն Եվրոպա, իսկ այդ ընթացքում Հայաստանը պետք է այդ ծանր, երկու կամ երեք, չորս բևեռների միջով տանի առաջ,- ասաց նա և հավելեց.- Կարո՞ղ եք ասել աշխարհում գոյություն ունեցող 1 երկիր, որն ամբողջությամբ քաղաքական 1 գիծ է վարում: Նման երկրները դադարում են գոյություն ունենալ: Քաղաքական առումով այդ երկրները դառնում են ծայրագավառներ և դադարում են գոյություն ունենալ: Դրա օրինակները չեմ ուզում բերել, բայց շատ վատ օրինակներ են: ՀՀ-ն շատ լավ ու բարի հարաբերություններ է ունենալու Ֆրանսիայի հետ, ԱՄՆ-ի հետ, փորձելու է իր հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի հետ, բայց չի նշանակում, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը կամ որևէ մեկը պետք է իրենց դրածոներին փորձեն այստեղ իշխանություն սարքել, հայկական տնտեսությունն իրենցով սարքել: Դրա համար պետք է բալանսավորել: Այլ ծայրահեղության մեջ պետք չէ ընկնել»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահը:
13:06 - 27 մայիսի, 2025
10 000-ից ավելի հետախուզվող կա, որոնք ՀՀ-ում խուսափել են բանակից. Ալեն Սիմոնյանը՝ Հայկ Սարգսյանի նախագծի մասին
 |1lurer.am|

10 000-ից ավելի հետախուզվող կա, որոնք ՀՀ-ում խուսափել են բանակից. Ալեն Սիմոնյանը՝ Հայկ Սարգսյանի նախագծի մասին |1lurer.am|

1lurer.am: Մեր նպատակը պրոֆեսիոնալ բանակ ունենալն է: Ինչպես մնացած նորմալ երկրներում է, մարդիկ, որոնք կցանկանան իրենց կյանքը նվիրել զինծառայությանը, կստանան բարձր աշխատավարձ և կգնան, կդառնան զինվորական: Դա վերջնանպատակն է: Հիմա այս ընթացքում կան քննարկումներ, ես այդ քննարկումների մեջ չեմ մտնելու: Այդ մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծին, որի փոփոխություններից մեկի համաձայն՝ առաջարկվում է կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում 24 մլն դրամ, 4 ամսվա դեպքում՝ 18 մլն դրամ:  «10 հազարից ավելի հետախուզվող կա, որոնք ՀՀ-ում խուսափել են բանակից»,- ասաց ԱԺ նախագահը և պարզաբանեց, թե վերջնանպատակը պետք է լինի լիակատար պրոֆեսիոնալ բանակը, որտեղ ծառայելու ցանկություն ունեցողները ծառայությանը կվերաբերվեն որպես մասնագիտություն: Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ օրենքը կարող է որոշակի փոփոխությունների ենթարկվել, քանի որ կան հարցեր, որոնք քննարկման փուլում են, բայց նաև ընդգծեց, թե այն իրավիճակը, որ եղել է և կա մեր երկրում տասնամյակներ շարունակ, պետք է փոխել: «Այն մարդիկ, որոնք գումարով փորձել են երեխաներին ազատել բանակից, դա արել են: Նոր որակում տալու որևիցե կարիք չկա, դրա դեմ պայքարը նույնպես տարվում է և տարվելու է»,- ասաց նա:
12:28 - 27 մայիսի, 2025
Անընդունելի է 2025թ-ին նման դրսևորումներ տեսնելը. Անիտա Դիմիտրիուն՝ Բաքվում հայ գերիների շինծու դատավարության մասին |armenpress.am|

Անընդունելի է 2025թ-ին նման դրսևորումներ տեսնելը. Անիտա Դիմիտրիուն՝ Բաքվում հայ գերիների շինծու դատավարության մասին |armenpress.am|

armenpress.am: Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն անընդունելի է համարում 2025 թվականին ադրբեջանական կողմի դրսևորումները, հայ գերիների շինծու դատավարությունը:  Անիտա Դիմիտրիուն նման դիրքորոշում հայտնեց Հայաստանի ԱԺ նախագահի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ու Բաքվող ընթացող շինծու դատավարության վերաբերյալ հարցին: Նա ընդգծեց, որ այդ չափազանց զգայուն հարցի վերաբերյալ Կիպրոս դիրքորոշումը նույնն է, ինչ Հայաստանինը: «Այսինքն՝ մենք չենք կարող համաձայնել այն ամենինը, ինչ հակադրվում է միջազգային իրավունքին, մարդու իրավունքներին: Եվ դա մեր սկզբունքային դիրքորոշումն է յուրաքանչյուր հարցի շուրջ»,-ասաց Դիմիտրիուն: Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը հույս հայտնեց, որ տեղի ունեցողն իր հանգուցալուծումը կգտնի: «Իսկապես անընդունելի է, որ 2025թ մենք քննարկում ենք կամ տեսնում ենք նմանատիպ դրսևորումներ և պատկեր»,-շեշտեց նա: Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով:
13:10 - 19 մայիսի, 2025
Չի բացառվում, որ քննարկումներն ապագայում կշարունակվեն Փաշինյան-Ալիև մակարդակով․ Ալեն Սիմոնյան
 |civilnet.am|

Չի բացառվում, որ քննարկումներն ապագայում կշարունակվեն Փաշինյան-Ալիև մակարդակով․ Ալեն Սիմոնյան |civilnet.am|

civilnet.am: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ հայ-ադրբեջանական քննարկումներն ապագայում կշարունակվեն երկրների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների ձևաչափով։ «Դա լավ նորություն է։ Նման գործընթացներն ուղղված են խաղաղության պայմանագրի կնքման տեղի, ժամի հետ կապված»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Սիմոնյանը։ ԱԺ նախագահի վստահեցմամբ, հայկական կողմը, և միջազգային բազմաթիվ գործընկերներ աշխատանքներ են տանում, որպեսզի իրականություն դարձնեն խաղաղության պայմանագրի կնքումը։ Անդրադառնալով Ադրբեջանի նախապայմաններին, առանց որոնց կատարման Բաքուն չի ստորագրի խաղաղության պայմանագիրը, Ալեն Սիմոնյանը նշել է, որ այդ նախապայմանները չեն կարող փակուղային լինել։ «Ադրբեջանի նախապայմանները, մեր ընկալմամբ, չեն կարող և չպետք է խոչընդոտել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Հայկական իրավական դաշտում գորություն չունի նման խնդիր, որն այսօր հնչեցնում է Ադրբեջանը»,- ասել է Սիմոնյանը։ Բաքուն Երևանից պահանջում է փոխել Սահմանադրությունը, ասելով, թե իբր այն իր մեջ տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ։ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մայիսի 16-ին տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Փաշինյանն ու Ալիևը կարևորել էին Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։
13:09 - 19 մայիսի, 2025