Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 25-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի փոխնախագահ Մուհամմադ Ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակությանը:
«Սիրիացի ժողովուրդն ավելի քան մեկ դար առաջ ապաստան տվեց Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին: Հատկանշական է, որ ձեր այցն այն օրերին է, երբ մենք նշում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը»,- ողջունելով պատվիրակությանը` նշել է ԱԺ նախագահը:
Զրուցակիցները փաստել են հայ-սիրիական սերտ հարաբերությունների մասին` հիմնված ընդհանուր պատմության եւ արժեքների վրա:
Երկուստեք ընդգծվել է Սիրիա-Հայաստան խորհրդարանական դիվանագիտության արդյունավետ փոխհամագործակցության կարեւորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում:
Քննարկվել են Հայաստան-Սիրիա միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարները, Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը:
Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն:
«Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը նոր մարտահրավերներ է առաջ բերում թե՛ Հայաստանի, թե՛ Սիրիայի համար, ինչը պահանջում է նոր որակ հաղորդել երկկողմ հարաբերություններին: Այս համատեքստում կարեւորում ենք Սիրիայի հետ ակտիվ համագործակցությունը խաղաղության գործընթացում»,- ասել է ԱԺ նախագահը:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
comment.count (0)