Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 12․08․20 (թարմացվող)
22:57 - 12 օգոստոսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 12․08․20 (թարմացվող)

22։15- Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով օգոստոսի 11-ի դրությամբ կայացվել է 5,071 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել՝  65,403 ստուգում, որից միայն 573-ը՝ նշված օրը:

 

21։48- Այսուհետ ՀՀ տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կա՛մ ինքնամեկուսանալ 14 օրյա ժամկետով, կա՛մ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։ [ՀՀ պարետ Տիգրան Ավինյան]

 

20։14- ԱՀ նախագահի ստորագրած հրամանագրի համաձայն` Արցախում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 22-ը ներառյալ:

 

17։56- Կառավարության կողմից սոցիալական աջակցության ծրագրերը, մասնավորապես՝ 20-րդ և 22-րդ, նախատեսում են միանվագ դրամական օգնության տրամադրում այն քաղաքացիներին, որոնք կա´մ զրկվել են աշխատանքից, կա´մ տուժած ոլորտի աշխատակիցներ են: Եթե քաղաքացին աշխատանքը կորցրել է մարտին՝ 5 ամիս առաջ, այդ ընթացքում ստացել է 68 000 աջակցություն, որը ամսական մոտ 13 000 դրամ է կազմում: Մեկ ամսվա ընթացքում գոյություն պահպանելու համար այդ գումարը բավարար չէ։ [«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյան]|tert.am| 

 

17։47- Ռեմդեսիվիր» դեղը նշանակվում է հիվանդանոցային պայմաններում, բժշկի ցուցումով COVID-19 հիվանդության ծանր կամ ծայրահեղ ծանր ընթացքով պացիենտներին: Ծանոթանալով դեղի ցուցումներին և հակավիրուսային բուժման հնարավոր կողմնակի ազդեցություններին`պացիենտը կամ վերջինիս օրինական ներկայացուցիչը ստորագրում է բուժում ստանալու վերաբերյալ «համաձայնության թերթիկը։ Սահմանվել են կորոնավիրուսով վարակված պացիենտների բուժումը «Ռեմդեսիվիր»-ով իրականացնելու դրույթները։

 

17։37- Այս փուլում Զինված ուժերում և այնտեղ հայտարարված կարանտինի հետ կապված փոփոխություններ չեն սպասվում, բայց դրական դինամիկայի պահպանման պարագայում, այստեղ նույնպես որոշակի մեղմացումներ հնարավոր կլինի իրականացնել։ [Տիգրան Ավինյան] |armenpress.am|

 

15։01- Այս պահին ուղևորահոսքն ապահովելու նպատակով սահմանների բացման վերաբերյալ քննարկումներ ունենք Ռուսաստանի Դաշնության հետ։ Սա երկկողմանի ֆորմատով է արվում։ Ցամաքային սահմանների մասով դեռևս քննարկումներ չկան ո՛չ Վրաստանի, ո՛չ էլ Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Դեռևս նույն ռեժիմն ու նույն սահմափակումները պահպանվում են։ Այլ երկրներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտք գործելու հնարավորությանը, այդ թվում՝ զբոսաշրջային նպատակներով, ապա նման հնարավորության սահմանումը կոնկրետ պետության իրավական կարգավորումների դաշտում է։ [Տիգրան Ավինյան]

 

14։46- Առաջիկայում որոշ վայրերում կվերանայվեն դիմակի կրման պարտադիր պայմանները։ Հանվելու է անձնական ավտոմեքենաներում դիմակ կրելու պարտադիր պահանջը, փոխարենը պահպանվելու են հանրային տրանսպորտում և տաքսիներում դիմակների կրման պայմանները։ Վերանայվելու է բացօթյա որոշ հանրային տարածքներում, օրինակ՝ բնության գրկում, անտառում, դիմակ կրելու պահանջը: Շուտով այս որոշումը կհրապարակվի։ [Տիգրան Ավինյան]

 

14։46- Թատերահամերգային ու մշակութային միջոցառումներն այս փուլում կթույլատրվեն միայն բաց տարածքներում։ [Տիգրան Ավինյան]

 

14։45- Գրադարաններն ու թանգարանները նույնպես բացվում են։  Առաջիկայում կհրապարակվի ուղեցույցը, թե ինչ կանոններով պետք է դրանք աշխատեն: [Տիգրան Ավինյան]

 

14։44- Բուհերում դասերը վերսկսելու ժամկետների մասով որոշումներ կկայացվեն հաջորդ շաբաթ։ Մշակվում են կրթության ոլորտի գործունեության մանրամասն կանոնները, որոնք կհրապարակվեն առաջիկա օրերին։ [Տիգրան Ավինյան]

 

14։18- «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կներկայացնի «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծ, քանի որ մենք գտնում ենք, որ արտակարգ դրության երկարաձգումը վնաս է հասցնում երկրի բոլոր ոլորտներին, մինչդեռ ողջամիտ սահմանափակումները կարող ենք շարունակել պահպանել «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով։ [Էդմոն Մարուքյան]

 

12:09- Հույս ունեմ՝ վերջին անգամ ենք երկարացնում արտակարգ դրության ժամկետը։Դիմակների պատշաճ կրման դեպքում կարող ենք արձանագրել, որ կորոնավիուսի հետ կապված խնդիրը լուծել ենք։ Մենք այսօր շանս ունենք աշնանն ընդհանրապես լինել բոլորովին ուրիշ վիճակում՝ հաղթահարման վիճակում՝ անկախ նրանից, թե աշխարհում ինչ կկատարվի։ Այն դեպքում, եթե սովորենք ապրել կորոնավիրուսի հետ։ Դա նշանակում է մեկ բան՝ դիմակի կրման բացառիկ կարգապահություն։ [Նիկոլ Փաշինյան]

 

11։54- Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը, ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը՝ որոշակի կանոնների պահպանմամբ՝ մասնավորապես անհրաժեշտ է դիմակի կրումը և սոցիալական հեռավորության պահպանումը առնվազն 1.5 մետր։ Մեղմացվել են ընտանեկան արարողությունների և ժամանցային բնույթի միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու և դրանց մասնակցելու սահմանափակումները՝ թույլատրելով դրանց կազմակերպումը և մասնակցությունը թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում, բայց ոչ ավելի, քան 40 մասնակցով և պահպանելով պարետի կողմից ներկայացված անվտանգության կանոնները։ [Ռուստամ Բադասյան]

 

11։48- Կառավարությունը հաստատեց Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու որոշումը։ Այն կերկարացվի մինչև սեպտեմբերի 12-ը ժամը 17։00։ Ազգային ժողովն այսօր հարցի վերաբերյալ կգումարի արտահերթ նիստ։

 

11։14- Ունենք նաև ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնող քաղաքացիների թվի նվազում, որը իհարկե դեռ տատանվում է մոտ 300-ի շրջանակներում։ Ռեանիմացիոն հիվանդները շատ երկար են պառկում ռեանիմացիոն պալատներում, դրա համար է այս թիվը դանդաղ իջնում։ Ամփոփելով կարող եմ ասել, որ հաղթահարման փուլը շարունակվում է, և մեր ջանքերը մեր դրած կանոններին հետևելու իմաստով՝ իր արդյունքները տալիս են։[Արսեն Թորոսյան]

 

11։07- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 59 (տղամարդ), 64 (կին) և 60 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]

 

10։57- Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 231-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 19, ընդհանուր մեկուսացված է 42 քաղաքացի: [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

10։48- Օգոստոսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 40794 դեպք, որոնցից 33492-ն` առողջացած, 806-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6262 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 179032 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսի հաստատված 201 նոր դեպք և 335 առողջացած։ Մեկ օրում իրականացվել է 1710 թեստավորում։  [ՀՀ ԱՆ]

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 12․08․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 11․08․20 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել