COP-29 համաժողովն Ադրբեջանում անցկացնելը երեսպաշտության ծայրահեղ դրսևորում է. Գրետա Թունբերգ |armenpress.am|
16:06 - 14 նոյեմբերի, 2024

COP-29 համաժողովն Ադրբեջանում անցկացնելը երեսպաշտության ծայրահեղ դրսևորում է. Գրետա Թունբերգ |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանը մի կողմից ցանկանում է հանդես գալ որպես շրջակա միջավայրի պաշտպան, սակայն մյուս կողմից ցանկանում է ընդլայնել գազի ու նավթի արդյունահանումը։   

Այդ կարծիքը Հայաստանի ամերիկյան համալսարանում «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և բնապահպանության վրա» թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտնեց քաղաքական ակտիվիստ և բնապահպան Գրետա Թունբերգը, ով հրապարակավ հրաժարվել է մեկնել Բաքու՝ բոյկոտելով COP-29 համաժողովը։  

«Իմ դիրքորոշումը շատ պարզ է։ Կլիմայի վերաբերյալ հիմնական սկզբունքն այն է, որ իմ և շատ ուրիշ ակտիվիստների օրակարգերը բոլորովին անհամատեղելի են ադրբեջանական կողմի օրակարգի հետ և հակասում են այն իրականությանը, որն առկա է Ադրբեջանում։ Պարզապես սրտխառնոց է առաջանում, երբ ականատես ենք լինում նման երկերեսանիության ու կեղծավորության։ Այն, որ COP-29 համաժողովը տեղի է ունենում Ադրբեջանում, ուղղակի երեսպաշտության ծայրահեղ դրսևորում է»,- ասաց Թունբերգը։  

Նրա կարծիքով՝ Ադրբեջանը կարողանում է ոչ միայն սարսափելի հանցագործություններ կատարել և չպատժվել, այլև նրա առջև միջազգային հարթակում դռներ են բացվում՝ օրինականացնելով այդ երկրում մարդու իրավունքների սահմռկեցուցիչ խախտումները։ 

«Աշխարհը լուռ է և լռելյայն Ադրբեջանին ընձեռում է նման կերպ վարվելու հնարավորություն։ Սա միակ դեպքը չէ։ Մենք պետք է դադարենք ձևացնել ու չտեսնել, որ կլիմային նվիրված համաժողովն անցկացվում է այնպիսի երկրում, որտեղ ռեպրեսիվ մոտեցումներ կան, որտեղ ճնշվում է սեփական ժողովուրդը։ Իրավապաշտպաններն ու էկոակտիվիստներն այդ երկրում ասում են, որ իրենք ապրում են ինչպես բանտում, որ պետությունը չի պաշտպանում իրենց իրավունքները։ Մենք այսօր խոսում ենք խնդրի մասին, մինչդեռ այնտեղ քաղհասարակությունը շարունակաբար ենթարկվում է ճնշումների։ Ովքեր կողմ են փոփոխություններին և խոսում են այդ մասին, նրանց ձայները հետևողականորեն լռեցվում են»,- ասաց Թունբերգը։ 

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտմանը՝ շվեդուհի ակտիվիստը շեշտեց, որ Ադրբեջանը միանշանակ պատասխանատու է դրա համար։ Ըստ նրա՝ շարունակական տառապանքները, որոնց միջով անցել են հայերն Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով, ինչպես նաև խոշտանգումներն ու բռնի տեղահանումները, ֆիզիկական և հոգեբանական վայրագությունները բացարձակապես անընդունելի և անհանդուրժելի են։

«Ցավալի է, որ աշխարհը շարունակում է լուռ մնալ և թույլ է տալիս Ադրբեջանին նման համաժողովի անցկացմամբ կոծկել իր հանցագործությունները։ Ադրբեջանն, անշուշտ, ցանկանում է ընդլայնել նավթի ու գազի արդյունահանումը։ Շատ երկրներ, որոնք ներկրում են այդ էներգակիրներն Ադրբեջանից, հետևողականորեն աչքաթող են անում նրա վարքագիծը։ Եթե մենք պայքարում ենք արդարության համար, ապա դա հավասարապես պետք է տարածվի բոլորի վրա։ Պետք է լինի արդարադատություն բոլորի համար»,- եզրափակեց Թունբերգը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել