Ազգային ժողովի որոշ պատգամավորներ խախտել են հայտարարագրեր ներկայացնելու ժամկետները
20:05 - 31 հունվարի, 2022

Ազգային ժողովի որոշ պատգամավորներ խախտել են հայտարարագրեր ներկայացնելու ժամկետները

ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների կողմից իրենց գույքի եւ եկամուտների հայտարարագրեր ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետներում որոշակի խախտումներ են առկա։

2022 թվականի հունվարի սկզբին Infocom-ը ուսումնասիրեց հայտարարագրերի ռեեստրում 8-րդ գումարման Ազգային ժողովի բոլոր պատգամավորների էջերը հասկանալու համար՝ նրանցից յուրաքանչյուրը օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում ներկայացրե՞լ է արդյոք իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը։ Արդյունքում պարզվեց, որ հունվարի 12-ի դրությամբ 9 պատգամավորների անվանական էջերում բացակայում են որոշ հայտարարագրեր։ Խոսքը վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Դավիթ Դանիելյանին, Խաչատուր Սուքիասյանին, Վիգեն Խաչատրյանին, Գուրգեն Մելքոնյանին, Մերի Գալստյանին, Հակոբ Ասլանյանին, Կարեն Համբարձումյանին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին եւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանին։ 

Մասնավորապես, Վիգեն Խաչատրյանի, Խաչատուր Սուքիասյանի, Հայկ Մամիջանյանի եւ Գուրգեն Մելքոնյանի էջերն ամբողջովին դատարկ էին, թեեւ նրանք պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում պարտավոր էին ներկայացնել պաշտոնեական լիազորությունները ստանձնելու հայտարարագիր՝ համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի։ 8-րդ գումարման ԱԺ-ն, ինչպես հայտնի է, ձեւավորվել է 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում, իսկ պատգամավորները իրենց լիազորությունները ստանձնել են օգոստոսի 2-ին առաջին նիստի երդման արարողությամբ։ Այսինքն՝ օգոստոսի 2-ից սկսած՝ նրանք ունեին մեկ ամիս ժամանակ պահանջվող հայտարարագրերը ներկայացնելու համար։

Հունվարի 12-ի դրությամբ Վահե Հակոբյանի էջում առկա վերջին հայտարարագիրը 2018 թվականին Սյունիքի մարզպետի լիազորությունները դադարեցնելու հայտարարագիրն էր։ Համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի՝ եթե հայտարարատու պաշտոնատար անձը պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիրը ներկայացնելուց հետո մինչեւ տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը նշանակվում (ընտրվում) է նույն օրենքին համապատասխան հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոնում, ապա նա պաշտոնեական պարտականություններն ստանձնելու հայտարարագիր չի ներկայացնում: Քանի որ Վահե Հակոբյանը պատգամավոր է ընտրվել պաշտոնեական լիազորությունները դադարեցնելուց 3 տարի անց, օրենքի այս դրույթը նրա դեպքում կիրառելի չէ, ուստի նա եւս պետք է ներկայացներ պաշտոնեական լիազորությունները ստանձնելու հայտարարագիր։

Պատգամավորներ Մերի Գալստյանի, Հակոբ Ասլանյանի եւ Կարեն Համբարձումյանի էջերում էլ նույն օրվա դրությամբ բացակայում էին 2020 թվականի տարեկան հայտարարագրերը, որոնք պետք է ներկայացված լինեին մինչ 2021 թվականի մայիսի 31-ը՝ համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի։

Ինչ վերաբերում է Դավիթ Դանիելյանին, նա 2020 թվականի նոյեմբերի 30-ին դադարեցրել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի օգնականի լիազորությունները, որից հետո՝ 2021 թվականի հունվարի 27-ին, նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, որից հետո էլ՝ 2021 թվականի հունիսի 20-ին, ընտրվել է ԱԺ պատգամավոր։ Հաշվի առնելով նույն՝ 36-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը՝ Դանիելյանը ԿԳՄՍ-ում պաշտոնը դադարեցնելու հայտարարագիրը պիտի ներկայացներ 30-օրյա ժամկետում, այսինքն՝ մինչ 2020 թվականի դեկտեմբերի 30-ը, սակայն հայտարարագրում առկա տվյալների համաձայն՝ այն ներկայացվել է 2021 թվականի օգոստոսի 12-ին, այսինքն՝ պաշտոնը դադարեցնելուց գրեթե 9 ամիս անց։ Նույն դրույթի համաձայն՝ ՊՎԾ-ում աշխատանքի անցնելուց հետո՝ 30-օրյա ժամկետում, այսինքն՝ մինչ 2021 թվականի փետրվարի 27-ը, Դանիելյանը պիտի ներկայացներ նաեւ պաշտոնեական լիազորությունները ստանձնելու հայտարարագիր, որը, սակայն, նրա էջում բացակայում էր։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հունվարի 12-ին գրավոր հարցմամբ դիմեցինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ հետաքրքրվելով՝ արդյո՞ք պատգամավորները չեն ներկայացրել հիշյալ հայտարարագրերը, եթե այո, ապա նրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ հարուցվե՞լ է վարչական վարույթ, եւ կիրառվե՞լ է արդյոք պատասխանատվության միջոց թե՞ ոչ։ Հայտարարագրերը ներկայացրած լինելու պարագայում խնդրել էինք հայտնել պաշտոնական ռեեստրում դրանց հասանելի չլինելու պատճառները եւ տրամադրել այդ հայտարարագրերը կամ համապատասխան հղումները։

  • 8 պատգամավորից 6-ը Infocom-ի հարցումից հետո է ներկայացրել պահանջվող հայտարարագրերը

Մեր հարցմանն ի պատասխան՝ հունվարի 19-ին ԿԿՀ-ից տեղեկացրին, որ հիշյալ բոլոր պատգամավորները, բացառությամբ Դավիթ Դանիելյանի, ներկայացրել են պահանջվող հայտարարագրերը։ Լրացուցիչ գրավոր հարցմամբ խնդրեցինք հստակեցնել, թե յուրաքանչյուրը երբ է ներկայացրել, եւ եթե կան պատգամավորներ, որոնք հայտարարագրերը ներկայացրել են հիմնական ժամանակի ավարտից հետո լրացուցիչ ծանուցում ստանալու արդյունքում միայն, ապա երբ են ուղարկվել այդ ծանուցումները։ Ի պատասխան այս հարցման՝ հունվարի 27-ին ԿԿՀ-ից հայտնեցին, որ հայտարարագրերը արդեն հասանելի են պաշտոնական ռեեստրում, եւ դրանցում արտացոլված են ներկայացնելու օրերը։

Ուսումնասիրելով այդ հայտարարագրերը՝ պարզ է դառնում, որ հիշյալ 8 պատգամավորներից 6-ը հայտարարագրերը ներկայացրել է մեր առաջին հարցումից՝ հունվարի 12-ից օրեր անց միայն։ Մասնավորապես, Խաչատուր Սուքիասյանը հայտարարագիրը ներկայացրել է 2022 թվականի հունվարի 16-ին, Վիգեն Խաչատրյանը, Գուրգեն Մելքոնյանը, Հակոբ Ասլանյանը, Կարեն Համբարձումյանը՝ հունվարի 17-ին, Մերի Գալստյանը՝ հունվարի 18-ին։ Ինչ վերաբերում է Հայկ Մամիջանյանին եւ Վահե Հակոբյանին, նրանք հայտարարագրերը ներկայացրել էին մեր հարցումից ավելի վաղ՝ համապատասխանաբար հունվարի 11-ին եւ հոկտեմբերի 27-ին։ 

Նախորդ տարվա հունիսի 7-ին ԿԿՀ-ն հայտարարեց, որ 2021 թվականի հունիսի 1-ին կամ դրանից հետո պաշտոն ստանձնած եւ պաշտոնը դադարեցրած հայտարարատու պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերի ներկայացման գործընթացը ժամանակավորապես կասեցվել է՝ հաշվի առնելով, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում փոխվել են հայտարարագրերի համապատասխան ձևանմուշները, իսկ 3 ամիս անց՝ սեպտեմբերի 9-ին, տեղեկացրեց, որ համակարգն արդեն վերագործարկվել է։ Միաժամանակ հանձնաժողովը հորդորեց հնարավորինս շուտ  կատարել օրենքով սահմանված հայտարարագրման պարտավորությունը՝ վերջնաժամկետ սահմանելով 2021 թվականի հոկտեմբերի 4-ը։ Ստացվում է, որ անկախ գործընթացի՝ տեխնիկակական պատճառներով կասեցումից՝ հիշյալ բոլոր պատգամավորները ժամկետի խախտմամբ են ներկայացրել իրենց հայտարարագրերը։

«Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 169․28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտարարատու անձը ենթարկվում է վարչական պատասխանատվության, եթե «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, Հանձնաժողովի գրավոր ծանուցման հիման վրա դարձյալ չի ներկայացնում հայտարարագիրը։

Մենք գրել էինք, որ օրենքի այս դրույթից հետեւում է, որ գրավոր ծանուցումը պիտի ուղարկվի հիմնական մեկամսյա ժամանակի լրանալուց հետո՝ այնպես, որ անձը դրա հիման վրա եւս մեկ ամիս ժամանակ ունենա՝ հայտարարագիրը ներկայացնելու համար։ Հարցազրույցի ընթացքում մեր այս հետեւությանը համաձայնել էր ԿԿՀ հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանը (ինչի վերաբերյալ ձայնագրությունն առկա է), այդ իսկ պատճառով մենք եզրակացրել էինք, որ վերոհիշյալ պատգամավորների դեպքում, բացառությամբ Վահե Հակոբյանի, հայտարարագրերը ներկայացվել են նաեւ այդ լրացուցիչ մեկամսյա ժամկետի ավարտից հետո, թեեւ նրանց նկատմամբ վարչական վարույթներ չեն հարուցվել։

Սակայն նյութի հրապարակումից հետո մեզ հետ կապ հաստատեց ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը, ով, մեկնաբանելով օրենքի այս դրույթը, նշեց, որ գրավոր ծանուցում ուղարկելու համար ժամկետ սահմանված չէ։ Նա նաեւ տեղեկացրեց, որ համակարգն ավտոմատացված չէ, հայտարարագրեր չներկայացնելու փաստն ինքնին չի արձանագրվում, եւ Հանձնաժողովը հայտարարատուներին ուղարկում է գրավոր ծանուցումը այն ժամանակ, երբ նկատում է, որ որեւէ հայտարարագիր բացակայում է։

Դրանից բացի, մենք հարցմամբ խնդրել էինք նշել՝ կա՞ն պատգամավորներ, որոնք համապատասխան հայտարարագիրը չեն ներկայացրել «Հանրային ծառայության մասին» օրենքի 36-րդ հոդվածով սահմանված ժամկետում, եւ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 169. 28-րդ հոդվածի համաձայն՝ նախքան վարչական վարույթ հարուցելը նրանց ուղարկվել է գրավոր ծանուցում՝ լրացուցիչ 30-օրյա ժամկետ տրամադրելու համար (կամ այդ մասին տեղեկացվել է էլեկտրոնային եղանակով կամ հեռախոսազանգով)։

Հարցմանն ի պատասխան՝ ԿԿՀ-ից տեղեկացրել են․ «Վերոնշյալ հայտարարատուները ծանուցվել են էլեկտրոնային եղանակով եւ հեռախոսազանգով, եւ քանի որ Հանձնաժողովի նպատակը հայտարարագրերը ստանալն է, իսկ նշված հայտարարատուները արդեն ներկայացրել են պահանջվող հայտարարագրերը, հետեւաբար հանձնաժողովում վարույթներ չեն հարուցվել»։ Քանի որ մեր հարցը վերաբերում էր լրացուցիչ 30-օրյա ժամկետ տրամադրելու համար ծանուցելուն, մենք ենթադրել ենք, որ ստացված պատասխանում Հանձնաժողովը նկատի է ունեցել հենց այդ ծանուցումը։ Սակայն Հայկուհի Հարությունյանի հետ զրույցում պարզ դարձավ, որ թյուրընկալում է տեղի ունեցել, եւ Հանձնաժողովը նկատի է ունեցել այն, որ հիշյալ պատգամավորներին ծանուցել են՝ տեղեկացնելու համար, որ իրենք այսուհետ հայտարարատու անձինք են, իսկ այդ ծանուցումը կատարվել է ուշ, քանի որ նրանց վերաբերյալ տեղեկությունը Հանձնաժողովին ուշ է փոխանցվել։

  • Տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ հայտարարագրերը ուշ են հրապարակվել

«Հանրային ծառայության մասին» օրենքի 43-րդ հոդվածը սահմանում է, որ հայտարարագիրը դրա հանձնման օրվան հաջորդող 5-րդ օրը հրապարակվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում։ Ուստի ԿԿՀ-ից խնդրեցինք պպարզաբանել նաեւ, թե որն է պատճառը, որ համեմատաբար ավելի վաղ ներկայացված հայտարարագրերը (օրինակ՝ Վահե Հակոբյանի կամ Հայկ Մամիջանյանի հայտարարգրերը) դարձյալ ժամկետի խախտմամբ են հրապարակվել։ Հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանը մեր զրույցում պարզաբանեց, որ բուն խնդիրը կապված է հայտարարատու անձանց անձնական տվյալների գաղտնիության ապահովման հետ (նույն՝ 43-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ապահովում է հրապարակման ոչ ենթակա տվյալների պաշտպանությունը)․ «Երբ նշվում է հայտարարատու անձի մարզը, համայնքը, փողոցը, շենքը, բնակարանը, Կառավարության որոշմամբ սահմանված կարգով որոշ դեպքերում փակվում է դրանց մի հատվածը, ոչ ամբողջությամբ, հրապարակելուց հետո, սակայն, նշված տվյալները կամ ամբողջությամբ էին փակվում, կամ ամբողջությամբ բաց էին մնում, երկու դեպքում էլ խնդիր է։ Քանի որ համակարգը վաղուց է ներդրված, արդիականացման խնդիր կա, եւ հիմա տեխնիկական մասնագետները աշխատում են, այդ պատճառով այդ գործընթացը մի փոքր ավելի երկար տեւեց»,- ասաց Հակոբյանը։ Մեր հարցին, թե ինչպես է, որ հայտարարատու այլ անձանց դեպքում նման խնդիր չի առաջացել, իսկ հիշյալ պատգամավորների դեպքում առաջացել է, Հակոբյանը պատասխանեց, որ դա եւս ծրագրային խնդիր է․ «Այնպես չէ, որ չի առաջանում, չենք բացառում, որ լինեն դեպքեր, երբ նման խնդիր լինի, պատահում է՝ հայտարարատուներն են բացահայտում, դիմում մեզ, պատահաում է՝ մենք ենք բացահայտում, լուծում տալիս, բայց հնարավորինս փորձում ենք խնդիրը լուծել, նոր հրապարակել, որպեսզի երկու կողմի համար էլ խնդիրներ չառաջացնենք»։

  • Դավիթ Դանիելյանի՝ ՊՎԾ-ում պաշտոնեական լիազորությունները ստանձնելու հայտարարագիրը մինչ օրս բացակայում է

Ինչ վերաբերում է Դավիթ Դանիելյանի կողմից ԿԳՄՍ-ում պաշտոնը դադարեցնելու հայտարարագիրը սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացնելուն, մեր հարցման պատասխանում նշել են, որ դա պայմանավորված է եղել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությամբ, որի պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ հոկտեմբերի 4-ից կասեցվել է հայտարարագրման էլեկտրոնային համակարգ մուտք գործելու հնարավորությունը։

Անդրադառնալով Դավիթ Դանիելյանի մեկ այլ՝ ՊՎԾ-ում պաշտոնեական լիազորությունները ստանձնելու վերաբերյալ հայտարարագիրը չներկայացնելուն՝ ԿԿՀ-ից հայտնել են, որ 2021 թվականի օգոստոսի 5-ին ԿԿՀ կայքում հրապարակվել է հայտարարագիր չներկայացրած անձանց ցուցակ, որտեղ առկա է նաեւ Դավիթ Դանիելյանի անունը՝ բացակայող հայտարարագրերի վերաբերյալ տեղեկություններով, սակայն 2022 թվականի հունվարի 18-ի դրությամբ Դանիելյանը դեռ չի ներկայացրել այդ հայտարարագիրը․ «Նշված հայտարարատուին ուղարկվել է ծանուցում՝ հայտարարագիրը օրենքով սահմանված կարգով 30-օրյա ժամկետում ներկայացնելու համար: Հայտարարագիրը նշված ժամկետում չներկայացնելու դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կհարուցի վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ»,- ասված է հարցման պատասխանում:

Նշենք, որ Դավիթ Դանիելյանի դեպքում եւս լրացել է ոչ միայն հայտարարագիր ներկայացնելու հիմնական ժամանակը, այլ նաեւ լրացուցիչ մեկամսյա ժամկետը։ Ավելին, դրա լրանալուց հետո՝ 2021 թվականի օգոստոսի 5-ի դրությամբ, Հանձնաժողովը նրա անունը ներառել է հայտարարագիր չներկայացրած անձանց ցուցակում, սակայն ծանուցում դարձյալ չի ուղարկել։ Հասկանալու համար, թե որն է դրա պատճառը, եւ ի վերջո երբ է Դավիթ Դանիելյանին ուղարկվել գրավոր ծանուցումը, Հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանին խնդրեցինք այս հանգամանքը եւս պարզաբանել։ Վերջինս մեր զրույցում շնորհակալություն հայտնեց խնդիրը վեր հանելու համար եւ տեղեկացրեց, որ Դանիելյանին եւս գրավոր ծանուցումն ուղարկվել է մեր հարցումից հետո՝ 2022 թվականի հունվարի 18-ին․ «Որոշ մասերով տեխնիկական խնդիրներ ենք ունեցել, որի արդյունքում տվյալները ամբողջությամբ չեն արտահանվել, նման բացթողումներ հնարավոր է լինեն, չեմ բացառում, դրա համար հիմա մենք աշխատում ենք նոր համակարգի ստեղծման վրա, պայմանագիրն արդեն կնքված է, ենթադրաբար առաջիկա մեկ տարվա ընթացքում նմանատիպ բոլոր հարցերը կկարգավորվեն, եւ հետագայում ավելի հստակ կկարողանանք ցանկացած տվյալ շատ ավելի սեղմ եւ հստակ ժամկետում տրամադրել»,- ասաց նա։ 

Հարցին՝  օրենքով կամ իրավական այլ ակտով ամրագրվա՞ծ է արդյոք, որ նախքան գրավոր ծանուցում ուղարկելը Հանձնաժողովը կարող է կամ պետք է իր կայքում հրապարակի համապատասխան հայտարարագրեր չներկայացրած անձանց ցուցակը, Հակոբյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ ոչ միշտ են այդպիսի ցուցակներ հրապարակում, իսկ հրապարակելու դեպքում այդպես են վարվում հայտարարատուներին լրացուցիչ ծանուցելու, ինչպես նաեւ հանձնաժողովի գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը ապահովելու համար։ Որպես կանոն՝ ցուցակը հրապարակելուց հետո հայտարարատու անձանց տալիս են մեկամսյա ժամկետ, որը լրանալուց հետո միայն, եթե հայտարարագրերը դարձյալ չեն ներկայացնում, օրենքով սահմանված կարգով ուղարկում են գրավոր ծանուցում։

Այսպիսով, մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ԱԺ որոշ պատգամավորներ խախտել են հայտարարագրերը ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետները, իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դրանք ուշ է հրապարակել՝ տեխնիկական խնդիրներով պայմանավորված։ 

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել