ԿԱՐԴԱԼԻՔ

Երբ բացվում էր երկաթե վարագույրը․ ինչպես էր ԽՍՀՄ-ն աշխատում Հայկական Սփյուռքի հետ | Հանրագիտ

Երբ բացվում էր երկաթե վարագույրը․ ինչպես էր ԽՍՀՄ-ն աշխատում Հայկական Սփյուռքի հետ | Հանրագիտ

Հայոց ցեղասպանության հետևանքով իրենց տունը հարկադրաբար լքած հայերը, հաստատվելով աշխարհի տարբեր երկրներում, հայրենիք վերադառնալու մտադրություններ ունեին։ Հայրենիքը նրանց համար ի սկզբանե միայն Արևմտյան Հայաստանն էր, սակայն հետզհետե խորհրդայնացած Հայաստանը ևս սկսեց որպես հայրենիք ընկալվել։ Այդ փոփոխությունը պայմանավորված էր մի շարք գործոններով, այդ թվում՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) վարած քաղաքականությամբ։ Խորհրդային Միության ու Հայկական սփյուռքի հարաբերությունների մասին է պատմում պատմական գիտությունների թեկնածու Հրածին Վարդանյանի և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Պատմության ֆակուլտետի ասպիրանտ Մարիամ Հակոբյանի՝ Diaspora studies պարբերականում հրապարակված հոդվածը։  Հետազոտողների խոսքով Խորհրդային Միության և Սփյուռքի հարաբերությունների մասին գիտական ուսումնասիրությունները մեծապես անդրադառնում են առանձին իրողությունների՝ հայրենադարձությանը, Երկրորդ համաշխարհային պատերազմին և այլն։ Հրածին Վարդանյանն ու Մարիամ Հակոբյանը Հայաստան-Սփյուռք հարաբերություններն ուսումնասիրել են որպես պետություն-սփյուռք գործակցության մոդել՝ հիմնվելով այդ հարաբերությունների ընդհանուր պատմության և  հիմնական զարգացումների վրա։   Նախքան Հայաստանի խորհրդայնացումը Հոդվածի առաջին հեղինակ, սփյուռքագետ Հրածին Վարդանյանն «Ինֆոքոմի» հետ զրույցում նշում է, որ Հայկական սփյուռքն առաջին հերթին ձևավորվեց Հայոց ցեղասպանությունից փրկված և աշխարհի տարբեր վայրերում բնակություն հաստատած հայերի կողմից։ Սակայն մինչ այդ էլ, գիտնականի խոսքով, գոյություն ուներ «հայկական գաղթաշխարհը», որը ցեղասպանությունից հետո համալրվեց հայության նոր խմբերով։  Հրածին Վարդանյանը Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարությունը գիտակցում էր Սփյուռքի կարևորությունը։ Հրածին Վարդանյանը նշում է՝ Առաջին Հանրապետությունը Սփյուռքի հետ աշխատանքի մի քանի հիմնական ուղղություն ուներ․ մի կողմից՝ նորանկախ Հայաստանի կառավարության համոզմամբ Արևելյան Հայաստանը պետք է դառնար ցեղասպանությունից փրկվածների վերադարձի հասցե, մյուս կողմից էլ Հայաստանն ինքը լավ վիճակում չէր, ուստի պետք էր դարերի ընթացքում ձևավորված, համակարգված և կայուն հայկական գաղթօջախների օժանդակությունը։  Հայաստանի Առաջին Հանրապետության կարճատև գոյությամբ պայմանավորված՝ այդ հարաբերություններում առանձնապես զարգացումներ տեղի չունեցան, իսկ նախաձեռնած ծրագրերը մնացին անավարտ: Հրածին Վարդանյանը, սակայն ընդգծում է, որ, թեկուզև կարճատև կյանքով, պետականության վերականգնումը 5 դար անց կարևոր ազդեցություն ունեցավ հայկական ազգային ինքնության վրա, մասնավորապես՝ սփռված հայությունը պետականազուրկ սփյուռքից վերածվեց պետականահեն սփյուռքի։   Ինչպե՞ս կապվեցին Խորհրդային Հայաստանն ու Սփյուռքը Խորհրդային գաղափարախոսության տարածման նպատակով դեռևս 1917-ին Խորհրդային Ռուսաստանում ստեղծվել էր տարբեր էթնիկ խմբերի հետ աշխատանքների համար նախատեսված Ազգությունների ժողովրդական կոմիսարիատը։ Սրա բաժանմունքներից մեկն էլ Հայկական գործերի կոմիսարիատն էր՝ Վահան Տերյանի տեղակալությամբ։ Կոմիսարիատն իր գրասենյակներն էր բացում այն վայրերում, որտեղ ցեղասպանության պատճառով հաստատվել էին մեծ թվով հայեր։ Աստրախանում, Սարատովում, Դոնի Ռոստովում և այլ վայրերում ստեղծված այս գրասենյակներն առաջին օգնություն էին ցուցաբերում գաղթյալներին՝ բացելով որբանոցներ ու հիվանդանոցներ, ինչպես նաև տարածում սոցիալիստական գաղափարախոսությունը ու հեշտացնում երկրում խորհրդային կարգեր հաստատելու գործընթացը։  Հրածին Վարդանյանը ԵՊՀ գրադարանում 1921-ին՝ Հայաստանի խորհրդայնացումից հետո, կոմիսարիատը դադարեցրեց իր գործունեությունը։ Այդ տարածքներում բնակվողները համարվեցին ԽՍՀՄ քաղաքացիներ՝ «ներքին սփյուռք», իսկ իշխանությունները Միության տարածքում չէին խրախուսում էթնիկ խմբերի ազգային-մշակութային կյանքի կազմակերպումը, ուստի ավելի վաղ ժամանակներում ձևավորված հայկական համայնքներն աստիճանաբար թուլացան և մարեցին:  Հոդվածում ներկայացվում է, որ խորհրդայնացումը փոխեց Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունները, ձևավորվեցին ինստիտուցիոնալ հարաբերություններ, որոնք նպաստեցին Սփյուռքի և Հայաստանի միջև ազգային, մշակութային ինքնությանն ուղղված աշխատանքների իրականացմանը։ Սրան զուգահեռ Հրածին Վարդանյանն ընդգծում է՝ ԽՍՀՄ-ը Հայկական սփյուռքի հետ համագործակցությունը դիտարկում էր միջոց՝ արտերկրում սեփական հեղինակությունը բարձրացնելու և խորհրդային կարգերի քարոզչություն իրականացնելու, ուստի պատահական չէ, որ դրա հետ մերձեցմանը նպաստող կառույցներ ստեղծվեցին։ Վերջիններս հասարակական կազմակերպություններ էին, սակայն, ինչպես նշում է հետազոտողը, ամբողջությամբ վերահսկվում էին պետության կողմից։ «Խորհրդային Հայաստանում պետություն-սփյուռք կապերն ապահովելու համար ստեղծված կառույցները, թեև ունեին հասարակական կազմակերպության կարգավիճակ, սակայն, բնական է, Խորհրդային Միությունում արտերկրի հետ առնչվող հաստատությունները պետք է գործեին խորհրդային իշխանությունների և հատուկ ծառայությունների աչալուրջ վերահսկողության ներքո: Ուստի, այդ հաստատությունների գործունեությունն, ըստ էության, հենց պետական քաղաքականություն էր»,- մանրամասնում է Հրածին Վարդանյանը։ Այդ կառույցներից առաջինը Հայաստանի օգնության կոմիտեն (ՀՕԿ) էր, որը ստեղծել էին Խորհրդային Հայաստանի իշխանությունները՝ բացահայտ նպատակ ունենալով Սփյուռքի համայնքներից նյութական աջակցություն ներգրավելու։ 1921-ին ստեղծված կոմիտեի գործունեությունն ի սկզբանե ուղղված էր Խորհրդային Հայաստանի վիճակի բարելավմանը․ սոցիալ-տնտեսական ծանր պայմաններն ու գաղթականների խնդիրները բարդ դրության մեջ էին դրել Հայաստանին։ Խորհրդային Միությունը գիտակցում էր՝ Հայաստանը գաղթավայրերի օգնության կարիքն ունի։ 1930-ականների սկզբին ՀՕԿ-ն արդեն 200 մասնաճյուղ ուներ թե՛ Միության տարածքի, թե՛ դրանից դուրս գտնվող երկրների հայկական համայնքներում։  Կոմիտեն ի սկզբանե իրեն ներկայացրել էր որպես անկուսակցական կառույց, սակայն աստիճանաբար Սփյուռքում սկսեց ընկալվել որպես Խորհրդային Միության գործիք, և Սփյուռքի ու ՀՕԿ-ի հարաբերությունները վատթարացան։ Ինչպես հոդվածում նշում են հետազոտողները, 1930-ականների կեսերին ՀՕԿ-ը որակվեց որպես օտարերկրյա գործակալների ու լրտեսների կազմակերպություն, իսկ դրա ղեկավար կազմի մեծ մասը դարձավ ստալինյան բռնաճնշումների զոհ․ նրանք հիմնականում գնդակահարվեցին։ 1937-ից մինչև Երկրորդ աշխարհամարտի սկիզբը Սփյուռքի հետ համագործակցությունը միառժամանակ դադարեցվեց։    Հայաստանն ու Սփյուռքը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո  Հոդվածում հեղինակները մանրամասնում են, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները վերականգնվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի հայկական ընկերության (ՄԿԸՀ, հայտնի էր նաև որպես АОКС, 1944) հիմնադրմամբ։ Այս կառույցին ավելի ուշ միացավ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն (ՍՀՄԿԿ, 1964)։ Սրանք ՀՕԿ-ի նման աշխատում էին հասարակական կազմակերպությունների տրամաբանությամբ։ Այս կառույցներն ապահովում էին մշակութային կապը, Հայաստանից գրքեր, թերթեր, լուսանկարներ, կինոֆիլմեր և այլ նյութեր էին ուղարկում հայաշատ համայնքներ, կազմակերպում մշակութային գործիչների այցելության ծրագրեր։  «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի 1965-ի համարներից մեկը պատմում է սփյուռքահայ ուսուցիչների՝ Խորհրդային Հայաստան այցի մասին Հետազոտողները հոդվածում առանձացնում են ՄԿԸՀ-ի հիմնադրած «Սովետական Հայաստան» թերթը, որն ուղարկվում էր Սփյուռք, և որտեղ մեծապես տեղ էին գտնում Խորհրդային Հայաստանին վերաբերող նյութեր, սակայն կային նաև ընդհանուր Խորհրդային Միության գիտական, տնտեսական և այլ ոլորտներին վերաբերող նվաճումներին անդրադարձներ։ Այս կառույցներն, աշխատելով Խորհրդային Միության հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, խստորեն պահպանում էին բոլոր սահմանափակումները, բայց միաժամանակ օգնում սփյուռքահայերին ազգային ինքնությունը վերագտնելու ու պահպանելու հարցում։ Խորհրդային Միությունը խրախուսում էր նաև սփյուռքահայ երիտասարդների՝ Հայաստանում կրթություն ստանալը։ 1957-ից նրանք կարող էին անվճար սովորել Խորհրդային Հայաստանի բուհերում։ Արդյունքում հազարավոր հայեր Մերձավոր Արևելքից կրթություն ստացան Հայաստանում՝ հիմնականում դառնալով ֆիզիկոսներ, ինժեներներ, հայ երաժշտության ու պարի ուսուցիչներ։ Հրածին Վարդանյանն ընդգծում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմն, ըստ էության, շրջադարձային էր, ոչ միայն Հայկական սփյուռքի hետ հարաբերությունների վերականգնման, այլև հարաբերությունների բնույթի փոփոխման առումով. եթե մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը իր սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման համար Խորհրդային Հայաստանն էր Սփյուռքից ռեսուրսներ ստանում, ապա հետպատերազմյան շրջանում Խորհրդային Հայաստանը, որը սոցիալ-տնտեսական բարգավաճում ապրեց 60-ականներին և հատկապես 70-ականներին, այլևս Հայկական սփյուռքից նյութական աջակցություն ստանալը առաջնահերթություն չէր համարում, ավելին՝ ինքն էր փորձում մշակութապես աջակցել Սփյուռքին:   Ովքե՞ր կարող էին այցելել Խորհրդային Հայաստան Հոդվածի հեղինակները մատնանշում են, որ խորհրդային իշխանությունները հայկական համայնքները բաժանում էին գաղափարական երկու հակառակ ճամբարների։ Ճնշող մեծամասնությունը բնութագրվում էր որպես «հայրենասեր» և «առաջադեմ», այսինքն՝ բարեհաճ տրամադրված դեպի ԽՍՀՄ-ը և Խորհրդային Հայաստանը, «մշտապես հետաքրքրված հայրենիքում տնտեսության, գիտության և մշակույթի զարգացմամբ»։ Այս ճամբարում էին Կոմունիստական, Հնչակյան և Ռամկավար կուսակցությունները և նրանց հետ առնչվող մշակութային, մարզական և ուսանողական կազմակերպությունները։  «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի 1977-ի համարներից մեկը պատմում է Սփյուռքի մշակութային գործիչների, այդ թվում՝ Վիլյամ Սարոյանի՝ ՀԽՍՀ այցի մասին Մյուս, այսպես կոչված, «ռեակցիոն», «ազգայնական» ճամբարը ներկայացնում էին Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) և նրա ազդեցության տակ գտնվող կազմակերպությունները։ Հենց այս վերաբերմունքով պայմանավորված էլ ընտրվում էին Հայաստան այցելողները։ ՄԿԸՀ-ից ու Մշակութային կապի կոմիտեից բացի՝ պատվիրակություններն ընտրվում էին նաև Ռամկավար ազատական և Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունների կողմից։ Ընտրող կառույցները հատուկ ուշադրություն էին դարձնում ոչ միայն մարդկանց անցյալին ու համայնքում ունեցած դերին, այլև ԽՍՀՄ-ի գաղափարների հանդեպ հավատարմությանը։    Դառնալով հայրենիք սփյուռքահայության համար Ցեղասպանությունից հետո աշխարհի տարբեր երկրներում հաստատված հայերը սկզբնական շրջանում Խորհրդային Հայաստանը չէին ընկալում որպես հայրենիք։ Նախ, ինչպես նշվում է հոդվածում, պատմականորեն որոշակի խզվածքներ կային Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող և Ցարական Ռուսաստանի տիրապետության տակ գտնվող հայության միջև։ Հայաստանի խորհրդայնացումից հետո էլ Սփյուռքը վերապահումներով էր մոտենում Խորհրդային Միության վարչակարգին։ Խորհրդային Հայաստանը որպես հայրենիք ընկալելու հարցում հոդվածի համահեղինակ Մարիամ Հակոբյանն ընդգծում է հասարակական կազմակերպությունների (ՀՕԿ, ՄԿԸՀ, ՍՀՄԿԿ) նշանակությունը։   «Դրանք այն հաստատություններն էին, որոնք իրենց գործունեությամբ կաթիլ առ կաթիլ Սփյուռքի մեջ փոխեցին վերաբերմունքը, որ կար Խորհրդային Հայաստանի նկատմամբ։ Կամաց-կամաց սփյուռքյան համայնքները Խորհրդային Հայաստանը սկսեցին դիտել որպես հայրենիք»,- նշում է գիտնականը մեզ հետ զրույցում։  Մարիամ Հակոբյանը, լուսանկարը՝ Մարսելի «Արամ» հետազոտության և հայկական հիշողության արխիվների միության Մարիամ Հակոբյանը հենց այս ընկալման փոփոխությամբ է պայմանավորում նաև ԽՍՀՄ-ի կենտրոնական իշխանությունների նախաձեռնած՝ 1946-1948-ի Մեծ հայրենադարձությունը, որը Սփյուռքից Հայաստան բերեց շուրջ 90 հազար մարդու։ Գիտնականը պարզաբանում է Մեծ հայրենադարձության շարժառիթները. պատերազմից հետո ԽՍՀՄ-ը կանգնած էր դեմոգրաֆիական լուրջ ճգնաժամի առջև, կար աշխատուժի պակաս, բացի դրանից՝ կարճ ժամանակով Մոսկվան դիտարկում էր տարածքային պահանջներ ներկայացնել Թուրքիային՝ Կարսի և Արդահանի նկատմամբ, ինչը ոգևորեց սփյուռքահայությանը։ Այս հանգամանքները դարձան հիմնական շարժիչ ուժ՝ տասնյակ հազարավոր սփյուռքահայերի՝ Հայաստան բերելու համար։ Սակայն Մեծ հայրենադարձությունը, Մարիամ Հակոբյանի խոսքով, կազմակերպչական բացեր ուներ․ հայրենադարձվածների հմտությունները, նախկինում ապրած սոցիալական ու մասնագիտական միջավայրը հաշվի չէին առնվում։ Հետազոտողի դիտարկմամբ սրա հետևանքը եղավ այն, որ շատերը կարճ ժամանակ անց ցանկացան լքել Խորհրդային Հայաստանը: Միաժամանակ, հետազոտողը շեշտում է՝ թեև հայրենադարձները  հիասթափվել էին՝ Խորհրդային Հայաստանի ծանր պայմանները տեսնելով, հայրենադարձությունը նպաստեց Հայաստանում ժողովրդագրական խնդրի լուծմանը և ակնառու հետք թողեց բոլոր բնագավառներում՝ կրթությունից ու գիտությունից մինչև կենցաղ:   Եկեղեցին՝ ԽՍՀՄ-Սփյուռք հարաբերություններում Հրածին Վարդանյանը, խորհրդային իշխանությունների անմիջական նախաձեռնությամբ ստեղծված կառույցներից զատ (ՀՕԿ, ՄԿՀԸ/АОКС, ՍՀՄԿԿ), պետություն-սփյուռք հարաբերություններում ընդգծում է Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) դերակատարումն ու գործունեությունը՝ մասնավորապես Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Մարիամ Հակոբյանը 2016-ից ուսումնասիրում է խորհրդային շրջանում Մայր Աթոռի և Սփյուռքի թեմերի գործունեությունը։ Նա նշում է՝ 1920-30-ականները եկեղեցու գոյության դժվարագույն շրջաններից էին, երբ մեկը մյուսի հետևից փակվում էին կրթամշակութային կենտրոններ, հալածանքներ էին սկսվում հոգևորականների նկատմամբ, բռնագրավվում էին Էջմիածնի գանձերը, ստալինյան բռնաճնշմանը զոհ էին գնում մի շարք եկեղեցականներ՝ ընդհուպ կաթողիկոս։ Այս շրջանում Էջմիածնի և Սփյուռքի թեմերի հաղորդակցությունը դժվար էր տեղի ունենում, նրանց միջև մեծ անդունդ կար։  Մարիամ Հակոբյանը մանրամասնում է՝ իրենց հետազոտության ընթացքում առանց արտասահմանյան հայագիտական կենտրոնների արխիվային փաստաթղթերի, միայն Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի վավերագրերի վրա հիմնվելով, ամբողջական ու իրական պատկերը չէին ունենա, քանի որ Էջմիածինը սուղ հնարավորություններ ուներ՝ տեղեկանալու Սփյուռքի կյանքի մասին։ Այդ պատճառով էլ Հրածին Վարդանյանն ու Մարիամ Հակոբյանը, բացի Հայաստանում արխիվային նյութերից, ուսումնասիրել են 20-րդ դարի խորհրդահայ և սփյուռքահայ մամուլը, Ֆրանսիայի Նուբարյան գրադարանի ու «Արամ» ասոցացիայի արխիվները։  Մարիամ Հակոբյանը՝ «Արամ» հետազոտության և հայկական հիշողության արխիվների միության գրադարանում, նկարը՝ ասոցիացիայի Սփյուռքահայության և եկեղեցու հարաբերությունների դժվարությունը հաշվի առնելով՝ կարելի է մտածել, որ Սփյուռքում Մայր Աթոռը հեղինակազրկված պետք է լիներ, սակայն Մարիամ Հակոբյանն ընդգծում է՝ այն հազվագյուտ դեպքերում, երբ 1920-30-ականներին Էջմիածնից որևէ հոգևորական կարողանում էր համայնքներ այցելել, սփյուռքահայ մամուլը «թնդում էր խանդավառությամբ»։ Հոդվածում հետազոտողները ներկայացնում են, որ խորհրդային իշխանությունների ու Մայր Աթոռի հարաբերությունների կարգավորման ու Հայաստան-Սփյուռք համագործակցության վերականգնման խարիսխը Երկրորդ համաշխարհային պատերազմն էր։ Խորհրդային Միությունը երկար ժամանակ Հայ առաքելական եկեղեցուն դիտարկում էր որպես «հակահեղափոխական երևույթ», սակայն հենց պատերազմի սկզբում Մոսկվան որոշեց ներգրավել նաև եկեղեցու ռեսուրսները, իսկ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ եկեղեցու՝ ֆաշիզմի դեմ պայքարը էլ ավելի նպաստեց նրան, որ Մոսկվան փոխի իր վերաբերմունքը ազգային-կրոնական հարցերի նկատմամբ։  Մարիամ Հակոբյանն  ընդգծում է, որ այդ առումով կաթողիկոսական տեղապահ Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանի կոչը՝ ուղղված Սփյուռքի հայերին, ուներ կարևոր շեշտադրումներ․ «Հայը՝ բացի Սովետական Հայաստանից՝ չունի այլ հայրենիք։ ․․․ Աջակցել Սովետական Միության, նշանակում է աջակցել հայրենիքին:»։ Հետազոտողն ընդգծում է՝ կաթողիկոսական տեղապահի ու մի շարք այլ հոգևորականների ուղերձները որոշիչ դեր կատարեցին Սփյուռքի ներգրավվման մեջ․ նրանց կազմակերպած դրամահավաքով ռազմադաշտ ուղարկվեց տանկային 2 շարասյուն։  «Էջմիածին» հանդեսի 1944-ի համարներից մեկում տպագրվել է Ստալինի շնորհակալական ուղերձը Մայր Աթոռին  Այս ամենից հետո, ինչպես նշում է Մարիամ Հակոբյանը, Մոսկվան փոխեց եկեղեցու հանդեպ վերաբերմունքը՝ «եկեղեցուն տեսնելով սոցիալիզմի համաշխարհային հաղթանակին հասնելու միջոց»։ Սրա հետևանքով աճեց ՀԱԵ-ի հեղինակությունը․ Մայր Աթոռն, օրինակ, սկսեց տպագրել «Էջմիածին» ամսագիրը, որով խորհրդահայ հասարակությունը ևս տեղեկացվեց Սփյուռքի հոգևոր կյանքի մասին, քանի որ բացի եկեղեցուն վերաբերող նորություններից՝ լուսաբանվում էին նաև Սփյուռքում տեղի ունեցող իրադարձություններ։ 1962-ին, երբ Մայր Աթոռը դարձավ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի անդամ, Սփյուռքի թեմերի հետ համագործակցությունն ավելի ակտիվացավ։   *** Այսպիսով՝ ԽՍՀՄ-Հայկական սփյուռք հարաբերությունները հիմնված էին Խորհրդային Միության մշակութային ու գաղափարական նպատակների, ինչպես նաև Սփյուռքի՝ Խորհրդային Հայաստանին աջակցելու պատրաստակամության վրա։ Գիտնականների հետազոտությունը մատնանշում է, որ ԽՍՀՄ-ը սփյուռքահայությանը դիտարկում էր որպես իր նվաճումները աշխարհին ցույց տվող, սոցիալիստական գաղափարախոսությունը տարածող միջոց, միաժամանակ սփյուռքահայությունը միանգամից չընկալեց Խորհրդային Հայաստանը որպես հայրենիք․ դա տեղի ունեցավ աստիճանաբար՝ հասարակական կազմակերպությունների ու եկեղեցու օգնությամբ։  Հոդվածի հեղինակներն ընդգծում են՝ թեև պետություն-սփյուռք հարաբերություններում նյութական աջակցությունը և տնտեսական համագործակցությունը եղան նշանակալի, Խորհրդային Հայաստանի և Սփյուռքի միջև հարաբերություններն աստիճանաբար դարձան ավելի բազմակողմանի և բազմաշերտ։ Պետականազրկության երկարատև շրջանից և Հայաստանի Առաջին Հանրապետության կարճատև գոյությունից հետո Հայաստանի և Սփյուռքի միջև ինստիտուցիոնալ հարաբերությունները, ըստ էության, ձևավորվեցին խորհրդային տարիներին։  Հետազոտողները հիշատակում են նաև ժամանակակից սփյուռքագիտության մեջ առաջ քաշված մի հիպոթեզ, ըստ որի՝ Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) բարձր ցուցանիշ ունեցող պետություններում իրենց սփյուռքի հետ աշխատանքների համար նախատեսված պետական կառույցների հիմնումը պակաս հավանական է։ Այդ երկրներն ավելի քիչ կարիքներ ունեն՝ տնտեսական նպատակներով իրենց սփյուռքի օգնությանը դիմելու: Հրածին Վարդանյանն ընդգծում է, որ Խորհրդային Հայաստանի օրինակն այս տեսանկյունից դիտարկելը հետաքրքրական է, քանի որ Խորհրդային Միության տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը զուգահեռ պետությունը ոչ թե դադարեց Հայկական սփյուռքի հետ աշխատանքներ իրականացնող կառույցի գոյությունը, այլ փոխվեց քաղաքականության բնույթը. սփյուռքի ռեսուրսներն օգտագործելու քաղաքականությունից անցում կատարվեց ինքնության ամրապնդմանն ուղղված քաղաքականության:  Մարիամ Հակոբյանի և Հրածին Վարդանյանի բանախոսությունը Մարսելի Սահակ-Մեսրոպ մշակույթի կենտրոնում, լուսանկարը՝ Մարիամ Հակոբյանի Մարիամ Հակոբյանն ու Հրածին Վարդանյանն իրենց հետազոտության արդյունքներով բանախոսություն են կազմակերպել Մարսելի Սահակ-Մեսրոպ մշակույթի կենտրոնում։ Մարիամ Հակոբյանը նշում է՝ իրենց ներկայացրած իրողությունները նորություն էին համայնքի համար, ուստի պլանավորում են պարբերաբար նման միջոցառումներ իրականացնել։ Հետազոտողները ամփոփում են՝ թեման դեռևս չի սպառվել, ուսումնասիրման տարբեր կողմեր կան՝ արխիվային նյութեր, որոնք կարող են ավելին ասել պետություն-սփյուռք այս բազմաբնույթ հարաբերությունների մասին։    Գլխավոր լուսանկարը՝ «Հայրենիք» շաբաթաթերթի՝ 1965-ի համարներից մեկից   Հեղինակ՝ Անի ԽաչատրյանԼուսանկարները՝ Ռոման Աբովյանի Կարդացեք նաև «Հանրագիտ» շարքի նախորդ հոդվածը՝ ««Փող չկա, ու կյանք չկա»․ խորհրդային «բանն» ու հետխորհրդային «բան չկան» | Հանրագիտ»   «Հանրագիտ» շարքն իրականացվում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ֆինանսավորմամբ։      
18:46 - 14 մայիսի, 2025
Հետարդյունաբերական ծռմռված քաղաքները․ Տարածքային ուսումնասիրությունների ու զարգացման լաբորատորիայից ներս

Հետարդյունաբերական ծռմռված քաղաքները․ Տարածքային ուսումնասիրությունների ու զարգացման լաբորատորիայից ներս

Ջերմասիճանը՝ -1, ձյան հավանականությունը՝ մեծ։ Ստեփանավանում դեկտեմբերի 27-ի եղանակային կանխատեսումն այսպիսին է։ Դեպի Ստեփանավան տանող ճանապարհը տեղ-տեղ ձյունապատ է։ Քաղաքում, չնայած կանխատեսումներին, ձյուն չկա, ցուրտն էլ տանելի է։ Սոցիոլոգների մոտ տասը հոգանոց խումբը, ինչպես և պայմանավորվել էր նախապես, առավոտյան հավաքվում է Ստեփանավանի հայտնի «ֆոտոյի» մոտ ու քայլում դեպի հրապարակ։   Դասական քաղաքային հրապարակ է․ անջուր շատրվան, տեղական ինքնակառավարման մարմինների մեծ շենքեր և տոնածառ, որն, ի տարբերություն նախորդների, այստեղ ժամանակավոր է։ Հրապարակից աջ՝ դեպի Թիֆլիս գնացող ճանապարհին է նայում Ստեփան Շահումյանի արձանը։ Այս գործչի անունն է կրում քաղաքը։ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) սոցիոլոգիայի ֆակուլտետի գիտնականները տարածական և տարածքային հետազոտություններով զբաղվում են դեռ 2011-ից։ Այս տարիների ընթացքում ֆակուլտետի Կիրառական սոցիոլոգիայի լաբորատորիան, ի թիվս այլ հետազոտությունների, ուշադրության կենտրոնում է պահել Հայաստանի ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական համայնքները։ Հաշվի առնելով այս փորձը՝ ֆակուլտետի գիտնականները որոշեցին նոր լաբորատորիա հիմնել, որը կզբաղվի հենց տարածքների հետազոտություններով՝ շեշտադրելով տնտեսական կայուն զարգացումը, աղքատության հաղթահարումը, շրջակա միջավայրի պահպանությունն ու տարածքների զարգացմանը վերաբերող այլ կարևոր հարցեր։ Այսպիսով, 2024-ին Բարձրագույն կրթության և գիտութան կոմիտեի՝ Հայաստանում հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագրի շրջանակում ստեղծվեց Տարածքային ուսումնասիրությունների ու զարգացման լաբորատորիան, որը Վիեննայի համալսարանի աշխարհագրության և տարածաշրջանային հետազոտությունների ֆակուլտետի Քաղաքային ուսումնասիրությունների աշխատանքային խմբի ղեկավար պրոֆեսոր Քերսթին Քրելենբերգի և նույն խմբի ասիստենտ Իվոնե Ֆրանցի հետ համագործակցությամբ սկսեց իր հետազոտական առաջին ծրագիրը՝ հայկական հետարդյունաբերական քաղաքների մասին։  Գիտնականները քայլում են դեպի առևտրի կենտրոնի շենք Ստեփանավանի կենտրոնական հրապարակից խումբը թեքվում է աջ։ Տարածքային ուսումնասիրությունների ու զարգացման լաբորատորիայի ղեկավար Հարություն Վերմիշյանը, որ ծնունդով Ստեփանավանից է, ծանոթացնում է տեղանքին։ Խումբը հասնում է Ստեփան Շահումյանի արձանին։ Արձանից քիչ այն կողմ առևտրի հին կենտրոնն է, որ գործել է խորհրդային շրջանում, իսկ հիմա ամայի տեսքի ունի։ Առևտրի կենտրոնի շենքի դիմաց դեղին ավտոբուսներ են։    Սոցիոլոգիա՝ ինտուիտիվ - Մաթֆակ։  - Ֆիզֆակ։  - Մաթֆակ։ - Ֆիզֆակ։  - Սոցիոլոգիա․․․ Հարություն Վերմիշյանը սովորում էր ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցում։ Ուսումնական վերջին տարվա ավարտին դպրոցի տնօրենը եկավ նրանց 30 հոգանոց դասարան՝ տեղեկանալու, թե աշակերտներից ով որ ֆակուլտետ է դիմելու։ Հարությունի սիրելի առարկան մաթեմատիկան էր, և տնօրենը նրանից ակնկալում էր լսել առնվազն «մաթֆակ»։ Վերջինիս հարցական հայացքի ներքո, սակայն, Հարություն Վերմիշյանը կրկնեց․ - Անկեղծ եմ ասում․ սոցիոլո՛գիա։  Հարություն Վերմիշյանը Մաթեմատիկայի մեջ Հարությունը կիրառականություն էր փնտրում, բայց թե ինչու ընտրեց հենց սոցիոլոգիան, կամ, ինչպես 90-ականներին էին ասում, ընկերաբանությունը, այդքան էլ պարզ չէ։ «Չգիտեի՝ դա ինչ է, ինձ ինչ է սպասվում։ Բայց հաստատ գիտեի, որ դա՛ եմ ուզում, որովհետև ինտուիտիվ պատկերացնում էի»,- հիշում է նա։  Դե իսկ ժամանակը ցույց տվեց, որ ինտուիցիան չէր խաբում։  Բակալավրում սովորելու տարիները Հարությունին ոչ մի կերպ չէին հուշում, որ ինքն ակադեմիական ուղի կընտրի։ Համալսարան ընդունվելու սկզբնական ոգևորությունը մի պահ կորավ ու վերադարձավ 4-րդ կուրսի վերջում միայն։ Իսկ մագիստրատուրայում արդեն գործերն այնքան լավ էին, որ ֆակուլտետը նրան երաշխավորեց ասպիրանտուրայում սովորելու։  Բակալավրի սկզբնական տարիներին բաց թողածը լրացնել էր պետք, և ասպիրանտական տարիներն անցան գրադարանում։ Մի տարի միայն Հարությունը ծախսեց կարդալու համար բնօրինակներ, որոնց մասին բակալավրում դասագրքերով էին անցնում։ Մինչև հիմա հիշում է, թե ինչպես մի օր գրադարանում լուրջ դեմքով խնդրեց Կարլ Մարքսի «Կապիտալը», ու գրադարանի աշխատակիցը թերահավատորեն ծանր հատորները դրեց սեղանին․․․  Հարությունի ասպիրանտական թեզը վերաբերում էր հայ սոցիոլոգիայի պատմությանը, տեսությանն ու մեթոդաբանությանը։ Իսկ այդ թեման այնքան քիչ էր ուսումնասիրված, որ պետք էր գրադարանում շարունակ գրականություն փնտրել ու տեղեկություններ հավաքել։ Սոցիոլոգը հիշում է, թե ինչպես մի օր Ազգային գրադարանի գիտական ընթերցասրահի տարեց աշխատակիցներից մեկը մոտեցավ ու հետաքրքրվեց, թե ով է, ինչ է անում։  «Ասացի, որ դիսերտացիա եմ  գրում։ Նայեց [տեքստին], ասաց՝ այստե՞ղ ես հասել, տո՛ւր․․․ Վերջակետ դրեց, ասաց՝ տար հանձնի՛ր։ Ինչքան գրես, դեռ կգրվի․․․ Պաշտպանի՛ր, հետո շարունակիր գրելը»,- պատմում է Հարությունը։ Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի արևկող սենյակի գրապահարանից գիտնականը մի գիրք է հանում, դնում սեղանին։ Ասում է՝ իր դիսերտացիայի «կողմնակի հետևանքն է»։ Թեման նա այնքան խորությամբ էր ուսումնասիրել, որ դիսերտացիան ի վերջո Հայ սոցիոլոգիայի պատմության ձեռնարկ դարձավ, ինքն էլ մնաց ակադեմիայում։    Սոցիոլոգիան՝ իր ծանրագույն բարդությամբ Ստեփանավանի հին շուկայից խումբը քայլում է դեպի կամուրջ, որի ներքևում հոսում է հանքարդյունաբերությունից աղտոտված Ձորագետը՝ քաղաքը բաժանելով երկու մասի։ Արամ Վարտիկյանը հանում է թուղթն ու մատիտը և գծում՝ փորձելով քաղաքի «տարածությունների հիերարխիան հասկանալ»։ Ձորագետը Խումբն առաջ է գնում, իսկ նա շարունակ հետ է մնում․ մերընդմերթ կանգնում է, զննում շուրջը, ինչ-որ բաներ թղթին հանձնում, գործընկերներին խնդրում լուսանկարներ անել այս կամ այն անկյունից։ Հարությունը շրջվում է, նայում իրենցից հետ մնացածներին․ - Անջատողականնե՜ր։ Արամ Վարտիկյանը գծում է տարածությունը Արամ Վարտիկյանը սոցիոլոգիա եկավ պատահաբար, իսկ գիտություն՝ ոչ մի դեպքում պատահաբար, ինչպես ինքն է ասում։ Նա մեծացել է գիտնականների ընտանիքում․ հայրը ֆիզիկոս էր, մայրը՝ կենսաբան։ Պայմանավորված մոր մասնագիտությամբ՝ Արամի համար սպիտակուցների անունները ֆետիշներ դարձան․ նա սիրում էր կանգնել ու բարձր բղավել մայրիկի սինթեզած սպիտակուցների երկար անունները։ Մեծ գրադարան՝ կազմված մոտ 2000 անուն գրքից, խորհրդային ինտելիգենցիայի մասնակցությամբ զրույցներ․ այսպիսի մանկությունը պիտի նրան տրամաբանորեն տաներ դեպի գիտություն, իսկ ավելի կոնկրետ՝ ֆիզիկա։ «Երբ մտա ֆիզֆակ, սիրահարվեցի․ պատերին էի ձեռք տալիս, հոտն էի շնչում։ Մինչև հիմա 4-րդ հարկում զգացվում է ֆիզիկայի յուրահատուկ հոտը»,- հիշում է Արամ Վարտիկյանը։ Արամ Վարտիկյանը Ստեփանավանի այգում Սակայն ֆակուլտետն այնքան էլ չէր համապատասխանում այն «բյուրեղյա իրականությանը», որն Արամը պատկերացնում էր։ Այն ամենը, ինչ նա տեսավ, գնահատականների մրցավազք էր լավագույն ուսանողի կոչմանն արժանանալու համար։ Գերազանց գնահատականների շարքում մի 4-ը կամ 3-ը կարող էր ճակատագրական լինել․ հաղթում էին նրանք, ովքեր միայն 5-եր ունեին։ «Իսկ ես ռոմանտիկ էի, պոետիկ էի, ես երկար պիտի թերթեի, մինչև հրապուրվեի, մինչև ոգևորվեի, մինչև գտնեի զրուցակից»,- պատմում է նա։ Արամի ուսանողական տարիներին համացանցը նորություն էր, և այնտեղ նա պատահաբար մի գիրք գտավ մթնոլորտի ֆիզիկայի մասին։ Մթնոլորտի ֆիզիկան դարձավ նրա նոր տարերքը։ «Մեկն ականջիս փչփչաց, որ դրանով զբաղվում են աշխարհագրության ֆակուլտետում։ Իմ միավորները ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի համար չհերիքեցին, բայց հերիքեցին աշխարհագրության ֆակուլտետի համար»,- հիշում է նա։  Աշխարհագրության ֆակուլտետը, սակայն, կրկին այն չէր, ինչ նա փնտրում էր․ ֆիզիկայի խնդիրներն այնտեղ առաջնահերթություն չէին։  Այդ ընթացքում Արամը հասցրել էր ծանոթանալ սոցիոլոգիայի ֆակուլտետին, չնայած որ ուսումն այնտեղ շարունակելու մտքեր չուներ։ Ասպիրանտուրա դիմելիս մտածում էր՝ մնալ աշխարհագրության ֆակուլտետո՞ւմ, թե՞ վերադառնալ ֆիզիկային։ Նրան մտափոխեց սոցիոլոգիայի ֆակուլտետի հիմնադիր Լյուդմիլա Հարությունյանը՝ առաջարկելով ընտրել սոցիոլոգիան, որտեղ «կային ավելի լայն հեռանկարներ»։  «Հայերեն ասած՝ ափալ-թափալ փորձեցի, զիջմամբ փորձեցի և վերցվեցի այստեղ․․․ Շատ քրտինք տարավ․ ես ուղնուծուծով բնագետ էի, սա շատ ծանր էր, սա շատ բարդ էր, սա շատ խորթ էր, սա շատ վիրավորական էր․․․ Բայց փրկությունն այն էր, որ պարզվեց՝ ես սիրում եմ ոչ թե խորթը, ոչ թե վիրավորականը, այլ ես սիրում եմ ամենածանրն ու ամենաբարդը։ Եվ ահա տարիներ անց (ոչ թե այն օրերին, որոնց մասին պատմում եմ) սոցիոլոգիան իմ առջև բացվեց իր մեծագույն բարդությամբ։ Ո՛չ մի ֆիզիկա, ո՛չ մի աշխարհագրություն նրա հետ չի համեմատվի իր ծանրագույն բարդությամբ։ Եվ ահա, այդ ծանրագույն բարդությունը դարձավ ամենագրավիչը»,- պատմում է գիտնականը։  Այդպես, նա դարձավ, ինչպես գործընկերներն են կատակում, այստեղի ամենածանր մտածողը․․․   Քաղաքները՝ ինդուստրիալությունից հետո Ձորի վերևի հատվածում՝ կամրջից քիչ հեռու, կիսաքանդ ու ժանգոտված ցուցանակով շենք է՝ դիմացը քարերի կույտեր։ Այն ժամանակին ռեստորան է եղել։ Մինչ Արամը կանգ է առնում նկարելու «մահացած ռեստորանը», խումբն առաջ է շարժվում՝ ստեփանավանցիներին հարցուփորձ անելով ածնանոթ տեղերի ու հուշարձանների մասին։ Մահացած ռեստորանը Անցնում են կայարանի կողքով։ Այն հիմա չի գործում․ դարձել է «Լեո» մանկական սրճարան։ Առյուծի նկարով գունավոր պաստառը տարօրինակ հակադրության մեջ է մտնում քաղաքի անձյուն ձմեռվա մռայլության հետ։ Որքան հեռանում են կենտրոնից, այնքան ավելի մռայլ է դառնում պատկերը․ ասֆալտապատ ճանապարհներին ու գեղեցիկ մայթերին հաջորդում են կիսաքանդ տներն ու ցեխոտ, անհարթ ճանապահները։ 1988-ի երկրաշարժի հետքերն ամենուր են․․․ Թափառող շները քաղաքում շատ են։ Նրանցից մեկը՝ սպիտակ մորթով ու փոքր, կարմրած աչքերով, ողջ օրը գիտնականներից չի հեռանում։ Արամը նրան Ջեմսիկ է կոչում։ Դե, իրականում, նա բոլոր շներին է այդպես կանչում․ մանկուց մնացած սովորություն։  Ջեմսիկը՝ Ստեփանավանի Կապի գործարանի փլատակների մոտ Խումբը հասնում է Ստեփանավանի այգի կամ, ինչպես բնակիչներն են ասում, սադ (ռուսերեն сад՝ այգի բառից)։ Նոր ու գունավոր կարուսելներ են այգում․ դրանք եկել են փոխարինելու խորհրդային կարուսելներին։ Իսկ թե ինչով են փոխարինվել խորհրդային գործարաններն ու արդյունաբերական կյանքը, հենց այս հետազոտությամբ են գիտնականները փորձում հասկանալ։ Հետինդուստրիալ քաղաքների մասին հետազոտությունն իրականացվում է մի քանի փուլով՝ արխիվային նյութերի ուսումնասիրություն, հարցազրույցներ առանցքային տեղեկատուների հետ (տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, գործարանների նախկին տնօրեններ ու աշխատակիցներ)  և նարատիվ հարցազրույցներ բնակիչների հետ, որոնք հիշում են խորհրդային շրջանն ու արդյունաբերական կյանքը։ Հարություն Վերմիշյանը հիշում է՝ երբ նոր էին թեման ընտրել, իրենց առաջ մեթոդաբանական կարևոր հարց դրեցին՝ տարբեր քաղաքների համեմատությամբ ընդհանրական պատկե՞ր են ուզում ստանալ, թե՞ պիտի ամեն քաղաք որպես մի առանձին դեպք ուսումնասիրեն։ «Վիեննայի գործընկերների հետ քննարկմամբ եկանք այն եզրահանգման, որ սրանք դեպքի ուսումնասիրություններ են (case study,- խմբ․)»,- ասում է գիտնականը։ Ստեփանավանում Որպես հետազոտության օբյեկտ ընտրվեցին հետարդյունաբերական երեք քաղաքներ՝ Չարենցավանը, Ստեփանավանն ու Սիսիանը։ Այս ընտրությունը պատահական չէր։  Գիտնականները հետարդյունաբերական քաղաքների միջև ընտրություն կատարելիս մի շարք չափանիշներ սահմանեցին․ ե՞րբ է հիմնվել քաղաքը, ե՞րբ է քաղաքի կարգավիճակ ստացել, Երևանից ինչքա՞ն է հեռու, քանի՞ բնակավայր է ընդգրկում, միգրացիոն ի՞նչ ցուցանիշներ ունի, որքա՞ն է բնակչությունը, արդյո՞ք տուժել է երկրաշարժից, սահմանին ինչքա՞ն մոտ է։ Արդյունքում քաղաքների երեք խումբ ստացվեց, և ամեն խմբից մեկական քաղաք ընտրվեց՝ Չարենցավանը, որ մոտ է Երևանին, Սիսիանը, որ սահմանամերձ է, և  Ստեփանավանը, որ տուժել է 1988-ի երկրաշարժից։ «Սիսիանը փլուզումից հետո արդյունաբերական քաղաքից վերապրոֆիլավորվել է գյուղատնտեսականի, Չարենցավանի բոլոր գործարանները կան, ինչ-որ չափով, երբեմն՝ 100 տոկոսով, աշխատում են։ Ստեփանավանը փլուզվել է»,- ասում է Հարությունը։ Այն, ինչ մնացել է նախկին Կապի գործարանից  Գլխավոր հարցերից մեկը, որին պիտի պատասխանեն գիտնականներն այս քաղաքների ուսումնասիրությամբ, հետևյալն է․ ինչո՞ւ է մի քաղաքն այս ուղին բռնել, մյուսը՝ այն։  Հարությունը նշում է, որ այս նպատակով իրենք տարածական մի քանի հատվածներ պիտի ուսումնասիրեն՝ ինդուստրիալ տարածություն (գործարաններ/գործարանների փլատակներ), բնակտարածություն, հանրային տարածքներ, բնություն (պոտենցիալ զբոսաշրջային վայրեր)։ Հենց այս տարածքների ուսումնասիրությունը ցույց կտա, թե ինչպես են փոխվել, կամ, Արամ Վարտիկյանի բնորոշմամբ, ծռմռվել քաղաքները։ Գիտնականներն արդեն հասցրել են ճանաչողական այցով շրջել Չարենցավանի փողոցներով։ Իսկ այժմ նրանք Ստեփանավանում են։   Միայն մի գիտակարգը բավարար չէ  Բնակիչների հետ նարատիվ հարցազրույցներ անցկացնողների թվում է Նարինե Աբգարյանը։ Աշխարհագրագետ Նարինեի՝ սոցիոլոգների շրջապատում, այնուհետև թիմում հայտնվելու մեղավորը նրա հետաքրքրասիրությունն էր։ Այն, որ տարածքների ուսումնասիրությունը և, առհասարակ, գիտական հետազոտությունները պետք չէ սահմանափակել միայն մի գիտակարգով, Նարինեն հասկացավ աշխարհագրության ֆակուլտետում սովորելու տարիներին։ Կենտրոնում Նարինեն է Ֆակուլտետ նա ընդունվել էր աշխարհագրության մասին միակողմանի պատկերացումներով։ Սակայն պարզվեց, որ աշխարհագրությունը միայն գետերի, մայրաքաղաքների ու ֆիզիկական տարածությունների մասին չէ․ ֆիզիկական աշխարհագրությունից բացի՝ կա նաև հասարակական աշխարհագրություն։ Որոշ ժամանակ անց էլ Նարինեն հանգեց այն մտքին, որ այս երկուսը տարանջատել պետք չէ։ «Գոյություն չունի հասարակական աշխարհագրություն առանց ֆիզիկական աշխարհագրության, և հակառակը, քանի որ փոխպայմանավորող գործոններ են․ տարածքը չես կարող ուսումնասիրել միակողմանի»,- ասում է նա։ Նարինեի մագիստրոսական թեզը վերաբերում էր Երևանում ծառայությունների բաշխման անհավասարությանը։ Թե ինչու են ծառայություններն անհավասար բաշխված, Նարինեն փորձեց հասկանալ աշխարհագրության դիտանկյունից, բայց զգաց, որ մի բան կիսատ է։ Հենց այդ կիսատը լրացնելու համար դիմեց սոցիոլոգների օգնությանը, սկսեց կարդալ դասական սոցիոլոգներին ու այդ դիտանկյունից ևս անդրադարձավ թեմային։ Երբ Նարինեն արդեն ասպիրանտուրայում էր, նրան սկսեցին դասավանդել Հարություն Վերմիշյանը, Արամ Վարտիկյանը, որոնք խորհուրդ էին տալիս՝ ինչ գրքեր կարդալ, պատասխանում նրա հարցերին։ Նարինեն՝ սոցիոլոգիայի ֆակուլտետում Եվ այժմ, ասպիրանտուրային, փորձառական զբոսաշրջության վերաբերյալ դիսերտացիային և աշխարհագրության ֆակուլտետում դասավանդամանը զուգահեռ, Նարինեն Տարածքային ուսումնասիրությունների ու զարգացման լաբորատորիայում ուսումնասիրում է հետարդյունաբերական քաղաքները։ «Այս դեպքում ունենք սոցիոլոգիայի լեզու, ունենք աշխարհագրագրության լեզու, ունենք մարդաբանության լեզու։ Մենք կփորձենք մեր գիտությունների լեզուներով պատմել քաղաքների ու դրանց տրանսֆորմացիաների մասին»,- ասում է գիտնականը։ Դե իհարկե, այն, ինչ պակասում էր այս բազմաշերտ հետազոտությանը, մարդաբանությունն է։  Մարդաբան Մարիա Գունկոն Հայաստան տեղափոխվեց 2022-ին։ Մարիան ծնվել ու մեծացել է ռուսական փոքր քաղաքում, որտեղ տղաներն ինժեներ էին դառնում, աղջիկները՝ բժիշկ կամ ուսուցիչ։ Իսկ Մարիան ընտրեց աշխարհագրությունը՝ մասնագիտանալով հասարակական աշխարհագրության ուղղությամբ։ Ասպիրանտական տարիներին նրա ուսումնասիրության թեման դարձան հենց փոքր քաղաքները, որոնք, ըստ գիտնականի, հետազոտություններում մեծ քաղաքների համեմատ պակաս են ներկայացված։ Մարիա Գունկոն 2022-ին նա Օքսֆորդի համալսարանում սկսեց իր ասպիրանտական երկրորդ կրթությունը՝ այս անգամ մարդաբանության ուղղությամբ։ «Դատարկություն. ապրելով կապիտալիզմը և ժողովրդավարությունը հետխորհրդային շրջանից հետո» ծրագրի շրջանակում նա պետք է ուսումնասիրեր հետխորհրդային քաղաքներն ու դրանց տրանսֆորմացիաները։ Մարիայի ասպիրանտական հետազոտությունը քաղաքական տարրեր էր պարունակում․ տեղական ինքնակառավարման մարմինների հետ զրույցներ, ենթակառուցվածքների մասին հարցեր։ Բացի այդ՝ նա սովորում էր արևմտյան համալսարանում։ Հենց այս հանգամանքներն անհնարին դարձրին, որ գիտնականն իր հետազոտությունն իրականացնի պատերազմական Ռուսաստանում։ Հետազոտության համար հետխորհրդային այլ երկրների փնտրտուքը նրան բերեց մեր տածաշրջան։ Ի վերջո, Մարիայի ցանկում մնացին երկու պետություններ՝ Հայաստանը և Վրաստանը, որոնցից էլ նա ընտրեց Հայաստանը՝ մտածելով, թե հայերեն սովորելն շատ ավելի հեշտ է լինելու։ Այստեղ, իհարկե, ինչպես Մարիան է նշում, ամեն բան շատ խճճված է։ Գիտնականը հիշում է Նյու Յորքի համալսարանի մարդաբան Բրյուս Գրանտի խոսքերը․ «Անհնար է ուսումնասիրել ողջ Կովկասը․ պետք է կենտրոնանաս կա՛մ որևէ դարաշրջանի, կա՛մ որևէ լեզվի, կա՛մ որևէ կրոնի, կա՛մ էլ որևէ գյուղի վրա: Որովհետև եթե փորձես ամեն ինչ ընդգրկել, պարզապես կխելագարվես»։ Այսպիսով, հայաստանյան փոքր քաղաքներից մեկում Մարիան սկսեց իր հետազոտությունը։ Այդ ընթացքում Սոցիոլոգիայի ֆակուլտետից հրավեր ստացավ միանալու նոր ստեղծվող Տարածքային ուսումնասիրությունների ու զարգացման լաբորատորիային։ Այդպես նա դարձավ թիմի անդամ։ Մարիան նշում է՝ հետարդյունաբերական քաղաքների ուսումնասիրության մեջ ինքն այն մարդն է, որն այս քաղաքներին նայելու է դրսի աչքերով։ «Իսկապես հետաքրքիր է մարմնավորել այդ օտարականին, գտնվել մի տեսակ լիմբոսում։ Մի կողմից՝ դու մեկն ես, ով ինչ-որ բան գիտի և մի փոքր տիրապետում է լեզվին՝ այդպիսով արժանանալով մարդկանց հարգանքին: Բայց մյուս կողմից՝ դու դեռևս օտարական ես, երբեք չես դառնա մերոնցական, այնպես որ քեզ թույլատրված է «հիմար» հարցեր տալ։ Գուցե կա ինչ-որ բան, որ տեղացի գիտնականը չի հարցնի, ոչ միայն որովհետև դա ակնհայտ է, այլ նաև կարող է անհարմար զգալ նման հարց տալուց: Իսկ ես կարող եմ ասել՝ բացատրե՛ք ինձ պարզ բառերով, ես չեմ հասկանում, ես տեղացի չեմ: Եվ սա, իսկապես, հետաքրքիր է․ ինչ-որ առումով քեզ երեխա ես զգում»,- ասում է գիտնականը։ Մարիայի նոթատետրը Հարցին, թե ինչպես են ընթանում հայերենի դասերը՝ Մարիան պատասխանում է․ «Կամաց-կամաց»։ Հայերեն սովորելուն զուգահեռ նա իր ուսուցչի օգնությամբ հայկական պոեզիա է ընթերցում։ Հիշում է՝ ամեն բան սկսվեց Չարենցի ծննդյան օրը «Կապուտաչյա հայրենիք»-ը կարդալուց։ Դե իսկ հետո նա ծանոթացավ Տերյանին, որի «Մոռանալ» բանաստեղծությունն ու «Դինջիս» խմբի համանուն երգը դարձան ամենասիրելիներից։ Այժմ Մարիան ընթերցում է Թումանյանի հեքիաթները։ «Կարծում եմ՝ հայերենը ամենագեղեցիկ լեզուներից մեկն է աշխարհն ընկալելու մոտեցումների առումով: Օրինակ՝ «համբուրել» բառը՝ «համ» և «բույր»․ սա այնքա՜ն գեղեցիկ ձև է նկարագրելու համբույրը: Կամ «հուսալքվածություն»․ դու, կարծես, մնացել ես առանց հույսի․․․ Ես հայերենը սովորում եմ՝ բառերի ստուգաբանությունները հասկանալով»,- ասում է գիտնականը։ Ապա ցույց է տալիս իր նկարները, որ արել է դաշտային աշխատանքների ժամանակ՝ Ստեփանավանում ու այլ քաղաքներում շրջելիս։ Դրանց կողքին երբեմն նաև հայերեն գրություններ են հանդիպում։ Սովորաբար, հենց շրջապատն ուշադիր զննելով ու նկարելով և մարդկանց հետ առօրյա զրույցներով է Մարիան սիրում դաշտային աշխատանքների ժամանակ տեղեկություններ հավաքել։   *** Երեկո է։ Ձորի էն կռից վերադարձողների խումբը միանում է էս կուռը մնացածներին։ Ստեփանավանում դաշտային առաջին աշխատանքն ամփոփվում է։ Դաշտային աշխատանքները շարունակվելու են․ գիտնականները դեռ պիտի այցելեն Սիսիան, վերադառնան Չարենցավան ու Ստեփանավան։ Իսկ հավաքած տվյալների ամփոփումից հետո նրանք կանցնեն դրանց մշակմանն ու վերլուծությանը՝ փորձելով հասկանալ, թե արդյոք այս քաղաքները կարող են ունենալ կայուն զարգացում։   Հեղինակ՝ Աննա ՍահակյանԼուսանկարները և տեսանյութը՝ Սարգիս ԽարազյանիՄոնտաժը՝ Ռոման Աբովյանի   «Լաբորատորիայից ներս» շարքն իրականացվում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ֆինանսավորմամբ։      
18:42 - 12 մայիսի, 2025
Ըստ գեներալ Արտակ Բուդաղյանի՝ Անդրանիկ Վերանյանը աներկբա պետք է կատարեր ԻՍՎ անձնակազմին Ջրական տեղափոխելու իր հրամանը

Ըստ գեներալ Արտակ Բուդաղյանի՝ Անդրանիկ Վերանյանը աներկբա պետք է կատարեր ԻՍՎ անձնակազմին Ջրական տեղափոխելու իր հրամանը

44-օրյա պատերազմի ժամանակ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանի խոսքով՝ փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանին տրված հրամանը՝ Մեղրու զորամասի ինժեներասակրավորական վաշտի 18-հոգանոց անձնակազմին Ջրական տեղափոխելու վերաբերյալ, ենթակա էր աներկբա կատարման։  Երեկ այս մասին դատարանում հայտարարեց Բուդաղյանը՝ հավելելով, որ չկատարելու դեպքում մարտական գործողությունների ավարտից հետո ինքն անձամբ Վերանյանի առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացներ՝ քրեական գործ հարուցելու համար։ Քննչական մարմինները, այնուհանդերձ, քրեական գործ հարուցել են․ Մեղրու զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով նախկին տեղակալ Վերանյանը այժմ մեղադրվում է ռազմական դրության պայմաններում անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։ Դա, ըստ մեղադրանքի, դրսեւորվել է նրանում, որ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին Ջրական մեկնելու ճանապարհին՝ Իշխանաձորի խաչմերուկում, պատսպարված անձնակազմին տեսնելով՝ Վերանյանը մեքենաները նստելու եւ երթը շարունակելու հրաման է տվել, չնայած երկնքում տեսանելի եւ լսելի է եղել հակառակորդի անօդաչու թռչող սարքը։ Րոպեներ անց ԱԹՍ-ն հարվածել է զինծառայողներին տեղափոխող Ուրալին։ 18 զինծառայող զոհվել է, 3 անձ՝ վիրավորվել։ Պետությանը պատճառվել է ավելի քան 21 միլիոն դրամի վնաս։ Անդրանիկ Վերանյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Արտակ Բուդաղյանն այսօր մանրամասնեց՝ զորքի տեղափոխման հրամանն ինքն է Վերանյանին տվել․ «Ես խնդիր եմ տվել, որ պիտի պաշտպանության անցնենք ինչ-որ տեղամասում, սկզբում ասած եմ եղել, որ ինժեներասակրավորական վաշտը երեկոյան գա, բայց քանի որ հակառակորդի առաջխաղացում կար, առաջնագիծը ճեղքվել էր, ասել եմ՝ առավոտյան արագ հասեք, ականապատում իրականացրեք, որպեսզի առաջխաղացումը կասեցվի։ Ջաբրայիլ քաղաքը վերցնելու ժամանակ վտանգ էր սպառնում մնացած թեւերին, դրա համար լուսաբացին որ գային, լավ կլիներ»,- ասաց գեներալը՝ հավելելով, որ իր պատկերացմամբ՝ ժամը գոնե 11-ին պիտի ժամանեին։ ԻՍՎ անձնակազմը, սակայն, այդպես էլ տեղ չի հասել։ Անձնակազմի մյուս մասը հասել է միայն ժամեր անց՝ 16։00-ի մոտակայքում։ Կորպուսի նախկին հրամանատարը մեղադրյալին միայն դրական բնութագրեց Հարցաքննության սկզբում Անդրանիկ Վերանյանի պաշտպան Նարեկ Գրիգորյանը վկային խնդրեց բնութագրել իր պաշտպանյալին նախ որպես սպա, ապա՝ որպես մարդ․ - Որպես զինվորական եղել է խստապահանջ, կարգապահ եւ ֆունկցիոնալ պարտականությունները կատարող։ Որպես մարդ՝ նույն ձեւ։ - Մինչեւ պատերազմը նույն կե՞րպ կբնութագրեիք։ - Նույն կերպ։ - Այսինքն՝ բացասական բանով աչքի չի՞ ընկել։ - Ոչ։ - Իսկ Ձեր կամ կորպուսի ղեկավարության աչքի առաջ հավելյալ աչքի ընկնելու կարիք ունե՞ր։ - Ինչո՞ւ պիտի կարիք ունենար, ծառայություն էր, կատարում էր։ - Պարո՛ն գեներալ, ըստ Ձեզ՝ Ձեր ենթակա Վերանյանը ունա՞կ էր անձնական կամ այլ շահագրգռվածության համար խաղաղ պայմաններում ի վնաս Զինված ուժերի կատարել որեւէ գործողություն կամ մի այնպիսի գործողություն կամ անգործություն, որը կվտանգեր համածառայակիցներին։ Նման դեպք հայտնի՞ է։ - Ոչ։ - Իսկ ունա՞կ էր։ - Ոչ։ - Անդրանիկ Վերանյանը ունա՞կ էր իր անձնական շահի համար վտանգի տակ առնել թեկուզ մեկ զինվորի կյանք, լինել այնքան դաժան, անմարդկային, որ իր սեփական եսը ընդգծելու համար այսքան մեծ դժբախտության պատճառ դառնար։ - Ոչ։ - Ձեզ հայտնի՞ է դեպք, երբ նա կոնֆլիկտ է ունեցել իր վերադասի կամ ենթակայի հետ։ - Չէ, չի եղել։ -  Այդ պարագայում հնարավո՞ր է, որ սպան ինքնահաստատվելու կամ կայանալու կամ իր անձը ծառայության շահերից վեր դասելու խնդիր ունենա ու կոնֆլիկտի մեջ չլինի վերադասի կամ ենթակայի հետ։ - Ես ընդհանրապես նման ենթականեր չեմ ունեցել։ Գեներալ Արտակ Բուդաղյանը հայտնեց նաեւ, որ դեպքից առաջ Անդրանիկ Վերանյանը Ջրականում ավելի բարդ խնդրի կատարման է մասնակցել։ Պաշտպանը հետաքրքրվեց՝ դրա դիմաց պաշտոնի բարձրացման, պարգեւատրման խոստում տվե՞լ է, ինչին ի պատասխան՝ գեներալն ասաց՝ ինքը միայն հրամաններ է տվել։ Գեներալի խոսքով՝ ԱԹՍ-ների դեմ պայքարի արդյունավետ միջոց չեն ունեցել Արտակ Բուդաղյանի խոսքով՝ անօդաչու թռչող սարքերին առաջին անգամ առնչվել են 2016 թ․ Քառօրյա պատերազմի ժամանակ, երբ մեր ԶՈՒ-ն այդ միջոցից դեռ չի ունեցել։ - Մինչ 2020 թ․ սեպտեմբերի 27-ը Գլխավոր շտաբից ցուցում, նորմատիվ այլ ձեւակերմամբ փաստաթուղթ ստացե՞լ եք, թե ԱԹՍ-ի դեմ պայքարի ինչ միջոցներ կան,- հետաքրքրվեց պաշտպանը։ - ԳՇ-ն տալիս Է՝ էսինչ տեղը էսինչ գործողության մասնակցել, ԱԹՍ-ի մասին առանձին գրություն չի տալիս, դրա համար կա հակաօդային պաշտպանություն, բայց կա նաեւ ԱԹՍ, որից անգամ ՀՕՊ-ով չես կարող պաշտպանվել։ - Այսինքն՝ չկա՞ր կարգ, թե ԱԹՍ տեսնելու, լսելու դեպքում ինչ պիտի արվի։ - Գրվածքներ կան՝ զինվորների՝ մարտի դաշտում տեղաշարժի մասին, օրինակ՝ ձեռքի գնդացիրով ցածր թռչող օբյեկտի խոցում։ - Մեղրու զորամասը ԱԹՍ-ի դեմ պայքարի համապատասխան միջոցներ ունեցե՞լ է։ - Ոչ, միայն ՀՕՊ-ն է ունեցել՝ Իգլա տեսակի հրթիռ։ - Դա արդյունավե՞տ միջոց էր։ - ԱԹՍ-ի դեմ՝ չէ, այն նախատեսած է բարձր թռչող, ավելի խոշոր ինքնաթիռների համար։ - Իսկ Ձեր կորպուսը ունե՞ր։ - Չէ, չուներ։ - Իսկ Զինված ուժե՞րը։ - ՀՕՊ համակարգի մեջ էր, ՀՕՊ-ն էր ապահովում մեր շարժը դեպի մարտական գործողությունների տեղանք։ Ըստ Բուդաղյանի՝ ԱԹՍ-ի առկայությունը անվերապահորեն չի հանգեցնում խնդրի չկատարմանը Անցնելով ավելի առարկայական հարցերի՝ պաշտպանը հետաքրքրվեց՝ հոկտեմբերի սկզբին Իշխանաձորի տարածքում ԱԹՍ-ներ կայի՞ն։ Ի պատասխան՝ վկան ասաց՝ ամեն օր էլ 50-ից ավելի ԱԹՍ կար օդում․ «Նույն ձեւ խոցվել եմ ես, բայց պատահականությամբ ողջ եմ մնացել»։ - Այսինքն՝ այդ տարածքը անվտա՞նգ չէր,- ճշգրտեց պաշտպանը։ - Չէ, բոլորն էլ վտանգված էին,- պատասխանեց վկան։ - Իսկ Ձեր պրակտիկայում եղե՞լ է դեպք, որ մարտի ժամանակ ԱԹՍ-ն օդում լինի։ - Ո՞նց կարող է չլինել։ -  Պարո՛ն գեներալ, կյանքի, առողջությանը սպառնացող վտանգի առկայությունը բացառո՞ւմ են խաղաղ պայմաններում մարտական խնդրի կատարումը։ - Ո՞նց են բացառում․ եթե խնդիր է, պետք է կատարվի։ - Նույնը վերաբերո՞ւմ է պատերազմին։ - Առավել եւս։ - Այսինքն՝ վտանգ լինի թե չէ, խնդիրը ենթակա է կատարման։ - Բա ոնց։ - Իսկ մարտի ժամանակ ԱԹՍ-ի առկայությունը անվերապահ հանգեցնո՞ւմ է խնդրի չկատարմանը։ - Ոչ, նորից եմ կրկնում՝ 50-ից ավելի ԱԹՍ գտնվում էր օդում, օպերատորն է որոշում՝ որտեղից կխփի, երբ․․․ - Որեւէ մեկը կարո՞ղ է կանխատեսել օպերատորի գործողությունները։ - Ոչ։ - Պիկապները ի՞նչ նշանակություն ունեին հակառակորդի համար։ - Առավել խոցելի էին, քանի որ, ենթադրաբար, հրամանատարական մեքենա էին։ - Այս համատեքստում կարո՞ղ էր նույն կերպ խոցվել Պիկապը, ոչ թե զինծառայողների Ուրալը։ - Կարող էր,- նշեց գեներալ Արտակ Բուդաղյանը։ Արտակ Բուդաղյանի պնդմամբ՝ ոչինչ չէր կարող հետաձգել իր հրամանի կատարումը Պաշտպան Նարեկ Գրիգորյանը մեջբերեց Ներքին ծառայության կանոնները հաստատելու մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածը, ըստ որի՝ զինծառայողը պարտավոր է հավատարիմ լինել զինվորական երդմանը, անձնուրաց կերպով ծառայել իր ժողովրդին, արիաբար, հմտորեն, չխնայելով սեփական արյունը և նույնիսկ կյանքը, պաշտպանել Հայրենիքը` Հայաստանի Հանրապետությունը, կատարել զինվորական պարտքը, անսասան տանել զինվորական ծառայության դժվարությունները։  - Այս համատեքստում հրամանը պե՞տք է անվերապահ կատարվի թե՞ դրանից շեղում թույլատրվում է։ - Պետք է անվերապահ կատարվի։ - Անդրանիկ Վերանյանին Ձեր տված հրամանը օրինակա՞ն էր։ - Այո։ - Ենթակա՞ էր կատարման։ - Բա ոնց, հրաման է, համապատասխան հրաման էլ ես իմ վերադասից եմ ստանում։ - Իսկ սպաները ի՞նչ պիտի անեին՝ պիտի արագ հասնեի՞ն թե՞ կարող էին ոտները կախ գցել։ - Հրաման են ստացել, ո՞նց ոտները կախ գցեին։ - Որեւէ հանգամանք կարո՞ղ էր արդարացնել այդ հրամանի չկատարումը կամ դրա հետաձգումը։ - Ոչ։ Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը միջամտեց՝ նշելով՝ ակնհայտ ապօրինի հրամանը, օրինակ, ենթակա չէ կատարման։ Արձագանքելով՝ Բուդաղյանն ասաց՝ դե, դա պարզ է, բայց չհամաձայնեց, թե հրամանատարը կարող է նման հրաման տալ։ Մարգարյանը նաեւ խնդրեց մանրամասնել՝ ինչպիսին է եղել երթի կազմակերպման կարգն այդ օրվա դրությամբ․ - Ես խնդիր եմ դնում՝ շարժվել էսինչ ուղղությամբ, մնացածը իրենք պիտի որոշեն, իրենք են գտնվում մարտական գործողության շրջանում,- նշեց գեներալը։ - Բայց ժամանակ, հեռավորություն, արագություն պե՞տք է նշվի,- հարցրեց մեղադրողը։ - Այո։ Իմ մտածելով՝ ժամը 11-ի կողմերը պիտի տեղ հասնեին։ - Բայց Դուք ժամ չեք ասել։ - Սկզբում ասել եմ՝ երեկոյան՝ ժ․ 20։00, բայց քանի որ Ջրականի հատվածում էդ վիճակն է հասել, արդեն պետք էր առավոտ, ասել եմ՝ շուտ հասեք։ - Մեր դեպքը եղել է ժ․ 16-17-ի սահմաններում, այսինքն՝ Ձեր պատկերացրած ժ․ 11-ից 5-6 ժամ հետո, եւ այդ ընթացքում ոչ մի մեքենա հասած չի եղել։ Ո՞նց կպարզաբանեք։ - Չեն հասցրել, բայց հետո 2-3 մեքենա եկած է եղել, այն անձնակազմը, որ խրամատ էր զբաղեցնելու։ - Դա՝ ժ․ 16-ի սահմաններում։ Ձեր ասած ժամից՝ 5-6 ժամ ուշ, դրա հրատապը էլ ո՞րն է։ - Հրատապը կայանում է նրանում, որ ականապատեին տարածքը, հակառակորդի ուժերը կանգնեցնեին։ Ես խնդիրը ուրիշ զորամասի եմ տվել արդեն, ժ․ 2-ի կողմերը սկսել են։ - Բա կապվե՞լ եք՝ տեսնեք՝ ուր են։ - Ես վիրավորվել եմ այդ օրը։  - Ժա՞մը։ - Երեկոյան․․․ Բայց հա,  իրենց շտաբի պետի հետ 10 անգամ կապվել ենք՝ արագացրեք, արագացրեք․․․ - Ե՞վ։ Զորքը 5 ժամ ուշանում է, այդ թվում՝ այն զորքը, որը լիցքավորման խնդիր չուներ՝ երթի առաջին ավտոմեքենան՝ շտաբի պետի՝ Դավիթ Հարությունյանի ղեկավարմամբ։ - Որ Դավիթն է ղեկավարել, բա խի՞ եք ինձ հարցնում։ - Դուք եք խնդիրը դրել։ Էդքան ուշացել են, բա էլ ի՞նչ հրատապ։ - Ելնելով իրադրությունից՝ ուշացել են, դրա համար եւս մեկ այլ միջոցի դիմել եմ, բայց հետագայում էդ անձնակազմը եկել, պաշտպանության է նստել՝ բացառությամբ  նռնականետային դասակի եւ ԻՍՎ–ի։ - Փաստացի, էդ մարդիկ չեն շտապել,- արձանագրեց մեղադրող Մարգարյանը։ - Ես իրավիճակը չեմ իմանում,- նշեց վկա Բուդաղյանը։ Ըստ գեներալի՝ երթի ընթացքում դադար չպիտի իրականացվի Մարտական կանոնադրությունը սահմանում է, որ օդային հարձակման ժամանակ, երթը, որպես կանոն, շարունակվում է։ Այս առնչությամբ պաշտպան Նարեկ Գրիգորյանը հետաքրքրվեց՝  օդում ԱԹՍ-ի առկայությունը ենթադրո՞ւմ է հարձակում, թե՞ այն սոսկ վտանգ է։ Ի պատասխան՝ գեներալն ասաց՝ երկուսն էլ։  - Որպես կանոն ասելով՝ ինչ ենք հասկանում, կարելի՞ է ենթադրել, որ կան բացառություններ, եթե այո, դրանք սահմանող իրավական ակտ կա՞։ - Երթի ժամանակ ամեն 100 կմ-ից հետո 1 ժամ դադար է տրվում հանգստանալու համար, հաջորդ երթից հետո՝ 2-3 ժամ․․․ Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը եւս անդրադարձավ այս եզրույթին, նշեց՝ որպես կանոն-ը հայերենի իմաստով նշանակում է, որ կան բացառություններ։ Մեղադրողը նաեւ հայտնեց, որ ըստ հետազոտված ապացույցների՝ նախօրյակին զորքին հանձնարարել են մեքենաները լիցքավորել․ եթե այդ խնդիրը չի կատարվել, ԶՈՒ նորմատիվների համաձայն՝ պիտի՞ զեկուցվեր»,- հարցրեց նա։ Նշենք, որ լիցքավորման խնդրի պատճառով է, որ անձնակազմը երթի ընթացքում մի պահ շեղվել է բուն ճանապարհից։ Վկան միանշանակ պնդեց՝ ծառայության պետը պիտի դա զեկուցեր։ - Իսկ եթե երթին մասնակից անձնակազմից մեկը ԱԹՍ է նկատում, երթի մյուս մասնակիցներին պիտի՞ տեղեկացնի,- հետաքրքրվեց մեղադրողը։ - Այո։ - Իսկ եթե ԱԹՍ-ով պայմանավորված դադար է իրականացնում, այդ մասին ե՞ւս։ - Երթի ընթացքում դադար չպիտի լինի, հակառակը՝ պիտի մեծացնես արագությունը կամ մեքենաների միջեւ հեռավորությունը, դրա համար մեքենաներում դիտորդներ են նշանակվում,- պնդեց վկան։ Մեղադրող Հայկ Մարգարյանը վկայակոչեց ՀՕՊ զորքերի պետ Արմեն Վարդանյանի ցուցմունքը, որի համաձայն՝ եթե երթ է, ապա ճիշտ է երթը կանգնեցնել, պատսպարվել, բայց հնարավորության դեպքում դասակը կարող է նաեւ կենտրոնացած կրակ վարել՝ ծնկի գալով կամ պառկելով։ - ՀՕՊ պետը իր ցուցմունքում ասաց՝ համար մեկ խնդիրը պատսպարվելն է, համաձայն չե՞ք։ - Ես տենց չեմ գտնում։ - Արմեն Վարդանյանը, որպես ՀՕՊ-ի պետ, ցուցմունք է տվել, որ անձամբ զորամասերի մեծամասնությունում հրահանգել է՝ օդային հարձակման դեպքում պատսպարվել, հնարավորության դեպքում ձեռքին առկա միջոցներով խոցել։ - Բայց ոչ երթի ժամանակ, այլ եթե գտնվում ես մարտական գործողությունների մեջ։ - Նույն գեներալը ասում է՝ էդ տեղանքում Ուրալով 60-80 կմ/ժ արագություն ժամ զարգացնել հնարավոր չէ։ - Նույն գեներալը էնտեղ ե՞րբ է ծառայել, որ ասի, ես չեմ ասում՝ եսիմինչ արագություն, 100 չես կարող, 60 կարող ես։ - Անձնակազմը իջել եւ պատսպարվել է ըստ գեներալ Վարդանյանի նշած հրահանգի։ Սխա՞լ է արել։ - Հրամանատարն է որոշում՝ իրադրությունից ելնելով։ - Հրամանատարը, ցավոք, հանգուցյալ Տարոն Նիկողոսյանն է, սխալվե՞լ է։ - Ես չեմ իմանում՝ ինչ իրադրություն է եղել։ - Օդում ԱԹՍ է եղել, տեսել են եւ լսել են,- ընդգծեց մեղադրողը։ - Դուք ինձ ստիպում եք, որ ես զոհվածին գնահատական տամ, ես ի՞նչ իմանամ էդ իրադրության ժամանակ․․․ Եղել է դեպք՝ գնացել եմ, մտածել եմ՝ հենց ձայնը մոտենա, կկանգնեմ, բայց չի մոտեցել, չեմ կանգնել։ Ես ոչ մի տեղ չեմ կանգնել, վարորդին ասում էի՝ քշի,- նշեց վկան՝ հավելելով, որ հրամանատարը, ամեն դեպքում, կարող էր վերադասին զեկուցել, նոր իր այդ որոշումը կայացնել։ Հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 14-ին։   *Վկա Արտակ Բուդաղյանն առարկել է իրեն լուսանկարելու դեմ Գլխավոր լուսանկարում՝ ձախից պաշտպանը, Անդրանիկ Վերանյանը Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան
17:11 - 09 մայիսի, 2025
Ըստ Հովիկ Գաբրիելյանի՝ թշնամին իրենց թիկունք անցել է յուրային ստորաբաժանման պատճառով

Ըստ Հովիկ Գաբրիելյանի՝ թշնամին իրենց թիկունք անցել է յուրային ստորաբաժանման պատճառով

- 2020 թ․ հոկտեմբերի 4-ին 1-ին բանակային կորպուսի առանձին զրահատանկային գումարտակը, պարենով, զինամթերքով, գիշերային տեսանելիության սարքերով ապահովված լինելով հանդերձ, թույլ է տվել, որ թշնամին մոտենա մինչեւ 400-500 մ հեռավորության վրա, ինչի հետեւանքով նրա զրահատեխնիկան եւ կենդանի ուժը թափանցել են իմ թիկունք, որտեղ թաքնվելով էլ՝ գիշերը սկսել են խփել իմ անձնակազմին,- Հակակոռուպցիոն դատարանում երեկ այսպիսի հայտարարություն արեց նույն բանակային կորպուսի մեկ այլ գումարտակի հրամանատար, այժմ մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանը։ Փոխգնդապետ Գաբրիելյանը մեղադրվում է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին առանց վերադաս հրամանատարների գիտության եւ թույլտվության իր անձնակազմի հետ Ջրականից դեպի Հադրութ նահանջելու եւ այդ մասին իրենից աջ գտնվող յուրային ստորաբաժանումներին չտեղեկացնելու մեջ։ Դրա հետեւանքով, ըստ մեղադրանքի, վերջիններս ընկել են շրջափակման մեջ՝ կրելով մարդկային եւ նյութական կորուստներ։ Յուրային ստորաբաժանումներից մեկն էլ զրահատանկային հիշյալ գումարտակն է, որի մասին իր հայտարարության մեջ նշեց Գաբրիելյանը․ - Ընկե՛ր Գաբրիելյան, Ձեր նշած տեխնիկան ես չեմ ունեցել,- մեղադրյալի հայտարարությանը այսպես հակադարձեց այդ գումարտակի հրամանատարի տեղակալ Սարգիս Ադամյանը,- 11 ԲՄՊ-ից ունեցել եմ 1-ը, իսկ 20-21 տանկերից մնացել է 15-ը, մնացածը խոցվել են, ականանետային մարտկոցն էլ 12 հաշվարկից 3 հաշվարկ է ունեցել։ Ես Ձեր ասած ուժը չեմ ունեցել, որ հակագրոհ իրականացնեի, առաջին օրը կանգնեցրել եմ, երկրորդ օրը էլ չեմ կարողացել, կարողացել եմ միայն ինքս ինձ պաշտպանել։ Արդեն երկրորդ նիստն է, ինչ Ադամյանը ներկայանում է դատարան՝ գործի հանգամանքների վերաբերյալ որպես վկա ցուցմունք տալու։ Սարգիս Ադամյանի խոսքով՝ զորքը բարոյահոգեբանական լավ վիճակում էր Ցուցմունքով Ադամյանը հայտնել է, որ երբ հոկտեմբերի 3-ին տեղակայվել են Ջրականի տարածքում, հակառակորդի հետ մարտական գործողություններ են եղել 2 անգամ՝ հոկտեմբերի 4-ի երեկոյան եւ լույս 5-ի առավոտ։ 4-ի գրոհը, նրա խոսքով, իրենց գումարտակը կասեցրել է, հակառակորդը նահանջել է։ Դրանից հետո՝ մինչ 5-ի առավոտ, ըստ Ադամյանի, այլ գրոհ չի եղել։ Մեղադրյալ Գաբրիելյանը, սակայն, այլ բան է հայտնել․ ըստ նրա՝ գիշերն իրենց ուղղությամբ հարձակում է եղել, եւ իրենք, չունենալով բավարար զինամթերք, զինտեխնիկա, սնունդ ու հագուստ, ստիպված են եղել նահանջել։ Պատասխանելով նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանի հարցերին՝ վկա Ադամյանը հայտնեց, որ տեղանքը, ըստ էության, բնագիծ չէր, պատշաճ խրամատներ չկային, եղածները հին էին, բայց անձնակազմին տեղավորել են, ինչպես որ հնարավոր է եղել։ - Ձեր ստորաբաժանումը պառազինության խնդիր ունե՞ր։ - Այդ դեպքից հետո՝ հա, հոկտտեմբերի 4-ի լույս 5-ի առավոտյան, որ մարտի էինք, դրանից հետո հնարավորություն չկար մատակարարելու։ - Իսկ մինչ այդ դե՞պքը։ - Չէ, խնդիր չկար։ - Իսկ Գաբրիելյանի ստորաբաժանումը զորքի եւ սպառազինության խնդիր ունե՞ր։ - Ես տեղյակ չեմ։ Հովիկ Գաբրիելյանը վկայից հետաքրքրվեց՝ ո՞րն է պատճառը, որ նրանց ապահովել են, իսկ իրենց, որ դարձյալ նույն կորպուսի ենթակայության տակ էին, չեն մատակարարել։ Վկան ասաց, որ ինքն այդ հարցին պատասխանել չի կարող․  «Այդ ամենը կազմակերպել է զորամասի թիկունքի պետը, հագուստը եղել է քաղաքացիական, սնունդը՝ քաղաքացիական։ Թե ձեզ ինչու չեն բերել, չեմ կարող ասել»։ Դատավորը խնդրեց հայտնել նաեւ, թե ինչպիսին էր իր զորքի բարոյահոգեբանական վիճակը։ - Տվյալ պահին՝ լավ, մանավանդ, որ հոկտեմբերի 4-ի գիշերը մարտում կարողացանք հակառակորդին հետ շպրտել, կներեք, այսպես ասած, դուխավորվել էին։ - Նույնաբովանդակ ցուցմունք է տվել Համլետ Լեւոնյանը, պատմել, որ անձրեւին զորքը հայր մերն է ասել․․․ Բայց նույն պայմաններում, երբ հարցաքննում ենք պարոն Գաբրիելյանի ենթականերին, նրանք ասում են՝ շատ վատ էր, շատ ընկճված։ Ինձ մոտ դիսոնանս է առաջանում․ դուք անմիջական շփման մեջ եք մտնում հակառակորդի հետ, բայց մարտի արդյունքում բարոյահոգեբանական վիճակը շատ լավ է, Հովիկ Գաբրիելյանի զորքը, որ, ենթադրաբար, մարտի մեջ չի մտնում, վատ է։ Սա չեմ կարողանում հասկանալ։ Դուք դա ինչպե՞ս կբացատրեք,- հարցրեց դատավորը։ - Ես չեմ կարող ասել,- պատասխանեց վկան։ Ըստ վկայի՝ դիվերսիոն ներթափանցման համար տեղանքը բարենպաստ էր Վկան տեղեկություն չուներ՝ նահանջից առաջ Գաբրիելյանը վերադաս հրամանատարությանը զեկուցել է թե ոչ։ Ասաց՝ հետագայում է իմացել, որ նահանջել են Հադրութ։ Հարցին, թե ինչու հենց Հադրութ, վկան պատասխանեց․ «Հադրութն էր մոտիկ, բայց չեմ կարող ասել՝ ինչի համար են գնացել»։ Հովիկ Գաբրիելյանը, դիմելով Ադամյանին, հարցրեց․ «Եթե ամսի 4-ի գիշերը հակառակորդը հետ է գնացել, դա խուճապի մատնված հակառակորդ է, չէի՞ք կարող 21 տանկով եւ 11 ՀՄՄ-ով բաց դաշտում ոչնչացնել եւ մարտն ավարտել»։ Մեղադրող Դավիթ Նավասարդյանը առարկեց հարցի դեմ, հարցը հանվեց։ Մեղադրյալը հայտարարությամբ հանդես եկավ․   - 32 հատ զրահատեխնիկա ունենալը ահռելի ուժ է, կարելի էր թշնամուն էն ձեւ քայքայել, որ էդ զորքը հետ չգար։ - Ձեր հայտարարությունը արձանագրվեց,- ասաց դատավորը։ Պատասխանելով Հովիկ Գաբրիելյանի հարցերին՝ Սարգիս Ադամյանը հայտնեց, որ հակառակորդն իրենցից ընդամենը 400-500 մ հեռավորության վրա էր․ - Որ մոտեցել է 400-500 մ, կարո՞ղ էր գիշերը թաքնվել ու առավոտյան դիպուկահարներով կրակ բացել ձեր վրա,- հարցրեց մեղադրյալը։ - Կարող էր, տեսանելիություն չկար, հորդառատ անձրեւ էր, հնարավոր էր։ - Այսինքն՝ խումբ–խումբ հնարավոր էր էդ տարածք մտնել։ - Նմանատիպ մարտերի, անձնակազմի ներթափանցման համար տեղանքը բարենպաստ էր,- պատասխանեց վկան։ Գաբրիելյանը նաեւ հետաքրքրվեց՝ ծանր հրետանու աշխատելու ընթացքում զորամասի հրամանատարը որտեղի՞ց էր կապ պահում․ - Առաջնագծում էր։ - Կոնկրետ որտե՞ղ։ - Խրամատում։ - Ըստ Մարտական կանոնադրության՝ չպիտի՞ լիներ ՀՄՄ-ի մեջ, որպեսզի տեղյակ լիներ՝ ում ինչ ցուցում տա․․․ - Ըստ Կանոնադրության՝ հա, բայց մենք էնտեղ ըստ Կանոնադրության ոչ մի բան չենք արել, զրահատեխնիկայի մեջ գտնվելը տվյալ պահին շատ սխալ էր,- նշեց վկան՝ հավելելով, որ խոցման դեպքեր են եղել հենց դրա պատճառով։ Ըստ վկայի՝ Գաբրիելյանի նահանջի հետեւանքով իրենք ունեցել են կորուստներ Դատավորը հիշեցրեց նաեւ, որ Համլետ Լեւոնյանը, թվելով զոհերի անունները, պնդում է կատարել, որ զոհերի մեծ մասը հետեւանք է նրա, որ Գաբրիելյանը նահանջել է, եւ հակառակորդը կարողացել է շրջանցել իր զորքին։ Ապա խնդրեց վկային հայտնել իր կարծիքը այդ պատճառահետեւանքային կապի վերաբերյալ․ -  Պատերազմ է եղել, ես չեմ կարող ասել՝ իր մեղքով է եղել թե չէ, մարտ է եղել, ցանկացածն էլ կարող էր․․․ - Բայց նահա՞նջն է պատճառահետեւանքյին կապի մեջ գտնվել ձեր կորուստների հետ։ - Ես չեմ կարող ասել՝ եթե Գաբրիելյանը դուրս չգար, կբռնվեին մարտի թե ոչ։ Այնուհանդերձ, վկան պնդեց՝ ենթադրյալ նահանջի հետեւանքով իրենք կրել են թե՛ մարդկային, թե՛ նյութական կորուստներ։ Զոհվել են թե՛ ժամկետայիններ, թե՛ սպաներ։ Մեղադրյալի պաշտպան Վրեժ Խաչիկյանը եւս անդրադարձավ այս դրվագին՝ խնդրելով ճշգրտել՝ այդ կորուստները Հովիկ Գաբրիելյանի նահանջի հետ պատճառահետեւանքային կապ ունե՞ն թե՞ անկախ նահանջից հակառակորդը կխոցեր․ - Դուրս գալու հետեւանքով որեւէ զինտեխնիկայի կորուստ ունեցե՞լ եք թե՞ ոչ։ - Ունեցել ենք ավտոտեխնիկայի կորուստ էլ, զրահատեխնիկայի կորուստ էլ։ - Դա եղել է Հովիկ Գաբրիելյանի դուրս գալու հետեւանքո՞վ։ Պաշտպանի կրկնվող հարցին առարկեց մեղադրող Դավիթ Նավասարդյանը՝ նշելով, որ վկան հստակ պատասխան տվեց։ Առարկությունը ընդունվեց։ - Իսկ զինտեխնիկան ինչպե՞ս է խոցվել։ - Նռնականետով եւ հրետանիով։ -Որքան հեռավորության վրա դրանք կարող են խոցել։ - Մինչեւ 1 կմ։ Հաշվի առնելով, որ հակառակորդը, ըստ վկայի խոսքերի, իրենցից հենց 1 կմ հեռավորության վրա էր, պաշտպանը հետաքրքրվեց՝ այդ դեպքում հնարավո՞ր է, որ հակառակորդը իր գտնվելու վայրից խոցած լինի, ոչ թե Գաբրիելյանի ուղղությունից։ Ի պատասխան վկան ասաց՝ հնարավոր է։ - Բա եթե հնարավոր է, Ձեր ենթադրությունը, որ Գաբրիելյանի դուրս գալու հետեւանքով է տեխնիկան խոցվել, այլ ոչ թե հակառակորդի 1 կմ հեռավորության հատվածից, Ձեր այդ համոզմունքը ինչո՞ւմն է կայանում։ Մեղադրողը դարձյալ առարկեց հարցի ձեւակերպման դեմ՝ նշելով, որ հնչեց գնահատական, որը դատավորի տիրույթի հարց է․ «Եվ սա կարծես դիմում լինի Ձեզ, պատվարժան դատարան, որ դա ընդամենը ենթադրություն է։ Ես առարկում եմ հարցի ձեւակերպման դեմ, իսկ  բովանդակային մասով այն կրկնվում է»։  Պաշտպան Խաչիկյանը հետաքրքրվեց նաեւ, թե քանի տեխնիկա է խոցվել։ ի պատասխան վկան ասաց․ «5 տարի է անցել, չեմ կարող մանրամասն ասել՝ տվյալ խոցումը այստեղ է եղել, թե այնտեղ։ Թե քանի մետրից, քանի սմ-ից քանի տեխնիկա է խոցվել, չեմ կարող հիշել»։ - Ձեր հենց կողքի՞ց է հրթիռախոցվել, թե՞ առջեւից,- հարցրեց պաշտպանը։ - Պարոն Խաչիկյան ջան, ես ուրախ եմ, որ Դուք նման իրադրության մեջ չեք ընկել, Դուք չեք կարող պատկերացնել՝ ես չեմ տեսնի՝ տվյալ պադրոնը էս ուղղությամբ եկավ, թե էս։ Գլխիս թափում է, ես նստեի, բախտագուշակությամբ զբաղվեի՞՝ որ կողմից է եկել։ Չեմ կարող ասել․ մարտ է եղել, մարտը ղեկավարել ենք, անձնակազմին ղեկավարել ենք, թե աջից կգա, թե ձախից, ես չեմ կարող ասել։ Արձագանքելով վկայի վրդովմունքին՝ պաշտպանը նշեց՝ պատերազմի ժամանակ ինքը եւս առաջնագծում է եղել․ «Պետք չէ ռազմական գործի մասնագետ լինել․․․ Երբ վկան հայտարարում է, որ 1 կմ-ից տեխնիկա է խոցվել, եւ չի կարողանում ասել՝ աջ կողմից թե դիմացից, բայց ենթադրում է, որ Հովիկ Գաբրիելյանի դուրս գալու հետեւանքով, վերջինիս ենթադրությունը ողջամիտ չէ»,- հարցաքննության ավարտին հայտարարեց նա։ Դատարանն անփոփոխ թողեց մեղադրյալի խափանման միջոցը Երեկվա նիստի ընթացքում քննարկվեց նաեւ Հովիկ Գաբրիելյանի նկատմամբ ընտրված տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը։ Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը դատարանին միջնորդեց դրա ժամկետը երկարաձգել․ «Ես չեմ ուզում այստեղ վկայակոչել, որ անձը մեղադրվում է ծանր հանցանքի կատարման մեջ կամ այն, որ ենթադրյալ հանցանքը կատարվել է ռազմական դրության պայմաններում, այլ ուզում եմ շեշտադրել արարքի հանրային հնչեղությունը, հանրային նշանակությունը եւ մեղադրյալի՝ մեղավոր չճանաչվելու ցանկության մեծությունը։ Զգալով հնարավոր մեղավոր ճանաչվելու վտանգը՝ անձը կարող է խուսափել քնննությունից»,- նշեց նա։ Պաշտպան Խաչիկյանը առարկեց՝ նշելով, որ մինչ այս պահը չի եղել որեւէ հանգամանք, որը կփաստեր, որ Գաբրիելյանը խուսափել, խոչընդոտել է կամ կարող էր խոչընդոտել։ Տնային կալանքի տակ անցկացրած վերջին ամիսները, ըստ պաշտպանի, հակառակն են փաստում։ Ուստի նա միջնորդեց Գաբրիելյանի նկատմամբ սահմանել վարչական հսկողություն։ Խաչիկյանը շեշտադրեց նաեւ այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության կողմից բռնի տեղահանվածներին դրամական աջակցությունը այլեւս դադարել է, ինչի պայմաններում Գաբրիելյանը կարիք ունի աշխատելու եւ իր ընտանիքի հոգսը հոգալու․ «Մենք գործ չունենք անձի հետ, ով ՀՀ-ում ում է մեծացել, ունի պապենական տուն, այլ բարեկամի տանն են ապրում, հնարավորություն տանք, որ ընտանիքի կարիքները հոգա, դա է պատճառը, թե չէ խնդիր չէ տանը նստելը»։ Գաբրիելյանն էլ իր հերթին հավաստիացրեց, որ ազատության մեջ գտնելով՝ ոչ մի խնդիր չի ստեղծի․ «Ուզում եմ հավաստիացնել, որ իմ կողմից ոչ մի խնդիր չի լինի, կարողանամ աշխատել եւ գումար վաստակել իմ ընտանիքի համար։ Շատ խնդիրներ կապված են երեխաների, մորս հետ։ Գնալով ավելի է սպառվում ամեն ինչ, եւ խնդիրները շատանում են»։ Լսելով կողմերին՝ նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանը որոշեց Գաբրիելյանի նկատմամբ ընտրված տնային կալանքի ժամկետը երկարաձգել եւս երեք ամսով․  «Դատաքննության այս փուլում դատարանը իրատեսական չի համարում այլընտրանքային խափանման միջոցի կիրառումը եւ դրանով պատշաճ վարքագիծ ապահվումը, միգուցե դատաքննության այլ փուլում այլ հետեւության գա»,- ասաց նա։ Հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 22-ին։ Միլենա Խաչիկյան
14:11 - 07 մայիսի, 2025
Գործադուլի «գործադուլը» Հայաստանում․ պարզ իրավունք, բարդ իրացում

Գործադուլի «գործադուլը» Հայաստանում․ պարզ իրավունք, բարդ իրացում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից (ԶՊՄԿ) հեռացված Վահե Մխիթարյանն ու 7 այլ աշխատակիցներ դատական հայց են ներկայացնել Կոմբինատի դեմ: Նրանք պահանջում են անվավեր ճանաչել իրենց աշխատանքային պայմանագիրը լուծելու հրամանը, հարկադիր պարապուրդի համար բռնագանձել իրենց միջին աշխատավարձը, վերականգնել իրենց նախկին աշխատանքում, իսկ դրա անհնարինության դեպքում բռնագանձել նաեւ աշխատանքի չվերականգնելու դիմաց հատուցումը։ Այս տարեսկզբին ՀՀ խոշորագույն հարկատուներից մեկի՝ Կոմբինատի հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ էին իրականացնում։ Նրանք դժգոհում էին սոցիալական անհավասար պայմաններից եւ պահանջում աշխատավարձերի բարձրացում։ Թեեւ օրեր անց Կոմբինատը հայտարարեց, որ կբարձրացնի աշխատավարձերը, այնուհանդերձ, գործադուլը նաեւ բացասական հետեւանքներ ունեցավ․ 8 անձ, այդ թվում՝ Մխիթարյանը, հեռացվեց աշխատանքից։  Արդյո՞ք իրավաչափ են գործադուլին հաջորդող ազատումները, գործադուլ անվանումը ստացած բոլոր ակցիանե՞րն են համարվում իսկապես գործադուլ, առհասարակ, գործադուլի իրականացման ինչպիսի՞ իրավակարգավորումներ են սահմանված Հայաստանում եւ աշխարհում, եւ ի՞նչ խնդիրներ կան։ Նյութում կարդացեք գործադուլերը Հայաստանում․ ոչ պաշտոնական վիճակագրություն, գործադուլի իրավունքը ներպետական օրենսդրության մեջ, ԶՊՄԿ-ի  օրինակը․ ինչ են ասում կողմերը ինչ խնդիրներ կան․ Արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանի եւ ճյուղային Արհմիության նախագահի կարծիքը, գործադուլի իրավունքը միջազգային փաստաթղթերում․ եվրոպական երկրների փորձը։   Գործադուլերը Հայաստանում․ ոչ պաշտոնական վիճակագրություն Զարգացող պետություններում, ինչպիսին Հայաստանն է, քաղաքացիները, որպես կանոն, մշտապես ունենում են դժգոհության տարաբնույթ առիթներ եւ ձգտում՝ հասնելու դրական փոփոխությունների։ Եվ շատ հաճախ այս ճանապարհին որպես պայքարի ձեւ ընտրվում է հենց գործադուլը։ «Ինֆոքոմը» բաց աղբյուրներում որոնում է իրականացրել՝ հավաքագրելով վերջին տասը տարում կազմակերպված եւ լուսաբանված գործադուլերի վերաբերյալ տվյալները (հավաքագրում իրականացնելիս հիմք է ընդունվել կազմակերպիչների հայտարարությունը գործադուլի մասին, այլ ոչ թե գործողությունների լիարժեք համապատասխանությունը օրենքին)։ Թեեւ ստացված պատկերը կարող է ամբողջական չլինել, սակայն եղածն էլ հստակ ցույց է տալիս որոշակի օրինաչափություն․ Հայաստանում ամենից հաճախ գործադուլի են դիմել 2018 թ․-ին (իշխանափոխության ընթացքում տեղի ունեցած գործադուլերը հաշվարկվել են մեկ անգամ՝ հիմք ընդունելով դրանց մեկ ընդհանուր պահանջը), ամենաքիչը՝ 2015-ին։    Գործադուլերի թեմատիկայում ամենից հաճախ հանդիպում են աշխատավարձերի բարձրացման կամ ղեկավարի հրաժարականի պահանջները։    Գործադուլի իրավունքը․ ներպետական օրենսդրություն Գործադուլի իրավունքը ամրագրված է ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային կոնվենցիաներով ու համաձայնագրերով։ ՀՀ Սահմանադրությունն է նախատեսում, որ աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով: Գործադուլի իրականացման կարգը հիմնականում սահմանվում է Աշխատանքային օրենսգրքով։ Ըստ դրա՝ գործադուլը մեկ կամ մի քանի գործատուների մոտ աշխատողների կոլեկտիվի կամ աշխատողների որոշակի խմբի` կոլեկտիվ գործողությունների միջոցով աշխատանքների լրիվ կամ մասնակի ժամանակավոր դադարեցումն է աշխատողների տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով։ Սակայն գորադուլը ծայրահեղ միջոց է, որին պետք է նախորդեն այլ փուլեր՝ կոլեկտիվ աշխատանքային վեճի քննարկում հաշտեցման հանձնաժողովում (պարտադիր փուլ է)  կոլեկտիվ աշխատանքային վեճի քննում դատարանում (եթե կոլեկտիվ աշխատանքային վեճը վերաբերում է կոլեկտիվ պայմանագրի կատարման ընթացքին): Կոլեկտիվ աշխատանքային վեճը չլուծելու, հաշտեցման գործընթացից խուսափելու եւ օրենքով սահմանված մի քանի այլ դեպքերում նոր միայն կարող է իրականացվել գործադուլ։ Արհեստակցական միությունն է այն միակ մարմինը, որի միջոցով, ըստ Արհմիությունների մասին ՀՀ օրենքի, հնարավոր է իրականացնել օրինական գործադուլ։ Արհմիությունը հասարակական միավորում է, որն օրենքով սահմանված կարգով եւ ազատ կամքի դրսեւորումով միավորում է գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողներին` իրենց աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական, սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու եւ աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով։ Հայաստանում առաջին արհմիությունները կազմավորվել են 1905-1907 թթ․-ին` Երևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Ալավերդիում, իսկ մասսայական տարածում՝ ստացել 1921 թ․-ին։ Անդամների թիվն էապես ավելացել է 1950-ականներին՝ հետպատերազմյան շրջանում։ Խորհրդային տարիներին, սակայն, արհմիությունները ձեւական բնույթ էին կրում եւ սերտաճած էին պետական կառավարման համակարգին։ ԽՍՀՄ փլուզումից հետո էլ որպես աշխատողների շահերը ներկայացնող մարմին՝ արհմիությունների արդյունավետության մակարդակն ու դերը շարունակեց մնալ ցածր՝ կապված նաեւ այն հանգամանքի հետ, որ խորհրդային արհմիություններն օգտվում էին պետական աջակցությունից ու այդպիսով աշխատավորների համար նյութական արտոնություններ ստեղծում։ Արհմիությունների մասին առավել մանրամասն՝ այստեղ։   ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը սահմանում է նաեւ, որ նախատեսվող գործադուլի մասին արհմիությունը պարտավոր է գործատուին գրավոր տեղեկացնել գործադուլը սկսելու օրվանից առնվազն 7, իսկ անընդհատ գործող արտադրությամբ կազմակերպություններում, ինչպիսին Կոմբինատն է, 14 օր առաջ: Գործադուլին մասնակցող աշխատողներն ազատվում են իրենց աշխատանքային գործառույթները կատարելու պարտականություններից, իսկ գործատուն իրավունք է ստանում ցանկության դեպքում գործադուլի մասնակիցներին աշխատավարձ չվճարել: Սակայն գործադուլի ընթացքում պահպանվում է գործադուլին մասնակցող աշխատողների աշխատատեղը (պաշտոնը):  Չնայած օրենսդրական այս պահանջին՝ գործադուլներին հաճախ ազատումներ են հաջորդում։ Գործատուները աշխատակիցներին հեռացնում են աշխատանքից՝ կազմակերպված ակցիաները օրենքի իմաստով գործադուլ չհամարելով կամ հղում կատարելով Աշխատանքային օրենսգրքի այն դրույթներին, որոնց համաձայն՝ գործատուն կարող է սեփական նախաձեռնությամբ լուծել պայմանագիրը, եթե նա կորցրել է վստահությունը աշխատողի նկատմամբ, որը կատարել է այնպիսի արարք, որի հետեւանքով գործատուն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս։ Հենց սա է, ի թիվս այլնի, դրված ԶՊՄԿ-ի աշխատակիցների, ինչպես նաեւ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի գործադուլավոր վարորդներին աշխատանքից ազատելու որոշման հիմքում։    ԶՊՄԿ-ի օրինակը․ ինչ են ասում կողմերը Մեր զրույցում ԶՊՄԿ-ի նախկին աշխատակից Վահե Մխիթարյանը պատմում է՝ ինչպես է իրականացվել իրենց կազմակերպած գործադուլը։ Մխիթարյանի խոսքով՝ իրենք նախ գրավոր ծանուցել են նախազգուշական գործադուլի մասին։ Նախազգուշական գործադուլը, ըստ Աշխատանքային օրենսգրքի, չի կարող շարունակվել 2 ժամից ավելի: Գործադուլ իրականացնելու որոշումը պետք է գաղտնի քվեարկությամբ հավանության արժանանա քվեարկությանը մասնակցած աշխատողների ձայների մեծամասնության կողմից, որը չի կարող պակաս լինել աշխատողների ընդհանուր թվի կեսից։ Տվյալ դեպքում, ըստ Մխիթարյանի, այդ ցուցանիշն ապահովվել է․ կոմբինատի 4600 աշխատակցից ստորագրահավաքին միացել է 2448-ը։ Վահե Մխիթարյանը շեշտում է՝ իրենք հավաքված ստորագրությունները տրամադրել են միությանը, սակայն վերջինս անարձագանք է թողել այն․ «Հունվարի 31-ին մեզ հաջողվեց հանրային ճնշման ներքո գալ համաձայնության եւ հանդիպել Կոմբինատի տնօրենի՝ Ռոման Խուդոլլիի հետ։ Մոտ 2․5 ժամ տեւած բանակցությունները անարդյունք եղան, նույնիսկ կասեի` ոչ կառուցողական․․․ Ի վերջո, տնօրենը հայտարարեց՝ եթե ուզում եք կանգնեցնել աշխատանքը, գնացեք, կանգնեցրեք; Դրանից անմիջապես հետո այդպես ինքնաբուխ գործադուլը ստացվեց։ Այսինքն՝ մենք ի սկզբանե պլանավորել էինք, որ ընդամենը 2 ժամ պետք է կանգնեցնենք աշխատանքը, որովհետեւ առաջնորդվում էինք չվնասելու սկզբունքով, բայց քննարկումներից հետո այդ էմոցիոնալ ֆոնի վրա, ինքնաբուխ գործադուլ ստացվեց»։ Դրանից հետո «ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիությունը հայտարարեց՝ վերոնշյալ գործողությունները գործադուլ չի համարում եւ չի աջակցում դրանց՝ համարելով ոչ իրավաչափ։ Կատարվածի առնչությամբ նաեւ հանցագործության մասին հաղորդումներ ներկայացվեցին։ Հաղորդումների հիման վրա Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ինքնիրավչության հոդվածով։ Կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանի փոխանցմամբ՝ որպես մեղադրյալ ներգրավված անձինք այս պահին չկան, նախաքննությունը շարունակվում է։ Ի վերջո 11 օր անց՝ 8 աշխատակցի հեռացնելուց հետո միայն, երբ Կոմբինատը հայտարարեց, որ խոստանում է աշխատավարձերը բարձրացնել 20 տոկոսով, գործադուլը դադարեց։ Վահե Մխիթարյանը ընդգծում է՝ Հայաստանի նորագույն պատմության մեջ այնպիսի գործադուլ, որը կհամապատասխանի օրենքի բոլոր կետերին, ըստ ամենայնի, տեղի չի ունեցել․ «Ենթադրում եմ՝ օրենքը ուղղակի փոխառնվել է զարգացած երկրներից որեւէ մեկից, բայց չի տեղայնացվել եւ ցավոք սրտի, մեր հասարակությունը եւ գործատուները, դեռեւս չունեն այն իրավագիտակցությունը եւ մշակույթը, որ այդ օրենքը գործարկվի»,- ասում նա։ Մեր զրույցում ԶՊՄԿ-ից նշեցին, որ հավելյալ մեկնաբանություն չունեն՝ առաջարկելով դիմել Ճյուղային արհմիությանը։ Մանրամասները՝ տեսանյութում   Ինչ խնդիրներ են մատնանշում մասնագետները Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբան Աննա Բարիկյանը մեր զրույցում նշում է՝ աշխատանքային իրավունքների պահպանման, աշխատողների եւ գործատուների իրավագիտակցության հարցում այսօր կա որոշակի առաջընթաց, սակայն դեռ շատ անելիքներ կան։ Առկա օրենսդրական ընթացակարգերը Բարիկյանը երկար ու բարդ է որակում, նշում՝ դրանք գործնականում խոչընդոտում են աշխատողների` օրինական գործադուլ կազմակերպելու հնարավորությունը։ Արհեստակցական կազմակերպությունները գործադուլ հայտարարելու համար պարտավոր են անցնել փուլերով, ինչը լրջորեն սահմանափակում է նրանց գործողությունները։ Բարիկյանն ընդգծում է՝ Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան ամեն տարի հրապարակում է Իրավունքների գլոբալ ինդեքսը, որը կարեւոր զեկույց է ամբողջ աշխարհում ժողովրդավարության հիմնական սկզբունքների՝ աշխատողների և արհեստակցական միությունների հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության և իրականացման համար պայքարի իրավիճակի մասին․ Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան փաստում է կառավարությունների և գործատուների կողմից միջազգայնորեն ճանաչված կոլեկտիվ աշխատանքային իրավունքների խախտումները, մասնավորապես՝ միավորման ազատության, կոլեկտիվ բանակցությունների և գործադուլի իրավունքի: Աննա Բարիկյանը համաձայն է՝ Հայաստանի արհմիությունները դեռեւս բախվում են պատմական ժառանգության հետևանքներին, սակայն Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան վերջին տարիներին ակտիվ աշխատանք է իրականացրել՝ կազմակերպելով սեմինարներ և հանդիպումներ, իրազեկման արշավներ, որոնք նպաստում են արհեստակցական կազմակերպությունների վերաբերյալ կարծրատիպերի վերափոխմանը։ 2023 թվականին նույնիսկ դատական կարգով վերականգնվել է արհեստակցական կազմակերպության նախագահի լիազորությունը, քանի որ գործատուն խոչընդոտում էր նրա գործունեությունը որպես արհեստակցական կազմակերպության նախագահ․  «Ուստի, արհմիությունների միջոցով գործադուլ կազմակերպելու պահանջը ոչ միայն իրավաչափ է, այլև անհրաժեշտ նախապայման՝ աշխատողների գործադուլի իրավունքի լիարժեք իրացման համար։ Բացի գործադուլ կազմակերպելուց, արհմիությունները ներգրավված են նաև պետության և գործատուների հետ բանակցային գործընթացներում, ինչը թույլ է տալիս գտնել լուծումներ առանց ծայրահեղ միջոցների։ Եթե յուրաքանչյուր աշխատող ինքնուրույն փորձի գործադուլ իրականացնել, դա կարող է հանգեցնել անկայունության, մինչդեռ արհմիությունը տրամադրում է կառուցվածքային մոտեցում՝ պաշտպանելով ինչպես աշխատողների իրավունքները, այնպես էլ սոցիալական կայունությունը»։ «Լեռնագործների, մետալուրգների եւ ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության» նախագահ Էդուարդ Փահլևանյանը եւս մի շարք գործնական խնդիրներ է մատնանշում։ Աշխատանքային օրենսգրքում առկա կարգավորումները, ըստ նրա, գործնականում անհնար են դարձնում գործադուլի իրականացումը․ «Վերցնենք մի օրինակ՝ մեծ կազմակերպություն, որտեղ առաջացել է կոլեկտիվ վեճ, այդ կոլեկտիվ վեճը չի հանգուցալուծվել բանակցությունների միջոցով։ Ըստ օրենսգրքի՝ պիտի գնանք գործադուլի, չէ՞, պիտի նախազգուշացնենք, սահմանված ժամկետում մեր իրավական պահանջները ներկայացնենք գործատուին, եւ կամ պիտի ստեղծվի հանձնաժողով, արձագանք լինի, կամ բողոք լինի դատական կարգով, կամ ընդհանրապես հանգուցալուծում չունենա։ Այդ ժամանակ պիտի փակ քվեարկությամբ հավաքենք բոլոր աշխատողների մեկ երրորդի համաձայնությունը, բայց դեռ չկա սահմանված որեւէ կարգ, թե ինչպես պիտի դա անես, որ գործատուն չբողոքարկի։ Կոնֆեդերացիան բղավում է այս մասին, բայց մեր գործընկերները` ի դեմս ՀՀ կառավարության, ականջալուր չեն»,- ասում է Փահլեւանյանն ու ընդգծում՝ ԱԺ-ում աշխատավորները չունեն իրենց գեթ մեկ ներկայացուցչին, որպեսզի կարողանան անմիջականորեն բարձրաձայնել խնդիրները։ Մանրամասները՝ տեսանյութում   Գործադուլի իրավունքը․ միազգային փաստաթղթեր Աշխատողների իրավունքների վերաբերյալ միջազգային առաջնահերթ փաստաթղթերը Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներն են։ 1948 թ․-ին Կազմակերպությունն ընդունել է Միավորման ազատության եւ կազմակերպվելու իրավունքի պաշտպանության մասին կոնվենցիա (ՀՀ-ն վավերացրել է 2005 թ․-ին), իսկ 1949 թ․-ին՝ Կազմակերպվելու եւ կոլեկտիվ բանակցությունների իրավունքի մասին (ՀՀ-ն վավերացրել է 2003 թ․-ին)։  Գործադուլի իրավունքն ուղղակիորեն ամրագրված է նաեւ Միավորված ազգերի կազմակերպության՝ 1966 թ․-ի Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրում, որը պարտադիր է ՄԱԿ-ի անդամ պետությունների համար (ՀՀ-ն անդամ է 1992 թ․-ից)։  Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան էլ սահմանում է՝ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության եւ այլոց հետ միավորվելու ազատության իրավունք` ներառյալ իր շահերի պաշտպանության համար արհմիություններ ստեղծելու եւ դրանց անդամակցելու իրավունքը (հոդված 11)։ Բարիսը եւ մյուսները ընդդեմ Թուրքիայի գործով Եվրոպական դատարանն արձանագրել է՝ գործադուլը, սկզբունքորեն, պաշտպանված է 11-րդ հոդվածով միայն այն չափով, որ կազմակերպվում է արհեստակցական միությունների կողմից եւ համարվում է արհեստակցական միության գործունեության ոչ թե ենթադրյալ, այլ արդյունավետ մաս (Barış and Others v. Turkey (dec.), § 45): Մի շարք վճիռներում Եվրոպական դատարանը նշել է, որ գործադուլի արգելքը պետք է համարվի արհեստակցական միության` իր անդամների շահերը պաշտպանելու լիազորության սահմանափակում և հետևաբար, միավորման ազատության սահմանափակում (UNISON v. the United Kingdom (dec.), 2002; Hrvatski liječnički sindikat v. Croatia, 2014, § 49; Veniamin Tymoshenko and Others v. Ukraine, 2014, § 77): Այս համատեքստում, ըստ ՄԻԵԴ-ի, որեւէ սահմանափակում դրանց անդամներին  չպետք է ենթարկի վնասներ կրելու կամ աշխատավարձի իջեցման կամ աշխատանքային այլ պայմանների վատթարացման ապագա փորձերի դեպքում անպաշտպան մնալու իրական կամ անմիջական վտանգի (UNISON v. the United Kingdom )։ Գործադուլի կարգավորման միջազգային փորձից խոսելիս հարկ է հիշատակել նաեւ եվրոպական երկրների օրինակը։ Գերմանիայի Սահմանադրության 9-րդ հոդվածն է ամրագրում միավորման ազատությունը, որն ընդգրկում է ինչպես արհմիությունների ստեղծման, այնպես էլ գործադուլի իրավունքը։ Գործադուլ հայտարարելու ընթացակարգը հիմնականում ձևավորվել է դատական պրակտիկայով և արհմիությունների կանոններով։ Գործադուլից առաջ գերմանական արհմիությունները պետք է վարեն բանակցություններ գործատուի հետ՝ նոր պայմանագիր կնքելու կամ պահանջներ ներկայացնելու նպատակով։ Կոլեկտիվ պայմանագրի գործողության ժամանակահատվածում գործում է «խաղաղության պարտավորությունը» (Friedenspflicht), որն արգելում է գործադուլները պայմանագրի գործողության ընթացքում: Սա ապահովում է կայունություն և կանխատեսելիություն։ Գործադուլի ծանուցման ժամկետը (Ankündigungsfrist) Գերմանիայում հստակ սահմանված չէ, բայց ձեւավորված պրակտիկայի համաձայն՝ ծանուցումը պետք է արվի «հիմնավոր և համապատասխան ժամկետում» (angemessene Frist), որպեսզի գործատուն կարողանա կազմակերպչական քայլեր ձեռնարկել։  Ընդհանուր առմամբ, օրինական գործադուլի մասնակցությունը չի կարող պատճառ դառնալ աշխատանքից հեռացման։ Բայց կա բացառություն՝ հավատարմության երդման խախտումը (Verletzung der Treuepflicht). եթե գործադուլի ընթացքում աշխատակիցը ծանր ձևով խախտի իր վերաբերմունքը գործատուի հանդեպ (օրինակ՝ վիրավորական արտահայտություններ, ֆիզիկական բռնություն), գործատուն կարող է կիրառել խիստ կարգապահական միջոցներ՝ մինչև աշխատանքից ազատում։ Ֆրանսիայում եւս գործադուլի իրավունքը ամրագրված է սահմանադրական մակարդակով: 1946 թվականի Սահմանադրության նախաբանը, որը 1958 թվականի ներկայիս Սահմանադրության անբաժանելի մասն է, ուղղակիորեն ճանաչում է գործադուլի իրավունքը որպես հիմնարար իրավունք: Սակայն ի տարբերություն Գերմանիայի, Ֆրանսիայում գործադուլը համարվում է աշխատողի անհատական իրավունք, որը կարող է իրականացվել կոլեկտիվ կերպով: Սա նշանակում է, որ արհմիության մասնակցությունը պարտադիր չէ: Ֆրանսիայում գործադուլ հայտարարելու համար չկան խիստ պահանջներ, ինչպիսիք են նախնական բանակցությունների պարտադիր լինելը կամ հատուկ ծանուցման ժամկետները (բացառությամբ հանրային ծառայությունների ոլորտի, որտեղ գործում է 5 օրվա ծանուցման եւ բանակցություններ վարելու պահանջ): Հանրային ծառայությունների ոլորտում գործում է «նվազագույն ծառայության» (service minimum) պահանջը, որը նշանակում է, որ անգամ գործադուլի դեպքում պետք է ապահովվի հիմնական ծառայությունների մատուցումը: Ֆրանսիայում տարածված են կարճաժամկետ նախազգուշական գործադուլները, որոնք սովորաբար տևում են մեկ օր կամ նույնիսկ մի քանի ժամ՝ հիմնականում ճնշում գործադրելու և բանակցային դիրքեր ամրապնդելու նպատակով: Այսպիսով, ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում գործադուլի իրավունքն ունի սահմանադրական արժեք։ Ներպետական կարգավորումները, սակայն, այնքան խրթին ու տեւական են, որ գործնականում գրեթե անհնարին են դարձնում օրինական գործադուլի հնարավորությունը, ինչը փաստում են թե՛ աշխատողները, թե՛ Արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչները։ Իսկ դրա բացասական հետեւանքները կրում են աշխատավորները։   Միլենա Խաչիկյան
21:01 - 30 ապրիլի, 2025
«Փող չկա, ու կյանք չկա»․ խորհրդային «բանն» ու հետխորհրդային «բան չկան» | Հանրագիտ

«Փող չկա, ու կյանք չկա»․ խորհրդային «բանն» ու հետխորհրդային «բան չկան» | Հանրագիտ

-  Ուրեմն, Ձեր հետազոտությունը պատմության շո՞ւրջ է։ Ձեզ հետաքրքի՞ր է վանքը։ - Չէ, ես հետազոտում եմ ժամանակակից պատմությունը, հենց Աջիձորի խորհրդային և հետխորհրդային շրջանների պատմությունը, և այն, թե ինչպես են մարդիկ այստեղ ապրում։ - Ոչ մի հետաքրքիր բան չկա ստեղ։ Ձեզ ուղիղ կասեմ․․․ Բան չկա. փող չկա, ու կյանք չկա։   *** Երբ մարդաբան Մարիա Գունկոն այցելեց հայկական փոքր քաղաքներից մեկը, նա ակնկալում էր լսել «դատարկություն» բառը՝ մի եզրույթ, որով հաճախ են իրենց առօրյա կյանքը նկարագրում հետխորհրդային տարածքների փոքր քաղաքների բնակիչները: Իսկ հետխորհրդային և, առհասարակ, փոքր քաղաքների կյանքը հասկանալը Մարիայի հետազոտությունների հիմնական թեման է։ Մարիա Գունկոն Փոխարենը, նա լսեց «լքված», «ավերակ» բառերը: Սակայն գիտնականի ուշադրությունն ամենից շատ գրավեց տիպիկ հայկական մի արտահայտություն՝ «բան չկա»: «Երբեմն ինչ-որ բան տպավորվում է մոտդ, ու սկսում ես այն ամենուր տեսնել: Սկզբում չես նկատում, իսկ հետո անկարող ես անտեսել»,- պատմում է ինձ Մարիան մի փոքրիկ սրճարանում երևանյան արևոտ մի առավոտ։ Երբ Մարիան սկսեց իր դաշտային աշխատանքը, նա արագ յուրացրեց հայերենում լայնորեն տարածված «ի՞նչ կա, չկա» արտահայտությունը, որին ամենահաճախ տրվող պատասխանն էր՝ «բան չկա», որ նշանակում է «առանձնապես ոչինչ չկա» կամ «ամեն ինչ կարգին է»: Բայց շուտով նա հայտնաբերեց, որ «բան չկան» ունի իմաստային շատ ավելի երանգներ: «Դա այնքան ընդգրկուն էր: Մարդիկ այդպես նկարագրում էին վայրերը, կյանքը, հետաքրքիր բաների բացակայությանը»,- ասում է Մարիան: Այսպիսով, «բան չկա»-ն դարձավ հետխորհրդային այս քաղաքի մասին նրա հետազոտության կենտրոնական գաղափարը։   Անձայն դիտարկումները Մարիան «Դատարկություն. ապրելով կապիտալիզմը և ժողովրդավարությունը հետխորհրդային շրջանից հետո» նախագծի շրջանակում իր հետազոտությունը սկսեց 2022-ին: Ռուսաստանից Հայաստան տեղափոխվելուց հետո նա որպես իր ուսումնասիրության վայր ընտրեց Աջիձորը (քաղաքի անունը մտածացին է, մարդկանց դեպքում նշված են կեղծանուններ, որպեսզի  զրուցակիցները չնույնականացվեն)։ Այս որոշումն իր հետ բերեց բազում մարտահրավերներ․ լինելով օտարերկրյա գիտնական՝ նա անծանոթ էր տեղական համատեքստին և դեռ հայերենին չէր տիրապետում։ Չնայած այս ամենին՝ նա միայնակ գնաց Աջիձոր և սկսեց իր դաշտային աշխատանքը: Սկզբում հանդիպեց տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ հավաքելու նախնական տեղեկություններ: Բայց ինչպես Մարիան է նշում, «ազգագրությունը միայն այդքանը չէ, և ինչ-որ տարածք հասկանալու համար այնտեղ ապրել է պետք»: Գիտնականի հետազոտությունը տևեց մեկուկես տարի՝ 2022-ի օգոստոսից մինչև 2024-ի դեկտեմբեր: Եվ այժմ «Social & Cultural Geography» ամսագրում հրապարակված հոդվածում նա ընթերցողներին իր հետ տանում է Աջիձոր՝ բացահայտելով, թե ինչու այնտեղ «բան չկա»: Սկզբում, երբ Մարիան նոր էր սկսել հայերեն սովորել և դժվարանում էր հասկանալ մարդկանց խոսակցությունները, նա կենտրոնացավ դիտարկումների վրա: Գիտնականը նկարում էր խորհրդային շրջանի գործարանի ավերակները, հին ռադիատորներից պատրաստված ցանկապատերը, վառարանների ծխնելույզների համար պատուհանների վերևում բացված անցքերը, դատարկ խանութը, լքված դպրոցը․․․ Ամեն ինչ: Այս դիտարկումները նրան նախնական պատկերացումներ տվեցին քաղաքի և հետխորհրդային շրջանում դրա նյութական փոխակերպումների մասին: Աջիձորում, նկարը՝ Մարիայի Ավելի ուշ, երբ նա հայերենին տիրապետում էր այնքան, որ կարողանում էր հասկանալ հանրային վայրերի զրույցները, գիտնականը սկսեց ոչ միայն դիտարկել, այլ նաև լսել: Հենց այդ ժամանակ էր, որ «բան չկան» հայտնեց նրա կյանքում, և ինչպես ինքն է ասում, դարձավ «իր մեծ սերը»։ Բայց մինչ այս հասկացությանն ավելի մանրամասն ծանոթանալը մի փոքր խոսենք խորհրդային շրջանում ենթակառուցվածքների ստեղծման կարևորության և Խորհրդային Միության փլուզմանը հաջորդած «մութ ու ցուրտ» իրականության մասին։   Ոչ մի բանից դեպի ինչ-որ բան ու հետո նորից ոչ մի բան Հեղինակը պատմում է` Աջիձորը հիմնադրվեց 1940-ականների վերջին և զարգացավ  արդյունաբերության շուրջ, ինչպես բազմաթիվ այլ խորհրդային քաղաքներ: Խորհրդային իշխանություններն այստեղ կառուցեցին մետալուրգիական գործարան, որը բարձր վարձատրությամբ աշխատատեղեր ապահովեց տղամարդկանց համար: Ավելի ուշ բացվեց սպառողական ապրանքների արտադրամաս՝ կանանց ևս աշխատանքով ապահովելու համար: Աջիձորի բնակիչների հետ զրույցների ժամանակ Մարիան հաճախ էր լսում, որ մինչև գործարանն այս վայրում բան չկար: Շատերը գործարանի հիմնադրումից հետո այստեղ էին տեղափոխվել մոտակա բնակավայրերից: Զրույցներից մեկի ժամանակ Մարիայի հյուրընկալի ծնողները՝ Լևոնն ու Հայկուշը, պատմեցին, որ իրենց ընտանիքը մինչև գործարանն ապրում էր մոտակա քաղաքում, քանի որ «այստեղ բան չկար»: Լսելով դա՝ Մարիան հարցրեց. - Բայց հաստատ մի բան կար, չէ՞։ Հետևեց Լևոնի պատասխանը։ - Չգիտեմ... Գուցե անասունների և ոչխարների համար նախատեսված գոմեր: [Ձորի] մյուս կողմում՝ վանքի տակ, գյուղ կար, ինչպես հիմա: Բայց այստեղ՝ իրոք ոչ մի բան... Միայն գոմաղբ ու խոտ: Աջիձորում, նկարը՝ Մարիայի Ենթակառուցվածքների ստեղծումը նշանակալի դեր էր խաղում խորհրդային իշխանությունների համար: Նրանք այդպիսով նպատակ ունեին ցուցադրելու իրենց ուժն ու ամենուր ներկայություն հաստատելու: Հեղինակը գրում է, որ 1920-ականների սկզբից խորհրդային ռեժիմը ցանկանում էր մեծամասամբ գյուղական բնակավայրեր ունեցող Հայաստանը վերափոխել մի տարածության, որն այն ժամանակ ընկալվում էր որպես «մեծապես արդյունաբերականացված և տեխնոլոգիապես մոդերնիզացված»: Մայրաքաղաք Երևանն ու այլ քաղաքներ վերապլանավորվում էին, և այնտեղ ընթանում էին շինարարական աշխատանքներ։ «Խորհրդային պետությունը եկավ և հայտարարեց՝ այստեղ բան չկա, հետևաբար՝ մենք պատրաստվում ենք կառուցել ինչ-որ մի բան, արդիականացնել և քաղաքակրթել: Տիպիկ գաղութային խոսույթ terra nullius-ի մասին (հայ․՝ «ոչ մեկի հողը»,- խմբ․), որը սպասում է նվաճման»,-  նկատում է Մարիան: Նույնը տեղի ունեցավ Աջիձորում. մինչև գործարանի կառուցումն այստեղ գյուղ կար, բայց «խորհրդային իշխանություններն այն ընկալեցին որպես ոչ մի բան՝ բռնելով նյութական վերակառուցման և սոցիալական ճարտարագիտության ուղին», ինչպես նշում է գիտնականը: Զրույցների ընթացքում Աջիձորի բնակիչներից շատերը խորհրդային ժամանակաշրջանը նկարագրում էին որպես «սոցիալիստական դրախտ, կյանքով լի և ծաղկող քաղաք, որտեղ մարդիկ առավոտյան շտապում էին աշխատանքի, երեխաները վազում էին դպրոց, սիրահար զույգերը երեկոյան պարում էին կենտրոնական հրապարակում, խանութներն առաջարկում էին ապրանքների բազմազանություն, հանրային ավտոբուսները կապում էին Աջիձորը երկրի այլ հատվածների հետ, և փոստային ծառայությունը լուրեր էր բերում հեռուներից»: Խորհրդային կարգերի տապալումից հետո հետխորհրդային երկրներում ենթակառուցվածքները խաթարվեցին, գործարաններ և այլ կառույցներ փակվեցին, ավերումներ տեղի ունեցան: Ինչպես նշում է հոդվածի հեղինակը, այսպիսի լուրջ հետևանքների պատճառներից մեկն այն էր, որ տնտեսական մի համակարգից մյուսին անցումն արմատական և անկանոն էր: Տարածաշրջանում ենթակառուցվածքների «ամենակտրուկ և արմատական» խափանումներից մեկը տեղի ունեցավ Հայաստանում։ Դրան նպաստեցին մի քանի գործոններ, այդ թվում՝ Ադրբեջանի հետ պատերազմը, գազի մատակարարման ուղիների շրջափակումը և 1988-ին Սպիտակի ավերիչ երկրաշարժը: Այս իրադարձությունները սկիզբ դրեցին, այսպես կոչված «մութ ու ցուրտ տարիներին, որոնք ձգվեցին մինչև 1995 թվականը: Էներգետիկ ճգնաժամի արդյունքում Աջիձորի գործարանը և արտադրամասը փակվեցին: 1990-ականների սկզբին դրանք մասնավորեցվեցին, այնուհետև մաս առ մաս վաճառվեցին: Աջիձորում գործազրկություն սկսվեց, էլեկտրականության և ջրի մատակարարումները խաթարվեցին, քաղաքն ամբողջովին զրկվեց կենտրոնական ջեռուցումից և հանրային տրանսպորտից: Այս պատկերն, ինչպես նկատում է հոդվածի հեղինակը, «կտրուկ հակադրվում էր խորհրդային շրջանում քաղաքի բարգավաճմանը»: Կենտրոնացված ջեռուցման համակարգի բացակայության պայմաններում քաղաքի բնակիչները ստիպված էին վերադառնալ փայտի վառարաններին, որոնք նրանք օգտագործում էին մինչև 1970-ականները: Ինչ-որ առումով նրանք «բախտավոր» էին՝ հաշվի առնելով, որ քաղաքը շրջապատված է անտառներով: Մարիայի տարեց զրուցակիցներից մեկը մի անգամ նկատեց․ - Մութ էր, այո՛: Բայց գոնե այնքան ցուրտ չէր, ինչքան Երևանում: Մենք հնարավորություն ունեինք փայտ հավաքելու։ Փայտի վառարանը Աջիձորի տներից մեկում, նկարը՝ Մարիայի Հեղինակն այնքան պատկերավոր է նկարագրում մութ ու ցուրտ տարիների հետքերը, որ թվում է, թե հայտնվել ես Աջիձորի տներից մեկում ու նայում ես պատուհաններին․ «Փայտե վառարանների (վերա)տեղադրումը պահանջում էր վերադասավորել կահույքն ու հեռացնել պատուհանների վերին ապակիները`  փոխարինելով դրանք տախտակներով, որոնց վրա բացված շրջանաձև անցքերով վառարանների խողովակներն էին անցկացվում: Մինչ օրս տները կրում են այս փոփոխությունների հետքերը՝ մրոտ, սև բծեր` պատուհանների մեջ բացված անհարթ ծխնելույզների շուրջ: Մութ ու ցուրտ տարիները խոր հետքեր են թողել բոլորի նրանց վրա, ովքեր ապրել են այդ ժամանակներում: Իմ զրուցակիցներից ամեն մեկն ունի դժվարությունների իր պատմությունը, որ մթության ու կարիքի մասին է»: Մարիայի հարևան Սեդան, օրինակ, հիշում է, թե ինչպես իր ամուսինը, սկեսուրը և երեք երեխաները կուչ էին գալիս խոհանոցում՝ միակ սենյակում, որտեղ «գրեթե նորմալ ջերմաստիճան» էր, քանի որ փայտի վառարանն այնտեղ էր դրված․ - Խոհանոցը դարձել էր մեր ննջասենյակը, ճաշասենյակը, հյուրասենյակը և գրասենյակը... Խոհանոցի սեղանը բազմաֆունկցիոնալ էր․ մոմերի լույսի ներքո մենք կարդում էինք, գրում և անում տնային բոլոր գործերը: Հեղինակը նշում է, որ հատկապես ծանր էր մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքների վիճակը: Հեղինեն՝ Մարիայի հյուրընկալի մորաքույրը, պատմում էր․ - Երեխաների հետ կապված բոլոր գործերից մեջքդ ջարդվում էր: Պատկերացրեք՝ ձմեռվա ցրտին երեխային բարուրեր, շորերը լվանալ ու չորացնել... Ահավոր տարիներ էին։   Վերարտադրելով ոչ մի բանը Քանի որ հետխորհրդային շրջանում քաղաքային ենթակառուցվածքները փլուզվեցին, դրանց փոխարինելու եկան տնային ինքնաշեն լուծումները (DIY): Աջիձորում ինքնաշեն պրակտիկաները հաճախ արտահայտվում էին, ինչպես հեղինակն է գրում, «ջեռուցման անհատականացման» միջոցով. «Խճճված և անգամ վտանգավոր տեսք ունեցող ջեռուցման ինքնաշեն համակարգերը՝ խողովակներով, լարերով և ծխնելույզներով, գալարվում են պատերի և առաստաղների շուրջ՝ կախվելով բնակելի շենքերի պատուհաններից»: Խճճված լարեր Աջիձորում, նկարը՝ Մարիայի Մարիայի զրուցակիցներից մեկը՝ Զարուհին, որ հինգ երեխաների երիտասարդ մայր է, ապրում է իր գործազուրկ ամուսնու հետ։ Վերջինս շարունակ վերանորոգում և վերակառուցում է իրենց տունը: Զարուհին մի անգամ նկատեց․ - Սա կյա՞նք է: Նայե՛ք այս տանը, նայե՛ք այս փայտի վառարանին․․․ Ամուսինս ինքն է այն սարքել աղբից, ոչնչից բան է ստեղծել… Ջեռուցման կայանում մնացած անպետք մետաղական թիթեղներից։ …. Այսպես ենք մենք այստեղ գոյատևում՝ առանց որևէ բանի, մնացորդներով: Մեկ այլ բնակիչ՝ ինժեներ Միքայելը, որ ժամանակին աշխատելիս է եղել գործարանում, իր այգում շվաքարան (բիսեդկա) է սարքել գործարանից և բնակարաններից «փրկված» խողովակներով: - Ես այն հավաքեցի այն ամենից, ինչ հասանելի էր․․․ Իրականում՝ ոչնչից,- մի անգամ նշեց Միքայելը: Հեղինակի զրուցակիցները մետաղական թիթեղները նկարագրում էին որպես «ոչ մի բան» կամ «ոչինչ», քանի որ դրանք փակված գործարանի անպետք մնացորդներ են: Սակայն դրանք դառնում են «ինչ-որ բան»՝ ձեռք բերելով նոր արժեք որպես ինքնաշեն կառույցների մասեր, ինչպես օրինակ փայտի վառարանը կամ այգու շվաքարանը։   «Բան չկայի» նշանակությունները «Բան չկայի» ամենաառաջին իմաստը, որ Մարիան սովորեց դաշտային աշխատանքի սկզբում, շատ պարզ էր՝ «առանձնապես ոչինչ չկա» կամ «ամեն ինչ կարգին է»: Բայց ժամանակի ընթացքում նա հայտնաբերեց այս արտահայտության առնվազն երեք նոր իմաստներ: «Քանի գնում, այնքան ավելի մռայլ է դառնում»,- ասում է Մարիան: Երբ գիտնականը նոր էր տեղափոխվել Աջիձոր, նա հանդիպեց Երանուհուն՝ Մշակույթի տան տնօրենին: Երբ Երանուհին իմացավ, որ Մարիայի հետազոտությունն առնչվում է պատմությանը, հիշատակման արժանի միակ բանը, որ եկավ նրա մտքին, հին վանքն էր: Մարիան բացատրեց, որ ինքը հետաքրքրված է ժամանակակից պատմությամբ, և Երանուհին պատասխանեց՝ ոչ մի հետաքրքիր բան չկա ստեղ: Նրա պատասխանում Մարիան բացահայտեց «բան չկայի» երկրորդ իմաստը․ այս քաղաքում օտարականի համար հետաքրքիր բան չկա: Հեղինակը գրում է. «Նրա (Երանուհու,- խմբ․) խոսքից բխում է, որ միայն գրավիչ ու սովորականից անդին մի բան կարող է հետաքրքիր լինել ինձ նման օտարական մեկին: Օրինակ՝ հնագույն վանքը, որ բազմաթիվ պատմագիտական և հնագիտական հետազոտությունների թեմա է, համարվում է հետաքրքրության առարկա: Իսկ Աջիձորը, հակառակը, թերագնահատվում և նսեմացվում է, քանի որ ծանոթ է և չի ընկալվում որպես առանձնահատուկ մի բան»: Մարիան դաշտային աշխատանքներից առանց նկարների չի վերադառնում Ուսումնասիրելով Աջիձորի պատմությունը՝ Մարիան պարզեց, որ Աջիձորն, ինչպես շատ այլ քաղաքային կենտրոններ, ի սկզբանե որպես «ոչ մի բան» էր ընկալվում խորհրդային իշխանությունների կողմից, որոնք եկան այն արդիականացնելու՝ կառուցելով գործարանը, արտադրամասը, նոր բնակարաններ և կենտրոնական ջեռուցման համակարգը: Նույնիսկ այսօր շատ բնակիչներ մտածում են, որ «այստեղ բան չկար մինչև գործարանը»: Հեղինակն արտահայտության այս իմաստին տալիս է «գաղութային բան չկա / ոչինչ» անվանումը։ «Բան չկայի» չորրորդ իմաստն էլ ծագեց Երանուհու խոսքի երկրորդ մասից. - Ուղիղ կասեմ Ձեզ… Բան չկա․ փող չկա, ու կյանք չկա... Մարիան սա կոչում է «հարաբերական բան չկա / ոչինչ»: «Աջիձորը, որ ժամանակին ստեղծվեց ընկալվող ոչ մի բանից, այժմ վերադարձել է ոչ մի բանի: ․․․․ Եթե խորհրդային ժամանակների ոչ մի բանն ասոցացվում էր մոդերնիզմի ու նորը կառուցելու պատկերացումների հետ, ապա ի՞նչ է հետխորհրդային ոչ մի բանը: Դատարկ բնակարաններում դեռ կան իրեր, բայց չկան մարդիկ, որոնք դրանք տուն են դարձնում: Գործարանում դեռ կան սարքավորումներ, բայց արտադրությունը կանգ է առել: Նախկին դպրոցի շենքում հատակին ցրված են նստարանների մնացորդներ և ուսումնական նյութեր, բայց բացակայում են ուսուցիչներն ու աշակերտները»,- գրում է հեղինակը: Այս մի «բան չկան» Մարիայի զրուցակիցների խոսքում նշանակում է կարևոր իրերի և երևույթների բացակայություն: Մարիան այնքան տարվեց «բան չկայի» տարբեր իմաստներով, որ նույնիսկ առանձին հոդված նվիրեց այս արտահայտությանը: Նա ասում է, որ լրագրողական հոդվածներ գրելն ու երևույթները լայն հանրությանը բացատրելն օգնում է իրեն գլխում մշակել այն տեղեկությունները, որոնք հավաքում է դաշտային աշխատանքի ընթացքում, և դրանք ավելի լավ հասկանալ:   Նրանք եկան ու քանդեցին Մարիայի զրուցակիցները հավատում էին, որ 1990-ականները «միտումնավոր ավերման» տարիներ էին: Մի անգամ՝ Աշա անունով տարեց բնակիչներից մեկի հետ զբոսնելիս, Մարիան նրան հարցրեց, թե բլրի վրա ինչ ավերված շենք է երևում: Պարզվեց, որ դա ջեռուցման կայանն է: Երբ նա հարցրեց, թե ինչ է պատահել դրան, Աշան պատասխանեց. - Նրանք ավիրեցին։ - Ովքե՞ր են նրանք։ - Իշխող էլիտաները՝ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը և նրանց ընկերները... Նրանք ավիրեցին ու վաճառեցին ամեն բան... Հեղինակը նշում է, որ Աշան ավիրումը վերագրում էր «նրանց» (Հայաստանի ներսում գործող կապիտալիստ-պետական դաշինքին) ոչ միայն ավիրման պատասխանատուներ գտնելու, այլ նաև այդ գործընթացից իրեն հեռացնելու համար։ «Երբ դու չես հասկանում, թե ով է ինչ-որ բան արել, սովորաբար ասում ես «նրանք»: ... Տեսականորեն, այս «նրանքն» այն ուժն է, որն ինչ-որ տեղ՝ հեռվում է, հասանելի չէ և սովորաբար կոռումպացված է: Եվ դու չունես իշխանություն դրա դեմ պայքարելու: Այստեղից էլ ծագում են դավադրության տեսություններ. նրանք փորձում են մեզ սպանել, նրանք փորձում են մեզ ոչնչացնել: Բայց դա պարզապես հարմար միջոց է` խոսելու այդ ուժի մասին, որ քո վերահսկողությունից դուրս է: Դա նաև խուսափելու միջոց է. ես դրա հետ կապ չունեմ, այդ նրանք են, ես ոչինչ չեմ արել»,- բացատրում է գիտնականը: Երբ Մարիան և Աշան մտան ջեռուցման կայան, այն լիովին դատարկ գտան․ սարքավրումներ չկային, բոլոր խողովակները կտրված էին։ «Մերկ պատերին դեռ մնացել են պոկված պղնձե լարերի և բացակայող ռադիատորների հետքերը: Պատուհանների տակ մնացել են միայն կեռերը, որոնցից մի ժամանակ ռադիատորներ էին կախված»,- ասվում է հոդվածում: Ցանկապատ դարձած ռադիատորները, նկարը՝ Մարիայի Ըստ հեղինակի՝ Հայաստանի Հանրապետությունն, ըստ երևույթին, չուներ բավարար միջոցներ կամ քաղաքական կամք՝ պահպանելու խորհրդային շրջանի կենտրոնացված ջեռուցման համակարգը կամ աջակցելու արդյունաբերությանը, բայց հենց Աջիձորի և հարակից տարածքների սովորական բնակիչներն էին, որ ֆիզիկապես քանդեցին ենթակառուցվածքը: Երբ Մարիան հարցրեց Աշային, թե ինչ են եղել սարքավորումներն ու խողովակները, վերջինս պարզապես ասաց` տարել են: Ինչպես նշում է հեղինակը, այս դեպքում Աշան դերանուն չգործածեց բայի հետ և չցանկացավ մանրամասնել. «Սակայն պարզ էր, որ Աշան «տանողներին» ավելի քիչ էր դատապարտում, քան «ավիրողներին»»: Հեղինակը նշում է՝ մարդաբան Քսենիա Չերկաևն օգտագործում է «հունձից հետո հասկերը հավաքել» փոխաբերությունը՝ նկարագրելու այն մանր գողությունները, որոնք հետևեցին հետխորհրդային շրջանի ավերմանը: Մեկ այլ մարդաբան՝ Մարտին Սաքսերը, նշում է, որ «այս ռազմավարությունը շատ չի տարբերվում վայրի խոտաբույսեր, հատապտուղներ կամ սնկեր հավաքելուց»: Հեղինակը բացարում է, որ նույնը տեղի ունեցավ Աջիձորում: Խորհրդային ժամանակներում այս իրերը հանրային սեփականություն էին, և պետության հեռանալուց հետո մարդիկ գտան դրանք վերօգտագործելու եղանակներ. «Արժեքավոր մետաղները վաճառվում էին որպես ջարդոն, իսկ ինչ հնարավոր չէր լինում վաճառել, վերաօգտագործում էին: Այսօր էլ Աջիձորով քայլելիս կարելի է ամենուր տեսնել այս քանդման և (վերա)կառուցման հետքերը: Կտրված խողովակները, մետաղական լարերը և ռադիատորները դարձել են մասնավոր տները և հողակտորները շրջապատող  ցանկապատներ: Մետաղական թիթեղներն օգտագործվում են տանիքներ ծածկելու, շվաքարաններ, պահեստներ, արտաքին զուգարաններ և այլն սարքելու համար»:   Որպեսզի հասկանայի «բան չկան», պետք է ինքս դառնայի «բան չկա» Աջիձորի պատմությունը բացահայտելն այնքան էլ հեշտ գործ չէր: 2022-ին Մարիան դեռ նոր սկսել էր հայերեն սովորել: Դաշտային աշխատանքների ավարտին արդեն նա բավականաչափ տիրապետում էր լեզվին՝ օգտագործելու համար, ինչպես ինքն է անվանում, զրույցների «ռուսերեն-հայերեն խառնուրդը»: «Ես սկսում էի հայերենով, մարդիկ պատասխանում էին: Ես չէի հասկանում, խնդրում էի թարգմանել, կամ մենք խոսում էինք ռուսերեն, ու ես հարցնում էի` ինչպե՞ս դա կասեք հայերեն: Այսպիսով, դա մի փոքր խճճված իրավիճակ էր: Բայց մյուս կողմից էլ ես շատ հետաքրքիր և, իրականում, բավականին օգտակար դիրքերում էի հայտնվում, քանի որ մարդիկ ստիպված էին լինում ինձ բացատրել շատ տարրական բաներ»,- ասում է Մարիան: Գիտնականին հանդիպած ամենամեծ դժվարություններից մեկն Աջիձորում բնակվելու ընթացքում տղամարդ բնակիչների մասնակցությամբ տհաճ միջադեպերն էին: Նա նշում է, որ որպես կին հետազոտող դաշտային աշխատանք կատարելը հեշտ չէ, իսկ սլավոնացի կին լինելը ստեղծում է լրացուցիչ մարտահրավերներ: «Ոչ միայն Հայաստանում է այդպես: Նախկին Խորհրդային Միության ամբողջ տարածքում կա այդ երևույթը, երբ սլավոնացի կանայք ընկալվում էին և դեռևս ընկալվում են որպես նվազ համեստ: Մենք մի փոքր այլ մշակույթ ունենք, որտեղ կանայք, կարող ենք ասել, ավելի ազատ են: Բայց տեղացի զրուցակիցների աչքերում դա ոչ թե ազատություն էր, այլ թեթևաբարո վարք», - բացատրում է նա: Մարիան ընդունում է, որ երբ որոշեց տեղափոխվել Հայաստան և սկսել իր հետազոտությունը, լիովին նախպատրաստված չէր այս կարծրատիպերին, և այդ է պատճառը, որ սկզբում նման բարդ փորձառություն ունեցավ: Գիտնականն ասում է, որ հիմա շատ զգուշավոր է ամեն հարցում: Մարիան նաև հիշում է, որ հենց եկավ Աջիձոր, դարձավ այնտեղի միակ «բանը» բնակիչների աչքերում: «Ինձնից ակնկալում էին պատմել հեռավոր երկրների, իմ, ընտանիքիս մասին: Երկար ժամանակ ես էի նորությունը, ես էի բանը», - հիշում է նա: Ի պատասխան՝ ես ժպտում եմ ու ասում․ - Մինչև որ դարձաք «բան չկա»: Հետևում է Մարիայի պատասխանը. - Ճիշտ այդպես: Դուք հիմա ծիծաղում եք, բայց դա իմ ռազմավարությունն էր՝ դառնալ «բան չկա»: - Հաջողվե՞ց։ - Այո՜, հաջողվեց: Ինչ-որ իմաստով, որպեսզի հասկանայի «բան չկան», պետք է ինքս դառնայի «բան չկա»։ Առաջին բանը, որ Մարիան արեց, իր արտաքինը փոխելն էր։ Նա սկսեց մազերը դեպի հետ ձիգ հյուսել, գունավոր հագուստը սև ու փակ հագուստով փոխարինել․ ո՛չ մի բաց կամ նեղ հագուստ: Այնուհետև նա սկսեց մտերիմ կապեր հաստատել իրեն հյուրընկալող ընտանիքի հետ, որպեսզի այն դառնար իրեն աջակցող և պաշտպանող մարդկանց ցանց: Մարիան ու նրա հյուրընկալի մայրը մտերիմ ընկերներ դարձան։  «Մենք սուրճ էինք խմում, միասին ինչ-որ բան էինք թխում, ես խնդրում էի նրան ինձ ճաշ եփել սովորեցնել, թողնել, որ այգու գործերում օգնեմ»,- հիշում է նա: Երբ ես հարցրի, թե ինչ հայկական ուտեստներ սովորեց պատրաստել, Մարիան հայերենով պատասխանեց. - Տոլմա, կլոր գաթա, ավելուկով աղցան։ Բայց ամենակարևոր քայլը, որ Մարիան ձեռնարկեց, իր ընտանիքին Աջիձոր բերելն էր: «Հիմա Դուք կծիծաղեք (ամուսինս այնքա՜ն ծիծաղեց), բայց ես այնտեղ տարա նրան և իմ երկու տղաներին: Ամուսինս քայլում էր առջևից, ես փոքր քայլերով հետևում էի նրան, և նա հարցնում էր՝ ի՞նչ է կատարվում: Հետո ես նրան տարա բոլոր այն մարդկանց մոտ, որոնց հետ խոսել էի, բոլոր մարդկանց մոտ, որոնց ճանաչում էի, և ասացի նրանց՝ սա իմ ամուսի՜նն է: Ես պտտվում էի նրա շուրջը, սուրճ մատուցում և ինձ պահում այնքան (որ բառն է՞ր)  համեստ, հանգիստ (վերջին բառերն ասում է հայերենով,- խմբ․)», - պատմում է նա: Մարիան այսօրվա պես հիշում է 2023-ի հուլիսյան առավոտներից մեկը։ Նա իր որդիների հետ անցնում էր կենտրոնական հրապարակով, որտեղ տղամարդկանց մի խումբ հավաքված էր շվաքարանում (բիսեդկա): «Տղամարդիկ նույնիսկ չշրջվեցին ինձ նայելու: Դա առաջին անգամն էր, որ նրանք չնայեցին: Ու ես հասկացա, որ դարձել եմ «ոչ մի հետաքրքիր բան»: Վերջապե՜ս», - ասում է նա:   *** 2023-ի հունիսն էր: Մարիան նստած էր Աջիձորի կենտրոնական հրապարակում և դիտարկում էր շուրջը: Աշան անցնում էր իր երկնագույն Լադայով: Նա կանգնեցրեց մեքենան, իջեցրեց պատուհանն ու ձայն տվեց Մարիային. - Էլի հրապարակո՞ւմ ես: Չձանձրացա՞ր: Ստեղ բան չկա․ ո՛չ մի հետաքրքիր բան: Սպասելու բան չկա: Բոլորը թողնում գնում են, ու դու էլ պետք է հեռանաս, աղջիկ ջան․․․ Մարիան, սակայն, նշում է՝ «բան չկան» այս պատմության միայն առաջին մասն է։ Չնայած ամեն ինչին՝ մարդիկ դեռ ապրում են Աջիձորում: Բնակիչները՝ հատկապես կանայք, վերօգտագործում են անսարք առարկաները, մինչ տղամարդիկ հաճախ են մեկնում արտագնա աշխատանքի ու  դրամական փոխանցումներ անում: Սփյուռքի կապիտալը գալիս է քաղաք՝ փորձելով այստեղ ինչ-որ մի «բան» բերել: Առաջիկայում լույս են տեսնելու Մարիայի գիտական նոր հոդվածները, որտեղ նկարագրված է, թե ինչպես են մարդիկ ապրում Աջիձորում՝ իրենց ընկալած «բան չկայի» հետ կողք կողքի։  «Ստեղծելով ինչ-որ բան ոչնչից, ինչպես Աստված ստեղծեց բանը դատարկությունից, որն ի սկզբանե էր»,- ասում է գիտնականը: Հեղինակ՝ Աննա ՍահակյանԼուսանկարները՝ Ռոման ԱբովյանիԳլխավոր նկարը՝ Սուսինա Խաչատրյանի Կարդացեք նաև «Հանրագիտ» շարքի նախորդ հոդվածը՝ «Պատերազմ և խաղաղություն․ հաղթանակի հակադիր նարատիվները Հայաստանում և Ադրբեջանում | Հանրագիտ»   «Հանրագիտ» շարքն իրականացվում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ֆինանսավորմամբ։      
19:50 - 30 ապրիլի, 2025
Դատարանը տեսակապով հարցաքննեց 73-հոգանոց վաշտի զոհվելու գործով տուժողների իրավահաջորդներին

Դատարանը տեսակապով հարցաքննեց 73-հոգանոց վաշտի զոհվելու գործով տուժողների իրավահաջորդներին

Հադրութի նախկին բնակիչ Վեներա Ղարայանն այսօր տեսակապով հարցաքննվեց իր կրտսեր որդու՝ Դավիթ Ղարայանի վերաբերյալ քրեական գործով։  Դավիթը մեկն է «Մարտունի 3» զորամասի 73-հոգանոց այն վաշտից, որը 2020 թ․ հոկտեմբերի 11-ին «9-րդ կմ» կոչվող տեղանք հասնելու փոխարեն խորացել է մինչեւ Հադրութ քաղաք եւ ընկել շրջափակման մեջ։ Վաշտի ողջ անձնակազմը զոհվել է։ Վեներա Ղարայանը պատերազմում կորցրել է նաեւ ավագ որդուն եւ ամուսնուն։ Առողջական խնդիրների պատճառով նա դատարան ներկայանալ չի կարողացել։  Պատասխանելով հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանի հարցերին՝ որդեկորույս այրին պատմեց, որ Դավիթը Մարտունու զորամասում ծառայել է որպես սերժանտ։ Վերջին անգամ որդու հետ հոկտեմբերի 10-ին է խոսել․  «Իրենց տեղափոխվել են Հադրութ, բայց ես դրա մասին տեղյակ չէի, ծառայության ժամանակ նա ոչ մի բան չէր ասում, հետո եմ իմացել․․․ Ուզում էինք Դավիթին գտնել, բայց հոկտեմբերի 14-ին ամուսինս զոհվեց մեծ տղուս հետ, ասացին՝ Դավիթենց ուղարկել են ապահով տարածք, ինչ-որ պահեստներ, ես ասում էի՝ ի՞նչ պահեստներ, ասացին՝ ոչ մեկը դրա մասին չի խոսում, քանի որ դավաճանները շատ են․․․ Չկարողացա մեկնել Ղարաբաղ, որովհետեւ պիտի ամուսնուս հուղարկավորեինք․․․»։ Մեղադրողի հարցին՝ տեղյա՞կ է, թե ով է զորքին ուղարկել այնտեղ, Վեներա Ղարայանը պատասխանեց՝ Գոռ Իշխանյանը։ Իշխանյանը եղել է հիշյալ զորամասի հրամանատարը։ Նա է այժմ մեղադրվում ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու համար։ Մեղադրյալի աթոռին է նաեւ ՊԲ օպերատիվ բաժնի պետ Նվեր Մարտիրոսյանը։  Նրանք առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։ Տուժողի իրավահաջորդին հարցեց հղեց նաեւ Գոռ Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը։ Հետաքրքրվեց՝ տեղյա՞կ է, թե «9-րդ կմ» կոչվող տարածքից մինչեւ Հադրութ որքա՞ն է։ Ի պատասխան՝ տիկին Վեներան ասաց․ «Ես հադրութում եմ մեծացել, 5 մատիս պես ծանոթ եմ 9 կմ-ին։ 9 կմ է։ Ես լսել եմ, որ իրենց ուղարկել են 9 կմ, բայց ռազմական գործողությունների ժամանակ տենց բան չկա, որ բաց տարածքում հանես, էդքան զորքին պահես»։ - Իսկ տեղյա՞կ եք, որ Ջալալ Հարությունյանի հրամանով՝ «9-րդ կմ» կոչվող խաչմերուկում զորքին պետք է կդիմավորեր Կարեն Առստամյանը,- հարցրեց Դավիթ Կարապետյանը։- Որ ասեցիք, հիշեցի, հա։- Իսկ տեղյա՞կ եք՝ ինչու չի դիմավորել։- Չէ, չգիտեմ։- Ո՞ւմ մեղավորությունն եք տեսնում կատարվածի մեջ։- Գոռ Իշխանյանից մինչեւ Ջալալ մեղադրում եմ, սաղ էլ անփույթ վերաբերմունք են ցուցաբերել,- պատասխանեց Վեներա Ղարայանը։ Նշենք, որ հիշյալ Կարեն Առստամյանը, որ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարն էր, այս գործով ունեցել է մեղադրյալի կարգավիճակ, սակայն հետագայում նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Այժմ նա հետախուզման մեջ է մեկ այլ գործի շրջանակում։ Նվեր Մարտիրոսյանին Վեներա Ղարայանը չէր ճանաչում։ Դատարանն այսօր տեսակապով հարցաքննեց նաեւ երկու տուժողի իրավահաջորդի, որոնք գտնվում էին ՀՀ-ից դուրս։ Նրանցից մեկը զոհված զինծառայող Առուշ Խաչատրյանի մայրն էր՝ Լուսինե Սարգսյանը։ Նա եւս նշեց, որ որդու հետ կապը կորել է հոկտեմբերի 10-ից․ «Բոլորին զանգել ենք, ում համարը ունեինք՝ ծանոթ–անծանոթ, ես էլ, եղբայրս էլ, ասել են՝ բունկերներում են, ոչ մի բան չկա, ու անընդհատ նույն բանը․․․ Ամուսինս մեկնել է Ղարաբաղ, տեսել է Գոռ Իշխանյանին, նա էլ ասել է՝ ես մեղավոր չեմ, վերեւից հրաման է եղել»։ - Ինչ–որ մեկին մեղադրո՞ւմ եք,- հարցրեց Իշխանյանի պաշտպանը։- Մեղադրանքը էն է, որ պիտի չուղարկեին, եթե գիտեին, որ Հադրութը գրավված է։- Ո՞վ չուղարկեր։- Գոռը, ես իրեն գիտեմ, պիտի չուղարկեր, զուտ էդ, իրավունք չուներ ուղարկելու էնտեղ։- Իսկ որ Ջալալ Հարությունյանի կողմից հրաման է եղել, կարո՞ղ էր չենթարկվել,- հարցրեց պաշտպանը։ Մեղադրողը, սակայն, առարկեց հարցի դեմ՝ նշելով, որ այն մասնագիտական է։ Հաջորդիվ հարցաքննվեց Ալեքս Գեւորգյանը՝ Մարտունու Ճարտար գյուղից։ Նա եւս գտնվում էր ՌԴ-ում եւ մեղադրյալներից միայն Գոռ Իշխանյանին էր ճանաչում․ «Վերջին անգամ եղբորս հետ զրուցել ենք հոկտեմբերի 10-ին, 11-ին մի քանի անգամ զանգել ենք, չի ստացվել, Գոռին եմ զանգել, ասել է՝ սաղ նորմալ է, կապ չկա, բայց չի ասել՝ որտեղ,  ասել է՝ հեսա գնում ենք՝ հանենք, հեսա գնում ենք՝ հանենք․․․»։ Գեւորգյանին հայտնի էր, որ Գոռ Իշխանյանին հրաման է տվել Ջալալ Հարությունյանը, բայց զորքին դիմավորելու ոչ ոք չի եկել, ինչի հետեւանքով էլ նրանք ընկել են շրջափակման մեջ։ Նրա տեղեկություններով՝  հոկտեմբերի 10-11-ին Հադրութի կեսը արդեն թուրքերի հսկողության ներքո էր։ Դատարանը այսօր պետք է հարցաքններ նաեւ մի քանի այլ տուժողի իրավահաջորդի, սակայն դատական նիստը անորոշ ժամանակով հետաձգվեց։ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները ժամանեցին դատարան՝ գործը քննող դատավոր Արտուշ Գաբրիելյանի վերաբերյալ կաշառքի դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում քննչական գործողություններ իրականացնելու։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ գլխավոր դատախազը դիմել է Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու եւ նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով։  Հավելենք, որ  Քրեական դատավարության համաձայն՝ այն բացառիկ դեպքերում, երբ առողջական վիճակի կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվելու պատճառով հարցաքննության ենթակա անձի ներկայությունը դատարանում անհնար է կամ կարող է սպառնալ հարցաքննվողի անվտանգությանը կամ վտանգել ցուցմունքի արժանահավատությունը կամ երբ առկա է անչափահաu տուժողի կամ վկայի իրավաչափ շահերի պաշտպանության անհրաժեշտություն, դատարանը կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ իրավասու է հարցաքննությունը կատարելու տեսահաղորդակցության տեխնիկական միջոցների օգտագործմամբ՝ տեսակապի միջոցով: Տեսակապի միջոցով հարցաքննությունը հարցաքննվողի գտնվելու վայրում ապահովում է դատարանի որոշած անձը: Թե տվյալ դեպքում ով է հանդիսացել այդ երաշխավոր անձը, դատական նիստում չքննարկվեց։   Միլենա Խաչիկյան
23:26 - 29 ապրիլի, 2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի վերաբերյալ գործն առնչվում է կաշառք ստանալուն

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի վերաբերյալ գործն առնչվում է կաշառք ստանալուն

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի մասնակցությամբ ապացուցողական գործողություն է իրականացվել կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Այս մասին «Ինֆոքոմի» հարցին ի պատասխան՝ հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը․ «Կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 29–ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»,- մեր զրույցում նշեց Օհանջանյանը։ Նշենք, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար Գլխավոր դատախազությունը պետք է դիմի Բարձրագույն դատական խորհրդին։ ԲԴԽ խոսնակ Ծովինար Խաչատրյանը, սակայն, սրա վերաբերյալ հրապարկման ենթակա տեղեկություն դեռեւս չունի, իսկ Դատախազություն մեր զանգերն այս պահին անպատասխան են։ Հիշեցնենք, Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր առավոտյան ընթանում էր դատական նիստ, որն ինչ-որ պահի անորոշ ժամանակով ընդմիջվեց․ պատճառն այն էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներն էին եկել դատարան՝ իրականացնելու քննչական գործողություններ։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ այդ գործողություններն առնչվում են հենց դատավոր Արտուշ Գաբրիելյանին։  Միլենա Խաչիկյան
16:26 - 29 ապրիլի, 2025
Քննչական գործողություններ՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի առնչությամբ․ Շենգավիթի դատարանում լարված իրավիճակ է

Քննչական գործողություններ՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի առնչությամբ․ Շենգավիթի դատարանում լարված իրավիճակ է

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այս պահին լարված իրավիճակ է․ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներն այստեղ քննչական գործողություններ են իրականացնում։ «Ինֆոքոմը» ներկա էր դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ընթացող դատական նիստին, երբ այն 10 րոպեով ընդմիջվեց։ Հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը տեղեկացրեց, որ շատ կարեւոր, անհետաձգելի զանգ է ստացել եւ դուրս եկավ նիստերի դահլիճից։ Րոպեներ անց դատարանի միջանցքից աղմուկի եւ իրարանցման ձայներ լսվեցին։ Դատավորի նիստերի քարտուղարը տեղեկացրեց, որ նիստը հետաձգվում է անորոշ ժամանակով։ Քիչ անց պարզեցինք, որ քննչական գործողություններն առնչվում են հենց դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Գործով տուժողները մեզ տեղեկացրին, որ նկատել են՝ ինչպես են քննիչները Գաբրիելյանին ուղեկցում այլ սենյակ։ Փորձեցինք մանրամասներ ճշտել Հակակոռուպցիոն կոմիտեից, որի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը «Ինֆոքոմի» հարցին ի պատասխան հայտնեց միայն, որ քննիչները դատարանում իրականացնում են քննչական գործողություններ իրենց մոտ քննվող վարույթի շրջանակում։ Հաշվի առնելով, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար անհրաժեշտ է Բարձրագույն դատական խորհրդի թույլտվությունը՝ դիմեցինք նաեւ ԲԴԽ մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանին, որը եւս մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ նորությունները հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքում։ Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր ընթանում էր 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութի Այգեստան գյուղում Մարտունու N զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտի 73-հոգանոց անձնակազմի զոհվելու հանգամանքների վերաբերյալ դատաքննությունը։ Կատարվածից հետո որդեկորույս ծնողները մտահոգություն հայտնեցին, որ դատավորի հավանական փոփոխության դեպքում իրենց որդիներին առնչվող գործի քննությունը պետք է նորից սկսվի, մինչդեռ գործով քրեական պատասխանատվության ենթարկվելու վաղեմության ժամկետների լրանալուն մնացել է 6 ամիս։ Հիշեցնենք, որ 2024 թ․ նոյեմբերին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարանին՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 5 անշարժ գույք, 4 տրանսպորտային միջոց, 1 իրավաբանական անձում մասնակցություն, 62 միլիոն 811 հազար դրամ, 1 բնակելի տան միջին շուկայական արժեքի չափով գումար: Հակակոռուպցիոն դատարանը հայցադիմումը վարույթ էր ընդունել։ 2024 թ․ սեպտեմբերին Արտուշ Գաբրիելյանը ենթարկվել էր նաեւ կարգապահական պատասխանատվության։ Բարձրագույն դատական խորհուրդը նրան հայտարարել էր խիստ նկատողություն։   Միլենա Խաչիկյան
13:05 - 29 ապրիլի, 2025
Մեղադրողը միջնորդեց 18 տարվա ազատազրկման դատապարտել մայոր Իշխան Վահանյանին

Մեղադրողը միջնորդեց 18 տարվա ազատազրկման դատապարտել մայոր Իշխան Վահանյանին

44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը մոտենում է ավարտին։  Շուրջ 3 տարվա քննությունից հետո Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր հրապարակվեց մեղադրական ճառը։ Հանրային մեղադրող, Զինվորական դատախազության ավագ դատախազ Գեւորգ Ավետիսյանը միջնորդեց Վահանյանին մեղավոր ճանաչել մեղսագրվող հանցանքների կատարման մեջ՝ դատապարտելով նրան 18 տարի ժամկետով ազատազրկման։ Հիշեցնենք՝ մայոր Իշխան Վահանյանը մեղադրվում է պատերազմի ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ: Նա կալանավորված է եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ճառի սկզբում հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը մանրամասն հիշեցրեց իրադարձությունները, որ նկարագրված են Իշխան Վահանյանի մեղադրանքում, ապա առանձնացրեց ու վերլուծեց այն բոլոր ցուցմունքները, որոնք, ըստ նրա, արժանահավատ են եւ հաստատում են Վահանյանի մեղքը։  Նշենք, որ ճառը դատավարության կողմերի եզրափակիչ ելույթն է, որի ընթացքում նրանք ամփոփում են ողջ դատաքննությունը՝ հիշատակելով դատարանում հետազոտված այն բոլոր ապացույցները, որոնցով, իրենց գնահատմամբ, հաստատվում կամ հերքվում է մեղադրանքը։ Կատարվածի հետեւանքով զոհվել է առնվազն 16, վիրավորվել 6, գերեվարվել 7 զինծառայող Մեղադրական ճառի համաձայն՝ իրադարձությունները տեղի են ունեցել հետեւյալ կերպ․ 2020 թ․ հոկտեմբերի 8-ին Ջրականի զորամասի հրամանատար Արթուր Քարամյանը Իշխան Վահանյանին հրաման է տվել իր ենթակայության ներքո գտնվող գումարտակի անձնակազմի հետ տեղափոխվել Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սար եւ իրականացնել հիշյալ վայրում տեղակայված մարտական դիրքերի պաշտպանությունը՝ կանխելով հակառակորդի առաջխաղացումը: Հոկտեմբերի 9-ին հրամանը կատարվել է։ Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, հակառակորդն անցել է հարձակման։ Ըստ մեղադրանքի՝ մարտական գործողությունների ժամանակ Իշխան Վահանյանը չի կատարել մի շարք իրավական ակտերով իր վրա դրված պարտականությունները եւ որևէ միջոց չի ձեռնարկել առաջադրված խնդրի կատարումն ապահովելու ուղղությամբ։ Փոխարենը նա, այլ մարտական գործողությունների ընթացքում աջ ազդոսկրի վերին շրջանում բեկորային թեթև վնասվածք ստանալը որպես պատրվակ օգտագործելով, վերցրել է վերադաս հրամանատարության հետ կայուն կապ հաստատելու համար նախատեսված «Հայտեռա» տեսակի միակ կապի միջոցը, պարտականությունների կատարումը տեղակալներից որևէ մեկին չի փոխանցել,  անձնակազմին թողել է առանց պատշաճ ղեկավարման եւ ղեկավարման միջոցների եւ ինքնակամ լքել մարտադաշտը։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Մեղադրող Գեւորգ Ավետիսյանն ընդգծեց՝ Վահանյանի դրսևորած իշխանության անգործությունն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Մասնավորապես, 5-րդ գումարտակի անձնակազմը, մնալով առանց պատշաճ հրամանատարական ղեկավարման եւ կապի միջոցի, մատնվել է խուճապի, փորձել է հնարավոր միջոցներով պաշտպանվել, սակայն համակարգված մարտական գործողություններ վարելու և միասնական ղեկավարման բացակայության պայմաններում դա նրանց չի հաջողվել։ Հնարավորություն չունենալով վերադաս շտաբից տեղեկանալ հակառակորդի՝ Հադրութ քաղաք ներթափանցելու վերաբերյալ՝ գումարտակի անձնակազմի մի մասը նահանջել է այդ ուղղությամբ, որոնցից, ի թիվս այլոց (առ այսօր Խուռհատ սարի մարտական օպերացիային մասնակցած անձանց ամբողջական ցանկ առկա չէ-հեղ․), զոհվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ Տիգրան Ագանեսյանը Նարեկ Ղազարյանը Հարութ Ղարախանյանը Սուրեն Խեչումյանը Էրիկ Մարտիրոսյանը Արտաշես Այվազյանը Հայկ Հարությունյանը Սասուն Պետրոսյանը Ալբերտ Ստեփանյանը Սամվել Սամբատովը Կարեն Ներսեսյանը Գրիշա Գրիգորյանը Դավիթ Ադոյանը Արտյոմ Մկրտչյանը Արման Գաբրիելյանը Ռաֆիկ Սահակյանը։  Հակառակորդի կողմից գերեվարվել են՝ Էրիկ Գասպարյանը Ալբերտ Գրիգորյանը Նարեկ Սիրունյանը Էրիկ Խաչատրյանը Ռոբերտ Վարդանյանը Կարեն Մանուկյանը Արայիկ Գալստյանը։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝  Արման Արմաղանյանը Արթուր Հարությունյանը Նիկոլայ Ստեփանյանը Դավիթ Սահակյանը Արսեն Այվազյանը Ռուսլան Թումանյանը։ Մեղադրողը պնդեց՝ Վահանյանը, որպես հրամանատար, պարտավոր է եղել անձնուրաց ծառայել եւ եղած միջոցներով ազդել մարտի վրա Ըստ մեղադրողի՝ առաջին հարցը, որը Իշխան Վահանյանին առաջադրված մեղադրանքի շրջանակում ենթակա է քննարկման, նրա պետ կամ պաշտոնատար անձ հանդիսանալու հանգամանքն է (375-րդ հոդվածով նախատեսված հանցագործության սուբյեկտ). «Քրեական գործով ձեռք բերված և հետազոտված՝ ՊԲ նախկին հրամանատարի՝ 09.10.2020 թվականի թիվ 2224-Ա հրամանի համաձայն՝ Իշխան Վահանյանը նույն օրն ազատվել է զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետի պաշտոնից և նշանակվել՝ որպես նույն գումարտակի հրամանատար: Որպես այդպիսին, ամբաստանյալ Վահանյանը եւս, թե՛ նախաքննության և թե՛ դատաքաննության ընթացքում չվիճարկեց իր կողմից պաշտոնատար անձ հանդիսանալու հանգամանքը»,- նշեց մեղադրողը։ Երկրորդ հարցը, ըստ նրա, հետևյալն է. 2020 թ․ հոկտեմբերի 10-ի դրությամբ Իշխան Վահանյանի վրա օրենքով կամ այլ իրավական ակտերով դրված եղե՞լ են այնպիսի պարտականություններ, որոնք նա պարտավոր էր կատարել Խուռհատ սարում տեղի ունեցած մարտական գործողությունների, ինչպես նաև ստորաբաժանման նահանջը կազմակերպելու և իր պարտականությունները ենթակա անձնակազմի սպաներից որևէ մեկին փոխանցելու ժամանակ։ Մեղադրող Գեւորգ Ավետիսյանը մանրամասն թվարկեց «ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով եւ Մարտական կանոնադրությամբ սահմանված զինծառայողի, հրամանատարի, գումարտակի հրամանատարի, շտաբի պետի այն պարտականությունները, որոնք տվյալ դեպքում վերաբերելի են Վահանյանին․ Հրամանատարը (պետը) պատասխանատու է ենթակա անձնակազմի կողմից զինվորական ծառայության անվտանգության պահանջների կատարման համար և  պարտավոր է  միջոցներ ձեռնարկել անձնակազմին զոհվելուց, խեղվելուց զերծ պահելու համար, սահմանել անվտանգության ապահովման անհրաժեշտ պահանջներ, մարտական ծառայության ժամանակ պահանջել ենթականերից խստագույն կատարել նշված պահանջները: Գումարտակի  հրամանատարն անձամբ պատասխանատու է ընդունվող որոշումների, ենթակա ստորաբաժանումների ճիշտ կիրառման և նրանց՝ առաջադրված խնդիրների կատաման համար: Նա պարտավոր է սահմանված ժամկետներում կազմակերպել ավագ պետի առաջադրված խնդիրների կատարումը, ղեկավարել ենթակա ստորաբաժանումների անմիջական նախապատրաստությունը մարտին (ստացած խնդրի կատարմանը), ինչպես նաև անընդհատ ու հաստատակամորեն ղեկավարել նրանց, հետևողականորեն հասնել ընդունած որոշումը սահմանված ժամկետներում կատարելուն: Գումարտակի նահանջը կազմակերպվում ու իրականացվում է ստորաբաժանումները հակառակորդի գերազանցող ուժերի հարվածներից հեռացնելու, հետագա գործողությունների համար ավելի բարենպաստ դիրք զբաղեցնելու, այլ ուղղություններում օգտագործելու համար ուժերի մի մասն ազատելու (դուրս բերելու) նպատակով: Այն անցկացվում է միայն ավագ պետի հրամանով կամ թույլտվությամբ, պետք է մանրակրկիտ նախապատրաստվի և իրականացվի կազմակերպված ու գաղտնի՝ գումարտակը (վաշտը) մարտունակ վիճակում  (Ձեր ուշադրություննեմ հրավիրում այդ պահանջին) ժամանակին որոշված շրջան (Սա ևս կարևոր է մեղադրանքի հիմնավորվածությունը քննարկելու տեսանկյունից) հասնելով կամ նշանակված պաշտպանության շրջանը զբաղեցնելով [...]»։ [...] Գեւորգ Ավետիսյանը հիշատակեց նաեւ մի քանի վկաների ցուցմունքներ, որոնք եւս փաստել են, որ հրամանատարի վրա դրված են եղել վերոնշյալ պարտականությունները։ Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը Օրինակ՝  18-րդ հրաձգային դիվիզիայի նախկին հրամանատար, պահեստազորի գեներալ-մայոր Կարեն Առստամյանը հայտնել է, որ ըստ մարտական կանոնագրքերի՝ վիրավորման դեպքում մարտի դաշտից դուրս գալու պարագայում հրամանատարը, սահմանված կարգի համաձայն, պարտավոր է իր լիազորությունները և իր մոտ առկա կապի միջոցները փոխանցել իրեն փոխարինողին և այդ մասին հայտնել վերադասին։ Մեկ այլ վկա վկա, զորամասի օպերատիվ բաժանմունքի նախկին պետ-շտաբի պետի տեղակալ, փոխգնդապետ Ռյուրիկ Սեմյոնովը հայտնել է, որ ըստ Մարտական  կանոնադրոության՝ նահանջը պետք է իրականացվի կազմակերպված, որպեսզի ենթակա անձնակազմը տեղյակ լինի իր հետագա գործողությունների մասին, իմանա, թե որ ուղղությամբ է դուրս գալու և չընկնի խուճապի մեջ: Նույն գումարտակի հրամանատարի նախկին տեղակալ-շտաբի պետ Հայկազ Գրիգորյանն էլ հայտնել է, որ Իշխան Վահանյանը, Մարտական կանոնադրությունների համաձայն, պարտավոր է եղել մինչ հեռանալը իր փոխարեն, եթե անգամ վիրավորում էր ստացել, նշանակել պաշտոնակատար, խնդիրներ առաջարել եւ այդ մասին զեկուցել վերադասին ու փոխանցել կապի միջոցները․ «Վերը նշված, ինչպես նաև քրեական գործում առկա այլ ապացույցների վերլուծությունից ակնհայտ է, որ գործով հաստատվել է 10.10.2020 թվականի դրությամբ գումարտակի հրամանատար հանդիսացող Իշխան Արմենի Վահանյանի վրա ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի և մարտական կանոնադրության՝ առաջադրված մեղադրանքում նշված կետերով դրված պարտականությունների առկայությունը: Մասնավորապես այն, որ Իշխան Վահանյանը պարտավոր է եղել անձնուրաց կերպով ծառայել իր ժողովրդին, արիաբար, հմտորեն, չխնայելով սեփական արյունը և նույնիսկ կյանքը, պաշտպանել հայրենիքը, անսասան տանել զինվորական ծառայության դժվարությունները, խստորեն պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները,  հմտորեն ղեկավարել գումարտակը, իր բացակայության դեպքում պարտականությունների կատարումը թողնել տեղակալին, մարտի վճռական պահերին գտնվել առավել կարևոր ուղղությունում և իր ենթակայության տակ եղած ուժերով ու միջոցներով ժամանակին ազդել մարտի վրա, իրավիճակի կտրուկ փոփոխության դեպքում ավագ պետի ընդհանուր մտահղացման սահմաններում ընդունել նոր որոշում և խնդիրներ առաջադրել ենթակա ստորաբաժանումներին, պաշտպանության շրջանը շրջանցելու դեպքում կազմակերպել շրջանաձև պաշտպանություն և շարունակել պահել զբաղեցրած դիրքերը, իսկ հարկադրաբար նահանջի անհրաժեշտության դեպքում ավագ պետի հրամանով կամ թույլտվությամբ, կանոնադրությամբ սահմանված կարգով, կազմակերպել ստորաբաժանման նահանջը՝ սահմանելով այն շրջանը, որտեղ պարտավոր է նահանջել գումարտակը»,- պնդեց մեղադրողը։ Ըստ մեղադրողի՝ բազում ցուցմունքներով հերքվել է Վահանյանի այն պնդումը, թե ինքը կատարել է իր պարտականությունները Երրորդ հարցն էլ, ըստ մեղադրողի, որ պաշտոնեական անգործության հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար ենթակա է քննարկման, հետեւյալն է․ Իշխան Վահանյանը, որպես գումարտաակի հրամանատար, կատարե՞լ է իր վրա դրված վերը նշված պարտականությունները, թե՞ ոչ կամ այլ խոսքով՝ դրսևորե՞լ է անգործություն թե՞ ոչ. «Եթե նախորդ երկու դեպքերում Իշխան Վահանյանը որևէ առարկություն չհայտնեց, ապա վերը նշված հարցի շուրջ թե նախաքննության, թե դատաքննության ժամանակ հայնեց, որ ինքը կատարել է իր վրա օրենսդրությամբ և Մարտական կանոնագրքերով դրված պարտականությունները, և մարտադաշտից հեռացել է իր այդ պարտականությունները կատարելուց հետո, երբ ստացած վիրավորման պատճառով այլևս հնարավոր չի եղել մնալ տեղում կամ տեղաշարժվել։ Հայտնեց նաեւ, որ առաջացած հետևանքները իր մեղքով»,- նկատեց մեղադրողը։ Վերջինիս խոսքով՝ իր այս ցուցմունքով Իշխան Վահանյանը նպատակ է հետապնդել խուսափել քրեական պատասխանատվությունից և դատարանում ճանաչվել անմեղ: Նրա հայտնած տեղեկությունները, սակայն, ըստ մեղադրողի, հերքվում են մի շարք վկաների ցուցմունքներով․ Տուժողների իրավահաջորդները «Օրինակ՝ զորամասի նախկին հրամանատար Արթուր Քարամյանն իր ցուցմունքով հայտնել է, որ 10.10.2020 թվականին Իշխան Վահանյանը զանգահարել է իրեն և խուճապահար վիճակում  զեկուցել, որ հակառակորդը հարձակում է գործել, ինչի արդյունքում զորքը փախչում  է, բացի այդ, ունեն զոհեր և վիրավորներ, ինքը նույնպես վիրավոր է, ինչի համար նահանջում են, իսկ Վահանյանը ցանկանում է հեռանալ։ Տեղեկանալով, որ Վահանյանը ծանր վիրավորում չի ստացել, հայտնել է, որ պետք չէ խուճապի մատնվել և հեռանալ, անհրաժեշտ է զորքին հավաքել և շարունակել ղեկավարել զորքը: Այնուհետև, Իշխան Վահանյանը երկրորդ անգամ զանգահարել է իրեն և հայտնել, որ գրեթե հասել է Հադրութ քաղաք, ինչին պատասխանել է, որ հակառակորդի կողմից գրավված լինելու պատճառով պետք չէ գնալ Հադրութի վերևի գյուղի ուղղությամբ, սակայն այդ ընթացքում տեղյակ չի եղել, որ Վահանյանը չի կատարել իր հրամանը և առանձնացել է գումարտակի անձնակազմից: Նշել է նաև, որ ինքը որևէ կերպ տեղեկացված չի եղել Վահանյանի կողմից հրամանատարությունը այլ սպայի հանձնելու մասին, մինդեռ այդ մասին նա պարտավոր է եղել հայտնել: Ինքը դեպքի օրը գումարտակի սպաներից կապի մեջ է գտնվել միայն Իշխան Վահանյանի հետ: Եթե ենթակա անձնակազմը լիներ Վահանյանի ղեկավարության ներքո, ինքը ոչ Վահանյանին և ոչ էլ անձնակազմին դեպի Հադրութի ուղղությամբ չէր ուղղորդի: Վերլուծելով Խուռհատ սարում տեղի ունեցած դեպքերը՝ կարծիք է հայտնել, որ այնտեղ պատշաճ կերպով չի կազմակերպվել նահանջը, իսկ թեթև վիրավորում ստացած գումարտակի հրամանատարի փախուստը ազդել է ենթակա անձնակազմի մոտ խուճապ առաջացնելու և նմանատիպ զոհեր տալու տեսանկյունից,- հիշեցրեց մեղադրողը։ Վերջինիս պնդմամբ՝ ամբաստանյալի ցուցմունքը հերքվել է նաև նրա տեղակալ-շտաբի պետ Հայկազ Գրիգորյանի՝ հետեւյալ ցուցմունքներով․ «(․․․) Երբ անձնակազմը իջել է սարի ներքևի հատվածի խաչմերուկ, գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը, պատճառաբանելով, թե վիրավոր է, միայնակ նստել է տեղում գտնվող ավտոմեքենաներից մեկը և իր հետ վերցնելով կապի միջոցները, հեռացել՝ չսահմանելով անգամ իրենց հետագա գործողությունների շրջանակը կամ նահանջ կատարելու ուղղությունը: Անձնակազմը, տեսնելով կատարվածը, ավելի է մատնվել խուճապի: Իշխան Վահանյանի հեռանալուց հետո կապի բացակայության, կոնկրետ նահանջի ուղղությունը չիմանալու պատճառով 5-ից 6 ժամ ինքը և մյուս սպաները փորձել են դուրս գալ տեղանքից, բացի այդ կապի դուրս գալ գնդի հրամանատարի հետ, սակայն չի հաջողվել, բոլոր ուղղություններից կրակել են իրենց ուղղությամբ: Հակառակորդի կրակոցների ազդեցության տակ ավագ լեյտենանտ Հովիկ Մուրադյանը և կամավոր Արտյոմը շարժվել են Վանք գյուղի ուղղությամբ, իսկ իրենք՝ մոտ 35 զինվորով և 4 սպաներով, փորձել են բարձրանալ նույն զորամասի 3-րդ գումարտակի  ուղղությամբ, ինչը չի ստացվել, քանի որ այդ հատվածից ևս կրակոցներ են հնչել։ Այնուհետև փոխել են ուղղությունը և կարողացել շրջափակումից դուրս գալ՝ գնալով Սարուշեն գյուղի ուղղությամբ»:  Վահանյանի ցուցմունքի արժանահավատությունը գնահատելու համատեքստում մեղադրողը հիշեցրեց, որ Հայկազ Գրիգորյանը դատարանում հայտարարել է, որ դատական նիստերի դահլիճ ներկայանալու ժամանակ, երբ ինքն ու Իշխան Վահանյանը կալանավորական նույն մեքենայում են եղել, Վահանյանը փորձել է համոզել, որ Գրիգորյանը դատարանում հայտնի, թե ինքն իբր կապի միջոցները և հրամանատարությունը փոխանցել է նրան, ու ինքն իրականում լուրջ վիրավորում է ստացած եղել, ինչին, սակայն, Գրիգորյանը չի համաձայնվել։ Ի թիվս այլնի, մեղադրողը հիշատակեց նաեւ սխալ ուղղությամբ գնացած, 70-օրյա շրջափակումից հրաշքով փրկված զինծառայողների ցուցմունքները (նրանց ցուցմունքները՝ 1,2,3,4,5,6)։ Միակ ցուցմունքը, որ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը գնահատեց անարժանահավատ, կապի ծառայության պետ Վիգեն Ծատրյանինն էր․ «Վիգեն Ծատրյանից որևէ այլ վկա սույն քրեական գործի շրջանակներում չհայտնեց կապի միջոցներ ունենալու մասին: Խոսքը լիցքավորում ունեցող կամ սարքին վիճակում գտնվող կապի միջոցների մասին է: Ծատրյանը հանդիսացել է կապի ծառայության պետը, ով անմիջական պատասխանատվություն է կրել կապի միջոցների համալրվածության, բաշխման և սարքինության համար, եւ չի բացառվում, որ իր ծառայությունը դրական ներկայացնելու և հնարավոր խնդիրներից խուսափելու համար է նման բովանդակության ցուցմունք տվել։ Բացի այդ,  քրեական գործում առկա է ձայնագրություն, որտեղ Վիգեն Ծատրյանի ենթակա Հովհաննես Մուրադյանը, ով եղել է գումարտակի կապի թիվ մեկ պատասխանատուն, հեռախոսային խոսակցության ժամանակ ևս հայտնում է, որ ինքը կապ չունի, ինչով պայմանավորված էլ զանգահարել է ոչ թե զորամասի հրամանատարությունից որևէ մեկին, այլ զինծառայողների ծնողներին»,- ասաց Ավետիսյանը։ Նա պնդեց՝ Իշխան Վահանյանը 10.10.2020 թվականին Խուռհատ սարում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ, գտնվելով նշված հատվածում, չի իրականացրել որևէ գործողություն, որն ուղղված կլինի իր վրա ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով և մարտական կանոնագրքով սահմանված պարտականությունների կատարմանը: Ըստ մեղադրողի՝ Վահանյանը պարզապես նախընտրել է հոսպիտալ տեղափոխվելը Չորրորդ հարցը, որ առաջ քաշեց Գեւորգ Ավետիսյանը, հետեւյալն էր, Վահանյանն ունեցե՞լ է  հնարավորություն կատարելու իր վրա դրված պարտականությունները․ «Այս հարցի շուրջ ցուցմունք տալուց Իշխան Վահանյանը նշել է, որ ինքը որոշակիորեն զրկված է եղել նաև իր պարտականությունները կատարելու լիարժեք հնարավորությունից: Որպես այդպիսին, դրանք կապել է երկու հանգամանքների հետ՝ աջ ազդրի շրջանում ստացած մարմնական վնասվածքի, որը զրկել է մարտադաշտում իրեն ազատ գործելու և երկար մնալու հնարավորությունից, եւ ենթակա անձնակազմի կողմից խուճապահար վիճակում Խուռհատ սարից իջնելու և բարոյահոգեբանական վատ վիճակում իրենց կողմից տրված հրամանները չլսելու և չկատարելու հետ: Ինչպես նախորդ դեպքում, այս հանգամանքը ևս հերքվել է քրեական գործում առկա ապացույցներով»։ Մեղադրողը դարձյալ մեջբերեց Վահանյանի տեղակալ Հայկազ Գրիգորյանի ցուցմունքը այն մասին, որ իր գնահատմամբ Վահանյանն ի վիճակի է եղել կատարել իր վրա դրված պարտականությունները, ավելին, նրա գործողություններն իրեն կասկածելի են թվացել, քանի որ վիրավորին ինքը ասոցացնում է այնպիսի վնասվածքների հետ, որոնց դեպքում անձը զրկվում է ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորությունից, այլապես գլխացավը կամ ոտքի ցավն իր համար վիրավորում չէ: Վահանյանը մշտապես ոտքի վրա է կանգնած եղել և տեղաշարժվել ինքնուրույն, ինքը որևէ օգնություն նրան չի ցուցաբերել․ «Հիշեցնեմ, որ Հայկազ Գրիգորյանը նշեց նաև այն մասին, որ դատական նիստերի դահլիճ ներկայանալու ժամանակ ի թիվս այլնի Վահանյանը փորձել է Հայկազ Գրիգորյանին համոզել լուրջ վիրավորում ստանալու մասին»,- ընդգծեց նա։ Նրա խոսքով՝ ՊԲ 18-րդ ՀԴ-ի նախկին հրամանատար, պահեստազորի գեներալ-մայոր Կարեն Առստամյանը եւս նշել է, որ թեթև վիրավորումը, որը կյանքին վտանգ սպառնացող չէ, հնարավոր է բուժել նաև մարտադաշտում: Ամեն դեպքում ցանկացած հրամանատար պարտավոր է գտնվել իր զորքի կողքին և կատարել վերադասի ցուցումները․ «Միաժամանակ բոլոր վկաներն առանց բացառության հայտնեցին, որ թեև իրենց բարոյահոգեբանական վիճակը լավ չի եղել, սակայն դա իրենց չի զրկել վերադաս հրամանատարության հրամանները լսելու և դրանք կատարելու ունակությունից»։ Ըստ մեղադրողի՝ Իշխան Վահանյանի կողմից մարտադաշտում մնալու և իր պարտականությունները կատարելու հնարավորությունը հիմնավորվել է նաև դատաքննության ընթացքում դատարանի կողմից իրականացված հարցման պատասխանով, որով ուղղակիորեն նշված է, որ նման վիրավորումների դեպքում բուժօգնությունը տրամադրվում է տեղում, առկա սանիտարական միջոցներով. «Այսպիսով՝ ելնելով վերոգրյալից, վերը նշված ապացույցները համադրելով քրեական գործում առկա մյուս ապացույցների հետ, կարելի է փաստել, որ Իշխան Վահանյանը, թե ստացած վիրավորման, թե՛ զորքի բարոյահոգաբանական վատ վիճակում գտնվելու պայմաններում, հնարավորություն ունեցել է իրականացնել իր վրա դրված պարտականությունները և մնալ մարտադաշտում, ինչը չի կատարել և նախընտրել է հոսպիտալ տեղափոխվելը»,,- նշեց մեղադրողը։ Վերադաս հրամանատարությունը տեղյակ եղել է, որ թշնամին Հադրութում է Դատախազ Գեւորգ Ավետիսյանն իր ելույթում շեշտեց՝ հետազոտված ապացույցներով հիմնավորվել է, որ վերադաս հրամանատարությունը՝ զորամասի հրամանատար Արթուր Քյարամյանի գլխավորությամբ, տեղյակ եղել է հակառակորդի՝ Հադրութում գտնվելու մասին: Նա դա հայտնել է Իշխան Վահանյանին, սակայն վերջինս այդ մասին թե՛ Խուռհատ սարում գտնվելու, թե՛ շրջափակման մեջ մնացածների հետ հեռախոսով զրուցելու ժամանակ չի տեղեկացրել:  Ավետիսյանի խոսքով՝ քրեական գործում եղած ապացույցներով հիմնավորվում է նաև, որ Հադրութ չգնալու և սահմանված ուղղության նշված լինելու պարագայում Հովհաննես Մուրադյանի և «Քեռի» մականունով կամավորականի ուղեկցությամբ դեպի Վանք գյուղ իջած զինծառայողները հնարավորություն ունեցել են դուրս գալու, քանի որ Հայկազ Գրիգորյանի, Վազգեն Վարդանյանի և մյուս զինծառայողների ուղեկցությամբ դուրս եկած անձնակազմը առանց լուրջ մարդկային կորուստների կարողացել են դուրս գալ մարտի դաշտից: Ճանապարհին վիրավորում է ստացել ընդամենը մեկ զինծառայող, որը հաջորդ օրը դուրս է բերվել:  Այս համատեքստում մեղադրողը մեջբերեց նաեւ վկա Արսեն Ղուկասյանի կողմից դեռևս նախաքննության ընթացքում ներկայացված լազերային սկավառակի զննության արձանագրությունը, որը ցույց է տալիս՝ եղե՞լ է արդյոք անկառավարելի վիճակ, թե՞ ոչ, սպայակազմը և ժամկետային զինծառայողներն ունեցե՞լ են վերադաս հարամանատարության կողմից ուղղորդման կամ սահմանված կարգով նահանջ կատարելու կարիք, թե՞ ոչ, կամ ունեցե՞լ են արդյոք սահմանված բնագիծ կամ ուղղություն, որով պետք է նահանջեին: Նշենք, որ Արսեն Ղուկասյանը անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրն է։ Շրջափակման մեջ գտնվող Սարգիսը զանգահարել է հորեղբորը եւ օգնություն խնդրել։ Վերջինս էլ այդ խոսակցությունը ձայնագրել եւ հետագայում փոխանցել է քննչական մարմնին։ Մեղադրյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը Սարգիս Ղուկասյան- Ուզում ես՝ տամ ավելի լավ իմացող մարդու, թող ինքը տեղանքը նկարագրի, հետո զապիս արեք, ուղարկեք։ Արսեն Ղուկասյան- Շուտ արեք, շուտ արեք։ Սարգիս Ղուկասյան- Արեք, ով գիտի տեղանքը: Մուրադյա՛ն, տվեք Մուրադյանին հեռախոսը։ Հովհաննես Մուրադյան- Ախպերս, լսո՞ւմ ես։ Արսեն Ղուկասյան- Հա, ասա, սաղ ասա միանգամից, շուտ․․․ Հովհաննես Մուրադյան- Նայի, Հադրութի պոստից, որ նայում ես դեպի հակառակորդը, հենց ուղիղ աջ կողմը մենք անտառի մեջ ենք, ես ԿԳԲ-ի զորքին ասացի, որ մենք էդ սարի գլխին անտառի երեք տեղ պոստ ունենք դրած, հիմի էդ պոստի վրից կրակում են մեզ: Պտի իմանանք՝ եթե մերոնք են, ասեն՝ չկրակեն,  հելնենք գոնե էնտեղ: Արսեն Ղուկասյան-Դե, էդքանը պետքա փոխանցենք։ Հովհաննես Մուրադյան- Հա, ախպեր, թեկուզ համար-մամար խոսացեք կգբ-շնիկներ են, հաստատ իրանք գիտեն: Արսեն Ղուկասյան- Լավ, հենց հիմա կանենք: Հովհաննես Մուրադյան- Մեկին ասա՝ հետս կապնվի, մեկ էլ ջոգենք՝ զորքը ոնց կարանք տանենք ավելի ապահով տեղ: Հա, թող մի հատ զանգեն, սաղ ասեն։ Արսեն Ղուկասյան-Լավ: Արսեն Ղուկասյանը հայտարարել է, որ հիշյալ խոսակցությունից հետո այլևս Սարգիս Ղուկասյանի հետ չի կարողացել կապ հաստատել և մինչ օրս եղբոր որդու՝ Սարգիս Ղուկասյանի գտնվելու վայրը հայտնի չէ: Մյուս ապացույցը  սպա-հոգեբան Արայիկ Հայրյանի ցուցմունքն է, որը դատարանում հայտնեց, որ երբ զինծառայողները Խուռհատ սարից եկել են զորամասի ժամանակավոր տեղակայման վայր, ինքն առանձնազրույցներ է ունեցել նրանց հետ։ Վերջիններս հայտնել են, որ իրենց ղեկավար սպա չի եղել, ինչի պատճառով, չիմանալով, թե ուր գնան, բաժանվել են խմբերի ու գնացել տարբեր ուղղություններով: Նշել են, որ այդ մարտերի ժամանակ Վահանյանը թեթև վիրավորման պատրվակով թողել է մարտադաշտն, ինչը հոգեբանական առումով ևս բացասական ազդեցություն է ունեցել իրենց վրա: Մեղադրողի գնահատմամբ՝ Վահանյանը պատերազմի ընթացքում պարբերաբար դրսեւորել է խուսափողական վարքագիծ Իր ելույթի վերջին հատվածում դատախազ Ավետիսյանը հիշեցրեց, որ Իշխան Վահանյանին մեղսագրված է հանցանք, որը դրսեւորվել է մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու և սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությամբ։ Այս հանգամանքը ապացուցելու համար Ավետիսյանը նշեց մի քանի դրվագներ՝ պնդելով, որ Իշխան Վահանյանն օգտագործել է ցանկացած առիթ մարտական գործողությունների շրջանից դուրս գալու համար եւ իր այդ մտադրությունն իրականացնելու համար անգամ օգտագործել է վիրավոր զինծառայողներին օգնություն ցուցաբերելու համար հրամանատարական կետից դուրս գալու հնարավորությունը։ Այդ ժամանակ ձևականորեն կատարել է իր այդ պարտականությունը, և հասնելով զորամասի մշտական տեղակայման վայր, որի թույլտվությունը նա վերադաս հրամանատարի կողմից չի ունեցել, երկու օր բացակայել է մարտական գործողությունների վայրից:  Իր այս պնդումը հիմնավորելու համար մեղադրողը հիշատակեց գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանի ցուցմունքը․ Գարիկ Վարդերեսյանը նշել է նաև, որ 02.10.2020 թվականին, երբ գումարտակի 2-րդ վաշտի անձնակազմը Նյուզգյար գյուղում ենթարկվել է հրետակոծության, Իշխան Վահանյանին հանձնարարել է շտապօգնության մեքենայով ուղևորվել գյուղ և տարածքում գտնվող վիրավորներին տարհանել, սակայն հետագայում տեղեկացել է, որ գյուղի մոտակայքից նա վերցրել է մի քանի վիրավորների և գյուղ չմտնելով, թողնելով վիրավորների մի մասին՝ հեռացել: Դրանից հետո՝ մինչև հոկտեմբերի 4-ն  ընկած ժամանակահատվածում, Իշխան Վահանյանը իր հետ կապ չի հաստատել և ինքը տեղեկություն չի ունեցել նրա գտնվելու վայրի մասին։ Վահանյանի խուսափողական վարքագիծը հիմնավորելու համար մեղադրողը մեջբերեց նաեւ վկա Վարազդատ Հովհաննիսյանի ցուցմունքը։ Ըստ դրա՝ Վահանյանը Խուռհատ սարում տեղի ունեցած մարտերի ժամանակ իրեն և գումարտակի այլ ծառայողներին հրամայել է  բարձրանալ սարի վրա, իսկ նա մնացել է թիկունքում՝ մոտ 50 մետր իրենցից ներքև։ Երբ առաջին խումբը բարձրացել է վերև, հակառակորդը կրակոցներ են արձակել նրանց ուղղությամբ, ինչի պատճառով սկսել են վիրավորներին տարհանել: Այդ ընթացքում շրջվել են և մոտ 10 մետր հեռավորության վրա նկատել Իշխան Վահանյանին, ով միայնակ նստել է ճանապարհի մոտ կայանված մեքենան և հեռացել՝ իրենց թողնելով մարտական գործողությունների վայրում: Անգամ իր հետ չի տարել ավտոմեքենայի մոտ վազող երեք զինծառայողներին: Մեղադրողը կարեւորեց նաեւ ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ դատաբժիշկ փորձագետ Արշակ Ալեքսանյանի ցուցմունքը, ըստ որի՝ Իշխան Վահանյանի վրա հայտնաբերված մարմնական վնասվածքների առկայության պայմաններում վերջինս հնարավորություն ունեցել է ինքնուրույն գործողություններ կատարելու և տեղաշարժվելու․ «Իշխան Վահանյանը Խուռհատ սարում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ 1.5*1.0 սմ չափսերով վիրավարումով լքել է մարտադաշտը, իսկ դրանից առաջ՝ 29.09.2020 թվականին ստացած 2.7*1.0 սմ չափսերով վիրավորումով (ԱՎԵԼԻ ՄԵԾ), շարունակել է իր պարտականությունների կատարումը մինչև 02.10.2020 թվականը ներառյալ»,- ընդգծեց մեղադրողը։ Ամփոփելով իր ելույթը՝ Գեւորգ Ավետիսյանը հայտարարեց․ «Կարծում եմ՝ գործով ձեռք բերված ապացույցների գնահատմամբ ամբաստանյալ Իշխան Վահանյանի մեղքն ամբողջությամբ հիմնավորված է, արարքներին տրվել են քրեաիրավական ճիշտ գնահատականներ և նա ենթակա է քրեական պատասխանատվության առաջադրված մեղադրանքում նշված հոդվածներով: Ուստի միջնորդում եմ Իշխան Վահանյանին մեղավոր ճանաչել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով: 375-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքի կատարման համար, որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մասին, նշանակել պատիժ ազատազրկում 11 տարի ժամկետով, իսկ նախկին քրեական օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկում 9 տարի ժամկետով: Նախկին քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների համաձայն՝ պատիժները մասնակի գումարելով՝ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 18 տարի ժամկետով։ Իշխան Վահանյանի նկատմամբ նշանակվող պատժից հաշվանցել վերջինիս կողմից փաստացի կալանքի տակ գտնվելու 3 տարի 8 ամիս 8 օր ժամկետը»,- նշեց մեղադրողը՝ միջնորդելով, որ Վահանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը մնա անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 3-ին։   Միլենա Խաչիկյան
23:55 - 21 ապրիլի, 2025
Մասիսի համայնքապետարանը 384 մլն դրամի պայմանագիր է կնքել ավագանու անդամի հոր ու եղբոր ընկերության հետ

Մասիսի համայնքապետարանը 384 մլն դրամի պայմանագիր է կնքել ավագանու անդամի հոր ու եղբոր ընկերության հետ

2022-2024 թվականներին Մասիսի համայնքապետարանը 26 պայմանագիր է կնքել ավագանու անդամների պատկանող կամ նրանց փոխկապակցված ընկերությունների հետ։ Այդ պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 413 մլն դրամ։  2023 թվականի ապրիլի 19-ին Մասիսի համայնքապետարանը 6 չափաբաժնով բաց մրցույթ է հայտարարարել համայնքի տարբեր բնակավայրերում ոռոգման համակարգերի կառուցման և նորոգման աշխատանքներ կատարելու համար։ Չափաբաժիններից մեկով՝ Սայաթ-Նովա և Հայանիստ բնակավայրերում ոռոգման համակարգերի կառուցման և նորոգման աշխատանքների իրականացման համար 384 մլն դրամի պայմանագիր է կնքվել «Էրգիր» բաց բաժնետիրական ընկերության հետ։ Թեև ընկերությունը մասնակցել է ևս մեկ չափաբաժնի մրցույթի, սակայն հաղթել է միայն այս մեկում՝ առաջարկելով մրցակից երեք ընկերություններից ցածր գին։ «Էրգիր» ԲԲԸ-ի 78%-ի բաժնետերը Մասիսում կառավարող՝ ավագանու «Դավիթ Համբարձումյան դաշինք» խմբակցության անդամ Կարեն Արամայիսյանի հայրն է՝ Գագիկ Արամայիսյանը, մնացյալ բաժնեմասն էլ պատկանում է ավագանու անդամի եղբորը՝ Վահե Արամայիսյանին։ Վերջինս նաև ընկերության տնօրենն է։ Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայքէջում նշված կենսագրական տվյալների և Կարեն Արամայիսյանի հայտարարագրի տվյալների համաձայն՝ վերջինս աշխատում է «Էրգիր» ԲԲԸ-ում, ընդ որում՝ հենց պայմանագրի կնքման տարում Արամայիսյանն ընկերությունից եկամուտ է ստացել։ 2023 թվականին, օրինակ՝ որպես աշխատանքի վարձատրություն այս ընկերությունից ստացել է 728 հազար դրամ։ Արամայիսյանը «Ինֆոքոմի» հետ զրույցում հրաժարվեց պատասխանել, թե ինչ աշխատանք է կատարում այդ ընկերությունում և մեկնաբանություն տալ կատարված գնման մասին։  Կարեն Արամայիսյանը նաև իր սեփական ընկերությունն ունի, որը ևս պայմանագրեր է կնքում համայնքապետարանի հետ։ 2018 թվականին Արամայիսյան եղբայրները հիմնադրել են «Բլուր Շին» ընկերությունը, որի սեփականատերը և տնօրենն ավագանու անդամ Կարեն Արամայիսյանն է։ Ընկերությունը մատուցում է բնակելի, հասարակական և արտադրական շենքերի նախագծման և նախագծերի փորձաքննության ծառայություններ։ 2022-2024 թվականների ընթացքում Մասիսի համայնքապետարանը «Բլուր Շին» ընկերության հետ կնքել է 10 պայմանագիր՝ ընդհանուր շուրջ 1 մլն 400 հազար դրամ արժողությամբ։ Ընկերությունը համայնքապետարանին մատուցել է տեխնիկական հսկողության ծառայություններ։Ընդ որում՝ Արամայիսյանը չի հայտարարագրել իր մասնակցությունն այս ընկերությունում։ Համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի՝ պաշտոնատար անձը պետք է հայտարարագրի իր և իր ընտանիքի անդամների մասնակցությունը առևտրային կազմակերպություններում և ներկայացվածությունը դրանց կառավարման մարմիններում։ Բացի համայնքապետի թիմակիցներից համայնքապետարանը գնումներ է կատարել նաև Մասիսում ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու նախկին անդամ Վահե Անտոնյանի «Վէգաս» ընկերությունից։ Նրա հիմնադրած ընկերության հետ համայնքապետարանը կնքել է 15 պայմանագիր, որոնցից 9-ը՝ Անտոնյանի՝ ավագանու անդամի լիազորությունը դադարեցնելուց՝ 2023 թվականի նոյեմբերից հետո։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը գրեթե 28 մլն դրամ է։ Ընկերությունը համայնքային մանկապարտեզների մեծ մասին կես-կես տարի ժամկետով մատակարարել է հաց։  Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը այս ընթացակարգերում շահերի բախում չի տեսնում։ Համբարձումյանը, մեջբերելով Գնումների մասին օրենքը, նշում է, որ հաղթողին ընտրող հանձնաժողովի անդամները և քարտուղարը ստորագրում են շահերի բախման բացակայության մասին հայտարարություն, ինչն էլ և արել են։ Գնումների մասին օրենքի կարգավորումների մասով խնդիր չկա, սակայն, Հանրային ծառայության մասին օրենքն ասում է, որ շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձի մասնավոր շահերն ազդում են կամ կարող են ազդել վերջինիս պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա: Պաշտոն զբաղեցնող անձի մասնավոր շահը ներառում է որևէ արտոնություն իրեն կամ իր հետ փոխկապակցված անձանց, ինչպես նաև այն անձանց կամ կազմակերպություններին, որոնց հետ ինքը կամ իր հետ փոխկապակցված անձն ունի գործարար, քաղաքական կամ այլ գործնական կամ անձնական հարաբերություններ։ Այս պարագայում համայնքապետ Դավիթ Համբարձումյանը և ավագանու անդամ Կարեն Արամայիսյանն ունեն քաղաքական հարաբերություն, քանի որ ավագանու նույն՝ «Դավիթ Համբարձումյան դաշինք» խմբակցությունից են։ Նույն օրենքը նաև սահմանում է, որ եթե վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կողմից կամ նրա մասնակցությամբ իր լիազորությունների շրջանակում գործողության կատարումը (անգործությունը) կամ որոշման ընդունումը կարող է հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման, ապա պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է այդ մասին գրավոր հայտարարություն ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որն առաջարկում է ձեռնարկել իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր, այդ թվում՝ հանդես գալ կոնկրետ իրավիճակում շահերի առկայության մասին հայտարարությամբ: Սակայն Համբարձումյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով շահերի բախման մասին հայտարարություն չի ներկայացրել։ «Շահերի բախման առկայության պարագայում մենք կձեռնարկեինք օրենսդրությամբ սահմանված միջոցները»,- մեր հարցման ի պատասխան ասել է Համբարձումյանը։ «Ինֆոքոմի» մի շարք այլ համանման հրապարակման հիման վրա, օրինակ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական տույժի է ենթարկել Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանին, Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանին, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին։  Այսպիսով, Մասիսի համայնքապետարանը խոշոր պայմանագրեր է կնքել ավագանու անդամին և նրա ընտանիքի անդամներին պատկանող ընկերության հետ, իսկ համայնքապետ Դավիթ Համբարձումյանն այստեղ շահերի բախման վտանգ չի տեսել և օրենքով սահմանված կարգով չի տեղեկացրել Կոռուպցիայի Կանխարգելման հանձնաժողովին։    Հեղինակ՝ Լիլիթ Գրիգորյան
19:51 - 21 ապրիլի, 2025
«Հայաստանն ու Ադրբեջանը ոչ թե հաշտվում են, այլ փախուստի են դիմում իրավական հարթակներից»․ Սիրանուշ Սահակյան

«Հայաստանն ու Ադրբեջանը ոչ թե հաշտվում են, այլ փախուստի են դիմում իրավական հարթակներից»․ Սիրանուշ Սահակյան

2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սկսվեց ուղիղ երկխոսություն` խաղաղության հաստատման օրակարգով։ 4 տարի անց՝ 2024 թ․-ի տարեվերջին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրական խաղաղության հնարավորության պարագայում Հայաստանը պատրաստ է փոխադարձության սկզբունքով հրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական գանգատներից եւ հայցերից։ Խաղաղության բանակցությունների իրավական հարցերի շուրջ «Ինֆոքոմը» զրուցել է միջազգային իրավունքի մասնագետ, «Միջազգային եւ համեմատական կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանի հետ։ - Տիկի՛ն Սահակյան, նախ կխնդրեմ հակիրճ նկարագրեք, թե միջազգային ատյաններում Հայաստանն ու Ադրբեջանը ինչ պահանջներ ունեն իրար դեմ։ - Միջազգայնորեն գոյություն ունեն մի քանի հարթակներ, որտեղ պետությունները կարող են միջպետական բնույթի իրավական հարցեր բարձրաձայնել եւ հասնել դրանց դատական լուծման․․․ 2020 թ․ պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի  Միջազգային արդարադատության դատարանում նախաձեռնեց վեճ ընդդեմ Ադրբեջանի՝ «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման» կոնվենցիոնալ հիմքով, եւ բարձրաձայնվեցին լուրջ խնդիրներ` կապված խտրական քաղաքականության տարաբնույթ դրսեւորումների հետ, որոնք պետական մակարդակով էին իրականացվում։ Հետաքրքրական է, որ հայցի ներկայացումից կարճ ժամանակ անց հայելային հայց ներկայացրեց Ադրբեջանը, եւ արդյունքում Միջազգային արդարադատության դատարանում մենք ունենք 1-ական գործեր։  Հայաստանը Ադրբեջանի դեմ միջպետական հայցեր նախաձեռնեց նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Նախկինում այս ատյանը ակտիվորեն օգտագործում էին հայ տուժողները․ պետությունը ձեռնպահ էր մնում միջպետական գործընթացներից` ռիսկի տակ չդնելով այն քաղաքական գործընթացները, որոնք ընթանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ Սակայն 44-օրյա պատերազմից հետո այս մտահոգությունները կարծես թե կրկին փարատվեցին։ Հայաստանի հայցին կրկին հայելային մոտեցմամբ հաջորդեց Ադրբեջանի հայցը, եւ հայցերի թվաքանակը ՄԻԵԴ-ում մեծացավ․ Հայաստանը 4 միջպետական գանգատ է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի, Ադրբեջանը 2 միջպետական գանգատ` ընդդեմ Հայաստանի։ Եվ հետաքրքրական է, որ ՄԻԵԴ-ում ներկայացրել ենք նաեւ 1 միջպետական գանգատ ընդդեմ Թուրքիայի, որը բովանդակային առումով որոշակի կապվածություն ունի Ադրբեջանի դեմ ներկայացված 1-ին հայցի հետ՝ նկատի ունենալով, որ Թուրքիան, ըստ էության, 44-օրյա պատերազմի մասնակից է եղել։  Երրորդ հարթակը, որը գործարկել է բացառապես Ադրբեջանի Հանրապետությունը, Արբիտրաժի մշտական դատարանն է։ Հենվելով Էներգետիկ խարտիայի պայմանագրի եւ Բեռնի կոնվենցիայի վրա՝ Ադրբեջանը միջպետական 2 արբիտրաժային գործընթացներ է նախաձեռնել ընդդեմ Հայաստանի։ Հայաստանը այս հարթակում խիստ պասիվ է, որեւէ հակադարձող գործընթաց նախաձեռնված չէ։ - Ձեր թվարկած հայցերից հրաժարվելը ընդհանուր առմամբ իրավակա՞ն կամ միայն իրավակա՞ն գործընթաց է, թե նախեւառաջ քաղաքական հայտարարություն, քաղաքական գործընթաց է։ - Ես հրաժարումը կապում եմ առավելապես քաղաքական գործընթացների հետ։ Դրա վառ վկայությունն է այն, որ հրաժարման վերաբերյալ դրույթը իր արտացոլումն է ստանում խաղաղությանն առնչվող պայմանագրում, որի միջոցով փորձ է արվում լուծում տալ հայ-ադրբեջանական քաղաքական օրակարգում առկա խնդիրներին, եւ այդ պայմանագրի ստորագրումն է, որ պետք է ավարտ ազդարարի այն իրավական գործընթացներին, որոնք պետք է ապահովեին հարցերի արդարացի լուծումներ եւ նպաստեին նաեւ հայ տուժողների իրավունքների վերականգնմանը։  Մենք ունենք մտահոգություններ, որ այդ պայմանները թելադրված են Ադրբեջանի իշխանությունների կողմից, ինչպես թելադրվում են պայմանագրի այլ դրույթներ։ Բացի այդ, եթե կողմերը ցանկանում են բարեկամական մոտեցումներով լուծել խնդիրը, վերացնել խախտումները, ապա, որպես կանոն, դիմում են հաշտության համաձայնությունների գործընթացին, ինչը իրավական է եւ ապահովում է արդարացիության պայմանները։  Հաշտության համաձայնությունները չեն կարող միակողմանի լինել, դրանք չեն կարող ակնհայտորեն հակասել արդարադատության շահերին, դրանք վավերացվում են դատարանների կողմից, ուստի այդ արդարության սկզբունքը ապահովվում է անգամ բարեկամական կարգավորումների պարագայում։ Իսկ այս դեպքում մենք տեսնում ենք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ոչ թե հաշտվում են եւ ցանկանում են հարցը դատարանում լուծել բարեկամական կարգավորմամբ` չխախտելով իրավունքի, արդարության սկզբունքները, այլ փախուստի են դիմում իրավական հարթակներից եւ հարցերի հանգուցալուծումը թողնում են բացառապես քաղաքական հարթակներին, որտեղ գործում են վայրի կանոններ, որտեղ մարդու իրավունքների կոմպոնենտը անտեսվում է, եւ որտեղ երաշխիքներ չեն տրամադրվում տուժած անձանց իրավունքների վերականգնման առնչությամբ։  - Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված է, որ դատարանը ցանկացած փուլում կարող է դադարեցնել գործի քննությունը համապատասխան հիմքերի առկայության պայմաններում, եւ դրանցից մեկն էլ էլ Ձեր նշած կողմերի հաշտությունն է։ Միեւնույն ժամանակ սահմանված է, որ եթե դատարանը հանգի այն հետեւության, որ այդ խախտումները, միեւնույն է, պիտի դատական ակտի տեսքով արձանագրվեն, կարող է անգամ կողմերի համաձայնության պարագայում հրաժարվել դադարեցնել գործի քննությունը։ Ստացվում է, որ եթե չկա հաշտություն, գործընթացը անգամ այս կարգավորմա՞նը չի համապատասխանում։ - Եվրոպական դատարանում մի քանի գործընթացներ կան․ առաջինը հաշտության համաձայնության կնքումն է, որը հաստատվում է դատարանի որոշմամբ, եւ այդ որոշումը ազդարարում է գործի ավարտը, հետագա որեւէ այլ քննություն եւ դատական ակտ չի ակնկալվում։ Կան նաեւ դեպքեր, երբ պետությունները միակողմանի հայտարարություններ են անում, փոխհատուցումներ են տրամադրում տուժողներին, եւ այս միակողմանի հայտարարությունները, որոնք կարող են չընդունվել դիմատուների կողմից, եւս հաստատվում են դատարանի միջոցով` ազդարարելով գործի ավարտը։ Եվ կա 3-րդ ընթացակարգը, երբ դիմողները դատարանին հայտնում են, որ հետամուտ չեն իրենց գործի հետագա քննությանը, այլեւս չունեն իրավական շահագրգռվածություն գործի ելքի առնչությամբ, եւ դատարանը, որպես կանոն, գործը հանում է քննության ենթակա գործերի ցուցակից։  Բայց Եվրոպական դատարանն ունի մի ստանդարտ․ հայցից հրաժարվելը կամ հետամուտ չլինելը կարող է չընդունել, եթե արդարադատության շահերը պահանջում են գործի հետագա քննություն։ Կան արձանագրված դեպքեր, երբ դիմումատուները ենթարկվել են կոպտագույն խախտումների` կյանքի իրավունքի, խոշտանգումների, եւ դատարանը գտել է, որ այդ գործերով պետք է ձեւավորվեն իրավական դիրքորոշումներ, որոնք նաեւ կկանխարգելեն համաեվրոպական համակարգում այդ խախտումների կրկնությունը։ Հիմա մենք չգիտենք, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այս մոտեցումը որքանով կիրառելի կհամարի միջպետական գործերի նկատմամբ, քանի որ այդ դրույթները հիմնականում առնչվում են անհատական գանգատներին։ Չկա մեկ դեպք, երբ պետությունը հրաժարվել է միջպետական գանգատից։ Կան արձանագրված դեպքեր, երբ հայցվոր պետությունը հաշտություն է կնքել պատասխանող պետության հետ, բայց մենք չունենք դեպքեր, երբ միջպետական գանգատի հետամուտ չլինելու հայտարարություն է արել պետությունը կամ ուղղակիորեն հայտնել է հրաժարվելու մտադրության մասին։  - Իսկ Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն կլինի Եվրոպական դատարանի մոտեցումը՝ հաշվի առնելով, որ այդ միջպետական գանգատներում շոշափվում են նաեւ տուժողների իրավունքները՝ անկախ անհատական գանգատներից։  - Այս գործընթացները, ըստ էության, ի շահ 3-րդ անձանց գործընթացներ են, այսինքն՝ պետությունը, միջպետական գանգատ ներկայացնելով, պաշտպանում է ոչ թե իր սուվերեն իրավունքները, այլ մարդու իրավունքները, ուստի մենք ունենք շահառու քաղաքացիներ, իրավաբանական անձինք եւ որպես կանոն, արդարադատության շահը պետք է ենթադրի տուժած անձանց դիրքորոշումների լսելիություն։ Մեր մոտեցումը այն է, որ տուժած անձինք պետք է դատարանին ներկայացնեն իրենց անհամաձայնությունը եւ պահանջեն շարունակել միջպետական գործերի քննությունը` արդարադատության շահերը պաշտպանելու նկատառումներով։ Բայց եթե դատարանը այս մոտեցումը չկիսի, ապա անհատները հրաժարումից հետո պետք է ներկայացնեն անհատական գանգատներ․․․ Շուրջ 5 տարի է անցել գանգատները ներկայացնելու պահից, եւ այս գործերը մոտենում են եզրափակիչ ակտերի կայացմանը։ Եթե հրաժարման պարագայում դիմատուները նոր գանգատներ ներկայացնեն, ապա դրանց քննության համար եւս կպահանջվի հավելյալ 5-7 տարի։ Ստացվում է այն արդարադատությունը, որը կարելի էր հասանելի դարձնել հայերին 5-7 տարվա ընթացքում, մատուցվելու է 10-15 տարի անց, ինչը հավասարեցվում է ուշացված արդարադատության, եւ այն չի կարող ունենալ այն ազդեցությունը, ինչը տեղի կունենար ժամանակային արդարադատության իրականացման դեպքում։  - Բացի այդ, պետությունը` ի դեմս միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի, նաեւ քննչական, դատախազական մարմինների ահռելի աշխատանք է կատարել` ապացուցողական այդ բազան հավաքելու նպատակով։ Եթե նման բան տեղի ունենա, կստացվի, որ պետական այդ ռեսուրսը ծախսվել է ոչ մի բանի համար, այսինքն՝ չի ծառայի ի սկզբանե հռչակված նպատակին։  - Այո, նախ այստեղ կարծես թե պետական ռեսուրսների վատնման երեւույթին ենք բախվում, բազմաթիվ կառույցներ գործել են խախտումները փաստաթղթավորելու համար։ Ավելին, պետությունը վարձել է միջազգային փաստաբաններ, հսկայական միջոցներ ուղղել այս խնդիրների լուծմանը, եւ մինչեւ այս պահը գործընթացները հաջողությամբ վարվել են։ Մենք անգամ ունենք դրական միջանկյալ արդյունքներ եւ ունենք վերջնական դրական արդյունքի իրական հեռանկար։ Բայց պետությունը բաց է թողնում այդ հեռանկարը, ինչը կարող էր ապահովել իր եւ իր քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնումը։ Սա, իհարկե, թույլատրելի գործելակերպ չէ եւ չի տեղավորվում պետության կողմից իր քաղաքացիներին պաշտպանելու պարտականության տրամաբանության ներքո։ Բայց հասկանալի է, որ քաղաքական որոշման պարագայում մենք ակնկալում ենք նաեւ այս անցանկալի զարգացումը։ - Հայաստանը, վավերացնելով «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան, նաեւ «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման» կոնվենցիան, հանձն է առել պարտականություն՝ պաշտպանելու իր քաղաքացիների, իր իրավազորության ներքո գտնվող անձանց իրավունքները, որոնք սահմանված են հենց նույն կոնվենցիաներով։ Ստացվում է, որ հրաժարվելու դեպքում Հայաստանը խախտելու է իր իսկ ստանձնած պարտականություննե՞րը։ -  Հաշվի առնելով, որ իրավունքի խախտումները թույլ է տվել Ադրբեջանը՝ առաջնային պատասխանատուն հանդիսանում է հենց Ադրբեջանը, եւ Հայաստանի պատասխանատվության խնդիր թերեւս չէր առաջանա, եթե Հայաստանը չազդարարեր, որ ստանձնել է իր քաղաքացիների պաշտպանությունը։ Այդ պարագայում անհատների վրա կմնար սեփական խախտված իրավունքների պաշտպանության հարցը։ Մինչդեռ պետությունը դարձել է փոխարինող գործիք եւ վերցրել է այս պատասխանատվությունը։ Այդ պահից, երբ պատասխանատվությունը չի իրացնում եւ հուսախաբության առջեւ է կանգնեցնում տուժողների խմբին, կարծում եմ` առաջ է գալիս նաեւ Հայաստանի Հանրապետության պատասխանատվության խնդիրը։ Բազմաթիվ խմբեր այս փուլում քննարկման առարկա են դարձնում այս հարցը, եւ ես չեմ բացառում, որ հետագայում, հրաժարման գործողությամբ պայմանավորված, միջազգային գործընթացներ կնախաձեռնվեն նաեւ Հայաստանի դեմ։  - Արցախի մարդու իրավունքների պաշտպանները՝ Արտակ Բեգլարյանը, Գեղամ Ստեփանյանը, արդեն իսկ հայտարարել են, որ մի խումբ արցախցիներ նման զարգացումների դեպքում պատրաստվում են անհատական գանգատներ ներկայացնել ինչպես Ադրբեջանի դեմ՝ իրենց բազմաթիվ իրավունքների խախտման առնչությամբ, այնպես էլ Հայաստանի դեմ՝ իրենց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը չապահովելու առնչությամբ։ Այս գործընթացները, ընդհանուր առմամբ, ի՞նչ ազդեցություն կունենան Հայաստանի վրա։ - Առաջնային ազդեցությունը հոգեբանականն է։ Մենք ունենք Ադրբեջանի գործողություններից տուժած հարյուրհազարավոր մարդիկ, որոնք, ըստ էության, անպաշտպան եւ անօգնական են դարձել Ադրբեջանի հետ փոխհարաբերություններում։ Պետությունը ազդակ է տվել, որ իրենց իրավունքների պաշտպանությունը հանձն կառնի, բայց հետկանչը ճիշտ հակառակ հաղորդակցությունն է։ Այն երկարաժամկետ հետեւանքներ է թողնելու հանրային գիտակցության վրա, պետություն-քաղաքացի փոխհարաբերությունների վրա։ Երկրորդը, իհարկե, իրավական հետեւանքներն են։ Ստացվում է՝ Հայաստանի Հանրապետությունը խախտում է իր քաղաքացու իրավունքները, եւ մենք ունենում ենք արդեն ոչ միայն Ադրբեջանի հետ վեճ, այլ դրան զուգահեռ՝ մեր պետության դեմ վեճ։ Քաղաքականապես ոչ կոռեկտ է, որ ադրբեջանական խախտումները կարող են համակցվել Հայաստանի կողմից նույն տուժողների հանդեպ մարդու իրավունքների այլ խախտումներով, եւ սա առհասարակ կթուլացնի Հայաստանի դիվանագիտական հնարավորությունները` բարձրաձայնելու մարդու իրավունքների խնդիրները Ադրբեջանի խախտումներից, քանի որ կունենանք համանման վարքագիծ։ Այսինքն` Հայաստանը եւ Ադրբեջանը հայերի իրավունքների խախտումների մասով կդրվեն հավասար իրավիճակում, երկուսն էլ կընկալվեն որպես հայերի իրավունքների դեմ ոտնձգող կամ այդ շահերը անտեսող պետություններ։  - Դե, վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն իսկ հայտարարել է, որ քննարկվում է ոչ միայն հայցերից հետ կանչումը, այլեւ առհասարակ նույն դեպքերի առնչությամբ հետագայում նոր հայցեր ներկայացնելու հարցը։ Այստեղ մեկ այլ հարց է ծագում․ եթե տեսականորեն տեղի ունենան նոր դեպքեր, նոր դեպքերի առնչությամբ եւ քաղաքական կամք ունենալու պարագայում հնարավորություն կլինի՞ դիմելու Եվրոպական դատարան, թե՞ հրաժարումը բացառում է նաեւ այդ հնարավորությունը։  - Սա մեկնաբանության տեղիք թողնող հարց է, եւ կարծում եմ` ի վնաս մեզ մեկնաբանություններ են տրվելու։ Ենթադրում է, որ պետությունը պետք է հրաժարվի արդեն իսկ առաջացած հարաբերությունների առնչությամբ ծագող վեճերից, բայց նոր միջադեպերը այս դրույթի շրջանակներում տեղավորելի չեն։ Իհարկե, կախված է, թե դրույթը ինչ հստակությամբ է ձեւակերպված լինելու․․․ Հրաժարումը կարող էր տրամաբանական լինել, եթե Հայաստանի Հանրապետությունը այլընտրանքային մեխանիզմ առաջարկեր նշված անձանց իրավունքների վերականգնման առնչությամբ։ Օրինակ՝ Հայաստանը եւ Ադրբեջանը որոշեին, որ ձեւավորելու են հանձնաժողով, որը քննարկելու է հայ եւ ադրբեջանցի տուժողների խախտումների խնդիրը եւ ապահովելու խախտված իրավունքների վերականգնումը։ Բայց նման մեխանիզմների գործարկման մասին խոսք անգամ չկա, եւ ստացվում է, որ 2 պետությունների համար միեւնույն է, թե իրենց գործելակերպը ինչ խախտումների է հանգեցրել։ Նրանք պատրաստ են միմյանց հետ հարաբերությունները բարելավելու նպատակով հրաժարվել մարդու իրավունքներին առնչվող հայցերից եւ չապահովել վերականգնման այլընտրանքային մեխանիզմներ։ Սա նաեւ զրկում է քաղաքացիներին արդյունավետ իրավական պաշտպանության միջոցներ ունենալու հնարավորությունից, ինչը թե՛ Սահմանադրությամբ, եւ թե՛ Եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունք է։ - Դուք հրաժարման տրամաբանությունից խոսեցիք։ Ես դարձյալ մեջբերեմ վարչապետի հայտարարություններից մեկը։ Մի առիթով նա ասել էր՝ տրամաբանական չէ՞ արդյոք, որ եթե կողմերը կնքում են խաղաղության պայմանագիր, ինչո՞ւ պիտի շարունակեն իրավական պատերազմները միմյանց դեմ։ Միգուցե այս հարցի՞ն էլ փորձենք պատասխանել։ Տրամաբանությունը ո՞րն է։ - Նախ կոնցեպտուալ անհամաձայնություն ունեմ, երբ իրավական վեճը անվանում են իրավական պատերազմ։ Հոգեբանական, տնտեսական, ռազմական պատերազմ վարելու փոխարեն պետությունները ունեն այնպիսի գիտակցում եւ խաղաղասիրական արմատացած մոտեցումներ, որ այդ խնդրի լուծումը պատվիրակում են անկախ ատյանի, ինչպիսի անուն էլ այն ունենա՝ դատավոր, արբիտր, պանել եւ այլն, եւ վերջիններս, հարգելով իրավունքը, իրավունքի սկզբունքները, արդարության սկզբունքները, մարդու իրավունքների կոնցեպտները, տալիս են այնպիսի լուծում, որը արդարացի է եւ իր հիմնավորվածությամբ պետք է իրացվի վեճի կողմերի կողմից։ Դա արդեն իսկ վկայում է, որ կա խաղաղություն, կան փոխհարաբերություններում համակեցության ընդունելի կանոններ, եւ տարաձայնությունները լուծվում են ոչ թե ագրեսիվ, վայրի մեթոդներով, սպառնալիքներով, ճնշումներով, այլ քաղաքակիրթ մեթոդներով։  Չկա տարաձայնությունները լուծելու որեւէ այլ քաղաքակիրթ մեթոդ, քան իրավական վեճերը, եւ իրավական մեխանիզմների բացակայությունն է, որ ծնում է պատերազմներ եւ արդարացնում է ագրեսիվ մեթոդների կիրառումը։ Ես դա կարող եմ շատ հստակ ապացուցել նաեւ հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների համատեքստում․ Արցախյան հակամարտությունը չի ունեցել վեճի կարգավորման իրավական մեխանիզմ, Ադրբեջանը չի ընդունել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի յուրիսդիկցիան՝ լուծելու Արցախին վերաբերող հակամարտությունը։ Հայաստանը եւս չի ընդունել։ Եթե այս մեխանիզմը լիներ, միգուցե մենք ունենայինք հարցի իրավական լուծում։ Բայց իրավական հնարավորության բացակայությամբ պայմանավորված՝ հարցը տեղափոխվել է քաղաքական պլատֆորմ՝ այն պահից, երբ Ադրբեջանը սկսել է ապալեգիտիմացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։ Ձեւավորվել է հարցի լուծման ռազմական մեխանիզմը, եւ նրանք միտումնավոր քայլեր են արել՝ վիժեցնելու քաղաքական պլատֆորմը, եւ այնուհետեւ արդարացրել են, որ վեճը չունի իրավական լուծում, եւ քանի որ քաղաքական լուծումը արդարացված չէ, ուրեմն չկա այլ միջոց, քան պատերազմի դիմելն է։ Հիմա այս փուլում եթե ոչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության, գոնե մարդու իրավունքների խտրականության քաղաքականության վերացման առնչությամբ ունենք վեճերի լուծման քաղաքակիրթ մեթոդ, եւ այդ մեթոդը պետք է կիրառենք` փակելու համար ռազմական ճանապարհով այդ խնդիրների լուծումը։  - Ի վերջո, այսօրվա պայմաններում, երբ ամենօրյա ռեժիմով լսում ենք պաշտոնական հայտարարություններ կրակոցների մասին, երբ ամենօրյա ռեժիմով Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունները, երբ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները շարունակում են գտնվել Հայաստանի ինքնիշխան տարածքում եւ տարածքային նկրտումներ ունենալ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչի մասին ուղիղ տեքստով նաեւ իշխանություններն են խոսում, որքանո՞վ եք իրատեսական համարում խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ պահպանումը։ - Այս պահին իրատեսական չեմ համարում, եւ պատճառը հենց ադրբեջանական կողմն է։ Նրանք չեն պատրաստվում խաղաղության, այլ ունեն բացահայտ հավակնություններ Հայաստանի Հանրապետության այլ տարածքների նկատմամբ, ուստի այդ փաստաթղթի ստորագրումը չի արտացոլում Ադրբեջանի ագրեսիվ պետական քաղաքականությունը։ Նրանք կարող են իմիտացնել գործընթաց՝ ժամանակ շահելու նպատակով, սակայն շարունակաբար առաջ քաշել անհեթեթ նախապայմաններ, որոնց բավարարումը Հայաստանի կողմից կլինի կամ անհնարին, կամ կպահանջի տեւական գործընթացներ։ Նման անհեթեթ պահանջատիրության օրինակ է ՀՀ Սահմանադրության փոփոխությունը, որը իրապես որեւէ սպառնալիք չի ներկայացնում Ադրբեջանի նկատմամբ։ Կարծում եմ՝ խաղաղությունը կարող է տեղի ունենալ ոչ թե փաստաթղթի մակարդակով, այլ երբ հասարակություններն են պատրաստված խաղաղության, երբ ունեցել են այնպիսի աճ, որը հնարավորություն է տալիս խաղաղ համագոյակցել այլ էթնիկ խմբի հետ։ Լավագույն ցուցանիշը հայերի վերաբերյալ հանրային կարծիքը Ադրբեջանում չափելն է կամ Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության հռետորաբանությունը ընկալելը այն թեմաներով, որոնք կարող են առնչվել հայերին։ - Օրինակ՝ «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթը, որ նրանք օգտագործում են` խոսելով Հայաստանի Հանրապետության մասին։ - Այո, դա կրկին ցուցադրում է այդ տարածքային հավակնությունները, եւ երբ հայերի մասին են խոսում, որպես ստորադաս էթնիկ խումբ են բնութագրում` ընդգծելով ադրբեջանցիների առավելությունները հայերի նկատմամբ։ Այս քաղաքականություններն են, որ հանգեցնում են ցեղասպանությունների, այսինքն՝ հասարակությունը հենց այս ուղու միջով է անցնում, որպեսզի կարողանա մասսայական կերպով ցեղասպանություն գործել։ Ադրբեջանի հռետորաբանությունը որեւէ կերպ չի փոփոխվել, ավելին, մենք տեսնում ենք նաեւ բացասական տենդենցներ։ Սա ցուցադրում է, որ Ադրբեջանի հասարակությունը պարզապես պատրաստ չէ խաղաղության, անգամ հայ պատանդների դատավարություններն են օգտագործվում հայատյացությունը խորացնելու նպատակներով։ Եթե ուսումնասիրելու լինենք դատավարություններին առնչվող հրապարակումները եւ դրանց առնչությամբ արտահայտված հանրային կարծիքները, կտեսնենք, որ այս դատավարությունները հայատյացություն սերմանող պետության կողմից հատուկ կերպով օգտագործվող գործիքներ են։ Բացի այն, որ այստեղ ունենք նախ արդար դատաքննության խախտումներ, ունենք Արցախի ինքնորոշման իրավունքի ցուցադրական դատապարտում, բեմականացված գործընթացներ, դրանք շատ հեշտ միջոցներ են ատելությունը խորացնելու նպատակով, եւ մյուսը, որ խաղաղության վերականգնման հեշտ եւ լավագույն միջոցը դա այնպիսի քայլեր ձեռնարկելն է, որոնք կարող են վստահություն ստեղծել հասարակությունների միջեւ։ Օրինակ՝ հայ հասարակության համար վստահություն կարող էր վերականգնվել, եթե մարդասիրական խնդիրները ժամանակին լուծում ստանային, ոչ թե Ադրբեջանը դրանք չլուծելու ճանապարհով հավելյալ տառապանքներ պատճառեր հայ հասարակությանը։ Այս պայմաններում, հասկանալի է, հայ հասարակության որեւէ անդամ չի կարող վստահություն ունենալ քարոզվող խաղաղության գործընթացի նկատմամբ։  - Այս համատեքստում արժե նաեւ հիշատակել, որ Հայաստանը վերադարձրեց Ադրբեջանի ռազմագերիներին եւ նաեւ այն հանցագործներին, որոնք Հայաստանում դատապարտվել էին եւ իրենց պատիժն էին կրում։  - Այո, եւ եթե Ադրբեջանը նույն գործողությունը կատարեր, կարծում եմ` միայն իմիջային առումով դրական զարգացում կլիներ, բայց նրանք այլեւս մտահոգված չեն պետության վարկանիշով եւ մարդկային ճակատագրեր խեղելով՝ վրեժխնդրությամբ փորձում են առավելություններ ձեռք բերել։ Սա խեղված հասարակությունների գործելակերպ է, որովհետեւ պետությունները կարող են ռազմական կամ այլ ոլորտներում հաղթանակ արձանագրել, բայց հաղթանակը չի կարող ամրագրվել մարդկային ճակատագրերի հաշվին։   Միլենա Խաչիկյան
18:00 - 18 ապրիլի, 2025
Ըստ վկայի՝ եթե մինչ Հովիկ Գաբրիելյանի նահանջը տանկեր մոտեցած լինեին, ինքը դրանց ձայնը կլսեր

Ըստ վկայի՝ եթե մինչ Հովիկ Գաբրիելյանի նահանջը տանկեր մոտեցած լինեին, ինքը դրանց ձայնը կլսեր

«Ես՝ Սարգիս Ադամյանս, ցուցմունք տալիս ասելու եմ ճշմարտությունը, ողջ ճշմարտությունը եւ չեմ ասելու ոչինչ, բացի ճշմարտությունից»,– Հակակոռուպցիոն դատարանում այսօր այսպես սկսվեց 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի N զորամասի շտաբի պետի հարցաքննությունը։ Վերջինս ներկայացել էր դատարան՝ պատասխանելու Հովիկ Գաբրիելյանի վերաբերյալ գործող կողմերի հարցերին։ Գաբրիելյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին առանց վերադաս հրամանատարների գիտության եւ թույլտվության Ջրականի շրջանում պաշտպանության անցած ենթակա անձնակազմի հետ դեպի Հադրութ նահանջելու եւ այդ մասին իրենց աջ կողմում գտնվող յուրային ստորաբաժանումներին չտեղեկացնելու մեջ։  Յուրային ստորաբաժանումներից մեկն էլ, որի կազմում է եղել Սարգիս Ադամյանը, այդ նահանջի հետեւանքով ընկել է շրջափակման մեջ՝ կրելով մարդկային եւ նյութական կորուստներ։ Հովիկ Գաբրիելյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ըստ վկայի՝ առաջին գրոհի ժամանակ հակառակորդի 10 տանկերից 4-ը խոցել են  44-օրյա պատերազմի ժամանակ մայոր, այժմ փոխգնդապետ Սարգիս Ադամյանը դատարանին հայտնեց, որ Հովիկ Գաբրիելյանին ճանաչում է ծառայության բերումով, նրա հետ բարեկամական կամ թշնամական հարաբերություններ չունի։ Ադամյանի խոսքով՝ երբ հոկտեմբերի 3-ին տեղակայվել են Ջրականի տարածքում, հաջորդիվ հակառակորդի հետ մարտական գործողություններ են եղել 2 անգամ՝ հոկտեմբերի 4-ի երեկոյան եւ լույս 5-ի առավոտ։ Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը խնդրեց նկարագրել մարտական գործողությունները․ - Հակառակորդի տանկային վաշտ է եղել՝ 10 տանկ, մեկ էլ շատ անձնակազմ՝ մոտ 200 հոգի, մենք 4 տանկը խոցել ենք, նկատի ունեմ՝ անձամբ տեսել եմ, որ 4 հատը վառվում է, դրանից հետո իրենք հետ են գնացել։ - Հակառակորդը գրոհում էր հենց դիմացի՞ց,- հարցրեց մեղադրողը։ - Այո, բայց հիմնականում մեզնից ձախ էին գնում։ - Այսինքն՝ գրոհել են նաեւ 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի վրա (խոսքը մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանի ղեկավարած գումարտակի մասին է,-հեղ․)։ - Այո։ - Իսկ Դուք վստհա՞հ եք, որ հակառակորդը հետո նահանջել է։ - Դե, հետ են գնացել, մինչեւ առավոտ՝ ժամը 6-ը, ոչ մի բան չի եղել։ - Քանիսի՞ն եք տեսել, որ հետ է գնացել։ - Չգիտեմ, բայց հաստատ քաշվել է հետ,- պնդեց վկան։ Ադամյանի խոսքով՝ եթե գիշերը այլ գրոհ լիներ, ինքը դրանից տեղյակ կլիներ Սարգիս Ադամյանը հայտնեց, որ այդ գրոհի ավարտից հետո թիկունքի ապահովման պետը իրենց նոր հագուստ է բերել, քանի որ անձրեւ էր գալիս, եւ զորքը թրջվել էր։ Նաեւ սնունդ են մատակարարել Կուբաթլուից․  - Այս գիշեր էլ ոչինչ չի եղել, մեր զինվորներից մեկն է իր ոտքին կրակել, մեկ էլ իմ զրահատանկայինի պետը դասակի հրամանատարի հետ իջել է ձորակը՝ դեպի Սամվելավան, նրան մեջքից խփել են, դասակի հրամանատարը մենակ է հետ եկել,- ասաց վկան։ - Հրետակոծություն կա՞ր,- հարցրեց մեղադրող Նավասարդյանը։ - Չի եղել,- պատասխանեց վկան։ - Լռությո՞ւն էր։ - Անձրեւ էր։ - Իսկ մարտի ձայներ կոնկրետ 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի վայրից կայի՞ն։ - Նման բան չեմ հիշում։ - Մարտի արդյունքներն ո՞ւմ են զեկուցվել։ - Իմ զորամասի հրամանատարը (Համլետ Լեւոնյանն է, նրա ցուցմունքը՝ այստեղ,-հեղ․) զեկուցել է բանակային կորպուսի հրամանատարին, որ հարձակվել են, կանխել ենք, էդքան բան։ - Իսկ մարտի ընթացքում զեկույցներ եղե՞լ են։ - Ուշադրություն չեմ դարձել, ես էլ եմ եղել առաջնագծում, ինձ հետաքրքրում էր տվյալ պահին իմ գործողությունը։ - Որեւիցե զեկույց ստացե՞լ եք հակառակորդի կողմից թիկունք թափանցելու վերաբերյալ։ - Ես՝ չէ։ - Հնարավո՞ր է՝ զորամասի հրամանատարը ստացած լինի, դուք՝ չէ։ - Եթե տենց բան լիներ, ինձ կասեր։ Մեղադրողի այս հարցերը, ըստ էության, նպատակ ունեին պարզելու՝ թիկունք թափանցելու հավանականություն, դրա մասին զեկույց կամ խոսակցություն եղե՞լ է մինչ Գաբրիելյանի գումարտակի նահանջը թե՞ հակառակորդը կարողացել է ճեղքել, երբ նահանջի հետեւանքով բնագիծը դատարկ է մնացել։ - Որ ասում եք՝ գիշերվա ընթացքում հանգիստ էր, ռադիոկապով խոսակցություն լսե՞լ եք բանակային կորպուսի հրամանատարի եւ 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի միջեւ,- շարունակեց մեղադրողը։ - Չեմ լսել։ - Որեւիցե խոսակցություն նահանջելու մասի՞ն։ - Ես չեմ լսել։ - Հնարավո՞ր է՝ լինեն, բայց դուք չլսեք։ - Կարողա լինի, կարողա չլինի, չգիտեմ,- պատասխանեց վկան՝ միաժամանակ նշելով, որ իր մոտ, որպես շտաբի պետ, եղել է ընդհանուր ռադիոկապ, որը ապահովել է կապ ողջ բանակային կորպուսի միջեւ։ - Դիցուք՝ Հովիկ Գաբրիելյանը կապի դուրս գար կորպուսի հրամանատարի հետ, Դուք կլսեի՞ք։ - Հա, կլսեինք, շատ են եղել, որ դուրս են եկել, ինչը ինձ հետաքրքրել է, հուզել է, միջամտել եմ, ինչը չէ, ուղղակի լսել եմ։ Նշենք, որ ըստ պաշտպանական կողմի՝ նախքան նահանջը Գաբրիելյանը խոսել է բանակային կորպուսի հրամանատար Ժիրայր Պողոսյանի հետ, զեկուցել մարդուժի, զինամթերքի սակավության մասին։ Ըստ Սարգիս Ադամյանի՝ առավոտյան սկսվել է ավելի ուժեղ գրոհ Վկա Սարգիս Ադամյանը պատմեց, որ հաջորդ գրոհը սկսվել է լուսաբացին, տեւել մոտ մինչեւ 11-ը․ «Երբ հարձակվել են, հրամանատարի հետ «Վիլիսի» մեջ եմ եղել, գռանատամյոտով խփեցին, շենքի վերեւի մասից քարը թափվեց, դուրս ենք եկել, դիրքավորվել, անձնակազմը դիրքավորված է եղել․․․ Տեխնիկա չկար, բայց հակառակորդը շատ էր՝ մի գումարտակ , մառախուղ էր, տեսանելիությունը շատ նոսր էր»։ Մեղադրող Դավիթ Նավասարդյանը խնդրեց հայտնել՝ երեկոյի՞ թե՞ լուսաբացի գրոհն էր ավելի վտանգավոր։ Ի պատասխան՝ վկան ասաց՝ առավոտվանը, քանի որ գրոհ է եղել նաեւ իրենց ձախ թիկունքից, զինամթերք արդեն չէին կարողանում մատակարարել։ Նավասարդյանը խնդրեց բացատրել՝ ո՞րն էր թիկունքից գրոհի առանձնահատկությունը․ - Դե, ապահովումներ չես կարողանում անել, չես կարողանում նահանջել, ընկել ես մսաղացի մեջ, այսպես ասած․․․ - Բա ինչո՞ւ մինչեւ ժամը 11-ը մնացիք։ - Չէինք կարողանում դուրս գալ։ Հետո Մեղրիի զորամասից մի գումարտակ եկավ, հետեւներս բացեց, որ կարողանանք։ Դուրս եկանք, անձնակազմը հանգստացավ, սնվեց, փոխվեց, հաջորդ օրը՝ ամսի 6-ին, զբաղեցրեցինք Խավսլիի վերեւի բարձունքները, 3 օր էլ այնտեղ մնացինք։ Վկային հարցեր հղեց նաեւ Հովիկ Գաբրիելյանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը։ Վերջինս հետաքրքրվեց՝ վկան տեսել կամ լսե՞լ է, որ գիշերվա ընթացքում հակառակորդի որեւէ տանկ մտնի ձորակը։ Պաշտպանը այսպիսով ցանկանում է վկայից պարզել՝ հնարավո՞ր է, որ թշնամու թիկունք անցնելը մինչեւ Գաբրիելյանի նահանջն է եղել եւ դրանով պայմանավորված չէ։ Վկան, սակայն, պատասխանեց, որ ինքը նման բան չի տեսել։ - Բայց տեղանքը տեսանելի՞ էր,- հարցրեց Խաչիկյանը։ - Չէ, տեսանելիություն չկար, տեղանքի ռելիեֆը խանգարում էր, բայց ձայնը կլսեինք, եթե տվյալ տարածքով անցներ․․․ Մեր բնագիծը մոտ 2 կմ էր, ես գտնվել եմ աջ հատվածում, տանկերը իմ առջեւով աջից եկել, գնացել են ձախ՝ Քուչակից դեպի Բանաձուրի խաչմերուկ։ - Հիմա եթե իջնեին, բլուրի հետեւը անցնեին, եւ էդտեղից բնագիծը հատեին, ձայնը կլսեի՞ք։ - Եթե մասնագետ ես, հա, հասկանում ես։ - Ինչո՞ւ եմ հարցնում։ Որովհետեւ մենք ունենք վկաներ, օրինակ՝ Կոլյա Դավթյանը, Հրաչյա Ղազարյանը, որոնք հայտնում են, որ տեսել են, որ 1-2 տանկ բնագիծ հատել եւ չեն վերադարձել։ - Ես չեմ տեսել։ - Բայց պնդում եք, որ կլսեիք։ - Այո։ - Սուր լսողություն ունեք։ Վրեժ Խաչիկյանը հետաքրքրցվեց՝ հնարավո՞ր է, որ աջ կողմում յուրային ստորաբաժանումները լիարժեք զբաղեցրած չլինեն բնագիծը, ինչին վկան դրական պատասխանեց՝ չբացառելով, որ թշնամին կարող էր իրենց նաեւ այդ կողմով շրջափակման մեջ գցել։ Պաշտպանը պատասխանի համար շնորհակալություն հայտնեց։ Նա նաեւ հետաքրքրվեց, թե անձրեւից հետո ինչպես են նոր հագուստներով ապահովվել, դա պիտի՞ արվեր, թե՞ իրենք են նախաձեռնել։ Ի պատասխան՝ վկան ասաց, որ պիտի արվեր, իրենց թիկունքի պետն է բերել, ինչ որ գտել է, մեծամասնությունը՝ քաղաքացիական հագուստ է եղել, ոչ թե համազգեստ։ Վրեժ Խաչիկյանը տեղեկացրեց՝ Գաբրիելյանի ստորաբաժանմանը նման մատակարարում չի արվել, ինչն էլ ազդել է զորքի բարոյահոգեբանական վիճակի վրա։ Այսօրվա դատական նիստը հետաձգվեց դատարանի ծանրաբեռնվածությամբ պայմանավորված։ Վկայի հարցաքննությունը կշարունակվի մայիսի 6-ին։   Միլենա Խաչիկյան
22:23 - 17 ապրիլի, 2025
Արթիկ համայնքը 3 տարում 358 միլիոն դրամի գնում է կատարել ավագանու անդամի հոր ընկերությունից

Արթիկ համայնքը 3 տարում 358 միլիոն դրամի գնում է կատարել ավագանու անդամի հոր ընկերությունից

Արթիկի համայնքապետարանը 2022-2024 թվականներին շուրջ 358 միլիոն դրամի գնման պայմանագիր է կնքել նույն համայնքի ավագանու անդամի հոր ընկերության հետ։  Արթիկ համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Տիգրան Բաղդասարյանի հայրը՝ Վահագն Բաղդասարյանը, 1997 թվականին հիմնադրել է «Ճանշին» Փակ բաժնետիրական ընկերությունը և մինչ օրս հանդիսանում է դրա սեփականատերն ու տնօրենը։  «Ճանշին» ՓԲԸ-ն Արթիկ համայնքի գնումներին սկսել է մասնակցել և հաղթել դեռ 2017 թվականից՝ մինչև Տիգրան Բաղդասարյանի ավագանու անդամ դառնալը։  Միայն 2022-2024 թվականներին, երբ Տիգրան Բաղդասարյանն արդեն ընտրված ավագանու անդամ էր, ընկերությունը մասնակցել է 10 գնման ընթացակարգի, որից 8-ում հաղթել է։ Ընդհանուր առմամբ, այս ընկերության հետ կնքված պայմանագրերի գինը կազմել է այդ տարիներին համայնքի՝ ճանապարհաշինությանն ուղղված գնումների գումարների 40%-ը կամ 904 միլիոն դրամից 358 մլն դրամը։ «Ճանշին» ՓԲԸ-ի հետ ամենախոշոր՝ 73 միլիոն դրամի պայմանագիրը կնքվել է 2022 թվականի նոյեմբերին․ Արթիկ քաղաքի Տուֆագործներ փողոցի ասֆալտապատման աշխատանքների համար համայնքը բաց մրցույթ է հայտարարել, որի 5 մասնակիցներից հաղթող է ընտրվել «Ճանշին» ՓԲԸ-ն։  Այս ընկերության հետ վերջին պայմանագիրը կնքվել է 2024 թվականի օգոստոսին։ Ըստ հայտարարված մրցույթի՝ հաղթող մասնակիցը պետք է իրականացներ Արթիկի 14 բնակավայրերի փողոցների սալապատման աշխատանքներ։ Աշխատանքներն իրականացնելու համար իրականացվել է գնանշման հարցում և «Ճանշին» ՓԲԸ-ն 14 չափաբաժնից 2-ով հաղթող մասնակից է ընտրվել։ Աշխատանքներն իրականացնելու համար ընկերության հետ կնքվել է ընդհանուր 58 մլն դրամի պայմանագիր։  Այս թեմայով հարցեր էինք ուղղել Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանին, այդ թվում խնդրել էինք պատասխանել՝ արդյոք համայնքապետը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տեղեկացրե՞լ է իր գործողությունների արդյունքում շահերի բախման իրավիճակի առաջացման մասին։ Համայնքապետն այս գլխավոր հարցն անպատասխան է թողել՝ նշելով միայն, որ մրցույթին մասնակցել են մի քանի ընկերություններ, և հաղթել է ամենացածր գին ներկայացրած ընկերությունը: Ըստ համայնքապետի՝ ընթացակարգերի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, այդ թվում շահերի բախման բացակայության մասին արձանագրությունը հրապարակված են Ֆինանսների նախարարության՝ Գնումների էլեկտրոնային հարթակում։ Վերոնշյալ արձանագրությունները, սակայն, ներկայացվում են ընթացակարգը գնահատող հանձնաժողովի անդամների կողմից։ Մինչդեռ մեր հարցը վերաբերում էր այն իրավիճակին, որ համայնքապետը, որպես պատվիրատուի ղեկավար, պետք է մինչև որոշում ընդունելը կամ գործողություն կատարելը շահերի բախմանը վերաբերող հանգամանքների, տվյալ դեպքում՝ նույն խմբակցության ավագանու անդամի հոր ընկերության հետ պայմանագիր կնքելու մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացներ գրավոր հայտարարություն։   Տեխհսկողություն իրականացրած ԱՁ-ի կասկածելի գնառաջարկը 2022-2024 թվականներին Արթիկ համայնքում իրականացված ասֆալտապատման աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացրել է «Վահրամ Կնյազյան» անհատ ձեռնարկատերը։ Այս ԱՁ-ն տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություններ մատուցելու՝ ավելի քան 22 միլիոն դրամ ընդհանուր արժեքով 30 պայմանագիր է կնքել համայնքի հետ, որոնցից 15-ի դեպքում վերահսկել է ճանապարհաշինարարական աշխատանքները։ Այս մրցույթների գնահատող հանձնաժողովների անդամների և Վահրամ Կնյազյանի տվյալներն ուսումնասիրելիս պարզեցինք, որ վերջինիս եղբոր կինը՝ Արփինե Փանոյանը, և հանձնաժողովի անդամներից մեկը՝ Մարիամ Փանոյանը, զարմուհիներ են։ Չնայած այս բարեկամական կապը չի դասվում գնահատող հանձնաժողովի անդամների՝ որոշումներին մասնակցությունը սահմանափակող ազգակցական կամ խնամիական կապերի շարքին, սակայն Ֆինանսների նախարարությունից պարզաբանեցին, որ եթե բացահայտվի, որ նման իրավիճակում եղել է տնտեսական շահ, ապա դա կհամարվի խախտում, ու դրանով արդեն պետք է զբաղվի Գլխավոր դատախազությունը։ Ի թիվս վերոնշյալ պայմանագրերի, Արթիկ համայնքը «Վահրամ Կնյազյան» ԱՁ-ի հետ 2023թ․ կնքել է մի պայմանագիր, համաձայն որի՝ ԱՁ-ն ընդամենը 10 հազար դրամով պետք է իրականացներ Արթիկի փողոցներում «Ճանշին» ՓԲԸ-ի՝ շուրջ 50 մլն դրամ արժեցող վերանորոգման և ասֆալտապատման աշխատանքների տեխհսկողությունը։   Տեխհսկողության աշխատանքների նախահաշվային գինը, սակայն, առաջին չափաբաժնի դեպքում եղել է 673 հազար, երկրորդ չափաբաժնի դեպքում՝ 345 հազար դրամ։ Մրցույթին մասնակցել է երկու ընկերություն, սակայն դրանց գնառաջարկների տարբերությունն առնվազն տարօրինակ է․ առաջին մասնակիցը՝ «Տեխ․ հսկողություն թիվ 1» ՍՊԸ-ն, առաջին չափաբաժնի համար ներկայացրել է՝ 429 հազար դրամ, իսկ 2-րդ չափաբաժնի համար՝ 221 հազար դրամ գնառաջարկ։ Իսկ երկրորդ մասնակիցը՝ «Վահրամ Կնյազյան» ԱՁ-ն, երկու չափաբաժինների դեպքում էլ առաջարկել է աշխատանքներն իրականացնել ընդամենը 5000-ական դրամով։  Այս առաջարկը ոչ միայն ցածր է նախահաշվային գնի համեմատ, այլ նաև հարցեր է առաջացնում աշխատանքի իրականացման որակի վերաբերյալ․ Ըստ տեխառաջադրանքի՝ ընկերությունը պետք է իրականացներ տեխնիկական հսկողությունը նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա և ապահովեր փոսորակների վերանորոգման և ասֆալտապատման աշխատանքների  իրականացումը անհրաժեշտ որակով և պայմանագրային փաստաթղթերին համապատասխան։ Հսկողության շրջանակում ընկերությունը պետք է պարբերաբար լուսանկարեր աշխատանքների  վիճակը, ապահովեր կատարվող աշխատանքների համապատասխանությունը պայմանագրի պայմաններին, շինարարական նորմերին և կանոններին, պայմանագրային պարտավորությունների կատարման շեղում հայտնաբերելուց անհապաղ տեղեկացներ պատվիրատուին, ստուգեր և վերահսկեր   շինարարական աշխատանքների որակը և ընթացքը, կատարեր որակի և քանակի ամենօրյա հսկում՝ համապատասխան նշում կատարելով մատյանում և այլն։  Համայնքապետարանից խնդրեցինք տրամադրել աշխատանքների ընթացքում կատարված լուսանկարները։ Մեր հարցմանն ի պատասխան՝ համայնքապետարանից տրամադրեցին որոշ լուսանկարներ, նաև նշեցին, որ դրանք հրապարակված են համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում (1,2,3):   Համայնքապետարանից մենք, իհարկե, հետաքրքրվեցինք, թե այդ ինչպես է ԱՁ-ի հետ կնքվում ընդհանուր 10 հազար դրամանոց պայմանագիր, երբ կատարված աշխատանքների նախահաշվային գինը 100-ապատիկ ավելի է եղել։  Համայնքապետարանից պատասխանեցին, որ «աշխատանքների կատարման որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների իրականացնելու գումարը սահմանում է նախագծող կազմակերպությունը՝ աշխատանքների կատարման նախահաշվային գումարի 2% տոկոսի սահմաններում: [․․․] Վահրամ Կնյազյան ԱՁ-ն ներկայացրել է հրավերի պահանջներով և գնումների մասին օրենքով սահմանված կարգով բոլոր փաստաթղթերը և ստացել ամենաբարձր գնահատական (ՄԳ) ինչը վկայում է, որ ունի տվյալ փորձառությունը և կարող իրականացնել որակյալ տեխնիկական հսկողություն ասֆալտապատման աշխատանքների կատարման ծառայությունների մատուցման»։ (Համայնքապետարանի պատասխանի նշյալ հատվածը ներկայացվել է առանց ուղղումների,- հեղ․) Համայնքապետարանի այս պատասխանից ենթադրվում է, որ եթե, օրինակ, ասֆալտապատման աշխատանքն արժե 50 մլն դրամ, ապա հսկողության արժեքը կարող է լինել մինչև 1 մլն դրամ։  Հարց է առաջանում՝ իսկապե՞ս հնարավոր է ընդամենը 10 հազար դրամով պատշաճ վերահսկել 50 մլն դրամ արժողությամբ ասֆալտապատման աշխատանքների որակը։ Այս հարցի պատասխանը գտանք դատարանի որոշման մեջ։   Դատարանն անվավեր է ճանաչել մրցույթի արդյունքները՝ արձանագրելով ընթացակարգային և օրենսդրական խախտումներ Մրցույթի արդյունքների հրապարակումից երկու շաբաթ անց «Տեխ. հսկողություն թիվ 1» ՍՊ ընկերությունը դատարանում վիճարկել է Արթիկի համայնքապետարանի անցկացրած մրցույթի արդյունքները, որոնց համաձայն հաղթող էր ճանաչվել Վահրամ Կնյազյան ԱՁ-ն։ «Տեխ. հսկողություն թիվ 1» ՍՊ ընկերությունը  պնդել է, որ մրցույթի ժամանակ խախտվել են մի շարք նորմեր, և գործընթացը չի եղել արդար ու թափանցիկ։ Ըստ ընկերության՝ Հանձնաժողովը մրցույթի երկու չափաբաժիններով էլ հաղթող է ճանաչել Վահրամ Կնյազյանի ԱՁ-ին, որը երկու դեպքում էլ առաջարկել է ընդամենը 5000 դրամ։ Ըստ ընկերության՝ այդ գնով որակյալ հսկողություն ապահովելը պարզապես անհնար է։ «․․․ ակնհայտ է դառնում, որ առաջարկված 5000 դրամ գինը ողջամիտ չէ և չի կարող 5000 դրամով նույն որակով մատուցվել այն ծառայությունը, որի իրական արժեքը բարձր է առաջարկվող գնից 99 տոկոսով։ Հանձնաժողովի համար նշված գները որևէ կասկած ևս չեն հարուցել: Իսկ թե ինչու էր Հանձնաժողովը շահագրգիռ որպեսզի «Վահրամ Կնյազյան» Ա/Ձ հաղթեր այս ընթացակարգում մնում է միայն ենթադրել»,- նշված է ընկերության դիրքորոշման մեջ (նշյալ հատվածը ներկայացվել է առանց ուղղումների,- հեղ․)։ Ըստ հայցվորի՝ Հանձնաժողովը, խախտելով «Գնումների մասին» օրենքի պահանջները, հրավերի պահանջների չհապամատասխանելու հիմքով ոչ միան չի մերժել «Վահրամ Կնյազյան» ԱՁ-ի հայտը, այլև այդ հայտը բավարար գնահատելով՝ ճանաչել է երկու չափաբաժիներով ընտրված մասնակից:  «Նման պայմաններում, ակնհայտ է, որ պատասխանողի կողմից, ի դեմս վերջինիս անունից գործող ընթացակարգի հանձնաժողովի, թույլ է տրվել գնումների օրենսդրության խախտում, օբյեկտիվորեն չի գնահատվել մասնակիցների հայտերը, որի արդյունքում խախտվել է հավասար պայմաններում մրցակցության և ոչ խտրական հիմունքներով ընթացակարգը կազմակերպելու սկզբունքները»,- նշել է «Տեխ. հսկողություն թիվ 1» ՍՊԸ-ն։ Պատասխանողը՝ Արթիկի համայնքապետարանը, իր դիրքորշման մեջ անդրադարձել է միայն վաղեմության ժամկետներին՝ նշելով, որ հայցադիմումը ներկայացվել է մի քանի օր ուշ, և դատարանին խնդրել է հայցը մերժել։ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն Արթիկի համայնքապետարանի այս միջնորդությունը մերժել է՝ գտնելով, որ հայցը ներկայացվել է հիմնավոր պատճառներով՝ չնայած բողոքարկման ժամկետի խախտմանը։ Դատարանը, մանրամասն ուսումնասիրելով Արթիկի համայնքապետարանի կազմակերպած մրցույթի փաստերը, արձանագրել է, որ «Հանձնաժողովը «Վահրամ Կնյազյան» Ա/Ձ-ի կողմից առաջարկվող գնի հաշվարկ չներկայացնելու պայմաններում վերջինիս հայտը բավարար գնահատելով և ընտրված մասնակից ճանաչելով խախտել է նաև մասնակիցների միջև հավասարության պահպանման սկզբունքը, հետևաբար Հայցվորի պնդումներն այս մասով ևս հիմնավոր են»։ Դատարանը որոշել է, որ ՇՄԱՀ-ԳՀԽԾՁԲ-23/24 ծածկագրով գնանշման հարցման մրցույթի արդյունքները, որոնցով Վահրամ Կնյազյան ԱՁ-ն ճանաչվել էր հաղթող երկու բաժիններով, պետք է անվավեր ճանաչվեն։ Արթիկի համայնքապետարանը բողոքարկել է դատարանի այս վճիռը, սակայն Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է Արթիկ համայնքի վերաքննիչ բողոքը և անփոփոխ թողել Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վճիռը՝ ևս մեկ անգամ արձանագրելով, որ Հանձնաժողովը պարտավոր էր հայտն անբավարար գնահատել և այն մերժել, ինչը չի արել։ Հատկանշական է, որ Արթիկի համայնքապետարանը մրցույթի մասին մեր հարցմանը պատասխանելիս չի էլ հիշատակել դատարանում քննված գործի մասին, դեռ ավելին՝ պնդել է, որ Վահրամ Կնյազյան ԱՁ-ի առաջարկը համապատասխանել է սահմանված պահանջներին Սա համայնքային թափանցիկության և հանրային հաշվետվողականության խնդիր է․ Արթիկի համայնքապետարանը ոչ միայն անցկացրել է մրցույթ, կնքել է պայմանագիրը և թույլ տվել աշխատանքների իրականացում՝ խախտումներով ներկայացված հայտի հիման վրա, այլև դրանից հետո չի կատարել դատարանի վճիռը և հանրությանը չի տեղեկացրել դատական գործընթացի մասին։    Ավագանու անդամը չի հայտարարագրել հոր ընկերության մասնակցությունը՝ չնայած օրենքի պահանջին Արթիկ համայնքի պաշտոնական կայքէջից և Արթիկի ավագանու անդամ Տիգրան Բաղդասարյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա նաև «Ճանշին» ՓԲԸ-ի փոխտնօրենն է։  Օրենքը սահմանում է, որ պաշտոնատար անձը պետք է հայտարարագրի իր և իր ընտանիքի անդամների մասնակցությունը առևտրային կազմակերպություններում և ներկայացվածությունը դրանց կառավարման մարմիններում։ Սակայն, Տիգրան Բաղդասարյանի ներկայացրած հայտարարագրերում (2022 և 2023) առկա չեն նշումներ ոչ իր՝ ընկերությունում փոխտնօրեն լինելու մասին, ոչ էլ իր հոր՝ «Ճանշին» ՓԲԸ-ում մասնակցության մասին տվյալները։ Մեր հարցին, թե ինչու նա չի հայտարարագրել այս փաստը, Տիգրան Բաղդասարյանը պատասխանեց, որ դա զուտ տեխնիկական խնդիր է։ «Ինչ-որ դիտավորյալ հարց չկա, բոլորն էլ գիտեն, որ 30 տարուց ավելի է ընկերությունն իմ հորն է պատկանում։ Տեխնիկական խնդիր է եղել երևի»։   Ի՞նչ որոշումներ ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ համանման դեպքերի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շահերի բախման մասին նախկինում իր կայացրած որոշումներում (1,2,3,) արձանագրել է, որ որևէ ձևով դրսևորված փոխկապակցվածության դեպքում տվյալ պաշտոնյան մինչև որոշում ընդունելը կամ գործողություն կատարելը պարտավոր է շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին Հանձնաժողովին գրավոր հայտարարություն ներկայացնել:  Ավագանու անդամ Տիգրան Բաղդասարյանը և համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը ՔՊ կուսակցության և ավագանու համանուն խմբակցության անդամ են։ Ի պաշտոնե լինելով համայնքային գնումներում պատվիրատուի ղեկավար՝ Անանիկ Ոսկանյանը ընթացակարգերում շահերի բախման իրավիճակի՝ համայնքային գնումներում իր խմբակցության ավագանու անդամի հոր ընկերության մասնակցության վերաբերյալ պետք է գրավոր հայտարարություն ներկայացներ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից մեզ պատասխանեցին, որ  «Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանի կողմից 2022-2024 թվականներին շահերի բախման իրավիճակների վերաբերյալ գրավոր հայտարարություններ Հանձնաժողով չեն ներկայացվել»:  Նշենք, որ ավագանու անդամ Տիգրան Բաղդասարյանը նույնպես շահերի բախում չի տեսնում իր հոր ընկերության՝ համայնքային գնումներին մասնակցության մեջ։  «Ընդհանրապես շահերի բախում չի կարող լինել, որովհետև ընտրությունը լինում է արդար։ Մրցույթներ կան, որ «Ճանշին» ՓԲԸ-ն 25 %, 30 % գնիջեցումով հաղթում է։ Ընկերությունը տարեկան ընդամենը երկու երեք տենդերների է մասնակցում, այնպես չէ, որ շատ է մասնակցում։ էլեկտրոնային տարբերակով է մրցակցությունը, էնտեղ ի՞նչ շահերի բախում կարող է լինել»,- նշեց նա։ Համայնքները գնումների գործընթացում հաճախ առաջնորդվում են բացառապես «Գնումների մասին» օրենքով, հաշվի չառնելով շահերի բախման ռիսկերի վերաբերյալ այլ իրավական կարգավորումները։ Մենք առանձնացրել ենք այն կարևոր հոդվածները, որոնցում առկա են նման կարգավորումներ։      Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին գրավոր հայտարարություն չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ 300 000 դրամով։ Այսպիսով՝ չնայած նրան, որ Արթիկ համայնքի ղեկավարը պարտավոր էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել շահերի բախման իրավիճակի վերաբերյալ հայտարարություն և ձեռնպահ մնալ այդ հարցի վերաբերյալ գործողություններ կատարելուց,  ավագանու անդամին փոխկապակցված ընկերության հետ վերջին երեք տարվա ընթացքում կնքել է 358 մլն դրամի պայմանագիր։ Համայնքի ղեկավարը, սակայն, այդ գնումներում շահերի բախման ռիսկ չի տեսնում։ Իսկ ավագանու անդամն էլ չի հայտարարագրել իր ընտանիքի անդամի մասնակցությունը համայնքային գնումներին մասնակցած առևտրային կազմակերպությունում։   Հեղինակ՝ Սուսինա Խաչատրյան
20:29 - 16 ապրիլի, 2025
Գիտական կազմակերպությունների ու բուհերի միավորման դրույթը կմնա անփոփոխ․ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը վերջնական լրամշակման փուլում է

Գիտական կազմակերպությունների ու բուհերի միավորման դրույթը կմնա անփոփոխ․ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը վերջնական լրամշակման փուլում է

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում վերջին լրամշակումներն են կատարվում, և այն շուտով կուղարկվի կառավարություն։ Օրենքի ընդունմամբ բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մի շարք առանցքային փոփոխություններ են սպասվում, այդ թվում՝ բուհերի խոշորացումը, գիտական կազմակերպությունների ու բուհերի միավորումը։ Օրերս Ազգային ժողովում (ԱԺ) օրենքի վերաբերյալ աշխատանքային քննարկում էր, որին մասնակցում էին գործադիրի և օրենսդիրի, ակադեմիական համայնքի ներկայացուցիչներն ու շահագրգիռ այլ կողմեր։ Օրենքի նախագիծը, հիշեցնենք, տևական լրամշակման փուլից հետո շրջանառության մեջ դրվեց անցած տարվա սեպտեմբերին։ Այս ընթացքում տարբեր կողմերից նախագծի վերաբերյալ առաջարկներ են հնչել։ ԱԺ-ում քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ առաջարկների հիման վրա նախագծում որոշ փոփոխություններ են կատարվել,  սակայն անփոփոխ է մնացել բուհերի խոշորացման և գիտական կազմակերպությունների ու բուհերի միավորման դրույթը, որն, ըստ գործադիրի ներկայացուցիչների, սկզբունքային է։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանի կարծիքով Հայաստանում գոյություն ունեցող համակարգի փորձառությունից է հենց բխում միավորման առաջարկը։  «Մեզ անընդհատ թվացել է, որ գլոբալ որակական արդյունքի կարող ենք հասնել կոսմետիկ փոփոխություններով կամ կիսատ լուծումներով։ Դրանք կարող են կարճ ժամանակով բարելավել իրավիճակը, որոշ ցուցանիշներ գուցե կարող են 1-2 կետով ավելի լավը դառնալ, բայց դա որակական, համակարգային փոփոխության ճանապարհ չԷ»,- հայտարարեց ԿԳՄՍ նախարարն ԱԺ-ում:  Ժաննա Անդրեասյանը Ժաննա Անդրեասյանը չհիմնավորված համարեց այն պնդումը, թե սպասվող փոփոխություններով գիտությունը դիտարկվելու է որպես բարձրագույն կրթությանը սպասարկող ոլորտ (օրենքի նախագծի  կարգավորումներով նախատեսվում է, որ գիտական կազմակերպությունները գործելու են որպես համալսարանների մաս կազմող և ինքնուրույնության որոշակի մակարդակ ունեցող միավորներ)։ ԿԳՄՍ նախարարը հիշեցրեց գիտության ոլորտի ֆինանսավորման ավելացումն ու կառավարության իրականացրած ծրագրերը՝ շեշտելով, որ դա ցույց է տալիս իրենց վերաբումունքը ոլորտի հանդեպ։  ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (ԲԿԳԿ) նախագահ Սարգիս Հայոցյանն էլ ասաց՝ իրենք որոշումներ կայացնելիս առանորդվում են եղած տվյալներով ու թիրախավորում ոլորտի խնդիրները։ Նա, մասնավորապես, շեշտեց, որ Հայաստանի գիտաշխատողների 70%-ը Գիտությունների ազգային ակադեմիայից (ԳԱԱ) է, գիտության բազային ֆինանսավորման 75%-ը տրվում է ԳԱԱ ինստիտուտներին, մինչդեռ ԳԱԱ-ն ապահովում է միջազգային տպագրությունների 25-30%-ը։ Սարգիս Հայոցյանն անդրադարձավ նաև այն հարցին, որ ԳԱԱ ինստիտուտներում, ըստ կառավարության տվյալների, ամեն մոտ երկու գիտնականի բաժին է  ընկնում մեկ վարչական աշխատող։ «Սա խոսում է նրա մասին, որ համակարգում այսօրվա կազմակերպման ձևով, այսինքն` գիտությունը գիտական կազմակերպություններում իրականացնելու պայմաններում մենք ունենք ծախսի հանդեպ վերադարձի էական խնդիրներ։ Սրան զուգահեռ մենք ունենք գիտական կազմակերպություններ, որտեղ աշխատում են 50-ից ոչ ավելի գիտաշխատողներ։ Այս ամեն ինչը բերում է գիտության գետտոյացման, ու խնդիր է  առաջանում նաև մրցունակության վերաբերյալ ընդհանուր խոսույթի ձևավորման հարցում․ շատ բարդ է լինում գաղափարը հասցնել կատարողներին»,- ասաց ԲԿԳԿ նախագահը։ Սարգիս Հայոցյանն անդրադարձավ նաև գիտության սերնդափոխության ու միջազգային տպագրությունների հարցերին։ Նա նշեց՝ վերջին տարիներին և՛ գիտնականների թվի աճ կա, և՛ միջազգային տպագրությունների, սակայն երկու դեպքում էլ աճի տեմպերից դեռևս գոհ չեն։ Գիտության սերնդափոխության խնդրին և կառավարության կողմից սպասվող փոփոխությունների համատեքստում առաջարկվող լուծումներին մանրամասն կարող եք ծանոթանալ «Ինֆոքոմի» հոդվածում։ Սարգիս Հայոցյանը ԲԿԳԿ նախագահը նշեց, որ օրենքի՝ ԳԱԱ-ին վերաբերող սկզբունքային կետերի շուրջ աշխատել են ԳԱԱ-ի հետ։ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանն էլ նշեց, որ կառուցողական քննարկում է տեղի ունեցել։ ԳԱԱ նախագահը հիշեցրեց, որ իրենք գործընթացի վերաբերյալ ի սկզբանե այլ դիրքորոշում ունեին և առաջարկում էին կատարել ինստիտուտների ու բուհերի մասնակի միավորում՝ ԳԱԱ համակարգում պահելով որոշ ինստիտուտներ և իրականացնելով բարեփոխումներ։  «Բայց քանի որ կառավարության դիրքորոշումը այլ է, օրենքը շրջանառության մեջ դնելուց հետո մենք երկու անգամ հանդիպել ենք պարոն Հայոցյանի հետ, քննարկել ենք Ակադեմիայի մասով գործառույթները, որը արդեն բավականին պատասխանատու, կարևոր դերակատարություն կունենա ապագայում գիտության, կրթության, ընդհանրապես մեր պետության գիտական մտքի զարգացման համար։ Փորձագիտական և գիտամեթոդական գործունեությունը վերադառնում է ԳԱԱ-ին»,- ասաց Աշոտ Սաղյանը։ Օրենքի՝ այս պահին հանրային քննարկման դրված նախագծում որպես ԳԱԱ գործառույթներ են նշվում քննարկումների և համաժողովների կազմակերպումը, գիտության հանրայնացումը, ոլորտային քաղաքականությունների խորհրդատվության տրամադրումը և այլն։ Թե ինչպիսին կլինի նոր ձևակերպումը, պարզ կդառնա նախագծի լրամշակված տարբերակի հրապարակումից հետո։ Սակայն ԱԺ-ում հստակեցվեց, որ ԳԱԱ-ն իր կազմում ինստիտուտներ չի ունենալու։ Դիմելով գործադիրի ներկայացուցիչներին՝ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանը նշեց՝ աշխարհում կան հրաշալի աշխատող տարբեր համակարգեր, և կառավարությունը պիտի հիմնավորի, թե ինչպես է սպասվող փոփոխություններով համակարգը որակապես ավելի լավը դառնալու։ Նրա խոսքով այդ հիմնավորումը բացակայում է։ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարը նաև հարց բարձրացրեց, թե ինչու գիտական գործունեության տեսակների դիվերսիֆիկացում չի ապահովվում սպասվող փոփոխությունների համատեքստում։  Նշենք, որ Բարձարգույն կրթության և գիտության օրենքի՝ այս պահին շրջանառության մեջ դրված նախագծից պարզ է դառնում, որ օրենքի ընդունումից հետո ԳԱԱ համակարգում գործող գիտական բոլոր կազմակերպություններն անցնելու են ԿԳՄՍՆ գերատեսչական պատկանելիության, իսկ բուհերի խոշորացումից հետո ներառվելու են խոշոր համալսարանների կազմում։ Համալսարանների մաս են դառնալու նաև գիտական անկախ կազմակերպությունները՝ եզակի բացառություններով։ Բացի համալսարանական գիտությունից՝ օրենքի նախագիծը հնարավորություն է տալիս ունենալու նաև գերատեսչական գիտական կառույցներ, որոնք կզբաղվեն գերատեսչությունների խնդիրներով, ինչպես նաև թանգարանների, առողջապահական հաստատությունների, արտադրական կազմակերպությունների կազմում գործող հետազոտական հիմնարկներ։ Իսկ որևէ համալսարաննի կառուցվածքում չգործող հանրային գիտական կազմակերպություն հիմնադրվել կարող է միան այն դեպքերում, եթե այն իրականացնելու է կիրառական բնույթի թիրախային հետազոտություններ կամ փորձարարական մշակումներ գերազանցապես պետական որևէ գերատեսչության խնդիրների շրջանակում:  «Ընդ որում՝ դրա հիմնադրման որոշման կայացման հիմքում պետք է դրվեն տվյալ բնույթի հետազոտությունները համալսարանների գիտական կազմակերպություններում իրականացնելու անհնարինության հիմնավորումները, տվյալ գերատեսչության կողմից պատշաճ մակարդակի և պատշաճ ծանրաբեռնվածությամբ հետազոտական խնդիրներ առաջադրելու կարողունակության վերլուծությունը և լիազոր մարմնի կողմից ստեղծված մասնագիտական փորձագիտական խորհրդի դրական եզրակացությունը»,- ասվում է նախագծում: ԱԺ քննարկման ընթացքում գործադիրի ներկայացուցիչներից հնչած մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ այս դրույթները լրամշակված տարբերակում նույնն են մնալու։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, մասնավորապես, նշեց՝ աշխատել, իհարկե, կարող են տարբեր մոդելներ, ապա հարցրեց՝ ո՞ր մոդելը կարող ենք մեզ թույլ տալ։ «Ամեն ինչը գին ունի․ արդյո՞ք մենք պատրաստ ենք առանձին ռեսուրս ունենալ որակյալ ակադեմիական կրթության և ակադեմիական գիտության համար, մի հատ էլ միջազգայնորեն մրցունակ լրիվ առանձին գիտության համար։ Որտե՞ղ դա իմաստ ունի անել և որտե՞ղ իմաստ չունի։ Որտեղ դրանք համադրվում են, պիտի լինեն միասին, որտեղ չեն համադրվում, պետք է ձևակերպենք ու պահենք առանձին՝ բայց հասկանալով մեր ակնկալիքը ու արդյունքը։ Եվ սա բացառող համակարգ չէ, սա հենց դիվերսիֆիկացիա է, որովհետև դիվերսիֆիկացիան գնում է ըստ նպատակի։ ․․․․ Մենք վստահ ենք, որ Ակադեմիայի ներգրավվածությունը մեր գիտական կյանքում շատ ավելի մեծ է լինելու այն համակարգում, որը մենք նկարագրում ենք, որովհետև այդտեղ մարդիկ զբաղվելու են իրենց էքսպերտային կարծիքի մշակմամբ, ներկայացմամբ և նաև գնահատմամբ»,- ասաց նախարարը։ ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանը հիշեցրեց, որ գիտնականների ատեստավորման նոր կարգում կան պատվավոր գիտաշխատողների տարակարգեր․ ինչ-որ առաջադեմ տարիքից հետո ձեռքբերումների արդյունքում մարդիկ կարող են ստանալ այդ աստիճանը,  և «այդ ամբողջ մարդկային ներուժը կդառնա  Ակադեմիայի հենքը»։  Արթուր Իշխանյանը նշեց, որ խոսքը կենսաթոշակային տարիքի մարդկանց մասին է, և դա նշանակում է ԳԱԱ-ն դարձնել «ծերակույտ»։ Սարգիս Հայոցյանն էլ պատասխանեց․ «Ամենայն հարգանքով, այսօր ԳԱԱ ակադեմիկոսների ամենափոքր անդամը 62 տարեկան է»։ Նշենք, սակայն, որ ԳԱԱ ղեկավարությունն ինքն է արդեն մի քանի տարի խոսում ԳԱԱ անդամ դառնալու նոր չափանիշներ սահմանելու և անդամների ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին։ Մանրամասները կարող եք կարդալ այստեղ։  «Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանը նշեց՝ իրենց նախաձեռնության՝ օրենքի նախագծի հետ անհամաձայնությունները պայմանավորված չեն այն հանգամանքով, որ իրենք դեմ են միավորմանը։ Նախաձեռնությանը հետաքրքիր է այն հարցի պատասխանը, թե ինչպես է հիմնավորվում, որ այս փոփոխությունների իրականացմամբ հնարավորություն կստեղծվի պետության կարիքներից բխող հետազոտությունների իրականացման համար։ Տիգրան Շահվերդյանը նաև հստակեցրեց՝ իրենց մտահոգությունը ոչ թե այն է, որ գիտությունը ստորադասվելու է բարձագույն կրթությանը, այլ որ սպասվող փոփոխություններով շեշտն առաջնային կերպով դրվում է ակադեմիական գիտության բնագավառում մրցունակության բարձրացման վրա։ Տիգրան Շահվերդյանը «Գիտուժ» նախաձեռնության անդամը շեշտեց՝ հարկավոր է ձևավորել պետական կարիքներից բխող գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (ԳՀՓՄ) ծրագրերի պատվերի ամբողջական համակարգը, որից պարզ կլինի, թե ինչպիսի պետական կամ մասնավոր ԳՀՓՄ կատարողներ են Հայաստանին հարկավոր։ Նա առանձնացրեց ԳՀՓՄ երեք ուղղություններ՝ ակադեմիական հետազոտություններ, որտեղ շեշտը դրվում է մտավոր ներուժի, գիտական սարքավորումների, կարողությունների և բարձրորակ հրապարակումների քանակի վրա, արդյունաբերական նորարարություն, որտեղ շեշտը դրվում է մասնավոր հատվածում ԳՀՓՄ-ի ֆինանսավորման կամ խթանման, ավելացված արժեքը բարձրացնելու, ՀՆԱ-ն մեծացնելու և, ի վերջո, պետական բյուջեն ավելացնելու վրա, անվտանգային հարցեր, որտեղ վճռորոշ չափանիշ է հասանելիությունը արտադրանքին, տեխնոլոգիաներին և կարողություններին։ «Հայաստանը ժառանգել է ԳՀՓՄ կատարողների համակարգ, սակայն չի ժառանգել պատվերի մեխանիզմները, որի պատճառով էլ կորցրել է կատարողների մեծ մասին։ Որպես անկախ, ինքնիշխան պետություն ԳՀՓՄ պատվերի ինստիտուցիոնալ մեխանիզմների ձևավորման հարցում մենք շատ դանդաղ ենք շարժվում։ Մինչև այսօր էլ համակարգը դեռ մասնակի է ձևավորված՝ չնայած այն բոլոր անվտանգային մարտահրավերներին, որոնց մենք առերեսվում ենք։ Որպեսզի ԳՀՓՄ-ն իրապես օգտագործվեն որպես մրցունակության գործիք,  անհրաժեշտ է, որ վերոնշյալ 3 գործունեության տեսակները իրականացվեն ներդաշնակ կերպով, սակայն այս օրենքի նախագծի օրինակով էլ մենք տեսնում ենք, որ սայլերը դնում ենք ձիերց առաջ․ փոխանակ ջանքերն ուղղենք նպատակները հստակեցնելու, կարիքներից բխող ԳՀՓՄ պատվերի մեխանիզմները ամբողջական ձևավորելու մեջ, դրանց հիման վրա հայաստանյան ակադեմիական գիտության ռազմավարության հստակեցման մեջ, մասնավորապես, թե ակադեմիական գիտության մեջ ինչ բնագավառների պետք է առաջնահերթություն տրվի, մենք ահռելի ռեսուրսներ ենք դնում ակադեմիական գիտության համակարգի կտրուկ փոփոխությունների մեջ՝ չունենալով հստակություն, թե ինչպես է դա ծառայելու մեզ»,- ասաց Տիգրան Շահվերդյանը։  Ժաննա Անդրեասյանը դեռ իր խոսքի սկզբում էր նշել, որ պատվերի մեխանիզմների ձևավորման հարցը դուրս է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի քննարկման շրջանակից, ապա հիշեցրել՝ վարչապետին կից ձևավորվել է գիտատեխնոլոգիական խորհուրդ, որտեղ կառավարությունից ու մասնավոր հատվածից ներկայացուիչներ կան, և աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում առաջարկվել է Նորարարությունների հայկական հիմնադրամ ստեղծել։ Սարգիս Հայոցյան էլ հիշեցրեց, որ գիտության ֆինանսավորման կարգում փոփոխություններ են տեղի ունեցել․ փոփոխվել է, մասնավորապես, նպատակային ֆինանսավորման ծրագրերի տրամաբանությունը։ Այս ծրագրերը միտված են պետության կարիքներից բխող հետազոտական ծրագրերի ֆինանսավորմանը, սակայն մինչև այս պահը հետազոտություններն իրականացվում էին հենց գիտնականների նախաձեռնությամբ։ Այժմ արդեն մեխանիզմներ են դրվել, որոնցով կբացահայտվեն պետության կարիքները, ապա գիտնականների հետ քննարկումից հետո կսհտակեցվի հետազոտական ծրագրերի ցանկը։ ԲԿԳԿ նախագահը նշեց՝ ֆինանսավորման ծրագրերում այս և նմանատիպ ծրագրերի ծավալն ավելի փոքր է, սակայն համադրելի է կարողունակության հետ։ «Երբեք որևէ միջոցառման որակը չենք զիջում՝ քանակ ապահովելով»,- շեշտեց նա։ Սարգիս Հայոցյանի խոսքով, չնայած կառավարությանը մեղադրում են միջազգային հրապարակումների վրա կենտրոնանալու համար, բայց իրենց պատկերացմամբ հրապարակումները գիտնականի աշխատանքի առաջնային ցուցիչներն են։ «Եթե գիտնականն իր հիմնական գործը չի կարող անել, հիմք չկա կարծելու, որ մնացած աշխատանքներն ավելի լավ է անելու։ ․․․․ Ըստ էության, մեզ պետք է ապահովել համակարգի կարողունակությունը, հետո անցնել այդ համակարգից այլ կողմնակի արդյունքներ քաղելուն»,- ասաց նա։ Սարգիս Հայոցյանը շեշտեց՝ համալսարանների կազմում գիտական կազմակերպություններն անկախ են լինելու իրանց գործունեության ոլորտները որոշելու հարցում ու նաև կարողնալու են «ազատորեն որոշակի պատվերներ իրականացնել»։  «Մի շարք արևմտյան երկրներում համալսարանական հետազոտական ինստիտուտները կարևորագույն հետազոտություններ են անում, այդ թվում՝ նաև պաշտպանական ոլորտում, ինդուստրիայի հետ համագործակցության հարցում»,- ասաց ԲԿԳԿ նախագահը։ Տիգրան Շահվերդյանը նշեց՝ «Գիտուժ» նախաձեռնությանն այս օրենքի քննարկման համատեքստում հետաքրքրում է, թե արդյո՞ք հնարավոր է համակարգի բարեփոխումն իրականացնել այնպես, որ մի կողմից ապահովվի Հայաստանի կարիքներից բխող հետազոտական կարողությունների զարգացում, մյուս կողմից «իրավիճակն էլ ավելի չբարդանա»։ «Այս հարցում ժամանակը մեր դեմ է աշխատում ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանի արտաքին մարտահրավերներն աճում են, այլ նաև այն պատճառով, որ ԳՀՓՄ մեջ ներդրվում են հարկատուների գումարները, և պետք է օր առաջ պատասխանել, թե ինչքանով են այդ ներդրումները իրական խնդիրներ լուծում կամ խնդիրների լուծման համար կարողություններ ձևավորում»,- ասաց նախաձեռնության անդամը։ Նա հիշեցրեց իր թված ԳՀՓՄ երեք ուղղությունների մասին՝ ակադեմիական, նորարարական և անվտանգային՝ շեշտելով, որ եթե ակադեմիականին զուգահեռ նորարարական հետազոտությունների մասով այս պահին քայլեր արվում են, ապա անվտանգային ԳՀՓՄ-ի պատվերի մեխանիզմը կայացած չէ։ «Գիտուժ» նախաձեռնության անդամը շեշտեց՝ գիտնականի աշխատանքի արդյունավետության միակ չափանիշն ակադեմիական արդյունքը չէ, պետության խնդիրների լուծումն է, որն իրենց տեսակետից ավելի կարևոր է։  «Ակադեմիական արդյունքը ոչ ոք չի ստորադասում, բայց կարևոր է, որ ակադեմիական արդյունքը լինի այն ուղղություններում, որոնք առաջնային են մեզ համար, և դա մենք, ցավոք սրտի․ դեռ չենք տեսնում։ Մենք շատ լավ գիտենք, որ դուք իրականացնում եք կարիքներից բխող որոշ ծրագրերի ֆինանսավորում, բայց դա շատ փոքր տոկոս է կազմում»,- նկատեց նա։ Տիգրան Շահվերդյանը նշեց՝ եթե անգամ պետական պատվերի մեխանիզմների ձևավորումը ԿԳՄՍՆ տիրույթում չէ, կառավարության տիրույթում է, և փոփոխությունները պետք է համակարգված, ներդաշնակ իրականացվեն։  «Եթե մեր ամբողջ նպատակն է միայն ակադեմիական արդյունքը, ապա խնդիր չկա ձեր նախատեսած կտրուկ միավորումների հետ, բայց քանի որ մենք գործ ունենք պետական միջոցների ներդրման հետ, ամբողջ աշխարհում արդեն հասկացել են, որ կատարողների երկու տեսակ կա։ [Կան] համալսարաններ, բայց նաև կան համալսարաններից դուրս գիտական ինստիտուտներ, որոնք տարբեր ձևաչափի են լինում, գերատեսչական են լինում, լինում են հատուկ խմբավորումների մեջ, նաև՝ Ակադեմիայի մեջ, լինում են ուղիղ կառավարության [ենթակայութամբ]։ Դրանց նպատակն է պետության կարիքներից ելնող ԳՀՓՄ աշխատանքներ իրականացնել ու նաև ավելի արդյունավետ լինելու պատճառով ակադեմիական գիտությամբ զբաղվել, բայց կարող ենք և չզբաղվել։ Հիմա մենք խոսում ենք այս ձևաչափի մասին, որն օրենքի նախագծում սահմանափակվում է միայն գերատեսչական ֆորմատով, և անհասկանալի է` ինչու։ Եկեք զարգացնենք մեր բարձրագույն կրթությունը` համատեղելով գիտության հետ, բայց շատ կարևոր է նաև զարգացնել կարողություններ մեր խնդիրը լուծելու»,- ասաց «Գիտուժ» նախաձեռնության անդամը։ Տիգրան Շահվերդյանը հիշեցրեց, որ իրենք առաջարկել են ընտրել ինստիտուտների առաջին խմբերը, միավորել դրանք ու նախ համոզվել, որ այդ ֆորմատով հնարավոր է պետության կարիքներից բխող հետազոտություններ իրականացնել։  Ժաննա Անդրեասյանը կրկին պնդեց, որ կառավարության ներկայացված համակարգը բացառող չէ՝ նշելով՝ եթե կա ինչ-որ առաջարկ, որը կոնկրետ ցույց է տալիս, թե այդ համակարգի տրամաբանությունից ինչ տեսակի հետազոտություններն են դուրս մնում, ապա այդ առաջարկը կարող է ներկայացվել կառավարությանը։  «Գիտուժ» նախաձեռնության անդամ, իրավաբան, ճարտարագետ Խաչատուր Փափանյանը նկատեց՝ բարեփոխումները սովորաբար տեղի են ունենում աստիճանաբար, մինչդեռ ինքը նկատել է, որ Հայաստանում դրանք արվում են կտրուկ։ «Եթե դուք ուզենայիք աստիճանաբար անել բարեփոխումները, ի՞նչ փուլեր կներառեիք այդ բարեփոխումների մեջ»,- հարցրեց նա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։  Ժաննա Անդրեասյանը նշեց՝ քննարկման ենթակա ամենակարևոր հարցերից և բարեփոխումների հաջողման/չհաջողման ամենաառանցքային նախապայմաններից մեկն իրականացման ճանապարհային քարտեզն է։ Նա շեշտեց, որ նախարարությունը դեռ 2023 թվականի ամռանն է հայտարարել խոշորացման ու միավորման մասին՝ բուհերին ու գիտական կազմակերպություններին հրավիրելով առաջարկներ ներկայացնել։   «Ութ ամիս տրվել է առաջարկների համար։ Նախորդ տարի մարտից բոլոր ինստիտուտների, բուհերի և հետաքրքրված կողմերի ներկայացուցիչներից աշխատանքային խմբեր են ձևավորել, որոնց կցվել են համապատասխան միջազգային գործընկերները, և այդ խմբերն աշխատում են արդեն մի տարուց ավելի։ Մենք նպատակ ունենք այս տարվա վերջին ամփոփել հայեցակարգային փուլը և դրանից հետո գնալ իրականացման պլանի ուղղությամբ։ Մեզ ավելի շատ մեղադրանքներ են ուղղվում դանդաղության համար, քան արագության, բայց մենք բոլոր արձագանքներում ասում ենք, որ պատրաստ չենք շտապել որակի հաշվին»,- ասաց նախարարը։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Գայանե Շագոյանը նկատեց, որ նախարարի նշած աշխատանքային խմբերում ներառականության խնդիր կա։ «Բացեք և նայեք՝ ովքեր են ներառված այդ աշխատանքային խմբերում։ Որոշ ինստիտուտների աշխատակիցներ իմանում են, թե իրենց ինստիտուտից ովքեր են ներառված, Ձեզ հետ հանդիպման ժամանակ։ Սա նշանակում է, որ այն մարդիկ, որոնք ներկայացնում են ինստիտուտները, ներառված չեն ներինստիտուտային քննարկումների մեջ»,- ասաց Գայանե Շագոյանը։  Գիտնականը կարևորեց նաև, որ երկրի համար ռազմավարական կարևորություն ունեցող այս նախագիծն ունենա քաղաքական և քաղաքացիական կոնսենսուս․ «2015 թվականից քննարկում ենք [այս հարցերը] և անընդհատ ունենք այս խնդիրը, որովհետև չունենք մեծ հայեցակարգային մոտեցումը, թե մենք մեր երկրում ինչ տիպի գիտություն ենք զարգացնում, որովհետև չգիտենք, թե ինչ տիպի պետություն ենք զարգացնում»։ Ժաննա Անդրեասյանը աշխատանքային խմբերի ներգրավվածության հարցը ԿԳՄՍՆ տիրույթից դուրս համարեց և խորհուրդ տվեց խնդիրը բարձրաձայնել ինտիտուտների ներսում։   «Եթե մենք խոսում ենք ժողովրդավարության, մշակութային փոփոխության մասին ու սպասում ենք, որ վերևից պետք է մեկը գա և ձևավորի աշխատանքային պատշաճ մթնոլորտ, նշանակում է` մշակութային փոփոխության մասին չենք խոսում։ Այդ փոփոխությունը տեղի է ունենում, երբ ներսում աշխատանքային թիմերը այդ պահանջներն իրենց ղեկավարների առաջ դնում են, մենք էլ խրախուսում ու աջակցում ենք։ Այդ տնօրեններն ընտրվում են, և այդ բոլոր գործընթացները կարող են կառավարվել ու ի սկզբանե ճիշտ պլանավորվել։ Ես վստահ եմ, որ մեր նախագծած համակարգում այդ տրամաբանությամբ աշխատող ինստիտուտներ չենք ունենալու, որոնք անձի շուրջ ձևավորված կառույցներ են, և որտեղ մարդիկ մասնակից չեն պրոցեսներին»,- ասաց նախարարը։ Ժաննա Անդրեասյանը նկատեց՝ շատ մտահոգություններ բխում են նրանից, որ ստեղծվելիք համակարգը անծանոթ է, և ռիսկայնություն կա։ «Մեր կառավարման հիմնական գործիքը պետք է լինի անցումային ժամանակահատվածի և ճանապարհային քարտեզի ճիշտ պլանավորումը։ ․․․․ Եթե մենք նույնիսկ լավագույն գաղափարները միասին համաձայնեցված ձևակերպենք, սակայն սխալ պլանավորենք դրա իրականացումը, ոչ մի արդյունք չենք ստանալու»,- ասաց նախարարը։ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, հիշեցնենք, վերջնական լրամշակման փուլում է և շուտով կուղարկվի կառավարություն, ապա՝ ԱԺ։ Մինչ այդ կարող եք դիտել «Ինֆոքոմի» ֆիլմը, որը պատմում է, թե ինչպես օրակարգ բերվեցին բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումները, «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, ինչ դիրքորոշումներ ու մտահոգություններ են տարբեր կողմերից հնչել այս համատեքստում, և որոնք են կառավարության հիմնավորումները։    Լուսանկարները՝ ԱԺ-ի Աննա Սահակյան
14:46 - 16 ապրիլի, 2025
ԿԿՀ-ն «Ինֆոքոմի» հրապարակման հիման վրա վարչական տույժ է կիրառել Քաջարանի համայնքապետի նկատմամբ

ԿԿՀ-ն «Ինֆոքոմի» հրապարակման հիման վրա վարչական տույժ է կիրառել Քաջարանի համայնքապետի նկատմամբ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական տույժի է ենթարկել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին՝ հիմք ընդունելով  համայնքային գնումներում շահերի բախման դեպքերի վերաբերյալ «Ինֆոքոմի» հրապարակումը։ «Ինֆոքոմը» ուսումնասիրել էր 2022-2024 թվականներին Քաջարան համայնքի կատարած գնումները և հայտնաբերել, որ համայնքապետարանն այդ թվականներին շուրջ 700 մլն դրամի պայմանագիր է կնքել համայնքապետ Մանվել Փարամազյանի կնոջ՝ Լիլիթ Դավթյանի մասնակցությամբ ընկերության հետ։ 2024 թվականի հուլիսին կնքված պայմանագրով «Աժդանակ» ընկերությունը մեկ տարում մանկապարտեզ պետք է կառուցի համայնքում։ Պայմանագրի գինը 543 մլն դրամ է։ Ընկերության հետ ևս երկու պայմանագիր կնքվել է 2022 թվականին։  «Աժդանակ» ընկերության 40% բաժնետերը «Տրամպ» ՍՊԸ-ն է, որի սեփականատերը Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի կինն է։ Ընկերության 9%-ի բաժնետերը և նախկին տնօրենն Արտակ Համբարձումյանն է՝ Քաջարան համայնքի կառավարող «Դեպի միասնություն դաշինք» խմբակցության ավագանու անդամ Կարեն Համբարձումյանի եղբայրը։ Ընկերության 51% բաժնեմասն էլ պատկանում է Արտակ Համբարձումյանի հիմնադրած «Գար գրուպ» ՍՊԸ-ին։ Արտակ Համբարձումյանը, սակայն, ներկայումս «Գար գրուպ» ՍՊԸ-ի բաժնետեր չէ։ Հանձնաժողովն արձանագրել է, որ Մանվել Փարամազյանին փոխկապակցված անձը՝ կինը, պայմանագրի կնքման պահին գործարար կամ այլ գործնական հարաբերությունների մեջ է գտնվել ընկերության հետ, հետևաբար ընկերության հետ Մանվել Փարամազյանի կողմից պայմանագիր կնքելն առերևույթ կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման, որի մասին Մանվել Փարամազյանը պարտավոր էր Հանձնաժողով հայտարարություն ներկայացնել, ինչը չի արել:  Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ Մանվել Փարամազյանը իր պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման համար չի ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան գործողություններ, որպեսզի չհայտնվի շահերի բախման իրավիճակում կամ հայտնվելու դեպքում առաջնորդվի օրենքով նախատեսված կանխարգելման ընթացակարգերով։ Այն, որ մանկապարտեզի կառուցման համար հայտարարված մրցույթին մասնակցության հայտ ներկայացրել է միայն «Աժդանակ» ՍՊԸ-ն, Հանձնաժողովը չի համարում գրավոր հայտարարություն ներկայացնելու պարտավորությունից ազատող հանգամանք: Այսպիսով, Մանվել Փարամազյանը ենթարկվել է վարչական տույժի՝ 300 հազար դրամի չափով։  «Ինֆոքոմը» համայնքային պաշտոնյաներին փոխկապակցված անձանցից գնումների մի շարք դեպքեր է հայտնաբերել նաև Ստեփանավան, Սևան և Գավառ համայնքներում։ Ստեփանավան և Սևան համայնքների վերաբերյալ նյութերի հիման վրա Հանձնաժողովը նույնաբնույթ տույժեր է կիրառել համայնքապետերի նկատմամբ։    Լիլիթ Գրիգորյան
13:25 - 16 ապրիլի, 2025