Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր գործունեությունը սկսեց 2019թ. նոյեմբերի 26-ին: Օրենքով նախատեսված էր, որ հանձնաժողովը պետք է գործի 2018-ին: Հանձնաժողովը փոխարինում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին։ Կառույցի 5 անդամների եւ նախագահի թեկնածություններն առաջադրել էին կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը եւ ԱԺ երեք խմբակցությունները։

Երկար քննարկումներից հետո 2019-ի նոյեմբերի 19-ին խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կազմը։ Նախագահ ընտրվեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» կողմից առաջադրված Հայկուհի Հարությունյանը։ Վերջինս մասնագիտությամբ իրավագետ է, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահը։

2023 նոյեմբերի 19-ին լրացավ Հայկուհի Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը։ Նա հայտ ներկայացրեց ԿԿՀ թափուր դառնալիք պաշտոնը համալրելու նպատակով անցկացվող մրցույթին մասնակցելու համար, եւ մրցութային խորհուրդը հաստատեց նրա թեկնածությունը: Ազգային ժողովը, սակայն, նրան այլեւս չընտրեց։

ԿԿՀ նախագահի պարտականությունները կատարողն այժմ ԿԿՀ անդամ Մարիամ Գալստյանն է։

Իջևան համայնքը 275 մլն դրամի գնումներ է կատարել ավագանու անդամներին փոխկապակցված ընկերություններից

Իջևան համայնքը 275 մլն դրամի գնումներ է կատարել ավագանու անդամներին փոխկապակցված ընկերություններից

Իջևանի համայնքապետարանը 2022-2024 թվականներին ավելի քան 275 մլն դրամի 17 պայմանագիր է կնքել ավագանու անդամներին փոխկապակցված ընկերությունների հետ։  Այս երեք տարիներին համայնքապետարանը 193 մլն դրամի պայմանագիր է կնքել «Արտարս» ընկերության հետ։ 2022 թվականի հուլիսին կնքված պայմանագրով ընկերությունը Բերքաբեր բնակավայրում բարեկարգել է խաղահրապարակ և նորոգել հանդերձարան։ Պայմանագրի գինը կազմել է ավելի քան 8 մլն դրամ։  Ընկերության սեփականատերը և տնօրենը Արթուր Աթաբեկյանն է՝ համայնքում կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Խաչատուր Աթաբեկյանի հայրը։ Նշված պայմանագրի կնքման պահին ընկերության 50%-ն էր պատկանում ավագանու անդամի հորը, իսկ 2022-ի հուլիսի 7-ից նա հանդիսանում է ընկերության 100% բաժնետերը։ Նույն թվականի օգոստոսին կնքված պայմանագրով ընկերությունը Սարիգյուղ բնակավայրում կատարել է ջրամատակարարման համակարգի արդիականացման աշխատանքներ։ Պայմանագրի գինը կազմել է 99 մլն դրամ։  2023 թվականի մայիսին կնքված պայմանագրով էլ ընկերությունը վերանորոգել է պուրակ։ Պայմանագրի գինը կազմել է 40 մլն դրամ։ 2024 թվականի հունիսի 3-ին կնքված պայմանագրով էլ «Արտարս» և «Արտ Պլաս» ընկերությունների կոնսորցիումը Ծաղկավան բնակավայրում կատարել է ավելի քան 46 մլն դրամի սալարկման աշխատանքներ։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան ավագանու անդամ Խաչատուր Աթաբեկյանն ասաց, որ հոր ընկերության հաղթելու պատճառն ամենացածր գինն առաջարկելն է․ «Ինձ փոխկապակցված անձանց բիզնես գործունեության հետ որևէ առնչություն չունեմ, ոչ մի անգամ ընդգրկված չեմ եղել  մրցութային հանձնաժողովների կազմում, ուստի շահերի բախում չեմ տեսնում»,- պատասխանել է ավագանու անդամը։ Քանի որ Խաչատուր Աթաբեկյանի հայրը բնակվում է իր հետ, ավագանու անդամը, համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի, պետք է հայտարարագրեր նրա մասնակցությունը առևտրային կազմակերպություններում և ներկայացվածությունը դրանց կառավարման մարմիններում։ Խաչատուր Աթաբեկյանը նաև պետք է հայտարարագրեր այդ ընկերության՝ համայնքային գնումների այն բոլոր պայմանագրերը, որոնց գինը գերազանցում է 5 մլն դրամը։  Այս տեղեկությունները չկան ավագանու անդամի 2021, 2022, 2023 թվականների հայտարարագրերում։  Աթաբեկյանի հետ համատեղ բնակվող անձնացից ևս երկուսը մասնակցություն և ներկայացվածություն ունեն այլ ընկերություններում, ինչը ևս չի հայտարարագրվել։  Այս թեմայով մեր հարցերին ի պատասխան, ավագանու անդամը հայտնեց, որ թերություններն անուշադրության հետևանք են, և դրանք ուղղելու համար դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Արդեն 2024 թվականի հայտարարագրում ավագանու անդամը հայտարարագրել է ընտանիքի անդամներին պատկանող ընկերությունները և «Արտարսի» մասնակցությունը համայնքային գնումներին։    Գնումներ ավագանու այլ անդամներին փոխկապակցված ընկերություններից   Խաչատուր Աթաբեկյանն ավագանու միակ անդամը չէ, որին փոխկապակցված ընկերությունների հետ համայնքապետարանը պայմանագրեր է կնքել։ 2024 թվականի հուլիսին Իջևանի համայնքապետարանը ավելի քան 72 մլն դրամի պայմանագիր է կնքել «Խաչմիշշին» ընկերության հետ։ Ընկերությունը սալարկել է համայնքի փողոցներից մեկը։  Ընդհանուր 2 մլն դրամ արժողությամբ 2 պայմանագիր էլ կնքվել է 2022 թվականի ընթացքում․ ընկերությունը մատուցել է տեխնիկական հսկողության ծառայություններ։ «Խաչմիշշինը» 2005 թվականին հիմնադրել է համայնքում կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Խաչատուր Համզյանի հայրը՝ Միշա Համզյանը։ 2023 թվականի փետրվարից մինչև հաջորդող տարվա հունիս Խաչատուր Համզյանը եղել է ընկերության սեփականատերը․ այս ժամանակահատվածում ընկերության հետ պայմանագրեր չեն կնքվել։ Սակայն 2021 թվականից մինչ օրս ընկերության տնօրենը Խաչատուր Համզյանն է։ 2024 թվականի հուլիսից ընկերության սեփականատերն ավագանու անդամի հորեղբոր որդին է՝ Արմեն Համզյանը։  Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Խաչատուր Համզյանն ասաց, որ ընկերությունը այս կնքված պայմանագրերին զուգընթաց 2022 թվականին մասնակցել է 15 մրցույթի, որոնցից հաղթել է երկուսում, 2023 թվականին ընկերությունը մասնակցել է 7 մրցույթի, որոնցից ոչ մեկում չի հաղթել, իսկ 2024 թվականին մասնակցած 6 մրցույթներից միայն մեկում է հաղթել․ «Կարծում եմ՝ այսքանով պարզ է դառնում հայտերը գնահատող հանձնաժողովի անդամների չկաշկանդվածությունը իշխող խմբակցության ավագանու անդամի՝ տնօրեն հանդիսացող կազմակերպության հանդեպ, որը ըստ ինձ նորմալ է, որ նրանց համար չկա տարբերություն»։  ««Գնումների մասին» օրենքը մեր կազմակերպությանը չի արգելում մասնակցել գնումների, ավագանու անդամն էլ աշխատավարձ չի ստանում, համայնքի աշխատակազմում կամ համայնքի ենթակա կազմակերպություններում չի կարող աշխատել, և եթե մասնավոր հատվածում աշխատելն էլ դիտարկվի շահերի բախում, մնում է համալրել գործազուրկների շարքը»,- նշում է Համզյանը։ Համայնքապետարանը պայմանագրեր է կնքել Համզյանին առնչվող այլ ընկերությունների հետ ևս։ 2020 թվականի մայիսից մինչև 2023 թվականի հունվար Խաչատուր Համզյանը եղել է «Իջնախ» ընկերության սեփականատերը։ Այս ժամանակահատվածում ընկերությունը համայնքապետարանի հետ կնքել է 6 պայմանագիր՝ ընդհանուր 5,5 մլն դրամ արժողությամբ։  2024 թվականին 4 պայմանագիր է կնքվել Խաչատուր Համզյանի կնոջ՝ Փառանձեմ Նազինյանի ԱՁ-ի հետ՝ հյուրասիրության կազմակերպման համար։ Այս պայմանագրերի գումարային գինը կազմել է  300 հազար դրամ։ Ավագանու կառավարող խմբակցության մեկ այլ անդամի` Նաիրի Ջանվելյանի ԱՁ-ն էլ 2024 թվականի տարեվերջին 980 հազար դրամով հուշատախտակի և անվանական ծառերի տեղադրման աշխատանք է կատարել։    Համայնքապետարանը շահերի բախման իրավիճակ չի տեսնում, ԿԿՀ նախկին որոշումները՝ պնդում հակառակը   Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը կարծում է, որ այս պայմանագրերում շահերի բախում չկա, քանի որ դրանք կնքվել են անձանց հետ, որոնք համայնքի ղեկավարի կամ նրան փոխկապակցված անձանց հետ փոխկապակցություն չունեն։ «Վկայակոչված անձինք համայնքի ղեկավարի կամ նրա հետ փոխկապակցված անձանց հետ չունեն գործարար, քաղաքական կամ գործնական կամ անձնական հարաբերություններ: Եվ միայն այն հանգամանքը, որ հանդիսանում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամի հայրը կամ կինը, անենևին չի նշանակում, որ համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված անձինք են»,- պատասխանում են համայնքապետարանից։  Սակայն, օրինակ, ավագանու անդամ Խաչատուր Համզյանը համայնքապետ Արթուր Ճաղարյանի հետ ավագանու նույն խմբակցությունից են, այսինքն՝ ունեն քաղաքական հարաբերություն։ Հետևաբար, որպես պատվիրատուի ղեկավար, համայնքապետը ավագանու անդամի տնօրինած ընկերությունների հետ պայմանագիր կնքելու վերաբերյալ պարտավոր էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացնել գրավոր հայտարարություն։ «Ինֆոքոմի» նախկինում հրապարակված համանման հոդվածների հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հարուցել է վարույթներ  և Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանին, Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանին, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին ենթարկել վարչական տույժի։ Այսպիսով, չնայած Իջևանի համայնքապետարանը պայմանագրեր է կնքում ավագանու անդամներին առնչվող ընկերությունների հետ, համայնքապետը շահերի բախման իրավիճակ չի տեսնում և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հայտարարություն չի ներկայացնում։ Միաժամանակ, այս ընկերությունները, նրանց հետ կնքված խոշոր պայմանագրերը ներկայացված չեն ավագանու այդ անդամների հայատարարագրերում։   Լիլիթ Գրիգորյան
18:13 - 26 հունիսի, 2025
Վանաձորի համայնքապետարանի աշխատակցին փոխկապակցված ընկերությունը 188․5 մլն դրամի պայմանագրեր է կնքել համայնքի հետ

Վանաձորի համայնքապետարանի աշխատակցին փոխկապակցված ընկերությունը 188․5 մլն դրամի պայմանագրեր է կնքել համայնքի հետ

Վանաձորի համայնքապետարանը 2021-2025 թվականներին 188․5 միլիոն դրամի գնման պայմանագիր է կնքել համայնքապետարանի աշխատակցին փոխկապակցված ընկերության հետ։ «Պագամի» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2002 թվականին և, ըստ ՊԵԿ-ի տվյալների,  զբաղվում է մաքրման աշխատանքներով։ Ընկերության սեփականատերն ու տնօրենը Գրիշա Պառավյանն է։ Նա նախկինում եղել է Վանաձորի համայնքապետարանի համատիրությունների ու բնակարանային տնտեսության բաժնի պետը։  2016-2019 թթ․ «Պագամի» ՍՊԸ-ի տնօրենը եղել է Գրիշա Պառավյանի որդին՝ Միհրան Պառավյանը, որն այժմ աշխատում է Վանաձորի համայնքապետարանում՝ որպես ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի ավագ մասնագետ։ «Պագամի» ՍՊԸ-ն Վանաձոր համայնքի գնումներին սկսել է մասնակցել և հաղթել դեռ 2017 թվականից։ Միայն 2021-2025 թթ․-ին ընկերությունը հայտ է ներկայացրել համայնքի հայտարարած 16 գնման ընթացակարգերում, որից 14-ում ճանաչվել է հաղթող մասնակից՝ կնքելով ընդհանուր շուրջ 188․5 մլն դրամի պայմանագիր։ Ընկերությունը պայմանագրեր է կնքել Վանաձոր համայնքի տարբեր գոտիներում սանիտարական մաքրման և կենցաղային աղբահանության ծառայություններ մատուցելու համար։  «Պագամի» ՍՊԸ-ն միակը չէ, որ շարունակ հաղթել է այդ ընթացակարգերում։ 2021-2025 թթ. ընթացքում համայնքը հայտարարել է սանիտարական մաքրման 27 մրցույթ, որոնց տարբեր հաճախականությամբ մասնակցել է 10 ընկերություն և անհատ ձեռնարկատեր։ Դրանցից հինգը՝ «Վանաձորի Սանմաքրում» ԲԲԸ-ն, «Գարիկ Ղափանյան» Ա/Ձ-ն, «Աշոտ Մկրտչյան», «Էկովան» և «Պագամի» ՍՊԸ-ները, ամենաակտիվ մասնակիցներն են եղել։ 2021-2025 թթ․-ին, համայնքի հետ ամենախոշոր պայմանագրերը կնքել են «Էկովան» ՍՊԸ-ն՝ մոտ 278 մլն դրամ, «Վանաձորի Սանմաքրում» ԲԲԸ-ն՝ 229 մլն դրամ,  «Պագանի»  ՍՊԸ-ն՝ 188․5 մլն դրամ, «Աշոտ Մկրտչյան» ՍՊԸ-ն՝ 138 մլն դրամ։   Համայնքի ավագանու անդամի ընկերությունը հաղթել է համայնքի գնումների ընթացակարգերում   Գևորգ Հարությունյանը 2021 թվականից ստանձնել է Վանաձոր համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամի պաշտոնը։ Նրան է պատկանում շենքերի և շինությունների տեխնիկական հետազննում իրականացնող «Ռիգ» ՍՊԸ-ն։ Ընկերությունը 2024 թվականին մասնակցել է համայնքում հայտարարաված ընթացակարգերից 7-ին, որից 4-ում հաղթել է։ Ընկերությունն իրականացրել է համայնքի մի քանի փողոցների կոյուղագծերի հիմնանորոգման աշխատանքներ։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը մոտ 4 մլն դրամ է։ Հատկանշական է, որ Գևորգ Հարությունյանը 2021-2022 թվականների հայտարարագրերում չի նշել իր մասնակցությունը «Ռիգ» ՍՊԸ-ում։  Վերոնշյալ երկու ընկերությունների՝ համայնքի գնումներում հաղթելու թեմայով հարցադրումներ ենք արել Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանին․ խնդրել ենք պատասխանել՝ արդյոք համայնքապետը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տեղեկացրե՞լ է իր գործողությունների արդյունքում շահերի բախման իրավիճակի առաջացման մասին։ Համայնքապետը, սակայն, մեր հարցերին չի պատասխանել։ Այս թեմայի մասին փորձեցինք պարզաբանում ստանալ նաև Գևորգ Հարությունյանից, որի հետ, սակայն, կապ հաստատել չհաջողվեց։   Ի՞նչ որոշումներ ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը համանման դեպքերի վերաբերյալ   Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շահերի բախման վերաբերյալ նախկինում իր կայացրած որոշումներում (1,2,3) արձանագրել է, որ որևէ ձևով դրսևորված փոխկապակցվածության դեպքում տվյալ պաշտոնյան մինչև որոշում ընդունելը կամ գործողություն կատարելը պարտավոր է շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին Հանձնաժողովին գրավոր հայտարարություն ներկայացնել:  Հիշեցնենք, որ Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանին քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում առավելագույն ձայներ ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի առաջին համար Մամիկոն Ասլանյանի կալանավորումից հետո։  Փելեշյանը եղել է «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության» նախընտրական ցուցակը գլխավորողը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրելի համայնքապետի թեկնածուն։  Հաշվի առնելով այս փաստը՝ Արկադի Փելեշյանը, որպես համայնքային գնումների պատվիրատուի ղեկավար, պարտավոր էր շահերի բախման դեպքում գրավոր հայտարարություն ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, իսկ այն, որ համայնքային գնումներին մասնակցում և հաղթում է իր հետ քաղաքական կապ ունեցող ավագանու անդամի ընկերությունը, արդեն շահերի բախման իրավիճակ է։ Նա այդ հայտարարությունը պետք է ներկայացներ նաև այն դեպքում, երբ համայնքային գնումներին մասնակցում և հաղթում էր իր հետ գործնական կապ ունեցող աշխատակցին փոխկապակցված ընկերությունը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկացանք, որ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը 2021-2025 թվականներին շահերի բախման իրավիճակների վերաբերյալ գրավոր հայտարարություններ չի ներկայացրել Հանձնաժողով։ Համայնքները գնումների գործընթացում հաճախ առաջնորդվում են բացառապես «Գնումների մասին» օրենքով՝ հաշվի չառնելով շահերի բախման ռիսկերի վերաբերյալ այլ իրավական կարգավորումները։ Մենք առանձնացրել ենք այն կարևոր հոդվածները, որոնցում առկա են նման կարգավորումներ։  Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին գրավոր հայտարարություն չներկայացնելը առաջացնում է 300 000 դրամի չափով տուգանքի նշանակում։ Այսպիսով, չնայած Վանաձոր համայնքի ղեկավարը պարտավոր էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել շահերի բախման իրավիճակի վերաբերյալ հայտարարություն և ձեռնպահ մնալ այդ հարցի վերաբերյալ գործողություններ կատարելուց, այնուհանդերձ մի դեպքում՝ համայնքապետարանի աշխատակցին, մյուս դեպքում՝ ավագանու անդամին փոխկապակցված ընկերությունների հետ վերջին 5 տարվա ընթացքում կնքել է ընդհանուր շուրջ 192․5 մլն դրամի պայմանագիր։    Սուսինա Խաչատրյան
19:23 - 23 հունիսի, 2025
Աշտարակ համայնքը վերջին 3 տարում շուրջ 735 մլն դրամի գնում է կատարել ավագանու անդամի ընկերությունից

Աշտարակ համայնքը վերջին 3 տարում շուրջ 735 մլն դրամի գնում է կատարել ավագանու անդամի ընկերությունից

Աշտարակի համայնքապետարանը 2022-2024 թվականներին շուրջ 735 միլիոն դրամի գնման պայմանագիր է կնքել նույն համայնքի ավագանու անդամի կնոջը և հորեղբոր տղային պատկանող ընկերության հետ, որի տնօրենը ավագանու նույն անդամն է։ Աշտարակ համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արա Բաղդասարյանի կինը՝ Մերի Խաչատրյանը, և հորեղբոր որդին՝ Կարո Բաղդասարյանը, 2022 թվականի հունիսին դարձել են «Վոլֆ» ՍՊԸ-ի սեփականատերերը և անվանափոխել այն «Ավանգարդ Շին» ՍՊԸ։ Ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ ընկերությունը զբաղվում է շենքերի ապախոնավեցմամբ և տանիքածածկերի անջրանցիկության ապահովմամբ։  Արա Բաղդասարյանը Աշտարակ համայնքի ավագանու անդամ է 2021 թվականի դեկտեմբերից։ Նա 2022 թվականի հունիսից ստանձնել է «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը։  «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ն Աշտարակ համայնքի գնումներին սկսել է մասնակցել և հաղթել  2022 թվականի սեպտեմբերից։ 2022-2024 թթ․-ին ընկերությունը հայտ է ներկայացրել համայնքի հայտարարած 4 գնման ընթացակարգերում, որոնցից 3-ում ճանաչվել է հաղթող մասնակից՝ կնքելով ընդհանուր շուրջ 735 մլն դրամի պայմանագիր։ «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ն 2022 թվականի սեպտեմբերին կնքված առաջին պայմանագրով պարտավորվում էր հիմնանորոգել Արտաշավան բնակավայրի «Կակաչ» մանկապարտեզը, ինչպես նաև բարեկարգել մանկապարտեզի բակային տարածքը։ Ընկերությունը հայտ ներկայացրած միակ մասնակիցն է եղել։ Ըստ պայմանագրի՝ «Ավանգարդ Շինն» այս աշխատանքները պետք է կատարեր 12 ամսվա ընթացքում։ Պայմանագրի գինը կազմել է 186․6 մլն դրամ։  Սակայն 2023 թվականի սեպտեմբերին կնքված համաձայնագրով 10 տոկոսի չափով ավելացվել են աշխատանքների ծավալները, ինչի արդյունքում ընկերությանը վճարվել է հավելյալ 18․6 մլն դրամ։  Երկրորդ պայմանագիրը ընկերությունը կնքել է 2023 թվականի հունիսին։ Ինչպես նախորդ դեպքում, այս դեպքում ևս «Ավանգարդ Շինը» եղել է հայտ ներկայացրած միակ մասնակիցը։ Ըստ պայմանագրի՝ ընկերությունը պետք է 180-օրյա ժամկետում հիմնանորոգեր Աշտարակ քաղաքի և Բազմաղբյուր բնակավայրի մարզադաշտերը։ Այս պայմանագրի արժեքը 263․3 մլն դրամ է, սակայն այս դեպքում ևս համայնքը ընկերությանը վճարել է հավելյալ 26․3 մլն դրամ՝ աշխատանքների ծավալների ավելացման պատճառով։  Իսկ երրորդ պայմանագիրը համայնքը ընկերության հետ կնքել է 2024 թվականի սեպտեմբերին։ Գնման ընթացակարգին հայտ էր ներկայացրել 5 մասնակից, որոնցից հաղթող է ճանաչվել «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ն։ Պայմանագիրը կնքվել է 2 չափաբաժնով, որից առաջինի դեպքում ընկերությունը պետք է Արագածոտն, Ղազարավան և Ագարակ բնակավայրերում կառուցեր ֆուտբոլի խաղադաշտեր, իսկ 2-րդի դեպքում՝ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի բակում և Արուճ, Կոշ, Նոր Ամանոս և Նոր Եդեսիա բնակավայրերում կառուցեր խաղահրապարակներ։ Պայմանագրի գինը կազմել է 218 մլն դրամ: Այս դեպքում ևս համայնքը ընկերությանը հավելյալ վճարել է 11․8 մլն՝ առաջին չափաբաժնի, և 9․8 մլն՝ երկրորդ չափաբաժնի համար՝ աշխատանքների ծավալների ավելացման պատճառով։  Այս առնչությամբ Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանին խնդրել էինք պատասխանել՝ արդյոք համայնքապետը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տեղեկացրե՞լ է իր գործողությունների արդյունքում շահերի բախման իրավիճակի առաջացման մասին։ Ըստ համայնքապետի՝ «Աշտարակ համայնքի ավագանու անդամ Արա Բաղդասարյանը «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ում համարվում է վարձու աշխատող, եւ օրենսդրության պահանջների խախտման մասին [շահերի բախման վերաբերյալ] որեւէ խոսք լինել չի կարող»։ Նշենք, որ մեր հարցը վերաբերում էր այն իրավիճակին, որ համայնքապետը, որպես պատվիրատուի ղեկավար, պետք է մինչև որոշում ընդունելը կամ գործողություն կատարելը շահերի բախմանը վերաբերող հանգամանքների, տվյալ դեպքում՝ նույն խմբակցության ավագանու անդամի կնոջ և հորեղբոր որդուն պատկանող ընկերության հետ պայմանագիր կնքելու մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացներ գրավոր հայտարարություն։    Տեխհսկողություն իրականացրած ԱՁ-ի կասկածելի գնառաջարկը   2022 թվականին «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ի` Արտաշավան բնակավայրի «Կակաչ» մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների (ընդհանուր արժեքը` 205 մլն դրամ) իրականացման տեխնիկական վերահսկողությունը իրականացրել է անհատ ձեռներեց Արտակ Մարտիրոսյանը՝ համայնքի հետ կնքելով ընդամենը 950 դրամ արժողությամբ պայմանագիր։ Տեխնիկական վերահսկողություն իրականացնելու համար համայնքի հայտարարած մրցույթին հայտ է ներկայացրել 6 մասնակից։ Նշենք, որ այս գնման գործընթացը կազմակերպվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում, և պայմանագրի արժեքի 70%-ը՝ այս դեպքում 665 դրամը, վճարել է պետությունը։    Տեխհսկողության աշխատանքների նախահաշվային գինը համայնքապետարանը սահմանել էր 3․2 մլն դրամ: Մրցույթին հայտ է ներկայացրել 6 ընկերություն։ Գնահատող հանձնաժողովի նիստերի արձանագրություններից պարզ է դառնում, որ սկզբում բոլոր 6 մասնակիցները ներկայացրել են իրենց գնառաջարկները, որտեղ ամենացածր գնով հայտ է ներկայացրել 2 մասնակից։ Իսկ  Արտակ Մարտիրոսյան Ա/Ձ-ն 6 մասնակիցներից ամենաբարձր գինն է առաջարկել։ Հանձնաժողովի հաջորդ նիստերում առաջարկվել է նվազեցնել գնառաջարկները, ինչն արել են միայն 2 մասնակից՝ «Լիլ-Ռուզ» ՍՊԸ-ն և Արտակ Մարտիրոսյան Ա/Ձ-ն՝ առաջարկելով համապատասխանաբար 1000 և 950 դրամ։     Այս առաջարկը ոչ միայն ցածր է նախահաշվային գնի համեմատ, այլ նաև հարցեր է առաջացնում աշխատանքի իրականացման որակի վերաբերյալ․ ըստ տեխառաջադրանքի՝ ընկերությունը պետք է իրականացներ տեխնիկական հսկողությունը նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա և ապահովեր վերանորոգման աշխատանքների  իրականացումը անհրաժեշտ որակով և պայմանագրային փաստաթղթերին համապատասխան, ապահովել կատարվող աշխատանքների անհամապատասխանությունը վերանորոգման նորմերին և կանոններին, ստուգել, վերահսկել նյութերի որակը, արգելել կամ փոփոխել այն նյութերը որոնք չեն համապատասխանում անհրաժեշտ պայմաններին, վերահսկել և գնահատել շինաշխատանքների գործընթացը, կատարել որակի և քանակի հսկում, կատարել անհրաժեշտ գրառումներ, որոնք անհրաժեշտ են պայմանագրի ընթացքի վերահսկման համար և այլն։  Համայնքապետարանից հետաքրքրվեցինք, թե այդ ինչպես է ԱՁ-ի հետ կնքվում ընդհանուր 950-դրամանոց պայմանագիր, երբ կատարված աշխատանքների նախահաշվային գինը հազարապատիկ ավելի է եղել։ Համայնքապետն այս գլխավոր հարցն անպատասխան է թողել՝ նշելով միայն, որ ընթացակարգի գների նվազեցման շուրջ կատարվել են միաժամանակյա բանակցություններ, որոնց արդյունքում հաղթող ընտրված մասնակից է ճանաչվել Ա/Ձ Արտակ Մարտիրոսյանը՝ որպես բավարար գնահատված նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակից:    Ավագանու անդամը չի հայտարարագրել իր և իր կնոջ ներկայացվածությունն ու մասնակցությունը ընկերությունում՝ չնայած օրենքի պահանջին Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ Աշտարակ համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արա Բաղդասարյանը «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ի տնօրենն է, իսկ նրա կինը՝ ընկերության 40 տոկոսի բաժնետերը։ Օրենքը սահմանում է, որ պաշտոնատար անձը պետք է հայտարարագրի իր և իր ընտանիքի անդամների մասնակցությունը առևտրային կազմակերպություններում և ներկայացվածությունը դրանց կառավարման մարմիններում։ Սակայն, Արա Բաղդասարյանի ներկայացրած հայտարարագրերում (2022 և 2023) առկա չեն նշումներ ոչ իր՝ ընկերությունում տնօրեն լինելու մասին, ոչ էլ իր կնոջ՝ «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ում մասնակցության մասին տվյալները։ Մեր հարցին, թե ինչու նա չի հայտարարագրել այս փաստը, Արա Բաղդասարյանը պատասխանեց, որ գիտի՝ իր հայտարարագրերում կան թերի լրացված տվյալներ, որոնք ուղղելու համար կդիմի Հանձնաժողովին։    Մեր զրույցից հետո ներկայացված՝ 2024 թվականի տարեկան հայտարարագրում արդեն Արա Բաղդասարյանը լրացրել է «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ում իր ներկայացվածության և կնոջ մասնակցության փաստը։  Բացի մասնակցության հայտարարագրումից, պաշտոնատար անձինք պարտավոր են հայտարարագրել իրենց և իրենց ընտանիքի անդամների կողմից, ինչպես նաև նրանց մասնակցությամբ կազմակերպությունների կողմից ՀՀ կամ համայնքների հետ կնքված պայմանագրերը, որոնց գինը (արժեքը) գերազանցում է հինգ միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը: Նշենք, որ Արա Բաղդասարյանը 2022, 2023 թվականներին չի հայտարարագրել «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ի՝ Աշտարակ համայնքի հետ կնքած 5 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող 2 պայմանագրերը։ Նշենք նաև, որ Արա Բաղդասարյանի կինը՝ Մերի Խաչատրյանը, չի ներկայացրել պաշտոնատար անձի ընտանիքի անդամի գույքի և եկամուտների հայտարարագրեր։   Ի՞նչ որոշումներ ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ համանման դեպքերի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շահերի բախման մասին նախկինում իր կայացրած որոշումներում (1,2,3,) արձանագրել է, որ որևէ ձևով դրսևորված փոխկապակցվածության դեպքում տվյալ պաշտոնյան մինչև որոշում ընդունելը կամ գործողություն կատարելը պարտավոր է շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին Հանձնաժողովին գրավոր հայտարարություն ներկայացնել:  Ավագանու անդամ Արա Բաղդասարյանը և համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը ավագանու ՔՊ խմբակցության անդամ են։ Համայնքային գնումներում ի պաշտոնե լինելով պատվիրատուի ղեկավար՝ Թովմաս Շահվերդյանը ընթացակարգերում շահերի բախման իրավիճակի՝ համայնքային գնումներում իր խմբակցության ավագանու անդամի և նրա կնոջ ընկերության մասնակցության վերաբերյալ պետք է գրավոր հայտարարություն ներկայացներ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից մեզ պատասխանեցին, որ «Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանի կողմից 2022-2024 թվականներին շահերի բախման իրավիճակների վերաբերյալ գրավոր հայտարարություններ Հանձնաժողով չեն ներկայացվել»:  Նշենք, որ ավագանու անդամ Արա Բաղդասարյանը շահերի բախում չի տեսնում  իր կնոջ և հորեղբոր որդու ընկերության՝ համայնքային գնումներին մասնակցության մեջ։  «Աշխատանքային փուլի ամբողջ ընթացքում համայնքը ունի տեխնիկական հսկողության ծառայություն, հեղինակային հսկողության ծառայություն, որոնք շինարարությանը զուգահեռ արվում են։ Եթե դու ինչ-որ բան արած չլինես, նախ չես կարող հանձնես։ Իրենք քո ավարտականը պետք է ստորագրեն, հետո համայնքի պատասխանատու ստորաբաժանումը ստորագրի, այսինքն՝ համայնքի ղեկավարին այլ բան չի մնում անել կամ չանել, ես չլինեմ, Պողոսը լինի, Պետրոս լինի, թե ով կլինի, թեկուզ օտարերկրյա կազմակերպություն, եթե ամեն ինչ արված է, բոլորը հաստատել են, պետք է հաստատի համայնքի ղեկավարը»,- նշեց նա։ Համայնքները գնումների գործընթացում հաճախ առաջնորդվում են բացառապես «Գնումների մասին» օրենքով՝ հաշվի չառնելով շահերի բախման ռիսկերի վերաբերյալ այլ իրավական կարգավորումները։ Մենք առանձնացրել ենք այն կարևոր հոդվածները, որոնցում առկա են նման կարգավորումներ։  Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին գրավոր հայտարարություն չներկայացնելը առաջացնում է 300 000 դրամի չափով տուգանք։ Այսպիսով՝ չնայած Աշտարակ համայնքի ղեկավարը պարտավոր էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել շահերի բախման իրավիճակի վերաբերյալ հայտարարություն և ձեռնպահ մնալ այդ հարցի վերաբերյալ գործողություններ կատարելուց,  ավագանու անդամին փոխկապակցված ընկերության հետ վերջին երեք տարվա ընթացքում կնքել է շուրջ 735 մլն դրամի պայմանագիր։ Համայնքի ղեկավարը, սակայն, այդ գնումներում շահերի բախման ռիսկ չի տեսնում։ Իսկ ավագանու անդամն էլ չի հայտարարագրել իր և իր ընտանիքի անդամի մասնակցությունը համայնքային գնումներում հաղթած առևտրային կազմակերպությունում։ Սուսինա Խաչատրյան
16:39 - 13 հունիսի, 2025
ԿԿՀ-ն «Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ է հարուցել»
 |azatutyun.am|

ԿԿՀ-ն «Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ է հարուցել» |azatutyun.am|

azatutyun.am: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մայիսի 15-ին վարույթ է հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ՝ հիմք ընդունելով միջադեպի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։ Մայիսի 7-ին վարչապետն ու Կառավարության անդամները խորհրդարանում պատգամավորների հարցերին էին պատասխանում: Իրավիճակը նիստերի դահլիճում լարվեց, երբ ընդդիմադիր մի քանի պատգամավորներ հարցրեցին՝ ինչո՞ւ են անհետևանք մնում իշխանական տարբեր պաշտոնյաներին առնչվող և կոռուպցիոն կասկած պարունակող մամուլի հրապարակումները: Սրան ի պատասխան վարչապետը հայտարարեց՝ մամուլը դատական իշխանություն չէ, իսկ եթե մամուլի հրապարակումներով առաջնորդվեն, ապա «սաղիդ պտի տանեմ լցնեմ ԱԱԾ-ի պադվալը»։ Վարչապետն ընդդիմադիրներին հորդորեց «վեր ընկնել տեղն» ու «չուտել իր ներվերը», Փաշինյանը նաև նրանց «համբալ»-ով դիմեց։ Ընդդիմությունից վարչապետի պահվածքն ու խորհրդարանի նիստերի դահլիճում հնչեցրած հայտարարությունները սպառնալիք համարեցին՝ չբացառելով, որ կդիմեն իրավապահներին: Ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր տեղեկացրել է, որ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են եղել, մասնավորապես, «համբալ», «վեր ընկի տեղդ, ներվերս չուտես» արտահայտությունները, «ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» սպառնալիքն ու կրկնվող անհարգալից խոսքը: Անկուսակցական պատգամավորը հանձնաժողովից հանրային բաց ու թափանցիկ քննություն է պահանջել։ Գլխավոր դատախազը խորհրդարանում միջադեպը քաղաքական է որակել:
12:22 - 23 մայիսի, 2025
ԿԿՆ-ն հրապարակել է մամուլի հրապարակումների հիման վրա ուսումնասիրության արդյունքները. «Ինֆոքոմի» 9 հոդվածների հիմքով վարույթներ են նախաձեռնվել

ԿԿՆ-ն հրապարակել է մամուլի հրապարակումների հիման վրա ուսումնասիրության արդյունքները. «Ինֆոքոմի» 9 հոդվածների հիմքով վարույթներ են նախաձեռնվել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է 2025 թվականի առաջին եռամսյակում մամուլի հրապարակումների հիման վրա իրականացված ուսումնասիրությունների արդյունքները։ Հաշվետու ժամանակահատվածում (2025 թ.-ի առաջին եռամսյակի և 2024 թ.-ի, որոնց ուսումնասիրությունները շարունակվել են 2025 թ․-ի առաջին եռամսյակում) Հանձնաժողովն ուսումնասիրել է մամուլի 24 հրապարակում, որոնցից 7-ը վերաբերել են շահերի բախմանը, 1-ը՝ վարքագծի կանոններին, 16-ը՝ հայտարարագրերին։  Հանձնաժողովի ուսումնասիրած 24 հրապարակումներից 8-ի հեղինակն «Ինֆոքոմն»  է։ Շահերի բախման վերաբերյալ Հանձնաժողովը ուսումնասիրել է «Ինֆոքոմի» 2 հրապարակում՝ «2 տարում 2․7 միլիարդ դրամի գնում՝ ավագանու անդամի ընկերությունից․ Սևան համայնքի ասֆալտապատման գնումները» և «Շուրջ 135 միլիոն դրամի գնում՝ համայնքապետի ընտանիքին պատկանող ընկերությունից․ Գավառ համայնքի գնումները»։  Հանձնաժողովը 300 հազար դրամի չափով վարչական տույժի է ենթարկել Սևան համայնքի ղեկավարին՝ հիմնվելով համայնքային գնումներում շահերի բախման դեպքերի վերաբերյալ «Ինֆոքոմի» ուսումնասիրության վրա, իսկ Գավառ համայնքի ղեկավարին վարչական տույժի է ենթարկել հայտարարագրում անզգուշությամբ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու համար։  Հայտարարագրման վերաբերյալ հրապարակումների ցանկում են «Ինֆոքոմի»՝ «Ուժային կառույցների ներկայացուցիչները խոշոր նվիրատվություններ են հայտարարագրում, որոնց ծագման աղբյուրը հետագծելի չէ», «2 տարում 2․7 միլիարդ դրամի գնում՝ ավագանու անդամի ընկերությունից․ Սևան համայնքի ասֆալտապատման գնումները», «Նվիրատվություններ ՔՊ-ին՝ չհայտարարագրված եկամուտներից», «Փոխքաղաքապետի կնոջ՝ հայտարարագրված եկամուտներով չհիմնավորվող ծախսը», «Անհամապատասխանություններ Երևանի ավագանու մի շարք անդամների հայտարարագրերում», «Հարկային և մաքսային տեսուչների ստացած նվիրատվությունները հետագծելի չեն. ԿԿՀ-ն նրանց հայտարարագրերը չի ուսումնասիրել», «Դատական իշխանության ներկայացուցիչները խոշոր նվիրատվություններ են հայտարարագրում, սակայն դրանց գումարի ծագման աղբյուրը հետագծելի չէ» հրապարակումները։ Հանձնաժողովը վերոնշյալ հրապարակումների հիման վրա նախաձեռնել է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթներ։ Նշենք, որ լրատվամիջոցների հրապարակումները կարող են դառնալ վարույթ հարուցելու հիմք, եթե պարունակում են կոնկրետ անձի կողմից անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների , վարքագծի կանոնների խախտումների  կամ շահերի բախման դեպքի առերևույթ խախտման հատկանիշներ։ Հրապարակումները կարող են հիմք հանդիսանալ նաև հայտարարագրերի վերլուծության համար։
12:31 - 14 մայիսի, 2025
Վահե Հովհաննիսյանը՝ ընկերություն հիմնելու և հայտարարագրում անտոկոս վարկ ունենալը նշելու մասին
 |1lurer.am|

Վահե Հովհաննիսյանը՝ ընկերություն հիմնելու և հայտարարագրում անտոկոս վարկ ունենալը նշելու մասին |1lurer.am|

1lurer.am: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացնում կամ ուսումնասիրել վերջացրել է (այդ ստատուսի մասին տեղյակ չեմ), այդ ուսումնասիրության շրջանակներում ինձնից պահանջվել են որոշակի պարզաբանումներ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարը՝ անդրադառնալով իր հայտարարագրում ներկայացրած որոշ տվյալների: «Ես տրամադրել եմ ամեն ինչ, ինչ հնարավոր էր, այդ թվում՝ իմ հաշիվների քաղվածքը, ինչ եկամուտներ եմ ունեցել, ինչ ուղղություններով եմ այդ ծախսումներն արել, որտեղ, ըստ էության, երևում են իմ հայտարարագրածի ապացույցները: Եթե որևէ խնդրահարույց հարց լինի, վստահ եմ, որ այդ խնդրահարույց մասերը [պարզաբանում] կստանան»,- ասաց նախարարը: Հարցին էլ՝ հրավիրվե՞լ է հարցաքննության, նախարարն արձագանքեց. «Ես չեմ հրավիրվել որևէ այլ մարմնի կողմից: Ինչքան հասկանում եմ, այդ դատական գործը ոչ թե իմ դեմ էր, այլ դատախազության, որը քրեական հետապնդում չի հարուցել, ենթադրում եմ նաև այն պատճառով, որ այդտեղ հարուցելու որևէ բան չկա»: Այս համատեքստում նախարարն անդրադարձավ նաև անտոկոս վարկ ստանալու մասին խոսակցություններին: Նա տեղեկացրեց, որ 2020 թվականի պատերազմից հետո մի խումբ ընկերներով որոշել են տեխնոպարկ հիմնադրել, որը կմեծացներ Հայաստանի զինվածությունը բարձր տեխնոլոգիական մշակումներ անելու ուղղությամբ: «Որոշեցինք այսպիսի բան հիմնադրել, և իմ ընկերներից մեկը՝ որպես իր մասնակցություն այդ գործընթացում, այդ գումարը ներդրեց այս գործի մեջ, որը ձևակերպեց որպես պարտք, և որոշվեց, որ ես պետք է ղեկավարեմ այդ ընկերությունը: Սա է ամբողջ պատմությունը: Հետո, իհարկե, 2021 թվականի օգոստոսին, երբ Կառավարությունը որոշեց, որ պետք է ստանձնեմ ֆինանսների փոխնախարարի պաշտոնը, ես ստանձնեցի այդ պաշտոնը: Երբ պարզ էր, որ ես այլևս այդ գործունեությամբ չեմ կարող զբաղվել, այդ պարտքը և այդ ընկերությունը ես փոխանցեցի երրորդ անձի, և այդ ընկերությունը, որքանով տեղյակ եմ, արդեն այդ ներդրման ամբողջ ծավալն իրականացրել է և գործունեություն է իրականացնում»,- ասաց նախարարը: Նախարարն անդրադարձավ նաև ընկերության՝ արտոնություն ստանալուն՝ նշելով, որ տեղյակ չի եղել այդ արտոնության պատմությունից, քանի որ վերոնշյալ ընկերությունը սարքավորումներ ներմուծելիս, ինչպես բազմաթիվ այլ ընկերություններ, դիմել է էկոնոմիկայի նախարարություն՝ ներմուծման արտոնություն ստանալու: «Եթե չեմ սխալվում, ապա 50-ից ավելւ ընկերություններ ստացել են այդ արտոնությունը: Այստեղ կառավարությունը հայեցողական որոշում կայացնելու հնարավորություն էլ չունի, որովհետև հստակ սահմանված է, թե ինչ ապրանք ներմուծելու համար ինչ չափով ինչ արտոնություն կարող են ընկերությունները ստանալ: Եթե այդ ընկերությունն այդ արտոնությունը ստանար, դա խախտում կլիներ»,- ասաց նա: Նշենք, որ խոսքը 2021 թվականին նախարարի ստացած 1 մլն դոլար անտոկոս փոխառության մասին է, որը ներառվել էր նրա՝ 2022 թվականի հայտարարագրում, իսկ 2023 թվականի հայտարարագրում նշված չի եղել:
13:07 - 02 մայիսի, 2025
Մասիսի համայնքապետարանը 384 մլն դրամի պայմանագիր է կնքել ավագանու անդամի հոր ու եղբոր ընկերության հետ

Մասիսի համայնքապետարանը 384 մլն դրամի պայմանագիր է կնքել ավագանու անդամի հոր ու եղբոր ընկերության հետ

2022-2024 թվականներին Մասիսի համայնքապետարանը 26 պայմանագիր է կնքել ավագանու անդամների պատկանող կամ նրանց փոխկապակցված ընկերությունների հետ։ Այդ պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 413 մլն դրամ։  2023 թվականի ապրիլի 19-ին Մասիսի համայնքապետարանը 6 չափաբաժնով բաց մրցույթ է հայտարարարել համայնքի տարբեր բնակավայրերում ոռոգման համակարգերի կառուցման և նորոգման աշխատանքներ կատարելու համար։ Չափաբաժիններից մեկով՝ Սայաթ-Նովա և Հայանիստ բնակավայրերում ոռոգման համակարգերի կառուցման և նորոգման աշխատանքների իրականացման համար 384 մլն դրամի պայմանագիր է կնքվել «Էրգիր» բաց բաժնետիրական ընկերության հետ։ Թեև ընկերությունը մասնակցել է ևս մեկ չափաբաժնի մրցույթի, սակայն հաղթել է միայն այս մեկում՝ առաջարկելով մրցակից երեք ընկերություններից ցածր գին։ «Էրգիր» ԲԲԸ-ի 78%-ի բաժնետերը Մասիսում կառավարող՝ ավագանու «Դավիթ Համբարձումյան դաշինք» խմբակցության անդամ Կարեն Արամայիսյանի հայրն է՝ Գագիկ Արամայիսյանը, մնացյալ բաժնեմասն էլ պատկանում է ավագանու անդամի եղբորը՝ Վահե Արամայիսյանին։ Վերջինս նաև ընկերության տնօրենն է։ Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայքէջում նշված կենսագրական տվյալների և Կարեն Արամայիսյանի հայտարարագրի տվյալների համաձայն՝ վերջինս աշխատում է «Էրգիր» ԲԲԸ-ում, ընդ որում՝ հենց պայմանագրի կնքման տարում Արամայիսյանն ընկերությունից եկամուտ է ստացել։ 2023 թվականին, օրինակ՝ որպես աշխատանքի վարձատրություն այս ընկերությունից ստացել է 728 հազար դրամ։ Արամայիսյանը «Ինֆոքոմի» հետ զրույցում հրաժարվեց պատասխանել, թե ինչ աշխատանք է կատարում այդ ընկերությունում և մեկնաբանություն տալ կատարված գնման մասին։  Կարեն Արամայիսյանը նաև իր սեփական ընկերությունն ունի, որը ևս պայմանագրեր է կնքում համայնքապետարանի հետ։ 2018 թվականին Արամայիսյան եղբայրները հիմնադրել են «Բլուր Շին» ընկերությունը, որի սեփականատերը և տնօրենն ավագանու անդամ Կարեն Արամայիսյանն է։ Ընկերությունը մատուցում է բնակելի, հասարակական և արտադրական շենքերի նախագծման և նախագծերի փորձաքննության ծառայություններ։ 2022-2024 թվականների ընթացքում Մասիսի համայնքապետարանը «Բլուր Շին» ընկերության հետ կնքել է 10 պայմանագիր՝ ընդհանուր շուրջ 1 մլն 400 հազար դրամ արժողությամբ։ Ընկերությունը համայնքապետարանին մատուցել է տեխնիկական հսկողության ծառայություններ։Ընդ որում՝ Արամայիսյանը չի հայտարարագրել իր մասնակցությունն այս ընկերությունում։ Համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի՝ պաշտոնատար անձը պետք է հայտարարագրի իր և իր ընտանիքի անդամների մասնակցությունը առևտրային կազմակերպություններում և ներկայացվածությունը դրանց կառավարման մարմիններում։ Բացի համայնքապետի թիմակիցներից համայնքապետարանը գնումներ է կատարել նաև Մասիսում ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու նախկին անդամ Վահե Անտոնյանի «Վէգաս» ընկերությունից։ Նրա հիմնադրած ընկերության հետ համայնքապետարանը կնքել է 15 պայմանագիր, որոնցից 9-ը՝ Անտոնյանի՝ ավագանու անդամի լիազորությունը դադարեցնելուց՝ 2023 թվականի նոյեմբերից հետո։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը գրեթե 28 մլն դրամ է։ Ընկերությունը համայնքային մանկապարտեզների մեծ մասին կես-կես տարի ժամկետով մատակարարել է հաց։  Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը այս ընթացակարգերում շահերի բախում չի տեսնում։ Համբարձումյանը, մեջբերելով Գնումների մասին օրենքը, նշում է, որ հաղթողին ընտրող հանձնաժողովի անդամները և քարտուղարը ստորագրում են շահերի բախման բացակայության մասին հայտարարություն, ինչն էլ և արել են։ Գնումների մասին օրենքի կարգավորումների մասով խնդիր չկա, սակայն, Հանրային ծառայության մասին օրենքն ասում է, որ շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձի մասնավոր շահերն ազդում են կամ կարող են ազդել վերջինիս պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա: Պաշտոն զբաղեցնող անձի մասնավոր շահը ներառում է որևէ արտոնություն իրեն կամ իր հետ փոխկապակցված անձանց, ինչպես նաև այն անձանց կամ կազմակերպություններին, որոնց հետ ինքը կամ իր հետ փոխկապակցված անձն ունի գործարար, քաղաքական կամ այլ գործնական կամ անձնական հարաբերություններ։ Այս պարագայում համայնքապետ Դավիթ Համբարձումյանը և ավագանու անդամ Կարեն Արամայիսյանն ունեն քաղաքական հարաբերություն, քանի որ ավագանու նույն՝ «Դավիթ Համբարձումյան դաշինք» խմբակցությունից են։ Նույն օրենքը նաև սահմանում է, որ եթե վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կողմից կամ նրա մասնակցությամբ իր լիազորությունների շրջանակում գործողության կատարումը (անգործությունը) կամ որոշման ընդունումը կարող է հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման, ապա պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է այդ մասին գրավոր հայտարարություն ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որն առաջարկում է ձեռնարկել իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր, այդ թվում՝ հանդես գալ կոնկրետ իրավիճակում շահերի առկայության մասին հայտարարությամբ: Սակայն Համբարձումյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով շահերի բախման մասին հայտարարություն չի ներկայացրել։ «Շահերի բախման առկայության պարագայում մենք կձեռնարկեինք օրենսդրությամբ սահմանված միջոցները»,- մեր հարցման ի պատասխան ասել է Համբարձումյանը։ «Ինֆոքոմի» մի շարք այլ համանման հրապարակման հիման վրա, օրինակ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական տույժի է ենթարկել Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանին, Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանին, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին։  Այսպիսով, Մասիսի համայնքապետարանը խոշոր պայմանագրեր է կնքել ավագանու անդամին և նրա ընտանիքի անդամներին պատկանող ընկերության հետ, իսկ համայնքապետ Դավիթ Համբարձումյանն այստեղ շահերի բախման վտանգ չի տեսել և օրենքով սահմանված կարգով չի տեղեկացրել Կոռուպցիայի Կանխարգելման հանձնաժողովին։    Հեղինակ՝ Լիլիթ Գրիգորյան
19:51 - 21 ապրիլի, 2025
Արթիկ համայնքը 3 տարում 358 միլիոն դրամի գնում է կատարել ավագանու անդամի հոր ընկերությունից

Արթիկ համայնքը 3 տարում 358 միլիոն դրամի գնում է կատարել ավագանու անդամի հոր ընկերությունից

Արթիկի համայնքապետարանը 2022-2024 թվականներին շուրջ 358 միլիոն դրամի գնման պայմանագիր է կնքել նույն համայնքի ավագանու անդամի հոր ընկերության հետ։  Արթիկ համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Տիգրան Բաղդասարյանի հայրը՝ Վահագն Բաղդասարյանը, 1997 թվականին հիմնադրել է «Ճանշին» Փակ բաժնետիրական ընկերությունը և մինչ օրս հանդիսանում է դրա սեփականատերն ու տնօրենը։  «Ճանշին» ՓԲԸ-ն Արթիկ համայնքի գնումներին սկսել է մասնակցել և հաղթել դեռ 2017 թվականից՝ մինչև Տիգրան Բաղդասարյանի ավագանու անդամ դառնալը։  Միայն 2022-2024 թվականներին, երբ Տիգրան Բաղդասարյանն արդեն ընտրված ավագանու անդամ էր, ընկերությունը մասնակցել է 10 գնման ընթացակարգի, որից 8-ում հաղթել է։ Ընդհանուր առմամբ, այս ընկերության հետ կնքված պայմանագրերի գինը կազմել է այդ տարիներին համայնքի՝ ճանապարհաշինությանն ուղղված գնումների գումարների 40%-ը կամ 904 միլիոն դրամից 358 մլն դրամը։ «Ճանշին» ՓԲԸ-ի հետ ամենախոշոր՝ 73 միլիոն դրամի պայմանագիրը կնքվել է 2022 թվականի նոյեմբերին․ Արթիկ քաղաքի Տուֆագործներ փողոցի ասֆալտապատման աշխատանքների համար համայնքը բաց մրցույթ է հայտարարել, որի 5 մասնակիցներից հաղթող է ընտրվել «Ճանշին» ՓԲԸ-ն։  Այս ընկերության հետ վերջին պայմանագիրը կնքվել է 2024 թվականի օգոստոսին։ Ըստ հայտարարված մրցույթի՝ հաղթող մասնակիցը պետք է իրականացներ Արթիկի 14 բնակավայրերի փողոցների սալապատման աշխատանքներ։ Աշխատանքներն իրականացնելու համար իրականացվել է գնանշման հարցում և «Ճանշին» ՓԲԸ-ն 14 չափաբաժնից 2-ով հաղթող մասնակից է ընտրվել։ Աշխատանքներն իրականացնելու համար ընկերության հետ կնքվել է ընդհանուր 58 մլն դրամի պայմանագիր։  Այս թեմայով հարցեր էինք ուղղել Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանին, այդ թվում խնդրել էինք պատասխանել՝ արդյոք համայնքապետը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տեղեկացրե՞լ է իր գործողությունների արդյունքում շահերի բախման իրավիճակի առաջացման մասին։ Համայնքապետն այս գլխավոր հարցն անպատասխան է թողել՝ նշելով միայն, որ մրցույթին մասնակցել են մի քանի ընկերություններ, և հաղթել է ամենացածր գին ներկայացրած ընկերությունը: Ըստ համայնքապետի՝ ընթացակարգերի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, այդ թվում շահերի բախման բացակայության մասին արձանագրությունը հրապարակված են Ֆինանսների նախարարության՝ Գնումների էլեկտրոնային հարթակում։ Վերոնշյալ արձանագրությունները, սակայն, ներկայացվում են ընթացակարգը գնահատող հանձնաժողովի անդամների կողմից։ Մինչդեռ մեր հարցը վերաբերում էր այն իրավիճակին, որ համայնքապետը, որպես պատվիրատուի ղեկավար, պետք է մինչև որոշում ընդունելը կամ գործողություն կատարելը շահերի բախմանը վերաբերող հանգամանքների, տվյալ դեպքում՝ նույն խմբակցության ավագանու անդամի հոր ընկերության հետ պայմանագիր կնքելու մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացներ գրավոր հայտարարություն։   Տեխհսկողություն իրականացրած ԱՁ-ի կասկածելի գնառաջարկը 2022-2024 թվականներին Արթիկ համայնքում իրականացված ասֆալտապատման աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացրել է «Վահրամ Կնյազյան» անհատ ձեռնարկատերը։ Այս ԱՁ-ն տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություններ մատուցելու՝ ավելի քան 22 միլիոն դրամ ընդհանուր արժեքով 30 պայմանագիր է կնքել համայնքի հետ, որոնցից 15-ի դեպքում վերահսկել է ճանապարհաշինարարական աշխատանքները։ Այս մրցույթների գնահատող հանձնաժողովների անդամների և Վահրամ Կնյազյանի տվյալներն ուսումնասիրելիս պարզեցինք, որ վերջինիս եղբոր կինը՝ Արփինե Փանոյանը, և հանձնաժողովի անդամներից մեկը՝ Մարիամ Փանոյանը, զարմուհիներ են։ Չնայած այս բարեկամական կապը չի դասվում գնահատող հանձնաժողովի անդամների՝ որոշումներին մասնակցությունը սահմանափակող ազգակցական կամ խնամիական կապերի շարքին, սակայն Ֆինանսների նախարարությունից պարզաբանեցին, որ եթե բացահայտվի, որ նման իրավիճակում եղել է տնտեսական շահ, ապա դա կհամարվի խախտում, ու դրանով արդեն պետք է զբաղվի Գլխավոր դատախազությունը։ Ի թիվս վերոնշյալ պայմանագրերի, Արթիկ համայնքը «Վահրամ Կնյազյան» ԱՁ-ի հետ 2023թ․ կնքել է մի պայմանագիր, համաձայն որի՝ ԱՁ-ն ընդամենը 10 հազար դրամով պետք է իրականացներ Արթիկի փողոցներում «Ճանշին» ՓԲԸ-ի՝ շուրջ 50 մլն դրամ արժեցող վերանորոգման և ասֆալտապատման աշխատանքների տեխհսկողությունը։   Տեխհսկողության աշխատանքների նախահաշվային գինը, սակայն, առաջին չափաբաժնի դեպքում եղել է 673 հազար, երկրորդ չափաբաժնի դեպքում՝ 345 հազար դրամ։ Մրցույթին մասնակցել է երկու ընկերություն, սակայն դրանց գնառաջարկների տարբերությունն առնվազն տարօրինակ է․ առաջին մասնակիցը՝ «Տեխ․ հսկողություն թիվ 1» ՍՊԸ-ն, առաջին չափաբաժնի համար ներկայացրել է՝ 429 հազար դրամ, իսկ 2-րդ չափաբաժնի համար՝ 221 հազար դրամ գնառաջարկ։ Իսկ երկրորդ մասնակիցը՝ «Վահրամ Կնյազյան» ԱՁ-ն, երկու չափաբաժինների դեպքում էլ առաջարկել է աշխատանքներն իրականացնել ընդամենը 5000-ական դրամով։  Այս առաջարկը ոչ միայն ցածր է նախահաշվային գնի համեմատ, այլ նաև հարցեր է առաջացնում աշխատանքի իրականացման որակի վերաբերյալ․ Ըստ տեխառաջադրանքի՝ ընկերությունը պետք է իրականացներ տեխնիկական հսկողությունը նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա և ապահովեր փոսորակների վերանորոգման և ասֆալտապատման աշխատանքների  իրականացումը անհրաժեշտ որակով և պայմանագրային փաստաթղթերին համապատասխան։ Հսկողության շրջանակում ընկերությունը պետք է պարբերաբար լուսանկարեր աշխատանքների  վիճակը, ապահովեր կատարվող աշխատանքների համապատասխանությունը պայմանագրի պայմաններին, շինարարական նորմերին և կանոններին, պայմանագրային պարտավորությունների կատարման շեղում հայտնաբերելուց անհապաղ տեղեկացներ պատվիրատուին, ստուգեր և վերահսկեր   շինարարական աշխատանքների որակը և ընթացքը, կատարեր որակի և քանակի ամենօրյա հսկում՝ համապատասխան նշում կատարելով մատյանում և այլն։  Համայնքապետարանից խնդրեցինք տրամադրել աշխատանքների ընթացքում կատարված լուսանկարները։ Մեր հարցմանն ի պատասխան՝ համայնքապետարանից տրամադրեցին որոշ լուսանկարներ, նաև նշեցին, որ դրանք հրապարակված են համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում (1,2,3):   Համայնքապետարանից մենք, իհարկե, հետաքրքրվեցինք, թե այդ ինչպես է ԱՁ-ի հետ կնքվում ընդհանուր 10 հազար դրամանոց պայմանագիր, երբ կատարված աշխատանքների նախահաշվային գինը 100-ապատիկ ավելի է եղել։  Համայնքապետարանից պատասխանեցին, որ «աշխատանքների կատարման որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների իրականացնելու գումարը սահմանում է նախագծող կազմակերպությունը՝ աշխատանքների կատարման նախահաշվային գումարի 2% տոկոսի սահմաններում: [․․․] Վահրամ Կնյազյան ԱՁ-ն ներկայացրել է հրավերի պահանջներով և գնումների մասին օրենքով սահմանված կարգով բոլոր փաստաթղթերը և ստացել ամենաբարձր գնահատական (ՄԳ) ինչը վկայում է, որ ունի տվյալ փորձառությունը և կարող իրականացնել որակյալ տեխնիկական հսկողություն ասֆալտապատման աշխատանքների կատարման ծառայությունների մատուցման»։ (Համայնքապետարանի պատասխանի նշյալ հատվածը ներկայացվել է առանց ուղղումների,- հեղ․) Համայնքապետարանի այս պատասխանից ենթադրվում է, որ եթե, օրինակ, ասֆալտապատման աշխատանքն արժե 50 մլն դրամ, ապա հսկողության արժեքը կարող է լինել մինչև 1 մլն դրամ։  Հարց է առաջանում՝ իսկապե՞ս հնարավոր է ընդամենը 10 հազար դրամով պատշաճ վերահսկել 50 մլն դրամ արժողությամբ ասֆալտապատման աշխատանքների որակը։ Այս հարցի պատասխանը գտանք դատարանի որոշման մեջ։   Դատարանն անվավեր է ճանաչել մրցույթի արդյունքները՝ արձանագրելով ընթացակարգային և օրենսդրական խախտումներ Մրցույթի արդյունքների հրապարակումից երկու շաբաթ անց «Տեխ. հսկողություն թիվ 1» ՍՊ ընկերությունը դատարանում վիճարկել է Արթիկի համայնքապետարանի անցկացրած մրցույթի արդյունքները, որոնց համաձայն հաղթող էր ճանաչվել Վահրամ Կնյազյան ԱՁ-ն։ «Տեխ. հսկողություն թիվ 1» ՍՊ ընկերությունը  պնդել է, որ մրցույթի ժամանակ խախտվել են մի շարք նորմեր, և գործընթացը չի եղել արդար ու թափանցիկ։ Ըստ ընկերության՝ Հանձնաժողովը մրցույթի երկու չափաբաժիններով էլ հաղթող է ճանաչել Վահրամ Կնյազյանի ԱՁ-ին, որը երկու դեպքում էլ առաջարկել է ընդամենը 5000 դրամ։ Ըստ ընկերության՝ այդ գնով որակյալ հսկողություն ապահովելը պարզապես անհնար է։ «․․․ ակնհայտ է դառնում, որ առաջարկված 5000 դրամ գինը ողջամիտ չէ և չի կարող 5000 դրամով նույն որակով մատուցվել այն ծառայությունը, որի իրական արժեքը բարձր է առաջարկվող գնից 99 տոկոսով։ Հանձնաժողովի համար նշված գները որևէ կասկած ևս չեն հարուցել: Իսկ թե ինչու էր Հանձնաժողովը շահագրգիռ որպեսզի «Վահրամ Կնյազյան» Ա/Ձ հաղթեր այս ընթացակարգում մնում է միայն ենթադրել»,- նշված է ընկերության դիրքորոշման մեջ (նշյալ հատվածը ներկայացվել է առանց ուղղումների,- հեղ․)։ Ըստ հայցվորի՝ Հանձնաժողովը, խախտելով «Գնումների մասին» օրենքի պահանջները, հրավերի պահանջների չհապամատասխանելու հիմքով ոչ միան չի մերժել «Վահրամ Կնյազյան» ԱՁ-ի հայտը, այլև այդ հայտը բավարար գնահատելով՝ ճանաչել է երկու չափաբաժիներով ընտրված մասնակից:  «Նման պայմաններում, ակնհայտ է, որ պատասխանողի կողմից, ի դեմս վերջինիս անունից գործող ընթացակարգի հանձնաժողովի, թույլ է տրվել գնումների օրենսդրության խախտում, օբյեկտիվորեն չի գնահատվել մասնակիցների հայտերը, որի արդյունքում խախտվել է հավասար պայմաններում մրցակցության և ոչ խտրական հիմունքներով ընթացակարգը կազմակերպելու սկզբունքները»,- նշել է «Տեխ. հսկողություն թիվ 1» ՍՊԸ-ն։ Պատասխանողը՝ Արթիկի համայնքապետարանը, իր դիրքորշման մեջ անդրադարձել է միայն վաղեմության ժամկետներին՝ նշելով, որ հայցադիմումը ներկայացվել է մի քանի օր ուշ, և դատարանին խնդրել է հայցը մերժել։ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն Արթիկի համայնքապետարանի այս միջնորդությունը մերժել է՝ գտնելով, որ հայցը ներկայացվել է հիմնավոր պատճառներով՝ չնայած բողոքարկման ժամկետի խախտմանը։ Դատարանը, մանրամասն ուսումնասիրելով Արթիկի համայնքապետարանի կազմակերպած մրցույթի փաստերը, արձանագրել է, որ «Հանձնաժողովը «Վահրամ Կնյազյան» Ա/Ձ-ի կողմից առաջարկվող գնի հաշվարկ չներկայացնելու պայմաններում վերջինիս հայտը բավարար գնահատելով և ընտրված մասնակից ճանաչելով խախտել է նաև մասնակիցների միջև հավասարության պահպանման սկզբունքը, հետևաբար Հայցվորի պնդումներն այս մասով ևս հիմնավոր են»։ Դատարանը որոշել է, որ ՇՄԱՀ-ԳՀԽԾՁԲ-23/24 ծածկագրով գնանշման հարցման մրցույթի արդյունքները, որոնցով Վահրամ Կնյազյան ԱՁ-ն ճանաչվել էր հաղթող երկու բաժիններով, պետք է անվավեր ճանաչվեն։ Արթիկի համայնքապետարանը բողոքարկել է դատարանի այս վճիռը, սակայն Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է Արթիկ համայնքի վերաքննիչ բողոքը և անփոփոխ թողել Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վճիռը՝ ևս մեկ անգամ արձանագրելով, որ Հանձնաժողովը պարտավոր էր հայտն անբավարար գնահատել և այն մերժել, ինչը չի արել։ Հատկանշական է, որ Արթիկի համայնքապետարանը մրցույթի մասին մեր հարցմանը պատասխանելիս չի էլ հիշատակել դատարանում քննված գործի մասին, դեռ ավելին՝ պնդել է, որ Վահրամ Կնյազյան ԱՁ-ի առաջարկը համապատասխանել է սահմանված պահանջներին Սա համայնքային թափանցիկության և հանրային հաշվետվողականության խնդիր է․ Արթիկի համայնքապետարանը ոչ միայն անցկացրել է մրցույթ, կնքել է պայմանագիրը և թույլ տվել աշխատանքների իրականացում՝ խախտումներով ներկայացված հայտի հիման վրա, այլև դրանից հետո չի կատարել դատարանի վճիռը և հանրությանը չի տեղեկացրել դատական գործընթացի մասին։    Ավագանու անդամը չի հայտարարագրել հոր ընկերության մասնակցությունը՝ չնայած օրենքի պահանջին Արթիկ համայնքի պաշտոնական կայքէջից և Արթիկի ավագանու անդամ Տիգրան Բաղդասարյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա նաև «Ճանշին» ՓԲԸ-ի փոխտնօրենն է։  Օրենքը սահմանում է, որ պաշտոնատար անձը պետք է հայտարարագրի իր և իր ընտանիքի անդամների մասնակցությունը առևտրային կազմակերպություններում և ներկայացվածությունը դրանց կառավարման մարմիններում։ Սակայն, Տիգրան Բաղդասարյանի ներկայացրած հայտարարագրերում (2022 և 2023) առկա չեն նշումներ ոչ իր՝ ընկերությունում փոխտնօրեն լինելու մասին, ոչ էլ իր հոր՝ «Ճանշին» ՓԲԸ-ում մասնակցության մասին տվյալները։ Մեր հարցին, թե ինչու նա չի հայտարարագրել այս փաստը, Տիգրան Բաղդասարյանը պատասխանեց, որ դա զուտ տեխնիկական խնդիր է։ «Ինչ-որ դիտավորյալ հարց չկա, բոլորն էլ գիտեն, որ 30 տարուց ավելի է ընկերությունն իմ հորն է պատկանում։ Տեխնիկական խնդիր է եղել երևի»։   Ի՞նչ որոշումներ ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ համանման դեպքերի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շահերի բախման մասին նախկինում իր կայացրած որոշումներում (1,2,3,) արձանագրել է, որ որևէ ձևով դրսևորված փոխկապակցվածության դեպքում տվյալ պաշտոնյան մինչև որոշում ընդունելը կամ գործողություն կատարելը պարտավոր է շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին Հանձնաժողովին գրավոր հայտարարություն ներկայացնել:  Ավագանու անդամ Տիգրան Բաղդասարյանը և համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը ՔՊ կուսակցության և ավագանու համանուն խմբակցության անդամ են։ Ի պաշտոնե լինելով համայնքային գնումներում պատվիրատուի ղեկավար՝ Անանիկ Ոսկանյանը ընթացակարգերում շահերի բախման իրավիճակի՝ համայնքային գնումներում իր խմբակցության ավագանու անդամի հոր ընկերության մասնակցության վերաբերյալ պետք է գրավոր հայտարարություն ներկայացներ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից մեզ պատասխանեցին, որ  «Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանի կողմից 2022-2024 թվականներին շահերի բախման իրավիճակների վերաբերյալ գրավոր հայտարարություններ Հանձնաժողով չեն ներկայացվել»:  Նշենք, որ ավագանու անդամ Տիգրան Բաղդասարյանը նույնպես շահերի բախում չի տեսնում իր հոր ընկերության՝ համայնքային գնումներին մասնակցության մեջ։  «Ընդհանրապես շահերի բախում չի կարող լինել, որովհետև ընտրությունը լինում է արդար։ Մրցույթներ կան, որ «Ճանշին» ՓԲԸ-ն 25 %, 30 % գնիջեցումով հաղթում է։ Ընկերությունը տարեկան ընդամենը երկու երեք տենդերների է մասնակցում, այնպես չէ, որ շատ է մասնակցում։ էլեկտրոնային տարբերակով է մրցակցությունը, էնտեղ ի՞նչ շահերի բախում կարող է լինել»,- նշեց նա։ Համայնքները գնումների գործընթացում հաճախ առաջնորդվում են բացառապես «Գնումների մասին» օրենքով, հաշվի չառնելով շահերի բախման ռիսկերի վերաբերյալ այլ իրավական կարգավորումները։ Մենք առանձնացրել ենք այն կարևոր հոդվածները, որոնցում առկա են նման կարգավորումներ։      Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին գրավոր հայտարարություն չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ 300 000 դրամով։ Այսպիսով՝ չնայած նրան, որ Արթիկ համայնքի ղեկավարը պարտավոր էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել շահերի բախման իրավիճակի վերաբերյալ հայտարարություն և ձեռնպահ մնալ այդ հարցի վերաբերյալ գործողություններ կատարելուց,  ավագանու անդամին փոխկապակցված ընկերության հետ վերջին երեք տարվա ընթացքում կնքել է 358 մլն դրամի պայմանագիր։ Համայնքի ղեկավարը, սակայն, այդ գնումներում շահերի բախման ռիսկ չի տեսնում։ Իսկ ավագանու անդամն էլ չի հայտարարագրել իր ընտանիքի անդամի մասնակցությունը համայնքային գնումներին մասնակցած առևտրային կազմակերպությունում։   Հեղինակ՝ Սուսինա Խաչատրյան
20:29 - 16 ապրիլի, 2025
ԿԿՀ-ն «Ինֆոքոմի» հրապարակման հիման վրա վարչական տույժ է կիրառել Քաջարանի համայնքապետի նկատմամբ

ԿԿՀ-ն «Ինֆոքոմի» հրապարակման հիման վրա վարչական տույժ է կիրառել Քաջարանի համայնքապետի նկատմամբ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական տույժի է ենթարկել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին՝ հիմք ընդունելով  համայնքային գնումներում շահերի բախման դեպքերի վերաբերյալ «Ինֆոքոմի» հրապարակումը։ «Ինֆոքոմը» ուսումնասիրել էր 2022-2024 թվականներին Քաջարան համայնքի կատարած գնումները և հայտնաբերել, որ համայնքապետարանն այդ թվականներին շուրջ 700 մլն դրամի պայմանագիր է կնքել համայնքապետ Մանվել Փարամազյանի կնոջ՝ Լիլիթ Դավթյանի մասնակցությամբ ընկերության հետ։ 2024 թվականի հուլիսին կնքված պայմանագրով «Աժդանակ» ընկերությունը մեկ տարում մանկապարտեզ պետք է կառուցի համայնքում։ Պայմանագրի գինը 543 մլն դրամ է։ Ընկերության հետ ևս երկու պայմանագիր կնքվել է 2022 թվականին։  «Աժդանակ» ընկերության 40% բաժնետերը «Տրամպ» ՍՊԸ-ն է, որի սեփականատերը Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի կինն է։ Ընկերության 9%-ի բաժնետերը և նախկին տնօրենն Արտակ Համբարձումյանն է՝ Քաջարան համայնքի կառավարող «Դեպի միասնություն դաշինք» խմբակցության ավագանու անդամ Կարեն Համբարձումյանի եղբայրը։ Ընկերության 51% բաժնեմասն էլ պատկանում է Արտակ Համբարձումյանի հիմնադրած «Գար գրուպ» ՍՊԸ-ին։ Արտակ Համբարձումյանը, սակայն, ներկայումս «Գար գրուպ» ՍՊԸ-ի բաժնետեր չէ։ Հանձնաժողովն արձանագրել է, որ Մանվել Փարամազյանին փոխկապակցված անձը՝ կինը, պայմանագրի կնքման պահին գործարար կամ այլ գործնական հարաբերությունների մեջ է գտնվել ընկերության հետ, հետևաբար ընկերության հետ Մանվել Փարամազյանի կողմից պայմանագիր կնքելն առերևույթ կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման, որի մասին Մանվել Փարամազյանը պարտավոր էր Հանձնաժողով հայտարարություն ներկայացնել, ինչը չի արել:  Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ Մանվել Փարամազյանը իր պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման համար չի ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան գործողություններ, որպեսզի չհայտնվի շահերի բախման իրավիճակում կամ հայտնվելու դեպքում առաջնորդվի օրենքով նախատեսված կանխարգելման ընթացակարգերով։ Այն, որ մանկապարտեզի կառուցման համար հայտարարված մրցույթին մասնակցության հայտ ներկայացրել է միայն «Աժդանակ» ՍՊԸ-ն, Հանձնաժողովը չի համարում գրավոր հայտարարություն ներկայացնելու պարտավորությունից ազատող հանգամանք: Այսպիսով, Մանվել Փարամազյանը ենթարկվել է վարչական տույժի՝ 300 հազար դրամի չափով։  «Ինֆոքոմը» համայնքային պաշտոնյաներին փոխկապակցված անձանցից գնումների մի շարք դեպքեր է հայտնաբերել նաև Ստեփանավան, Սևան և Գավառ համայնքներում։ Ստեփանավան և Սևան համայնքների վերաբերյալ նյութերի հիման վրա Հանձնաժողովը նույնաբնույթ տույժեր է կիրառել համայնքապետերի նկատմամբ։    Լիլիթ Գրիգորյան
13:25 - 16 ապրիլի, 2025
596 մլն դրամ նվիրատվություն՝ համայնքային պաշտոնյաներին

596 մլն դրամ նվիրատվություն՝ համայնքային պաշտոնյաներին

2023 թվականին Հայաստանի մարզային համայնքների 20 պաշտոնյա՝ ընդհանուր 596 մլն դրամի 31 նվիրատվություն է ստացել 30 նվիրատուներից: «Ինֆոքոմը» նույնականացրել է 30 նվիրատուներից 18-ին և գտել նրանց կապը պաշտոնյաների հետ։ 596 մլն դրամից 595 մլն-ը համայնքային պաշտոնյաները ստացել են գումարի տեսքով, իսկ 1․2 մլն-ը՝ բնամթերային ձևով։ Նվիրատվություն ստացած համայնքային պաշտոնյաների թվում համայնքի ղեկավարներ են, ավագանու անդամներ, համայքի ղեկավարի տեղակալներ և աշխատակազմի քարտուղարներ։ Գումարային արտահայտությամբ ամենամեծ նվիրատվությունները պաշտոնյաները ստացել են քույրերից և եղբայրներից՝ 324 մլն դրամ։ Նրանցից հետո ամենախոշոր նվիրատուները ծնողներն են՝ շուրջ 120 մլն դրամ։ Մոտ 33.4 մլն դրամի նվիրատվություններ պաշտոնյաները ստացել են անձանից, ում հետ ունեցած կապը պարզել չի հաջողվել: Ամենամեծ չափով նվիրատվությունը՝ 305 մլն 688 հազար դրամ, ստացել է Աշտարակ համայնքի ավագանու անդամ Գնել Սուքիասյանը։ Նվիրատուն եղբայրն է՝ Տիգրան Սուքիասյանը։ Տիգրան Սուքիասյանը եղբոր հետ համատեղ չի բնակվում, հետևաբար եղբայրը ընտանիքի անդամի հայտարարագիր չի ներկայացնում, ուստի  հնարավոր չէ պարզել, թե որտեղից է գոյացել նշված գումարը։  Եղբոր կատարած նվիրատվությունները եղել են Գնել Սուքիասյանի հայտարարագրած միակ եկամուտը։ Ավելին՝ նախորդ տարիներին ևս նա եկամուտ չի հայտարարագրել։ Բացի այդ՝ Գնել Սուքիասյանի հայտարարագրերում կան բազմաթիվ անհամապատասխանություններ՝ այդ թվում այն, որ նրա հայտարարագրած դրամական միջոցներն ու եկամուտը չեն հիմնավորում այն ծախսերը, որոնք նա կատարել է։  Գնել Սուքիասյանին հարցրել էինք, թե ինչ նպատակով է ստացել այդ նվիրատվությունները և ինչպես կպարզաբանի հայտարարագրում տեղ գտած անհամապատասխանությունները։ Նա չպատասխանեց հարցերին, միայն նշելով, որ ոչ մի նվիրատվություն չի ստացել։ Աբովյան համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Արթուր Մովսիսյանը 98 մլն դրամ է նվիրատվություն է ստացել հորից՝  Գառնիկ Մովսիսյանից։ Արթուր Մովսիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հոր՝ իրեն կատարած նվիրատվությունը նա օգտագործել է հողատարածքներ գնելու նպատակով, իսկ հայրն այդ գումարը վարկ է վերցրել։  Վերջինս նույնպես հայտարարատու չէ, քանի որ որդու հետ համատեղ չի բնակվում։ Գառնիկ Մովսիսյանը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրենն է 2022 թվականից։ Նա նաև «Սամսար» և «Աժնարեկ» ՍՊ ընկերությունների 100 տոկոս բաժնետեր է։ Երրորդ ամենախոշոր նվիրատվություն ստացած պաշտոնյան Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանն է։ Նա 43 մլն դրամ նվիրատվություն է ստացել իր հորաքրոջ տղայից՝ Արմեն Եղյայանից, ինչպես նաև 10 մլն դրամ հորից՝ Մնացական Սարգսյանից։ Ըստ Գարիկ Սարգսյանի, նա իր հարազատներից ստացած գումարով ձեռք է բերել հասարակական նշանակության 2 անշարժ գույքերի 1/4 բաժնեմասերը։ Այս թեմայի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ «Ինֆոքոմում» հրապարակված հոդվածում: Պաշտոնյաները նվիրատվություններ ստացել են տարբեր արժույթներով՝ դրամ, ռուսական ռուբլի, ԱՄՆ դոլար և եվրո։  2023 թվականին 31 նվիրատուներից միայն 6-ն են եղել հայտարարատու։ Մենք ուսումնասիրել ենք պաշտոնյաներին նվիրատվություն կատարած անձանց հայտարարագրերը և պարզել, որ հայտարարատու 5 նվիրատուներից 3-ը չեն հայտարարագրել կատարած նվիրատվությունը։  Իջևան համայնքի ավագանու անդամ Վահան Ղազումյանը 5․5 մլն դրամի նվիրատվություն է ստացել քրոջից և մորից։ Ոչ մայրը, ոչ քույրը չեն հայտարարագրել իրենց կատարած նվիրատվությունները։ Պաշտոնյաներից մեկն էլ նվիրատվություն է ստացել արտասահմանյան մի ընկերությունից․ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը 2023 թվականին 19,5 մլն դրամ է ստացել Twins Buick Gmc-ից, որը ԱՄՆ-ում ավտոմեքենաների վաճառքով զբաղվով ընկերություն է։ Թե ինչու է ամերիկյան մի ընկերություն նվիրատվություն արել, փորձեցինք ճշտել հենց համայնքապետից։ Համայնքապետի արձակուրդում գտնվելու պատճառով՝ մեր հարցերին պատասխանեց Թալինի համայնքապետի ներկայացուցիչ Էդգար Խաչատրյանը, ըստ որի՝ Twins Buick Gmc ընկերության հիմնադիր տնօրենը Տիգրան Սաֆարյանն է, Տավրոս Սափեյանի մտերիմ ընկերը, որ արմատներով Թալինցի է, և այժմ բնակվում է ԱՄՆ-ում։։ «Մինչ Սափեյանի համայնքապետ դառնալը նրանք իրար ճանաչել են, մտերիմ ընկերներ են եղել։ Տիգրանը Թալինի պատվավոր քաղաքացի է, քաղաքի համար շատ լավ բաներ ունի արած, և որպես ընկեր նվիրատվություն է արել իր ընկերոջը, սակայն նվիրատվությունը ձևակերպվել է իրավաբանական անձի անունով։ Մենք այս հարցով պարզաբանում ենք ներկայացրել ԿԿՀ»։  Այն հարցին, թե արդյոք խնդիր չեք տեսնում, որ իրավաբանական անձն է նման նվիրատվություն անում՝ հիմնադրի անունից, Էդգար Խաչատրյանը նշեց, որ «միանշանակ ճիշտ կլիներ, եթե ընկերոջից ընկեր լիներ նվիրատվությունը, այսքան հարցեր էլ չէին ծագի, միգուցե փաստաթղթային հարցերն ավելի հեշտ են լուծվել այս եղանակով, հստակ չեմ կարող ասել»։  Այս մասին հարցրինք նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ըստ որի Հանձնաժողովն այս դեպքը քննության է առել նվերների ընդունման սահմանափակումների և շահերի բախման կարգավորումների լույսի ներքո: «Ներկայացված պարզաբանման հիման վրա Հանձնաժողովը Տ․ Սափեյանի կողմից նվերների ընդունման սահմանափակման և (կամ) շահերի բախման կարգավորումների առերևույթ խախտման հիմքեր չի արձանագրել»,- նշված է պատասխանում։ Այս մասին դեռ 2024 թվականի մայիս ամսին գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, որի հրապարակման հիման վրա Հանձնաժողովն ուսումնասիրություն էր նախաձեռնել։  Ըստ Հանձնաժողովի՝ համայնքի ղեկավարի և նվիրատուի միջև կապի բնույթը և հրապարակման մեջ շրջանառվող տեղեկությունները ողջամիտ կասկած են հարուցել, որ կատարված արարքները առերևույթ կարող են պարունակել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված կոռուպցիոն հանցագործության հատկանիշներ, ինչով պայմանավորված՝ 2024 թվականի հուլիսի 23-ին Հանձնաժողովը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն:  Գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ այդ դիմումի հիման վրա քրեական վարույթ չի նախաձեռնվել, որի օրինականությունը ստուգվել է հսկող դատախազի կողմից։ Իսկ Հանձնաժողովը քրեական վարույթ չնախաձեռնելու դեմ որևէ բողոք չի ներկայացրել։ Նվիրատվություններ ստանալը պարբերական բնույթ է կրում համայնքային մի շարք պաշտոնյաների դեպքում․ ոմանք նվիրատվություններ են ստացել ոչ միայն 2023-ին, այլև նախորդ 2 տարիներին։ Օրինակ Նոր Հաճն համայնքի ավագանու անդամ Արտյոմ Գևորգյանը 2022-ին ստացել է 6․7 մլն դրամ, իսկ 2023-ին՝ 10․6 մլն դրամ՝ քրոջից։  Վանաձոր համայնքի ավագանու անդամ Ժակլին Հեքիմյանը 2021-ին ստացել է 3․4 մլն դրամ նվիրատվություն, իսկ 2023-ին՝ 3 նվիրատվություն՝ ընդհանուր 7.5 մլն դրամ։  Իջևան համայնքի ավագանու անդամ Վահան Ղազումյանը 2022-ին ստացել է 7 նվիրատվություն՝ ընդհանուր շուրջ 20 մլն դրամ։ Իսկ 2023-ին ստացել է 2 նվիրատվություն։ Պաշտոնյայի մայրը՝ Սեդա Օղդյանը 1․5 մլն դրամ է նվիրել որդուն, որը համարժեք է 2023 թվականին հայտարարագրած իր միակ եկամտին։ Պաշտոնյայի քույրը՝ Աննա Ղազումյանը նույնպես՝ 2023-ին հայտարարագրած իր միակ եկամտի՝ 4 մլն դրամի չափով նվիրատվություն է կատարել եղբորը։ Նշենք, որ պաշտոնյայի մայրն ու քույրը նաև 2022 թվականին նվիրատվություն կատարած 7 նվիրատուների ցանկում են։  Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Սարիբեկյանը 2022-ին 3 նվիրատվություն է ստացել՝ ընդհանուր 2.2 մլն դրամ։ 2023-ին նույնպես 3 նվիրատվություն է ստացել՝ ընդհանուր 1․8 մլն դրամ։ 3 նվիրատուներից 2-ը նրա հարազատներն են։ Փարաքար համայնքից մեկ այլ ավագանու անդամ Վալոդյան Գրիգորյանը 2023-ին 30 մլն դրամ է նվիրատվություն է ստացել, իսկ 2022-ին՝ 50 մլն դրամ։ Պաշտոնյայի ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ երկու նվիարտվություններն էլ Վալոդյա Գրիգորյանը ստացել է Արծրուն Գալստյանից։ Ի՞նչ ռիսկեր է պարունակում պաշտոնյաների՝ խոշոր նվիրատվությունների ստացումը Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) հանրային կառավարման գծով խորհրդատու Արմեն Խուդավերդյանը նշում է, որ նվիրատվությունները կարող են պարունակել տեսական ռիսկեր, ուստի անհրաժեշտություն կա բոլոր իրավիճակները մանրամասն ուսումնասիրելու, նվիրատվության հանգամանքները պարզաբանելու։ Եթե նվիրատուն ընտանիքի անդամ է, առաջին հայացքից կարող է թվալ, թե պաշտոնյայի վրա ազդեցություն ունենալու ռիսկեր չեն կարող լինել, մինչդեռ կարևոր է համոզվել, որ ընտանիքի անդամը, որը պաշտոնյային նվիրատվություն է կատարում, ունի դրա համար բավարար միջոցներ. «Այս հանգամանքով պայմանավորված՝ տեսականորեն կարող են լինել մի շարք ռիսկային խնդիրներ։ Կարող են, օրինակ, փոխկապակցված անձանց, մտերիմ, հարազատական կապեր ունեցող անձանց կապերը օգտագործվել երրորդ անձի կողմից գործարքներ ծածկելու համար։ Նվիրատվությունների միջոցով կարող են փորձել երրորդ կողմի շնորհակալությունը պաշտոնյային հայտնելու համար միջնորդ հանդիսանալ մերձավոր ազգականները կամ ընտանիքի անդամները։ Ոչ թե պաշտոնյան անձամբ է այդ շնորհակալությունը կամ կաշառքը ստանում, այլ միջնորդավորված՝ ընտանիքի անդամի միջոցով»։  Արմեն Խուդավերդյանը շեշտում է, որ կարևոր է հասկանալ՝ նվիրատվության միջոցները, որ իրենց մոտ հայտնվել են, երրորդ կողմի աղբյուրի՞ց են հայտնվել, թե՞ ոչ։ Անդրադառնալով այլ ռիսկերին՝ փորձագետը նշում է, որ նվիրատվությունները շատ դեպքերում կարող են օգնել, որ պաշտոնյաները հիմնավորեն իրենց կանխիկ դրամական միջոցների աղբյուրը կամ խուսափեն հարկերի վճարումից, քանի որ նվիրատվության եղանակով կատարված գործարքները ազատված են հարկերից։  «Այս բոլոր իրավիճակները, իհարկե, ունեն տեսական բնույթ։ Շատ կարևոր է, որ նվիրատվության բոլոր գործարքները «հալած յուղի տեղ» չընդունվեն հայտարարագրի մեջ, և չասեն՝ իմ հարազատներն են, կամ այսինչ միջոցառմումներից եմ ստացել նվիրատվություն, ուրեմն խնդիր չկա։ Դրանք բոլորը պետք է ենթակա լինեն մանրամասն ուսումնասիրությունների և հանգամանքների պարզաբանման»,- հավելում է Արմեն Խուդավերդյանը։ Ո՞վ պետք է զբաղվի նվիրատվություններով պայմանավորված ռիսկերի կառավարմամբ Հայտարարագրերի վերլուծությամբ զբաղվող պետական մարմինը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ), օրենքով իրավասու է հայտարարագրված կամ հայտարարագրման ենթակա գործարքի կողմ հանդիսացող յուրաքանչյուր անձից, տվյալ դեպքում՝ նվիրատուներից, եթե անգամ նրանք հայտարարատու չեն, ըստ անհրաժեշտության, պահանջելու իրավիճակային հայտարարագիր։  Առաջին հայացքից թվում է, թե նվիրատվությունների հետ կապված բոլոր ռիսկերի կանխարգելումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դաշտում է, սակայն Հանձնաժողովը տարեկան կարող է ստուգել սահմանափակ թվով հայտարարագրեր։ Որպես ընտրանք՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վերջին տարիներին սահմանում է պաշտոնների ցանկ՝ որպես ռիսկային չափորոշիչ ընդունելով հիմնականում պաշտոնների բարձրաստիճանությունը, սակայն այդ ցանկը չի ներառում ինչպես ուժային կառույցների աշխատակիցների, Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների , դատական իշխանության ներկայացուցիչների մեծ մասին, այնպես էլ համայնքային պաշտոնյաներին։ Վերոնշյալ խմբերի ստացած նվիրատվություններին անդրադարձել էինք ավելի վաղ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը «Ինֆոքոմի» հետ զրույցում նշել էր, որ Հանձնաժողովը ևս ռիսկային է համարում խոշոր չափով նվիրատվությունները և հավանաբար առաջիկայում «Ինֆոքոմի» հրապարակումների հիման վրա ուսումնասիրություն կիրականացնի՝ դուրս բերելով ռիսկային նվիրատվությունները և իրականացնելով համապատասխան վերլուծություն։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում են գտնվում այդ ուսումնասիրությունները։ Հանձնաժողովից նշեցին, որ նրանք  ուսումնասիրել են «Հարկային և մաքսային տեսուչների ստացած նվիրատվությունները հետագծելի չեն. ԿԿՀ-ն նրանց հայտարարագրերը չի ուսումնասիրել» հրապարակման մեջ տեղ գտած առերևույթ անհամապատասխանությունները՝ պաշտոնյաներից հայցելով պարզաբանումներ։ Պատասխանից պարզ է դառնում, որ Հանձնաժողովը  ներկա պահին իրականացնում է 8 պաշտոնյաներից ստացված պարզաբանումների գնահատում, իսկ մեկ պաշտոնյայի նկատմամբ որևէ գործընթաց չի նախաձեռնվել և առաջարկվել է Հանձնաժողով ներկայացնել հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարելու վերաբերյալ դիմում: Հանձնաժողովը նշել է նաև, որ «Ուժային կառույցների ներկայացուցիչները խոշոր նվիրատվություններ են հայտարարագրում, որոնց ծագման աղբյուրը հետագծելի չէ», հրապարակման մեջ տեղ գտած 8 պաշտոնյաների հայտարարագրած նվիրատվությունների վերաբերյալ ուսումնասիրությունը գտնվում է ընթացքի մեջ: Իսկ նվիրատվությունների մասին «Ինֆոքոմի» հրապարակած վերջին՝ «Դատական իշխանության ներկայացուցիչները խոշոր նվիրատվություններ են հայտարարագրում, սակայն դրանց գումարի ծագման աղբյուրը հետագծելի չէ» հրապարակման մեջ տեղ գտած հայտարարագրերն  ուսումնասիրվել են և արդյունքներն առաջիկայում կներկայացվեն Հանձնաժողովի քննարկմանը:  Չնայած դրան, եթե նվիրատվությունների ստացումը չսահմանվի որպես ռիսկային չափորոշիչ, չներառվի համապատասխան որոշումներում, ապա խոշոր և ոչ հետագծելի աղբյուրներով նվիրատվություն ստացող պաշտոնյաների հայտարարագրերի վերլուծությունը կիրականացվի դրվագային՝ միայն լրատվամիջոցների հրապարակման առկայության կամ անձանց գրավոր դիմումների հիման վրա։ Սա այն դեպքում, որ նման նվիրատվություններ ամենաշատը ստանում են այնպիսի առանցքային ոլորտների պաշտոնյաները, ինչպիսիք են ուժային կառույցները, դատական համակարգը, Պետական եկամուտների կոմիտեն, տեղական ինքնակառավարման մարմինները։ Հեղինակ՝ Սուսինա Խաչատրյան
19:04 - 11 ապրիլի, 2025
ԿԿՀ-ն «Ինֆոքոմի» հրապարակման հիման վրա Սևանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառել

ԿԿՀ-ն «Ինֆոքոմի» հրապարակման հիման վրա Սևանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական տույժի է ենթարկել Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանին՝ հիմնվելով համայնքային գնումներում շահերի բախման դեպքերի վերաբերյալ «Ինֆոքոմի» ուսումնասիրության վրա։  «Ինֆոքոմը» ուսումնասիրել էր 2020-2024 թվականներին Սևան համայնքի կատարած գնումները և արձանագրել, որ Սևանի համայնքապետարանի՝ ճանապարհաշինությանն ուղղված գնումների շուրջ 76%-ն իրականացվել է համայնքի ավագանու անդամին պատկանող ընկերության հետ։ Ուշագրավ է այն, որ համայնքի ավագանու անդամ Արմեն Ալավերդյանի ընկերությունը մասնակցել է 2020-2024 թվականների ասֆալտապատման գնումների 19 ընթացակարգերից 18-ին և հաղթել 17-ում, իսկ մյուս երկու ընթացակարգերին մասնակցել և հաղթել է համայնքի բնակավայրերից մեկի ղեկավարի հորը պատկանող ընկերությունը։  Միայն 2022-2024 թվականներին, երբ Արմեն Ալավերդյանն արդեն ավագանու ընտրված անդամ էր, ընկերությունը մասնակցել է գնման 11 ընթացակարգի, որից 9-ում ճանաչվել է հաղթող մասնակից՝ կնքելով ընդհանուր 2․7 մլրդ դրամի պայմանագիր։ «Ինֆոքոմին» տված գրավոր պատասխանում Սարգիս Մուրադյանը նշել է, որ համայնքի ավագանու անդամի փոխկապակցվածությունն իրավաբանական անձին չի սահմանափակում տվյալ իրավաբանական անձի մասնակցությունը համայնքի կազմակերպած գնման ընթացակարգերին։  Նշենք նաև, որ Արմեն Ալավերդյանը ոչ պաշտոնի ստանձնման, ոչ էլ 2021, 2022, 2023 թվականների տարեկան հայտարարագրերում չի նշել «Ճան շին» ՍՊԸ-ում իր մասնակցության մասին տվյալները՝ իր 49 տոկոս մասնաբաժինը և տնօրեն լինելու հանգամանքը։ Հանձնաժողովը, ուսումնասիրելով այս բոլոր դեպքերը, արձանագրել է, որ Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանը, որպես պատվիրատուի ղեկավար, համայնքային կարիքների համար գնման պայմանագրեր է կնքել օրենքի իմաստով իրեն փոխկապակցված անձի ընկերության հետ՝ առանց այդ մասին Հանձնաժողով հայտարարություն ներկայացնելու։ Միաժամանակ Հանձնաժողովը նշել է, որ համայնքապետն ուներ շահերի բախմանը վերաբերող հանգամանքի մասին Հանձնաժողով հայտարարություն ներկայացնելու պարտավորություն, որը չկատարելու համար սահմանված է վարչական պատասխանատվություն։ Այսպիսով, հաշվի առնելով, որ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, ինչպես նշված է ԿԿՀ որոշման մեջ, «կատարել է գործողություն, որն առերևույթ հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման, միաժամանակ որպես քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով 10-օրյա ժամկետում շահերի առկայության մասին գրավոր հայտարարություն չի ներկայացրել Հանձնաժողով՝ խախտելով օրենքով սահմանված շահերի բախմանը վերաբերելի իրավակարգավորումների պահանջ», Հանձնաժողովը նրա նկատմամբ կիրառել է 300 000 դրամի չափով տույժ։ Ի դեպ, ԿԿՀ-ի նախաձեռնած վարույթի շրջանակում համայնքապետը հնարավորություն է ունեցել ներկայացնել դիրքորոշում եւ պարզաբանում։ Սարգիս Մուրադյանը, սակայն, ինչպես երեւում է ԿԿՀ-ի որոշումից, այդ հնարավորությունից չի օգտվել։ «Ինֆոքոմը» համայնքային պաշտոնյաներին փոխկապակցված անձանցից գնումների մի շարք դեպքեր է հայտնաբերել նաև Ստեփանավան, Քաջարան և Գավառ համայնքներում։   Հեղինակ՝ Սուսինա Խաչատրյան  
12:54 - 11 ապրիլի, 2025
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Վաղարշապատի համայնքապետի դեմ
 |azatutyun.am|

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Վաղարշապատի համայնքապետի դեմ |azatutyun.am|

azatutyun.am: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «Ազատության» հրապարակման հիման վրա վարույթ է հարուցել Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանի կողմից ենթադրյալ շահերի բախման փաստի առթիվ։ Այդ մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումից։ «Ազատություն»-ը փետրվարի 8-ին գրել էր, որ Գասպարյանը սեղմված բնական գազի ձեռքբերման պայմանագիր էր կնքել իր սկեսրայրի՝ Աշոտ Միրզոյանի գազալցակայանի հետ։ Գործարքի գինը կազմել էր 13.6 մլն դրամ։ Հանրային ծառայության մասին օրենքի համաձայն՝ եթե պաշտոնյայի կողմից իր լիազորությունների շրջանակում գործողության կատարումը կամ որոշման ընդունումը կարող է հանգեցնել շահերի բախման, ապա պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր վերադասին ներկայացնել գրավոր հայտարարություն շահերի բախման մասին։ Համայնքապետերը քանի որ չունեն վերադաս մարմին, շահերի բախման հանգամանքների վերաբերյալ պետք է հայտարարություն ներկայացնեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ինչը Գասպարյանը չէր արել: Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ Վաղարշապատի համայնքապետն այս պայմանագրի կնքմամբ կատարել է գործողություն, որ կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի։ Վարույթի արդյունքներով Գասպարյանը կարող է տուգանվել 300 000 դրամով։
20:03 - 18 մարտի, 2025
Շուրջ 135 միլիոն դրամի գնում՝ համայնքապետի ընտանիքին պատկանող ընկերությունից․ Գավառ համայնքի գնումները

Շուրջ 135 միլիոն դրամի գնում՝ համայնքապետի ընտանիքին պատկանող ընկերությունից․ Գավառ համայնքի գնումները

Գավառի համայնքապետարանը և համայնքապետարանի ենթակայությամբ աշխատող «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը  2020-2024 թվականներին շուրջ 135 միլիոն դրամի գնում են կատարել Գավառի համայնքապետի ընտանիքին պատկանող ընկերությունից։ Գնումներ են կատարվել նաև համայնքապետարանի այլ աշխատակիցների ընտանիքներին պատկանող ընկերություններից։    2024 թվականին Գավառի համայնքապետարանը «Գավառտրանս» ընկերությունից գնել է շուրջ 1.5 մլն դրամի սեղմված բնական գազ։ Մեկ այլ պայմանագրով ընկերությունը համայնքապետարանին մատուցել է ուղևորափոխադրման ծառայություններ։ Գնման ընթացակարգին մասնակցել է միայն «Գավառտրանսը»։ 2024 թվականին մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների համար ընկերությունը համայնքապետարանից ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 9 մլն դրամ։ Գուրգեն Մարտիրոսյանը Արա Զոլյանի հետ «Գավառտրանս» ընկերությունը համահիմնադրել է 2003 թվականին։ Մարտիրոսյանը 2005 թվականին առաջին անգամ ընտրվել է Գավառ համայնքի ղեկավար։ Համայնքապետի պաշտոնը ստանձնելուց երեք տարի անց նա դուրս է եկել ընկերությունից՝ իր 50% բաժնեմասը փոխանցելով հորը՝ Երվանդ Մարտիրոսյանին։ Այժմ ընկերության բաժնեմասերի մեծ մասի սեփականատերերն են Մարտիրոսյանի հարազատներն ու նրա հետ քաղաքական հարաբերություններ ունեցող մեկ անձ. հայրը՝ Երվանդ Մարտիրոսյանը (10% բաժնեմաս), անչափահաս որդին՝ Նարեկ Մարտիրոսյանը (10 % բաժնեմաս), որդին՝  Յուրի Մարտիրոսյանը (10 % բաժնեմաս), քույրը՝ Նարինե Մարտիրոսյանը (10% բաժնեմաս) և վերջինիս որդին՝ Գևորգ Հասասյանը (10% բաժնեմաս)։ Իսկ ամենամեծ՝ 31% բաժնեմասը պատկանում է Գավառ համայնքի կառավարող «Գուրգեն Մարտիրոսյան դաշինք» խմբակցության ավագանու անդամ Հրայր Գուլաբյանին, որը նաև ընկերության տնօրենն է։ Եվս 19% բաժնեմաս ունի ընկերության համահիմնադիր Արա Զոլյանը։ Այսպիսով՝ ընկերության բաժնեմասերի կեսը պատկանում է Մարտիրոսյանների ընտանիքին։ Համայնքի ղեկավարին փոխկապակցված ընկերությունը գնումների մրցույթներում հաղթել է նաև նախորդ տարիներին  Գավառի համայնքապետարանի՝ մեր հարցմանն ի պատասխան տրամադրած տվյալների համաձայն՝ համայնքապետարանը «Գավառտրանս» ընկերության հետ 2020-2024 թթ․ ընթացքում կնքել է ուղևորափոխադրող ավտոմեքենաների վարձակալության ծառայությունների մատուցման 5  և սեղմված բնական գազի  ձեռքբերման 3 պայմանագիր։ Եվս 15 պայմանագիր համայնքապետի ընտանիքին պատկանող ընկերության հետ կնքել է Գավառ համայնքին պատկանող «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ը՝ սեղմված բնական գազ և աղբարկղեր մատակարարելու համար։ Այս պայմանագրերի շրջանակում կատարված գնումների ընդհանուր գինը կազմում է 135 մլն դրամ։ Թեև այս գնումների մրցույթներից որևէ մեկը «Մեկ անձից» գնման ընթացակարգով չի անցկացվել, կարևոր է նշել, որ 23 մրցույթներից 17-ում միակ մասնակիցը եղել է «Գավառտրանս» ընկերությունը։ Համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը շահերի բախում չի տեսնում Մեր հարցմանն ի պատասխան՝ Գուրգեն Մարտիրոսյանը նշեց, որ այս իրավիճակում շահերի բախում չկա, քանի որ իր մասնավոր շահը չի ազդել պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա։   «Պայմանագրերը կնքվել են գնահատող հանձնաժողովի որոշումների հիման վրա, այլ ոչ թե իմ պաշտոնեական պարտականությունների ոչ անաչառ կամ ոչ օբյեկտիվ կատարմամբ, իսկ պայմանագրի արդյունքն ընդունել է պատասխանատու ստորաբաժանումը՝ փաստացի մատակարարված ապրանքի կամ մատուցված ծառայությունների համար»,- նշել է համայնքապետը: Մարտիրոսյանը խնդրահարույց չի համարում նաև այն, որ համայնքային գնումներում ընդհանուր շուրջ 135 մլն դրամի պայմանագիր կնքած ընկերությունում բաժնեմաս ունի Գավառ համայնքի ավագանու անդամ Հրայր Գուլաբյանը։ Մարտիրոսյանի խոսքով ավագանու անդամին չի արգելվում զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ՝ այդ թվում մասնակցելով գնման գործընթացներին։  «Գավառտրանս» ընկերությունից կատարված գնումներից 20-ն իրականացվել է «Գնանշման հարցում» ընթացակարգով։ Թեպետ գնանշման բոլոր 20 հարցումներին էլ դիմող միակ մասնակիցը եղել է «Գավառտրանսը», Մարտիրոսյանը պնդում է, թե գնանշման հարցումը և բաց մրցույթը ձևականորեն չեն տարբերվում իրարից՝ բացառությամբ գնման առարկայի գնի և հայտերի բացման ժամկետների։ Նա կարծում է, որ գնման այս ձևը չի պարունակում որևէ կոռուպցիոն ռիսկ և ոչ թափանցիկություն։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շահերի բախման մասին նախկինում իր կայացրած որոշումներում արձանագրել է, որ որևէ ձևով դրսևորված փոխկապակցվածության դեպքում տվյալ պաշտոնյան մինչև որոշում ընդունելը կամ գործողություն կատարելը պարտավոր է շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին Հանձնաժողովին գրավոր հայտարարություն ներկայացնել:  Այս պարագայում Գավառի համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը պետք է համայնքային գնումներում իր ընտանիքն պատկանող ընկերության մասնակցության, այսինքն՝ համայնքային գնումներում իր ընտանիքն պատկանող ընկերության մասնակցության, այսինքն՝ շահերի բախման իրավիճակի վերաբերյալ 10-օրյա ժամկետում գրավոր ծանուցեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ինչը չի արել։ Ըստ Հանրային ծառայության մասին օրենքի՝ շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձի մասնավոր շահերն ազդում են կամ կարող են ազդել վերջինիս պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա: Մասնավոր շահը ենթադրում է որևէ արտոնություն պաշտոնատար անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց, կազմակերպություններին, որոնց հետ կան գործնական, անձնական, քաղաքական հարաբերություններ։  Պատասխանելով մեր հարցին, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվե՞լ է արդյոք գրավոր հայտարարություն շահերի բախման իրավիճակի առաջացման վերաբերյալ, Մարտիրոսյանը նշել է․ «Քանի որ իմ լիազորությունների շրջանակներում գործողություն կատարելը գնման ընթացակարգի արդյունքում գնահատող հանձնաժողովի կողմից ընդունած որոշման հիման վրա է եղել, արդեն իսկ կնքվելիք պայմանագրի հաստատումը չեմ համարել շահերի բախման իրավիճակի առաջացում»։ Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին գրավոր հայտարարություն չներկայացնելն առաջացնում է 300 000 դրամ տուգանք։ «Ինֆոքոմի» մեկ այլ համանման հրապարակման հիման վրա, օրինակ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վերջերս վարչական տույժի է ենթարկել Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանին։   Մարտիրոսյանի չի հայտարարագրել հոր և որդիների մասնակցությունն ընկերություններում  Եկամուտներից, ծախսերից ու գույքից բացի՝ պաշտոնատար անձը պետք է հայտարարագրի նաև իր և իր ընտանիքի անդամների մասնակցությունը առևտրային կազմակերպություններում և ներկայացվածությունը դրանց կառավարման մարմիններում։ Մարտիրոսյանի հայտարարագրում, սակայն, արտացոլված չէ հոր և որդիների մասնակցությունը «Գավառտրանս» ընկերությունում։ Ընդ որում՝ համայնքապետի հայրը՝ Երվանդ Մարտիրոսյանը, մասնաբաժիններ ունի այլ ընկերություններում ևս։ Երվանդ Մարտիրոսյանը 2010 թ․ հիմնադրել է «Երյունա» ՍՊԸ-ն, որն արդյունահանում է գեղազարդային և շինարարական քարեր։ Երվան Մարտիրոսյանը 2019-ին էլ  հիմնադրել է «Կարանտին» ընկերությունը։ Այս ընկերություններում Երվանդ Մարտիրոսյանի մասնակցությունը ևս Գուրգեն Մարտիրոսյանը չի հայտարարագրել։   Գավառի համայնքապետարանը գնումներ է կատարել նաև համայնքային այլ պաշտոնյաներին փոխկապակցված ընկերություններից Գավառի համայնքապետարանը 2022-2024 թվականներին ընդհանուր 218 մլն դրամ արժողությամբ շինարարական աշխատանքների իրականացման 7 պայմանագիր է կնքել «Ֆավորիտ-Մ» ընկերության հետ։ «Ֆավորիտ-Մ» ընկերությունը 2017 թ․ հիմնադրել է համայնքի ղեկավարի ներկայիս տեղակալ Մուրադ Մովսիսյանը։ Ընկերության սեփականատերն այժմ Մովսիսյանի հայրն է՝ Սամվել Մովսիսյանը։ Իրավաբանական անձնանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ ընկերության գրանցման հասցեն համընկնում է Մուրադ Մովսիսյանի գրանցման հասցեի հետ։  Մուրադ Մովսիսյանը մեր զրույցում ասաց, որ բոլոր գնումներն իրականացվել են էլեկտրոնային եղանակով, և ինքը որևէ ազդեցություն ունենալ չէր կարող։ Հարցին՝ գնահատող հանձնաժողովի անդամների վրա չէ՞ր կարող ազդել արդյոք այն հանգամանքը, որ մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած ընկերություններից մեկը պատկանում է իրենց վերադասի հորը, Մուրադյանը պատասխանեց՝ որևէ ուղղորդում չի արել հօգուտ հոր ընկերության որոշումներ կայացնելու նպատակով։  «Ես նման իրավունք չունեմ և ինձ թույլ էլ չեմ տա։ Մասնակցող ընկերությունները մասնակցել են նաև մինչև 2022 թվականը, և ի վերջո, եթե որևէ անօրեն գործողություն նկատեին, կբողոքարկեին․ օրենքը դրա հնարավորությունը տալիս է։ Ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Մուրադյանը։  Կառավարող խմբացկությունից ավագանու անդամ Ալիկ Մարտիրոսյանի եղբոր՝ Ավետիք Մարտիրոսյանի ընկերությունը՝ «Արմավ-700»-ը, 2022 թ․ համայնքի հետ կնքել է 3 մլն դրամի պայմանագիր՝ մատուցելով շների ստերիլիզացման ծառայություններ։ Այսպիսով, 2020-2024 թվականներին Գավառ համայնքը ավելի քան 350 միլիոն դրամի գնում է կատարել համայնքային պաշտոնյաների ընտանիքների անդամների ընկերություններից։ Ավելին՝ համայնքապետը չի հայտարարագրել իր ընտանիքի անդամների մասնակցությունը գնումներին մասնակցած առևտրային կազմակերպությունում։ Լիլիթ Գրիգորյան 
19:38 - 07 փետրվարի, 2025
«Ինֆոքոմի» հրապարակման հիման վրա ԿԿՀ-ն Ստեփանավանի համայնքապետի նկատմամբ կիրառել է վարչական տույժ

«Ինֆոքոմի» հրապարակման հիման վրա ԿԿՀ-ն Ստեփանավանի համայնքապետի նկատմամբ կիրառել է վարչական տույժ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական տույժի է ենթարկել Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանին՝ հիմնվելով  «Ինֆոքոմի» հրապարակմամբ բացահայտված՝ համայնքային գնումներում շահերի բախման դեպքերի ուսումնասիրության վրա։  «Ինֆոքոմը» ուսումնասիրել էր 2022 և 2023 թվականներին Ստեփանավան համայնքի կատարած գնումները և արձանագրել, որ Ստեփանավանի համայնքապետարանի գնումների շուրջ 70%-ն իրականացվում է առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով, իսկ համայնքային պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների ընկերությունները պարբերաբար հաղթում են համայնքային գնումներում։  Առավել ուշագրավ էր այն դեպքը, երբ համայնքապետարանը շուրջ 50 մլն դրամի պայմանագիր էր կնքել Քաղաքաշինության բաժնի նախկին պետ, այժմ համայնքապետի օգնական Լևոն Քալանթարյանի եղբոր ընկերության հետ՝ բազմաբնակարան շենքում էներգաարդյունավետ արդիականացման աշխատանքների իրականացման համար։ Այդ աշխատանքների տեխնիկական հսկողության իրականացումն էլ պատվիրակվել էր Լևոն Քալանթարյանի որդու ընկերությանը։  Նույն ժամանակահատվածում համայնքապետարանը պայմանագրեր էր կնքել նաև համայնքի ղեկավարի տեղակալի, ավագանու անդամներից մեկի կնոջ և ավագանու մեկ այլ անդամի ընկերությունների հետ։  Հանձնաժողովը, ուսումնասիրելով այս բոլոր դեպքերը, արձանագրել է, որ Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանը, որպես պատվիրատուի ղեկավար, համայնքային կարիքների համար գնման պայմանագրեր է կնքել օրենքի իմաստով իրեն փոխկապակցված անձանց հետ անձնական հարաբերություններ ունեցող անձանց հետ։  Միաժամանակ Հանձնաժողովը նշել է, որ համայնքապետն ուներ շահերի բախմանը վերաբերող հանգամանքի մասին Հանձնաժողով հայտարարություն ներկայացնելու պարտավորություն, որը չկատարելու համար սահմանված է վարչական պատասխանատվություն։ Այսպիսով, հաշվի առնելով, որ Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը կատարել է գործողություն, որն առերևույթ հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման, միաժամանակ որպես քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով 10-օրյա ժամկետում շահերի առկայության մասին գրավոր հայտարարություն չի ներկայացրել Հանձնաժողով՝ խախտելով օրենքով սահմանված շահերի բախմանը վերաբերելի իրավակարգավորումների պահանջ, Հանձնաժողովը նրա նկատմամբ կիրառել է տույժ 300 000 դրամի չափով։ «Ինֆոքոմը» համայնքային պաշտոնյաներին փոխկապակցված անձանցից գնումների մի շարք դեպքեր է հայտնաբերել նաև Սևան և Քաջարան համայնքներում։   Լիլիթ Գրիգորյան
13:24 - 07 փետրվարի, 2025
ԿԿՀ-ն անկախ մարմին է, թող լիազորությունը կատարի․ Նիկոլ Փաշինյանը՝ «Ինֆոքոմի» հարցին ի պատասխան

ԿԿՀ-ն անկախ մարմին է, թող լիազորությունը կատարի․ Նիկոլ Փաշինյանը՝ «Ինֆոքոմի» հարցին ի պատասխան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա մամուլի ասուլիսի ընթացքում համընդհանուր հայտարարագրման վերաբերյալ  հարց ուղղեց «Ինֆոքոմի» լրագրող Հայարփի Բաղդասարյանը։ Ինֆոքոմի լրագրողը, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց՝ հայտարարագրման համակարգի ներդրման մասին խոսելիս վերջինս ասել է, որ դրա առաջնային պատճառներից մեկն այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում ներդրված բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարգրման համակարգերը բավարար չեն․ «Ասում էիք, որ պաշտոնյաների բաջանաղների, զոքանչների, քենիների միջոցով գործում են կոռուպցիոն սխեմաներ և համընդհանուր հայտարարագրման համակարգով լուծվում է հակակոռուպցիոն պայքարի շղթայի ամբողջակյանացման հարցը։  Ձեր նշած ենթադրյալ կոռուպցիոն սխեմաներից մեկն են ստացվող նվիրատվությունները, որոնք հաճախ հետագծելի չեն։ Օրինակ՝ 2023 թվականին մոտ 300 պաշտոնյա ստացել է ավելի քան 2 մլրդ դրամի նվիրատվություն հայրիկներից և մայրիկներից, կանանցից և ամուսիններից, նաև ձեր նշած այլ բարեկամ-հարազատներից (հրապարակումները՝ 1, 2, 3, 4)։ Ավելին՝ նվիրատվությունների ⅓-ն էլ ստացվել են բարեկամ չհանդիսացող անհայտ բարերարներից։ Այս ցանկից դուրս չեն մնացել նաև ձեր թիմակիցները։ Օրինակ՝ Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը հորաքրոջ տղայից ստացել է 43 միլիոն դրամի նվիրատվություն։ Պետությունը, ի դեմս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, ունի բավականին լայն գործիքակազմ՝ ստուգելու, թե որտեղից է գոյացել նվիրաբերված գումարը և արդյոք այդտեղ կա՞ կոռուպցիոն ռիսկ, թե՞ ոչ։ Ավելին, պաշտոնյաների հետ ցանկացած գործարք կատարած քաղաքացուց հանձնաժողովը կարող է պահանջել իրավիճակային հայտարարագիր՝ դրանով արդյունավետորեն իրականացնելով ձեր նշած հակակոռուպցիոն գործունեությունը։ Ավելի լայն, այդ թվում օպերատիվ հետախուզական գործողություններ իրականացնելու լիազորություններով է օժտված մեկ այլ հակակոռուպցիոն մարմին՝  հակակոռուպցիոն կոմիտեն։ Այս պայմաններում կասկածելի նվիրատվությունների վերաբերյալ ուսումնասիրություններ գրեթե չկան, արդեն իսկ առկա գործիքակազմն էլ գրեթե չի օգտագործվում։ Ավելին, պետությունը այժմ պարտադիր ստուգման ցանկում է ներառում պաշտոնյաների և նրանց հարազատների հայտարարագրերի ընդամենը 1 տոկոսը, ուսումնասիրվում է հայտարարագրերի, լավագույն դեպքում, 10 տոկոսը»,- ասաց լրագրողը։  Նա նաև հիշեցրեց, որ ԱԺ-ն, որում մեծամասնություն է իշխող ուժը, ավելի քան 1 տարի շարունակ չի կարողանում ապահովել ԿԿՀ-ի կազմի ամբողջական համալրումը․ «Այս իրավիճակում, երբ պետությունը, տվյալ դեպքում՝ ձեր կառավարությունը, չի կարողանում արդյունավետ իրացնել կոռուպցիայի դեմ պայքարի արդեն իսկ առկա և ավելի պարզ գործիքակազմը, ինչու՞ է առաջ բերում առավել բարդ մեխանիզմներ և ինչու՞  է անարդյունավետ աշխատող համակարգը  քաղաքացու վրա դնում հավելյալ պարտականություններ՝ որպես հիմնավորում բերելով այդ անարդյունավետության հետևանքները»,- հարց հնչեցրեց լրագրողը։  «Համընդհանուր հայտարագրումը մեկ նպատակ չունի, հիմա երբ ասում եք՝ ինչու է հավելյալ պարտականություն դնում, ձեր նշած բոլոր մարդիկ քաղաքացի էին, հիմա դուք որ նշեցիք և նվիրատվություն տվողը և ստացողը, նվիրատվությունների հեղինակներին և այլնին, բոլորին տենց ակնհայտ նեգատիվ համատեքստում հիշատակեցիք, որը ձեր իրավունքն ա, բայց բոլորը քաղաքացի են։ Բա հիմա իրանք չունեն ոչ մի պարտականություն, հիմա իրանց վրա դնե՞նք պարտականություն, թե չդնենք, որովհետեւ նույն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձեր ասած քաղաքացիներին հարց տալու ոչ մի իրավունք ու հիմք չունի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։  Լրագրողի դիտարկամանը, որ ԿԿՀ-ն ունի լիազորություն հարց տալու և իրավիճակային հայտարարագիր պահանջելու նրանցից, որոնք նվիրատվություններ են կատարել պաշտոնյաներին, Փաշինյանը պատասխանեց․ «Դե այդ դեպքում թող լիազրությունը կատարի, ԿԿՀ-ն անկախ մարմին է, թող կատարի, բայց էլի եմ ասում՝ ամենեւին փաստ չի, որ դուք սպառեցիք ցանկը։ Մենք, ընդհանուր առմամբ, ասում ենք, որ այն մարդիկ, որոնք կոռուպցիայի մեջ ներգրավված են, այո, դա կարող է նպաստել կոռուպցիայի բացահայտմանը, որոնք ներգրավված չեն իրանց համար սոցիալական կրեդիտներ ձեւավորելու համար են, այսինքն՝ նպատակները տարբեր են»։  Անդրադառնալով նվիրատվությունների թեմային՝ Փաշինյանն ասաց․ «Մի բան ասեմ՝ էդ նվիրատվություններին պետք չի էդքան․․․ Ես մի բան ասեմ՝ ես էլ եմ նվիրատվություն ստացել, ընդ որում բավականին մեծ նվիրատվություն եմ ստացել։ Եվ հայատարարագրել եմ արդեն իմ այդ նվիրատվությունը, և աղբյուրն էլ քիչ առաջ ասեցի։ Մեր համատեղ կյանքի ընթացքում մենք բնակարան ենք ձեռք բերել և այդ բնակարանը հիմա վաճառվել ա, ես այդ բնակարանի գոյացած գումարից նվիրատվություն եմ ստացել, որովհետեւ էդ գումարից դե յուրե ինձ փոխանցելու ուրիշ տարբերակ չկա։ Նկատի ունեմ՝ վայ պաշտոնյան նվիրատվություն է ստացել, հա, ստացել եմ, ստացել և հայտարարագրել եմ, պաշտոնյաների հայտարարագրերի մեջ էլ ենթադրում եմ, դա պետք ա արտահայտվի»։ Լրագրողի դիտարկմանը, որ ԿԿՀ-ն իրավասու է պարզել նվիրատվության աղբյուրը և դրա համար ունի գործիքակազմ, բայց չի կիրառում, Փաշինյանը պաստախանեց․  «ԿԿՀ-ն, ես պատասխանատու եմ, անկախ մարմին է, բոլոր հարցերը ուղղեք ԿԿՀ-ին։ Եթե ԿԿՀ-ն կասի՝ ես չեմ թողնում, որ ես չեմ թողնում, որ ինքն այդ իրավասությունը իրականացնի, խնդրեմ, հաջորդ ասուլիսի ժամանակ ինձ կհարցնեք, ես կպատասխանեմ, բայց ես երաշխավորում եմ, որ ԿԿՀ-ն նման բան ասելու որեւէ հիմք ոչ ունեցել է, ոչ ունի, ոչ էլ կունենա»։
18:12 - 31 հունվարի, 2025
Դատավորին գործից հանելը «չե-պե ա»․ ԱԺ-ն քննարկում է Սիրունյանի թեկնածությունը ԲԴԽ-ում
 |civilnet.am|

Դատավորին գործից հանելը «չե-պե ա»․ ԱԺ-ն քննարկում է Սիրունյանի թեկնածությունը ԲԴԽ-ում |civilnet.am|

civilnet.am: Հունվարի 20-ին Ազգային ժողովը քննարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի պաշտոնում առաջադրված փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածության հարցը։  Սիրունյանի թեկնածությունը քննադատության է արժանացել հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք համատեղ հայտարարությունում շեշտել են նրա անդամակցության փաստը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և անպարկեշտ հանրային վարքագիծը։ Հենց այս փաստը բարձրաձայնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ հարց ուղղելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին, որը ներկայացնում էր թեկնածուին։ «Պարոն Սիրունյանը այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, և ընտրվելուց հետո, այո՛, պետք է առաջնորդվի քաղաքական անաչառության սկզբունքով»,- ասաց Հովհաննիսյանը։ Սիրունյանի թեկնածությանն անդրադարձավ նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին հորդորելով հրաժարվել նրա թեկնածությունից։ Նա հայտարարեց, որ շոկի մեջ էր, երբ ծանոթացավ Ալեքսանդր Սիրունյանի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությանը։ «Երբ ես ծանոթացա նրա վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությանը, շոկի մեջ էի։ Ծանոթացեք այն բարեվարքության եզրակացությանը, որը տվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, և վերանայեք ձեր որոշումը։ Դուք առաջադրում եք մի մարդու, որը հասարակական, ներազգային ատելության ահավոր օրինակ է. մարդ, որ ատում է սեփական հայրենակիցներին, մարդ, որը տարիներ շարունակ թշնամություն է տարածել։ Մնացածի՝ կոռուպցիոն վտանգների մասին չեմ անդրադառնում»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։ Մանուկյանը նշեց, որ այդ զեկույցը միանգամից պետք է գնար գլխավոր դատախազություն, քանի որ դրանում կա ատելության խոսք, կոռուպցիոն կասկածներ պարունակող տվյալներ և այլ հանգամանքներ։ Նա հայտարարեց, որ օրենսդրությունն իրեն թույլ չի տալիս հնչեցնել այդ բովանդակությունը։ Այդուհանդերձ, նա որոշ դրվագներ այդ զեկույցից ներկայացրեց։ Ըստ այդմ՝ Ծաղկաձորում Սիրունյանը 2,000 քմ տարածք է գնել ընդամենը 300,000 դրամով։ «Թեկնածուն ասել է, որ ֆիկտիվ պայմանագիր է կնքել, քանի որ հողը ընկերն է նվիրել»,- ասաց Մանուկյանը։ Սիրունյանը պարզաբանեց, որ խոսքը ոչ թե Ծաղկաձորի, այլ Հանքավանի ամենավերջում գտնվող հողակտորի մասին է, և այն նվեր է ստացել «շատ մոտ մարդուց»։ Ծավալված խոսակցության ընթացքում ընդդիմադիր պատգամավորներից մեկն առաջարկեց 250,000 դրամ վճարել հողի համար, իսկ Սիրունյանը կատակեց, թե կնվիրի այն պատգամավորին։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
17:09 - 20 հունվարի, 2025