«Գիտուժ» նախաձեռնություն

Կառավարությունը գիտության ոլորտում մասնակի քայլեր է անում, որոնք խնդիրներին համակարգային լուծում չեն տալիս․ Տիգրան Շահվերդյան

Կառավարությունը գիտության ոլորտում մասնակի քայլեր է անում, որոնք խնդիրներին համակարգային լուծում չեն տալիս․ Տիգրան Շահվերդյան

Անցած ամիս «Գիտուժ» նախաձեռնությունը նոր հայտարարությամբ էր հանդես եկել, որտեղ, ի թիվս այլնի, հայտարարել էր, որ կառավարության կողմից գիտական հետազոտությունների հանդեպ ուշադրության դրական փոփոխություններն իրենց ողջ աննախադեպությամբ հանդերձ անիմաստ կդառնան, եթե չհստակեցվեն մեր երկրի նպատակները, չսահմանվեն դրանցից բխող Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների զարգացմանը նպաստող իրատեսական ու հավակնոտ ռազմավարական ծրագրերը՝ հիմնված խնդրիներին համակարգային և ամբողջական լուծումներ տալու և միջազգայնորեն մրցունակ մակարդակի հատկացումների հանձնառություն վերցնելու վրա։ Օրերս էլ «Գիտուժի» անդամները մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեցին, որ գիտության հանդեպ կառավարության և Ազգային ժողովի վերաբերմունքը թուլացնում են Հայաստանի անվտանգությունը։  «Գիտուժ» նախաձեռնության անդամ, «Robomart» ընկերության համահիմնադիր Տիգրան Շահվերդյանի կարծիքով՝ Հայաստանում շատ պետական խնդիրներ կան, և դրանց լուծման համար կարևոր է նորարարական մեթոդների կիրառումը․ «Մենք տեսնում ենք, որ ամբողջ աշխարհում դրանք հիմնված են Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական (ԳՀՓԿ) տարբեր տեսակի աշխատանքների, պատվերի վրա։ Այդ մասով մեզ մոտ շատ մեծ բաց կա։ Մենք պատվերը ֆորմալ  առումով ունենք՝ պաշտպանական ԳՀՓԿ-ն, բայց դա անընդատ կրճատվում է։ Մյուս հարցերում ընդհանրապես չկա որևէ ԳՀՓԿ բյուջե, որը միտված է հենց այդ տեսակ խնդիրները լուծելուն։ Ամենապարզ օրինակը․ անընդհատ խոսում են արտադրողականության բարձրացման մասին։ Մեր տնտեսության մեջ ամենամեծ տեղը հատկացվում է գյուղատնտեսությանը, բայց չկա նպատակային ԳՀՓԿ բյուջե, որը ծախսվում է, օրինակ, ագրոտեխնոլոգիաների մեջ, ագրոտեխնոլոգիաների զարգացմանը միտված ԳՀՓԿ-ի համար։ Բոլոր նախարարություններում կարելի է այդպիսի խնդիրներ առանձնացնել, որոնց լուծման գործիք է անհրաժեշտ դիտարկել ԳՀՓԿ աշխատանքների մեխանիզմը»։ Տիգրան Շահվերդյանն ընդգծում է՝  «Գիտուժ» համայնքի պահանջն ուղղված է եղել ԳՀՓԿ բոլոր շղթաների զարգացմանը։ Այս պահին Գիտության կոմիտեի շատ ծրագրեր ուղղված են հիմնարար հետազոտություններին, որոնք, սակայն, ԳՀՓԿ ընդանուր շղթայի մի մասն են․«Մենք միշտ խոսել ենք ոչ միայն գիտության, այլև ընդանուր ԳՀՓԿ շղթայի զարգացման մասին՝ այսինքն հիմնարար հետազոտություններից մինչև կիրառական հետազոտություններ, կիրառական հետազոտություններից մինչև փորձարարական մշակումներ։ Եթե խոսքը  հիմնարար հետազոտությունների մասին է, այո, հայտարարել են, տեսնում ենք բյուջեի ավելացումը, բայց չենք տեսնում, թե առաջնահերթությունները ինչպես կարող են ձևավորվել, չենք տեսնում, թե ինչ թվային նպատակներ են դրվում։ Այն, ինչ արվում է, չի կանգնեցնում գիտական համայնքի կործանումը։ Զուտ թվերով եթե նայում ենք, մեր գնաահատակններով ունենք տարեկան 200 մարդու կորուստ, բայց պետական պատվերի շրջանակում ունենք 200 ասպիրանտական տեղ։ Ակնհայտ է, որ դրանց շատ չնչին տոկոսն է գնում գիտություն, ներքին ռեսուրսներով մեր գիտական համայնքը չի վերականգնվում։ Չնայած ասում ենք, որ առաջնահերթություն է դրվել, բացարձակ բյուջեի տեսքով երևում է, բայց արդյունքից չի երևում, որ դա իսկապես առաջնահերթություն է»։ Նրա խոսքով՝ կառավարությունը մասնակի քայլեր է անում, որոնք խնդրին համակարգային լուծում չեն տալիս․ «Պետք է համակարգային մոտեցում, բոլոր մասերն էլ պետք է արվեն, չենք կարող ասել՝ այս մի կտորում մի փոքր առաջընթաց ապահովեցինք, ինչ լավ է, եկեք ուրախանանք։ Մենք գիտական պոտենցիալը չենք զարգացնում, որ աշխարհին միայն գիտելիք տանք։ Էլի տանք, դեմ չեմ, բայց պետք է նաև մեր նպատակներին ծառայի ու պետք է մեր նպատակներին ծառայեցնելով զարգացնենք։ Միջազգային ամսագրերում տպագրվելը, փորձաքննություն անցնելը շատ կարևոր է, որովհետև դրանով կարողանում ենք գնահատել, թե ինչ որակի աշխատանքներ են կատարվում, ինչ որակի գիտական կապիտալ ունենք, բայց մեր նպատակը դա չի: Պետք է ի վերջո հնարավորություն տալ այդ մարդկանց օգտագործել գիտելիքը մեր երկրի և հասարակության  կարիքները հոգալու համար. սա անելու համար նշածս ամբողջ շղթայով պետք է  համակարգային գործ անել»։ Նա ընդգծում է, որ պաշտպանական ԳՀՓԿ  աշխատանքների վրա նույնիսկ պլանավորվող գումարները չեն ծախսվում․ «Ինչպես ենք փորձում աշխարհում մեր հարևանների համեմատ ունենալ մրցունակ բանակ, անվտանգային  համակարգ, եթե նորարարական լուծումների վրա չենք ծախսում նույնիսկ այն չնչին գումարը, որը հատկացնում ենք։ Հիմնարար  հետազոտությունների վրա հատկացվում է 25 միլիարդ, պաշտպանականի համար՝ 5 միլիարդ դրամ։ Ստացվում է 5 անգամ ավելի քիչ, ու դա էլ չենք կարողանում արդյունավետ յուրացնել»։ Նշենք, որ 2021 թ․-ին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ ծրագրի» համար հատկացվել էր 4 միլիարդ 574 միլիոն դրամ, իսկ 2022 թ․-ին՝ 5 միլիարդ 200 միլիոն դրամ։ Այս ծրագրի շրջանակում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ են իրականացվում։ Կառավարությունը, սակայն, 2021 թ․-ին կատարված վերաբաշխումներով 2 միլիարդ 576 միլիոն դրամով կրճատել է նախապես պլանավորված բյուջեն, իսկ այս տարվա ապրիլի 7-ին կառավարության որոշմամբ ծրագրի բյուջեից 295 միլիոն դրամ է կրճատվել՝ գումարը այլ միջոցառման վրա ծախսելու հիմնավորմամբ։ «Գիտուժ» նախաձեռնության  անդամը հավելում  է՝ խնդիրն այն չէ, որ հիմնարար հետազոտությունների վրա շատ գումար է ծախսվում, այլ այն, որ պաշտպանականի համար է շատ քիչ նախատեսվում․ «Համեմատությունը, որ անում եմ, չի նշանակում, որ պետք է այնտեղ քչացնեն, այստեղ ավելացնեն։ Պարզապես պաշտպանականի վրա  ավելի շատ է պետք հատկացնել և երբ հարց է բարձրացվում, որ համակարգը չի կարող ընդունել, պետք է զբաղվել նրանով, որ համակարգը կարողանա դա ընդունել։ Իսկ համակարգը կկարողանա դա անել, միայն այն դեպքում, երբ դու սկսես այն համալրել մի կողմից տաղանդներով, մյուս կողմից նպատակներդ  հստակեցնես և ծրագրերդ ի վերջո հստակ մշակես՝ հրաժարվելով իներցիոն կամ տեղային լուծումներից։ Հակառակ դեպքում անհամապատասխանություն է․  մի կողմից 2050 թ․-ի նպատակների ցանկում ունես մեկ շնչի  հաշվով ամենամարտունակ բանակը, բայց մյուս կողմից դու այսօր քայլեր ես անում, որոնք հակասում են այդ նպատակին։ Դու պաշտպանականը կրճատում ես, ինչպե՞ս ես ունենալու մեկ շնչի հաշվով ամենամարտունակ բանակը, թե՞ դա կարելի է մտածել 2040-ին։ Հենց այսօրվանից է պետք մտածել, որ 2050 թ․-ին ունենանք դա»։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որ պատասխանատու պաշտոնյաների համար կոնկրետ ժամկետներ սահմանվեն․ «Պետք է առաջինը դրվի նպատակը, պետք է հայտարարվեն այդ ժամկետները։ Ես վստահ եմ, որ շատ հարցերում  պետական համակարգում կա այդ ռազմավարությունները մշակելու ներուժը։ Օրինակ, ունենք Ռազմարդյունաբերության կոմիտե։ Ես գիտեմ, որ մասնավոր հատվածում կան կազմակերպություններ, որոնք ռազմավարությունների նախագծեր են իրականացնում։ Պետք է նստել, միասին այդ սևագրերը նայել, եթե պետք է լրացնել կամ եթե լրիվ հիմարություն է գրած, ապա նորից անել, բայց միասին աշխատելով դա բերել վերջնական արդյունքի»։ Տիգրան Շահվերդյանը մի օրինակ է բերում, պատմում է, որ  տիեզերական գործունեության ռազմավարության հետ կապված նույնպես աշխատանքներ են տարվել, բաց կոնկրետ վերջնաժամկետներ չեն սահմանվել․ «Ես անձամբ եմ մասնակցել այդ աշխատանքային խմբին, որ մշակում է ռազմավարությունը։ Արդեն կես տարի է այդ աշխատանքային խումբը չի հանդիպել, չնայած այդ ռազմավարության սևագիրը ունեինք։ Եթե մեխանիզմ է ստեղծվում այդպիսի գործեր անելու,  պետական մարմինները հետևողական չեն լինում, որ աշխատանքը ճիշտ տարվի»։ Նրա կարծիքով՝ Հայաստանում կա ռազմարդյունաբերության զարգացման պոտենցիալ, այլ հարց է, թե ինչ մեթոդներով է փորձ արվում այդ պոտենցիալը զարգացնել, ինչ խոչընդոտներ կան պետություն-մասնավոր համագործակցության համար և արդյոք լուծումներ տրվում են այդ խոչընդոտներին․ «Ամենամեծ խոչընդոտներից մեկը, որ լսել ենք, ընդհանուր ԳՀՓԿ աշխատանքների հանդեպ կարծրացած վերաբերմունքի հարց կա։ Հաճախ սպասումը այն է, որ պատրաստի նմուշ է ստացվելու։ Այո, ի սկզբանե նպատակը այդպիսին պետք է լինի, բայց պետք է հասկանալ, որ գործ ունես ամբողջությամբ ոչ միանշանակ գործընթացի հետ, որոնք իրենց մեջ ի սկզբանե ունեն ռիսկային էլեմենտներ։ Զարգացվածության տարբեր աստիճաններում այդ ռիսկերը տարբեր են։ Եթե նույնիսկ չի ստացվել այն, ինչ նախատեսվում էր, չի նշանակում, որ ամբողջ աշխատանքը ջուրն է ընկել ու պետք է գնաս, մարդուն դատի տաս։ Հնարավոր է, որ աշխատանքնը իսկապես բարեխղճորեն արվել է, բայց գործի բնույթի հետ կապված եղել են խնդիրներ։ Դա պետք է հաշվի առնել և վերջում ոչ թե ըստ արդյունքի առկայության կամ բացակայության փաստով որոշվի, այլ արդյոք աշխատանքը նորմալ կատարվել է, թե ոչ, և նույնիսկ բացասական արդյունքն էլ տվյալ դեպքում պետք է արդյունք համարվի»։   Նանե Ավետիսյան
20:32 - 24 մայիսի, 2022
Գիտությանը հատկացվող բյուջեի բարձրացումներով չի ստացվի արդյունքի հասնել, եթե համակարգային մոտեցում չլինի. Խաչիկ Նազարյան

Գիտությանը հատկացվող բյուջեի բարձրացումներով չի ստացվի արդյունքի հասնել, եթե համակարգային մոտեցում չլինի. Խաչիկ Նազարյան

Անցած ամիս «Գիտուժ» նախաձեռնությունը նոր հայտարարությամբ էր հանդես եկել, որում, ի թիվս այլնի, հայտարարել էր, որ կառավարության կողմից գիտական հետազոտությունների հանդեպ ուշադրության դրական փոփոխություններն իրենց ողջ աննախադեպությամբ հանդերձ անիմաստ կդառնան, եթե չհստակեցվեն մեր երկրի նպատակները, չսահմանվեն դրանցից բխող Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների զարգացմանը նպաստող իրատեսական ու հավակնոտ ռազմավարական ծրագրերը՝ հիմնված խնդրիներին համակարգային և ամբողջական լուծումներ տալու և միջազգայնորեն մրցունակ մակարդակի հատկացումների հանձնառություն վերցնելու վրա։ Օրերս էլ «Գիտուժի» անդամները մամուլի ասուլիսով հանդես եկան և հայտարարեցին, որ գիտության հանդեպ կառավարության և Ազգային ժողովի վերաբերմունքը թուլացնում են Հայաստանի անվտանգությունը։  Infocom-ը թեմայի շուրջ զրուցել է «Գիտուժ» նախաձեռնության անդամ, «VMware» ընկերության ինժեներական տնօրեն Խաչիկ Նազարյանի հետ։  Նազարյանը ընդգծում է՝ «Գիտուժ» նախաձեռնությունը ակտիվ  գործունեությունը սկսել է 44-օրյա պատերազմից հետո․ «44-օրյայից հետո վիճակը շատ սուր դարձավ: Մեր գլխավոր պահանջն այն էր, որ կառավարությունը երկարաժամկետ հանձնառություն ստանձնի, որ գիտության մեջ ներդրումները աճեն, լինեն անընդհատ ու երկարաժամկետ, ոչ թե միայն խոսքով, այլ նաև օրենքով դա պետք էր ամրագրել՝ ՀՆԱ-ի 1%-ը գիտությանը։ «Գիտուժի» վերջին հայտարարությունը տարբերվում է նրանով, որ ակնհայտ շեշտադրում կա պաշտպանական ոլորտի վրա, անվտանգության վրա, ինչպես նաև ահագին հարցեր ավելի բացված տեսքով ենք բարձրացրել, որովհետև զգում ենք, որ մեկ-երկու տողով պահանջը  հատկապես հանրության մոտ գուցե հստակ չհասկացվեց»։ Խաչիկ Նազարյանը նկատում է՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որ 3-4 տարի առաջ է ձևավորվել, արդեն 4 ղեկավար է փոխել, իսկ ԲՏԱ-ի ենթակայությամբ գործող Ռազմարդյունաբերության կոմիտեն 2 տարի է՝ ղեկավար չուներ․ «Այս ամենը հատկապես 44-օրյա պատերազմից հետո ընդհանրապես անհասկանալի է։ Արդեն դժվար է ասել, որ չկարողանալուց է, չիմացությունից է։ Շատ վատ ենթադրություններ խուսափում եմ անել, որ դա դիտմամբ է, որովհետև նմանվում է թշնամական գործողության։ Ամեն դեպքում, ենթադրությունն այն է, որ կամ չեն գիտակցում դրա կարևորությունը, կամ գիտակցում են, բայց չեն կարողանում անել։ Երկուսի դեպքում էլ արդարացումը զրո է, որովհետև գոյաբանական հարցի մասին ենք խոսում ու հապաղել ընդհանրապես չի կարելի, ինչ պատճառ էլ լինի, անընդունելի է»։ Նա նշում է, որ գուցե խնդիրները բարդ են, սակայն բարդ խնդիրները լուծելու դասական ձևեր կան և կան մարդիկ, որոնք կարող են աջակցել այդ հարցերում․ «Պոզիտիվ ենթադրությունն այն է, որ ամեն դեպքում գիտակցում են։ Մեր շփումներում, իրենց հրապարակային հայտարարություններում գիտակցության նման բան կա, գոնե բանավոր խոսքում։ Ստացվում է երկրորդը՝ գիտակցում են, չեն կարողանում անել։ Չկարողանալու դեպքում խնդիրը բարդ է, գուցե փորձառու չեն, գուցե շատ կադրեր չեն համաձայնում աշխատել, այդ բոլորը հասկանալի է, բայց բարդ խնդիրները լուծելու դասական ձևեր կան։ Մեծ խնդիրը չես վերցնում, որ կորես մեջը։ Փոքրացնում ես խնդիրը, մասնատում ես, հասկանում ես գոնե 1-2 ակնհայտ քայլեր, որ սա որ անես, երևի ճիշտ ուղղությունն է։ Կամ եթե ներուժ չունես, գոնե լսում ես համայնքին, իրենց բախտը բերել է, որ գոնե այս հարցում ահագին խելոք մարդ է հավաքվել իրար գլուխ, ուզում է օգնած լինի»,-ասում է նա՝ հավելելով՝ ամեն ոլորտում չի, որ նման կոնստրուկտիվ հասարակական շարժում կա, որը սրացումների չի գնում։  2021 թ․-ին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ ծրագրի» համար հատկացվել էր 4 միլիարդ 574 միլիոն դրամ, իսկ 2022 թ․-ին՝ 5 միլիարդ 200 միլիոն դրամ։ Այս ծրագրի շրջանակում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ են իրականացվում։ Կառավարությունը, սակայն, 2021 թ․-ին կատարված վերաբաշխումներով 2 միլիարդ 576 միլիոն դրամով կրճատել է նախապես պլանավորված բյուջեն, իսկ այս տարվա ապրիլի 7-ին կառավարության որոշմամբ ծրագրի բյուջեից 295 միլիոն դրամ է կրճատվել՝ գումարը այլ միջոցառման վրա ծախսելու հիմնավորմամբ։  Անդրադառնալով այս հանգամանքին՝ Խաչիկ Նազարյանը նշում է՝  սա գիտության թեմատիկայի մեջ ամենասուր հարցը պետք է լիներ Հայաստանում․ «Ղեկավարի չլինելը գուցե առարկայական չհասկացվի, ինչ-որ մարդիկ ասեն՝ լավ, ղեկավար չկար, բայց ժամանակավոր պատասխանատու կար, բայց մենք դրա հետևանքը տեսնում ենք ձեր բերած հարցի մեջ։ Ավելի ահավոր է վիճակը, երբ լսում ես արդարացման փորձերը, որ դե ծրագիր ներկայացնող չկա, ո՞նց ծախսենք, մենք փորձում ենք էֆֆեկտիվ ծախսել, սա հանրային գումար է․․․․ Դու հենց դրա համար ես, կառույցը դրա համար է, հակառակ դեպքում Պաշտպանության նախարարության վրա կմնար, ինքը կնստեր, կսպասեր ծրագիր ներկայացնեին։ Դու՝ որպես Ռազմաարդյունաբերության կոմիտե, որը ձևավորվել է լրիվ ուրիշ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մեջ, հենց դրա համար ես»։ Նրա խոսքով՝ գուցե սկզբում ներդրումները պետք է  արվեն միջավայրի ձևավորման համար, և այս հարցում Ռազմարդյունաբերության կոմիտեն ագրեգացիոն դեր ունի․ «Արդյոք դու բացահայտե՞լ ես, թե ինչն է խանգարում, երկիրը «յուրահատու՞կ» է, ոչ ոք չի՞ ուզում, մեր ձեռներեցները, բիզնեսմենները գժվե՞լ են, չեն ուզո՞ւմ ոչմիբանի մասնակցել, մենք «յուրահատո՞ւկ» ենք։ Ո՛չ։ Խանգարող բաներ կան, գուցե բյուրոկրատիայի հարցն է, գուցե «տոլերանտ» չեն ինովացիայի նկատմամբ, այսինքն՝ միայն պատրաստի բաներ եք ուզում, ինչպես անում էր ՊՆ-ն, բայց այդ կառույցի՝ կոմիտեի ձևավորման բուն նպատակին հակասող արդարացում է, որ դե ծրագրեր չկան, դրա համար բյուջեն վերաբաշխվեց»։  «Գիտուժի» անդամն ասում է՝ Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացման հնարավորություններ կան, իսկ եթե պատասխանատու մարմինների կարծիքով՝ այդ պոտենցիալը չկա, ապա պետք է գործունեություն ծավալել այն ձևավորելու համար․ «Ես տեխնոլոգիական համայնքից եմ, գուցե կողմնակալ վերաբերմունք ունենամ, բայց այո, ես այդ պոտենցիալը տեսնում եմ։ Եթե իրենց տեսանկյունից նայենք, եթե նույնիսկ տեսնում են, որ պոտենցիալ չկա կամ թույլ է, որևէ ձևով չի արդարացնում իրենց մոտեցումը, որովհետև եթե չկա, ներդրումները հենց պետք է անել պոտենցիալի ձևավորման համար։ Եթե այդ պայմաններում դու մտածում ես, որ պոտենցիալ չկա ու մի հատ էլ գումարը վերաբաշխում ես, փոխանակ մտածես՝ բա լավ, ինչ անել, որ այդ պոտենցիալը ձևավորվի, այդ  պոտենցիալը հո մանանա՞ չի, որ երկնքից իջնի, դրանք մարդիկ են, որ ունեն այդ գիտելիքը, գործ պետք է անես, որ այդ պոտենցիալը առաջանա։ Գուցե ավելի սուր է հարցը, եթե պոտենցիալը կա, բայց չի օգտագործվում, բայց նույնիսկ  եթե այն ծայրահեղությունն  է, որ պոտենցիալը չկա, շատ լավ, արդար է, բա ո՞ւր է ձեր գործունեությունը, որ այդ պոտենցիալը ձևավորվի։ Եթե հուսահատվել եք, որ անհույս է, հնարավոր չի ունենանք, բյուջեն զրոյացրեք, հստակ ասեք, որ մենք սրանով չենք զբաղվելու, մեր պաշտպանությունը, անվտանգությունը ձևավորվելու է ինչ-որ հրաշքով»,-ասում է նա՝ նշելով՝ երկրում այլ շատ հարցեր կան, սակայն կան նաև հարցեր, որոնք անքննարկելի են և որոնցում ոչ ոք անհամաձայնություն չունի։  Խաչիկ Նազարյանը նշում է՝ բյուջեի բարձրացումներով չի ստացվի արդյունքի հասնել, եթե կառավարությունը երկարաժամկետ հանձնառություն չվերցնի, համակարգային մոտեցում չլինի․ «Համակարգային մոտեցման բացակայությունը ամեն տեղ ծակեր է տալիս։ Եթե ամբողջ խրոնոլոգիային չտիրապետող մարդը նայի իրավիճակին, զուտ թղթի վրա թվեր կարդալով կարող է տեսնել, որ անցած տարի էլ է բարձրացում եղել, իրենց բառերով՝ աննախադեպ, այս տարի էլ է եղել բարձրացում, արդյունքում կարող է պարզվել, որ թղթի վրա մեր ասածը իրականում տեղի է ունենում ու տեղի է ունեցել։ Կարող է նույնիսկ հասնենք նրան, որ 2022-2024 թթ․ տեսնենք, որ մեր ուզած  4 տոկոսը բյուջեի տողով շարադրած է, բայց արդյունքում ոչինչ չստանանք։ Եթե այսպես էլ մնա՝ կետային ներդրումներ արվեն, համակարգային մոտեցում չլինի, ուշադրությունը դրվի այն ամենի վրա, որը կոմֆորտ զոնա է, ավելի վատ է ստացվում։ Ստացվում է՝ մենք փոշիացնում ենք այդ ռեսուրսները»։ «Գիտուժի» անդամն ասում է՝ շատ են խոսել գիտական ներուժի ծերացման մասին, սակայն պետական պատվերով ասպիրանտական տեղերը շարունակում են մնալ 200. «200-ը նույնն է, կարծես մահամերձ հիվանդին ջուր տաս խմելու, որ չմեռնի․ հաստատ մեռնելու է։ Երբեմն միջանցքային բացատրություններ հնչում են, որ չկան, շատացնում ես տեղը, գալիս են ձևական, բայց մի անեկդոտ կա՝ մինչև լողալ չսովորես, ջրավազանում ջուր չեն լցնի։ Պարզ բան է, 200 տեղ չպիտի նախատեսվի, ամբիցիոզ թիվ պիտի նախատեսես ու այո, այն պաշտոնատար անձը, որ դրա համար պատասխանատու է, իր դիմաց պետք է դնել ժամկետներով հարց, որ այս կետին պետք է հասնել այս ժամկետներում ու հրապարակել, որ հանրությունն էլ հետևի, որ այս պաշտոնյայի վրա դրված է կոնկրետ այս ծրագիրը, մի քանի ամսից այս ինչ կետին պետք է հասնի, հանրությունն էլ հասկանա՝ ինչին է հետևում»։ Նույնը, Նազարյանի խոսքով, վերաբերում է  Սփյուռքի գիտնականների՝ Հայաստանում գործունեություն ծավալելուն․ «Ակնհայտ է, որ ներսի գիտուժը ծերանում է, ու ինչքան էլ փորձես լրացնել, տարիներ կտևի, մինչև լրանա։ Էլ որտե՞ղ կա ներուժ, որին հենց այսօր հնարավոր է ներգրավել։ Դա Սփյուռքն է։ Այստեղ էլի փոքր գործողություններ են, ոչ ամբիցիոզ ծրագրեր, որի արդյունքում մեկ երկու հոգի հազիվ գա։ Էլի պետք է երկարաժամկետ հանձնառություն նախատեսվի, այդ մարդիկ տեսնեն, որ այս պետությունը երկար է գնալու»։ Խաչիկ Նազարյանը Գերմանիայի կանցլերի հայտարարությունն է  հիշատակում  ու նշում, որ դա հզոր մեսիջ էր հանրության համար․ «Ուկրաինայի դեպքերից հետո, երբ իրենց փաստացի դեռ առարկայական վտանգ չէր սպառնում, կանցլերը միանգամից հայտարարեց, որ 2 տոկոս նախատեսում են հատկացնել պաշտպանականին ու ամրագրեց Սահմանադրության մեջ։ Այդ մեսիջի հզորությունը պատկերացնո՞ւմ եք․ իր ամբողջ հանրությանը, ձեռներեցներին ասում է, որ մեխելու եմ, որ ոչ մի քաղաքական ուժ չգա ու փոխի, հանգիստ ներգրավվեք այդ գործի մեջ, ներդրումներ արեք։ Դա է ամբիցիոզ գործողությունը, որ չի արվում»։   Նանե Ավետիսյան
16:07 - 16 մայիսի, 2022
Գիտության հանդեպ Կառավարության և ԱԺ-ի վերաբերմունքը թուլացնում են Հայաստանի անվտանգությունը՝ վտանգելով պետականությունը․ «Գիտուժ» նախաձեռնություն

Գիտության հանդեպ Կառավարության և ԱԺ-ի վերաբերմունքը թուլացնում են Հայաստանի անվտանգությունը՝ վտանգելով պետականությունը․ «Գիտուժ» նախաձեռնություն

Երեկ՝ մայիսի 10-ին տեղի ունեցավ «Գիտուժ» նախաձեռնության մամուլի ասուլիսը՝ «Գիտության հանդեպ Կառավարության և ԱԺ-ի վերաբերմունքը թուլացնում են Հայաստանի անվտանգությունը՝ վտանգելով պետականությունը» թեմայով։ Նախաձեռնության հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև։ «Կարճ քննարկման ընթացքում ներկայացրած մտքերը։ Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտությունների բյուջեն ամբողջությամբ չի յուրացվում՝ անգամ պատերազմից հետո Կառավարությունն ու ԱԺ-ն շարունակում են չգնահատել Հայաստանին ուղղված մարտահրավերների հաղթահարման և գիտական ներուժի արդյունավետ օգտագործման, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական (ԳՀՓԿ) աշխատանքների զարգացման միջև եղած ուղղակի կապը: Ցավոք սրտի, 44 օրյա պատերազմից հետո այդ վերաբերմունքը չի փոխվել։ Նման վերաբերմունքը կարող է ունենալ երկու պատճառ. առաջինը պաշտպանական կարողությունները զարգացնելու ցանկության բացակայությունն է, երկրորդը՝ դա անելու անունակությունը, երբ չես կարողանում նպատակներ ձևակերպել և դրանք իրականացնելու համար կադրեր գտնել։ Երկու մոտեցումն էլ մեր դեպքում անընդունելի է, քանի որ Հայաստանն այսօր կանգնած է բազմաշերտ գոյաբանական մարտահրավերների առջև. Գիտուժի անդամ, «EarlyOne» ընկերության հիմնադիր Գևորգ Սաֆարյան։ Ըստ Գիտուժի անդամ, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանի՝ պետական տարբեր ատյաններում շատ է խոսվում այն մասին, որ «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտությունների» համար Կառավարությունը բյուջեով գումարներ հատկացնում է, սակայն մարդիկ չեն դիմում, նախագծեր չեն ներկայացնում։ «Պատկերացնում եք՝ ինչ կլիներ ԱՄՆ-ի զինված ուժերի հետ, եթե այդ պետության կողմից ստեղծված Պաշտպանության առաջադեմ հետազոտական նախագծերի գործակալությունը (DARPA) չկատարեր իր գործառույթը՝ հետազոտություններ չաներ, ընկերությունների առջև նպատակներ չդներ՝ խնդիրներ իջեցնելով, պատվեր չձևակերպեր։ ԱՄՆ-ում կլիներ նույն վիճակը, ինչ մեզ մոտ է. պետությունը կհատկացներ գումարներ, և դրանք չէին յուրացվի, քանի որ ոչ մի առանձին ընկերություն ունակ չի լիովին մարսել առկա խնդրիրների ամբողջականությունը, դա պետության գործառույթն է։ Այդ նպատակով է ստեղծվել DARPA-ն՝ մասնագետներով հագեցված այն գաղափարական կենտրոնը, որը հետազոտություններ է անում, ուրվագծում է պետության համար առաջնահերթությունները, ֆինանսավորում է պաշտպանական բնագավառում արդիական և կարևոր գիտական ուղղությունները և այլն»։ Գրեթե նույն գործառույթը կատարելու համար է Հայաստանում ստեղծվել ԲՏԱ նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեն (ՌԱԿ), բայց երկու տարի է՝ այն նախագահ չուներ, և հատկացված բյուջեներն անդընդհատ կրճատվում են։ Հիմա նախագահ նշանակել են, բայց չկա ռազմավարություն և այդ ռազմավարությանը համապատասխանող ծրագրեր։ Պարզաբանում։ 2021թ. պետական բյուջեից ԲՏԱ նախարարության «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագրի համար հատկացվել էր մոտ 4 մլրդ 574 մլն դրամ, 2022-ին՝ 5 մլրդ 200 մլն դրամ։ 2021 թվականի վերջին Կառավարության երկու որոշումներով «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագրից գումարային կրճատվել է 2 մլրդ 576 մլն դրամ (~56%): Ծրագրի բյուջեից կրճատում է տեղի ունենում նաև սույն թվականի ապրիլի 7-ին՝ այս անգամ 295 մլն դրամ։ Ըստ Գիտուժի անդամ, «Granatus Ventures» ընկերության համահիմնադիր Մանուկ Հերգնյանի՝ բազմաթիվ անվտանգային մարտահրավերների առջև կանգնած Հայաստանում այս մոտեցումն անընդունելի է, հատկապես 44-օրյա պատերազմից հետո։ Չի կարելի նստել և սպասել, որ տարբեր ընկերություններ ձեզ մոտ կգան իրենց նախագծերով և քանի որ իրենք չեն գալիս կրճատել «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագրի բյուջեն։ Ռազմարդյունաբերական հետազոտությունների պատվերը պետք է ակտիվորեն ձևավորվի եւ բխի զինված ուժերի տեխնոլոգիական վերազինման կարիքներից, վերջինս էլ զինված ուժերի համապարփակ վերափոխման կարիքներից։ Շարունակելով թեման՝ Մանուկ Հերգնյանը նշում է, որ խնդիրը խորանում է նաև այս բնագավառում պատվերների ձևավորման մոտեցման հետևանքով, որն ավելի շատ պատրաստի ապրանքի գնման տրամաբանությամբ է կառուցված՝ ներառելով նաև պատժի մեխանիզմներ։ Բացակայում է ռիսկի որոշակի մակարդակի թույլտվությունը, իսկ ինովացիան առանց ռիսկի չի լինում։ Հարկավոր է ոլորտում վստահության որոշակի դաշտ ստեղծել, որպեսզի այն զարգանա։ Հայաստանում գիտություն զարգացնելու համար պետք է ռեսուրսների գնահատում, նպատակների հստակեցում, հավակնոտ ռազմավարությունների մշակում և իրագործում Ըստ «Գիտուժի» անդամ, «Krisp» ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանի՝ Հայաստանում գիտության և ԳՀՓԿ աշխատանքների զարգացման համար հարկավոր են բնագավառային ռազմավարություններ՝ գերակա գիտական ուղղություններում։ Օրինակ՝ արհեստական բանականության (AI) բնագավառում Հայաստանն ունի շատ մեծ պոտենցիալ, և այն նպատակային զարգացնելու դեպքում՝ մենք կարճ ժամանակում կարող ենք գրանցել լուրջ և շոշափելի արդյունքեր, այդ թվում՝ նաև պաշտպանական բնագավառներում։ Զուգահեռ պետք է իրականացվեն գիտական համայնքի ծերացումը կանխող մասշտաբային ծրագրեր։ «Հայաստանում գիտաշխատողների քանակի շարունակվող նվազումն աղետալի չափերի է հասնում, և դրա դեմն առնող ծրագրերն իրենց մասշտաբներով անհամատեղելի են։ Օրինակ՝ ինչպե՞ս կարելի է նման ահազանգող թվերով գիտական համայնքի ծերացումը տեսնել և պետական պատվերով ասպիրանտական տեղերի թիվը տարիներով 200 թողել կամ ֆունդամենտալ գիտության համար հատկացրած այս տարվա բյուջեից (25 մլրդ դրամ) միայն 1 մլրդ դրամ հատկացնել նոր ծրագրերի իրականացմանը, որոնք ուղղված են գիտության երիտասարդացմանը, արտասահմանցի գիտնականների ներգրավմանը»,- նշում է Արտավազդ Մինասյանը։ Հայաստանը չի կարող առանց գիտության ապագա ունենալ։ Իսկ գիտության հարկավոր է «նոր արյուն»՝ երիտասարդ գիտնականների ներհոսք և արտասահամանցի գիտնականների ներգրավում 2021թ. Կառավարության որոշումներով գումարային 2 մլրդ դրամով ավելացվում են գիտության համար հատկացումները, իսկ 2022-ի բյուջեում նախատեսվում է հավելյալ մոտ 10 մլրդի ավելացում։ Սա, չափազանց կարևոր քայլ լինելով հանդերձ, ոչ համակարգային տեղային լուծում է։ «Հայաստանում գիտությունը վերակենդանացման բաժնում է, մահի վտանգը շատ բարձր է, մեր իշխանություններն էլ որոշել են, որ վերջ, ամեն ինչ լավ է, բարձրացրինք ֆինանսավորումը, «հիվանդին» տեղավորեցինք հիվանդանոց», գիտության հարցը լուծված է։ Իրենք չեն գիտակցում, որ, եթե գիտությունը վտանգված է, վտանգված է նաև Հայաստանը, քանի որ Հայաստանը չի կարող առանց գիտության ապագա ունենալ, սա պետք է հստակ հասկանալ։ Միայն մեր երկրի գիտական ներուժը զարգացնելով՝ մենք կկարողանանք լուծել մեր առջև ծառացած մարտահրավերները։ Իսկ զարգացում հնարավոր է միայն խնդրին համապարփակ և ամբողջական լուծում տալով՝ երկարաժամկետ հեռանկարի մասին մտածելով»,-ասուլիսի ժամանակ նշում է Արամ Փախչանյանը։ Հայաստանում գիտությունը միջազգայնորեն մրցունակ դարձնելու համար պետք է օգտագործել Սփյուռքի գիտական ներուժը։ «Ես անձամբ ճանաչում եմ բազմաթիվ տաղանդավոր գիտնականների, որոնք պատրաստ են իրենց ներդրումն ունենալ Հայաստանում գիտության զարգացման մեջ, տեղափոխվել Հայաստան։ Սակայն իրենք չեն գա, որովհետև չեն տեսնում, որ պետությունը վերցնում է հանձնառություն երկար տարիներ զարգացնել գիտությունը։ Երբ «Գիտուժ» նախաձեռնությունը ստեղծվեց, առաջին օրից առաջարկում ենք գիտության և ԳՀՓԿ համար հատկացումների չափն (ՀՆԱ-ի առնվազն 1%) ամրագրել ՀՀ գիտության ոլորտը կարգավորող օրենքում, սական բոլոր կողմերից ստանում ենք ուժեղ դիմադրություն։ Ամեն բան ուզում են անել, որ դա չլինի։ Եթե դու չունես ռազմավարական հորիզոն, չես մտածում ապագայի մասին, կենտրոնանում ես առօրյա կամ խիստ կարճաժամկետ խնդիրների լուծումների վրա», - նշեց Արամ Փախչանյանը։  Հայաստանում գիտությունը «հիվանդի» կարգավիճակից հանելու համար պետք է բնագավառի թռիչքային և շարունակական զարգացումն ապահովող համակարգ ստեղծել Ֆունդամենտալ գիտության համար հատկացումը 10 մլրդ ավելացնելուց հետո Կառավարությունը կարծում է, որ «գնդակը գիտնականների դաշտում է»։ Տպավորություն է ստեղծվում, որ Կառավարությունը մտածում է աննախադեպ ավելացում են արել հիմա պետք է սպասեն տեսնեն՝ ինչ կլինի։ Սա անլուրջ մոտեցում է։ Մեզ պետք է գիտության շարունակական զարգացման համակարգ կառուցելու, երբ պետությունն իր ողջ ներուժով, նախարարություններով և գերատեսչություններով լծված է երկիրը գիտահենք դարձնելու նպատակի իրականցմանը։ Այսօրվա մոտեցմամբ՝ տեղային լուծումներով և կիսաքայլերով նման համակարգ չես ստեղծի։ Ըստ Արամ Ջիվանյանի՝ երբ «Գիտուժը» Կառավարությունից պահանջում է ռազմավարություն չի ուզում տեսնել հերթական բազմաթիվ էջեր ունեցող և մի քանի հարյուր հազար դոլար արժողությամբ պահարաններում փոշոտվող փաստաթուղթ։ Ռազմավարությունը պետք է բխի երկրի նպատակներից, հստակ ձևակերպված կարիքներից։ Այն պետք է գրվի ռեսուրսների գույքագրում անելուց հետո՝ իրագործման հստակ քայլերով և ժամանակացույցով։ Հայաստանում բոլոր նախարարությունները պետք է ունենան գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական (ԳՀՓԿ) բաժին՝ համապատասխան բյուջեով Արամ Փախչանյանը հավելում է, որ Հայաստանում բոլոր նախարարությունները պետք է ունենան գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական (ԳՀՓԿ) բաժին՝ համապատասխան բյուջեով։ Ընդ որում՝ նախարարությունները պետք է այդ բյուջեներն ամբողջությամբ իրացնելու կարողություն ունենան, այլ ոչ թե գումարի չափը հաստատվեն, բայց տարվա վերջում կրճատեն կամ պահեն պահուստային ֆոնդում, որից էլ վերջում պարգևավճարներ կտրվեն։ Նրա խոսքով՝ նախարարները պիտի զեկուցեն, թե ինչ բարձր մակարդակի՝ համաշխարհային չափանիշերին համապատասխան նոր հետազոտություններ են նախաձեռնել, ինչ արդյունքներ ունեն, եթե արդյունքներ չկան, նրանք այդտեղ անելիք չունեն։ Այլ կերպ հնարավոր չի ամրապնդել անվտանգություն, տնտեսություն զարգացնել, ունենալ մրցունակ գյուղատնտեսություն, ուժեղ դիվանագիտություն, գրանցել բարձր տեխնոլոգիական ոլորտի աճ կամ հեռանկարային զարգացման այլ խնդիրներ լուծել»։
12:54 - 11 մայիսի, 2022
Առանց պետական նպատակների հստակեցման և հավակնոտ ռազմավարական ծրագրերի Հայաստանի անվտանգության ապահովումն անհնար կլինի․ «Գիտուժ»

Առանց պետական նպատակների հստակեցման և հավակնոտ ռազմավարական ծրագրերի Հայաստանի անվտանգության ապահովումն անհնար կլինի․ «Գիտուժ»

«Գիտուժ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հայաստանում 2021թ. գիտական հետազոտությունների հանդեպ ուշադրության դրական փոփոխություններն իրենց ողջ աննախադեպությամբ հանդերձ անիմաստ կդառնան, եթե չհստակեցնենք մեր երկրի նպատակները, չսահմանենք դրանցից բխող գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (ԳՀևՓՄ) իրատեսական ու հավակնոտ ռազմավարական ծրագրերը՝ հիմնված խնդրիներին համակարգային և ամբողջական լուծումներ տալու և միջազգայնորեն մրցունակ մակարդակի հատկացումների հանձնառություն վերցնելու վրա։ Մեկ տարի առաջ՝ փետրվարի 14-ին, մեկնարկվեց «Գիտուժ» նախաձեռնությունը՝ որի նպատակն էր առաջնահերթություն դարձնել Հայաստանի թռիչքային զարգացմանը նպաստող և անվտանգությանը ծառայող հզոր գիտական ներուժի զարգացումն ու արդիականացումը։ Պահանջի շուրջ համախմբվեցին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության հարյուրավոր գործարարներ, խոշորագույն ասոցացիաներ և հիմնադրամներ։ Վերջին տարվա ընթացքում բոլորս ականատես եղանք գիտության նկատմամբ ուշադրության շեշտակի բարձրացմանը, արձանագրեցինք գիտական էկոհամակարգի զարգացմանն ուղղված մի շարք կարևոր փոփոխություններ։ Մասնավորապես, դրական զարգացումներից են. 2021-2022թթ. ԿԳՄՍ նախարարության Գիտության Կոմիտեի (ԿԳՄՍՆ ԳԿ) կողմից մի քանի նոր և կարևոր գիտական ծրագրերի մեկնարկը, գիտնականների որակավորման իրականացումը ու բազային աշխատավարձերի բարձրացումը, ինչպես նաև Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտների համակարգի պահպանման հարցում դիրքորոշման դրական փոփոխությունը։ Միևնույն ժամանակ, այս դրական փոփոխություններին զուգահեռ շարունակում են ընթանալ պետական կարիքներից բխող ԳՀևՓՄ-ի իրականացմանը և գիտական էկոհամակարգի զարգացմանը խոչընդոտող խիստ բացասական գործընթացներ։ Մասնավորապես,  2021թ. «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագրի բյուջեն լիարժեքորեն չի կատարվել։ Ծրագրի համար նախատեսված բյուջեի մեծ մասը ՀՀ կառավարության որոշմամբ վերաբաշխվել է այլ ծախսերի համար։ Ավելին, այդ ծրագրի իրագործման համար պատասխանատու ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեն (ՌԱԿ) վերջին երկու տարվա գրեթե ողջ ընթացքում չի ունեցել ու այսօր էլ չունի նախագահ։ ՀՀ կառավարության որոշմամբ 2021թ. հուլիսի 12-ին ընդունվեց 2022-2024թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որը ենթադրում էր 2022թ. ԿԳՄՍՆ ԳԿ բյուջեի նվազեցում։ Այս որոշման գոյության պատճառով մոտ հինգ ամիս (մինչև 2022թ. պետական բյուջերի հաստատում) հետաձգվեց ԿԳՄՍՆ ԳԿ-ի՝ վերևում արդեն հիշատակած նոր ծրագրերի մեկնարկը։ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում դեռևս բացակայում են ԳՀևՓՄ կամ գիտական և գիտատեխնիկական գործունեության համար հատկացումների պաշտպանվածության դրույթները։ Պետական պատվերով ասպիրանտական տեղերը վերջին տարիների ընթացքում շարունակում են մնալ սակավաթիվ (մոտ 200 ամեն տարի), և ըստ նախապատրաստվող որոշման, նույնն են մնալու 2022-2023թթ. ուստարվա համար։ Մնջոյանի անվան օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ջրավազանի տարածքում շարունակվում է բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը՝ առանց կենտրոնի գոյությունը վտանգող ռիսկերին պատշաճ գնահատական տալու։ Նմանատիպ գործընթացներ են նկատվում այլ գիտական ինստիտուտներին կից կամ անմիջապես տարածքում։  Արդեն մոտ մեկ տարի է չի հաստատվում տեխնոլոգիայի փոխանցման կամ առևտրայնացման գրասենյակի հայեցակարգը և բյուջեն։ Վերոնշյալ բացասական գործընթացներն առաջացել և ծավալվում են պետական նպատակների անհստակության, հավակնոտ ռազմավարական ծրագրերի բացակայության և, ամենացավալին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ու նպատակային ԳՀևՓՄ-ի զարգացման միջև եղած ուղղակի կապին համապատասխան կարևորություն չտալու պատճառով։ Հաշվի առնելով այս ամենը՝ կոչ ենք անում ՀՀ կառավարությանը. Մինչև 2050թ. Հայաստանի վերափոխման նպատակների ցուցակից և ՀՀ կառավարության ծրագրում նշված թիրախներից բխող բնագավառային ռազմավարությունների ընդունման ժամանակացույց հայտարարել ու համապատասխան պատկան մարմիններին հստակ վերջնաժամկետով հանձնարարել դրանց մշակումը։Մասնավորապես, անհապաղելի են պաշտպանական, հայագիտական, արհեստական բանականության, տիեզերական, կենսատեխնոլոգիաների և ագրոտեխնոլոգիաների բնագավառների համար պետական կարիքներից բխող, չափելի թիրախներով, միջոցառումների ցուցակով և հստակ բյուջեով ԳՀևՓՄ հավակնոտ ռազմավարությունների մշակումն ու իրականացումը։  ԿԳՄՍ նախարարությանը հանձնարարել վերոհիշյալ ռազմավարությունների հիման վրա հստակ ժամկետներում մշակել գիտական գերակա ուղղությունների ցուցակը ու գիտական հետազոտությունների զարգացման ռազմավարությունը։ Առաջիկա երեք ամսվա ընթացքում լրացնել պաշտպանական ԳՀևՓՄ-ի համար պատասխանատու պետական կառույցի ղեկավարի թափուր տեղը՝ համապատասխան որակավորում ունեցող մասնագետով։  Մոտակա երեք ամսվա ընթացքում հաստատել տեխնոլոգիայի փոխանցման գրասենյակի հայեցակարգը, բյուջեն ու մեկնարկել կառույցի գործունեությունը։ Ավելացնել 2022-2023թթ. ուստարվա համար ասպիրանտական տեղերի պետական պատվերի քանակը և հանձնառություն վերցնել այդ քանակն առնվազն եռապատկել՝ մինչև 2025թ.։ Հանձնառություն վերցնել մինչև 2025թ. առնվազն 50%-ով ավելացնել մեկ շնչի հաշվով գիտնականների քանակը Հայաստանում։ Օրենքով ամրագրել, որ ԳՀևՓՄ-ի համար պետական հատկացումները պետք է աստիճանաբար աճեն՝ 2025թ. սկսած կազմելով պետական բյուջեի առնվազն 4%: Հանձնարարել 2022թ. ընթացքում մշակել ԳՀևՓՄ-ն կարգավորող օրենքներում բարեփոխումների նախագիծը, անցկացնել հանրային քննարկում և մինչև 2022թ. ավարտը մտցնել Ազգային ժողովի օրակարգ։ Նախագիծը, մասնավորապես, պետք է ներառի գիտական նյութեր և սարքավորումներ ձեռք բերելու հարցում գիտական հանրության կողմից բազմիցս բարձրաձայնած խնդիրների լուծումները։  2050թ. Հայաստանի Հանրապետության նպատակների մեջ ներառել. Մեկ շնչին ընկնող գիտնականների քանակով և ՀՆԱ-ի նկատմամբ ԳՀևՓՄ-ի համար հատկացվող համախառն ներքին ծախսերի չափաբաժնով լինել աշխարհի առաջատար տասնյակի մեջ։ WIPO Global Innovation Index կամ համարժեք վարկանիշային զեկույցում լինել աշխարհի առաջատար 15 նորարարական երկրների ցուցակի մեջ։ «Գիտուժ» համայնքն իր առաջիկա գործունեության կարևորագույն կետերից է համարում վերոնշյալ խնդիրների լուծմանը հետամուտ լինելը և պատրաստակամ է աջակցել այս գործընթացի բարեհաջող իրականացմանը»։
13:59 - 05 ապրիլի, 2022
Համատեղ ուժերով պետք է իրականացնել գիտության զարգացմանն ուղղված քայլեր. Դումանյանն ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության անդամներին

Համատեղ ուժերով պետք է իրականացնել գիտության զարգացմանն ուղղված քայլեր. Դումանյանն ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության անդամներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հունվարի 21-ին ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության անդամներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը: Նախարար Վահրամ Դումանյանը, կարևորելով նմանօրինակ ձևաչափով հանդիպումները, նշել է, որ համատեղ ուժերով պետք է իրականացնել գիտության զարգացմանն ուղղված քայլեր: Կյանքի կոչվող ծրագրերի բարեփոխումներից և ծավալի ավելացումից զատ, ըստ նախարարի, այս տարի կիրականացվեն թեմատիկ ֆինանսավորմանն ուղղված նոր ծրագրեր, որոնք կնպաստեն Սփյուռքի գիտական ներուժի ներգրավմանը: «Մեր նպատակը նույնն է. ցանկացած լավ գաղափար պետք է անընդհատ սնուցել և  անել հնարավորը՝ արտերկրի մեր գիտնական հայրենակիցների շրջանում վստահություն ներշնչելու և նրանց համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար, որպեսզի կարողանան Հայաստանում բնակվող իրենց գործընկերների հետ իրականացնել համատեղ նախագծեր: Գիտության զարգացման համար պատասխանատու պետական կառույցները և «Գիտուժ» նախաձեռնությունն իրենց փորձով, գիտելիքներով, հմտություններով և առկա գործիքակազմով պետք է աջակցեն միմյանց՝ համատեղ ուժերով հասնելու վերոնշյալ նպատակների իրականացմանը՝ երկարաժամկետ կտրվածքով հաջողության գրանցելու նպատակով»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ գիտության զարգացման հարցում առաջնային է արդյունքի չափելիության մեխանիզմների մշակումը: Նա նաև ընդգծել է, որ պետական բյուջեի հատկացումները պետք է ծառայեցնել հստակ խնդիրների լուծմանը: Ըստ «Գիտուժ» նախաձեռնության անդամների՝ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ունի գիտության ֆինանսավորմանն ուղղված հետաքրքիր և արդյունավետ ծրագրեր, որոնց առաջխաղացման, ինչպես նաև տեղի ու արտերկրի հայ գիտնականներին դրանց մասին իրազեկելու և նրանց ներգրավելու համար անհրաժեշտ է մարքեթինգային արհեստավարժ ու մրցունակ թիմ: Նրանք բարձրաձայնել են այս տարի Գիտության կոմիտեի կողմից թեմատիկ ֆինանսավորմանն ուղղված ծրագրերի մասին, որոնք ենթադրում են արտերկրում բնակվող հայ գիտնականի՝ Հայաստանում լաբորատորիա ստեղծելու և գիտական գործունեություն ծավալելու հնարավորություն: Այդ նպատակով նախաձեռնության անդամներն առաջարկել են իրականացնել արտերկրի հայ գիտնականների քարտեզագրում և թիրախավորված նրանց հասանելի դարձնել պետական աջակցությամբ տրամադրվող ծրագրերի և Հայաստանում գործունեություն ծավալելու կամ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորության մասին: Այդ գործընթացում նախաձեռնության անդամները պատրաստակամություն են հայտնել մասնակցել մարքեթինգային թիմի ձևավորմանն ուղղված աշխատանքներին, թիմի անդամների հետ իրականացնել շարունակական վերապատրաստումներ և ներգրավվել ծրագրերի հաջողության չափելիության և գնահատման ռազմավարության գործընթացներում: Հանդիպման ավարտին համատեղ քննարկումները շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ի նպաստ Հայաստանում գիտության առաջընթացի և ոլորտում առկա խնդիրների լուծման:
16:55 - 21 հունվարի, 2022
Ողջունում ենք Կառավարության գործողությունները. «Գիտուժ»-ի հայտարարությունը` «ՀՀ 2022 թ. պետբյուջեի մասին» օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

Ողջունում ենք Կառավարության գործողությունները. «Գիտուժ»-ի հայտարարությունը` «ՀՀ 2022 թ. պետբյուջեի մասին» օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

«Գիտուժ»-ի հայտարարությունը «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ․ Դեկտեմբերի 8-ին Ազգային Ժողովն ընդունեց 2022թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Համաձայն օրենքի՝ 2022թ. «Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագիր» տողով (դասիչ 1162) նախատեսված է հատկացնել մոտ 25.15 մլրդ. դրամ [1]: Համեմատելով 2021թ. բյուջեում նույն տողով նախատեսված հատկացումների հետ, որոնք պետք է կազմեին մոտ 13.76 մլրդ. դրամ, կարող ենք գրանցել նախատեսված հատկացումների մոտավորապես 83% աճ: Պարզաբանում. Կառավարության՝ մարտի 18-ի 371-Ն (կրճատում) և ապրիլի 8-ի 524-Ն (ավելացում) բյուջեում վերաբաշխումների մասին որոշումների համաձայն գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի համար 2021թ. հատկացումներն ավելացվել էին գումարային 2 մլրդ. դրամով՝ կազմելով մոտ 15.76 մլրդ. դրամ: Սա նշանակում է, որ 2021թ. փաստացի հատկացումների համեմատ 2022 թ. նախատեսվում է մոտ 60% աճ: Հայաստանում գիտական էկոհամակարգի արագընթաց առողջացմանը և զարգացմանը միտված պայմաններ ստեղծելու համար «Գիտուժ» նախաձեռնությունը՝ ՀՀ Կառավարությանը ու Ազգային Ժողովին ուղղված իր պահանջում [2] կոչ էր անում կատարել առնվազն երեք գործողություն. 2021թ. առնվազն 50% տոկոսով ավելացնել գիտական և գիտատեխնիկական գործունեության համար հատկացումները: ՀՀ գիտության բնագավառը կարգավորող օրենքում ամրագրել, որ գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական հատկացումները պետք է աստիճանաբար աճեցնելով 2024թ. հասցնել բյուջեի առնվազն 4%-ին (մոտավորապես ՀՆԱ-ի 1%): Լիազոր պետական մարմնին հանձնարարել 2021թ. իրականացնել գույքագրում, վերլուծություն, բյուջեի աստիճանաբար աճի հանձնառության հիման վրա ռազմավարության մշակում և իրականացման մեկնարկ: «Գիտուժ» նախաձեռնությունը, հաշվի առնելով գիտության 2021թ. բյուջեի և 2022թ. նախատեսած բյուջեի աննախադեպ ավելացումները, առաջին կետը համարում է ուշացումով կատարված։ Կարևոր է ընդգծել նաև գիտնականների բազային աշխատավարձերի աստիճանաբար ավելացման մասին Կառավարության մայիսի 13-ի 747-Լ որոշումը և 2022-2025թթ. գիտության համար հատկացումներն ամեն տարի 3-5 մլրդ. դրամով ավելացնելու մասին ապրիլի 14-ին վարչապետի ԱԺ-ում կատարած հանրային խոստումը: Ողջունում ենք Կառավարության այս գործողությունները և ակնկալում ենք, որ 2022 թ. գիտության համար բյուջեով նախատեսված հատկացումները կիրականացվեն ժամանակին և ամբողջ ծավալով՝ առանց որևէ կրճատումների: Դրական առաջընթացն արձանագրելով և ողջունելով հանդերձ՝ պետք է արձանագրենք, որ դեռ անկատար են մնում մեր պահանջի երկրորդ և երրորդ կետերը։ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լրջագույն մարտահրավերների և ռիսկերի առջև։ Այդ մարտահրավերներին դիմակայելու և ռիսկերը մեղմելու կամ ամբողջությամբ վերացնելու գործընթացը կարող է հիմնված լինել միայն ամենաարդիական գիտահետազոտական և փորձարարական կարողությունների վրա՝ թե՛ մաթեմատիկական-բնագիտական, թե՛ հասարակական ու հումանիտար գիտությունների մեջ: Ամեն օր հապաղելով ու հետաձգելով համարձակ հանձնառության վրա հիմնված պետական կարիքներից բխող ռազմավարության մշակումը և իրագործումը՝ մենք նպաստավոր պայմաններ ենք ստեղծում մեր առջև ծառացած մարտահրավերներից բխող վտանգների և ռիսկերի իրականացման համար։ Գիտուժի օրեցօր աճող համայնքն անընդունելի է համարում ցանկացած հապաղում այս կենսական հարցում և հետևողական է լինելու վերոնշյալ պահանջների ամբողջական և շուտափույթ կատարմանը: Հղումներ. [1] http://parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=12781&Reading=0 , Հավելված N1, աղյուսակ N2  [2] https://gituzh.am/պահանջ/   
13:12 - 21 դեկտեմբերի, 2021
«Գիտուժ»-ի հայտարարությունը՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

«Գիտուժ»-ի հայտարարությունը՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

«Գիտուժ»-ը հայտարարություն է տարածել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ Հանրային քննարկում կազմակերպելու նպատակով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման «e-draft» համակարգում։ ««Գիտուժ» նախաձեռնությունը, համարում է, որ վերոնշյալ օրենքը պետք է հիմք հանդիսանա Հայաստանում գիտական էկոհամակարգի զարգացման համար, որն իր հերթին կբերի բարձրագույն կրթական համակարգի զարգացմանը՝ մրցունակ գիտնականներին ավելի հասանելի դարձնելով համալսարանների համար: Այս համատեքստում պետք է արձանագրել, որ օրենքի նախագծում առաջ քաշված մի շարք դրույթներ ոչ միայն չեն ապահովելու գիտական էկոհամակարգի զարգացումը, այլև նախատեսված փոփոխություններն ու լրացումները կարող են լրջագույն վնաս հասցնել եղած համակարգի առողջացման և գիտական արդյունքի աճին միտված գործընթացին։ Միևնույն ժամանակ, նախագծում շեշտը հիմնականում դրված է բարձրագույն կրթության համակարգի վրա և գիտական համակարգի մասով լրամշակման կարիք ունի: Մասնավորապես՝ Նախագծում բացակայում է այն կետը, որը 2001 թվականից սկսած երաշխավորում է, որ գիտական և գիտատեխնիկական գործունեության համար յուրաքանչյուր տարի պետական բյուջեի ծախսային մասում նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչ պակաս հատկացումներ են լինելու [2]: Հիշեցնենք, որ «Գիտուժ»-ի պահանջներից մեկը մնում է՝ օրենքով ամրագրել, որ գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական հատկացումները, աստիճանաբար աճեցնելով, 2024 թվականին պետք է հասցնել բյուջեի առնվազն 4%-ին։  Նախագծի Հոդված 25-ով նախատեսվում է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի (Ակադեմիա) կազմից դուրս հանել մինչ օրս Ակադեմիայի կազմում գտնվող 30 գիտական կազմակերպությունները։Բազմաթիվ երկրների օրինակը ցույց է տալիս, որ Գիտությունների ազգային ակադեմիաները հաջողությամբ իրականացնում են իրենց կազմում գտնվող գիտական կազմակերպությունների համակարգման գործառույթը: Այդուհանդերձ, օրենքի նախագծի հիմնավորման մեջ Ակադեմիայի այդ գործառույթը ներկայացվում է որպես բացասական երևույթ՝ առանց որևէ հիմնավորման:Ըստ նախագծի՝ գիտական կազմակերպությունների առանձնացումը նշանակում է, որ յուրաքանչյուր կազմակերպության համար ստեղծվելու է ութ անդամից բաղկացած խորհուրդ, որը ձևավորվելու է հետևյալ համամասնությամբ. չորսին առաջադրելու է կազմակերպության գիտական խորհուրդը, երեքին՝ համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը, մեկին՝ Ակադեմիան։ Այդ գիտական կազմակերպությունների խորհուրդները համալրելու համար պետք է լինելու գտնել 200-ից ավել կառավարման համապատասխան հմտություններ ու փորձ, և/կամ տվյալ գիտական ուղղության մեջ գիտաչափական բարձր ցուցիչներ ունեցող անդամներ, որոնք պատրաստակամություն կունենան հանրային հիմունքներով աշխատելու՝ իրենց ժամանակը և ջանքերը ներդնելով գիտական կազմակերպության աշխատանքի որակի և արդունավետության կտրուկ բարձրացման մեջ։ Հարց է առաջանում՝ որտեղի՞ց են համապատասխան կողմերը գտնելու այդ քանակի և նման որակավորում ունեցող անդամներ։ Պետք է հավելել, որ մեզ համար շատ մտահոգիչ և անհասկանալի է նաև այն փաստը, որ վերջին 7 տարիների ընթացքում չեն անցկացվել Ակադեմիայի անդամների ընտրություններ։ Ըստ Ակադեմիայի մասին օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ կետի՝ ընտրությունները, որպես կանոն, պետք է անցկացվեն երեք տարին մեկ՝ Ակադեմիայի առաջադրմամբ և ՀՀ կառավարության հաստատմամբ:  Սույն տարվա հունիս ամսին ընտրված ՀՀ ԳԱԱ նախագահը և ակադեմիկոս-քարտուղարը, լինելով Հայաստանի ամենաարդյունավետ գիտնականների շարքում [5], արդեն նախաձեռնել են ողջունելի բարեփոխումներ [6,7]։ Այս օրենքի նախագծով գիտության բնագավառում նախատեսված փոփոխությունները խանգարելու են Ակադեմիայի նորընտիր նախագահի ու ակադեմիկոս-քարտուղարի նախաձեռնած բարեփոխումներին և երկարաժամկետ կտրվածքում վտանգի տակ են դնելու Ակադեմիայի կազմում գտնվող 30 կազմակերպությունների ամբողջականության ապահովումը և, անգամ, հետագա գոյությունը։ Մասնավորապես, օրենքի նախագծով նախատեսված փոփոխությունները գրեթե անհնարին են դարձնելու Ակադեմիայի կազմում գտնվող մի քանի գիտական կազմակերպությունների միավորմամբ գերազանցության կենտրոնների ստեղծումը։  Հաշվի առնելով առկա վտանգները՝ կարծում ենք, որ Ակադեմիայի համակարգը պետք է պահպանել և նոր ղեկավարությանը հնարավորություն տալ, պետական լիազոր մարմնի հետ համագործակցելով, իրականացնել բարեփոխումներ: Մասնավորապես, Ակադեմիայում պետք է տեղի ունենան ամենախիստ գիտական չափանիշներին համապատասխանող նոր ընտրություններ:  Նախկին երեսուն տարիների ընթացքում Ակադեմիայի շնորհիվ հնարավոր է եղել պահպանել նրա համակարգի մեջ գտնվող կազմակերպությունների մեծ մասը՝ պաշտպանելով տարատեսակ ոտնձգություններից։ Միևնույն ժամանակ, Ակադեմիայի համակարգից դուրս գտնվող կազմակերպությունների գերակշիռ մասն այսօր այլևս գոյություն չունեն: Սակայն այս իրողությունն այլևս չի կարող հանդիսանալ Ակադեմիայի գոյության ամենածանրակշիռ փաստարկներից մեկը։ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան պետք է դառնա գիտական մտքի զարգացման ու գիտական գերազանցության կենտրոնների համակարգման, պետական ու հանրային կառույցներին խորհրդատվության և գիտության հանրայնացման արդյունավետ ու հզոր գործիք: Այս նպատակին հասնելու համար պետք է պայքարել այս երեսուն տարիների ընթացքում արմատավորված տարբեր տեսակի արատավոր երևույթների տարածման դեմ։ Մասնավորապես, անթույլատրելի ենք համարում գիտական արդյունքի իմաստի աղավաղումը՝ անհատական կամ խմբային շահերից բխելով։ Այս կործանարար երևույթը նպաստել է գիտական էկոհամակարգի քայքայմանը և տաղանդների արտահոսքին:  Մենք ուշադրությամբ հետևելու ենք Ակադեմիայի ներսում տեղի ունեցող գործընթացներին, բարեփոխումների ընթացքին և հարկ եղած պահին արձագանքելու ենք՝ օբյեկտիվ գնահատական տալով երևույթներին: Հայաստանի գիտական և տեխնոլոգիական սրընթաց արդիականացումն ապահովելու համար մենք պետք է խելամիտ և արդյունավետ օգտագործենք մեր ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսները։ «Գիտուժ» նախաձեռնությունը պատրաստակամ է աջակցել օրենքի նախագծի՝ գիտությանը վերաբերող դրույթների լրամշակման աշխատանքներին»։
16:27 - 08 նոյեմբերի, 2021
Նորարարություններ սնող էկոհամակարգերի զարգացում և Հայաստանում առկա ներուժ․ կոնֆերանս՝ նվիրված գիտությանը և տեխնոլոգիաներին

Նորարարություններ սնող էկոհամակարգերի զարգացում և Հայաստանում առկա ներուժ․ կոնֆերանս՝ նվիրված գիտությանը և տեխնոլոգիաներին

«Գիտական և տեխնոլոգիական լրագրություն» դասընթացի շրջանակներում ISTC-ում («Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոն») երեկ տեղի ունեցավ արդեն երկրորդ կոնֆերանսը։ Նորարարություններ սնող էկոհամակարգերի զարգացում և Հայաստանում առկա ներուժ․ կոնֆերանսի պանելային քննարկումների  առանցքում այս հիմնական թեմաներն էին։    Պանելային առաջին քննարկում․ ի՞նչ նախադրյալներ կան, որոնք նպաստել են Հայաստանում տեխնոլոգիական համայնքի ձևավորմանը, որո՞նք են խոչընդոտները, ի՞նչ պոտենցիալ ունենք, և որո՞նք են գերակա ուղղությունները ՄԻԿ տնօրեն, ՁԻՀ ծրագրի կառավարիիչ, «CyHub Armenia»-ի համահիմնադիր Մարի Բարսեղյանն առանձնացնում է մի քանի նախադրյալներ․ մեր երկրում առկա տեխնիկական և գիտական ներուժը, խորհրդային ժամականերից ստացած ժառանգությունը, գիտական ինստիտուտները, մեր ժողովրդի մտածելակերպը, երկրի համար անգամ ամենավատ իրավիճակներում նոր լուծումներ առաջարկելու կարողությունը, միջազգային կազմակերպությունների՝ Հայաստան մուտք գործելը և միջազգային փորձը Հայաստան տեղափոխելը։ «Գիտուժ» նախաձեռնության անդամ, «ServiceTitan» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Աշոտ Տոնոյանը հիշում է՝ 2008-ին, երբ Վրաստանում իշխանափոխություն տեղի ունեցավ, որոշվեց այնտեղ տեխնոլոգիտական ոլորտը զարգացնել, և մեծ գումարներ ներդրվեցին․ «Բայց ես վրացական «Krsip»-ի կամ «SuperAnnotate»-ի մասին դեռ չեմ լսել։ Դա գումարով լուծվող հարց չէ․ առաջին հերթին ժառանգությունն է՝ կրթական համակարգը, մասնագետները, փորձը։ Երևի 50-60 տարվա փորձ է կուտակված եղել (Հայաստանում- խմբ․)։ BANA-ի («Հայաստանի բիզնես հրեշտակների ցանց») փոխտնօրեն Սոնա Վեզիրյանը կարևոր նախադրյալներ է համարում ստարտափները, որոնք գրանցել են առաջին հաջողությունները, և այդ հաջողության պատմությունները հանրությանը հասցնելը։ Աշոտ Տոնոյանը, խոսելով խոչնդոտներից, նշում է այն, որ մեր երկրում ստրատեգիական պլանները որոշվում են քաղաքական մտածելակերպի մասշտաբում․ «Երբ ստրատեգիա ես մշակում՝ թե՛ գիտության, թե՛ կրթության մասով, դա հինգ տարվա բան չէ, տասնյակ տարիներ են պահանջում ինչ-որ փոփոխություններ անելը, արդյունքներ տեսնելը։ Կրթության մեջ ոչ մեկը չի ուզում ինչ-որ էական փոփոխություն անել, որովհետև եթե փոփոխությունը լավ էլ ստացվի, ձայների հարց չի լուծելու, որովհետև այդ ժամանակ ինքը (տվյալ քաղաքական ուժը- խմբ․) արդեն չեն լինելու քաղաքական դաշտում»։  Մարի Բարսեղյանը կարևորում է պետության կատարած ներդրումները․ պետությունը պետք է ներդրումներ անի գիտության և նորարարության մեջ, չնայած արդյունքները կարող են ուշ երևալ։ Ըստ նրա՝ կարևոր է նաև սփյուռքի հետ համագործակցությունը և վերջինիս մեծ ներուժի օգտագործումը։  Աշոտ Տոնոյանի խոսքով՝ արդեն պետք է մտածել ապագայի մասին․ ովքե՞ր են հաջորդ տասը տարում ներկայումս գործող հաջողակ ընկերությունների նման այլ ընկերություններ ստեղծելու։ Սոնա Վեզիրյանն էլ նշում է՝ կան հիմնական նախադրյալները  (ներդրումային համայնք, հրեշտակային ներդրողներ, ֆոնդեր), որոնք անհրաժեշտ են ստարտափ էկոհամակարգը զարգացնելու համար, չանայած  շատ աշխատանք կա տանելու։ Աշոտ Տոնոյանի խոսքով՝ մեզ համար գերակա ուղղություն պետք է լինի ռազմարդյունաբերությունը, քանի որ այս ուղղությունը և՛ երկրի համար կարևոր  խնդիր է լուծում, և՛ շահութաբեր է։ Մարի Բարսեղյանն ավելացնում է նաև կիբերանվտանգությունը, ինչպես նաև նշում, որ պետք է գիտությունն իր բոլոր ուղղություններով զարգանա,  քանի որ ցանկացած նորարարության և ստարտափի մեջ կա տեխնոլոգիական, գիտական մաս։   Պանելային երկրորդ քննարկում․ գիտանորարարական ընկերությունների առանձնահատկությունները «Գիտուժ» նախաձեռնության անդամ, «Unum» ընկերության հիմնադիր Աշոտ Վարդանյանի կարծիքով՝ գիտանորարարական ընկերություններին ավելի երկար ժամանակ է անհրաժեշտ զարգանալու համար։ Այդ կազմակերպությունները սկսում են գիտությունից, կառուցում են յուրահատուկ, բարդ տեխնոլոգիա և միայն դրանից հետ են այդ տեխնոլոգիան իրական աշխարհում կիրառելու ձևեր գտնում։ «Krisp» ընկերության՝ պրոտուկդի և որակի ապահովման ղեկավար Անուշ Մարտիրոսյանը բերում է հենց «Krisp»-ի օրինակը․ «Մեր առաջին 10 աշխատողները եղել են գիտնականներ, որոնց համախմբել է խնդիրը, որը հետաքրիր էր և՛ լուծելու, և՛ պրոդուկտ սարքելու տեսանկյունից»։ SASTIC («Գիտության և տեխնոլոգիայի ռազմավարական ներդրումների հայկական համայնք») հասարակական կազմակերպության տնօրեն Արմեն Խաչատրյանը նշում է՝ կան նորարարություններ, որոնք կոչվում են «քանդող», այսինքն՝ այդ նորարարությունները քանդում են հինը և ստեղծում նորը։ Հայաստանին, ըստ Խաչատրանի, պետք են այդպիսի նորարարություններ։  «Denovo Sciences» ընկերության համահիմնադիր Հովակիմ Զաքարյանն ասում է, որ վերջին 30 տարիների ընթացքում նվազել է գիտաշխատողների թիվը, և այդ գիտաշխատողների փոքր մասն են կազմում նրանք, ովքեր տպագրվում են միջազգային հեղինակավոր ամսագրերում։ Սա, ըստ Հովակիմ Զաքարյանի, լուրջ խնդիր է գիտանորարարական ընկերությունների համար, որոնք մարդիկ չեն գտնում իրենց թիմերը համալրելու համար։ Կադրային սովը լուծելու համար անհրաժեշտ է գումար ներդնել գիտության մեջ և գիտնականների ներգաղթ կազմակերպել։ Արմեն Խաչատրյանն էլ նշում է, որ կարևոր է սահմանել, թե գիտության որ ուղղություններն ենք ուզում զարգացնել, 5-10 տարի հետո ինչի ենք ուզում հասնել։ Հովակիմ Զաքարյանն ասում է՝ խնդիրներ կան, որոնց լուծումը կառավարության և ոչ թե անհատների ձեռքում է․ «Գիտությունը, ինչպես նաև կրթությունը այն ոլորտներն են, որոնք երկարաժամկետ են, և երկարաժամկետ ոլորտների մեջ երկու հոգի է ներդրում անում՝ կա՛մ պետությունը, կա՛մ վենչուրային կապիտալիստները։ Վենչուրային կապիտալիստներ մենք չունենք, պետությունն էլ չի ուզում ներդրումներ անել։ Պետք է ամեն օր հիշեցնել կառավարությանն իր պարտականությունները»։  Հովակիմ Զաքարյանի խոսքով՝ կարևոր են նաև օրենսդրական կարգավորումները, որոնք հարկային արտոնություններ կտան գիտության մեջ ներդրում անել ցանկացողներին։ Ամփոփենք հիմնական մտքերը, որոնք հնչեցին կոնֆերանսի ընթացքում․ Հայաստանում տեխնոլոգիական համայնքի զարգացմանը նպաստել են խորհրդային ժամանակներից ստացած ժառանգությունը, գիտական ինստիտուտները, մեր երկրում լավ են զարգանում ստարտափները, և հաջողության պատմությունները հանրությանը ներկայացնելն օգնում է նոր ստարտափների ստեղծման համար նախադրյալներ ստեղծելուն, մեզ համար գերակա ուղղություն պետք է լինի ռազմարդյունաբերությունը, քանի որ այս ուղղությունը և՛ երկրի համար կարևոր  խնդիր է լուծում, և՛ շահութաբեր է, կառավարությունը պետք է պատրաստ լինի երկարաժամկետ լուծումներ մտածել և ներդրումներ անել գիտության ու տեխնոլոգիաների մեջ, գիտանորարարական ընկերությունները կարող են կադրերի պակաս ունենալ, այդ պատճառով անհրաժեշտ է զարգացնել գիտությունը։  
16:17 - 25 օգոստոսի, 2021
Քաղաքական ուժերը իրենց նախընտրական ծրագրերում պետք է ունենան գիտությանը վերաբերող առանձին բաժին, որտեղ իրատեսական ու ամբիցիոզ ծրագրեր կլինեն շարադրված. Խաչիկ Նազարյան

Քաղաքական ուժերը իրենց նախընտրական ծրագրերում պետք է ունենան գիտությանը վերաբերող առանձին բաժին, որտեղ իրատեսական ու ամբիցիոզ ծրագրեր կլինեն շարադրված. Խաչիկ Նազարյան

ՀՀ Կառավարությունն այս տարվա մայիսի 13-ի որոշմամբ վերանայեց գիտաշխատողների բազային աշխատավարձերը։ Եթե 2021թ. բազային աշխատավարձի ֆոնդը նախնական հաշվարկով կազմում է շուրջ 4 մլրդ դրամ, ապա 2022-2025թթ. այն յուրաքանչյուր տարի կազմելու է, համապատասխանաբար, մոտ 7.7 մլրդ, 10 մլրդ, 12.4 մլրդ և 14.4 մլրդ դրամ: Այս որոշումից հետո «Գիտուժ» նախաձեռնությունը հայտարարությամբ հանդես եկավ և, դրական համարելով կառվարության որոշումը, այնուամենայնիվ, այն կիսաքայլ անվանեց։   Գիտաշխատողների բազային աշխատավարձերի բարձրացումը դրական, բայց բացարձակապես ոչ բավարար քայլ է  «Գիտուժ» նախաձեռնության անդամ, «VMware» ընկերության ինժեներական տնօրեն Խաչիկ Նազարյանն ասում է, որ «Գիտուժ»-ի հայտարարությունից հետո իրենք որոշակի «նեղացածություն» են զգացել կառավարության կողմից․ «Իմիջիայլոց, դա մշտական բնույթ է կրում, երբ արձագանքում են, որևէ հարց լուծում են, սպասում են, որ մենք պիտի ասենք՝ վա՜յ, շատ ապրեք, շնորհակալություն, ի՜նչ լավ է, որ արեցիք այս ամեն ինչը, բայց այդպես չի։ Եթե, իհարկե, այդպիսի մտքեր ունեցողներ կան, ցավում եմ, որ իրենք իրենց աշխատանքը կատարելու համար սպասում են հատուկ շնորհակալության»։ Նազարյանն ընդգծում է, որ քայլը դրական, բայց ոչ բավարար են համարում․ «Իհարկե, շնորհակալ ենք երևույթի առումով։ Կա դրական տեղաշարժ․ դրական ենք համարում  և՛ երկու միլիարդի ավելացումը, և՛ հատկապես աշխատավարձի ավելացումը։ Խիստ կասկածում եմ, որ որևէ բան կարվեր, եթե չլինեին «Գիտուժ» նախաձեռնության և հասարակության այլ շերտերի բարձրացրած մեծ աղմուկը, ճնշումը։ Այնպես որ, այլ հարց է, թե որտեղ է պետք ուղղել շնորհակալությունը։ Եթե դրան են սպասում, ես դեմ չեմ շնորհակալություն հայտնել և եռապատիկ դրական արձագանքել, ինձ համար խնդիր չի, եթե դա իրենց էգոն կշոյի, և նրանք ավելի լավ կանեն այն, ինչ անում են»։ «Գիտուժ» նախաձեռնության անդամն ասում է, որ բազային աշխատավարձերը սկսելու են բարձրանալ հաջորդ տարվանից՝ ընդգծելով, որ այստեղ նկատվում է հապաղում. «Նախ, պարզ մաթեմատիկական հաշվարկ անելով` մի կողմից ասում ենք՝ ժողովուրդ ջան, նայեք տարիքային շեմը, նայեք` ամեն տարի ինչ ներհոսք կա գիտական համայնք, ինչքան արտահոսք կա։ Պարզ հաշվարկ է, գրաֆիկը նկարեք, նայեք, որ մոտ հինգ տարուց անդառնալի վիճակում կհայտնվեք։ Դուք առաջարկում եք աշխատավարձերի բարձրացումը նույնիսկ ոչ այս տարվանից, հաջորդ տարվանից ու մի հատ էլ ձգում եք մինչև 2025 թվական։ Կարող է`մի քիչ սարկազմ դառնա, բայց գուցե միամիտ ստացվի, որ արդյունքում բյուջեից նույն գումարը դուրս գա։ Չեմ ուզում ավելի խորանալ, թե ինչու, բայց երբ բացասական սալդոն (մնացորդ) ի վնաս գիտական ներուժի է, կարող է պարզվի, որ այդքան մարդ չկա այնտեղ, որ այդքան աշխատավարձ ստանա։  Չենք հասկանում, թե ինչու ոչ այս տարի, որովհետև մենք շեշտում ենք դրա կարևորությունը, քայլերի շեշտակիության անհրաժեշտությունը, սակայն այնտեղ տեսնում ենք հապաղում»։ Նրա խոսքով՝ 30 տարի այս բնագավառում ոչինչ տեղի չի ունեցել, և շատ դժվար է այս իներցիան կոտրելը. «Եթե չեմ սխալվում, վերջին 10 տարում աշխատավարձերը չեն վերանայվել։ Մյուս տարի, կարծես, կրկնապատվում են ու, ի վերջո, 2025 թ. արդեն 1000 դոլար են դառնում։ Այդպիսի թվեր են արտասանվում, դա հնչում է այնքան աննախադեպ, որ անողը ասում է՝ ես արեցի, ես հերոս եմ, ես դրոշ եմ վառել, բայց խնդիրը այնքան  խորն է, որ պետք է ստիպված ավելի շեշտակի քայլեր անել»։ Ըստ Խաչիկ Նազարյանի՝ եթե մի ուղղությամբ ներդրում է արվում, իսկ մնացած ուղղությունները բաց են թողնվում, արվածը կարող է նույնիսկ բացասական հետևանք ունենալ. «Ինչու՞։ Որովհետև նման քայլ ես անում, որը երբեք չի արվել, աննախադեպ է, արդյունքում գիտությունից սպասելիքներն էլ լինում են նմանատիպ։ Տպավորություն է ստեղծվում, որ արվեց քայլը, շուտով, չգիտես ինչպես, անիվը պտտվելու է, ու չգիտես ինչ «բումեր» են լինելու։ Բայց քանի որ մյուս ուղղությունների վրա քո ուշադրությունը այդքան մեծ չի, ենթակառուցվածքների հարցով մեծ չի, հայրենադարձության մասով ոչինչ չես անում, ապա սպասելիքներդ չեն արդարանալու։ Հետո նորից հետ ես գալու, ասես՝ դե ասում էինք, չէ՞, որ ներդրում անելը անիմաստ է, գիտնականները կոֆե խմեցին, կերան այդ փողը և այլն։ Դա շատ ավելի ծանր հետևանք է թողնում, որովհետև երբ սպասելիքները չեն արդարանում, առաջանում է հիասթափություն, ու հետագա ներդրումները պարզապես բլոկ ես անում»։   Քաղաքական ուժերն այլևս իրավունք չունեն անտեսել կամ երկրորդայնացնել գիտությունը Խաչիկ Նազարյանի խոսքով՝ կառավարության այս որոշումը կապ ունի նաև հունիսի 20-ին սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրությունների հետ. «Մեզ հետաքրքրում է, որ գործն արվի, թե ինչ պատճառով է արվում, ինչ մոտիվացիայով է արվում, քարը իրենց գլուխը։ Հաշվի առնելով, թե ինչ են արել ու ինչպես են արել, ակնհայտ է, որ ամբողջությամբ չեն հասկանում խնդիրը»:  Նազարյանն ասում է՝ յուրաքանչյուր ուժ, որը քաղաքական հայտ է ներկայացնում, պետք է իր ծրագրում գիտությանը վերաբերող առանձին բաժին ունենա. «Ցանկացած մարդ, որը քաղաքական հայտ կներկայացնի, պետք է անգիր իմանա, որ իր հետևից կա շատ ազատ, ինքնուրույն հանրային շերտ, որը հետևում ու հետևելու է գիտության վերաբերյալ իր ամեն քայլին։ Քաղաքական ուժերը իրենց ծրագրում պետք է անպայման ունենան գիտությանը վերաբերող առանձին բաժին, որտեղ  իրատեսական ու ամբիցիոզ ծրագրեր կլինեն շարադրված։ Ինչքանով են դրանք հետո իրականանալու` ժամանակը ցույց կտա, դրան կհետևենք, բայց մինիմումն այն է, որ դա լինի ծրագրում։ Մենք ամեն բան կանենք, որ ծրագրային այդ կետերը հրապարակային քննադատվեն կամ, հակառակը, գովաբանվեն։ Հուսով եմ՝ իրենք մեզ հետ հրապարակային կխոսեն, որպեսզի մենք դա հանրայնացնենք»։ «Գիտուժ» նախաձեռնության անդամն ասում է, որ գիտությունը՝ որպես առանձին կոմպոնենտ, հասարակության շրջանում պետք է կարևորվի. «Շարունակելու ենք նույն ձևով ընդլայնել, այնպես անել, որ մարդկանց պատահաբար կանգնեցնես ու հարցնես՝ այս երկրում ինչ արմատական խնդիր կա, որը պետք է լուծել, գիտությունը որպես առանձին կոմպոնենտ հայտնվի իրենց ցուցակում։ Կուզեի, որ թոփ եռյակում հայտնվի, բայց եթե հայտնվի հնգյակում, տասնյակում, նույնպես գոհ կլինեմ։ Ոչ թե ստանդարտ բառակապակցությունը՝ կրթություն և գիտություն, որտեղ շեշտադրումը ակնհայտորեն կրթության վրա է, ու գիտության մասին հստակ պատկերացում չկա, այլ գիտությունը առանձին  շեշտադրումով լինի յուրաքանչյուր երկրորդի ցուցակում»։   Գիտության մեջ ներդրումը ապագայի մեջ ներդրում է Անդրադառնալով կառավարության` այս տարվա ապրիլի 8-ի որոշմանը, որով գիտության ֆինանսավորումը ավելացավ 2.78 միլիարդով, Նազարյանը շեշտում է, որ ֆինանսավորումը, ըստ էության, 2 միլիարդով է ավելացել, քանի որ 780 միլիոնը նախկինում կրճատված գումարն էր. «Իհարկե, կարևոր ու դրական քայլ է հերթական անգամ։ Ծրագրեր կան, որ 5 տարով են հայտարարվել, դա շատ է ուրախացնում մեզ։ Ժամկետների առումով լավ ճշգրտում տեսա։ Տեսա, որ բավականին թանկարժեք գործիքներ են գնվել, ենթակառուցվածքային իմաստով էլի շատ կարևոր էր, բայց  գումարի չափը դարձյալ շատ փոքր է»։ Նրա խոսքով՝ հատկացված գումարը արդյունավետորեն է ծախսվում. «Արդյունավետության առումով հենց իրենք են ֆիքսել, որ նախորդ տարվա նմանատիպ նախաձեռնությունները համարվել են շատ արդյունավետ, մենք էլ ենք համարում, որ շատ արդյունավետ է եղել։ Այսինքն՝ արդյունավետ ծախսելու խնդիր չկա։ Հենց հիմա թող նայեն, թե նախագծերին քանի հոգի է ներկայացրել առաջարկ, հանձնաժողովները քանի նախագիծ են ֆինանսավորման արժանի համարել, և արդյունքում քանիսն է ֆինանսավորվել։ Դրանից պարզ կլինի, թե քանի  նախագիծ էր լավը ու ֆինանսավորման արժանի, բայց գումար չլինելու պատճառով չֆինանսավորվեց»,-ասում է նա՝ հավելելով, սակայն, որ կառավարության այս քայլը նույնպես համակարգային ու ռազմավարական չի համարում։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք պետությունը ունի՞ ավելի մեծ գումար հատկացնելու պոտենցիալ, «Գիտուժ» նախաձեռնության անդամն ասում է, որ խնդիրը պետք է առաջնահերթության կոնտեքստում դիտարկել. «Նախ, պետք է ասել, որ բացարձակ արժեքով շատ փոքր գումարի մասին է խոսքը։ Մեր բյուջեն 26 միլիոն դոլար է (գիտությանը հատկացվող բյուջեն, խմբ․)։ Պատկերացնում ե՞ք՝  հատկացվածը ինչ կարգի փոքր գումար է։ Այստեղ պետք է առաջնահերթության կոնտեքստում խոսել, գումարը միշտ է քիչ, բայց զրո չի, հարցն այն է, թե առաջնահերթությունը ինչին ես տալիս։ Թող առաջնահերթությունը տան գիտությանը, հետո կխոսենք գումար լինելուց կամ չլինելուց»։ Նազարյանի խոսքով՝ եղածը ավելացնելու միակ տարբերակը ապագայի մեջ ներդրում կատարելն է.  «Եթե այսօր դու քո ունեցած գումարը ուղղում ես միայն սոցիալականին, միայն կարճաժամկետին, դու վաղը էլ չունես, որ այդտեղ դնես։ Մի ճանապարհ կա, որ քո ունեցածը շատանա՝  ներդնել ապագայի մեջ։ Մենք չենք ասում` այստեղից կտրիր, այնտեղ դիր, ասում ենք՝ հասկացիր, որ եթե չներդնես ապագայի մեջ, դու հենց քո կարևորածը չես կարողանալու անել»։ Նանե Ավետիսյան  
18:09 - 21 մայիսի, 2021
«Գիտուժ»-ի հայտարարությունը՝ Կառավարության՝ մայիսի 13-ի որոշման վերաբերյալ |hetq.am|

«Գիտուժ»-ի հայտարարությունը՝ Կառավարության՝ մայիսի 13-ի որոշման վերաբերյալ |hetq.am|

hetq.am: «Գիտուժ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել գիտաշխատողների բազային աշխատավարձերի բարձրացման՝ Կառավարության մայիսի 13-ի որոշման վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք.  Գնահատելով գիտության զարգացմանը միտված հերթական դրական քայլը՝ «Գիտուժ»-ը վերահաստատում է իր պահանջը Գիտաշխատողների բազային աշխատավարձերի բարձրացումը հերթական դրական քայլն է ճիշտ ուղղությամբ։ Այն աննախադեպ է իր բնույթով և ծավալով, սակայն, ցավոք, հիմնաքարային փոփոխություններ իրականացնելու տեսանկյունից հերթական կիսաքայլն է։ Գնահատելով և տոնելով դրականը՝ «Գիտուժ»-ը վերահաստատում է իր պահանջը։ «Գիտուժ» նախաձեռնությունը բարձր և դրական է գնահատում գիտաշխատողների բազային աշխատավարձերի բարձրացման հանձնառությունը։ Այդ քայլն ինքնին անհրաժեշտ դրական ազդակ է գիտական համայնքի համար, որը, միանշանակ, կառաջացնի որոշակի աշխուժություն։ Սակայն ժամանակն է դրական և նույնիսկ աննախադեպ քայլերից անցնել ռազմավարական և համակարգային գործողությունների։ Մտահոգիչ է, որ այդպես էլ չի գիտակցվում հենց-հիմա-և-այստեղ շեշտակի ներդրում անելու հստակ և անքննարկելի անհրաժեշտությունը։ Լավ է, որ բազային աշխատավարձերի բարձրացման հանձնառությունը 1-2 տարով չի սահմանափակվում և համեմատաբար երկարաժամկետ է(մինչև 2025թ.), սակայն, ցավոք, սկսվում է միայն հաջորդ տարվանից և բավարար շեշտակի չէ։ Ստիպված ենք հիշեցնել Հայաստանի զարգացման և անվտանգության առջև ծառացած խնդիրների օրհասական բնույթը, որն անընդունելի է դարձնում ժամանակի ցանկացած կորուստ։ Առկա գիտական ներուժում ներհոսքի և արտահոսքի ծայրահեղ բացասական հարաբերակցությունը հատել է բոլոր կարմիր գծերը, և ամեն մի կորցրած ամիսն ու տարին հետագայում վերականգնելը պահանջելու է շատ ավելի մեծ ներդրումներ և ժամանակ կամ, պարզապես, դարձնելու է անհնարին։ Կորցրած ժամանակը բազմապատիկ չափով է հետաձգելու երկրի զարգացման հնարավորությունները՝ կրթությունից մինչև անվտանգություն։ «Գիտուժ» համայնքը բարձրաձայնել և շարունակելու է բարձրաձայնել համակարգային և ռազմավարական ներդրումների անհրաժեշտության մասին։ Տեղային կիսաքայլերը, ինքնին դրական լինելով, կարող են նույնիսկ կողմնակի բացասական հետևանք ունենալ՝ առաջացնելով բարձր արդյունավետության սպասումներ, որոնց չարդարացումը կբերի բնական հիասթափության և վերջնարդյունքի գնահատակի խեղաթյուրման, որն էլ իր հերթին կարգելակի հետագա ներդրումները։ Մեկ ուղղությամբ դրական քայլը անհրաժեշտ է համադրել հարակից ուղղություններում համաչափ ներդրումների հետ համապատասխան արդյունավետության հասնելու համար։ Մասնավորապես՝  ասպիրանտական տեղերի ու կրթաթոշակների կտրուկ ավելացում, Սփյուռքի գիտնականների և ճարտարագետների ներուժի ներգրավվում, հայրենադարձություն, գերակա ուղղություններում գերազանցության կենտրոնների ստեղծում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կիրառական հետազոտությունների վրա, գիտական հետազոտությունների ու փորձարարական մշակումների պետական պատվերի ձևավորում, մասնավոր պատվերի խթանում, պետական համաֆինանսավորման մեխանիզմով` արտասահմանյան գիտական դրամաշնորհների ներգրավում և մասնավոր հատվածից պատվերների խրախուսում։ Մենք վերահաստատում ենք մեր պահանջը և դրա լիակատար իրականացմանը հասնելու հաստատակամությունը։ Այս պայքարի ընթացքում «Գիտուժ» նախաձեռնության շուրջ ահռելի ինֆորմացիա, գիտելիք և ներուժ է կուտակվել, ինչով պատրաստ ենք կիսվել։ Բաց ենք համագործակցության համար` կարճ ժամկետներում Հայաստանում գիտության կտրուկ զարգացմանը միտված ռազմավարական քայլեր իրականացնելու ուղղությամբ։
20:50 - 14 մայիսի, 2021