Գիտության առջև դրված խնդիրները և գիտության դերը պետության կարիքների լուծման գործում․ կայացավ «Գիտուժ»-ի առաջին համաժողովը
19:48 - 01 դեկտեմբերի, 2023

Գիտության առջև դրված խնդիրները և գիտության դերը պետության կարիքների լուծման գործում․ կայացավ «Գիտուժ»-ի առաջին համաժողովը

Գիտության ներկան ու ապագան, գիտություն-կրթություն և գիտություն-տնտեսություն կապ, հումանիտար և հասարակագիտական մտքի կարևորություն,  գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական (ԳՀՓԿ) աշխատանքներ ու ռազմարդյունաբերություն․․․ Այս և այլ թեմաների շուրջ նոյեմբերի 29-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) միավորվել էին Հայաստանի գիտական և տեխնոլոգիական համայնքների, բուհերի, Կառավարության ներկայացուցիչներն ու գիտությամբ հետաքրքրված մարդիկ։ «Գիտուժ» նախաձեռնությունը կազմակերպել էր «Հայաստանի գիտատեխնոլոգիական և նորարարական ազգային համակարգ. խնդիրներից դեպի վերածնունդ» խորագրով  համաժողովը։

Համաժողովը բացեց ՀԱՀ ռեկտոր Բրյուս Պողոսյանը, որը, ողջունելով ներկաներին, ասաց, որ հետևել է «Գիտուժ» նախաձեռնության աճին ինչպես սփյուռքում գտնվելու տարիներին, այնպես էլ Հայաստան այցելությունների ժամանակ։


Բրյուս Պողոսյանը

Բրյուս Պողոսյանը խոսեց այն մասին, թե գիտական որքան ուժեղ էկոհամակարգ է ունեցել Հայաստանը Խորհրդային շրջանում, և ինչպես է այդ էկհոմակարգը քանդվել Խորհրդային Միության փլուզումից հետո։ Ամերիկյան համալսարանի ռեկտորը հիշեցրեց նաև այն փաստը, որ Հայաստանում տարիների ընթացքում գիտնականների թիվը նվազել է։

«Կարծում եմ՝ «Գիտուժը» հասկացել է, որ Հայաստանն այլևս ժամանակ չունի։ Հայաստանը կարիք ունի արագ սկսելու ապահով, գիտելիքի վրա հիմնված, արժեք ստեղծող պետություն դառնալու ուղին»,- ասաց նա։

 

Գիտության առաջնահերություններ, պետական պատվեր, գիտելիքահեն տնտեսություն

«Հայաստանի գիտատեխնոլոգիական և նորարարական համակարգի զարգացման հեռանկարները, այդ ճանապարհին խոչընդոտները և դրանց լուծումները». պանելային առաջին քննարկման ժամանակ այս հարցերի պատասխաններն էին փորձում ստանալ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն ու «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Փախչանյանը։

Հակոբ Արշակյանը պանելային քննարկումը սկսեց նորությամբ․ 2024-ին Հայաստանում արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոն է բացվելու։ Ինչպես և նշել էր ԱԺ փոխնախագահը, Կառավարության երեկվա նիստի ընթացքում հավանության արժանացավ «2024 թ․ պետական բյուջեի մասին» օրենքի լրամշակված նախագիծը։ Պետբյուջեով նախատեսվող միջոցառումներից մեկն արհեստական բանականության գիտահետազոտական կենտրոնի արդիականացումն է։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ գիտության առաջնարհերթությունները, թիրախները սահմանված են Կառավարության ծրագրով։ Ինչ վերաբերում է գիտության ռազմավարություն ունենալուն, նախարարը նշեց, որ այս պահին ռազմավարությունը մշակման փուլում է, և ունի  վերանայման կարիք, քանի որ «Կառավարությունն էական ներդումներ է արել, և կարիք կա հասկանալու այդ ներդրումների արդյունավետությունը»։

ԿԳՄՍ նախարարը խոսեց անցած տարի երիտասարդ գիտնականների թվի աճի, գիտնականների աշխատավարձերի բարձրացման և գիտական նոր սարքերի ձեռբերման մասին՝ նշելով, որ «վիճակագրությունը ցույց է տալիս արդյունքներ»։


Ժաննա Անդրեասյանը և Հակոբ Արշակյանը

«Բայց այս բոլոր խնդիրների մեջ մենք տեսնում ենք, որ մեզ իրականում անհրաժետ է ունենալ այն ցուցանիշները, որոնք մեզ թույլ են տալու ասել, որ այդ ներդրումներն արդյունավետ են»,- ասաց նա։

Այս համատեքստում ժաննա Անդրեասյանը կարևորեց հասկանալ տարբեր օղակների սպասելիքները գիտությունից։ Նա նշեց՝ գիտությունն ու արվեստը նման են այն առումով, որ գիտնականներն ուզում են ազատություն ու ժամանակ գործելու համար։ Մյուս կողմից էլ, նախարարի խոսքով, տնտեսությունն ուզում է կոնկրետ արդյունքներ։ 

Ի՞նչ խնդիրներ է տեսնում պետական քաղաքականության մեջ և ի՞նչ է ուզում «Գիտուժը»․ այս հարցին անդրադարձավ Արամ Փախչանյանը՝ նշելով, որ իրենց արձանագրած հիմնական բացը համակարգային մոտեցումն է։ Համաձայնելով Ժաննա Անդրեասյանի այն դիտարկմանը, որ գիտության մեջ կարևոր է ազատությունը, Արամ Փախչանյանը կարևորեց նաև պետության կողմից առաջնահերությունների սահմանումը։

«Պետությունն է, որ պետք է ձևավորի պատվերը։ Ես չեմ ասում պատվեր՝ որպես կոնկրետ հրահանգներ կոնկրետ գիտնականների, այլ պատվեր լայն իմաստով, թե ինչ է պետությունը՝ որպես հասարակության ներկայացուցիչ, որպես գիտության համար պատասխանատու, որպես բիզնեսի և տնտեսության առաջխաղացումն ապահովող մարմին, ակնկալում գիտությունից։ Այստեղ մենք մինչ այսօր ունենք խնդիր, որ պետության կողմից չկա այն մարմինը կամ մարմինների համախումբը, որը կարողանա խոսել գիտական համայնքի հետ գիտական համայնքի համար հասկանալի լեզվով և գործիքներով»,- ասաց նա։

Հակոբ Արշակյանը նշեց՝ Հայաստանը երբեք գիտության համար խնդիրներ չի սահմանել, և անգամ Խորհրդային տարիներին խնդիրներ սահմանողը եղել է ոչ թե Հայաստանը, այլ հենց Խորհրդային Միությունը։ Նա հայտնեց, որ այս ուղղությամբ քայլերը հեշտ չեն, բայց դրանք արվում են․ շուտով վարչապետի ղեկավարությամբ ձևավորվելու է գիտական խորհուրդ, որտեղ ներգրավվելու են նաև Գիտությունների ազգային ակադեմիայից (ԳԱԱ) ներկայացուցիչներ, և որտեղ ապագայում կարող են գիտության համար խնդիրներ ձևակերպվել։


Ռոբերտ Խաչատրյանը, Ժաննա Անդրեասյանը, Հակոբ Արշակյանը և Արամ Փախչանյանը

Ժաննա Անդրեասյանն էլ շեշտեց, որ միայն Կառավարությունը չի կարող որոշել գիտության զարգացման առաջնահերթությունները։ Նրա խոսքով կան ոլորտներ, օրինակ՝ ռազմարդյունաբերությունը, որտեղ Կառավարության խոսքը որոշիչ է, և, այսպես կոչված, պատվերի մեխանիզմն աշխատում է։ 

«Բայց կան ոլորտներ, որտեղ պետության կողմից նման պատվերի ձևակերպումը կարող է շեղել իրերի դրությունը»,- ասաց նախարարը։

Արամ Փախչանյանն էլ նշեց, որ Կառավարությունը պիտի ստեղծի այն համակարգը, որտեղ ամեն գիտնական կհասկանա, թե իր ոլորտում ինչ պիտի անի, ինչ պիտի իր ուսանողներին սովորեցնի, որպեսզի նպաստի պետության խնդիրների լուծմանը։

Ժաննա Անդրեասյանն իր խոսքի սկզբում կարևորեց խնդիրների լուծումների քննարկումը ներառական ու մասնակցային միջավայրում, որտեղ հնարավորություն է տրվում հնչեցնելու ցանկացած կարծիք։ Հակոբ Արշակյանն էլ քննարկման վերջում շեշտեց այն փաստը, որ համաժողովին ներկա են քաղծառայողներ։ Չնայած դրան՝ Կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչները պանելային առաջին քննարկման ավարտից հետո լքեցին համաժողովը։ Հետագա քննարկումների ընթացքում համաժողովի մի քանի մասնակիցներ ափսոսանք հայտնեցին, որ նրանք չմնացին ու չլսեցին գիտական, կրթական ու տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների մտահոգություններն ու բարձրացրած հարցերը։

 

Ինչ է հասցրել անել «Գիտուժն» ու ինչ նպատակներ ունի

Պանելային հաջորդ քննարկման ընթացքում  «Գիտուժի» անդամներն ամփոփեցին նախաձեռնության անցած ճանապարհը, ձեռքբերումները և ներկայացրին հետագա անելիքները:

Robomart ընկերության համահիմնադիր Տիգրան Շահվերդյանը խոսեց այն մասին, թե ինչու 2021-ին ստեղծվեց «Գիտուժը»։ Նրա խոսքով նախաձեռնության հիմքում կանգնած մարդիկ տեսան, որ Հայաստանում չկա այն գիտակցությունը, որ գիտությունն ու տեխնոլոգիաները կեսնական նշանակություն ունեն պետության կառուցման, անվտանգության և զարգացման գործում։ 

Նա նշեց, որ հիմնադրումից իր վեր՝ «Գիտուժը» գործել է երկու ուղղությամբ՝ գիտության հանրահռչակում և կառավարության հետ աշխատանք։ Տիգրան Շահվերդյանի խոսքով առաջին ուղղությամբ հաջողություններ ունեն, և էապես աճել է լրատվամիջոցներում գիտության թեմայով հրապարակումների թիվը։

Երկրորդ ուղղության մասին խոսելիս էլ նա նշեց գիտության ֆինանսավորման ավելացման մասին․ «Դրա սկիզբը դրվեց հենց մեր համայնքի ակտիվության պատճառով։ Մենք և՛ հանրային գործողություններ արեցինք, և՛ աշխատանք տարանք պաշտոնյաների հետ»։

Firo և Skycryptor ընկերությունների համահիմնադիր Արամ Ջիվանյանն էլ, խոսելով ապագա անելիքներից, նշեց՝ իրենց առաջնահերթությունները շարունակելու են մնալ երկուսը՝ գիտության հանրահռչակում և համակարգի կայացում։


«Գիտուժի» անդամները

«Մենք բավական էներգիա ու ժամանակ ենք շարունակելու ներդնել՝ հասկանալու, թե ինչպիսին պիտի լինի մեր նորարարական համակարգը․ և՛ աշխատելու ենք պատկան մարմինների հետ, և՛ հետազոտություններ ենք կատարելու, որպեսզի փոփոխություն առ փոփոխություն հասնենք մեր կարևոր, վերջնական նպատակին՝ ունենալ համակարգ, որի մուտքում կան ձևակերպված խնդիրներ, և դուրս են գալիս լուծումներ, որոնք անդրառանում են բոլորիս»։

Krisp-ի և 10Web-ի համահիմնադիր Արտավազ Մինասյանն էլ նշեց՝ Կառավարությունը գիտության մեջ դեռ «մանկական քայլեր» է անում․ «Եթե ուզում ենք մրցունակ լինել գիտության ոլորտում, առաջինը պետք է գիտակցենք, որ գիտությունը կարևոր է Հայաստանի համար։ Այդ գիտակցությունը, ցավոք, չկա ո՛չ իշխանության անդամների, ո՛չ հասարակության, ո՛չ բիզնեսի կողմից։ Երկրորդը՝ պետք է էկոհամակարգ ձևավորվի, ու այդտեղ պետք է ներգրավված լինեն և՛ գիտնականները, և՛ մասնավոր հատվածը, և՛ պետական հատվածը։ Այդ համակարգի ձևավորումից հետո պետք է ռազմավարությունը լինի, թե որ ոլորտների վրա ենք շեշտադրումն անում։ Երրորդը՝ ռեսուրսների բաշխումը․ մեր թիրախը պետք է լինի գիտահետազոտական ոլորտին համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) առնվազն 5%-ը տրամադրել, որպեսզի մեր բոլոր գոյաբանական հարցերի պատասխանը ստանանք՝ սկսած պաշտպանության ոլորտից, վերջացրած տնտեսության զարգացմամբ»։

 

Մասնավոր-կառավարություն երկխոսություն, խնդիրների հստակ սահմանում

«Ինչպե՞ս գիտությունը դարձնել առաջնային գործիք Հայաստանի անվտանգության ապահովման և մրցունակության բարձրացման համար»։ Պանելային հաջորդ քննարկումը հենց այս թեմայով էր։

ՀԱՀ Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանի խոսքով շատերին կարող է տրամաբանական թվալ, որ պետք է ՀՆԱ-ի X տոկոսը ծախսել գիտության վրա, բայց պետական ապարատի տեսանկյունից դա տրամաբանական մոտեցում չէ, եթե չի հստակեցվում, թե որ ուղղություններով և ինչ նպատակներով են հատկացվող միջոցները ծախսվելու։

Նա նշեց, որ այս պահին Հայաստանի Կառավարությունը բավականին շատ ֆինանսական աջակցություն է տրամադրում ընկերություններին, բայց չկա հստակ մոտեցում, որ աջակցությունը տրամադրվի հենց գիտաարտադրական տեխնոլոգիաների զարգացման տեսանկյունից։

«Եթե գիտական, տեխնիկական առաջադեմ հանրությունը կարողանա ձևակերպել պահանջներ (որովհետև դա կհստակեցնի, թե որտեղ  ամենամեծ հետադարձ արդյունքը կլինի), ապա հավանականությունն ավելի մեծ է, որ այդ ուղղությամբ կլինեն ավելի մեծ ներդրումներ»,- ասա նա՝ այս համատեքստում կարևորելով մասնավոր հատվածի ու պետության միջև երկխոսությունը։

Գիտությունների Ազգային ակադեմիայի (ԳԱԱ) ակադեմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանը համաձայնեց Վաչե Գաբրիելյանի այն մտքին, որ երկխոսության խնդիր կա։

«Անձամբ ես մի քանի անգամ առաջ եմ քաշել Կառավարության հետ երկխոսելու լայն ծրագրեր՝ ներառելով լայն զանգվածներ։ Բոլոր դեպքերում այդ փորձերը հաջողված չեն հենց հակադարձ կապի բացակայության պատճառով»,- ասաց ակադեմիկոս քարտուղարը։


Կոնստանտին Ենկոյանը, Վաչե Գարբիելյանը և Արթուր Իշխանյանը

Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանի կարծիքով Հայաստանում չկան ռեսուրսներ ոչ այնքան նշանակալի հետազոտություններ ֆինանսավորելու համար, այդ պատճառով անհրաժեշտ է հասկանալ, թե ովքեր են «զբաղվում իրական գիտությամբ», զտել ու կենտրոնանալ մի քանի ուղղությունների վրա։

Արթուր Իշխանյանը հակադարձեց նրան՝ նշելով, որ հիմա հնարավոր չէ իմանալ, թե ինչը կարող է կարևոր լինել, օրինակ, 5 տարի անց։

«2019-ին է փակվել Վիրուսոլոգիայի ինստիտուտը։ Վերջնականապես ենք փակել, ավերվել էր մինչ այդ, բայց գոնե ինչ-որ բաներ կային։ 2020-ին սկսվեց համավարակը․․․ Մեզ անհրաժեշտ է պահպանել նվազագույն էկոհամակարգ հնարավորինս ամեն ինչի համար»։

Արթուր Իշխանյանն իր խոսքում անդրադարձավ նաև գիտության կազմակերպման երկու մոդելներին՝ համալսարանական և ակադեմիական՝ շեշտելով, որ որևէ տեղ չկա այդ երկուսից միայն մեկը։

«Առանձին վերցված խնդիրների համար միշտ անհրաժեշտ է ունենալ ճկուն, անկախ հասարակական հետազոտական հաստատություններ՝ ինստիտուտներ, որոնց երբեք պետք չէ դարձնել միայն կրթությանը սպասարկող»,- ասաց նա։

Արթուր Իշխանյանի այս ձևակերպումն, ամենայն հավանականությամբ, վերաբերում է «Ակադեմիական քաղաք» հայեցակարգին, որով բուհերն ու գիտահետազոտական ինստիտուտները միանալու են իրար։

 

Գիտության կառավարման մոդելներ, բուհերի և ինստիտուտների ներսում առաջնահերթությունների սահմանում

«Գիտությունը համալսարաններում և ինստիտուտներում. առկա ներուժ և ապագայի պահանջներ»․ պանելային հաջորդ քննարկմանը մասնակցում էին բուհերի ռեկտորներն ու գիտական ինստիտուտների տնօրենները։ Առաջինը քննարկվում էր այն հարցը, թե ինչպես են բուհերն ու ինստիտուտներն իրենց ներսում առաջնահերթություններ սահմանում։ 

Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը նշեց՝ իրենք ուսումնասիրում են ազգային անվտանգությանը վերաբերող խնդիրներ, և դժվար է ընտրել այնպիսի թեմաներ, որոնք նաև միջազգային կարևորություն ունեն և կարող են տպագրվել միջազգային ամսագրերում։

«Այսօրվա գիտաչափության պահանջները գիտնականների մեջ կոտրում են ռոմանտիզմը, նաև, հայրենասիրությունից ելնելով, հետազոտություններ իրականացնելը, որովհետև մենք ընկնում ենք գիտաչափության հետևից և անում ենք բացառապես այն հետազոտությունը, որով կարող ենք տպագրվել։ Ես համարում եմ, որ մեզ նման ոչ հարուստ պետության համար դա շատ մեծ ճոխություն է. մենք ունենք այնպիսի խնդիրներ, որոնք ուղղակի իրավունք չունենք հրատարակելու, բայց եթե չհրատարակենք, ապա մենք գիտնական չենք համարվելու Հայաստանի Հանրապետությունում։ Դրա համար մենք մի կերպ բալանսի ենք բերում»,- նշեց նա։ 


Լիլիթ Սահակյանը և Բրյուս Պողոսյանը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ռեկտոր Վարդան Ուռուտյանը նշեց՝ մի քանի տարի առաջ հասկացան, որ իրենց հետազոտական ուղղությունները, մագիստրոսական թեզերի ու թեկնածուական ատենախոսությունների թեմաները բավականին հնացած են, և սկսեցին պետական գերատեսչություններից հավաքել նրանց հուզող խնդիրները։

«Որոշ գերատեսչություններից ստացանք կոնկրետ իրենց հուզող հարցերը։ Իհարկե, այստեղ բախվեցինք խնդիրների․ ոչ բոլոր գերատեսչությունները կարողացան ձևակերպել իրենց խնդիրները և նույնիսկ խնդրեցին, որ մենք մասնագետներ ուղարկենք, որ այդ խնդիրների վերհանումը միասին կարողանանք կատարել»,- նշեց նա։

ՀԱԱՀ ռեկտորն ասաց, որ իրենք խնդիրներ հավաքագրեցին նաև մարզպետարաններից, արդյունաբերական խորհուրդներ ձևավորեցին՝ ներառելով մասնավոր հատվածից ներկայացուցիչների, որ նրանց հուզող հարցերը ևս հասկանան, ապա զտեցին հավաքագրած թեմաներն ու արդիականացրին հետազոտական ուղղությունները։  

Անդրադառնալով նախորդ քննարկումների ժամանակ կառավարության սահմանած առաջնահերթյունների ու պետության կարիքների սպասարկման մասին բարձրացված հարցերին՝ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ) տնօրեն Գևորգ Քառյանը նշեց․ «Մեզ համար դժվար է, զբաղվեով հիմնարար հետազոտություններով, ուղղակիորեն ազդել կամ ուղղակիորեն այդ գործընթացի մեջ ներգրավվել։ Հիմնարար գիտությունն այն պարարտ հողն է, որի վրա աճում է կիրառական գիտությունների ծառը, և որի պտուղները մենք քաղում ենք տեխնոլոգիաների տեսքով։ Եթե մենք հիմնարար գիտությամբ զբաղվող գիտնականին առաջադրենք այնպիսի խնդիր, որը կիրառական նշանակություն ունի, մենք նրան անելանելի վիճակի մեջ կդնենք, բայց մյուս կողմից՝ առանց հիմնարար հետազոտության ուղղակի իմաստ չունի խոսել կիրառական հետազոտության մասին»։


Գևորգ Քառյանը

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը նշեց՝ կան հարցեր, որոնց պատասխանները հետազոտությամբ ստանալու համար պետք է լինի պետությունից իջեցված պատվեր, բայց նա կարևորեց նաև, որ այդ պատվերները սահմանվեն հենց ինստիտուտների կողմից, և ինստիտուտների ներսում հետազոտություններ կատարվեն, թե իրենց բնագավառները զարգացնելու համար ինչ է պետք։

Նա կարևորեց բրենդային ուղղություների զարգացումը, որոնք Հայաստանի գիտությունը կդարձնեն համաշխարհային գիտության մաս․ «Մեզ պետք չէ ընդհանուր հնագիտություն, կամ մեզ պետք չէ ընդհանուր ազգագրություն․ մեք պետք է այնպիսի հնագիտություն, որում Հայաստանը կարող է առաջնային դիրք գրավել համաշխարհային գիտության տեսանկյունից։ Շատ դեպքերում մենք շփոթում ենք արտասահմանյան ամսագրերում հրատարակվելը գիտական տեսակետի տարածման հետ․ գիտական տեսակետը պետք է ստեղծվի քո երկրում, ազգային հիմքի վրա և տարածվի աշխարհով մեկ որպես քո ստեղծագործություն, բրենդ»։

Խոսելով գիտության համակարգի կառավարման մասին՝ Լիլիթ Սահակյանը զավեշտալի համարեց վերջին շրջանում հնչող հարցադրումը՝ Գիտությունների ազգային ակադեմիա Հայաստանին պե՞տք է, թե՞ ոչ․ «Երեկ կարդում էի [Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ] պարոն Հայոցյանի հարցազրույցը։ Ասել, որ Ակադեմիան հոդվածների առումով երկրորդ տեղն է զբաղեցնում, խոսել նրա մասին, որ բուհերը կառավարման համակարգը փոխում են, որովհետև հասկացել են, որ արդյունավետ չէ, բայց հարցականի մեջ դնել ԳԱԱ գոյությո՞ւնը։ Ես, ճիշտն ասած, տրամաբանությունը չեմ հասկանում»։

Արսեն Բոբոխյանն էլ նշեց՝ ինքը կուզենար, որ Հայաստանում միաժամանակ գոյություն ունենային ուժեղ համալսարաններ և ուժեղ, բարեփոխված Ակադեմիա, և համալսարանները լինեին ոչ թե Երևանում կենտրոնացած, այլ ապակենտրոնացած։

 

Հասարակագիտության և հումանիտար գիտությունների ուսումնասիրության առարկան, գիտաչափությունը, միջազգային գիտությանն ինտեգրումը

«Հումանիտար և հասարակագիտական գիտությունները Հայաստանում. մենք կարողանու՞մ ենք մտածել» քննարկման մասնակիցները խոսում էին հարցերից, որոնք գիտության մասին զրույցների ժամանակ երբեմն լուսանցքում են մնում։

Փիլիսոփայական գիտությունների թեկնածու Նաիրա Մկրտչյանի խոսքով հումանիտար և սոցիալական գիտությունների առումով Հայաստանն անհատ կադրերի խնդիր չունի, և խնդիրն ավելի շատ ինստիտուցիոնալ հարթությունում է․ «Ես կարող եմ թվել առնվազն 20-30 մարդու, որոնց գործերն արժե կարդալ, որոնք չեն զիջում միջազգային հարթակում համանման թեմաներով զբաղվող որևէ գիտնականի։ Եվ այդ առանձին անհատները միջազգային մակարդակի հասնում են իրենց անհատական ջանքի շոնրհիվ»։

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Գայանե Շագոյանն էլ անդրադարձավ գիտաչափությանը, որը նրա խոսքով գալիս է ճշգրիտ գիտություններից․ «Այսօր, լինելով սոցիալ-հումանիտար ոլորտի ներկայացուցիչ, ես պիտի ավելի շատ մտահոգված լինեմ, թե անգլալեզու որ պարբերականում է լույս տեսնելու իմ աշխատանքը, որովհետև այդ դեպքում ես հնարավորություն կունենամ պարկեշտ աշխատավարձ ստանալու։ Եվ հայալեզու արտադրանքը ոչ միայն ստորադասված է, այլև ընդհանրապես հաշվի առնված չէ։ Ես կարող եմ գրել հայերեն մենագրություն, և դա ինձ կբերի 0 միավոր, և ես կարող եմ գրել անգլալեզու ամսագրում երկու էջանոց հոդված, և այստեղ էջը կամ նույնիսկ բովանդակությունը չէ խնդիրը, այլ, թե որտեղ է այն տպված՝ սպասարկելով այն հետաքրքրությունները, որոնք Հայաստանի հանդեպ ունի մեկ այլ պետություն։ Դա, մի կողմից, միջազգային գիտության մեջ ինտեգրվելու մասին է խոսում, բայց, մյուս կողմից, երբ դա իջեցվում է որպես գիտաչափության միակ մոտեցում, խոսում է մեր խնդիրները տեսնելու, բարձրաձայնելու և ուղղելու անտեսման մասին»։

Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի Հայագիտական ծրագրի տնօրեն, «Թուրփանջյան» հասարակական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ստեփան Աստուրյանն էլ առանձնացրեց մի խնդիր, որին բախվում են սփյուռքի հայ գիտնականները հայագիտական թեմաներով հետազոտություններ իրականացելիս․ «Եթե ծագումով հայ ես և հայերին վերաբերող թեմայով ես զբաղվում, օրինակ՝ Ցեղասպանության թեմայով, շատ արագ պիտակավորվում ես որպես էթնիկ գիտնական կամ ազգայնամոլ, եթե քո ասածները չեն համընկնում նրան, ինչ պիտի ասվի այդ միջավայրում, այսինքն՝ գերադաս կարծիքին»։

Թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը կարևորեց հասկանալ, թե որն է հասարակագիտության և հումանիտար գիտությունների ուսումնասիրության առարկան, և ինչու են դրանք կարևոր։

«Այդ երկու գիտակարգերի նպատակը մեկն է․ կոդավորել ու հասկանալ անցյալը, ներկան, փորձել հասկանալ ապագան ու դա անել պարպերաբար՝ վերակազմավորելով, քանդելով, կրկին վերակազմավորելով ու քանդելով։ Ի՞նչ տեղի ունեցավ հետխորհրդային շրջանում․ առնվազն դիսկուրսի մակարդակում քանդվեց անցյալը, ու չստեղծվեց նորը, ներկան»,- ասաց նա։

Վարհրամ Տեր-Մաթևոսյանի խոսքով այս գիտակարգերում գիտական լավագույն հետազոտություններում ավելի շատ հարցեր են առաջադրված, քան հարցերի պատասխաններ կան․ «Մինչդեռ մեր պարագայում շատ ավելի իմպերատիվ էին, օրինակ, Թուրքիայի և Արդբեջանի մասին հետազոտությունների մեծ մասը հատկապես հետխոհրդային շրջանում։ Այդ հանգստությունը, որը կար Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, գալիս էր նաև մեծամտության պարսավելի դրսևորումներից։ Պատճառն այն է, որ մենք չենք ուզում հասկանալ, որ մեզ համար հարկավոր էր տեղավորվել այն բացատրության մեջ, որն ամենահարմարն էր այդ պահին»։

 

ԳՀՓԿ աշխատանքներ, ռազմարդյունաբերություն

«Պաշտպանական ԳՀՓԿ աշխատանքներ. Հայաստանը զարգացման ներուժ ունի՞» թեման ոչ այնքան քննարկում էր, որքան հարցուպատասխան Ռազմարդյունաբերության կոմիտեի (ՌԱԿ) նախագահ Արտյոմ Մեհրաբյանի հետ․ նրան հարցեր ունեին և՛ գիտական, և՛ մասնավոր հատվածի ներկայացուցիչները։

Հարցին, թե ինչու Հայաստանը չի ծախսում գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿ) համար նախատեսված ողջ բյուջեն, Արտյոմ Մեհրաբյանը պատասխանեց․ «Մենք այս տարի ունեցել ենք մոտ 48 հայտ, հաստատվել է ընդամենը 8 աշխատանք»։ 

Նա նշեց՝ գիտնականների հետ աշխատելու խնդիրներից մեկը ԳՀՓԿ աշխատանքների գաղտնիությունն է․ «Այս տարի առաջարկություն ենք արել և Կառավարության որոշման մեջ փոփոխություն ենք մտցրել, որպեսզի գիտական աշխատանքների վրայից գաղտնիության հարցը հանենք կամ դիտարկենք ամեն մի հայտը առանձնահատուկ, փորձենք, հասկանալով դրա կարևորությունը, գաղտնիացնել»։

Նա նշեց, որ այդպիսով գիտնականների համար ընթացակարգերն ավելի կհեշտանան։ ՌԱԿ նախագահը նաև ասաց, որ հանդիպում են ունենալու գիտական կազմակերպությունների ղեկավարների հետ և ներկայացնելու են նրանց այն ուղղությունները, որոնք ուզում են զարգացնել։

Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանը օրենսդրական ու բյուրոկրատական մի քանի խնդիր բարձրաձայնեց։ Նրա խոսքով Հայաստանում զենք-զինամթերքի հետ կապված գիտահետազոտական աշխատանքները հավասարեցված են զենքի արտադրությանը, և դրա համար անհրաժեշտ է լիցենզիա ունենալ, որը ծախսերի հետ է կապված։


Արտյոմ Մեհրաբյանը

Արտյոմ Մեհրաբյանը համաձայնեց, որ օրենսդրական բացեր կան՝ նշելով, որ դրանց ուղղությամբ աշխատում են, սպասվող փոփոխություններով լիցենզիա պահանջելու են միայն սերիական արտադրության համար։

Սեյրան Մինասյանը խոսեց նաև այն խնդրից, որ ՌԱԿ կառավարման մեխանիզմն ու գործառույթները հիմնված են Խորհրդային Միության համապատասխան փաստաթղթերից թարգմանված ստանդարտների վրա։ Նրա խոսքով հենց սրանից էլ բխում է այն, որ ՌԱԿ-ին ներկայացված հայտերը և դրանց կատարման ընթացքը բովանդակային խորքային ստուգում չեն անցնում։

Նորմատիվ փաստաթղթերի մասով բարձրաձայնած խնդրին ևս ՌԱԿ նախագահը համաձայնեց՝ նշելով, որ հանդիպում են ունեցել Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի հետ, այդ հարցը բարձրարցել են։

LT-PYRKAL-ի գլխավոր տնօրեն Գագիկ Բունիաթյանն էլ նշեց՝ ավելի մեծ հարց է Պաշտպանության նախարարության՝ խնդիրներ ձևակերպելու կարողությունը․ «ԳՀՓԿ աշխատանքի իմաստն այն է, որ այն վերջանա սերիական արտադրությամբ, հակառակ դեպքում դա դառնում է ինքնախաբեություն և ֆինանսաների իզուր վատնում։ Ամենակարևոր խնդիրն է, թե ինչ է պետք մեր Զինված ուժերին սերիական արտադրության համար։ Առաջին հերթին, շատ հստակ այդ խնդիրը պետք է ձևակերպի ԶՈՒ-ն, որից հետո խնդիրը պետք է փոխանցվի ՌԱԿ-ին՝ գործընթացը կազմակերպելու»։ 

ՌԱԿ նախկին նախագահ Ավետիք Քերոբյանի խոսքով կրթական, գիտական, արդյունաբերական և պաշտպանական համակարգերի միջև կապերը խզված են․ «Պաշտպանական համակարգը պատվերով չի ծանրաբեռնում արդյունաբերության համամակարգը, արդյունաբերության համակարգը, հետևաբար, պատվերով չի ծանրաբեռնում գիտական համակարգը։ Ունենք ռազմավարական նպատակների և դրանց իրականացման միջոցների անորոշություն, որը բերում է այս բոլոր խնդիրներին»։

Արտյոմ Մեհրաբյանն ասաց՝ իրենք հասկացել են, որ ՌԱԿ-ին կից մի կառույցի անհրաժեշտության կարիք կա, որը  կազմված կլինի ռազմավարություն մշակողներից, գիտնականներից և ինժեներներից, որոնց շփումից կստեղծվեն գաղափարներ ու կփոխանցվեն ՌԱԿ-ին։ Նա նշեց՝ այդ ուղղությամբ աշխատանքներ տանում են՝ շատ փակագծեր չբացելով։

***

Քննարկումներից մեկի ընթացքում «Գիտուժի» անդամները նշեցին, որ սա իրենց առաջին համաժողովն է, և հույս ունեն, որ մի քանի տարի անց կկազմակերպեն վերջին համաժողովը, քանի որ իրենց բարձրաձայնած խնդիրները լուծված կլինեն և գիտության հանդեպ այնպիսի վերաբերմունք ձևավորված կլինի, որ «Գիտուժի» կարիքն այլևս չի լինի։

 

Աննա Սահակյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել