Կառավարությունը գիտության ոլորտում մասնակի քայլեր է անում, որոնք խնդիրներին համակարգային լուծում չեն տալիս․ Տիգրան Շահվերդյան
20:32 - 24 մայիսի, 2022

Կառավարությունը գիտության ոլորտում մասնակի քայլեր է անում, որոնք խնդիրներին համակարգային լուծում չեն տալիս․ Տիգրան Շահվերդյան

Անցած ամիս «Գիտուժ» նախաձեռնությունը նոր հայտարարությամբ էր հանդես եկել, որտեղ, ի թիվս այլնի, հայտարարել էր, որ կառավարության կողմից գիտական հետազոտությունների հանդեպ ուշադրության դրական փոփոխություններն իրենց ողջ աննախադեպությամբ հանդերձ անիմաստ կդառնան, եթե չհստակեցվեն մեր երկրի նպատակները, չսահմանվեն դրանցից բխող Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների զարգացմանը նպաստող իրատեսական ու հավակնոտ ռազմավարական ծրագրերը՝ հիմնված խնդրիներին համակարգային և ամբողջական լուծումներ տալու և միջազգայնորեն մրցունակ մակարդակի հատկացումների հանձնառություն վերցնելու վրա։ Օրերս էլ «Գիտուժի» անդամները մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեցին, որ գիտության հանդեպ կառավարության և Ազգային ժողովի վերաբերմունքը թուլացնում են Հայաստանի անվտանգությունը։ 

«Գիտուժ» նախաձեռնության անդամ, «Robomart» ընկերության համահիմնադիր Տիգրան Շահվերդյանի կարծիքով՝ Հայաստանում շատ պետական խնդիրներ կան, և դրանց լուծման համար կարևոր է նորարարական մեթոդների կիրառումը․ «Մենք տեսնում ենք, որ ամբողջ աշխարհում դրանք հիմնված են Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական (ԳՀՓԿ) տարբեր տեսակի աշխատանքների, պատվերի վրա։ Այդ մասով մեզ մոտ շատ մեծ բաց կա։ Մենք պատվերը ֆորմալ  առումով ունենք՝ պաշտպանական ԳՀՓԿ-ն, բայց դա անընդատ կրճատվում է։ Մյուս հարցերում ընդհանրապես չկա որևէ ԳՀՓԿ բյուջե, որը միտված է հենց այդ տեսակ խնդիրները լուծելուն։ Ամենապարզ օրինակը․ անընդհատ խոսում են արտադրողականության բարձրացման մասին։ Մեր տնտեսության մեջ ամենամեծ տեղը հատկացվում է գյուղատնտեսությանը, բայց չկա նպատակային ԳՀՓԿ բյուջե, որը ծախսվում է, օրինակ, ագրոտեխնոլոգիաների մեջ, ագրոտեխնոլոգիաների զարգացմանը միտված ԳՀՓԿ-ի համար։ Բոլոր նախարարություններում կարելի է այդպիսի խնդիրներ առանձնացնել, որոնց լուծման գործիք է անհրաժեշտ դիտարկել ԳՀՓԿ աշխատանքների մեխանիզմը»։

Տիգրան Շահվերդյանն ընդգծում է՝  «Գիտուժ» համայնքի պահանջն ուղղված է եղել ԳՀՓԿ բոլոր շղթաների զարգացմանը։ Այս պահին Գիտության կոմիտեի շատ ծրագրեր ուղղված են հիմնարար հետազոտություններին, որոնք, սակայն, ԳՀՓԿ ընդանուր շղթայի մի մասն են․«Մենք միշտ խոսել ենք ոչ միայն գիտության, այլև ընդանուր ԳՀՓԿ շղթայի զարգացման մասին՝ այսինքն հիմնարար հետազոտություններից մինչև կիրառական հետազոտություններ, կիրառական հետազոտություններից մինչև փորձարարական մշակումներ։ Եթե խոսքը  հիմնարար հետազոտությունների մասին է, այո, հայտարարել են, տեսնում ենք բյուջեի ավելացումը, բայց չենք տեսնում, թե առաջնահերթությունները ինչպես կարող են ձևավորվել, չենք տեսնում, թե ինչ թվային նպատակներ են դրվում։ Այն, ինչ արվում է, չի կանգնեցնում գիտական համայնքի կործանումը։ Զուտ թվերով եթե նայում ենք, մեր գնաահատակններով ունենք տարեկան 200 մարդու կորուստ, բայց պետական պատվերի շրջանակում ունենք 200 ասպիրանտական տեղ։ Ակնհայտ է, որ դրանց շատ չնչին տոկոսն է գնում գիտություն, ներքին ռեսուրսներով մեր գիտական համայնքը չի վերականգնվում։ Չնայած ասում ենք, որ առաջնահերթություն է դրվել, բացարձակ բյուջեի տեսքով երևում է, բայց արդյունքից չի երևում, որ դա իսկապես առաջնահերթություն է»։

Նրա խոսքով՝ կառավարությունը մասնակի քայլեր է անում, որոնք խնդրին համակարգային լուծում չեն տալիս․ «Պետք է համակարգային մոտեցում, բոլոր մասերն էլ պետք է արվեն, չենք կարող ասել՝ այս մի կտորում մի փոքր առաջընթաց ապահովեցինք, ինչ լավ է, եկեք ուրախանանք։ Մենք գիտական պոտենցիալը չենք զարգացնում, որ աշխարհին միայն գիտելիք տանք։ Էլի տանք, դեմ չեմ, բայց պետք է նաև մեր նպատակներին ծառայի ու պետք է մեր նպատակներին ծառայեցնելով զարգացնենք։ Միջազգային ամսագրերում տպագրվելը, փորձաքննություն անցնելը շատ կարևոր է, որովհետև դրանով կարողանում ենք գնահատել, թե ինչ որակի աշխատանքներ են կատարվում, ինչ որակի գիտական կապիտալ ունենք, բայց մեր նպատակը դա չի: Պետք է ի վերջո հնարավորություն տալ այդ մարդկանց օգտագործել գիտելիքը մեր երկրի և հասարակության  կարիքները հոգալու համար. սա անելու համար նշածս ամբողջ շղթայով պետք է  համակարգային գործ անել»։

Նա ընդգծում է, որ պաշտպանական ԳՀՓԿ  աշխատանքների վրա նույնիսկ պլանավորվող գումարները չեն ծախսվում․ «Ինչպես ենք փորձում աշխարհում մեր հարևանների համեմատ ունենալ մրցունակ բանակ, անվտանգային  համակարգ, եթե նորարարական լուծումների վրա չենք ծախսում նույնիսկ այն չնչին գումարը, որը հատկացնում ենք։ Հիմնարար  հետազոտությունների վրա հատկացվում է 25 միլիարդ, պաշտպանականի համար՝ 5 միլիարդ դրամ։ Ստացվում է 5 անգամ ավելի քիչ, ու դա էլ չենք կարողանում արդյունավետ յուրացնել»։

Նշենք, որ 2021 թ․-ին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ ծրագրի» համար հատկացվել էր 4 միլիարդ 574 միլիոն դրամ, իսկ 2022 թ․-ին՝ 5 միլիարդ 200 միլիոն դրամ։ Այս ծրագրի շրջանակում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ են իրականացվում։ Կառավարությունը, սակայն, 2021 թ․-ին կատարված վերաբաշխումներով 2 միլիարդ 576 միլիոն դրամով կրճատել է նախապես պլանավորված բյուջեն, իսկ այս տարվա ապրիլի 7-ին կառավարության որոշմամբ ծրագրի բյուջեից 295 միլիոն դրամ է կրճատվել՝ գումարը այլ միջոցառման վրա ծախսելու հիմնավորմամբ։

«Գիտուժ» նախաձեռնության  անդամը հավելում  է՝ խնդիրն այն չէ, որ հիմնարար հետազոտությունների վրա շատ գումար է ծախսվում, այլ այն, որ պաշտպանականի համար է շատ քիչ նախատեսվում․ «Համեմատությունը, որ անում եմ, չի նշանակում, որ պետք է այնտեղ քչացնեն, այստեղ ավելացնեն։ Պարզապես պաշտպանականի վրա  ավելի շատ է պետք հատկացնել և երբ հարց է բարձրացվում, որ համակարգը չի կարող ընդունել, պետք է զբաղվել նրանով, որ համակարգը կարողանա դա ընդունել։ Իսկ համակարգը կկարողանա դա անել, միայն այն դեպքում, երբ դու սկսես այն համալրել մի կողմից տաղանդներով, մյուս կողմից նպատակներդ  հստակեցնես և ծրագրերդ ի վերջո հստակ մշակես՝ հրաժարվելով իներցիոն կամ տեղային լուծումներից։ Հակառակ դեպքում անհամապատասխանություն է․  մի կողմից 2050 թ․-ի նպատակների ցանկում ունես մեկ շնչի  հաշվով ամենամարտունակ բանակը, բայց մյուս կողմից դու այսօր քայլեր ես անում, որոնք հակասում են այդ նպատակին։ Դու պաշտպանականը կրճատում ես, ինչպե՞ս ես ունենալու մեկ շնչի հաշվով ամենամարտունակ բանակը, թե՞ դա կարելի է մտածել 2040-ին։ Հենց այսօրվանից է պետք մտածել, որ 2050 թ․-ին ունենանք դա»։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որ պատասխանատու պաշտոնյաների համար կոնկրետ ժամկետներ սահմանվեն․ «Պետք է առաջինը դրվի նպատակը, պետք է հայտարարվեն այդ ժամկետները։ Ես վստահ եմ, որ շատ հարցերում  պետական համակարգում կա այդ ռազմավարությունները մշակելու ներուժը։ Օրինակ, ունենք Ռազմարդյունաբերության կոմիտե։ Ես գիտեմ, որ մասնավոր հատվածում կան կազմակերպություններ, որոնք ռազմավարությունների նախագծեր են իրականացնում։ Պետք է նստել, միասին այդ սևագրերը նայել, եթե պետք է լրացնել կամ եթե լրիվ հիմարություն է գրած, ապա նորից անել, բայց միասին աշխատելով դա բերել վերջնական արդյունքի»։

Տիգրան Շահվերդյանը մի օրինակ է բերում, պատմում է, որ  տիեզերական գործունեության ռազմավարության հետ կապված նույնպես աշխատանքներ են տարվել, բաց կոնկրետ վերջնաժամկետներ չեն սահմանվել․ «Ես անձամբ եմ մասնակցել այդ աշխատանքային խմբին, որ մշակում է ռազմավարությունը։ Արդեն կես տարի է այդ աշխատանքային խումբը չի հանդիպել, չնայած այդ ռազմավարության սևագիրը ունեինք։ Եթե մեխանիզմ է ստեղծվում այդպիսի գործեր անելու,  պետական մարմինները հետևողական չեն լինում, որ աշխատանքը ճիշտ տարվի»։

Նրա կարծիքով՝ Հայաստանում կա ռազմարդյունաբերության զարգացման պոտենցիալ, այլ հարց է, թե ինչ մեթոդներով է փորձ արվում այդ պոտենցիալը զարգացնել, ինչ խոչընդոտներ կան պետություն-մասնավոր համագործակցության համար և արդյոք լուծումներ տրվում են այդ խոչընդոտներին․ «Ամենամեծ խոչընդոտներից մեկը, որ լսել ենք, ընդհանուր ԳՀՓԿ աշխատանքների հանդեպ կարծրացած վերաբերմունքի հարց կա։ Հաճախ սպասումը այն է, որ պատրաստի նմուշ է ստացվելու։ Այո, ի սկզբանե նպատակը այդպիսին պետք է լինի, բայց պետք է հասկանալ, որ գործ ունես ամբողջությամբ ոչ միանշանակ գործընթացի հետ, որոնք իրենց մեջ ի սկզբանե ունեն ռիսկային էլեմենտներ։ Զարգացվածության տարբեր աստիճաններում այդ ռիսկերը տարբեր են։ Եթե նույնիսկ չի ստացվել այն, ինչ նախատեսվում էր, չի նշանակում, որ ամբողջ աշխատանքը ջուրն է ընկել ու պետք է գնաս, մարդուն դատի տաս։ Հնարավոր է, որ աշխատանքնը իսկապես բարեխղճորեն արվել է, բայց գործի բնույթի հետ կապված եղել են խնդիրներ։ Դա պետք է հաշվի առնել և վերջում ոչ թե ըստ արդյունքի առկայության կամ բացակայության փաստով որոշվի, այլ արդյոք աշխատանքը նորմալ կատարվել է, թե ոչ, և նույնիսկ բացասական արդյունքն էլ տվյալ դեպքում պետք է արդյունք համարվի»։

 

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել