Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար։

Ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին Երևանում: 1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում: 2002-2004-ին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել իրավունքի մագիստր կոչումը:

2002-2004 թվականներին սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում: 2003-ին մասնակցել է Անդրկովկասի և Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին, 2003-ին Եվրախորհրդում՝ Ստրասբուրգ, ծանոթացել է Եվրախորհրդի կառուցվածքին և գործառույթներին:

Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում (2000-2001թթ.):

2001-2002 թվականներին Պետական ռեզերվների գործակալությանը իրավախորհրդատվություն է մատուցել:

2005-2015 թվականներին եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն:

2014-2015 թվականներին զբաղեցրել է «Արֆարմացիա» ՓԲԸ ադմինիստրատիվ գծով տնօրենի պաշտոնը: Այնուհետև` մինչև 2016 թվականը նշանակվել է կազմակերպության գլխավոր տնօրեն:

2017-ից մինչև 2018 թվականը եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, նույն ժամանակահատվածում եղել է նաև «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ:

2018 թվականի մայիսի 24-ից զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, 2020 թվականի մայիսի 11-ից` առողջապահության նախարարի առաջին տեղակալի:

2021 թվականի հունվարի 18-ին Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար:

Ամուսնացած է, ունի 3 զավակ: 

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի ընթացքը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի վերաբերյալ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։  Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զեկուցել է կապիտալ բնույթի շինարարական աշխատանքների ընթացիկ իրավիճակի, առողջապահության ոլորտում կառուցման, վերակառուցման և վերազինման համար 2025թ. համար նախատեսված կապիտալ ծախսերի վերաբերյալ: Մանրամասներ են ներկայացվել, թե ինչ փուլում են գտնվում տարբեր առողջապահական հաստատությունների նախագծման, կառուցման և հիմնանորոգման աշխատանքները:  Քննարկում է ծավալվել շինարարական աշխատանքներին վերաբերող ընթացիկ հարցերի շուրջ:  Վարչապետն ընդգծել է սահմանված ժամկետներում և որակի չափանիշներին համապատասխան աշխատանքներն ավարտելու կարևորությունն ու հանձնարարել հետևողական աշխատանք իրականացնել այդ ուղղությամբ: 
14:49 - 28 մարտի, 2025
Առողջապահության նախարարը հատկապես զվարճանքի վայրերում ձայնամեկուսացման նորմերը վերանայելու կարիք է տեսնում |armenpress.am|

Առողջապահության նախարարը հատկապես զվարճանքի վայրերում ձայնամեկուսացման նորմերը վերանայելու կարիք է տեսնում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տարբեր հաստատություններում, հատկապես զվարճանքի վայրերում ձայնամեկուսացման համար սահմանված նորմերը վերանայելու անհրաժեշտություն է տեսնում:  Ավանեսյանը նման դիրքորոշում հայտնեց «Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ» թեմայով խորհրդարանական լսումներում:  «Աղմուկը կոնկրետ աղդեցություն ունի ինչպես մարդու լսողական ապարատի վրա, այնպես էլ ամբողջ նյարդային համակարգի վրա, ամբողջ օրգանիզմի վրա: Առողջապահության համաշախարհային կազմակերպությունն աղմուկի ազդեցության մասով ունի հստակ ռեկոմենդացիաներ և սահմանված ստանդարտներ, որոնք պետք է պահպանվեն՝ ապահովելու համար մարդու նորմալ կենսագործունեությունը»,-ասաց Անահիտ Ավանեսյանը: Նա նշեց, որ 2024թ Հանրային առողջության մասին օրենքն ամբողջությամբ վերանայվել է: Դրանում կարգավորումներ են ներառվել նաև աղմուկի վերաբերյալ: Նախարարի խոսքով՝ ենթաօրենսդրական ակտերով պետք է կարգավորվեն տարբեր վայրերում աղմուկի սանիտարահիգիենիկ նորմերը և թույլատրելի շեմերը, չափորոշիչները:  «Դժգոհությունների և մարդկանց անհանգստության առիթ է տալիս զվարճանքի կենտրոններից եկող աղմուկի խնդիրը: Սանիտարական նորմերը, ձայնամեկուսացման համար անհրաժեշտ քաղաքաշինական նորմերը ևս մեկ անգամ պետք է համեմատել միջազգային ստանդարտների հետ՝ տեսնելու, թե ինչն է խնդիրը, որ դրանք շատ անգամ չեն պահպանվում»,-ասաց Ավանեսյանը: Նախարարն նշեց, որ նախարարությունը՝ այս մասով հանդիսանալով քաղաքականությունը մշակող և փորձաքննություններ իրականացնող մարմնի պատասխանատու, աշխատանքներ է իրականացնում ընդլայնելու կարողությունները՝ թե մասնագետների վերապատրաստման և նոր մասնագետների պատրաստման, թե սարքավորումներով հագեցման համար: Նա խոստացավ, որ այս մասով աշխատանքները հետևողական են լինելու: 
14:06 - 21 մարտի, 2025
Գումար չունենալու պատճառով ոչ մի բուժառու դուրս չի մնում կաթվածի անդառնալի հետևանքները կանխող բուժսպասարկումից․ Անահիտ Ավանեսյան

Գումար չունենալու պատճառով ոչ մի բուժառու դուրս չի մնում կաթվածի անդառնալի հետևանքները կանխող բուժսպասարկումից․ Անահիտ Ավանեսյան

«Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածը, ցավոք, մեզանում ամենահաճախ հանդիպող ախտորոշումներից է»,- ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Այս հիվանդության դեպքում ծառայությունները մատուցվում են պետական պատվերի շրջանակներում. այսպիսով` գումար չունենալու պատճառով ոչ մի պացիենտ, անկախ սոցիալական խմբի պատկանելիությունից, դուրս չի մնում կաթվածի անդառնալի հետևանքները կանխող բուժսպասարկումից: Ծրագրում ընդգրկման հիմք է հանդիսանում պացիենտի մոտ «գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշումը` գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից 0-24 ժամերի ընթացքում` ներառյալ տեղափոխման ժամանակահատվածը: Միայն 2024 թվականին մատուցվել է 789 ծառայություն` 1,7 մլրդ դրամ փոխհատուցմամբ: Ծրագրի ներդրումից ի վեր մատուցվել է 3573 ծառայություն, որի համար պետական բյուջից հատկացվել է 7.4 մլրդ դրամ: Շատ կարևոր եմ համարում, որ կյանք փրկող այս ծրագիրը հասանլի լինի նաև մարզերում: Երևանյան 4 բժշկական կենտրոններից բացի ծրագիրը գործում է նաև Գյումրիի և Վանաձորի բժշկական հաստատություններում: Մեր նպատակն է այս ծառայության առաջնակի հատվածը հասանելի դարձնենք նաև մյուս մարզերում: Նման ծրագրերը հնարավոր են դառնում բոլորիս վճարած հարկերի շնորհիվ»,- գրել է նա:
21:50 - 11 մարտի, 2025
Սուր շնչառական վարակներով պայմանավորված դպրոցներն ու մանկապարտեզները փակելու հիմք չկա. Ավանեսյան |armenpress.am|

Սուր շնչառական վարակներով պայմանավորված դպրոցներն ու մանկապարտեզները փակելու հիմք չկա. Ավանեսյան |armenpress.am|

armenpress.am: Հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված դպրոցներն ու մանկապարտեզները փակելու անհրաժեշտություն չկա։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ ամենօրյա ռեժիմով մոնիթորինգ են իրականացնում մի քանի ուղղություններով։   «Վստահ եղեք, մենք ամենօրյա մոնիթորինգ ենք իրականացնում թե մանկապարտեզներում, թե դպրոցներում, թե ամբուլատորիաներում, թե պոլիկլինիկաներում։ Դիտարկում ենք ուսումնական հաստատություններում հաճախելիությունը, բուժհաստատություններ դիմելիությունը։ Մեր ուշադրության կենտրոնում են հիվանդանոցները, վերակենդանացման բաժանմունքները։ Մենք ունենք հստակ ուղեցույց այն մասին, թե որ դեպքում է պետք անցնել հավելյալ միջոցառումների վարակի բռնկումները զսպելու համար։ Ասեմ, որ այս պահին իրավիճակն այնպիսին է, որ  հավելյալ միջոցառումների անհրաժեշտություն չկա»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։  Անդրադառնալով այն դիտարկմանը, որ այս շրջանում փակվեն դպրոցներն ու մանկապարտեզները՝ Անահիտ Ավանեսյանը նշեց, որ դա անարդյունավետ միջոց է։ Սուր շնչառական վարակների ակտիվացման սեզոնը սկսվում է նոյեմբերից և տևում է մինչև մարտ։ Այդ ընթացքում սուր շնչառական վարակների ակտիվացման պարագայում ուսումնական հաստատությունները փակելը տեղին չէ։  «Դա պարզապես անհնար է։ Ի վերջո, ցանկացած միջոցառում պետք է խելամիտ իրականացվի, որպեսզի արդյունքն ունենանք։ Առանձին դեպքերում մենք ունենք լուծումներ։ Մասնավորապես, ունենք առանձին հնարավորություններ դպրոցների մասով։ Եթե կոնկրետ դպրոցում  բացակայությունների թիվը 25 տոկոսից աճել է՝ ելնելով երեխաների հիվանդացությունից, ապա տվյալ դպրոցը կարող է անցնել հեռավար ուսուցման՝ համաձայնեցնելով կրթական գերատեսչության հետ։ Այսինքն՝ մեխանիմզը ստեղծված է։ Ամեն դեպքում կրկնում եմ, այս պահին և դրանից առաջ ունեցած համաճարակային իրավիճակը նման ցուցման հիմք չէ»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։ Նա հավելեց, որ վերջին 3 օրվա ընթացքում հանրապետությունում սուր շնչառական վարակների հետ կապված հիվանդացության նվազման միտում է նկատվում։  Ինչ վերաբերում է այն հարցին, թե դպրոցներում բժշկից տարված թուղթը հաշվի չի առնվում ու մտավախություն կա երեխաների բացակայության առնչությամբ, ապա նախարարը նշեց, որ այդ հարցը կքննարկի իր գործընկերոջ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ։  Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հորդորեց հետևել մասնագետների խորհուրդներին, պահպանել ձեռքերի հիգիենան, հագնվել եղանակին համապատասխան, փակ տարածքները պարբերաբար օդափոխել, գանգատների դեպքում դիմել բժշկին։ 
12:35 - 28 փետրվարի, 2025
Անահիտ Ավանեսյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումների ընթացքը

Անահիտ Ավանեսյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումների ընթացքը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Աջակցություն առողջապահական համակարգի դիմակայունությանը արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի բացման միջոցառմանը, հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Մեր գործընկերությունը ևս մեկ քայլ է Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման, դիմակայունության ամրապնդման և առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովման ճանապարհին։ Հոգեկան առողջությունը, կրթական բարեփոխումներն ու բուժանձնակազմի մասնագիտական ունակությունների կատարելագործումը մեր առաջնահերթություններից են։ Հավատացած ենք, որ առաջիկա երկուս ու կես տարիների ընթացքում կհասնենք կարևոր ձեռքբերումների և կունենանք արդյունավետ համագործակցություն»,- ողջունելով միջազգային գործընկերներին` նշել է Անահիտ Ավանեսյանը: Առողջապահության նախարարություն — Եվրոպական միություն — ԱՀԿ համագործակցությամբ իրականացվող այս ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում բուժաշխատողների կարողությունների բարելավմանն ու հզորացնելով հոգեկան առողջության համակարգը: Այս հարցում Հայաստանի քաղաքական կամքն ու պատրաստակամությունը բարձր են գնահատել միջազգային գործընկերները: Միջոցառմանը նախարարը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումների ընթացքը, ընդգծել հոգեկան առողջության ոլորտում վերջին տարիներին կատարած և ընթացիկ աշխատանքները` կապիտալ շինարարությունից, հոգեկան խնդիրներ ունեցող անձանց համար արժանապատիվ պայմաններ ստեղծելուց մինչև բուժաշխատողների համար գործելակարգերի մշակում: Կարևորելով մասնագիտական զարգացումը` Անահիտ Ավանեսյանը նշել է նոր չափանիշներ ներդնելու անհրաժեշտությունը ոչ միայն բժիշկների, այլև` բուժքույրերի և առողջապահական այլ մասնագետների կրթության համար` իրագործման այդ ճանապարհին բարձր գնահատելով ԵՄ-ի և ՄԱԿ-ի աջակցությունը:
10:27 - 27 փետրվարի, 2025
Որն է առողջության համապարփակ ապահովագրության նպատակը. մանրամասնել է առողջապահության նախարարը |armenpress.am|

Որն է առողջության համապարփակ ապահովագրության նպատակը. մանրամասնել է առողջապահության նախարարը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է, թե որն է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման նպատակը։  «Առաջին նպատակը, իհարկե, առողջականն է։ Մեր նպատակն է, որ մեր քաղաքացիների մահացության և հիվանդացության հիմնական բեռ հանդիսացող բուժծառայությունները հասանելի դառնան մեր բնակչությանը։ Երկրորդը, իհարկե, ֆինանսականն է։ Հասանելիությունը իրենից ներկայացնում է ֆիզիկական հասանելիությունը և որակյալ ծառայություններին հասանելիությունը, բայց նաև նշանակում է, որ մենք բժշկի դիմենք ոչ թե այն ժամանակ, երբ դանակը ոսկորին է հասել, այլ, երբ իսկապես դրա կարիքն ունենք։ Սա նշանակում է, որ մեր նպատակն է կազմակերպել ճիշտ և գրագետ բուժօգնություն։ Երբ դանակը ոսկորին է հասել, նշանակում է, որ մենք ծախսում ենք շատ մեծ միջոցներ խնդիրը լուծելու համար։ Շատ հաճախ չենք էլ կարողանում փրկել մարդու կյանքը։ Գրագետ մոտեցումն է, որ մարդը բժշկի դիմի կանխարգելման համար, վաղ հայտնաբերման համար, երբ ինչ-որ բան է հայտնաբերվում, մենակ չմնա իր հիվանդության հետ և չվախենա բժշկի դիմելուց, որովհետև գիտի, որ, ամսական փոքր վճարներ կատարելով, արդեն ապահովագրել է ինքն իրեն մեծ ծախսերից»,-  «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասել է ՀՀ առողջապահության նախարարը։ Ավանեսյանը կոնկրետ օրինակ է բերում՝ բացատրելով, թե ինչ է փոխելու մարդու կյանքում առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը։ «Երբ մարդը շատ վատ վիճակում, ինքնազգացողության ծայրահեղ վիճակում հասցվում է հիվանդանոց, և պարզվում է, որ նրան սրտի վիրահատություն է անհրաժեշտ, սրտի բաց վիրահատությունը մեր երկրում միլիոններ արժի, և, եթե դուք պետական պատվերի շահառու չեք, ստիպված պիտի լինեք այդ րոպեին այդ գումարները վճարել։ Հիմա հետ վերադառնանք՝ ինչպիսի՞ն կլիներ այդ մարդու ուղին այս ապահովագրության շրջանակներում։ Երբ նա այցելեր պոլիկլինիկա կամ ամբուլատորիա, և տարեկան իր հետազոտությունների ժամանակ հայտնաբերվեր, որ ունի զարկերակային բարձր ճնշում, բժիշկը նրան կնշանակեր անհրաժեշտ հետազոտությունները, կնշանակեր դեղերը, խրոնիկ հիվանդություն ունենալու դեպքում այս մարդը կստանար իրեն անհրաժեշտ դեղորայքն ապահովագրության շրջանակներում։ Եթե դա չօգներ և կյանքի ինչ-որ փուլում իսկապես կարիք լիներ սրտի բաց վիրահատություն անելու, դա կլիներ ապահովագրության շրջանակներում, և մարդը չէր կանգնի անտանելի ծախսերի առաջ»,- մանրամասնել է Ավանեսյանը։  Նախարարը կրկնել է, որ առողջության համապարփակ ապահովագրության նպատակն է ապահովել քաղաքացիների հասանելիությունը որակյալ բուժծառայություններին և նպաստել, որ քաղաքացիներն ազատվեն անտանելի ֆինանսական ծախսերից, երբ բուժօգնությունից օգտվելու կարիք կա։ 
11:10 - 26 փետրվարի, 2025
Գիշերը շտապօգնության բժիշկների նկատմամբ բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել. նախարար

Գիշերը շտապօգնության բժիշկների նկատմամբ բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել. նախարար

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է բուժաշխատողի նկատմամբ հերթական բռնության դեպքի մասին և դատապարտել այն: «Իրենց մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպքերը, ցավոք, շարունակվում են: Գիշերը բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել Երևանում՝ շտապօգնության մեր բժիշկների նկատմամբ, ովքեր շտապել են կանչի` անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելու: Օրեր առաջ էլ նմանօրինակ դեպք էր արձանագրվել Շիրակի մարզի շտապօգնության բուժակի նկատմամբ: Խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը: Վստահ եմ, որ այս դեպքերին իրավաչափ գնահատական լինելու է, և այդ հարցում ինքս լինելու եմ հետևողական: Բուժաշխատողների հանդեպ ուժի, բռնության դրսևորումներն իրավահարգության կոպիտ խախտում են, անթույլատրելի վարքագիծ, և այո´, պիտի արժանանան նաև հասարակական պարսավանքի»,- գրել է նախարարը:
10:03 - 25 փետրվարի, 2025
Բժշկական կազմակերպություններն այսուհետ  լիցենզավորվելու են ամեն հինգ տարին մեկ. Ավանեսյան |armenpress.am|

Բժշկական կազմակերպություններն այսուհետ լիցենզավորվելու են ամեն հինգ տարին մեկ. Ավանեսյան |armenpress.am|

armenpress.am: Բժշկական կազմակերպությունների լիցենզավորման ողջ գործընթացի պարբերականության մեջ իրականացվել են փոփոխություններ. փոփոխված օրենքի համաձայն՝ այսուհետ բժշկական կազմակերպությունները լիցենզավորվելու են ամեն հինգ տարին մեկ: Այս մասին հունվարի 14-ի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՝ նշելով, որ սա տալու է հնարավորություն պարբերաբար հավաստիանալու, որ բժշկական կենտրոնը համապատասխանում է նոր պահանջներին:   «Հաջորդ քայլը  լիցենզավորման կանոնների վերանայումն է թե՛ վիրաբուժական, թե՛ ամբուլատոր, թե՛ կոսմետոլոգիական և այլ  ծառայությունների մասով: Այս պահին ամբողջական լիցենզավորման պահանջների վերանայված փաստաթուղթը գտնվում է շրջանառության մեջ, ըստ որի պահանջները խստացվելու են:  Երբ  հայտնաբերվում են խնդիրներ, միանշանակ մեր կողմից կասեցվում  են լիցենզիաները: Վերջերս նույնպես ունեցել ենք կասեցված լիցենզիաներ, որի շրջանակում այդ կազմակերպությունները այլևս չեն կարող իրականացնել իրենց գործունեությունը»,- ասաց Ավանեսյանը: Նախարարն ընդգծեց՝ Հայաստանում կոսմետոլոգիական  և պլաստիկ վիրաբուժական ծառայությունները բավական զարգացած են, դրանք  նաև համարվում են բժշկական տուրիզմի կարևոր ճյուղ, այդ իսկ պատճառով նախարարության առաջնահերթությունների ցանկում են:
14:52 - 14 հունվարի, 2025
Մոր և մանկան  առողջության պահպանման առումով Հայաստանում գրանցվել է  մեծ առաջընթաց. Ավանեսյան |armenpress.am|

Մոր և մանկան առողջության պահպանման առումով Հայաստանում գրանցվել է մեծ առաջընթաց. Ավանեսյան |armenpress.am|

armenpress.am: Մոր և մանկան  առողջության պահպանման առումով Հայաստանում գրանցվել է  մեծ առաջընթաց. թե՛ մայրական, թե՛ մանկական մահացության դեպքեր նվազել են: Այս մասին 2024-ի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտնեց  ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ այս ուղղությամբ 2024 թվականին բավական մեծ աշխատանքներ են իրականցվել:  Նախարարի խոսքով՝ առաջիկայում այս մասով կամփոփվեն և  կներկայացվեն  արդյունքներն ու ձեռքբերումները:  «Երբ այդ թվերը ներկայացվեն, ինքներդ էլ կտեսնեք մոր և մանկան  առողջության պահպանման ուղղությամբ բարելավումները, ինչն ամենակարևոր ձեռքբերումն է:  Ունենք նաև վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների ծրագրի ընդլայնում, ինչի արդյունքում նախորդ տարի  ծնունդների մեծ թիվ ենք գրանցել: Ինչպես նաև երկրորդային անպտղությանն ենք արդեն անդրադառնում, ինչը կարող եմ ասել, որ զարգացած երկրների համար նույնպես համարվում է բավական շռայլ ծրագիր: Մենք հասկանում ենք, որ Հայաստանի դեմոգրաֆիական   խնդիրներին արձագանքելու և ռազմավարության շրջանակներում արդյունքի հասնելու  համար այս ծրագիրը չափազանց կարևոր է»,- ասաց Ավանեսյանը:
12:05 - 14 հունվարի, 2025
2024-ին և այս տարի Հայաստանում մետավիրուսի դեպքեր դեռևս չենք արձանագրել. Ավանեսյան |1lurer.am|

2024-ին և այս տարի Հայաստանում մետավիրուսի դեպքեր դեռևս չենք արձանագրել. Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: 2023 թվականից արդեն իսկ արձանագրել ենք մետավիրուսի հետ կապված խնդիր Հայաստանում: 2024 թվականին դեպքեր չենք ունեցել: 2024 թվականի ընթացքում՝ ձմռանը, և այս տարի դեռևս չենք արձանագրել դեպքեր Հայաստանում: 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Օպերացիոն կառավարման հանձնախումբն իրականացնում է ամենօրյա մոնիտորինգ, թե ինչ իրավիճակ է Հայաստանում, տարածման ինչպիսի ռիսկեր ունենք Հայաստանում, բայց ընդհանուր առմամբ այս պահին թե՛ սուր շնչառական վարակների առումով, թե՛ քովիդի, գրիպի առումով ունենք միջին իրավիճակ. այս պահին որևէ անհանգստացնող խնդիր չունենք: Բայց պետք է հասկանանք, որ ընդհանուր առմամբ սեզոնային ակտիվությունը՝ ռիսկը ավելանալու [վտանգ] կա, և պետք է ուշադիր կերպով բոլոր հարցերին արձագանքենք»,- ասաց նախարարը:
11:37 - 14 հունվարի, 2025