Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր, ձեռք են բերվել պայմանավորվածություններ
Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության հրավերով՝ ՀՀ ՊՆ պատվիրակությունը պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ հոկտեմբերի 15-18-ը մասնակցել է Պրահայում տեղի ունեցած Future Forces Forum 2024 միջազգային ցուցահանդեսին:
Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, միջոցառման շրջանակում պաշտոնական հանդիպումներ են տեղի ունեցել Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության արդյունաբերական համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Ռադկա Կոնդերլովայի և չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:
Ցուցահանդեսին մասնակցության շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել նաև միջոցառմանը մասնակցող այլ գործընկեր երկրների ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ:
12:39 - 21 հոկտեմբերի, 2024