Սերժ Սարգսյանի եղբայրը, գործարար, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր։
Ծնվել է 1956 թվականի հունվարի 10-ին։ 1974 - 1976 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1976 - 1990 թվականներին եղել է «Պազիկ» մակնիշի ավտոբուսի վարորդ։
1982 - 1987 թվականներին սովորել է Երևանի Ա. Թամանյանի անվան շինարարական տեխնիկումում։ 1987 թվականին ստացել է գազային տնտեսատեխնիկի որակավորում։ 1996 - 1998 թվականներին եղել է Երևանի «Սիրիուս» գործարանի փոխտնօրենը։ 1999 - 2003 թվականներին եղել է Երևանի «Ավտոգազ» ընկերության Ջրվեժի ԱԳԼՃԿ-ի ղեկավար։
2003 - 2007 թվականներին ՀՀԿ համամասնական ընտրակարգով եղել է Ազգային ժողովի պատգամավոր, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2007 - 2011 թվականներին մեծամասնական ընտրակարգով եղել է Ազգային ժողովի պատգամավոր։
2018 թվականին տեղի ունեցած համաժողովրդական իրադարձություններից հետո Ալեքսանդր Սարգսյանը և իր ընտանիքը հայտնվեցին օրինապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Հունիսի 25-ին ապօրինի զենք կրելու կասկածանքով ոստիկանությունը բերման ենթարկեց նրան։ Հուլիսի 5-ին քրեական գործի շրջանակներում բերման ենթարկվեցին Ալեքսանդր Սարգսյանը և իր որդին՝ Հայկ Սարգսյանը։ Նույն օրը հետախուզում հայտարարվեց մյուս որդու՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ։