ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Ավարտվել է լրացուցիչ փուլով թափուր տեղերի մրցույթը, բուհ ընդունվել է 472 դիմորդ, չի ընդունվել 49 դիմորդ․ Արայիկ Հարությունյան

Ավարտվել է լրացուցիչ փուլով թափուր տեղերի մրցույթը, բուհ ընդունվել է 472 դիմորդ, չի ընդունվել 49 դիմորդ․ Արայիկ Հարությունյան

ԳԹԿ-ից ստացված տվյալների համաձայն՝ 2020 թ․ ընդունելության միասնական քննություններին հայտագրվել է 11979 դիմորդ, միասնական քննություններին մասնակցել է 11648 դիմորդ, դրական գնահատական ստացել է 9372 դիմորդ (ներառված չեն ռազմական և գերատեսչական բուհերի ուսանողները), որից բուհեր հիմնական փուլով ընդունվել է 8706 դիմորդ: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութի միջոցով հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Նախարարը նշեց, որ երեկ ավարտվել է լրացուցիչ փուլով թափուր տեղերի մրցույթը, մրցույթի արդյունքով բուհ ընդունվել է 472 դիմորդ, չի ընդունվել 49 դիմորդ։ «Ստացվում է, որ շուրջ 12 հազար դիմորդից դրական գնահատական ստացած և բուհ չընդունված դիմորդների թիվը 223 է։ Նրանք հնարավորություն ունեն սեպտեմբերին՝ հեռակա ուսուցման ընդունելության ժամանակ, պահպանելով իրենց գնահատականները, դիմել բուհեր, և այն համակարգը, որ մշակում ենք, շատ քիչ հնարավորություն է տալիս, որ նրանք կարող են չընդունվել»,- նշեց նախարարը։ Արայիկ Հարությունյանն անդրադարձավ նաև այն դիմորդներին, որոնք գերազանց գնահատական են ստացել, բայց որևէ բուհ չեն ընդունվել։ «Այս տարի միասնական քննության արդյունքում գերազանց (18 և ավելի միավոր) գնահատական ստացած, բայց բուհ չընդունված 6 դիմորդի առաջարկվել են իրենց դիմում-հայտերի հաջորդ կրթական ծրագրերին համպատասխան լուծումներ, և 6-ից արձագանքել է 4 դիմորդ․ այդ 4 դիմորդն արդեն, ըստ էության, ուսանող է»,- հայտնեց նախարարը։   Մանրամասները՝ տեսանյութում։  
19:28 - 26 հուլիսի, 2020
Չորեքշաբթի դիմորդների ընդունման նոր կարգի վերաբերյալ կառավարության որոշումը կվիճարկենք Վարչական դատարանում՝ հատուկ վարույթի կարգով, կդիմենք նաև ՍԴ և ՄԻԵԴ․ փաստաբան |tert.am|

Չորեքշաբթի դիմորդների ընդունման նոր կարգի վերաբերյալ կառավարության որոշումը կվիճարկենք Վարչական դատարանում՝ հատուկ վարույթի կարգով, կդիմենք նաև ՍԴ և ՄԻԵԴ․ փաստաբան |tert.am|

tert.am: Նորմատիվ իրավական ակտ է ընդունվել, որը պատշաճ չի ծանուցվել: Եթե ընդունենք, որ մայիս 25-ին է որոշումը ընդունվել, ուրեմն առնվազն մայիս 26-ին է փաստաթուղթն ուժի մեջ մտել, ինչը նշանակում է, որը այն հետադարձության հետ կապված որոշակի խնդիրներ ունի։ Այս մասին այսօր բուհ չընդունված դիմորդների ասուլիսի ժամանակ նշեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ անդրադառնալով Կառավարության որոշմանը, համաձայն որի՝ 59-րդ կետով դիմորդների հայտ ներկայացնելու հետ կապված փոփոխություն է կատարվել, որի մասին դիմորդները բավարար իրազեկված չեն եղել: «Չեմ կարող ասել՝ Կառավարության որոշումն իրավական անգրագիտության, թե մշակված քաղաքականության արդյունք է, սակայն հակասում է մի շարք օրենքների: Այն, ինչ ընդունել է Կառավարութունը, ստեղծում է հակասահմանադրական իրավիճակներ, մենք սահմանել ենք հակաքայլեր: Կառավարության որոշումը, որով ընդունելության նոր կարգ է սահմանվել, մենք չորեքշաբթի կվիճարկենք Վարչական դատարանում՝ հատուկ վարույթի կարգով: Քննարկում ենք և արդեն ունենք հստակ դիրքորոշում, որ մյուս շաբաթվա մեջ կդիմենք Սահմանադրական Դատարան և ՄԻԵԴ: Մասնագետներ կան, որ մեր քայլերը  չեն ընդունում, սակայն ակնհայտ է՝ մենք չունենք ՍԴ, ՄԻԵԴ դիմելու կանոնների սպառման խնդիր, այսինքն ներպետական ատյաններով անցնելու խնդիր չունենք, քանի որ և՛ Եվրոպական դատարանի, և՛ ՍԴ պրակտիկայի համատեքստում, մի դեպքում սահմանադրականության, մյուս դեպքում՝ Եվրոպական կոնվենցիայով իրավունքների խախտումը ներպետական ատյաններում սպառելու ոչ արդյունավետ միջոցներ են»,- նշեց փաստաբանը: Ալեքսանդր Կոչուբաևը նշեց նաև, որ որպես վերջին տարբերակ Վարչական դատարան կդիմեն՝ կրկին վիճարկելու Կառավարության որոշումը։ Ավելին՝ tert.am-ում
16:52 - 25 հուլիսի, 2020
Կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում հայ-գերմանական ծրագրերը զարգացման մեծ ներուժ ունեն

Կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում հայ-գերմանական ծրագրերը զարգացման մեծ ներուժ ունեն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով հյուրերին՝ նախարարն ասել է, որ կորոնավիրուսի հետևանքները մեծ ազդեցություն են թողել կրթության և գիտության ոլորտների վրա՝ առաջացնելով հեռավար ծրագրեր իրականացնելու անհրաժեշտություն, բայց ստեղծված իրավիճակից առավել շատ տուժել են մշակույթի և սպորտի ոլորտները:  Հարությունյանի գնահատմամբ՝ գերմանական կողմի հետ բոլոր ոլորտներում համագործակցությունը բարձր մակարդակի վրա է: Նախարարը դեսպանին տեղեկացրել է, որ հայ-ադրբեջանական սահմանում վերջին շրջանի լարվածության պայմաններում թիրախավորվել են քաղաքացիական հաստատությունները: «Անթույլատրելի է, որ Ադրբեջանը հրետակոծել է անգամ կրթական կառույցները՝ դպրոցներն ու մանկապարտեզները»,-ընդգծել է նախարարը՝ հույս հայտնելով, որ գործընկերները նույնպես համարժեք կարձագանքեն կատարվածին: Դեսպան Բանցհաֆի խոսքով՝ ԵԱՀԿ-ն, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը տվել են համապատասխան գնահատական՝ արձանագրելով, որ միայն բանակցային խաղաղ ճանապարհով է հնարավոր հասնել կարգավորման: Անդրադառնալով համատեղ կրթական ծրագրերին՝ կողմերը համակարծիք են եղել, որ առաջիկայում նախատեսվող Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) տեղեկատվական կենտրոնի Երևանյան գրասենյակի տեղափոխումը Թբիլիսի բացասաբար կանդրադառնա այդ կազմակերպության՝ Հայաստանում իրականացվող նախագծերի արդյունավետության վրա: Դեսպանը հայտնել է, որ այսօր կազմակերպությունը վերակազմակերպման փուլում է, այս պահին ունի 18 գրասենյակ և 53 տեղեկատվական կենտրոն, և ինքը դիմել է Թբիլիսիի կենտրոն՝ տեղեկանալու, թե որքանով է հնարավոր կենտրոն չունենալու պարագայում նույն արդյունավետությամբ ծրագրեր իրականացնել Հայաստանում: Նախարարը բարձր է գնահատել մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև հայ-գերմանական համագործակցությունը գիտության բնագավառում: Կարևորվել են նաև ուսուցիչների վերապատրաստման ծրագրերը և հանրակրթության ոլորտում հայ–գերմանական համագործակցությունը, որն իրականացվում է հիմնականում Սաքսոնի-Անհալթ դաշնային երկրամասի հետ համագործակցության շրջանակում: Կողմերը մեծապես կարևորել են նաև Երևանում գերմաներենի ուսուցման Գյոթեի անվան ինստիտուտի գործընկեր կենտրոնի գործունեության ընդլայնման ուղղությամբ այս պահին տարվող հայ-գերմանական համատեղ ջանքերը։ Նախարարն արձանագրել է, որ այս տարվա բյուջեով առաջին անգամ միջոցներ են տրամադրվելու Հալլեի «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնին և Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարանի ինստիտուտին, և եկող տարի ֆինանսավորումը շարունակվելու է:Խոսելով մշակութային ծրագրերի մասին՝ կողմերը վերահաստատել են, որ աշնանը նախատեսված Բեթհովենի 250-ամյակին նվիրված միջոցառումները չեն չեղարկվում, այլ հետաձգվում են և ավելի ուշ կիրականացվեն բարձր մակարդակով: Հարությունյանը նաև իրազեկել է, որ նախատեսվում է վերանորոգել Դիլիջանի կոմպոզիտորների տան Բեթհովենի սրահը: Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո նախատեսվում է նաև Մյունխենի ֆիլհարմոնիայի համերգը Երևանում, ինչպես նաև «Գեղարդ» երգչախմբի ելույթը Նաումբուրգում: Կողմերը կարևորել են ինչպես Երևան և Լայպցիգ, Գյումրի և Հալլե, այնպես և Արարատ և Նաումբուրգ քաղաքների միջև համագործակցության ծրագրերի իրականացումը:
12:00 - 25 հուլիսի, 2020
Հասկացանք՝ հանրությունը պատրաստ չէ, վերանայում ենք, շատ բան կփոփոխվի․ Գրականություն առարկայի փորձագիտական խմբի ղեկավար |armtimes.com|

Հասկացանք՝ հանրությունը պատրաստ չէ, վերանայում ենք, շատ բան կփոփոխվի․ Գրականություն առարկայի փորձագիտական խմբի ղեկավար |armtimes.com|

armtimes.com: ԿԳՄՍ նախարարության կողմից երկար սպասված Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների եւ օրինակելի ծրագրերի նախագծի հրապարակումից անմիջապես հետո սկսվեց հանրային բուռն քննարկում․ քննադատությունների թիրախում է հատկապես Գրականություն առարկայի նախագիծը։ Հարցազրույց այս առարկայի փորձագիտական խմբի ղեկավար Թամար Ալեքսանյանի հետ։ Տիկի՛ն Ալեքսանյան, առաջին հարցը, որ հնչեցնում են մասնագետներն ու հանրությունը․ ինչո՞ւ է Հայ գրականությունը դարձել ուղղակի Գրականություն։ Հայ գրականությունը համաշխարհային գրականության մասն է, մի շատ կարեւոր մասը, եւ մենք նախատեսել ենք նաեւ համաշխարհային գրականության մեծություններին: Իսկ ո՞նց անենք. Շեքսպիրին ո՞նց դնենք Հայ գրականության տակ։ Գրականությունն ավելի ընդարձակ է եւ հնարավորություն է տալիս ուսուցչին ազատ լինել։ Մենք այստեղ նաեւ շեշտադրում ենք ուսուցչի ազատությունը, որ ինքը, իր սովորողների տարիքային առանձնահատկություններով առաջնորդվելով, ընտրի գործեր եւ դրանք ուսումնասիրի իր աշակերտների հետ միասին։ Անշո՛ւշտ, համաշխարհային գրականությունը գոհարներ ունի, որ լավ կլիներ՝ ամեն ոք իմանար, սակայն հիմա դա, փաստորեն, արվում է հայ հեղինակների գործերի հաշվին: Դիտարկվե՞լ է համաշխարհային գրականությունն առանձին անցնելու հնարավորությունը, ինչպես, օրինակ, համաշխարհային պատմությունն է առանձին առարկա։ Ճիշտն ասած՝ չի դիտարկվել, քանի որ մենք կունենայինք ժամի խնդիր։ Այստեղ ուսուցչին առաջարկվում է ընտրել, օրինակ, «Քաջ Նազար», «Հին աստվածներ» կամ «Արա Գեղեցիկ» ստեղծագործությունների միջեւ, ինչպե՞ս է կայացվել նման ընտրության առաջ ուսուցչին կանգնեցնելու որոշում․ եթե լիներ մեկ հեղինակից երեք սիրերգ, ուսուցիչը կընտրեր մեկը, երեխան կստանար սիրերգի մասին պատկերացում այդ ստեղծագործության միջոցով, բայց հիմա առաջարկվում են այսքան տարբեր հեղինակներ, ոճեր։ Դա հիմա վերանայվում է։ Այս առումով բավական շատ դիտարկումներ եղան, եւ մենք հասկացանք, որ մեր հանրությունը դրան պատրաստ չէ, հատկապես՝ ուսուցչությունը։ Մենք մի քիչ փոխել ենք մեր մոտեցումը առաջարկությունների եւ դիտարկումների հիման վրա։ Բայց ասեմ՝ այստեղ կարեւորը հեղինակը չէ, այլ ստեղծագործությունը, եւ այն, թե ինչ է տալիս այդ ստեղծագործությունը սովորողին, ինչ է սովորեցնում, ինչ է դաստիարակում։ Մենք գնացել ենք սրա՛ հետեւից եւ ոչ թե հեղինակի։ Իսկ նշված բոլոր ստեղծագործությունները մտնում են դրամատիկական սեռի մեջ, այսինքն՝ այս դեպքում դիտարկում ենք կատակերգությունը, դիցապատմական ողբերգությունը եւ դրաման այս սեռի մեջ, բայց կրկնեմ, որ մոտեցումը փոխվում է, եւ ուսուցչի ընտրությունը մի քիչ այլ ձեւով է տրվելու։ Սա դեռ խիստ սեւագիր տարբերակ է։ Ի՞նչ կդառնա սա՝ հենց այս օրինակը փոփոխություններից հետո։ Խումբը դեռ աշխատում է, չեմ կարող ասել։ Հին եւ միջնադարյան հեղինակները նախագծում չեն երեւում, բայց նշում եք, որ կան: Որտե՞ղ են։ Դրանք կան ծրագրում, մենք դրանք տվել էինք զուգորդումներով։ Մեսրոպ Մաշտոցը գալիս է առաջին դասարանից, 5-6-րդ դասարաններում մենք ունենք առասպելներ, վիպերգեր, բայց դրանք որտեղի՞ց պիտի վերցնեինք, պիտի վերցնեինք Ագաթանգեղոսից։ Այո՛, անունները չէինք նշել, հիմա կնշենք։ Զուգորդումների մոտեցումը եւս վերանայվում է։ Ես ցավով պիտի նշեմ, որ մենք բավական հետ ենք մնացել համաշխարհային գեղագիտական մտածողությունից։ Դրանք կան։ Դուք պատկերացնո՞ւմ եք առանց Խորենացու գրականություն։ Ես նախագիծը կարդացել եմ, այնտեղ չեմ հանդիպել։ Եթե գրել ենք առասպելներ, էլ ումի՞ց պիտի վերցնենք, եթե ոչ Խորենացուց։ Ուղղակի անուններ չէինք գրել, հիմա լրացնում ենք։ Հիմա ես հերթով պիտի ճշտեմ՝ Ներսես Շնորհալին, Գրիգոր Նարեկացին կա՞ն, ինչպե՞ս համոզվենք։ Այո՛, կան, եւ շուտով մեր խմբից Գայանե Մկրտչյանն ուսուցիչներին ցույց է տալու, թե ինչպես կարելի է ուսումնասիրել Նարեկացի։ Եթե դասաժամ հատկացված չէ Նարեկացի ներկայացնելուն, ե՞րբ է ուսուցիչը դա անելու։ Նայեցեք, տրված է ուսուցչին ժամանակ։ Օրինակ՝ մենք նախատեսել էինք, որ Եղիշե Չարենցի «Տաղարան»-ի հետ ուսումնասիրում ենք Սայաթ Նովա․ ժամաքանակաները դեռեւս բաշխված չեն, դրանք էլ դեռ պիտի ճշտվեն։ Այստեղ զուգահեռներ են տարվում եւ համեմատվում տեքստերը եւ բնագրերը, եւ երեխան ուսումնասիրում ու տեսնում է՝ տես, Չարենցը դիմում է Սայաթ Նովային, ինչո՞ւ է դիմում, ի՞նչ նպատակով, ինչպե՞ս են Սայաթ Նովայի գաղափարները տեղ գտել Չարենցի մոտ, բայց, ցավոք, հասկացանք, որ երեւի թե մի քիչ շտապել ենք։ Պիտի նախ բեռնաթափելու ճանապարհով գնանք։   Նշվել էր, որ միջնադարյան պատմիչներին պետք է աշակերտն ուսումնասիրի Հայոց պատմություն առարկայի շրջանակում։ Սա չի՞ նշանակում, որ պատմիչները կուսումնասիրվեն պատմական առումով, բայց՝ ոչ գրական-գեղարվեստական, ինչը պիտի լիներ գրականության դասաժամին․ Բուզանդի, Խորենացու, մյուսների տարբերություններն աշակերտն այլեւս չի տեսնի։ Համաձայն եմ։ Բայց եթե այդ մարդկանց մենք գրաբարից ենք արեւելահայերեն վերարտադրել, մենք երաշխիք ունե՞նք, որ նրանց խոսքն այնքան ամբողջական է, որ կարող է երեխային հետաքրքրել։ Բացի դրանից, ասեմ, որ նրանցից դրվում են մշակումներով։ Շատ մարդիկ կան, որ մշակել են նրանց գրվածքները։ Հիմա էլ այդ սիրուն հատվածները լինելու են՝ Բուզանդի՝ «Արշակ եւ Շապուհ»-ը, Ագաթանգեղոսի՝ կույսերի մասին սիրուն պատմությունները։ Դրանք լինելու են 6-րդ դասարանում, դրանք դրված են արդեն «Առասպալներ-վիպերգեր» բաժնում, ուղղակի անունները չէինք նշել, հիմա նշելու ենք։ Իսկ 9-րդ դասարանը սկսվում է գրերի գյուտով, պատմագրությամբ, Մովսես Խորենցի, եւ նրանցից անցում է կատարվում մեր էպոսին։ Եվ ամբողջ մի կիսամյակ ուսումնասիրում են «Սասունցի Դավիթ» դյուցազներգությունը, ընդ որում, շատ հետաքրքիր զուգորդումով։ Պետք է նաեւ կարդանք եւ համեմատենք կին ասացողների տարբերակները․ նույնը ինչպես է պատմում տղամարդը եւ ինչպես՝ կինը։ Եվ պիտի նշեմ, մեր ամբողջ աշխատանքի մեխը աշակերտի ինքնուրույն աշխատանքն է, հետազոտական գործունեություն ծավալելը եւ ուսուցչի ազատությունն է, որ նա ազատ լինի աշխատելու իր աշակերտների հետ։ Եվ վերջնարդյունքներով հստակ սահմանել ենք՝ ինչ ենք ուզում նրանցից, ուզում ենք, որ աշակերտը հաղորդակցվի բանավոր-գրավոր, որ քերականական համակարգը վերցնի այնքանով, ինչքանով իրեն պետք է՝ գործնականացված, ընթերցանություն եւ գրականություն՝ տեքստի վրա աշխատանք, ոչ թե շնչակտուր հեղինակ անցնել։ Այդ ամենն իրականացնելու համար ունե՞նք պատրաստված ուսուցիչներ։ Ունենք շատ լավ ուսուցիչներ։ Դրանց շարքերը համալրվում են։ Մենք անընդմեջ սեմինարներ ու վեբինարներ ենք վարում, ուսուցիչներն էլ մասնակցում են մեծ ոգեւորությամբ։ Եթե «Զում»-ի հարթակը հնարավորություն է տալիս հարյուր հոգու հետ աշխատել, բազմաթիվ բողոքներ ենք ստանում, թե ինչու իրենց տեղ չենք տալիս։ Եվ ես գիտեմ, որ ուսուցիչը կգա դրան, ուղղակի ժամանակ է պետք։ Պետք չէ ուսուցչին նեղել։ Հիմա այս բոլոր քննադատությունները ուղղված են ուսուցչին, թե՝ դու անգրագետ ես։ Ոնց կլինի. ուսուցիչը որոշել է ծրագիր գրել։ Անկեղծ ասած՝ ինձ հանդիպած քննադատությունները, ընդհակառակը, պնդում են, որ գործնականում աշխատող ուսուցչի դիտարկումները չկան այս նախագծում։ Ո՛չ, մեր խմբի վեց անդամից հինգս դպրոցի գործող ուսուցիչներ ենք, միայն Գրիգն է, որ գրականագետ-գրող է։ Եվ մրցույթը հայտարարված էր, բաց էր։ Թող դիմեին։ Իրենք չեն դիմել, ո՞վ է մեղավոր։ Տիկի՛ն Ալեքսանյան, մեղադրանքների մեջ մեծ դեր ունեն դիտարկումները, որ ընտրված գրական գործերի մեջ շատ են էրոտիկ բնույթի գործերը՝ Պրոսպեր Մերիմեի «Կարմեն»-ը, Արմեն Օհանյանի «Կիկոսի վերադարձը» ժողովածուն։ Ըստ Ձեզ՝ այս հեղինակների այս ստեղծագործությունների ընդգրկումը դպրոցական ծրագրում ճի՞շտ որոշում է։ Մենք շատ զգույշ, նուրբ ընտրություն ենք անում։ Դա ինչ-որ մեկի պատահական դիտավորյալ չարությամբ տեղադրված հատվածն է։ Մենք շատ ուշադիր, տարիքային առանձնահատկություններից ելնելով ենք որոշումներ կայացնում։ Ես ինքս դեմ եմ երեխային ժամանակից շուտ տալ հասկացություններ, որ իրեն դեռ հարիր չեն։ Այսինքն՝ չի՞ լինելու «Կիկոսի վերադարձ»-ը։ Լինելու է անմեղ բան։ Ո՞ր պատմվածքն է այնտեղ դպրոցական․ հենց առաջին պատմվածքում երկրաչափության դասին գլխավոր հերոս եռանկյունը սեռական օրգանների սիմվոլիզմով է ներկայացվում, դասի վերջում էլ «աշակերտի վարդագույն լեզուն լպստում է» այն գրատախտակից։ Չէ՛, չէ՛, հանգստացեք։ Ոչ մի այդպիսի բան չի գնա։ Մենք բոլորս ուսուցիչներ ենք եւ շատ լավ գիտենք՝ ինչ է աշակերտին պետք տալ։ Դա փաստացի նախագծում կա։ Կրկնում եմ՝ դա սեւագիր տարբերակն է։ Մենք հո դա միանգամից չե՞նք իջեցրել դպրոց։ Մենք խնդրել ենք հանրության օգնությունը։ Եթե պիտի հանրությունը մեզ խանգարեր, ոչ թե օգներ․․․ Իհարկե, փառք ու պատիվ մի խումբ ընտրյալ մասնագետների, որ ոչ թե հրապարակային գրեցին, այլ գրեցին մեզ անձնական նամակներով ու հիանալի դիտարկումներ արեցին։ Եվ մենք դրանք հաշվի ենք առնում։ Դպրոց չի գնա այնպիսի ստեղծագործություն, որ լինի հակադաստիարակչական։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
16:50 - 24 հուլիսի, 2020
Ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը ուսումնական ծրագրում ներառված է․ ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը

Ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը ուսումնական ծրագրում ներառված է․ ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը

Հանրակրթության «Հայոց լեզու և գրականություն» առարկաների չափորոշիչ և ծրագրեր մշակող աշխատանքային խումբը տեղեկացնում է, որ Ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը ուսումնական ծրագրում ներառված է․ Մասնավորապես՝ սկսած 5-րդ դասարանից՝ աշակերտները կուսումնասիրեն պատմիչներ Մովսես Խորենացու, Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Եղիշեի, Ղազար Փարպեցու, ինչպես նաև առակագիրների գործերը: Ծրագրում ներառված են նաև միջնադարյան հեղինակներ Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Նահապետ Քուչակը, Սայաթ-Նովան։ Խումբը շարունակում է աշխատել և լրամշակել ծրագիրը՝ քննարկելով հանրության բոլոր առաջարկությունները և դիտարկումները: Գրականության ամբողջական ցանկը կներկայացվի հանրային քննարկումների արդյունքում լրամշակումներից հետո։
13:55 - 24 հուլիսի, 2020
Բուհ չընդունված դիմորդների ծնողներին փոխնախարարը խոստացել է որոշ հարցեր պարզել եւ վաղը խնդրին որոշակի լուծումներ տալ |news.am|

Բուհ չընդունված դիմորդների ծնողներին փոխնախարարը խոստացել է որոշ հարցեր պարզել եւ վաղը խնդրին որոշակի լուծումներ տալ |news.am|

news.am: Մենք փոխնախարարի հետ  լիարժեք քննարկեցինք այս հարցը, նա նշեց, որ բաներ կան, որ պետք է ԳԹԿ-ից ստանա, ապա խոստացավ՝ վաղը ինձ տեղյակ պահել, քննարկման մասին: Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ին, ասաց բուհ չընդունված դիմորդների ծնողներից մեկն, ով գնացել էր նամակ փոխանցելու ԿԳՄՍ փոխնախարարին: «Կհանդիպենք, կփորձենք եզրեր գտնել, որ  հարցին լուծում տրվի»,-ասաց նա: Դիմորդի ծնողը նշեց, որ այս պահին խնդրին հստակ լուծում տալու մասով ոչինչ ասել չի կարող փոխնախարարը, բայց  նա խոստացել է որոշակի լուծումներ տալ: «Հնարավոր է նա ուրիշ տարբերակներ առաջարկի, վաղը պարզ կլինի»,-ասաց դիմորդի ծնողն ու հավելեց, որ ինչ առաջարկ էլ լինի, նա նյուս  ծնողների եւ դիմորդների հետ կքննարկի, եթե ձեռնտու տարբերակ լինի՝ կհամարեն  հարցի լուծում: «Իմ եւ պարոն Թամրազյանի կողմից շատ մանրամասնորեն քննարկվել է ցանկացած խնդիր, եղել են առաջարկներ, որոնք իմ կողմից չի ընդունվել, քանի որ մենք դրա համար չենք եկել այստեղ, բայց փոխնախարարը կառուցողական մոտեցավ այս խնդրին եւ խոստացավ՝ վաղը տեղյակ պահել հանդիպման մասին: Այժմ գնում ենք հանդիպելու մի քանի պատգամանորների հետ՝ մի քանի հարց քննարկելու տվյալ թեմայով: Լինի ԲՀԿ-ից, «Իմ քայլից», թե «Լուսավոր Հայաստանից», մեզ համար կապ չունի, մենք բոլորս ընդունում ենք մեր աջակիցներին»,- ասաց դիմորդի ծնողը:
17:14 - 23 հուլիսի, 2020
Կրթության նախարարն իր գործառույթներին չի տիրապետում և օր առաջ պետք է հեռանա. ՀՅԴ երիտասարդական միության անդամները Կառավարության դիմաց են՝ ի աջակցություն չընդունված դիմորդների |tert.am|

Կրթության նախարարն իր գործառույթներին չի տիրապետում և օր առաջ պետք է հեռանա. ՀՅԴ երիտասարդական միության անդամները Կառավարության դիմաց են՝ ի աջակցություն չընդունված դիմորդների |tert.am|

tert.am: Նախարարությունը պարտավոր էր տեղյակ պահեր և պատշաճ ներկայացներ փոփոխությունը, մենք այստեղ ենք, որ աջակցենք դիմորդներին: Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ կարևորագույն ոլորտը չունի համապատասխան ղեկավար և կառավարում, նրանց բացթողման արդյունքում դիմորդները չեն իմացել կարգի փոփոխության մասին. Կառավարության դիմաց բուհ չընդունված դիմորդների և ծնողների ակցիայի ժամանակ նշեց ՀՅԴ երիտասարդական միության անդամ Գոռ Սարգսյանը: ՀՅԴ երիտասարդական միության անդամները միացել են ի աջակցություն դիմորդների: «ԿԳՄՍ նախարարությունը պետք է այնպես աշխատեր, որ այս հարցը չառաջանար, և նոր կյանք մտնող դիմորդները փողոցում չպայքարեին: Մեր համար անակնկալ չէ այս ոլորտի խնդիրները: Մենք ամիսներ առաջ էինք բարձրաձայնում, որ նախարարը իր պաշտոնին չի տիրապետում և օր առաջ պետք է հեռանա: Եվ այս իրադարձությունը փաստում է, որ նախարար չունենք, ունենք մարդ, որ չի տիրապետում իր ոլորտին և փոխնախարարը դա երեկ փաստեց, ասելով, որ 13000 մարդու չէին կարող տեղյալ պահել, բայց իրենք պարտավոր էին տեղյակ պահել, որ դիմորդներն իմանային օրենքի ինչ փոփոխություն է տեղի ունեցել»,-ասաց Գոռ Սարգսյանը: Ոստիկանությունը, ՀՅԴ երիտասարդական միության անդամներից պահանջեց հեռանալ Կառավարության դիմացից, քանի որ չեն հանդիսանում ծնող կամ դիմորդ, սակայն միության անդամները շարունակեցին մնալ Կառավարության դիմաց: Առավել մանրամասն՝ tert.am-ում
13:50 - 23 հուլիսի, 2020
Սովորելու իրավունքը քաղաքացու սահմանադրական իրավունքներից է և այն չի կարող խախտվել |lragir.am|

Սովորելու իրավունքը քաղաքացու սահմանադրական իրավունքներից է և այն չի կարող խախտվել |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ։ Տիկին Ստեփանյան, երեկ ԱԺ պատգամավորները քննարկում կազմակերպեցին դիմորդների բողոքների հետ կապված, որին ներկա էին ԿԳՄՍՆ, կրթության տեսչության ներկայացուցիչները: Որքան հայտնի է՝ շատ բուռն քննարկում է եղել: Կասե՞ք՝ ինչ է տեղի ունեցել: Այո, երեկ ԱԺ-ում տեղի ունեցավ մեծ քննարկում ընդունելության քննությունների կազմակերպման, անցկացման և դրանց արդյունքների ամփոփման գործընթացում պատասխանատու բոլոր պատասխանատու օղակների մասնակցությամբ: Այն ավելի շուտ բովանդակային էր, քան թեժ: Գաղտնիք չէ, որ այս տարվա ընդունելության քննություններից որոշակի դժգոհություններ և անհամաձայնություններ կան դիմորդների ու նրանց ծնողների շրջանում: Գրեթե բոլոր պատգամավորներին այս կամ խնդրով դիմել էին դիմորդները՝ բարձրացնելով իրենց խնդիրը: Յուրաքանչյուր անհամաձայնություն հայտնող դիմորդի խնդիր խիստ անհատական է, բայց բոլոր դժգոհություններն ունեն մեկ ընդհանրություն. բարձր միավորով առաջին հայտով նախընտրելի ֆակուլտետ չեն ընդունվել: Այս և այլ կարևոր հարցերի շուրջ է անցկացվել քննարկումը, մասնավորապես՝ ինչու է այսօր առկա այս իրավիճակը, երբ է փոխվել ընդունելության կարգի ընդհանուր փիլիսոփայությունը, որքանով է այն հանրայնացվել և կոմունիկացվել շահառուների հետ, ինչն է հաշվի առնվել միավորից բացի ընդունելության ընթացքում և ամենակարևորը, ինչ ենք առաջարկում այն 739 դիմորդին, ովքեր բարձր միավորներով, այնուամենայնիվ, մրցույթից դուրս են մնացել: Այն, որ ընդունելության կարգի փոփոխությունը և որոշ դրույթների շեշտադրումը կոմունիկացիայի լրացուցիչ կարիք են ունեցել, փաստ է: Ըստ այդմ, այս տարի առաջնահերթությունը տրվել է առաջին հայտով նախընտրած մասնագիտությանը, կարևորվել է մասնագիտական կողմնորոշումը: Այսինքն՝ տարբեր ֆակուլետներ դիմած դիմորդներն իրար հետ «մրցել են» ոչ թե ընդհանուր հանդիսացող քննական առարկայից ստացած միավորով, այլ միևնույն մասնագիտական կողմնորոշում ունեցող դիմորդներն են միմյանց հետ «մրցել»  պետպատվերի կամ վճարովի համակարգում սովորելու համար: Հատկանշական է, որ էլեկտրոնային հայտը լրացնելու ընթացքում քայլերից մեկը հենց այս փոփոխությանն է վերաբերել, որ դիմորդը ծանոթանա ու իրազեկվի: Սակայն դիմորդների մեծ մասը հավանաբար չի կարդացել և սեղմելով կոճակը, թե «ծանոթացա», անցել է մյուս քայլին: Եթե ամփոփեմ, ապա այսօրվա քննարկման առանցքային հարցը մեկն է եղել՝ ինչ ենք առաջարկում դիմորդներին: Ընդհանրապես ինչպիսի՞ լուծում եք դուք տեսնում, ի՞նչ առաջարկներով եք հանդես եկել և ի՞նչ հիմնավորումներ էր ներկայացնում նախարարությունը: Մեր առաջարկը, որ բոլորին հնարավորություն տրվի ընդունվել համապատասխան ֆակուլտետներ, թեկուզ վճարովի հիմունքներով, իրականում ցանկալիի դաշտից է, սակայն անիրական: Ինչպես նշեցին ոլորտի պատասխանատուները, դա տեխնիկապես անհնար է՝ սկսած բուհերի ռեսուրսներից մինչև կրթության որակի ապահովում: Սակայն նշեմ, որ որոշ ֆակուլտետներում իջեցվել է լրացուցիչ մոտ 15-ական տեղ: Այսինքն, մեր առաջարկը նախարարությունը մասնակի, բայց բավարարել է՝ դարձյալ հաշվի առնելով դիմորդի մասնագիտական կողմնորոշումն ու բարձր միավորը: Խնդրի լուծման հետ կապված խոսեմ թվերով. ՀՀ-ում գործող բուհերում այս պահին կա մոտ 11 հազար թափուր տեղ: Մյուս կողմից, ունենք 739 դիմորդ, ովքեր ստացել են բարձր միավորներ, բայց չեն ընդունվել իրենց կողմից նախընտրելի բուհ: Կոնսենսուսը պետք է փնտրել և գտնել այստեղ՝ ԳԹԿ-ի կողմից պատշաճ իրազեկում և անհատական աշխատանքի կազմակերպում յուրաքանչյուրի հետ: Այսօրվա քննարկման վերջում 739 դիմորդներից 500-ից ավելին դիմել էին որոշ մասնագիտությունների գծով թափուր տեղերը լրացնելու համար: Սա ես համարում եմ խնդրի ոչ ամբողջական, բայց, այնուամենայնիվ, լուծում: Ինչու ոչ ամբողջական, քանի որ մեզ համար կարևոր է անգամ մեկ դիմորդի ուսումնառության և կրթության հարցը: Այսօր մեծ են հնարավորությունները բուհից բուհ կամ ֆակուլտետից ֆակուլտետ տեղափոխվելու համար: Գործում է նաև հեռակա ուսուցման համակարգը, որը նույնպես առկա համակարգ տեղափոխվելու հնարավորություն է տալիս: Բնական է, կլինեն դիմորդներ, որ չեն օգտվի այս առաջարկից: Ցավոք, նրանց փոխարեն որոշում ընդունել ոչ ոք չի կարող: Այսօրվա խնդիրն իրականում խորը արմատներ ունի և բազմաշերտ է: Բազմիցս խոսվել է ավագ դպրոցներում մասնագիտական կողմնորոշման կենտրոնների կարևորության մասին: Քանի՞ դպրոց է օգտվում այս ծառայություններից, ցավոք, շատ քիչ: Մյուս կարևոր հանգամանքը, որ ստեղծում է անհավասար մրցակցություն բուհերում, էլիտար և ցանկալի համարվող մասնագիտություններն են: Իհարկե, հրաշալի է, երբ երկիրը հարուստ է լավ իրավաբանով, տնտեսագետով, միջազգայնագետով, բժիշկով, բայց ոչ պակաս կարևոր են ուսուցչի, երկրաբանի, խոհարարի, խառատի, դարբնի մասնագիտությունները: Ժամանակակից աշխարհում միջին մասնագիտական կրթությունն ավելի է կարևորվում, սակայն մեզանում այն դասակարգման մեջ դեռևս առաջնային դիրք չունի: Հաջորդ խնդիրը, որի վրա ևս պետք է ուշադրություն դարձնել հետևյալն է՝ 90-ական թթ.-ից հետո մեզանում արմատավորվեց այն մտայնությունը, որ մեծ անհաջողություն և ձախողում է, երբ դպրոցն ավարտելուց հետո անմիջապես չեն ընդունվում բուհ: Այնինչ, մեր ծնողները բուհ են ընդունվել մի քանի տարի անընդմեջ փորձելով: Սա նաև հոգեբանական բաղադրիչ ունի իր մեջ և պետք չէ անհաջողությունը դիտարկել որպես դժբախտություն և փակուղի: Ինչպես եմ տեսնում խնդրի լուծումը: Այս տարի լուծման շատ տարբերակներ չկան. Մի մասի դեպքում հարցը կարգավորվել է լրացուցիչ տեղերի, մյուսների դեպքում՝ 2-րդ փուլին մասնակցելով: Սեպտեմբերին տարբեր բուհեր հայտարարում են նախապատրաստական կուրսերի մասին, հնարավոր է նաև այս շանսից օգտվողներ լինեն: Ապագայի համար այս խնդիրը կլուծի ավագ դպրոցում ներդրվող կրեդիտային համակարգը, որը ենթադրում է ընդունելության քննությունների չեղարկում: Կարո՞ղ ենք արձանագրել, որ գործադիրի եւ օրենսդիրի միջեւ այս հարցում կա հստակ հակասություն, և օրենսդիրն ուզում է պաշտպանել դիմորդների շահերը: Հակասություն տերմինը ես չէի օգտագործի այս պարագայում: Օրենսդիրի և գործադիրի միջև այս հարցում առկա են մոտեցումների տարբերություններ: Չեմ կարծում, որ գործադիրում գտնվեն մարդիկ, որոնց համար այսօրվա խնդիրները կարևոր կամ օրակարգային չեն: 500-ից ավելի դիմորդ պատրաստ է մասնակցելու ընդունելության քննությունների 2-րդ փուլին: Դա նշանակում է անհատական աշխատանք յուրաքանչյուր դիմորդի և նրա ծնողի հետ: Համամիտ չեմ նաև այն մտքի հետ, որ դիմորդների շահերը պաշտպանում է միայն օրենսդիրը: Համավարակով պայմանավորված և ԱԴ ողջ ընթացքում կրթության պետական լիազոր մարմնի բոլոր որոշումների հիմքում ընկած է  սովորողի լավագույն շահը: Այն հանգամանքը, որ այս տարվա ընդունելության քննությունը սահմանափակվել է մեկ առարկայով, դա ևս մեկ ապացույց է, որ կա երկխոսություն հասարակության հետ: Ասել, որ այսօր առկա խնդրի լուծումը գործադիրի տիրույթում է, բայց նա չի լուծում, որովհետև ցանկանում է անտեսել ՀՀ քաղաքացու, այս դեպքում՝ դիմորդի շահը, իրականության հետ աղերս չունի: Եվ ամենակարևորը, սովորելու իրավունքը քաղաքացու սահմանադրական իրավունքներից է և այն չի կարող խախտվել: Շարունակությունը՝ lragir.am-ում
11:36 - 23 հուլիսի, 2020
Հեռակայի ընդունելությունը ևս կանցկացվի մեկ քննությամբ․ դրական միավորներ ստացած դիմորդները կկարողանան մասնակցել հեռակա ընդունելությանը՝ առանց նոր քննություն հանձնելու. Գ․ Թամրազյան
 |tert.am|

Հեռակայի ընդունելությունը ևս կանցկացվի մեկ քննությամբ․ դրական միավորներ ստացած դիմորդները կկարողանան մասնակցել հեռակա ընդունելությանը՝ առանց նոր քննություն հանձնելու. Գ․ Թամրազյան |tert.am|

tert.am: Ինչ վերաբերում է նրան, որ ընդունելության կարգը փոփոխվել է, քննությունների ժամանակ, դա իրականությանը չի համապատասխանում: Այդ փոփոխությունը տեղի է ունեցել հայտագրումից առաջ, և գերակայությունը տրվել է առաջին հայտին: Երբ դիմորդը կայքում ցանկացել է գրանցվել, կայքում նշվել է՝ ծանո՞թ եք կարգին, այսինքն դիմորդը, երբ ցանկացել է դիմել, տեղեկացված է եղել, քանի որ կայքում նշված է եղել այդ մասին․ այս մասին նշեց ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը՝  բուհ չընդունված դիմորդների և ծնողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ: Նրա խոսքով՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում և ուղիղ եթերում տեղեկացրել է կարգի փոփոխման մասին, Կառավարության նիստում ևս մանրամասն ներկայացվել է նոր կարգի մասին. «Այս կարգը ընդունվել  է արտակարգ ռեժիմի պայմաններոմ և չեմ պատկերացնում, որ 15000 դիմորդներին պետք է ծանուցեինք, որ առաջին հայտի գերակայություն է լինելու: Երկրորդ, երրորդ կամ ութերորդ հայտերի դեպքում նախորդ տարիներին նույն կարգն է գործել՝ փոփոխություն չի կատարվել: 739 դիմորդ բավարար գնահատական են ստացել և չեն ընդունվել, բայց ունենք թափուր տեղեր: Ես հանդիպումից առաջ տեղեկացա, որ արդեն շուրջ 550 դիմորդ դիմել է թափուր տեղի մրցույթին մասնակցելու համար: Ինչ վերաբերում է նրան, որ փորձում ենք խոչընդոտներ ստեղծել, ես նշեցի, որ 13000 մարդ է մասնակցել միասնական քննություններին, որի արդյունքում 739 մասնակից մրցույթի արդյունքում դուրս է մնացել, որը քիչ տոկոս է կազմում: 13000-ից 2200 ստացել է անբավարար, իսկ 739-ից եթե 550-ը  դիմել է թափուր տեղերի համար, պարզ է դառնում, որ 200 մարդ դեռ չի դիմել, բայց ժամանակ ունեն գրանցվելու համար»,- նշեց փոխնախարարը: Գրիշա Թամրազյանը տեղեկացրեց, որ դրական միավորներ ստացած դիմորդները հետաքրքրվում են հեռակա ընդունելության քննություներին մասնակցելու համար: Այդ պատճառով  նախարարության հետ քննարկվել է, որ հեռակայի ընդունելությունը նույնպես կանցկացվի մեկ քննության միջոցով, և այն դիմորդները, որ ստացել են դրական միավորներ, կկարողանան մասնակցել հեռակա ընդունելությանը՝ առանց նոր քննություն հանձնելու:Ավելին՝ tert.am-ում։
19:45 - 22 հուլիսի, 2020
Այս տարի կարևորվեց մասնագիտական կողմնորոշումը․ ԳԹԿ խոսնակը պնդում է՝ փոփոխությունների մասին դիմորդները պատշաճ իրազեկվել են

Այս տարի կարևորվեց մասնագիտական կողմնորոշումը․ ԳԹԿ խոսնակը պնդում է՝ փոփոխությունների մասին դիմորդները պատշաճ իրազեկվել են

Կորոնավիրուսի համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության պայմաններում 2020 թվականի ընդունելության քննությունները հունիսի առաջին տասնօրյակի փոխարեն անցկացվեցին հուլիսի առաջին տասնօրյակում։ Բացի քննությունների ժամկետների հետաձգումը՝ փոփոխություններ կատարվեցին նաև քննական առարկաների հետ կապված. դիմորդները պետք է հանձնեին մեկ քննություն՝ նախորդ տարիների մի քանիսի փոխարեն:  ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ մեկ քննության նպատակը ոչ միայն դիմորդների ատեստատների գնահատակնները, այլ նաև նրանց գիտելիքները ստուգելն էր։ Նախորդ ամիս արդեն հրապարակվեց բուհերի բակալավրի և անընդհատ ու ինտեգրված կրթական ծրագրով 2020/2021 ուսումնական տարվա ըստ բուհերի և մասնագիտությունների ընդունելության քննությունների ցանկը: Հայտագրումը կատարվեց էլէկտրոնային եղանակով, որի միջոցով դիմորդները միաժամանակ ընտրում էին թե՛ քննական առարկան, թե՛ բուհն ու մասնագիտությունը: «Շատ կարճ ժամանակահատվածում ստեղծվեց dimord.am կայքի հայտագրման բաժինը, և, ըստ էության, կորոնավիրուսային այս համաճարակի պայմաններում հայտագրման փուլն ամբողջությամբ էլեկտրոնային դարձրինք»,- հունիսի 2-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնել էր Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ համակարգը հեշտացված է, որպեսզի հավելյալ խնդիրներ չառաջանան։ Կայքում էլ առկա էր տեսանյութ, որը դիմորդներին ծանոթացնում էր առցանց ընդունելության դիմում-հայտի լրացման գործընթացին: Սակայն հուլիսի 18-ից հետո, երբ արդեն ավարտվել էին քննություններն ու անվճար և վճարովի ուսուցման մրցույթների հիմնական փուլի արդյունքներն ամփոփվել էին, դիմորդները և նրանց ծնողները սկսեցին բողոքել քննությունների արդյունքներից՝ մասնավորապես նշելով, որ ավելի ցածր միավոր հավաքած դիմորդներն ընդունվել են տվյալ բաժիններ, իսկ համեմատաբար բարձր միավորներ հավաքածները՝ ոչ:  Երեկվանից բուհ չընդունված դիմորդները և նրանց ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում, որն այսօր էլ շարունակվում է։ Թե ինչու են ավելի բարձր միավոր հավաքած դիմորդներն ընդունվել համալսարաններ՝ հայտադիմումի մեջ նշված 3-4 մասնագիտություններով, կամ ընդհանրապես չեն ընդունվել, ԳԹԿ մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը Infocom-ի հետ զրույցում մեկնաբանեց, որ այս տարվա հայտերի լրացման կարգում փոփոխություններ են տեղի ունեցել․ առաջնահերթությունը տրվել է ընդունելության դիմում-հայտում հայտագրված առաջին մասնագիտությանը. «Մասնագիտական կողմնորոշումն այս տարի կարևորվեց, և առաջին հայտի գերակայությունը գործեց ոչ միայն անվճար, այլև վճարովի տեղերի համար: Դիմորդը մասնակցում է մրցույթին՝ առաջին հայտով նշած  մասնագիտության համար, և եթե միավորները անվճար տեղի համար չեն բավարարում,  ավտոմատ մասնակցում է նույն մասնագիտության վճարովի մրցույթին: Այս տարի կարևորվեց մասնագիտական կողմնորոշումը: Եթե մեկը մանկուց երազել է մի մասնագիտություն ստանալ, ինքն անպայման դրական միավորներ ստանալու դեպքում պետք է հնարավորություն ունենա ընդունվել համալսարան՝ հենց այդ մասնագիտությամբ: Հակառակ դեպքում այդ տեղը զբաղեցնում է մեկ ուրիշը, որը մասնագիտությունը հայտագրել է 2-3 հայտով»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ դիմորդի համար առաջնային պետք է լինի ոչ թե բարձրագույն կրթություն ստանալը, այլ հենց իր երազած մասնագետը դառնալը:  Այս մասին ասված էր նաև ԿԳՄՍ նախարարության հրապարակած 2020-2021թթ.  ուսումնական տարվա ընդունելության սկզբունքների մեջ, որտեղ նշված էր, որ առաջին հայտագրված մասնագիտության մրցույթով չանցած դիմորդների համար մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտում հայտագրված մասնագիտությունների հերթականությանը համապատասխան, եթե նշված մասնագիտություններում առկա են թափուր տեղեր, եւ որ մասնագիտությունների մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության՝ անվճար ու վճարովի ուսուցման հայտի գերակայությամբ։ Հարցին՝ արդյոք դիմորդները պատշաճ իրազեկվե՞լ են փոփոխությունների մասին, ԳԹԿ մամուլի պատասխանատուն ասաց, որ ոչ միայն հայտը լրացնելիս ընդունելության կարգի մեջ է նշված եղել, այլ նաեւ տեղադրված իրազեկող տեսանյութի միջոցով են տեղյակ պահել դիմորդներին և նրանց ծնողներին: Մեր զրուցակիցը նկատեց, որ նախորդ տարիներին, երբ դիմորդները բուհում էին հանձնում փաստաթղթերը, իրենց ներկայացվում էր քննակարգը, ծանոթանում, ստորագրում էին, իսկ այս տարի առցանց կարող էին հայտագրվել միայն այն դեպքում, երբ  քննակարգին կծանոթանային, V-աձեւ նշանը կդնեին։ «Այլ բան է, որ մարդիկ դրան ուշադրություն չեն դարձրել, գուցե չեն կարևորել: Բացի դրանից՝ առցանց հայտագրման մասին դիմորդների, նրանց ծնողների համար տեսահոլովակ է պատրաստվել ու եթեր գնացել»,- ասաց Գրիգորյանը: Մեր դիտարկմանը, որ հիշյալ տեսահոլովակում այս էական փոփոխության մասին չի ասվում, վերջինս պնդեց, որ այդ մասին ասված է՝ առաջին հայտի գերակայությությունը գործում է ինչպես անվճար, այնպես էլ վճարովի տեղերի համար․ «Նախորդ տարիներին միայն անվճարի համար է գործել, բայց այս տարի նաև վճարովի տեղերի: Այսինքն, եթե դիմորդը մասնակցում է մրցույթին առաջին հայտով նշած իր մասնագիտության համար, և եթե միավորները անվճար տեղի համար չեն հերիքում, ինքն ավտոմատ մասնակցում է նաև նույն մասնագիտության վճարովի մրցույթին, դա այս տարվա նորությունն էր»: Գրիգորյանի խոսքով՝ ամեն կառույց իր հերթին ամեն տարվա քննական գործընթացից հետո հետևություններ է անում: Նրա դիտարկմամբ՝ մասնագետների կարծիքներ կարող են լինել, որ ափսոս են դիմորդների ստացած միավորները, որոնք անհամեմատ ավելի բարձր են, բայց նաև մեծ մասին կարծիքն այն է, որ մասնագիտական կողմնորոշումը կարևոր է: Իսկ ինչ վերաբերում է դիմորդների ծնողների մատնանշած մնացած խնդիրներին՝ ցուցակներում անունների կրկնության, եկող մի քանի նամակների, դրանց իրարամեժության վերաբերյալ, բացատրեցին, որ տեխնիկական խնդիրներ են: Դիմորդների պահանջի՝ նոր տեղեր ավելացնելու վերաբերյալ էլ ԳԹԿ մամուլի պատասխանատուն նշեց, որ իրենք ուղղակի կազմակերպում են քննությունները, իսկ տեղեր ավելացնելու կամ չավելացնելու, ինչպես նաև դրանց հիմնավորումների մասին որոշումներ պետք է ընդունի նախարարությունը:  Իսկ ահա ԿԳՄՍՆ-ից այս հարցին դեռեւս պատասխան չունեն։ Նշենք, որ բուհերի դիմորդներից և նրանց ծնողներից ստացած դիմում-բողոքների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանը նույնպես դիմել է ԿԳՄՍ նախարարին՝ բարձր միավորներով բուհ չընդունված դիմորդների համար տեղերի ավելացման և այլ հարցերով:  Զարա Խաչատրյան
19:08 - 22 հուլիսի, 2020
Գևորգ Լոռեցյանին առաջադրված մեղադրանքը մասամբ վերացվել է

Գևորգ Լոռեցյանին առաջադրված մեղադրանքը մասամբ վերացվել է

ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանին առաջադրված մեղադրանքի մի մասը քննիչի որոշմամբ վերացվել է: Այս մասին տեղեկացնում է «AM» իրավաբանական ընկերությունը։ «Քրեական գործի նախաքննությամբ չի հաստատվել Գ. Լոռեցյանի կողմից իր լիազորությունների այնպիսի չարաշահում կատարելը, որի արդյունքում «Լուառ» ՍՊԸ-ն արտոնյալ հնարավորություն է ունեցել հայտարարված մրցույթների շրջանակներում ներկայացնել առավել ցածր գնային առաջարկներ և ճանաչվել հաղթող: Այսպիսով, Գ. Լոռեցյանն այլևս չի մեղադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունների չարաշահում): Փոփոխվել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալ) առաջադրված մեղադրանքը: Մասնավորապես, նախկինում Գ. Լոռեցյանը մեղադրվում էր առնվազն 13.448.880 ՀՀ դրամ գումար կաշառքի խոստում ընդունելու համար: Փոփոխված մեղադրանքի համաձայն նվազել է նաև պարոն Լոռեցյանին վերագրված կաշառքի գումարի չափը և այժմ էլ այն կազմում է իբր 2.000.000 ՀՀ դրամ գումար: «AM» իրավաբանական ընկերությունը, ի դեմս փաստաբան Լևոն Սահակյանի, օրենքով սահմանված ցանկացած միջոցներով շարունակելու է պաշտպանել Գ. Լոռեցյանի շահերը և ակնկալում է, որ շուտով կվերանա պարոն Լոռեցյանին առաջադրված մեղադրանքը ողջ ծավալով ու կվերականգնվի նախկին փոխնախարարի բարի անունը»,- ասվում է տարածված հաղորդագրությունում:
17:52 - 22 հուլիսի, 2020
Գրավոր դիմել ենք ԿԳՄՍ նախարարություն, պատասխանը վաղն ենք ստանալու, դրանից հետո միայն կկարողանանք գնահատականներ ու եզրահանգումներ անել. Արման Թաթոյանը՝ բուհ չընդունված դիմորդներին ու ծնողներին |tert.am|

Գրավոր դիմել ենք ԿԳՄՍ նախարարություն, պատասխանը վաղն ենք ստանալու, դրանից հետո միայն կկարողանանք գնահատականներ ու եզրահանգումներ անել. Արման Թաթոյանը՝ բուհ չընդունված դիմորդներին ու ծնողներին |tert.am|

tert.am: Իմ տղան 4-րդ հայտով քաղաքագիտությունն է նշել, այդ մասնագիտությամբ 5 հոգի 7,5 միավորով ընդունվել են, տղաս 15,75-ով չի ընդունվել, նույնիսկ 18,75 հավաքած դիմորդը չի ընդունվել, դա խելամիտ չէ: Այս մասին ՄԻՊ Արման Թաթոյանի հետ հանդիպման ժամանակ ասաց բուհ չընդունված դիմորդներից մեկի ծնողը:«Մենք մի քանի օր է պայքարում ենք, որ արդարություն լինի: Մենք լուծումներ էլ ենք առաջարկում, միայն չենք պահանջում խնդիրը լուծել: Մեր առաջարկը հետևյալն է՝ ԿԳՆ-ն բուհ-երում լրացուցիչ տեղեր հատկացնի, մենք ցանկանում ենք բոլոր դրական գնահատական ստացածների համար, բայց եթե դա հնարավոր չէ, գոնե 11 և բարձր գնահատական ստացողների համար, ընդունենք, առաջին հայտը դնենք մի կողմ, ապա գոնե երկրորդից մինչև 4-րդ հայտ-ով ընտրված մասնագիտություններով տեղեր ավելացնել: Դրանով շահում են բոլորը, բուհը, դիմորդը նաև պետությունը»,- ասաց նա:Նա նշեց, որ եթե մեր պետությանը ի սկզբանե այդ քանակի բուհ ընդունվողների անհրաժեշտություն չկար, ապա կարող են այդ հարցին էլ լուծում տալ՝ առաջին կիսամյակի քննությունների ժամանակ, ովքեր ավելացված տեղերով մասնագիտություններում վատ առաջադիմություն կունենան, կարող են խիստ մոտեցում ցուցաբերել և այդ ուսանողներին դուրս թողնել: «Այստեղ կարևորն այն է, որ արդարությունը վերականգնվի, բարձր գնահատական հավաքած դիմորդը կարողանա ուսանող դառնալ: Նրանք տարիներով աշխատել են, որ բարձր գնահատական ստանան, ու ինչ-որ պաշտոնյայի անփույթ գործունեության պատճառով երեխան հիասթափություն է ապրում»,- նշեց նա:Ըստ ծնողի՝ նախարարությունը այս հարցին լուրջ չի մոտենում և չեն ուզում որևէ փոփոխություն կատարել:Արման Թաթոյանն էլ նշեց, որ խնդրին ծանոթ է և խնդիրը լիարժեք հասկանալի է: «Մենք ուսումնասիրել ենք և դեռ մինչև ձեր կողմից մեզ դիմելը, խնդիրը մեր ուշադրության ներքո էր: Երեկ 55 քաղաքաքացի դիմել էր, բացի դրանից ունենք 13 անհատական բողոք, որտեղ ընդունելության հետ կապված տարբեր հարցեր են բարձրացված: Ես խոսել եմ ԿԳՄՍ նախարարի հետ, հարցը քննարկվում է: Երեկ պաշտոնական նամակ եմ հասցեագրել, այն հարցերն ենք բարձրաձայնել, որոնք դուք էիք առաջ քաշել: Մենք այս փուլում ձենռպահ ենք մնացել առաջարկ ներկայացնելուց, ներկայացրել ենք ձեր առաջարկները և հրապարակային մտահոգությունները, պարզաբանումների հարց ենք դրել, նաև նախարարության դիրքրոշումն ենք պահանջել՝ որպես իրավասու մարմին»,- ասաց նա:Թաթոյանը նշեց, որ դրանից հետո նախարարի հետ էլի է խոսել, վաղը կունենան պատասխանը, ինչից հետո նոր միայն ՄԻՊ-ը կկարողանա գնահատականներ և եզրահանգումներ տալ: Շարունակությունը՝ tert.am-ում
17:27 - 22 հուլիսի, 2020
Ազգային ժողովում քննարկվում է չընդունված դիմորդների հարցը, իսկ դարպասներից դուրս պատասխանի են սպասում դիմորդները |armtimes.com|

Ազգային ժողովում քննարկվում է չընդունված դիմորդների հարցը, իսկ դարպասներից դուրս պատասխանի են սպասում դիմորդները |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովում այս պահին ընթանում է հատուկ նիստ, որտեղ քննարկվում է բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված դիմորդների հարցը։ Հանդիպմանը մասնակցում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ներկա են Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մասնագետները։ Նիստն անցկացվում է դռնփակ։ Բուհեր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները երեկ բողոքի ակցիա էին իրականացնում։ Պատճառը բուհի ընդունելության նոր կարգն է, որով գերակա է առաջին հայտը։ Որոշ դիմորդներ դուրս են մնացել, քանի որ չեն վաստակել առաջին հայտի համար անհրաժեշտ միավորներ եւ չեն կարողացել ընդունվել մնացած նշված ֆակուլտետներ։ Այս պահին եւս ԱԺ շենքի դիմաց հավաքվել են չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները եւ սպասում են հանդիպման ավարտին։  Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
15:01 - 22 հուլիսի, 2020