Հասկացանք՝ հանրությունը պատրաստ չէ, վերանայում ենք, շատ բան կփոփոխվի․ Գրականություն առարկայի փորձագիտական խմբի ղեկավար |armtimes.com|
16:50 - 24 հուլիսի, 2020

Հասկացանք՝ հանրությունը պատրաստ չէ, վերանայում ենք, շատ բան կփոփոխվի․ Գրականություն առարկայի փորձագիտական խմբի ղեկավար |armtimes.com|

armtimes.com: ԿԳՄՍ նախարարության կողմից երկար սպասված Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների եւ օրինակելի ծրագրերի նախագծի հրապարակումից անմիջապես հետո սկսվեց հանրային բուռն քննարկում․ քննադատությունների թիրախում է հատկապես Գրականություն առարկայի նախագիծը։ Հարցազրույց այս առարկայի փորձագիտական խմբի ղեկավար Թամար Ալեքսանյանի հետ։

Տիկի՛ն Ալեքսանյան, առաջին հարցը, որ հնչեցնում են մասնագետներն ու հանրությունը․ ինչո՞ւ է Հայ գրականությունը դարձել ուղղակի Գրականություն։

Հայ գրականությունը համաշխարհային գրականության մասն է, մի շատ կարեւոր մասը, եւ մենք նախատեսել ենք նաեւ համաշխարհային գրականության մեծություններին: Իսկ ո՞նց անենք. Շեքսպիրին ո՞նց դնենք Հայ գրականության տակ։ Գրականությունն ավելի ընդարձակ է եւ հնարավորություն է տալիս ուսուցչին ազատ լինել։ Մենք այստեղ նաեւ շեշտադրում ենք ուսուցչի ազատությունը, որ ինքը, իր սովորողների տարիքային առանձնահատկություններով առաջնորդվելով, ընտրի գործեր եւ դրանք ուսումնասիրի իր աշակերտների հետ միասին։

Անշո՛ւշտ, համաշխարհային գրականությունը գոհարներ ունի, որ լավ կլիներ՝ ամեն ոք իմանար, սակայն հիմա դա, փաստորեն, արվում է հայ հեղինակների գործերի հաշվին: Դիտարկվե՞լ է համաշխարհային գրականությունն առանձին անցնելու հնարավորությունը, ինչպես, օրինակ, համաշխարհային պատմությունն է առանձին առարկա։

Ճիշտն ասած՝ չի դիտարկվել, քանի որ մենք կունենայինք ժամի խնդիր։

Այստեղ ուսուցչին առաջարկվում է ընտրել, օրինակ, «Քաջ Նազար», «Հին աստվածներ» կամ «Արա Գեղեցիկ» ստեղծագործությունների միջեւ, ինչպե՞ս է կայացվել նման ընտրության առաջ ուսուցչին կանգնեցնելու որոշում․ եթե լիներ մեկ հեղինակից երեք սիրերգ, ուսուցիչը կընտրեր մեկը, երեխան կստանար սիրերգի մասին պատկերացում այդ ստեղծագործության միջոցով, բայց հիմա առաջարկվում են այսքան տարբեր հեղինակներ, ոճեր։

Դա հիմա վերանայվում է։ Այս առումով բավական շատ դիտարկումներ եղան, եւ մենք հասկացանք, որ մեր հանրությունը դրան պատրաստ չէ, հատկապես՝ ուսուցչությունը։ Մենք մի քիչ փոխել ենք մեր մոտեցումը առաջարկությունների եւ դիտարկումների հիման վրա։ Բայց ասեմ՝ այստեղ կարեւորը հեղինակը չէ, այլ ստեղծագործությունը, եւ այն, թե ինչ է տալիս այդ ստեղծագործությունը սովորողին, ինչ է սովորեցնում, ինչ է դաստիարակում։ Մենք գնացել ենք սրա՛ հետեւից եւ ոչ թե հեղինակի։ Իսկ նշված բոլոր ստեղծագործությունները մտնում են դրամատիկական սեռի մեջ, այսինքն՝ այս դեպքում դիտարկում ենք կատակերգությունը, դիցապատմական ողբերգությունը եւ դրաման այս սեռի մեջ, բայց կրկնեմ, որ մոտեցումը փոխվում է, եւ ուսուցչի ընտրությունը մի քիչ այլ ձեւով է տրվելու։ Սա դեռ խիստ սեւագիր տարբերակ է։

Ի՞նչ կդառնա սա՝ հենց այս օրինակը փոփոխություններից հետո։

Խումբը դեռ աշխատում է, չեմ կարող ասել։

Հին եւ միջնադարյան հեղինակները նախագծում չեն երեւում, բայց նշում եք, որ կան: Որտե՞ղ են։

Դրանք կան ծրագրում, մենք դրանք տվել էինք զուգորդումներով։ Մեսրոպ Մաշտոցը գալիս է առաջին դասարանից, 5-6-րդ դասարաններում մենք ունենք առասպելներ, վիպերգեր, բայց դրանք որտեղի՞ց պիտի վերցնեինք, պիտի վերցնեինք Ագաթանգեղոսից։ Այո՛, անունները չէինք նշել, հիմա կնշենք։ Զուգորդումների մոտեցումը եւս վերանայվում է։ Ես ցավով պիտի նշեմ, որ մենք բավական հետ ենք մնացել համաշխարհային գեղագիտական մտածողությունից։ Դրանք կան։ Դուք պատկերացնո՞ւմ եք առանց Խորենացու գրականություն։

Ես նախագիծը կարդացել եմ, այնտեղ չեմ հանդիպել։

Եթե գրել ենք առասպելներ, էլ ումի՞ց պիտի վերցնենք, եթե ոչ Խորենացուց։ Ուղղակի անուններ չէինք գրել, հիմա լրացնում ենք։

Հիմա ես հերթով պիտի ճշտեմ՝ Ներսես Շնորհալին, Գրիգոր Նարեկացին կա՞ն, ինչպե՞ս համոզվենք։

Այո՛, կան, եւ շուտով մեր խմբից Գայանե Մկրտչյանն ուսուցիչներին ցույց է տալու, թե ինչպես կարելի է ուսումնասիրել Նարեկացի։

Եթե դասաժամ հատկացված չէ Նարեկացի ներկայացնելուն, ե՞րբ է ուսուցիչը դա անելու։

Նայեցեք, տրված է ուսուցչին ժամանակ։ Օրինակ՝ մենք նախատեսել էինք, որ Եղիշե Չարենցի «Տաղարան»-ի հետ ուսումնասիրում ենք Սայաթ Նովա․ ժամաքանակաները դեռեւս բաշխված չեն, դրանք էլ դեռ պիտի ճշտվեն։ Այստեղ զուգահեռներ են տարվում եւ համեմատվում տեքստերը եւ բնագրերը, եւ երեխան ուսումնասիրում ու տեսնում է՝ տես, Չարենցը դիմում է Սայաթ Նովային, ինչո՞ւ է դիմում, ի՞նչ նպատակով, ինչպե՞ս են Սայաթ Նովայի գաղափարները տեղ գտել Չարենցի մոտ, բայց, ցավոք, հասկացանք, որ երեւի թե մի քիչ շտապել ենք։ Պիտի նախ բեռնաթափելու ճանապարհով գնանք։  

Նշվել էր, որ միջնադարյան պատմիչներին պետք է աշակերտն ուսումնասիրի Հայոց պատմություն առարկայի շրջանակում։ Սա չի՞ նշանակում, որ պատմիչները կուսումնասիրվեն պատմական առումով, բայց՝ ոչ գրական-գեղարվեստական, ինչը պիտի լիներ գրականության դասաժամին․ Բուզանդի, Խորենացու, մյուսների տարբերություններն աշակերտն այլեւս չի տեսնի։

Համաձայն եմ։ Բայց եթե այդ մարդկանց մենք գրաբարից ենք արեւելահայերեն վերարտադրել, մենք երաշխիք ունե՞նք, որ նրանց խոսքն այնքան ամբողջական է, որ կարող է երեխային հետաքրքրել։ Բացի դրանից, ասեմ, որ նրանցից դրվում են մշակումներով։ Շատ մարդիկ կան, որ մշակել են նրանց գրվածքները։ Հիմա էլ այդ սիրուն հատվածները լինելու են՝ Բուզանդի՝ «Արշակ եւ Շապուհ»-ը, Ագաթանգեղոսի՝ կույսերի մասին սիրուն պատմությունները։ Դրանք լինելու են 6-րդ դասարանում, դրանք դրված են արդեն «Առասպալներ-վիպերգեր» բաժնում, ուղղակի անունները չէինք նշել, հիմա նշելու ենք։ Իսկ 9-րդ դասարանը սկսվում է գրերի գյուտով, պատմագրությամբ, Մովսես Խորենցի, եւ նրանցից անցում է կատարվում մեր էպոսին։ Եվ ամբողջ մի կիսամյակ ուսումնասիրում են «Սասունցի Դավիթ» դյուցազներգությունը, ընդ որում, շատ հետաքրքիր զուգորդումով։ Պետք է նաեւ կարդանք եւ համեմատենք կին ասացողների տարբերակները․ նույնը ինչպես է պատմում տղամարդը եւ ինչպես՝ կինը։ Եվ պիտի նշեմ, մեր ամբողջ աշխատանքի մեխը աշակերտի ինքնուրույն աշխատանքն է, հետազոտական գործունեություն ծավալելը եւ ուսուցչի ազատությունն է, որ նա ազատ լինի աշխատելու իր աշակերտների հետ։ Եվ վերջնարդյունքներով հստակ սահմանել ենք՝ ինչ ենք ուզում նրանցից, ուզում ենք, որ աշակերտը հաղորդակցվի բանավոր-գրավոր, որ քերականական համակարգը վերցնի այնքանով, ինչքանով իրեն պետք է՝ գործնականացված, ընթերցանություն եւ գրականություն՝ տեքստի վրա աշխատանք, ոչ թե շնչակտուր հեղինակ անցնել։

Այդ ամենն իրականացնելու համար ունե՞նք պատրաստված ուսուցիչներ։

Ունենք շատ լավ ուսուցիչներ։ Դրանց շարքերը համալրվում են։ Մենք անընդմեջ սեմինարներ ու վեբինարներ ենք վարում, ուսուցիչներն էլ մասնակցում են մեծ ոգեւորությամբ։ Եթե «Զում»-ի հարթակը հնարավորություն է տալիս հարյուր հոգու հետ աշխատել, բազմաթիվ բողոքներ ենք ստանում, թե ինչու իրենց տեղ չենք տալիս։ Եվ ես գիտեմ, որ ուսուցիչը կգա դրան, ուղղակի ժամանակ է պետք։ Պետք չէ ուսուցչին նեղել։ Հիմա այս բոլոր քննադատությունները ուղղված են ուսուցչին, թե՝ դու անգրագետ ես։ Ոնց կլինի. ուսուցիչը որոշել է ծրագիր գրել։

Անկեղծ ասած՝ ինձ հանդիպած քննադատությունները, ընդհակառակը, պնդում են, որ գործնականում աշխատող ուսուցչի դիտարկումները չկան այս նախագծում։

Ո՛չ, մեր խմբի վեց անդամից հինգս դպրոցի գործող ուսուցիչներ ենք, միայն Գրիգն է, որ գրականագետ-գրող է։ Եվ մրցույթը հայտարարված էր, բաց էր։ Թող դիմեին։ Իրենք չեն դիմել, ո՞վ է մեղավոր։

Տիկի՛ն Ալեքսանյան, մեղադրանքների մեջ մեծ դեր ունեն դիտարկումները, որ ընտրված գրական գործերի մեջ շատ են էրոտիկ բնույթի գործերը՝ Պրոսպեր Մերիմեի «Կարմեն»-ը, Արմեն Օհանյանի «Կիկոսի վերադարձը» ժողովածուն։ Ըստ Ձեզ՝ այս հեղինակների այս ստեղծագործությունների ընդգրկումը դպրոցական ծրագրում ճի՞շտ որոշում է։

Մենք շատ զգույշ, նուրբ ընտրություն ենք անում։ Դա ինչ-որ մեկի պատահական դիտավորյալ չարությամբ տեղադրված հատվածն է։ Մենք շատ ուշադիր, տարիքային առանձնահատկություններից ելնելով ենք որոշումներ կայացնում։ Ես ինքս դեմ եմ երեխային ժամանակից շուտ տալ հասկացություններ, որ իրեն դեռ հարիր չեն։

Այսինքն՝ չի՞ լինելու «Կիկոսի վերադարձ»-ը։

Լինելու է անմեղ բան։

Ո՞ր պատմվածքն է այնտեղ դպրոցական․ հենց առաջին պատմվածքում երկրաչափության դասին գլխավոր հերոս եռանկյունը սեռական օրգանների սիմվոլիզմով է ներկայացվում, դասի վերջում էլ «աշակերտի վարդագույն լեզուն լպստում է» այն գրատախտակից։

Չէ՛, չէ՛, հանգստացեք։ Ոչ մի այդպիսի բան չի գնա։ Մենք բոլորս ուսուցիչներ ենք եւ շատ լավ գիտենք՝ ինչ է աշակերտին պետք տալ։

Դա փաստացի նախագծում կա։

Կրկնում եմ՝ դա սեւագիր տարբերակն է։ Մենք հո դա միանգամից չե՞նք իջեցրել դպրոց։ Մենք խնդրել ենք հանրության օգնությունը։ Եթե պիտի հանրությունը մեզ խանգարեր, ոչ թե օգներ․․․ Իհարկե, փառք ու պատիվ մի խումբ ընտրյալ մասնագետների, որ ոչ թե հրապարակային գրեցին, այլ գրեցին մեզ անձնական նամակներով ու հիանալի դիտարկումներ արեցին։ Եվ մենք դրանք հաշվի ենք առնում։ Դպրոց չի գնա այնպիսի ստեղծագործություն, որ լինի հակադաստիարակչական։

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել