Գևորգ Լոռեցյանին առաջադրված մեղադրանքը մասամբ վերացվել է
17:52 - 22 հուլիսի, 2020

Գևորգ Լոռեցյանին առաջադրված մեղադրանքը մասամբ վերացվել է

ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանին առաջադրված մեղադրանքի մի մասը քննիչի որոշմամբ վերացվել է: Այս մասին տեղեկացնում է «AM» իրավաբանական ընկերությունը։

«Քրեական գործի նախաքննությամբ չի հաստատվել Գ. Լոռեցյանի կողմից իր լիազորությունների այնպիսի չարաշահում կատարելը, որի արդյունքում «Լուառ» ՍՊԸ-ն արտոնյալ հնարավորություն է ունեցել հայտարարված մրցույթների շրջանակներում ներկայացնել առավել ցածր գնային առաջարկներ և ճանաչվել հաղթող:

Այսպիսով, Գ. Լոռեցյանն այլևս չի մեղադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունների չարաշահում): Փոփոխվել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալ) առաջադրված մեղադրանքը:

Մասնավորապես, նախկինում Գ. Լոռեցյանը մեղադրվում էր առնվազն 13.448.880 ՀՀ դրամ գումար կաշառքի խոստում ընդունելու համար: Փոփոխված մեղադրանքի համաձայն նվազել է նաև պարոն Լոռեցյանին վերագրված կաշառքի գումարի չափը և այժմ էլ այն կազմում է իբր 2.000.000 ՀՀ դրամ գումար:

«AM» իրավաբանական ընկերությունը, ի դեմս փաստաբան Լևոն Սահակյանի, օրենքով սահմանված ցանկացած միջոցներով շարունակելու է պաշտպանել Գ. Լոռեցյանի շահերը և ակնկալում է, որ շուտով կվերանա պարոն Լոռեցյանին առաջադրված մեղադրանքը ողջ ծավալով ու կվերականգնվի նախկին փոխնախարարի բարի անունը»,- ասվում է տարածված հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել