Սովորելու իրավունքը քաղաքացու սահմանադրական իրավունքներից է և այն չի կարող խախտվել |lragir.am|
11:36 - 23 հուլիսի, 2020

Սովորելու իրավունքը քաղաքացու սահմանադրական իրավունքներից է և այն չի կարող խախտվել |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ։

Տիկին Ստեփանյան, երեկ ԱԺ պատգամավորները քննարկում կազմակերպեցին դիմորդների բողոքների հետ կապված, որին ներկա էին ԿԳՄՍՆ, կրթության տեսչության ներկայացուցիչները: Որքան հայտնի է՝ շատ բուռն քննարկում է եղել: Կասե՞ք՝ ինչ է տեղի ունեցել:

Այո, երեկ ԱԺ-ում տեղի ունեցավ մեծ քննարկում ընդունելության քննությունների կազմակերպման, անցկացման և դրանց արդյունքների ամփոփման գործընթացում պատասխանատու բոլոր պատասխանատու օղակների մասնակցությամբ: Այն ավելի շուտ բովանդակային էր, քան թեժ: Գաղտնիք չէ, որ այս տարվա ընդունելության քննություններից որոշակի դժգոհություններ և անհամաձայնություններ կան դիմորդների ու նրանց ծնողների շրջանում: Գրեթե բոլոր պատգամավորներին այս կամ խնդրով դիմել էին դիմորդները՝ բարձրացնելով իրենց խնդիրը:

Յուրաքանչյուր անհամաձայնություն հայտնող դիմորդի խնդիր խիստ անհատական է, բայց բոլոր դժգոհություններն ունեն մեկ ընդհանրություն. բարձր միավորով առաջին հայտով նախընտրելի ֆակուլտետ չեն ընդունվել: Այս և այլ կարևոր հարցերի շուրջ է անցկացվել քննարկումը, մասնավորապես՝ ինչու է այսօր առկա այս իրավիճակը, երբ է փոխվել ընդունելության կարգի ընդհանուր փիլիսոփայությունը, որքանով է այն հանրայնացվել և կոմունիկացվել շահառուների հետ, ինչն է հաշվի առնվել միավորից բացի ընդունելության ընթացքում և ամենակարևորը, ինչ ենք առաջարկում այն 739 դիմորդին, ովքեր բարձր միավորներով, այնուամենայնիվ, մրցույթից դուրս են մնացել:

Այն, որ ընդունելության կարգի փոփոխությունը և որոշ դրույթների շեշտադրումը կոմունիկացիայի լրացուցիչ կարիք են ունեցել, փաստ է: Ըստ այդմ, այս տարի առաջնահերթությունը տրվել է առաջին հայտով նախընտրած մասնագիտությանը, կարևորվել է մասնագիտական կողմնորոշումը: Այսինքն՝ տարբեր ֆակուլետներ դիմած դիմորդներն իրար հետ «մրցել են» ոչ թե ընդհանուր հանդիսացող քննական առարկայից ստացած միավորով, այլ միևնույն մասնագիտական կողմնորոշում ունեցող դիմորդներն են միմյանց հետ «մրցել»  պետպատվերի կամ վճարովի համակարգում սովորելու համար:

Հատկանշական է, որ էլեկտրոնային հայտը լրացնելու ընթացքում քայլերից մեկը հենց այս փոփոխությանն է վերաբերել, որ դիմորդը ծանոթանա ու իրազեկվի: Սակայն դիմորդների մեծ մասը հավանաբար չի կարդացել և սեղմելով կոճակը, թե «ծանոթացա», անցել է մյուս քայլին: Եթե ամփոփեմ, ապա այսօրվա քննարկման առանցքային հարցը մեկն է եղել՝ ինչ ենք առաջարկում դիմորդներին:

Ընդհանրապես ինչպիսի՞ լուծում եք դուք տեսնում, ի՞նչ առաջարկներով եք հանդես եկել և ի՞նչ հիմնավորումներ էր ներկայացնում նախարարությունը:

Մեր առաջարկը, որ բոլորին հնարավորություն տրվի ընդունվել համապատասխան ֆակուլտետներ, թեկուզ վճարովի հիմունքներով, իրականում ցանկալիի դաշտից է, սակայն անիրական: Ինչպես նշեցին ոլորտի պատասխանատուները, դա տեխնիկապես անհնար է՝ սկսած բուհերի ռեսուրսներից մինչև կրթության որակի ապահովում: Սակայն նշեմ, որ որոշ ֆակուլտետներում իջեցվել է լրացուցիչ մոտ 15-ական տեղ: Այսինքն, մեր առաջարկը նախարարությունը մասնակի, բայց բավարարել է՝ դարձյալ հաշվի առնելով դիմորդի մասնագիտական կողմնորոշումն ու բարձր միավորը:

Խնդրի լուծման հետ կապված խոսեմ թվերով. ՀՀ-ում գործող բուհերում այս պահին կա մոտ 11 հազար թափուր տեղ: Մյուս կողմից, ունենք 739 դիմորդ, ովքեր ստացել են բարձր միավորներ, բայց չեն ընդունվել իրենց կողմից նախընտրելի բուհ: Կոնսենսուսը պետք է փնտրել և գտնել այստեղ՝ ԳԹԿ-ի կողմից պատշաճ իրազեկում և անհատական աշխատանքի կազմակերպում յուրաքանչյուրի հետ: Այսօրվա քննարկման վերջում 739 դիմորդներից 500-ից ավելին դիմել էին որոշ մասնագիտությունների գծով թափուր տեղերը լրացնելու համար: Սա ես համարում եմ խնդրի ոչ ամբողջական, բայց, այնուամենայնիվ, լուծում:

Ինչու ոչ ամբողջական, քանի որ մեզ համար կարևոր է անգամ մեկ դիմորդի ուսումնառության և կրթության հարցը: Այսօր մեծ են հնարավորությունները բուհից բուհ կամ ֆակուլտետից ֆակուլտետ տեղափոխվելու համար: Գործում է նաև հեռակա ուսուցման համակարգը, որը նույնպես առկա համակարգ տեղափոխվելու հնարավորություն է տալիս: Բնական է, կլինեն դիմորդներ, որ չեն օգտվի այս առաջարկից: Ցավոք, նրանց փոխարեն որոշում ընդունել ոչ ոք չի կարող:

Այսօրվա խնդիրն իրականում խորը արմատներ ունի և բազմաշերտ է: Բազմիցս խոսվել է ավագ դպրոցներում մասնագիտական կողմնորոշման կենտրոնների կարևորության մասին: Քանի՞ դպրոց է օգտվում այս ծառայություններից, ցավոք, շատ քիչ: Մյուս կարևոր հանգամանքը, որ ստեղծում է անհավասար մրցակցություն բուհերում, էլիտար և ցանկալի համարվող մասնագիտություններն են: Իհարկե, հրաշալի է, երբ երկիրը հարուստ է լավ իրավաբանով, տնտեսագետով, միջազգայնագետով, բժիշկով, բայց ոչ պակաս կարևոր են ուսուցչի, երկրաբանի, խոհարարի, խառատի, դարբնի մասնագիտությունները:

Ժամանակակից աշխարհում միջին մասնագիտական կրթությունն ավելի է կարևորվում, սակայն մեզանում այն դասակարգման մեջ դեռևս առաջնային դիրք չունի: Հաջորդ խնդիրը, որի վրա ևս պետք է ուշադրություն դարձնել հետևյալն է՝ 90-ական թթ.-ից հետո մեզանում արմատավորվեց այն մտայնությունը, որ մեծ անհաջողություն և ձախողում է, երբ դպրոցն ավարտելուց հետո անմիջապես չեն ընդունվում բուհ: Այնինչ, մեր ծնողները բուհ են ընդունվել մի քանի տարի անընդմեջ փորձելով: Սա նաև հոգեբանական բաղադրիչ ունի իր մեջ և պետք չէ անհաջողությունը դիտարկել որպես դժբախտություն և փակուղի:

Ինչպես եմ տեսնում խնդրի լուծումը: Այս տարի լուծման շատ տարբերակներ չկան. Մի մասի դեպքում հարցը կարգավորվել է լրացուցիչ տեղերի, մյուսների դեպքում՝ 2-րդ փուլին մասնակցելով: Սեպտեմբերին տարբեր բուհեր հայտարարում են նախապատրաստական կուրսերի մասին, հնարավոր է նաև այս շանսից օգտվողներ լինեն: Ապագայի համար այս խնդիրը կլուծի ավագ դպրոցում ներդրվող կրեդիտային համակարգը, որը ենթադրում է ընդունելության քննությունների չեղարկում:

Կարո՞ղ ենք արձանագրել, որ գործադիրի եւ օրենսդիրի միջեւ այս հարցում կա հստակ հակասություն, և օրենսդիրն ուզում է պաշտպանել դիմորդների շահերը:

Հակասություն տերմինը ես չէի օգտագործի այս պարագայում: Օրենսդիրի և գործադիրի միջև այս հարցում առկա են մոտեցումների տարբերություններ: Չեմ կարծում, որ գործադիրում գտնվեն մարդիկ, որոնց համար այսօրվա խնդիրները կարևոր կամ օրակարգային չեն: 500-ից ավելի դիմորդ պատրաստ է մասնակցելու ընդունելության քննությունների 2-րդ փուլին: Դա նշանակում է անհատական աշխատանք յուրաքանչյուր դիմորդի և նրա ծնողի հետ: Համամիտ չեմ նաև այն մտքի հետ, որ դիմորդների շահերը պաշտպանում է միայն օրենսդիրը:

Համավարակով պայմանավորված և ԱԴ ողջ ընթացքում կրթության պետական լիազոր մարմնի բոլոր որոշումների հիմքում ընկած է  սովորողի լավագույն շահը: Այն հանգամանքը, որ այս տարվա ընդունելության քննությունը սահմանափակվել է մեկ առարկայով, դա ևս մեկ ապացույց է, որ կա երկխոսություն հասարակության հետ: Ասել, որ այսօր առկա խնդրի լուծումը գործադիրի տիրույթում է, բայց նա չի լուծում, որովհետև ցանկանում է անտեսել ՀՀ քաղաքացու, այս դեպքում՝ դիմորդի շահը, իրականության հետ աղերս չունի: Եվ ամենակարևորը, սովորելու իրավունքը քաղաքացու սահմանադրական իրավունքներից է և այն չի կարող խախտվել:

Շարունակությունը՝ lragir.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել