ՇՊՀ-ում նոր ուսանողական խորհուրդ է ձևավորվում․ «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնության անդամները նախկին խորհուրդը ապօրինի են համարում
Շիրակի պետական համալսարանը Հայաստանի ամենամեծ մարզային համալսարանն է, այնտեղ սովորում է մոտ 2500-3000 ուսանող։ «Ռեստարտ Գյումրի» ուսանողական նախաձեռնության անդամները կարծում են, սակայն, որ այս համալսարանում երբեք չի եղել լեգիտիմ ընտրված ուսանողական խորհուրդ։
Ուսանողական խորհրդում եւ ընդհանրապես բուհում առկա խնդիրների վերաբերյալ Infocom.am-ը զրուցեց «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնության համակարգող Գեւորգ Ղուկասյանի հետ, որի պնդմամբ՝ ՇՊՀ-ում ուսանողական խորհուրդ համարվող մարմինը գործում է ապօրինի, քանի որ դրա կանոնադրությունը չի հաստատել ո՛չ նախարարությունը, ո՛չ էլ ընդհանուր ժողովը կամ ուսանողների ընդհանուր համագումարը։ Նախաձեռնության անդամները եւ բուհի մի շարք ուսանողներ կարծում են, որ բուհում երբեք գոյություն չի ունեցել ուսանողական խորհուրդ, եւ, հաշվի առնելով այս ամենը, անցյալ տարի «Ռեստարտ Գյումրի» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը այդ կառույցի կատարած աշխատանքների մոնիթորինգ է սկսել։
Ղուկասյանի խոսքով՝ «Ռեստարտ Գյումրի»-ի մեջ հիմանկանում ՇՊՀ-ի եւ Շիրակի մարզի, Գյումրու այլ համալսարաններում սովորող ուսանողներ են։
«Մենք ուսանողական խորհրդի կատարած աշխատանքների մշտադիտարկում իրականացրինք, ֆինանսական հաշվետվություններ ուզեցինք, ուսանողական խորհրդի նախագահության արձանագրությունները եւ այլն։ Անցյալ տարի պարզվեց, որ ՇՊՀ-ի ուսանողական խորհրդի հաշվետվությունները քննչական մարմինները՝ ՀՔԾ-ն, դատախազությունը, առգրավել են։ Դա պարզել ենք հարցումների միջոցով, այդ ամենը գաղտնի է պահվում ուսանողներից։ Վարչական աշխատողն է վերահսկում ՇՊՀ-ի ապօրինի կառուց հանդիսացող ուսանողական խորհուրդը։ Պարզեցինք նաեւ, որ վարչական աշխատողը նույնպես չի համապատասխանում իր զբաղեցրած հաստիքին»,- պատմեց Ղուկասյանը։
Վարչական աշխատողը Արթուր Չարչoղլյանն է, որը բուհ-գործատու համագործակցության բաժնի առաջին կարգի մասնագետ է։ Ղուկասյանը տեղակացրեց, որ Չարչօղլյանն աշխատանքի է ընդունել նախկին ՀՀԿ-ական Սահակ Մինասյանը, որը նաեւ 20 տարի եղել է մարզպետարանի կրթության վարչության պետը եւ ՀՀԿ մարզային գրասենյակի պետը ու զուգահեռ նաեւ ՇՊՀ ռեկտորը։ 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձություններից մեկ-երկու ամիս հետո հանրային ճնշման ներքո Մինասյանը հրաժարական տվեց, սակայն, ուսանողների պնդմամբ, բուհում ոչինչ չփոխվեց։
«Այս տարիների ընթացքում բուհը եղել է հանցավոր ռեժիմի վերարտադրման թիվ մեկ օղակներից մեկը՝ ամբողջ Հայաստանում։ Սահակ Մինասյանի ժամանակ բուհը վերածվել էր ՀՀԿ շտաբի, կուսակցական հարցերի համար տարբեր մարդիկ գալիս էին ՇՊՀ ռեկտորի մոտ՝ այդ հարցերը քննարկելու, լուծելու համար։ Նրա հեռանալուց հետո էլ իրավիճակը չի փոխվել, հեղափոխությունից հետո էլ չի փոխվել, այլ հակառակը՝ ավելի է վատացել։ Ըստ էության, հոգաբարձուների խորհուրդը՝ կառավարող մարմինը փոփոխվել է, բայց ներքին ճնշում ու դիմադրություն կա փոփոխությունների նկատմամբ»,- մանրամասնեց «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնության համակարգողը ։
Հարցին, թե ինչ քրեական գործերի շրջանակներում են առգրավված ուսանողական խորհրդի հաշվետվությունները եւ արձանագրությունները, Ղուկասյանը պատասխանեց, որ ներկա պահին ՇՊՀ-ի վերաբերյալ կա հարուցված մոտ 20 քրեական գործ, որոնք փակվում-բացվում են։ Նրա համոզմամբ՝ ստացվում է, որ ուսանողական խորհուրդը նույնպես ներքաշված է եղել կոռուպցիոն մեխանիզմներով գումարների յուրացման ու փողերի լվացման մեջ։
«Արթուր Չարչօղլյանը հանրապետականների հետ մինչ այսօր շատ մտերիմ է։ «Արմենիա թիվի»-ի նախկին գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, որը հեղափոխությունից հետո եկավ հետ՝ Գյումրի, այստեղ սկսել է հասարակական, բարեգործական գործունեություն և աշխատում է Արթուր Չարչօղլյանի հետ։ Այդ ապօրինի ուսանողական խորհրդի անդամներին Չարչօղլյանը ստիպում է, որ իրենց էջերում տարածեն Ռուբեն Մխիթարյանի մանիպուլյատիվ տեսանյութերը, մի քանի հոգի դուրս են եկել խորհրդից՝ ասելով, որ իրենք պետք է որոշեն, թե ինչ տարածեն իրենց անձնական էջով։ Սա խայտառակություն է, երբ բուհի վարչական աշխատողը ուսանողական խորհրդի ուսանողներին ստիպում է քաղաքական կոնտենտ տարածել անձնական կամ ուսանողական էջով»,- մեր զրույցում պատմեց Ղուկասյանն ու հավելեց, որ, բացի այս, բուհում կան խմբավորումներ՝ նկատի ունենալով «Կամք» նախաձեռնությանը, որը վերջերս Գյումրիում բացել է իր գրասենյակը եւ հենց բուհի ներսում ունի ներկայացուցիչներ՝ ամբիոնների վարիչների տեսքով։ Ղուկասյանի պնդմամբ՝ այդ մարդիկ «վերբովկա» են անում ուսանողներն եւ ներքաշում իրենց քաղաքական մանիպուլյացիների մեջ։
«Ռեստարտ Գյումրու» համակարգողը պատմեց, որ, օրինակ, անցյալ տարվա վերջին «Բարձրագույն հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի փոփոխությունների ժամանակ, երբ քննարկվում էր հայոց լեզու եւ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու հարցը, մի քանի կուրսերից ուսանողներ եւ «Կամք»-ի ներկայացուցիչները եկել են բուհի բակ եւ պահանջել ԿԳՄՍ նախարարի հրաժարականը, այն դեպքում, երբ ուսանողները առանձնապես տեղյակ էլ չէին, թե ինչի մասին է խոսքը։
«Շատերին չէր հետաքրքրում, բայց մեծ աղմուկ բարձրացավ, թե ՇՊՀ-ի ուսանողները մեծ ցույց են արել եւ այլն։ Մենք այդ ժամանակ այնտեղ էինք եւ տեսանք, որ ոչ մի ցույց էլ չկա, մի երկու կուրս են հանել, որոնց իրենք վերահսկում են ու մանիպուլյացիաների միջոցով իրենց շարքեր են «վերբորվկա» անում։ Փորձում են ուսանողներին իրենց կեղտոտ գործերի մեջ ներքաշելով՝ քաղաքական մանիպուլյացիաներ անել եւ այլն։ Այս ամենի հետեւում այն մարդիկ են, որոնց վերաբերյալ նախկինում(և հիմա էլ) քրեական գործեր են եղել, ու այս ամենից անմասն չի մնում նաեւ այդ ապօրինի ուսանողական խորհուրդը, իրենք էլ շատ ակտիվ մասնակցում են այդ ամենին՝ փոխանակ վերահսկելու»,- ընդգծեց Ղուկասյանը։
Հարցին, թե ինչու են նախաձեռնության անդամները ուսանողական խորհուրդն անվանում ապօրինի, եւ ո՞րն է ուսանողական խորհրդի օրինականացման ընթացակարգը, Ղուկասյանը պարզաբանեց, որ ուսանողական խորհուրդ համարվող մարմնի կանոնադրությունը պետք է ընդունի տվյալ բուհի ուսանողների ընդհանուր ժողովը եւ/կամ ընդհանուր համագումարը։
Սա ենթադրում է, որ յուրաքանչյուր կուրսից առնվազն մեկ պատվիրակ պետք է լինի ընդհանուր ժողովում։ ՇՊՀ-ի պարագայում 150-200 հոգի պետք է լիներ, այսինքն՝ պիտի քվեարկեին, հետո ընդունվեր կանոնադրությունը։ Ապա օրենքով սահմանված կարգով ուղարկեին նախարարություն՝ հաստատման։ Մեր զրուցակիցը մանրամասնեց․
«Օրենքով գրված է, որ ուսանողական ներկայացուցչական ընտրովի ինքնակառավարվող մարմինների կանոնադրությունը հաստատում է լիազոր մարմինը, այսինքն՝ նախարարությունը։ Իրենք երբեւէ ընդհանուր ժողով չեն ունեցել։ Մենք ուզեցինք 5 տարվա հաշվետվությունները եւ արձանագրությունները, սակայն համագումարի մասին որեւէ արձանագրություն չգտանք։ Երկրորդը՝ իրենց կանոնադրությունը երբեք չի հաստատել նախարարությունը։ Հեղափոխությունից հետո անցել է 3 տարի, հիմա ուսանողական խորհրդը ղեկավարում է նախագահի ժ/պ-ն, չնայած այդ քվեարկությունը, որով Ժորա Նիկողոսյանը դարձել է պաշտոնակատար, նույնպես ապօրինի է եւ նույնիսկ չի համապատասխանում իրենց ապօրինի կանոնադրությանը, որովհետեւ կանոնադրությունը չի ենթադրում մեյլերով կեղծ քվերակություն, իսկ նա օնլայն քվեարկությամբ է դարձել նախագահի ժ/պ»։
Համաձայն սահմանված կարգի՝ յուրաքանչյուր ֆակուլտետ պետք է ունենա առանձին ուսանողական խորհուրդ, որը պետք է ներգրավված լինի ընդհանուր ժողովում։ Ըստ ուսանողների՝ ՇՊՀ-ում չկան ֆակուլտետային նման խորհուրդներ։ Ղուկասյանը նշեց, որ իրենց ունեցած ողջ ինֆորմացիան հրապարակել են, ուղարկել են վարչապետին, ԿԳՄՍ նախարարին, հոգաբարձուների խորհուրդին, բայց որպես այդպիսին արձագանք չեն ստացել։ «Ռեստարտ Գյումրու» ներկայացուցչի փոխանցմամբ՝ միայն մեկ ագամ հոգաբարձուների խորհրդում թեթեւակի խոսվել է վարչական աշխատողի հաստիքը կրճատելու մասին, բայց մինչեւ հիմա դա տեղի չի ունեցել։ Ղուկասյանը նաեւ պատմեց, որ անցյալ տարի տեղի են ունեցել հոգաբարձուների խորհրդի ուսանողական ներկայացուցիչների ընտրություններ, ըստ նրա՝ երկու անգամ ուսխորհուրդն ընտրել է հոգաբարձուների խորհրդի ուսանողական ներկայացուցիչներ․
«Մեր բուհի պարագայում հոգաբարձուների խորհրդի կազմը 24 հոգի է, որոնցից 6-ը կանոնադրությամբ եւ օրենքով ուսանողական ներկայացուցիչներ պետք է լինեն, որոնց ընտրում է ուսանողական խորհուրդը, որը այս դեպքում գոյություն չունի եւ ապօրինի է։ Այդ կառույցը անգամ ընտրություն կատարելու իրավուք չուներ, բայց իրենք արեցին դա, դրա արդյունքները ուղարկեցին լիազոր մարմնին, բայց «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունը կանխեց այդ պրոցեսը եւ կանխեց վարչապետի կողմից դրա հաստատումը, այսինքն՝ վարչապետին դա չհասավ եւ հետ ուղարկվեց բուհ, որովհետեւ ընտրությունները տեղի էին ունեցել խախտումներով։ Նույն բանը տեղի ունեցավ մի քանի ամիս առաջ, երբ ուսանողական խորհրդի ապօրինի նախագահությունը նորից փորձեց երկրորդ անգամ կազմակերպել հոգաբարձուների խորհրդի ուսանողական ներկայացուցիչների ընրություն»,- հավելեց Ղուկասյանը։
Վերջինս ընդգծեց, որ սա մի իրավիճակ է, երբ մի ընտրության կազմակերպողը, որն այդ ընտրության բարեհաջող անցկացման, արդարության, թափանցիկության եւ այլնի պատասխանատուն է, միեւնույն ժամանակ նաեւ այդ ընտրության թեկնածուն է, քվեարկում է ինքն իրեն եւ հավաքագրում է այդ ուսանողական խորհրդի մի քանի մարդկանց, որոնք պետք է քվեարկեն իր օգտին, չնայած՝ չի համապատասխանում նաեւ կանոնադրական ցենզերին․ ուսանողական խորհրդի նախագահի, փոխնախագահի, նրանց տեղակալների, քարտուղարի հաստիքները զբաղեցնող մարդիկ իրենց առաջադրել են հոգաբարձուների խորհրդի ուսանողական ներկայացուցիչների պաշտոններում, չնայած կանոնադարական ցենզերով չեն համակպատասխանում հոգաբարձուների խորհրդում ներգրավվելուն։
«Այսինքն՝ իրենք կեղծ փաստաթղթեր էին ներկայացրել, օրինակ՝ Ժորա Նիկողոսյանը, որը նախագահի ժ/պ-ն է, դպրոցական շնորհակալագրեր ու պատվոգրեր էր բերել, ինչը կանոնադրության 28-րդ կետի խախտում է, մենք այդ ամենը փաստարկված երկրորդ անգամ ուղարկեցինք վարչապետին, ԿԳՄՍՆ, հոգաբարձուների խորհրդին, եւ երկարատեւ ու հետեւողական աշխատանքի, քաղաքացիական վերահսկողության արդյունքում այս անգամ էլ նախարարությունը չուղարկեց վարչապետի հաստատմանը։ Այսինքն՝ երկու անգամ կանխել ենք ապօրինությունը, եթե չանեինք, այն կգնար վարչապետի հաստատմանը։ Երբ մենք 10 էջանոց նամակ ուղարկեցինք՝ հոգաբարձուների խորհրդի ուսանողական ներկայացուցիչների ապօրինի ընտրության մասին, փաստացի ապացուցել էինք նաեւ, որ ուսանողական խորհուրդը ապօրինի է եւ իրավունք չունի ընտրություններ կազմակերպել, ԿԳՄՍ նախարարությունը այդ ուսանողական խորհրդին լուծարման առաջարկություն է ուղարկել, որը խորհուրդը գաղտնի է պահում ուսանողներից, չնայած մենք այն հանրայնացրել ենք»,- հավելեց Ղուկասյանը։
Այս ընթացքում «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնության անդամները, ՇՊՀ այլ ուսանողների հետ ինքնակազմակերպվել են և որոշել են ստեղծել նոր, լեգիտիմ ուսանողական ինքնավար կառույց։ Արդյունքում ձևավորվել է ՇՊՀ նոր ուսանողական խորհրդի նախաձեռնող ուսանողների խորհուրդ, որը ընդունել է հռչակագիր, դրա տակ ստորագրել է ավելի քան 60 ուսանող՝ ՇՊՀ բոլոր ֆակուլտետներից։ Ընտրվել են կանոնադիր ժողովի անդամներ, որոնք գրելու էին ՇՊՀ ուսանողական խորհրդի կանոնադրությունը, քննարկման էին դնելու ուսանողների լայն շրջանակների հետ եւ ուղարկելու էին ԿԳՄՍՆ՝ հաստատման։ Հետագայում ընտրվել է 5 հոգանոց կանոնադիր ժողով, գրվել է 14 էջանոց կանոնադրություն, եւ քննարկման է դրվել «զում» հարթակիի միջոցով, որին մասնակցել է ավելի քան 90-100 ուսանող՝ ՇՊՀ բոլոր ստորաբաժանումներից։
Այս պահին բուհի հոգաբարձուների խորհրդում չկան ուսանողական ներկայացուցիչներ, եւ դա մեծ խնդիրներ է առաջացնում վերջինիս բնականոն աշխատանքի համար, որովհետեւ 24 հոգանոց հոգաբարձուների խորհրդից մնացել է ընդամենը 14 հոգի։ Օրինակ՝ ռեկտորի ընտրություններ կազմակերպելու համար հոգաբարձուների խորհուրդը քվորում չի ապահովում։ Քվորումի բացակայության հարցը կլուծվի նոր ուսանողական խորհրդի ստեղծմամբ։ Ղուկասյանի խոսքով՝ կկազմակերպվեն նոր, արդար, թափանցիկ եւ մասնակցային ընտրություններ՝ ուսանողական խորհրդի նախագահության եւ մնացած մարմինների դեպքում, որից հետո բուհի կառավարման մարմինների՝ հոգաբարձուների խորհրդի, գիտական ներկայացուցիչների ընտրությունները։
«Եթե նախարարը հաստատեց նոր ուսանողական խորհրդի կանոնադրությունը, օրենքի ուժով բոլոր լիազորությունները փոխանցվում են մեր նոր ուսանողական խորհրդին, հիմա սպասում ենք նախարարի հաստատմանը։ Մոտ օրերս հնարավոր է հանդիպում նախարարի հետ՝ այս հարցերը քննարկելու համար։ Մենք առաջին կուրսեցիների շրջանում նաեւ իրազեկող ակցիա արեցինք՝ նոր ուսանողական խորհրդի վերաբերյալ, թռուցիկներ էինք տպել եւ հայտարարություններ, որոնք փակցրինք ամբողջ բուհի տարածքով, բայց մեզ խոչընդոտեցին, խոչընդոտողների թվում՝ նույն գործավարության ու վարչարարության ամբիոնի վարիչ Արթուր Մկրտչյանը և ՇՊՀ Հումանիտար գիտությունների ու ֆակուլտետի դեկան Թմարա Մելիքյանը։ Նրանց քայլն անհաջող էր, քաշքշոց սկսվեց, իսկ Արթուր Չարչօղլյանը ինչ-որ տղաների ուղարկեց մեզ մոտ, որոնք պետք է մեզ հետ «ռազբոռկա» անեին, բայց չստացվեց, իհարկե, որովհետեւ մենք այդ նպատակով չէինք գնացել, գնացել էինք առաջին կուրսեցիներին իրազեկելու, թե ինչ է կատարվում»։
Նախաձեռնության անդամները նախապես իմացել էին նաեւ, որ ուսանողական խորհուրդը առաջին կուրսեցիներին վարչական լծակներով պարտադրում է 6 էջանոց ոչ լեգիտիմ, ոչ իրավական կանոնադրության տակ ստարոգրել, որպեսզի իրենք էլ իրենց կանոնադրությունը ուղարկեն նախարարություն՝ հաստատման։
«Ռեստարտ Գյումրի» անդամի խոսքով՝ իրենց նկատմամբ դիմադրությունն ակնհայտ է, քանի որ բուհի ղեկավար կազմը մտավախություն ունի, որ բուհում լեգիտիմ, առողջ, ուժեղ ժողովրդավարական, ներառական կառուց կստեղծվի, վախենում են, որ չեն կարողանա վերահսկել ուսանողներին եւ իրենց քաղաքական շահերը չեն սպասարկվի։
«ՀՀ պետականության հիմքերը խարխլող կազմակերպությունների մեջ մտած վարչական աշխատողները, ամբիոնների վարչիները հացավոր ռեժիմի մնացուկ դեկանները և իրենց ընտանքիքները պայքարում են ռեֆորմների և մեր նման խմբերի դեմ։ Երբ ԲՀԿ-ական ներկայիս պատգամավոր Վարդեւան Գրիգորյանն էր համալսարանի ռեկտորը, այդ ժամանակ էլ Գագիկ Ծառուկյանի միտինգներին էին տանում ուսանողներին, այդ ամենը բոլորը գիտեն։ Հանրապետական ռեկտորի դեպքում էլ շարունակվեց ավելի վատ վիճակ առաջանալ։ 30 տարիների ընթացքում բուհը չի ծառայել կրթությանն ու գիտությանը, այլ հանցավոր ռեժիմի վերարտադրությանը։ Այս ամենի պատճառով Գյումրիում սկսվել է ներքին միգրացիա, որովհետեւ ուսանողները գնում են Երեւան, կամ մեկնում են երկրից, քանի որ բուհը վարկաբեկված կառույց է եւ բոլորը գիտեն, որ այստեղ հանցագործներ են աշխատում։ Բուհը եղել է կաշառակերության, կոռուպիցայի, կրիմինալ ենթամշակույթի բուն»,- եզրափակեց Գեւորգ Ղուկասյանը։
ՇՊՀ նոր ուսանողական խորդրդի ներկայացուցիչները հանդիպել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ, քննարկել կրթությանը, գիտությանը եւ մարզի ուսանողությանը առնչվող հարցեր եւ մարզում ուսանողական կյանքի ակտիվացման հեռանկարները՝ ուսանողների մասնակցությամբ։
Նրանք մարզպետին ներկայացրել են Շիրակի պետական համալսարանում ձեւավորված նոր Ուսանողական խորհրդի նպատակները, առաքելությունը եւ ապագա քայլերը՝ մարզի եւ Գյումրիի ուսանողների միավորման գործընթացների իրենց պատկերացումները։
Ի դեպ՝ երեկ Ազգային ժողովի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ԱԺ ամբիոնից անդրադարձել է ՇՊՀ նոր ուսանողական խորհրդին՝ նշելով, որ վերջիններս իրենց գործունեության արդյունքում բախվել են խոչընդոտների՝ դեկանների, ամբիոնների վարիչների կողմից։ Պատգամավորը ընդգծել է, որ անհրաժեշտություն կա խնդրին հետեւողական լինել, հայտնել է, որ հարցի մասին տեղեկացված է նաեւ նախարարը։
Պատգամավորի ելույթից հետո ՇՊՀ ուսանողական խորհուրդը հայտարարություն է տարածել, թե Բաղդասարյանի ելույթը համարում են ՇՊՀ ուսանողական խորհրդի նկատմամբ քաղաքական ճնշում, ինչպես նաեւ ինքնակառավարվող մարմնի գործունեությանը քաղաքական միջամտություն։
«Պատգամավորն ինքն է քաղաքականացնում ուսանողական խորհրդի գործունեությունը՝ այն կապելով ապագայում տեղի ունեցող քաղաքական գործընթացների հետ։ Պատգամավորը դիտավորյալ հաշվի չի առնում այն հանգամանքը, որ ՇՊՀ-ում վաղուց գործում է օրինական ուսանողական խորհուրդ, որն ընտրվել է բացառապես ՇՊՀ-ի ուսանողներից կազմված համագումարի կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ասպրամ Փարսադանյան
11:56 - 18 սեպտեմբերի, 2020