Հայաստան

Թարմացվող. ռազմական իրադրության լարում՝ հայ-ադրբեջանական սահմանին

Թարմացվող. ռազմական իրադրության լարում՝ հայ-ադրբեջանական սահմանին

17:35- Ժամը 17:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: [ՀՀ ՊՆ] 17։15- Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու հասցեական կոչերի և աճող ճնշման պայմաններում Ադրբեջանի կողմից իրականացվող այս սադրանքը նաև միտված է շեղել միջազգային հանրության ուշադրությունը և խուսափել իր պարտավորությունների կատարումից: Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի նմանօրինակ ագրեսիվ գործելաոճը, որն ուղեկցվում է արդեն 8 ամսից ավել տևող Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փաստացի պաշարմամբ, և կարող է լրջորեն խոչընդոտել տարածաշրջանում կայունություն և տևական խաղաղություն հաստատելու ջանքերին: Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը, որ Ադրբեջանի զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից։ [ՀՀ ԱԳՆ հայտարարությունը] 17։05- Ադրբեջանի այս նոր հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, որն այս պահին դեռ շարունակվում է, ուղղակի վնաս է հասցնում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Եվրոպայի միջնորդական ջանքերին: Դա ուղղակի վնաս է խաղաղ բանակցությունների շարունակվող գործընթացին ու ներկայիս դրությամբ Ադրբեջանի բոլոր պարտավորությունների խախտում։ Այդ ագրեսիան պետք է անհապաղ դադարեցվի, և ագրեսորը պետք է պատասխանատվություն կրի հրադադարի խախտումների և բոլոր հետևանքների համար։ [Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյան] 16։11- Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր։ Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ՝ զինծառայողների ընտանիքներին պատշաճ, սահմանված կարգով իրազեկելուց հետո: [ՀՀ ՊՆ] 15։22- Ժամը 15:15-ի դրությամբ իրադրությունն անփոփոխ է. կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: [ՀՀ ՊՆ] 14:52- Ժամը 14:50-ի դրությամբ իրադրության էական փոփոխություն չկա. կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: [ՀՀ ՊՆ] 14:32- Ժամը 14:30-ի դրությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: [ՀՀ ՊՆ] 14:20- Ժամը 14:15-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակի ինտենսիվությունը Սոթքի և Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ նվազել է: [ՀՀ ՊՆ] 14։10- ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել, որտեղ հստակ երևում է՝ ինչպես է Ադրբեջանի ԶՈՒ-ն լրացուցիչ միջոցներ կենտրոնացնում Սոթքի ուղղությամբ: Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է այդ մասին հրապարակած տեղեկությունը: 13։56- Ժամը 13:50-ի դրությամբ իրադրության փոփոխություն չկա. Սոթքի և Նորաբակի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է կրակը հրաձգային զենքերից և ականանետից։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: [ՊՆ] 13։33- 13:30-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրաձգային զենքերից և ականանետից կրակը Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: [ՀՀ ՊՆ] 13։18- Ժամը 12:50-ի սահմաններում  Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ կիրառել են ԱԹՍ և ականանետ: [ՊՆ] 12։57- ՀՀ ԶՈՒ համապատասխան  ստորաբաժանումների մշտադիտարկման արդյունքում Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ: [ՀՀ ՊՆ] 12։43- Ժամը 12:25-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: [ՀՀ ՊՆ] 12։08- Ադրբեջանական քարոզչամեքենան ստահոդ տեղեկություններ է տարածում, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացնում Սոթքի հատվածում: Նման կեղծ տեղեկությունների շրջանառմամբ ադրբեջանական կողմը տեղեկատվական հիմք է ստեղծում Սոթքի ուղղությամբ այսօր առավոտյան սկսած հերթական սադրանքը շարունակելու նպատակով: [ՀՀ ՊՆ] 11։29- Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի ինտենսիվությունը ժամը 11:20-ի դրությամբ նվազել է: [ՀՀ ՊՆ] 11։14- Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր: [ՀՀ ՊՆ] 10։30- Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառում է նաև ականանետ: [ՀՀ ՊՆ] 10։19- Ադրբեջանի ՊՆ-ն, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: [ՀՀ ՊՆ]
17:36 - 01 սեպտեմբերի, 2023
Կոչ ենք անում միջազգային հանրությանն ու տարածաշրջանում իրական կայունությամբ շահագրգիռ դերակատարներին զսպել Ադրբեջանի օրեցօր սաստկացող առավելապաշտական վարքագիծը․ ՀՀ ԱԳՆ

Կոչ ենք անում միջազգային հանրությանն ու տարածաշրջանում իրական կայունությամբ շահագրգիռ դերակատարներին զսպել Ադրբեջանի օրեցօր սաստկացող առավելապաշտական վարքագիծը․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ՀՀ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ գործողությունների վերաբերյալ. «Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր: Ադրբեջանական ԶՈՒ կիրառել են նաև ականանետեր և անօդաչու սարքեր: Հայաստանի Հանրապետությունն այս ընթացքում բազմիցս ահազանգել էր, որ Ադրբեջանը, նպատակ ունենալով նախապես ծրագրավորված ռազմական գործողություններ իրականացնել, միտումնավոր, համակարգային կերպով ապատեղեկատվություն է տարածում: Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները, որոնք զուգորդվում են ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ նկրտումների վերաբերյալ ադրբեջանական կողմից տարբեր մակարդակներով, ինչպես նաև տարբեր պետական լրատվամիջոցներով պարբերաբար հնչող հայտարարություններով ու ռազմատենչ հռետորաբանությամբ, հանդիսանում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով առկա հարցերը կարգավորելու, սեփական կամքը պարտադրելու Բաքվի ագրեսիվ քաղաքականության շարունակությունը:  Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու հասցեական կոչերի և աճող ճնշման պայմաններում Ադրբեջանի կողմից իրականացվող այս սադրանքը նաև միտված է շեղել միջազգային հանրության ուշադրությունը և խուսափել իր պարտավորությունների կատարումից: Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի նմանօրինակ ագրեսիվ գործելաոճը, որն ուղեկցվում է արդեն 8 ամսից ավել տևող Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փաստացի պաշարմամբ, և կարող է լրջորեն խոչընդոտել տարածաշրջանում կայունություն և տևական խաղաղություն հաստատելու ջանքերին: Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը, որ Ադրբեջանի զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից։  Կոչ ենք անում միջազգային հանրությանն ու տարածաշրջանում իրական կայունությամբ շահագրգիռ դերակատարներին առկա մեխանիզմների կիրառմամբ և գործուն ու հստակ քայլերի միջոցով զսպել Ադրբեջանի օրեցօր սաստկացող առավելապաշտական վարքագիծը՝ իրավիճակի հետագա սրումը կանխելու և Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու նպատակով»:
17:09 - 01 սեպտեմբերի, 2023
«Մերժելի է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը». Գերագույն Հոգևոր Խորհուրդ

«Մերժելի է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը». Գերագույն Հոգևոր Խորհուրդ

Գերագույն Հոգևոր Խորհուրդը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Գերագույն Հոգևոր Խորհուրդը, անդրադառնալով հայրենիքի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերներին և դրանց հետևանքով Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված կացությանը, արձանագրում է, որ հայրենական կյանքում առկա իրավիճակը ծայրահեղ մտահոգիչ է:  Ադրբեջանական իշխանությունների օգտագործած հռետորաբանությունը, ինչպես նաև նախաձեռնած քայլերը, ակներև են դարձնում, որ վերջինս պաշտոնապես որդեգրել է ոչ միայն Արցախի Հանրապետությունը, այլև` Հայաստանի Հանրապետության  ինքնիշխան տարածքները բռնազավթելու, էթնիկ հայկական ինքնության հետքերն ու ժառանգությունը ոչնչացնելու քաղաքականություն` նպատակ հետապնդելով կազմաքանդել հայոց պետականությունը: Ադրբեջանը ոչ միայն չի դադարեցնում Արցախի շրջափակումը, այլև շարունակում է իրականացնել  ցեղասպան իր քաղաքականությունը` թշնամանքի ու բռնության նորանոր դրսևորումներով: Ադրբեջանի պետական և հանրային ողջ քարոզչամեքենան լծված է հակապատմագիտական թեզերի միջոցով հանրային լայն հարթակներում հայոց պետականության և ողջ հայության դեմ կեղծ ու հերյուրածին տեղեկությունների տարածմանը:  Առկա բարդ ու վտանգավոր զարգացումների հանդիման առավել քան մտահոգիչ են Հայաստանի իշխանությունների անհամաչափ արձագանքներն ու վարքագիծը: Մերժելի է հատկապես Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, որը չունի բարոյական, իրավական ու անվտանգային որևէ հիմնավորում և բացարձակապես չի համապատասխանում մեր ժողովրդի հավաքական սպասումներին ու ազգային շահերին։ Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը` անսակարկելի են, Արցախի ժողովրդի հանրաքվեով իրացված ինքնորոշման իրավունքը` անվիճարկելի: Գերագույն Հոգևոր Խորհուրդը, բարձր է գնահատում Արցախյան խնդրի կարգավորման ուղղությամբ միջազգային կառույցների ներդրած ջանքերը: Այսուհանդերձ, Արցախի հայության առջև ծառացած անմիջական սպառնալիքների համատեքստում միջազգային կառույցների կողմից իրականացվող քայլերն ու նախաձեռնությունները, ցավոք, շարունակում են մնալ  անհամարժեք։  Հայրենիքի առջև ծառացած գոյաբանական մարտահվերների հաղթահարման համար ՀՀ իշխանությունները պարտավոր են ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք կհամախմբեն ազգային, քաղաքական և հասարակական կառույցների ողջ ներուժն ու կարողությունները` Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Հայրենիքն ամենքինս է, հայոց պետականությունը` սրբազան մասունքը յուրաքանչյուր հայի:  Արցախի Հանրապետության տոնին` սեպտեմբերի 2-ին ընդառաջ, Գերագույն Հոգևոր Խորհուրդն իր զորակցությունն է բերում Արցախի քաջարի ժողովրդին` հայրենի երկրում ազատ, անկախ ու արժանապատիվ կյանքի համար հերոսական իր պայքարում։  Գերագույն Հոգևոր Խորհրդի կոչն է մեր ժողովրդին` ամենայն սթափությամբ գնահատել երկրում ստեղծված իրավիճակը, թոթափել անտարբերության թմբիրը, հանձնառություն ստանձնել  հայրենիքի համար և ամենուր մասնակից ու աջակից դառնալ Արցախի անկախության պաշտպանությանն ուղղված ծրագրերին ու միջոցառումներին:  Ամուր վստահություն ունենք, որ Աստծո և սերունդների առջև ամբողջանվեր պատասխանատվությամբ և մեր նախնյաց քաջարի ոգով ու տոկունությամբ կարող պիտի լինենք հաղթահարելու մեզ բաժին ընկած ծանրագույն մարտահրավերները:  Թող Աստված օրհնի երկիրն հայրենի և ժողովրդյանն հայոց. ամեն»:
16:23 - 01 սեպտեմբերի, 2023
Հայաստանը և Հունաստանը ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր կստորագրեն

Հայաստանը և Հունաստանը ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր կստորագրեն

Հայաստանի Կառավարության հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Այս մասին տեղեկացնում է կառավարության աշխատակազմը։ Հիմնավորման համաձայն՝ Հայաստան-Հունաստան քաղաքական երկխոսության, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության բարձր մակարդակը նպաստավոր հիմքեր է ստեղծում պաշտպանության բնագավառում առավել սերտ և արդյունավետ համագործակցության համար, հետևաբար՝ Հայաստանը մեծապես կարևորում է նաև գործընկերային հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանն ուղղված ջանքերը՝ որպես կարևորագույն կամուրջ Հայաստան-ՆԱՏՕ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ հարաբերությունների զարգացման համատեքստում: Համաձայնագրի դրույթներով սահմանվում են կողմերի միջև համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ պաշտպանական կարողություններն ուժեղացնելու նպատակով նոր տեխնոլոգիաների և ռազմական նշանակության արտադրանքի հետազոտությունների խթանում, զարգացման և արտադրության ոլորտներում համագործակցություն՝ կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան: Համաձայնագիրը ներառում է համագործակցության այնպիսի կարևորագույն ոլորտներ, ինչպիսիք են՝ զենքի, զինամթերքի և պայթուցիկ նյութերի արտադրելու նպատակով տեխնոլոգիաների փոխանցում և տեխնիկական աջակցություն, զինամթերքի արտադրության ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակում, ռազմական նշանակության ապրանքների և դրանց արտադրության ոլորտում հետազոտությունների իրականացում, դրանց արտադրության նպատակով համատեղ կազմակերպությունների հիմնում, ինչպես նաև կողմերի փոխադարձ համաձայնությամբ այլ ոլորտներ: Համաձայնագիրը նախատեսում է դրույթներ ռազմատեխնիկական համագործակցության իրականացման միջոցների վերաբերյալ, այդ թվում՝ տեխնիկական անձնակազմի վերապատրաստում, երրորդ երկրներում արտադրված ռազմական նշանակության ապրանքների վերանորոգման և շահագործման հետ կապված ծառայությունների մատուցում:   Փաստաթղթի շրջանակներում երրորդ կողմերին համատեղ աշխատանքի արդյունքների և սարքավորումների վաճառքն իրականացնելու, ինչպես նաև արտադրման թույլտվության տրամադրման համար կպահանջվի երկու կողմերի նախնական գրավոր համաձայնությունը, ընդ որում, դրանց՝ երրորդ կողմերին հասանելիությունը կկարգավորվի առանձին համաձայնագրերով: Նախատեսվում է ստեղծել հայ-հունական հանձնաժողով, որը պետք է իրականացնի Համաձայնագրի գնահատում, համագործակցության հետագա զարգացմանն ուղղված առաջարկությունների, գերակայությունների ներկայացում, իր աշխատանքային ժամանակացույցի հաստատում: Գործադիրը հավանություն է տվել նաեւ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ Հայաստանն ու Կորեան ունեն երկկողմ առևտրատնտեսական փոխգործակցության և միջպետական կապերի ամրապնդման մեծ ներուժ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բոլոր ոլորտներում: Համաձայնագիրը հնարավորություն կստեղծի ամրապնդելու երկու պետությունների միջև տնտեսական կապերը, ընդլայնելու կազմակերպությունների՝ այդ թվում փոքր և միջին ձեռնարկությունների միջև համագործակցությունը՝ ներդրումների համար ստեղծելով բարենպաստ միջավայր։ Համաձայնագիրը հարթակ կհանդիսանա ամրապնդելու և ընդլայնելու երկու պետությունների միջև տնտեսական, արդյունաբերական, զբոսաշրջային, գյուղատնտեսական և գիտատեխնիկական համագործակցությունը, ակտիվացնելու առևտրաշրջանառությունը և խթանելու փոխգործակցությունը։ Վերջինս նաև հնարավորություն է ընձեռում դյուրացնելու երկու երկրների հաղորդակցությունն իրենց պետությունների պետական կառույցների միջև, և ընդլայնելու կապը կազմակերպությունների, պալատների և ընկերակցությունների միջև, խթանելու այցերը, շփումները, ինչպես նաև՝ կազմակերպելու տոնավաճառներ, ցուցահանդեսներ, սեմինարներ և այլ միջոցառումներ՝ երկու երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Համաձայնագրով նախատեսվում է ձևավորել Տնտեսական, արդյունաբերական, գիտատեխնիկական հարցերով հայ-կորեական միջկառավարական հանձնաժողով, որի նիստերը կանցկացվեն ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ, հաջորդաբար՝ Հայաստանի Հանրապետությունում և Կորեայի Հանրապետությունում։ Համաձայնագրի ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանը, առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, տնտեսական կապերի ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը, երկուստեք առկա ներուժի օգտագործմանը:
16:59 - 31 օգոստոսի, 2023
«Փաշինյանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը՝ Արցախը ներառյալ, հիմնական խոչընդոտն է․բանակցային նարատիվը պետք է փոխել»․ Վարդան Օսկանյան
 |aravot.am|

«Փաշինյանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը՝ Արցախը ներառյալ, հիմնական խոչընդոտն է․բանակցային նարատիվը պետք է փոխել»․ Վարդան Օսկանյան |aravot.am|

aravot.am: ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր ֆեսբուքի ուղիղ եթերում անդրադարձավ Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ, արգենտինացի փաստաբան Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցին, որտեղ նա նշում է, որ Ադրբեջանն այսօր Արցախում ցեղասպանություն է իրականացնում։ Վարդան Օսկանյանն ասաց, որ երեկ հանդիպել է Օկամպոյին, ասաց, որ նա վճռական է տրամադրված եւ ցանկանում է այս հարցը տանել մինչեւ վերջ։ «Օկամպոն ապացուցում է, որ այն արարքը, որն այսօր Ադրբեջանն իրականացնում է Արցախում, դա ցեղասպանական արարք է, անկախ նրանից՝ այնտեղ զոհեր կա՞ն, թե՞ ոչ։ Նա իր զեկույցը կառուցում է ՄԱԿ-ի Ցեղասպանությունների կանխարգելման կոնվենցիայի դրույթների վրա, որտեղ ցեղասպանությունն ունի իր հստակ սահմանումը։ Այդ կոնվենցիայում նշվում են 5 արարքներ, որոնց իրականացման դեպքում, այդ արարքները որակվում են որպես ցեղասպանություն։ Օկամպոն իր զեկույցը կառուցում է այդ 5 արարքներից երրորդի վրա, որտեղ հստակ նշված է, որ ցանկացած երկիր կամ կողմ, որն ինչ-որ խմբի նկատմամբ կստեղծի մտածված այնպիսի պայմաններ, որոնք կարող են բերել այդ խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացմանը, ապա դա ցեղասպանական արարք է։ Եվ իրոք, այն, ինչ այսօր կատարվում է Արցախում, ամբողջությամբ տեղավորվում է այս տրամաբանության մեջ։ Օկամպոն բավական մեծ հեղինակություն է աշխարհում, նրա խոսքը լսում են, ուշադրություն են դարձնում, նա եղել է Միջազգային քրեական դատարանի ստեղծման հիմքում։ Ես երեկ հնարավորություն ունեցա հանդիպելու Օկամպոյի հետ, նրա հետ երկու ժամից ավելի զրույց եմ ունեցել։ Նա բավական վճռական է այս հարցում եւ անկախ ամեն ինչից, ուզում է այս հարցը տանել մինչեւ վերջ։ Նա շուտով լինելու է Վաշինգտոնում, Նյու Յորքում, ելույթներ է ունենալու եւ ուզում է վստահ լինել, որ Ադրբեջանն անպատիժ չի մնալու իր այս արարքի համար»,- ասաց նա։ Վարդան Օսկանյանը նշեց, որ Օկամպոն նաեւ խորհուրդ էր տալիս հայկական կողմին, որ այս գործոնն անպայման օգտագործեն նաեւ հայ-ադրբեջանական բանակցություններում։ «Սա արդեն քաղաքական գործոն է եւ կարող է իրոք բեկում մտցնել ամբողջ բանակցային գործընթացում»,- ասաց նա։ Օսկանյանն անդրադարձավ նաեւ Վաշինգտոնում տեղակայված մի անկախ իրավաբանական կառույցի հրապարակած զեկույցին, որում նրանք քննադատաբար էին մոտենում բանակցություններում օգտագործվող «Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության եւ իրավունքների խնդիր» ձեւակերպմանը։ «Նրանք իրենց զեկույցում պնդում են, որ այդ երկու կարեւոր հարցերի քննարկումը վակումի մեջ չի կարող ինչ-որ լուծման բերել։ Անվտանգություն եւ իրավունքներ, սրանք կարեւորագույն խնդիրներ են, դրանց քննարկումը նման վակումի մեջ՝ առանց կոնտեքստի, չի կարող արդյունք տալ։ Եվ նրանք պնդում են, որ այս կոնտեքստը հենց այդ ժողովրդի ինքնորոշման իրավունքն է։ Եվ այդ իրավունքն անպայման պետք է լինի օրակարգային խնդիր։ Զեկույցը պնդում է, որ ԼՂ ժողովուրդն ունի նվազագույն իրավունք՝ ունենալու մեկ ինքնորոշում։ Դա նվազագույնն է, որը նրանք արդեն ունեն, եւ որպես դրա հետեւանք, նրանք պնդում են, որ անպայման օրակարգում պետք է ներառված լինի այն փաստը եւ հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը սովետական շրջանում ունեցել է ինքնավար կարգավիճակ։ Եվ դա պետք է լինի որպես նվազագույն շեմ, որի վրա պետք է կառուցվի ցանկացած քննարկում, որը կարող է վերաբերել ԼՂ ժողովրդի ապագային, նրանց ճակատագրին։ Սա այս անկախ կառույցի կողմից առաջարկված պնդումն է, նրանք գտնում են, որ միայն այս ճանապարհով հնարավոր կլինի հասնել կայուն խաղաղության, որը եւ կապահովի ԼՂ ժողովրդի իրավունքները։ Նրանք առաջարկում են, որ այսօր բանակցային նարատիվի փոփոխություն լինի, որ անպայման օրակարգային հարց դառնա ինքնորոշման իրավունքի խնդիրը։ Եվ որպես օրակարգային կետ՝ մտնի, որ այդ ժողովուրդը նախկինում ունեցել է ինքնավար մարզ, որի վրա պետք է կառուցվի ամբողջ բանակցային տրամաբանությունը»,- ասաց նա։
15:06 - 31 օգոստոսի, 2023
Պետք է հաշվի առնել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ցանկությունները. ՌԴ ԱԳՆ-ն՝ Ֆրանսիայի նախագահի միջնորդական ջանքերի մասին |news.am|

Պետք է հաշվի առնել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ցանկությունները. ՌԴ ԱԳՆ-ն՝ Ֆրանսիայի նախագահի միջնորդական ջանքերի մասին |news.am|

news.am: Մի կողմից, մենք բազմիցս ասել ենք, որ ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը չի հակասում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Ռուսաստանի ջանքերին և չի կրկնում և, առավել եւս, չի խաթարում այդ ջանքերը։ Այս մասին ոչ շաբաթական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ՌԴ ԱԳՆ-ն վերաբերվում Բաքվի և Երևանի միջև հակամարտությունում միջնորդական ջանքերն ակտիվացնելու՝ Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությանը։ «Մյուս կողմից, մենք քաջատեղյակ ենք այս ուղղությամբ Ֆրանսիայի գործունեությանը, և ինչ պակաս կարևոր չէ, նման միջնորդական ջանքերի շրջանակներում նախ և առաջ անհրաժեշտ է հաշվի առնել հակամարտության երկու կողմերի դիրքորոշումը, այսինքն՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի։ Եվ առանց դրա չարժե ակնկալել, առանց այն էլ բավականաչափ թեժացած իրավիճակի հանգուցալուծման որեւէ առաջընթաց։ Սա ցանկացած միջնորդության Ալֆան և Օմեգան է»,- ասել է Զախարովան։
17:02 - 30 օգոստոսի, 2023
Քննարկման փուլում է հայկական ապրանքներն Իրանի տարածքով արաբական երկրներ ու Հնդկաստան արտահանելու տարբերակը |armenpress.am|

Քննարկման փուլում է հայկական ապրանքներն Իրանի տարածքով արաբական երկրներ ու Հնդկաստան արտահանելու տարբերակը |armenpress.am|

armenpress.am: Իրանում Հայաստանի առևտրային կցորդ Վարդան Կոստանյանն անդրադարձել է հայ-իրանական տնտեսական համագործակցությանը, ազատ տնտեսական գոտիների աշխատանքին, ապրանքաշրջանառության տեմպերին, ինչպես նաև երկու երկրների միջև իրականացվող կարևոր լոգիստիկ ծրագրերին։  Վերջերս Հայաստան էր ժամանել Իրանի նախագահի խորհրդական, ԻՀՀ ազատ տնտեսական գոտիների գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար Հոջաթոլլահ Աբդոլմալեքիի գլխավորած պատվիրակությունը։ Հայաստանի և Իրանի երկկողմ առևտրաշրջանառությունը աշխուժացնելու նպատակով Երևանում բացված ցուցահանդեսի շրջանակում Իրանի յոթ ազատ առևտրի գոտիների 60 իրանական և 50 հայկական ընկերություններ երեք օր շարունակ ներկայացրին արդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ուղղություններով իրենց արտադրանքները՝ հիմք ստեղծելով ավելի արդյունավետ ու փոխշահավետ համագործակցության համար։  Կոստանյանը տեղեկացրեց, որ Իրանում նախատեսվում է կառուցել ևս ութ ազատ տնտեսական գոտի, որոնց ընդհանուր քանակը հասցվելու է 15-ի։ «Աբդոլմալեքիի այցի հիմնական նպատակը Հայաստանի տնտեսվարողներին Իրանի տնտեսական գոտիների հնարավորությունների և դրանցում գրանցված ընկերությունների հետ ծանոթացնելն էր։ Քանի որ Իրանը լավ փորձ ունի ազատ տնտեսական գոտիների կառավարման գործում, հետևաբար փորձում ենք հասկանալ, թե ինչպես կարող է այդ փորձը օգտակար լինել մեր երկրի համար։ Պատահական չէ, որ իրանական կողմի հետ քննարկել ենք համատեղ ծրագրերի իրականացման և փորձի փոխանակման հետ կապված հարցեր»,- ասաց Իրանում ՀՀ-ի առևտրային կցորդը։ Անդրադառնալով երկու երկրների միջև ապրանքաշրջանառության դինամիկային՝ Կոստանյանը նշեց, որ անցյալ տարի ծավալը հասցվել էր 714 միլիոն դոլարի։ Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ գրանցվել է շուրջ 13 տոկոսի աճ, ինչը վկայում է այն մասին, որ դինամիկայի դրական տեմպը պահպանվում է։ Երկուստեք հանդիպումները շատ կարևոր են այն առումով, որ շահագրգիռ կողմերը փնտրում են նոր հնարավորություններ՝ առևտրաշրջանառությունն ավելի մեծ ծավալներով զարգացնելու համար, և, որպես առաջին քայլ, ծրագրված է այն հասցնել մեկ միլիարդ դոլարի, իսկ հետագայում՝ երեք միլիարդ դոլարի։ «Հիմա մենք ուսումնասիրում ենք, թե որքան չօգտագործված ներուժ և հնարավորություններ կան, որպեսզի դրանք նույնպես ի նպաստ բերենք երկկողմ համագործակցությանը։ Մյուս կողմից մեր հարևան երկիրը տակավին պատժամիջոցների տակ է, ուստի, տնտեսական քաղաքականություն իրականացնելիս, անպայման հաշվի ենք առնում նաև այդ հանգամանքը։ Իրանը պետականորեն աջակցում և պաշտպանում է իր տնտեսության մեջ ներդրում կատարող ընկերություններին, թեև հայ գործընկերների համար մի փոքր բարդություններ են առաջանում իրանական շուկա մուտք գործելու առումով։ Դրա համար շատ կարևոր են գործարար շրջանակների անմիջական հանդիպումները, որոնց ընթացքում փորձում են հնարավորինս արագ լուծել տեխնիկական և ընթացակարգային հարցերը, պարզել այն ուղղությունները, որտեղ մեր արտադրողները կարող են իրացնել իրենց տեսականին։ Իրանական կողմը շատ լավ գիտակցում է, որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, որն ունի ցամաքային սահման Իրանի հետ, ինչն էլ համատեղ լայն ծրագրեր իրականացնելու և արտադրություններ հիմնելու հնարավորություն է ընձեռում»,- ասաց մեր զրուցակիցը։ Ավելի մանրամասն` armenpress.am-ում։ 
09:39 - 30 օգոստոսի, 2023
«Հայաստանը ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է Հարավային Կովկասում»․ ՌԴ-ն ԱԳՆ-ն՝ 1997թ․ հայ-ռուսական փոխօգնության պայմանագրի մասին
 |factor.am|

«Հայաստանը ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է Հարավային Կովկասում»․ ՌԴ-ն ԱԳՆ-ն՝ 1997թ․ հայ-ռուսական փոխօգնության պայմանագրի մասին |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳՆ-ն իր պաշտոնական Telegram-ալիքում հայտարարություն է տարածել 1997 թվականին «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի ստորագրման օրվա կապակցությամբ։ Նշվում է, որ այս փաստաթուղթը նշանավորել է երկու երկրների միջպետական ​​հարաբերությունների ժամանակակից փուլի սկիզբը։ «Ռուսաստանը և Հայաստանը պայմանավորվել են ամեն կերպ ամրապնդել ավանդական բարեկամական հարաբերությունները և համակողմանի համագործակցությունը քաղաքական, տնտեսական, ռազմական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում։ Մեր երկրները նաև պարտավորվել են համագործակցել կայունության և անվտանգության բարելավման ուղղությամբ ինչպես Անդրկովկասյան տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ այս պայմանագրի ստորագրումը պայմաններ է ստեղծել «ռուս-հայկական քաղաքական երկխոսության ընդլայնման, երկկողմ համագործակցության ամրապնդման համար առևտրատնտեսական, գիտական, տեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներում։ Հետագայում մեր հարաբերությունների իրավական բազան ընդլայնվել է մինչև 200 փաստաթղթով»։ «Ժամանակակից փուլում ռուս-հայկական կապերը շարունակում են զարգանալ 1997 թվականի պայմանագրով ամրագրված սկզբունքներով, ներառյալ՝ պետական ​​ինքնիշխանության և անկախության փոխադարձ հարգանքը, իրավահավասարությունը և միմյանց ներքին գործերին չմիջամտելը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը: Այսօր Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից է, Հարավային Կովկասում մեր երկրի ռազմավարական գործընկերը»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ն։
15:19 - 29 օգոստոսի, 2023
Փաշինյանն ու Միշուստինը վստահ են՝ Հայաստանի և Ռուսաստանի հետագա համագործակցությունը կլինի ավելի արդյունավետ
 |armenpress.am|

Փաշինյանն ու Միշուստինը վստահ են՝ Հայաստանի և Ռուսաստանի հետագա համագործակցությունը կլինի ավելի արդյունավետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից առաջ կայացել է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀՀ Վարչապետը հիշեցրել է, որ Միշուստինի հետ իր վերջին հանդիպման ժամանակ ռուսական կողմը խոստացել էր, որ շուտով նոր ուղիներ կբացվեն Վերին Լարսի անցակետում, քանի որ այնտեղ վերջին շրջանում գոյացել էին բազմակիլոմետրանոց հերթեր։ Խոստումն արդեն իրականություն է, և այդ հանգամանքն, ըստ Փաշինյանի,  շատ կարևոր իրադարձություն է երկկողմ հարաբերություններում։ «2022 թվականի արդյունքներով՝ մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է հինգ միլիարդ դոլար։ Այն շարունակում է աճել և ընթացիկ տարում մենք արդեն հատել ենք  երեք միլիադ դոլարի սահմանագիծը, իսկ տարեվերջին կգերազանցենք 2022 թվականի ցուցանիշը։ Մենք ամուր և զորեղ հարաբերություններ ունենք, ինչը հիմք է տալիս համոզված ասելու, որ մեր հետագա համագործակցությունը կլինի ավելի արդյունավետ»,- ասել է ՀՀ Վարչապետը։ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն իր հերթին նշել է, որ Հայաստանում կայանալիք ԵԱՏՄ համաժողովը կազմակերպության ռազմավարությանն ու հետագա զարգացմանն առնչվող հարցերի քննարկման առումով ունի կարևոր նշանակություն։ «Մենք կարևորում ենք մեր երկու երկրների ռազմավարական գործընկերությունը։ Երկուստեք առևտրատնտեսական կապերը զարգանում են, ապրանքաշրջանառությունն աճում է, ինչը շահավետ է ԵԱՏՄ-ում Հայաստանի մասնակցության առումով։ Արդյունավետ համագործակցություն կա կազմակերպության բոլոր ադամների միջև։ Ինչ վերաբերում է մյուս նախաձեռնություններին, ապա մենք ընդլայնում ենք փոխգործակցությունն էներգետիկայի ոլորտում, հանքարդյունաբերության բնագավառում, լոգիստիկ տիրույթում։ Կան մի շարք ծրագրեր, որոնք առնչվում են ՏՏ ոլորտին»,- ասել է ՌԴ Վարչապետը։ Միշուստինի գնահատմամբ՝ ընդհանուր տնտեսական աճի վրա դրական ազդեցություն են թողնում նաև բիզնես շրջանակների կապերը։ Ռուսական կողմն առաջարկում է խթանել համագործակցության տեմպերը բոլոր բնագավառներում, հատկապես ներդրումային ծրագրերի մասով։ Չափազանց կարևոր է նաև ազգային արժույթների օգտագործումը համատեղ նախագծերում և փոխադարձ առևտրական կապերում, ինչը կնպաստի ապրանքաշրջանառության աճին և տնտեսությունների դիվերսիֆիկացիային։ «Հումանիտար ոլորտում նույնպես առկա է արդյունավետ համագործակցություն։ Հայաստանի քաղաքացիների շրջանում կա մեծ հետաքրքրություն ռուսաստանյան բուհերում կրթություն ստանալու առումով։ Ավելի քան հինգ հազար հայ ուսանողներ այսօր սովորում են Ռուսաստանում։ Մենք նրանց կաջակցենք որակյալ ուսում ստանալու հարցում։ Չափազանց կարևորում ենք նաև ռուսաց լեզվի ուսուցման գործընթացը Հայաստանում և դիտարկում նոր դպրոցներ կառուցելու հեռանկարը։ Հայաստանից բազմաթիվ մասնագետներ ռուսաց լեզվի դասավանդման դասընթացներ  են անցնում Ռուսաստանում։ Մինչև տարեվերջ բոլոր դպրոցների համար Հայաստան կուղարկենք ավելի քան 50 հազար դասագիրք»,- նշեց Միշուստինը։
17:06 - 24 օգոստոսի, 2023
Ապաստան տրամադրող Հայաստան․ միջազգային պաշտպանություն հայցողների թիվն ավելացել է
 |hetq.am|

Ապաստան տրամադրող Հայաստան․ միջազգային պաշտպանություն հայցողների թիվն ավելացել է |hetq.am|

hetq.am: 2023 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան ստանալու համար 440 անձ է դիմել։ Այս ցուցանիշը շուրջ 2 անգամ ավել է 2010-2022 թվականներին ապաստան հայցած անձանց թվի տարեկան միջնարժեքից (մեդիան)․ միջինում մեկ տարվա ընթացքում Հայաստանից ապաստան է խնդրում 225 մարդ, իսկ այս տարվա 6 ամսում դիմումներն արդեն կրկնակի են։ Այս դիմումները քննում է Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։ Հայաստանը ապաստան է տրամադրում օտարերկրյա այն քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, որոնք հետապնդումների, արտաքին կամ ներքին սպառնալիքների պատճառով ստիպված են եղել լքել իրենց քաղաքացիության կամ մշտական բնակության երկիրը: Այս գործընթացը կարգավորվում է «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքով։ Նախորդ տարի՝ 2022-ին, ապաստան հայցողների թիվը 968 է եղել։ Վերջին տասնամյակում սա գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։ 2021-ի նկատմամբ ավելի քան 270% աճը հիմնականում պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով․ նախորդ տարի ապաստան հայցողների ուղիղ կեսը՝ 484-ը, Ուկրաինայի քաղաքացիներ են եղել։ Առաջին հայացքից այս տարի տեմպն ընկել է, սակայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դիմումների թիվը ավելի քիչ է եղել՝ 364: Ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների՝ այս տարվա հունվար-հունիս ժամանակահատվածում ապաստան հայցողների շարքում ամենից շատ Իրաքի քաղաքացիներ են՝ 131 հոգի։ 115 դիմումով երկրորդ տեղում Ուկրաինայի քաղաքացիներն են։ Հայաստանից ապաստան խնդրել է Ադրբեջանի 2 և Թուրքիայի 10 քաղաքացի։ Ադրբեջանի 1 և Թուրքիայի 2 քաղաքացու դիմում կարճվել է, 1-ի դիմումը՝ մերժվել։ Ընդհանուր առմամբ, դիմումներ եղել են 25 երկրների քաղաքացիներից։ Հունվար-հունիս ժամանակահատվածում Հայաստանում 179 օտարերկրյա քաղաքացի փախստական է ճանաչվել։ Այս ցանկում ամենաշատը Ուկրաինայի քաղաքացիներ են՝ 124 հոգի։ Փախստականի կարգավիճակ է տրամադրվել Իրաքի 23, Սիրիայի 12 քաղաքացիների։ Փախստական է ճանաչվել Պակիստանի 6 քաղաքացի։ Ավելի մանրամասն՝   hetq.am-ում։ 
14:46 - 21 օգոստոսի, 2023