Հայոց ցեղասպանություն

ՀՀ ոստիկանությունը հորդորում է ձեռնպահ մնալ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը մթագնելու փորձերից

ՀՀ ոստիկանությունը հորդորում է ձեռնպահ մնալ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը մթագնելու փորձերից

ՀՀ ոստիկանությունն ապրիլի 24-ին նվիրված միջոցառումներին ընդառաջ հայտարարությամբ է հանդես եկել. «Հարգելի համաքաղաքացինե՜ր, Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների ընթացքում ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները: Ապահովվելու է մեր քաղաքացիների և հյուրերի անվտանգությունը ինչպես դեպի Ծիծեռնակաբերդ երթերի ընթացքում, այնպես էլ հուշահամալիրի տարածքում կայանալիք միջոցառումների ժամանակ: Միևնույն ժամանակ ակնկալում ենք մեր համաքաղաքացիների աջակցությունն ու հորդորում ձեռնպահ մնալ նահատակների հիշատակը օրվա խորհրդին անհարիր գործողություններով մթագնելու փորձերից: Ոստիկանությունը ունի բոլոր միջոցները՝ կանխելու մեր ինքնությանը խորթ և պատմական հիշողությունը վիրավորող դրսևորումները: Ապրիլի 24-ին կրկին աշխարհին ներկայանանք որպես հինավուրց ու արժանապատիվ ժողովուրդ, որը սրբորեն է պահում նախնիների հիշատակը և վեր է համաժողովրդական ցավը մասնավոր նպատակների ծառայեցնելու գայթակղությունից»,-ասվում է հայտարարությունում:
16:50 - 23 ապրիլի, 2022
«Անպատժելիությունը ծնում ու արդարացնում է նոր հանցագործություններ». ՄԻՊ ուղերձը Ցեղասպանության 107-րդ տարելիցին

«Անպատժելիությունը ծնում ու արդարացնում է նոր հանցագործություններ». ՄԻՊ ուղերձը Ցեղասպանության 107-րդ տարելիցին

ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հայտարարություն է տարածել Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև.  «Ապրիլի 24-ին կլրանա Հայոց մեծ Եղեռնի ոճրագործության 107-րդ տարելիցը, սակայն մինչ օրս արդարությունը վերականգնված չէ։ Վերականգնված չեն սպանված ու խեղված տղամարդկանց, կանանց ու ծերերի, որբացած երեխաների, իրենց հայրենի տնից բռնի տեղահանված հայերի, կրոնի և էթնիկ պատկանելության հիմքով անմարդկային կտտանքների և տանջանքների ենթարկվածների իրավունքները։ Նրանցից շատերն ամբողջ կյանքում այդ դժոխային տեսարաններն աչքի առջև մահացան հարազատների ու հայրենիքի կարոտով, սպասումով, որ գոնե ապագա սերունդներն ականատես կլինեն արդարության վերականգնմանը։  Անառարկելի իրողությունների նկատմամբ ժխտողական քաղաքականությունը, որը Թուրքիան վարում է արդեն մեկ դարից ավել, շարունակում է լրջագույն մարտահրավեր մնալ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դատապարտման, կանխարգելման ու հետապնդման համընդհանուր նորմեր սահմանող միջազգային իրավակարգի իրագործման համար։  Առաջին աշխարհամարտից հետո նոր թափ առած մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության ու արդարադատության միջազգային համընդհանուր մեխանիզմների կատարելագործմանը միտված ջանքերը շարունակում են ստվերված մնալ թուրքական պետության խիստ դատապարտելի այս քաղաքականությամբ։  Անպատժելիությունը ծնում ու արդարացնում է նոր հանցագործությունները։  Ցավալիորեն էթնիկ ու կրոնական ատելության հիմքով ցեղասպանական քաղաքականության վտանգներն ի չիք չեն դարձել մեր ժողովրդի համար։ Սրա ցավալի ու ամենաթարմ ապացույցները 2020 թվականի պատերազմի ընթացքում ադրբեջանաթուրքական տանդեմի փաստագրված հանցագործություններն են՝ ուղղված էթնիկ հայերի դեմ։ Էթնիկ ու կրոնական հիմքով ատելության քարոզն ու դրանով մոտիվացված հանցավոր գործողություններն ադրբեջանական պետության կողմից պետական մակարդակով այժմ էլ իրականացվում են արցախահայության նկատմամբ՝ նպատակ ունենալով հայաթափել Արցախն իր բնիկ ժողովրդից, վերացնել հայկական բազմադարյա մշակույթի կոթողներն ու նմուշները, ջնջել հայկականության հետքը, անհնարին դարձնել իրենց բնօրրանում ապրող հայերի կյանքը։ Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին և վերահաստատում, որ հանցագործության դատապարտումը, մեղավորների պատիժն ու արդարության վերականգնումն է, որ կարող են կանխարգելել ապագայի ոճրագործությունները»։
13:20 - 23 ապրիլի, 2022
Երկօրյա պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ՌԴ ԴԺ պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Երկօրյա պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ՌԴ ԴԺ պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Երկօրյա այցով Հայաստանում էին ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները։ Այսօր նրանք այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը եւ ներկայացրել Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին: Ռուս պատգամավորները եւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահե Ղալումյանը, Բաբկեն Թունյանը, Ալեքսեյ Սանդիկովը եւ Վաղարշակ Հակոբյանը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Պատվիրակությունը Հայաստանում է ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստի շրջանակում, որն անցկացվել է ապրիլի 22-ին Ստեփանավանում:
12:02 - 23 ապրիլի, 2022
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզի քաղաքապետի հրավերով տեղի է ունեցել ընդունելություն հարյուրավոր ֆրանսահայերի մասնակցությամբ

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզի քաղաքապետի հրավերով տեղի է ունեցել ընդունելություն հարյուրավոր ֆրանսահայերի մասնակցությամբ

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 22-ին Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում քաղաքապետ Անն Հիդալգոյի հրավերով տեղի ունեցավ ընդունելություն՝ բազմաթիվ խորհրդարանականների, Փարիզի քաղաքային խորհրդի անդամների և հարյուրավոր ֆրանսահայերի մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ընդունելության մեկնարկին ելույթներով հանդես եկան Փարիզի քաղաքապետը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) երկու համանախագահները: Դեսպան Տոլմաջյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության ժխտողականության դատապարտման անհրաժեշտությանը՝ ընդգծելով դրա կարևորությունն ինչպես համայն հայության համար, այնպես էլ ցեղասպանությունների կանխարգելման և մարդկության դեմ հանցագործությունների միջազգային պայքարի տեսանկյունից: Դեսպանը հիշեցրեց նաև այն կարևոր դերակատարման մասին, որ Ֆրանսիան ունեցել է ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին ապաստանելու հարցում՝ շեշտելով, որ Ֆրանսիայում ապաստանած հայ գաղթականների սերունդները, պահպանելով իրենց ազգային ինքնությունը, միևնույն ժամանակ դարձել են Ֆրանսիայի լիիրավ և պատասխանատու քաղաքացիներ՝ մեծ ավանդ ունենալով Ֆրանսիայի զարգացման և հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացման գործում։ Եզրափակելով իր խոսքը՝ դեսպանը շնորհակալություն հայտնեց Փարիզի քաղաքային իշխանություններին, ի դեմս քաղաքապետ Հիդալգոյի, մշտապես Հայաստանի և Արցախի կողքին լինելու համար։ Նա հիշեցրեց, որ Փարիզի քաղաքային խորհուրդն առաջիններից էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո ընդունեց բանաձև՝ կոչ անելով ճանաչել Լեռնային Ղարաբաղը։ Դեսպանը նաև շնորհակալություն հայտնեց քաղաքապետ Հիդալգոյին, ինչպես նաև փոխքաղաքապետ Առնո Նգաչային՝ Փարիզի սրտում Հայաստանի էսպլանադի բացման նախագծի կյանքի կոչման համար։
11:22 - 23 ապրիլի, 2022
Փայլանը Թուրքիայի մեջլիսին է ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ |azatutyun.am|

Փայլանը Թուրքիայի մեջլիսին է ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ մեջլիսի քննարկմանն է ներկայացրել օրինագիծ, որը ենթադրում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սահմանել պատասխանատուներին, հանրային վայրերից հեռացնել ցեղասպանության մեղավորների անունները, փոխարենը այդ վայրերը անվանակոչել ցեղասպանությանը ընդդիմացած քաղծառայողների անուններով, տուժածներին և նրանց ընտանիքների անդամներին Թուրքիայի քաղաքացիություն շնորհել:  «Հայ ժողովրդի Մեծ Եղեռնը դրա իրագործման վայրում՝ Թուրքիայի մեջլիսում պետք է քննարկվի, անվանակոչվի և արդարություն հաստատվի: Եթե դա տեղի ունենա, ապա այլևս կարևոր չի լինի, թե այլ երկրների ղեկավարներն ու խորհրդարանները ինչ կասեն այս հարցի վերաբերյալ: Հայ ժողովրդի վերքը միայն թուրքական հասարակությունը կարող է ամոքել: Հայոց ցեղասպանությունը այս հողերում է իրականացվել, և արդարությունն էլ միայն այստեղ՝ Թուրքիայում կարող է հաստատվել»,- ասված է օրինագծում:
10:57 - 23 ապրիլի, 2022
Ապրիլի 23-ին և 24-ին Երևանում փակ են լինելու փողոցներ. ՀՀ ոստիկանություն

Ապրիլի 23-ին և 24-ին Երևանում փակ են լինելու փողոցներ. ՀՀ ոստիկանություն

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվելիք ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին, ժամը 19․30-ից կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։  Մասնակի կարգելվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում, Ամիրյան փողոցում, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում և Կիևյան փողոցում։ «Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 24-ին, ժամը 06.00-ից, կարգելվի երթևեկությունը Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ, Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից Աթենքի փողոց ուղղությամբ, Հրազդանի կիրճի Երևանի ՀԷԿ-ի հարակից կամրջից Իսակովի պողոտա ուղղությամբ, Վերֆելի փողոցը՝ դեպի Բրազիլիայի հրապարակ ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նույն օրը, ժամը 9․00-ից 10․30-ն, պետական արարողական միջոցառման մասնակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով փակ է լինելու մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
20:34 - 22 ապրիլի, 2022
Հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականության դրսևորումները չեն սահմանափակվում միայն 1915 թվականի Հայոց ցեղասպանությամբ. Ֆրանսիայում ՀՀ դեսպան

Հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականության դրսևորումները չեն սահմանափակվում միայն 1915 թվականի Հայոց ցեղասպանությամբ. Ֆրանսիայում ՀՀ դեսպան

Ֆրանսիայի Շարանտոն-լը-Պոն քաղաքի հայկական խաչքարի առջև ապրիլի 20-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողություն՝ մասնակցությամբ Վալ-դը-Մարն դեպարտամենտի ղեկավարության, բազմաթիվ քաղաքապետերի և Ֆրանսիայի Ազգային ժողովի ու Սենատի անդամների։ Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից: Իր ելույթի ժամանակ դեսպան Տոլմաջյանը հիշեցրել է, որ սեփական հայրենիքում հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականության դրսևորումները չեն սահմանափակվում միայն 1915 թվականի Հայոց ցեղասպանությամբ։ Դրանք սկիզբ են առել դեռևս 19-րդ դար վերջին՝ Օսմանյան կայսրությունում 1894-1895 թվականների հայկական ջարդերով, շարունակական բնույթ ստացել 20-րդ դարի ընթացքում և հասել ընդհուպ մինչև մեր օրեր, ինչի ամենավերջին դրսևորումներն էին պատերազմն Արցախում և այդտեղ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումներն ու խաղաղ բնակչության սպանությունները։ Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել Շարանտոն-լը-Պոնի քաղաքապետ Էրվե Գիքելը, Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Միշել Էրբիյոնը և Վալ-դը-Մարն դեպարտամենտի նախագահ Օլիվիե Կապիտանյոն։ Արարողությանը ներկա են եղել և ծաղկեպսակներ տեղադրել Ֆրանսիայի Սենատի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնը, Սենատի մշակույթի և կրթության հանձնաժողովի նախագահ Լորան Լաֆոնը, Սեն Մորիսի քաղաքապետ Իգոր Սեմոն, Մեզոն-Ալֆորի քաղաքապետ Մարի-Ֆրանս Պարենը, ինչպես նաև մի շարք այլ քաղաքների ղեկավար ներկայացուցիչներ։   Միջոցառմանը ներկա են եղել նաև Ֆրանսիայի Հայոց թեմի նորընտիր առաջնորդ Տեր Գրիգոր վարդապետ Խաչատրյանը և Ալֆորվիլի հոգևոր հովիվ Տեր Տիրայր Քելեջյանը։ Հիշատակի արարողությանը մասնակցել է նաև ֆրանսիացի պատգամավոր Միշել Հերբիլլոն: Պատգամավորը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ու լուսանկարներ հրապարակել:  «Այսօր, ինչպես ամեն տարի, ներկա էի Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառմանը»,- գրել է ֆրանսիացի պատգամավորը:
17:08 - 22 ապրիլի, 2022
Այս իշխանությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ որևէ քայլ չի արել. Վանեցյան |news.am|

Այս իշխանությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ որևէ քայլ չի արել. Վանեցյան |news.am|

news.am: Գիշերն անցել է հանգիստ, որևէ արտառոց դեպք տեղի չի ունեցել. այսօր շարունակում ենք մեր իրազեկման անժամկետ ակցիան. Ազատության հրապարակում լինելու են տարբեր քննարկումներ, դասախոսություններ: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ օրվա ավարտին, ըստ անհրաժեշտության, կիրականացնեն այս կամ այն ակցիան: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, Արթուր Վանեցյանը նախ հիշեցրեց թուրքական իշխանությունների հայտարարությունները, ըստ որի, եթե հայերն ուզում են կարգավորել հարաբերությունները, պետք է հրաժարվեն  Հայոց ցեղասպանության ճանաչումից, պահանջատիրությունից։ «Առհասարակ խոսվում է այն մասին, ոչ ուղիղ տեքստով, որ մեր Սահմանադրութունը պետք է փոփոխվի։ Սահմանադրության հիմքը Անկախության հռչակագիրն է, որի մեջ հստակ գրված է, որ Հայաստանը պահանջատեր է ու անելու է ամեն ինչ Ցեղասպանությունը ճանաչելու համար։ Այս իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքում Թուրքիայի այդ հայտարարություններին, ընդհակառակը՝ նախաձեռնել են սահմանադրական բարեփոխումների գործընթաց, եթե չընդվզենք, եթե չպայքարենք, իրենք անպայման այդ  փոփոխությունը կանեն»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը: Նրա խոսքով, այս իշխանությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ որևէ քայլ չի արել. «Արված է մեկ քայլ, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հայտարարում է, որ Ցեղասպանության ճանաչման հարցը Սփյուռքի հարցն է։  Դա հերթական անհեթեթ հայտարարությունն է, որն ուղղակի անթույլատրելի է։  Ֆանտաստիկայի ժանրից է, որ կարող է Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը նման հայտարարություն անել»,- ասաց Վանեցյանը: Ընդդիմադիր քաղաքական գործիչը նշեց, որ կարևորում է հասնել նրան, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի ողջ  աշխարհի կողմից, հատկապես  Թուրքիան ընդունի իր մեղքն ու ներողություն խնդրի հայ ժողովրդից։
10:59 - 21 ապրիլի, 2022
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում կոնսենսուսով ընդունվեց ՀՀ-ի կողմից առաջադրված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը․ ԱԳՆ

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում կոնսենսուսով ընդունվեց ՀՀ-ի կողմից առաջադրված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը․ ԱԳՆ

Մարտի 31-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի ընթացքում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի կողմից առաջադրված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Բանաձևը, որ ավանդաբար ներկայացվում է Հայաստանի կողմից, գնահատելով ներկայիս վտանգներն ու մարտահրավերները, նախանշում է այն քայլերը, որոնք պետք է միասնականորեն իրականացվեն ՄԱԿ անդամ երկրների կողմից ցեղասպանության արհավիրքը կանխելու, դրա ճանաչման, արդարության վերականգման, փոխհատուցման, մեղավորներին պատժելու և հաշվետվողականություն ապահովելու ուղղությամբ: Բանաձևը լայն աջակցություն է վայելում, ինչի վկայությունն է բոլոր հինգ տարածաշրջանային խմբերը ներկայացնող երկրների կողմից դրա համահեղինակումը: Այս տարի Բանաձևն առաջ է քաշում այնպիսի խնդիրներ ինչպիսիք են հակամարտության ռիսկերի գնահատման և դրանք թույլ չտալուն ուղղված քայլերի ձեռնարկումը, նոր տեխնոլոգիաների չարաշահումը, այդ թվում` սոցիալական հարթակների միջոցով ապատեղեկատվության տարածման վտանգները, վերահաստատում է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի համընդհանուր վավերացումն ապահովելու անհրաժեշտությունը: Բանաձևն առաջարկում է ՄԱԿ-ի շրջանակում կազմակերպել համաժողով, որը նվիրված կլինի Կոնվենցիայի 75-ամյակին: Համաժողովի ընթացքում նախատեսվում է նաև քննարկել սոցիալական հարթակների և դրանք որպես ատելության գործիք օգտագործելու անթույլատրելիությունը: 
11:45 - 01 ապրիլի, 2022