Վարդան Օսկանյան

ՀՀ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր, «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ (հիմնադիր)։ 

Ծնվել է 1955թվականի փետրվարի 7-ին քաղաք Հալեպում։

1998-2008թվականներին զբաղեցրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնը։  2008-2012թվականներին եղել է «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ (հիմնադիր)։ 2012թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր։ 

Պատերազմը բացառված էր. Փաշինյանը այն բերել է մեր ժողովրդի գլխին իր սխալների պատճառով. Վարդան Օսկանյան |news.am|

Պատերազմը բացառված էր. Փաշինյանը այն բերել է մեր ժողովրդի գլխին իր սխալների պատճառով. Վարդան Օսկանյան |news.am|

news.am: Ցանկացած նախաձեռնություն, որը կարող է նպաստել նրան, որ մենք կարողանանք հավաքականորեն բռնել Փաշինյանի ձեռքը, որ նան փաստաթուղթ չստորագրի, արժի դրան մասնակցել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 4-ին, Կենտրոն վարչական շրջանի նստավայրում «Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքին միանալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը: «Սա կարեւոր նախաձեռնություն է, հուսով եմ՝ մեր ժողովուրդը կստորագրի: Դա կարեւոր է եւ իշխանություններին, եւ միջազգային հանրությանը հստակ ուղերձ հղելու, որ հայ ժողովուրդը պատրաստ չէ ընդունել այն, ինչ իշխանությունները փորձում են անել: Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչության 90 տոկոսից ավելին դեմ է, որ ԼՂ-ն ցանկացած կարգավիճակով լինի Ադրբեջանի մաս: Հակառակ դրան, իշխանությունները դա արհամարհում են: Նման նախաձեռնությունները, որ օրենքի ուժով կպարտադրեն՝ քրեականացնելով նման քայլը, շատ կարեւոր են:  Կոչ եմ անում բոլորին գալ եւ մասնակցել:»,-ասաց Օսկանյանը: Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանի նախկին իշխանությունները հիմք ընդունելով մադրիդյան սկզբունքները, նաեւ Քի Վեսթյան բանակցությունները, ըստ էության, ԼՂ-ն ճանաչել են Ադրբեջանի մաս, Օսկանյանն ասաց. «Հայաստանի նախկին որեւէ նախագահ, իշխանություն երբեք Արցախը Ադրբեջանի կազմում չի ճանաչել: Անկախ նրանից, թե Փաշինյանն ինչ կասի, ինչպես կմեկնաբանի, այդպիսի բան չի եղել: Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որ նման բան ասել է եւ հիմա փորձում է դա ֆորմալիզացնել՝ ստորագրելով համապատասխան փաստաթղթեր: Դա պետք է թույլ չտալ, այդ արարքի համար մենք սերունդներով կզղջանք»: Ինչ վերաբերում է այսօր ստեղծված իրավիճակից հնարավոր ելքերին, ԱԳ նախկին նախարարն ասաց. «Այսօր լրջագույն այլընտրանք կա  նրան, ինչը Փաշինյանը փորձում է անել: Հիմա փորձում են ներկայացնել, թե պատերազմն անխուսափելի էր: Ոչ միայն անխուսափելի չէր, այլեւ պատերազմը բացառված էր: Պատերազմը Փաշինյանը բերել է մեր ժողովրդի գլխին իր սխալների պատճառով: Դրա փաստերը բոլորի համար ակնհայտ է: Հիմա էլ նույնկերպ ասվում է, որ այն ինչ արվում է, դրան այլընտրանք չկա, ինչն այդպես չէ»,-ասաց Օսկանյանը:
12:54 - 04 հուլիսի, 2023
Փաշինյանի ոչ ռացիոնալությունն է մեզ հասցրել այս վիճակին․ Վարդան Օսկանյան

Փաշինյանի ոչ ռացիոնալությունն է մեզ հասցրել այս վիճակին․ Վարդան Օսկանյան

Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը հասցրել այսօրվա վիճակին դիվանագիտական ու ռազմաքաղաքական գիտելիքների բացակայության, ծրագիր չունենալու և որոշումներ կայացնելիս ոչ ռացիոնալություն դրսևորելու պատճառով։ Ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման մեջ Օսկանյանը նշում է՝ Հայաստանի նման երկրի առաջնորդությունը Փաշինյանի հագով չէր։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Իմ նախորդ գրառման մեջ ասել էի, որ 2018-ից ի վեր Հայաստանի նման երկրի առաջնորդությունը Փաշինյանի հագով չէր։ Առավել ևս՝ նրա հագով չէ այսօր։ Կրկնեմ՝ Հայաստանի՝ դիվանագիտական և ռազմաքաղաքական նվազագույն հմտություններից զուրկ որևէ ղեկավար չէր կարող հաջողություն ունենալ։ Փաշինյանը չուներ և հիմա էլ չունի այդ հմտությունները։ Ես ուզում եմ բացել և հիմնավորել իմ նախորդ գրառմանպնդումը։ Առաջին, Փաշինյանն իրոք չունի դիվանագիտական և ռազմաքաղաքական գիտելիք ու փորձ։ Նրա կրթությունը չի վերաբերել այդ ոլորտներին, նա չի ծառայել բանակում և, բացառությամբ, խորհրդարանական մի քանի այցելությունների արտերկիր, իր ողջ ընդդիմադիր գործունեության ընթացքում հատկանշական որևէ փորձ այդ ասպարեզում ձեռք չի բերել։ Սակայն Փաշինյանի խնդիրն այն է, որ նա լսող չէ, և նրա սահմանափակ գիտելիքների պատճառով նրա շփման մակերեսը իրական գիտության հետ գրեթե զրոյական էր․ նրան թվում էր, թե ինքն ամեն ինչ գիտի։ Բնականաբար, երբ մարդը շատ բան չգիտի, բայց կարծում է, որ ամեն ինչ գիտի, ձախողում է ամեն ինչ։ Երկրորդ, երբ Փաշինյանը եկավ իշխանության, չէր պատկերացնում, թե ինչ պետք էր անել Արցախյան հարցում։ Նրա դիրքորոշումը անորոշ և քաոսային էր։ Դժբախտաբար, նա չուզեց խորհրդակցել նախկիններից որևէ մեկի հետ։ Հայտնվել էր «եթե չգիտես ուր ես գնում, երբեք չես կորչում» խաբուսիկ շրջանի մեջ, ուստի որևէ պահի կարիք չէր զգում ինքն իրեն հարց տալու, թե արդյոք սխալ ճանապարհով չի գնում։ Որոշ ժամանակ անց Փաշինյանի մոտ ձևավորվեց միտքը,- որը կարծես դարձավ նրա ղարաբաղյան քաղաքականության անկյունաքարը,- թե հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Այս մոտեցումը, զուգորդված «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությամբ, պատերազմի բռնկման պատճառ դարձավ՝ Ադրբեջանին առիթ տալով պատճառաբանելու բանակցային ճանապարհով հարցը լուծելու անհնարինությունը։ Ադրբեջանցիների ընկալմամբ՝ դա ցինիզմի և չհիմնավորված իդեալիզմի համադրություն էր։ Երրորդ, Փաշինյանը ռացիոնալ քաղաքական գործիչ չէր և չէր կարող լինել։ Ռացիոնալ որոշում կայացնել կարողանալու համար անհրաժեշտ մի քանի պայման կա. նախ, որ անհատն իր էությամբ և մտածողությամբ չպետք է համակված լինի ատելությամբ, մոլեռանդությամբ, նախապաշարմունքներով և նմնատիպ այլ բարդույթներով։ Փաշինյանի ատելությունը ներսում նախկինների, իսկ դրսում Ռուսաստանի նկատմամբ բավական էր, որ նա կորցներ ռացիոնալությունը։ Ավելին, ռացիոնալ որոշում կայացնողը չպետք է ճանաչողական պատրանքներ (cognitive illusion) ունենա։ Այո՛, ինչպես որ կա օպտիկական պատրանք (optical illusion), այնպես էլ կա ճանաչողականը։ Տասնամյակների իր լրատվական ու խմբագրական գործունեության ընթացքում Փաշինյանն առաջնորդվել է ոչ թե լրագրողի անաչառությամբ, այլ քաղաքական և ընդդիմադիր նկատառումներով՝ հետևողականորեն աղավաղելով և մանիպուլացնելով փաստերն ու իրադարձությունները և դրանով իսկ ճանաչողական պատրանքի ենթարկելով սեփական ընթերցողին։ Փաշինյանը չէր կարող զերծ մնալ անձամբ նման պատրանքի ենթարկվելուց, հատկապես, երբ այդ ամենն արդեն տեղավորել էր պետական նարատիվի մեջ։ Վերջապես, ռացիոնալ որոշում կայացնողը պետք է հմտություն ունենա տարբերակելու իրար լրացնող, բայց իրարից խիստ տարբեր հասկացությունները, որոնց շփոթն անխուսափելիորեն հանգեցնում է ծայրահեղ վնասակար հետևանքների։ Համոզմունք և ապացույց (belief and evidence), հավանականություն և պատահականություն (probability and randomness), հարաբերակցություն և պատճառականություն (correlation and causation)․ սրանք ընդամենը մի քանիսն են այդ հասկացություններից։ Փաշինյանի՝ անցած հինգ տարիների գործունեությունը, հրապարակային հայտարարությունները և հատկապես գրանցած «արդյունքները» վկայում են, որ նա բացարձակապես ի վիճակի չի եղել այս տարբերակումներն անելուց։ Մի խոսքով, նրա մոտ դիվանագիտական ու ռազմաքաղաքական գիտելիքների բացակայությունը, ծրագրի չգոյությունն ու որոշումներ կայացնելիս ոչ ռացիոնալությունն են մեզ հասցրել այսօրվա վիճակին»։
11:55 - 27 հունիսի, 2023
Մաքրման և խղճի հանգստության ամենաուղիղ ու կարճ ճանապարհն ինքնակամ հրաժարականն է. Հայաստանի նման երկրի առաջնորդությունը Փաշինյանի հագով չէ. Վարդան Օսկանյան

Մաքրման և խղճի հանգստության ամենաուղիղ ու կարճ ճանապարհն ինքնակամ հրաժարականն է. Հայաստանի նման երկրի առաջնորդությունը Փաշինյանի հագով չէ. Վարդան Օսկանյան

Հայաստանի՝ ռազմաքաղաքական նվազագույն հմտություններից զուրկ որևէ ղեկավար չէր կարող հաջողություն ունենալ. Փաշինյանը չուներ և հիմա էլ չունի այդ հմտությունները, այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ «44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ներքուստ զգաց և գիտակցեց զոհերի և կորուստների իր մեղքն ու պատասխանատվությունը, նրա մոտ միանգամից ի հայտ եկավ պատասխանատվությունից խուսափելու, ինքնամաքրման, խղճի հանգստության մարդկային բնազդը։ Որքան ժամանակն անցավ ու հայ ժողովուրդն ավելի շատ սկսեց գիտակցել կորուստների չափը, խորությունն ու հետևանքները, այնքան կատարելագործվեցին և նոր դրսևորումներ ստացան Փաշինյանի արդարացման և ինքնամաքրման ջանքերը։ Մարդկային բնազդներն ու զգացումները, սակայն, տեղ չունեն պետական և միջազգային հարաբերություններում։ Կա Սահմանադրություն, կան օրենքներ, իսկ միջազգային հարաբերություններում կան գրված և չգրված նորմեր։Այն, ինչ կատարվեց Հայաստանում և նրա շուրջ 2018-ի ապրիլից հետո, երկրի առաջին դեմքի, նրա՝ գլխավոր հրամանատարի և արտաքին քաղաքականության միանձնյա պատասխանատուի ձախողումն է՝ անկախ ամեն ինչից։ Փաշինյանն այսօր խոսելու, արդարանալու, առավել ևս՝ նախկիններին մեղադրելու տեղ պարզապես չունի։ Եթե այսօր նա հասած լիներ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, բացած լիներ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանը, առանց պատերազմի ու զոհերի պահած լիներ Արցախը՝ ԼՂԻՄ-ի սահմաններով ու միջանցքով, միայն այդ ժամանակ իրավունք կունենար մեղադրել նախկիններին այդ ամենը երեսուն տարի անել չկարողանալու համար։ Փաշինյանի դիլեման այն է, ինչը և ավելի է ծանրացնում ու խորացնում նրա պատասխանատվությունն ու մեղքը, որ նախկին երեք նախագահներից նա ստացել էր այնպիսի ժառանգություն, որ 2018-ից սկսած կարող էր անել այն, ինչ ես նկարագրեցի վերևում՝ հաշվի առնելով նաև նրա հանրային լայն աջակցությունը 2018-ի իշխանափոխությունից հետո։ Նա, սակայն, փոշիացրեց այդ ամենը։ Իրոք, եթե Փաշինյանն ունենար դիվանագիտական նվազագույն հմտություն, նախ կխուսափեինք պատերազմից և այսօր կունենայինք Արցախ՝ ԼՂԻՄ-ի ամբողջական տարածքով, 20 կմ Լաչինի միջանցքով՝ ճանաչված Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային հանրության կողմից, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից երաշխավորված միջանկյալ կարգավիճակով, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բաց սահմաններով։ Այս ամենը սևը սպիտակի վրա նկարագրված է Մադրիդյան փաստաթղթում։ Հայաստանի՝ ռազմաքաղաքական նվազագույն հմտություններից զուրկ որևէ ղեկավար չէր կարող հաջողություն ունենալ։ Փաշինյանը չուներ և հիմա էլ չունի այդ հմտությունները։ Այսօր կա խաղաղ և դիվանագիտական այլընտրանք այն ամենին, ինչ արվում է։ Միջազգային հանրությանը հետաքրքրում է հարցի լուծումը, այլ ոչ թե լուծման բովանդակությունը։ Նրանք, հատկապես՝ Արևմուտքը, այսօր մեծ կորովով աջակցում են Փաշինյանին, որովհետև ի դեմս նրա տեսել են մարդու, որն իրենց հարցի լուծման ամենահեշտ ու կարճ ճանապարհի հնարավորություն է ընձեռել։ Այն պահին, երբ Հայաստանը կարողանա հմուտ ու տրամաբանված նոր ձևակերպում տալ հարցի լուծման իր մոտեցումներին, նրանց մոտ միանշանակ դիրքորոշումների փոփոխություն կլինի։ Մի խոսքով, 2018-ից ի վեր՝ Հայաստանի նման երկրի առաջնորդությունը Փաշինյանի հագով չէր։ Առավել ևս՝ նրա հագով չէ այսօր։ Մաքրման և խղճի հանգստության ամենաուղիղ ու կարճ ճանապարհը նրա ինքնակամ հրաժարականն է և երկրի ղեկավարման հանձնումը ռազմաքաղաքական և դիվանագիտական հարցերում ձեռնհաս մարդու», - Facebook-ում գրել է Օսկանյանը։
13:55 - 21 հունիսի, 2023
«Անկարա այցելելով՝ Փաշինյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ շատ հեռու է դիվանագիտությունից»․ Վարդան Օսկանյան

«Անկարա այցելելով՝ Փաշինյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ շատ հեռու է դիվանագիտությունից»․ Վարդան Օսկանյան

Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը ներկա գտնվելու մասին գրառում է արել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Էրդողանի երդման արարողությանը Հայաստանում և Սփյուռքում լայն շրջանակների զարմանքն ու զայրույթն է առաջացրել։ Ճիշտն ասած՝ ինձ այդ այցը ո՛չ զարմացրեց, ո՛չ էլ զայրացրեց, որովհետև Անկարայում Փաշինյանը ներկայացնում էր ոչ թե հայ ժողովրդին, այլ ինքն իրեն։ Նա չէր ներկայացնում անգամ իր սեփական ողջ կուսակցությանը կամ ողջ կառավարությանը, որովհետև ոչ ոք չի կարող ինձ համոզել, որ այնտեղ չկան մարդիկ, որ դեմ չէին լինի նրա մասնակցությանը։ Ես մի կողմ եմ դնելու հարցի զգացական և բարոյական մասը առ այն, թե ինչ արժեքներ տրորելով նա հասավ Անկարա․ ցուցակը շատ երկար է։ Հարցը կներկայացնեմ միայն քաղաքական ու դիվանագիտական տեսանկյունից։ Այս այցով Փաշինյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ շատ հեռու է դիվանագիտությունից։ Ես հաճախ եմ ասել և չեմ զլանա կրկնել, որ եթե նա նվազագույն դիվանագիտական հմտություն ունենար, այսօր մենք կունենայինք Արցախ՝ ԼՂԻՄ-ի ամբողջական տարածքով, 20 կմ Լաչինի միջանցքով՝ ճանաչված Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային հանրության կողմից, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից երաշխավորված միջանկյալ կարգավիճակով, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բաց սահմաններով։ Փաշինյանը չի հասկացել, որ Թուրքիայում երկրաշարժից հետո օգնություն ցուցաբերելով ու Էրդողանի երդման արարողությանը մասնակցելով՝ չի կարող Թուրքիային սիրաշահել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։ Թուրքիան իր քայլն անելու է, երբ ինքը նպատակահարմար համարի։ Ավելին, հայ-թուրքական սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման բանալին Բաքվում է։ Հիմա, երբ Լեռնային Ղարաբաղը հանձնվում է Բաքվին, և շուտով կբավարարվեն Ադրբեջանի մյուս պայմանները, Թուրքիան բացելու է սահմանը՝ անկախ նրանից՝ այդ այցը կլիներ, թե ոչ։   Այստեղ կա նաև Փաշինյանի արժանապատվության խնդիրը։ Էրդողանը բառի իսկական և փոխաբերական իմաստով վիրավորել է ոչ միայն հայ ժողովրդին, այլև անձամբ Փաշինյանին։ Իր եղբայր Ալիևի հետ Փաշինյանի ու հայերի նկատմամբ նրանց վիրավորանքների համադրումը չէր կարող որևէ մեկի մոտ ցանկություն առաջացնել մասնակցելու արարողության վասն ոչնչի։ Հայաստաին ու Թուրքիայի հարաբերությունները հազիվ թե կարելի է ավելի կարևոր համարել, քան, օրինակ, Ֆրանսիայի ու Հունաստանի հարաբերություններն այդ երկրի հետ։ Սակայն ո՛չ Մակրոնը, ո՛չ Միցոտակիսը չմասնակցեցին այդ արարողությանը՝ իմ համոզմամբ՝ նաև այն պատճառով, որ Էրդողանն անձնական վիրավորանք է հասցրել նրանց։ Ճիշտը չգնալն էր։ Եթե ամբողջ հայ ժողովրդի մեջ կար ընդամենը մի մարդ, որին այս այցը ցավ էր պատճառելու, պետք չէր գնալ, որովհետև չգնալուց ոչինչ չէինք կորցնելու»։
17:45 - 05 հունիսի, 2023
Ադրբեջանը պետք է գիտակցի՝ փաշինյանական լուծումը խաղաղություն չի բերելու․ Վարդան Օսկանյան

Ադրբեջանը պետք է գիտակցի՝ փաշինյանական լուծումը խաղաղություն չի բերելու․ Վարդան Օսկանյան

Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը մայիսի 22-ի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ գրառում է կատարել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսից վերջնականապես պարզ դարձավ, որ նա Ղարաբաղը հանձնում է Ադրբեջանին։ Պարզ դարձավ նաև, որ 2020-ի պատերազմից հետո Հայաստանի ինքնիշխան տարածքից կորսված հատվածներից բացի՝ «անկլավների» քողի տակ նա հանձնում է լրացուցիչ տարածքներ, որոնք միանշանակ վնասելու են մեր բարեկամ երկու երկրների՝ Իրանի և Վրաստանի հետ ռազմավարական հաղորդակցությունները, ինչը բնականաբար առաջացնելու է անվտանգային լրջագույն խնդիրներ։ Կասկած չունեմ՝ շուտով նաև կլսենք, որ Ադրբեջանին տրվում է միջանցք «ոչ միջանցքային տրամանաբնությամբ»։ Այս բոլորը բացատրվում և արդարացվում է պարզունակ հիմնավորմամբ, թե Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակում և աշխարհաքաղաքական առկա փոփոխությունների պայմաններում պարզապես այլընտրանք չկա։ Նախ արձանագրենք, որ Հայաստանում և Արցախում ստեղծված այսօրվա իրավիճակի հիմնական պատճառը բացառապես Փաշինյանի սխալ և անհեռատես ռազմաքաղաքական ու դիվանագիտական ձախողումներն են։ Երկրորդ՝ աշխարհաքաղաքական այսօրվա հեղհեղուկ վիճակը մեզ ստիպում է ոչ թե արագ հասնել մեզ համար բացարձակապես անընդունելի հանգուցալուծման, այլ ճիշտ հակառակը՝ առավել լայն հնարավորություններ է ստեղծում հարցի՝ մեզ համար բարենպաստ լուծումների հասնելու համար։ Առանց մտնելու վերլուծությունների, պատմական անդրադարձերի և այլ քննարկումների մեջ՝ ուզում եմ ամենայն վստահությամբ և պատասխանատվությամբ ասել, որ լրջագույն այլընտրանք կա այն ամենին, ինչ արվում է այսօր։ Եվ որ շատ կարճ ժամանակում հնարավոր է կտրուկ փոփոխություն մտցնել այս հարցում հետաքրքրություն ցուցաբերող և միջնորդական առաքելություն իրականացնող երկրների տեսակետներում և մոտեցումներում։ Նույն ժամանակահատվածում հնարավոր է հասնել մի այնպիսի բանակցային փուլի, որի օրակարգային հարցերի համադրումը հնարավորություն կստեղծի հասնել Արցախյան հարցի՝ կողմերի համար ընկալելի լուծման, որը և կարող է լինել միակ երաշխիքը այս տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության։ Միջազգային հանրությունը և Ադրբեջանը պետք է գիտակցեն, որ խնդրի փաշինյանական լուծումը խաղաղություն չի բերելու երկու ժողովուրդների միջև։ Իհարկե, այն, ինչ արվում է, անընդունելի է և դատապարտելի։ Համոզված եմ՝ Փաշինյանին չի հաջողվելու հարցին նման լուծում տալ։ Եթե անգամ նա նման փաստաթուղթ ստորագրի, դա կլինի ժամանակավոր շեղում պատմության բնականոն ընթացքից»,- ասված է Օսկանյանի գրառման մեջ։ Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի՝ 86,6 հազար կմ² տարածքային ամբողջականությունը, որի մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը։ «86, 6հազար կմ²-ը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք՝ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով․․․ 86,6 հազար կմ² տարածքային ամբողջականությունը Հայաստանը պատրաստ է ճանաչել և, մեր ընկալմամբ, Ադրբեջանը պատրաստ է ճանաչել ՀՀ 29,8 հազար կմ² տարածքային ամբողջականությունը»,- ասել էր Փաշինյանը։
14:37 - 23 մայիսի, 2023
Փաշինյանի ձեռքը պետք է բռնել հենց հիմա, հետո ուշ կլինի․ Վարդան Օսկանյան

Փաշինյանի ձեռքը պետք է բռնել հենց հիմա, հետո ուշ կլինի․ Վարդան Օսկանյան

Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր հոդվածը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ մայիսի 14-ին Բրյուսելում կայացած հանդիպման և ԼՂ խնդրի ներկա փուլի վտանգավոր միտումների մասին։ Հոդվածը՝ ստորև։ Ակնհայտ է, որ մտնում ենք Արցախի հանձնման վերջնական փուլ։ Փաշինյանի ամեն մի հանդիպում աշխարհագրական որևէ վայրում առավել խորացնում և անշրջելի է դարձնում Արցախի հանձնման գործընթացը։ Բրյուսելյան հանդիպման ընթացքում խնդիրն ավելի բարդացավ ու խորացավ, երբ Փաշինյանն ընկավ իր իսկ լարած թակարդը։ Այնքան խոսեց 29 800 քառակուսի կիլոմետրի մասին, որ Ալիևն արդեն ինքն էլ իր երկրի քառակուսի կիլոմետրերի ճանաչման պահանջ դրեց, ինչը, բնականաբար, չի կարող մեկնաբանության տեղ թողնել, որ դրա մեջ չի մտնում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը ։ Շառլ Միշելի նկարագրած դրույթներով որևէ փաստաթղթի ստորագրում նշանակում է, որ ստորագրման պահից Արցախը վերածվում է Ջավախքի և, ի տարբերություն Ջավախքի, որոշ ժամանակ՝ միգուցե մեկ տասնամյակ անց, վերածվելու է Նախիջևանի։ Եթե Փաշինյանի ձեռքը պետք է բռնել, որ նա նման փաստաթուղթ չստորագրի, ապա դրա ժամանակը հենց հիմա է։ Այլապես հետո ուշ կլինի։ Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը ունի բոլոր տեսակի իրավունքները Փաշինյանին ետ պահելու այդ քայլից։ Նախ՝ Փաշինյանը պարզապես իրավունք չունի նման փաստաթուղթ ստորագրելու։ Առաջին՝ իրավական տեսակետից այդ փաստաթուղթը կհակասի Հայաստանի Սահմանադրությանը և անկախ Հայաստանի Գերագույն խորհրդի 1992-ի ընդունած որոշմանը։ Նման փաստաթուղթ ստորագրելու և վավերացնելու համար պետք է փոխել Հայաստանի Սահմանադրությունը և չեղարկել Գերագույն խորհրդի որոշումը։ Երկրորդ՝ նման իրավունք որևէ մեկին վերապահված չէ։ Ընտրություններում մեծամասնություն ունենալը չի նշանակում իրավունք ձեռք բերել հայ ժողովրդի համար գոյութենական հարցում կամայական որոշումներ կայացնելու։ Երրորդ՝ Արցախի ժողովուրդը, որի ֆիզիկական գոյության հարցն է դրված նժարին, եղել է անցած տասնամյակների զրկանքների և տառապանքների հիմնական կրողը և իր ճակատագիրը որոշելու լիազորություն որևէ մեկին չի տվել։ Չորրորդ՝ Հայաստանի Ազգային ժողովի հաստատած՝ Փաշինյանի իսկ կառավարության ծրագրում Լեռնային Ղարաբաղի մասով կա դրույթ, ըստ որի՝ հետամուտ պետք է լինել Արցախի ժովորդի ինքնորոշման իրավունքի իրացմանը «անջատում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա, որի աներկբա իրավունքն ունի Արցախի ժողովուրդը։ Ավելին, սառը պատերազմի ավարտից անմիջապես հետո աշխարհում գոյություն ունեցող հիսունից ավելի ինքնորոշման ընթացիկ շարժումներից մենք՝ հայերս, կլինենք առաջինը և միակը, որ հրաժարվում է իր իրավունքներից։ Եթե Հայաստանը, հայ ժողովուրդը, Արցախը երբևէ պարտադրված կամ կամովին հրաժարվեն ինքնորոշման իրենց անքակտելի իրավունքից և ընդունեն Ադրբեջանի ինքնիշխանությունն Արցախի նկատմամբ, ապա դա աշխարհում կլինի նախադեպ, որը մեզ կարժանացնի ժողովուրդների կամային արժանիքների որակավորման ցածր և նվաստացուցիչ գնահատականի։ Ցավալի նաև այն է, որ այսօր առկա՝ ժողովուրդների ինքնորոշման չորս տասնյակից ավելի շարժումներից ամենաուժեղ ու հիմնավոր պատմական, իրավական և քաղաքական հիմքերը ունի հենց Արցախի ինքնորոշման շարժումը։ Պատմականորեն՝ Արցախի ժողովուրդը հազարամյակներ ապրել և գոյատևել է հենց այս տարածքում։ Ավելին, այսօր մեր երկու պետությունների՝ հայերով բնակեցված տարածքներից ամենահայկականը հենց Արցախն է։ Պատմության ընթացքում, երբ Հայաստանը ենթարկվել է տարբեր ազգերի ասպատակությունների, Արցախը միշտ պահել է առնվազն իր կիսանկախ կարգավիճակը։ Իրավականորեն՝ Արցախի ինքնորոշման իրավունքի հիմքերը պարզապես անխոցելի են։ Ինքնորոշման իրավունքի պահանջատիրության հիմնական նախապայմանները նախկինում և այսօր ամբողջությամբ բավարարված են։ Քաղաքականորեն՝ Արցախը ունի երեք տասնամյակից ավելի բանակցային նախապատմոււթյուն, որի ընթացքում ինչ-որ պահի միջազգային հանրությունը՝ միջնորդների բերանով, հարցի խաղաղ կարգավորման օպտիմալ միջոց է համարել Արցախի ժողովրդի ազատ և անկաշկանդ կամարտահայտությունը։ Ես շարունակում եմ համոզված մնալ, որ չենք սպառել դիվանագիտական հնարավորությունները և որ այսօր հայանպաստ լրջագույն այլընտրանքներ կան այն ամենին, ինչ անում են Հայաստանի իշխանությունները։ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի դիվանագիտությունը որևէ լուրջ ջանք գրեթե չի գործադրել հայանպաստ արդյունքի հասնելու համար։ Ցանկացած բանակցությունների արդյունք պետք է առնվազն բարելավի կողմերի հարաբերությունները։ Ճանապարհը, որն ընտրել են Հայաստանի իշխանությունները, չի կարող բավարարել այս պայմանը։ Միգուցե նման փաստաթղթի ստորագրումը բարեկամական կապեր հաստատի ներկա իշխանությունների և Ադրբեջանի միջև, բայց վստահաբար չի կարող բարեկամության հիմք ծառայել Հայաստան պետության, հայ ժողովրդի և Ադրբեջանի միջև։
16:10 - 15 մայիսի, 2023
Ես Վարդան Օսկանյանի խոսնակը չեմ, թող հրապարակեն իրենց տարբերակները. Նիկոլ Փաշինյան
 |armtimes.com|

Ես Վարդան Օսկանյանի խոսնակը չեմ, թող հրապարակեն իրենց տարբերակները. Նիկոլ Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: «Օսկանյանն ինձ հետ 44-օրյա պատերազմից հետո հանդիպել է»: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով լրագրողի այն հարցը, թե արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմից առաջ ու հետո տարբեր մարդկանց միջոցով փորձել է հանդիպել իր հետ, բայց չի կարողացել: Հարցին, թե ո՞րն է այն երրորդ տարբերակը, որով Օսկանյանն առաջարկել է գնալ, Փաշինյանն արձագանքեց. «Թող իրենք հրապարակեն իրենց տարբերակները, ես իրենց խոսնակը չեմ: Ասում են՝ 2018 թվականին մենք սա էինք ուզում առաջարկել, թող հիմա հրապարակեն, թե ինչ էին ուզում առաջարկել, ես էլ կարձագանքեմ: Իրենց առաջարկներն ամբողջությամբ արտահայտված են իրենց թողած բանակցային ժառանգության մեջ»: Վարչապետը նկատեց՝ իր ակնկալիքն է, որ ֆունդամենտալ պրոբլեմներին անդրադառնանք: «Իսկ ֆունդամենտալ պրոբլեմն այն է, որ բանակցային իրականությունը մի բան է եղել, եկել տեսախցիկների առաջ ուրիշ բան ենք խոսել: Հիմա ես ինչ եմ փորձում անել 2018 թվականից, փորձում եմ այնպես անել, որ բանակցային սենյակներում և հրապարակային՝ ժողովրդի հետ խոսակցությունը, լինի նույնը, և դա շատ ցավոտ և բարդ պրոցես է»,- նկատեց նա:
12:49 - 20 ապրիլի, 2023
Վարդան Օսկանյանն անդրադարձել է Մադրիդյան սկզբունքներին ու Նիկոլ Փաշինյանի պնդումներին |civilnet.am|

Վարդան Օսկանյանն անդրադարձել է Մադրիդյան սկզբունքներին ու Նիկոլ Փաշինյանի պնդումներին |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և անդրադարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղյան կարգավորման բանակցությունների և 2007-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ներկայացրած Մադրիդյան փաստաթղթի վերաբերյալ պնդումներին։ Ապրիլի 18-ին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ «Վարդան Օսկանյանը Մադրիդյան սկզբունքներով էս շիլաշփոթն ավելի խորը շիլաշփոթ է սարքել»։ Օսկանյանը նշել է, որ Հայաստանն իր անկախության տարիներին դիվանագիտական երկու կարևոր ձեռքբերում է ունեցել։ Առաջինը, նրա խոսքով, 1994-ին ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովում էր, երբ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վետո կիրառեց «կոնսենսուս մինուս մեկ» սկզբունքի վրա՝ չնայած միջազգային մեծ ճնշմանը։ Օսկանյանը դիվանագիտական երկրորդ մեծ ձեռքբերումը համարել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների՝ 2007-ի վերջին ներկայացրած Մարդիդյան փաստաթուղթը, ինչը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախագահության ավարտին։ «Այսօր իշխանությունն իրեն արդարացնելու համար մեր այդ ձեռքբերումը փոշիացնում է։ Համոզված եղե՛ք՝ ճիշտ դիվանագիտության ճիշտ օգտագործման պարագայում այդ փաստաթուղթը դեռևս իր ուժը չի կորցրել։ Դա հիմնարար փաստաթուղթ է, դրանով մենք կարող ենք մեծ հաջողությունների հասնել»,- ասել է Օսկանյանը։ Մադրիդյան փաստաթղթի նախաբանում մի քանի կարևոր արձանագրում կա Օսկանյանն ընդգծել է, որ Մադրիդյան փաստաթղթի նախաբանում մի քանի կարևոր արձանագրում կա․ «Առաջին, որ այնտեղ նշվում են ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտի երեք հիմնարար սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշում և ուժի կամ ուժի սպառնալիքի բացառում։ Երկրորդ, այդ փաստաթղթի հենց նախաբանում ասվում է, որ նախագահները հանձնարարում են իրենց արտաքին գործերի նախարարներին հետամուտ լինել այս փաստաթղթի մշակմանը, և այդ փաստաթուղթը, չակերտներում ասված է՝ «հետայսու՝ խաղաղության պայմանագիր»։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանը, որն այսօր խոսում է խաղաղության համաձայնության մասին, Մադրիդյան փաստաթուղթը հենց այդ համաձայնագիրն էր։ Հենց այդպես էլ նշված է՝ «հետայսու խաղաղության համաձայնագիր […] Երրորդ, երբ 2007-ի նոյեմբերի վերջին – դեկտեմբերի սկզբին ԵԱՀԿ նախարարների խորհրդում համանախագահները դա ներկայացրեցին,- առաջին անգամ կոնֆլիկտի այդ քսան տարիների ընթացքում, որ արդեն հինգ փաստաթուղթ էր ներկայացվել, ու սա վեցերորդն էր,- առաջին անգամ նրանք ասացին, որ սա մեր վերջնական և լավագույն առաջարկն է՝ best guess: Սա դիվանագիտության մեջ ընդունված տերմինաբանությունն է․ միջնորդները տարիներով աշխատանք են անում, հետո գալիս ասում են՝ մեր առաջարկած լուծումը սա է։ Առաջին անգամ այդ առաջարկությունը դրվեց ԵԱՀԿ դեպոզիտարիայում։ Նման բան երբեք չի եղել․ նախկին հինգ առաջարկությունները չեն դրվել ԵԱՀԿ դեպոզիտարիայում։ Այս մեկը դրվել է և դեռևս այնտեղ է»։ Նախկին արտգործնախարարն ասել է, որ հենց այս նախաբանի մասում արդեն իսկ Մադրիդյան փաստաթուղթն առանձնանում է։ Վարդան Օսկանյանն անդրադարձել է նաև, թե Մադրիդյան փաստաթուղթն ըստ էության ինչ հնարավորություններ էր տալիս։ Նրա խոսքով՝ այն հիմնական մի քանի բաղադրիչ ուներ։ Առաջինը, ըստ Օսկանյանի, հանրաքվեն էր, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է անցկացներ, որոշեր սեփական ճակատագիրը։ «Այնտեղ թվական չկար։ Այնտեղ կոնկրետացում չկար։ Պարզապես սկզբունքն էր ֆիքսվում։ Բոլորը հասկանում էին, որ դա կարող է որոշ ժամանակ հետո տեղի ունենալ, դրա համար էլ երկրորդ կարևոր կոմպոնենտը կար»։ Երկրորդ կարևոր կոմպոնենտը, ըստ Օսկանյանի, միջանկյալ կարգավիճակի մասին դրույթն էր․ «Դա այդ օրերին Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո անկախ կարգավիճակի օրինականացումն էր, դրան դե յուրե ինչ-որ հիմք տալը։ Միջանկյալ կարգավիճակը պետք է ճանաչեր ողջ աշխարհը, միջազգային հանրությունը, ներառյալ՝ Ադրբեջանը, Թուրքիան․․․ բոլորը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է բանաձև անցկացներ այդ միջանկյալ կարգավիճակի շարունակականությունը ապահովելու համար մինչև հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվելը։ Դրանից հետո գալիս էր տարածքների վերադարձը՝ հինգը, հետո մյուս երկուսը։ Այնտեղ կար՝ Լաչինի միջանցքը՝ մոտ 20 կմ լայնությամբ, որը պետք է ունենար նույն կարգավիճակը, ինչ միջանկյալ կարգավիճակ որ տրվում էր Լեռնային Ղարաբաղին»։ Օսկանյանի խոսքով՝ դրանով երկարաժամկետ, եթե ոչ՝ հավերժ, ամրագրվում էր Լեռնային Ղարաբաղի առնվազն դե ֆակտո անկախությունը․ «Եթե հետագայում լիներ այդ հանրաքվեն, դե յուրե էր ամրագրվում։ Եթե ուշանում էր հանրաքվեն կամ չէր լինում, համենայն դեպս երաշխավորվում էր Լեռնային Ղարաբաղի հայկականությունը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հաստատումը»։ Օսկանյանն անդրադարձել է նաև Հայաստանի ներկայիս կառավարության կողմից արծարծվող այն պնդմանը, որ Շուշին մշտապես եղել է առևտրի առարկա։ Նախկին արտգործնախարարն ասել է, որ 1991-ից ի վեր Շուշին երբեք չի եղել առևտրի առարկա․ «Շուշին համարվել է Լեռնային Ղարաբաղի անքակտելի մաս։ Դրա մասին նույնիսկ Ադրբեջանը հարց չի բարձրացրել։ Շուշիի մասին խոսք է եղել միայն ու միայն ադրբեջանաբնակների այնտեղ հնարավոր վերադարձի կոնտեքստում»։ Անդրադառնալով այլ շահարկումների՝ Օսկանյանն ընգծել է, որ Հայաստանի որևէ իշխանություն երբեք ուղղակի կամ անուղղակի Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել որպես Ադրբեջանի մաս։ Մադրիդյան փաստաթուղթը կարգավորման երեք հնարավորություն էր տալիս Վարդան Օսկանյանը նշել է, որ Մադրիդյան փաստաթուղթը խնդրի կարգավորման երեք հնարավորություն էր տալիս։ «Առաջինը, որը մաքսիմումն էր և մեզ համար ամենացանկալին, այն էր, որ կլիներ հանրաքվեն, արդյունքները հայտնի կդառնային, և հանրաքվեին դրվելիք հարցերը որևէ սահմանափակում չունեին։ Լինելու էր հանձնաժողով, որը զբաղվելու էր ժամկետով, հարցումներով և այլն։ Բայց սկզբունքն արդեն իսկ ֆիքսվել էր, որ հարցումները սահմանափակում չեն ունենալու»։ Ըստ Օսկանյանի՝ հանրաքվեին դրվելիք հարցերի շարքում կլիներ անկախությունը, Հայաստանին միացումը, ինքնավարությունը․ «Այսինքն՝ տրվելու էին բոլոր այլընտրանքները՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքը պետք է ընտրեր, թե ինչ կարգավիճակ է ուզում իր համար»։ Օսկանյանը նշել է, որ առաջին տարբերակով հանրաքվեի անցկացումից հետո Ադրբեջանը կստանար հինգ պլյուս երկու շրջանները՝ բացառությամբ 20 կմ Լաչինի միջանցքի։ «Երկրորդ հնարավորությունն այն էր, որ եթե հանձնաժողովը հանրաքվեի ժամկետների շուրջ շատ արագ համաձայնության չէր գալիս, կամ մենք արդեն առաջին օրվանից չէինք կարողանում հենց պայմանագրում, Մադրիդյան փաստաթղթում նշել հանրաքվեի թվականը, կարգավորման երկրորդ տարբերակն այն էր լինելու, որ միջանկյալ կարգավիճակն էր դառնալու գլխավորը։ Ադրբեջանին տրվելու էին հինգ շրջանները, իսկ երկուսը՝ Քելբաջարն ու Լաչինի ոչ միջանցքային մասը, կապվելու էին հանրաքվեի արդյունքներին։ Այսինքն՝ Ադրբեջանը կստանար հինգ տարածք, հանձնաժողովը կաշխատեր հանրաքվեի թվականը, մյուս մանրամասները ճշտելու համար, միջանկյալ կարգավիճակը ուժ կստանար, անվտանգության երաշխիքները ուժի մեջ կմտնեին, բոլոր ճանապարհները կբացվեին, Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններ կհաստատվեին, և Լաչինն ու Քելբաջարը կմնային հայկական տնօրինության տակ մինչև հանրաքվեի անցկացումն ու դրա արդյունքների հստակեցումը»։ Երրորդ հնարավոր տարբերակը, ըստ Օսկանյանի, այն էր, որ ստորագրման պահից Ադրբեջանին տրվում էին հինգ տարածքները, մնացած դրույթները ուժի մեջ էին մտնում, իսկ Քելբաջարն ու Լաչինի ոչ միջանցքային մասը չէին կապվում հանրաքվեի արդյունքների հետ․ «Այնտեղ առանձնակի նշվում էր տարի՝ երկու տարի, երեք տարի, հինգ տարի։ Այսինքն՝ ստորագրման պահին Ադրբեջանը ստանում էր հինգ շրջանը, մնացած բոլորը [դրույթները] մտնում էին ուժի մեջ, և այնտեղ նշվում էր, որ Քելբաջարն ու Լաչինի ոչ միջանցքային մասը վերադարձվելու են Ադրբեջանին երեք տարուց կամ հինգ տարուց։ Այն, ինչին մենք կհամաձայնեինք բանակցությունների արդյունքում, այդպես էլ կնշվեր»։ «Ադրբեջանը, ես կարող եմ ձեզ ասել, որ պատրաստ էր մինչև հինգ տարի սպասելու այդ երկու տարածքներին։ Ուղղակի նրանք պնդում էին, որ այդ երկու տարածքների վերդադարձը չկապվի հանրաքվեի հետ՝ մտավախություն ունենալով, որ միգուցե հանրաքվեն շատ ուշ կարող է լինել կամ ընդհանրապես չլինել»։ Շարունակելով՝ Օսկանյանը բացատրել է, թե ինչու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չգնաց իր թվարկած երեք տարբերակներից մեկն ընդունելուն։ «Երբ մենք այս փաստաթուղթը ձեռք բերեցինք, չմոռանանք, որ 2007-ի վերջն էր։ 2008-ին կային նախագահական ընտրություններ, Քոչարյանը երրորդ ժամկետ չէր գնալու, բնականաբար, իրավունքը չուներ։ Իրեն մնացել էր՝ մեր իշխանությանը՝ այսպես ասած, մի քանի ամիս։ Ակնկալել, որ այդ փաստաթուղթը քիչ թե շատ տեսք ստանալուց հետո մենք պետք է գնայինք այդ երեք տարբերակներից որևէ մեկով և հասնեինք հարցի կարգավորմանը, տրամաբանական չէր լինի, որովհետև ժամանակը շատ կարճ էր։ Դա պետք է անեին արդեն հաջորդ իշխանությունները,- ասել է նախկին արտգործնախարարը։- Մենք այդ փաստաթուղթն ենք ստեղծել, այդ փաստաթուղթն ենք ձեռք բերել, այդ փաստաթուղթն ենք դրել սեղանի վրա»։ «Ես չեմ ուզում որևէ մեկին մեղադրել հաջորդ իշխանություններից, որ նրանք տասը տարում չկարողացան այս փաստաթղթից լավագույնս օգտվել։ Ո՛չ»։ Շարունակությունը՝ civilnet.am-ում
17:13 - 19 ապրիլի, 2023
Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու փաստաթուղթ ստորագրելու այլընտրանքը փաստաթուղթ չստորագրելն է․ Վարդան Օսկանյան |news.am|

Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու փաստաթուղթ ստորագրելու այլընտրանքը փաստաթուղթ չստորագրելն է․ Վարդան Օսկանյան |news.am|

news.am: Այսօր բանակցային օրակարգը թելադրված է Ադրբեջանի կողմից. այսօր ինչ  կա բանակցային սեղանին՝ Արցախն Ադրբեջանի մաս, միջանցք, սահմանազատում եւ անկլավների խնդիր. Այս երեքն էլ ադրբեջանական օրակարգ են, բանակցություններում չկա հայկական օրակարգ:  Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովում նշեց ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը: «Օրակարգը պետք է ընդլայնել, եռանկյունը դարձնել հնգակնյուն, վեցանկյուն, որպեսզի հնարավորություն լինի առեւտուր անելու եւ որեւէ փաստաթուղթ ստորագրելու: Այսօր այլընտրանք կա. երբ խնդիր է դրված, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում,  մարդկանց ասում ես այլընտրանք կա, միանգամից հայելային են մտածում, որ դրա այլընտրանքն այն է, որ Արցախը լինի անկախ կամ Հայաստանի մաս: Ոչ, ես այդպիսի խնդիր չեմ դնում. Իմ այլընտրանքը հետեւյալն է. փաստաթուղթ ստորագրելու այլընտրանքը փաստաթուղթ չստորագրելն է: Մենք այսօր շատ համեստ խնդիր պետք է դնենք: ՀՀ իշխանություններն այսօր այդ հնարավորությունն ունեն: Առաջինը այն կլինի, որ նրանք կարողանան այդ օրակարգն ընդլայնել, այնտեղ ներառել Շուշիի, Հադրութի խնդիրը, առանց ագրեսիվ լինելու: Մենք խնդիր չենք դնում դրանք հետ վերցնելու խնդիրը, կարելի է դա ձեւակերպել  հետեւյալ կերպ.  ի՞նչ է լինելու Շուշիի ու Հադրութի ճակատագիրը: Դա պետք է մտնի այդ օրակարգի մեջ, մեր գերիների վերադարձի խնդիրը, ԼՂ-ի կարգավիճակի խնդիրը, Ադրբեջանի զորքերի դուրսբերումը Հայաստանի տարածքից: Այդպիսի օրակարգով կարելի է ստեղծել մի փաթեթ, որի  շուրջ հավերժ կարելի է բանակցել եւ միջազգային  հանրությունը շատ նոերմալ կընդունի, որովհետեւ այն խնդիրները, որոնք այնտեղ դրվում են, դրանք ծայրահեղական, անիրատեսական պահանջներ չեն, դրանք մեր նվազագույն իրավունքներն են.,-հայտարարեց Վարդան Օսկանյանը: Նա ընդգծեց, որ այս իշխանությունները շատ ավելի լայն հնարավորություններ ունեն այլընտրանքային տարբերակների, քան կունենար որեւէ այլ իշխանություն. «Ասեմ ինչու. եթե դու իշխանություն ես, որ հոգեբանորեն պատրաստ ես Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, դա էապես միջազգային հարաբերություններում քո հնարավորություններն էապես մեծացնում են: Եթե իշխանությունները հոգեբանորեն պատրաստ են Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, ես առաջարկում եմ իրենց գնալ ավելի համարձակ քայլերի եւ հարցը տեղափոխել ամբողջապես իրավական դաշտ: Քաղաքական գործընթացները պահել, բայց ավելի շատ շեշտը դնել իրավական հարթության վրա: Օրինակ, այդ եռանկյունին, որ թվարկեցի՝ տարածքային խնդիրը, միջանցքն ու անկլավները, բոլորն էլ ինչ-որ չափով խորհրդային ժառանգության խնդիրներ են: Այսօր կարելի է ձեռնոց նետել Ադրբեջանին, որ եթե ուզում ես սովետական քարտեզներով ինչ-որ խնդիր լուծել ինձ հետ, բարեհաճիր ամբողջությամբ վերականգնել խորհրդային քարտեզները, վերականգնիր ԼՂԻՄ-ը, որը գոյություն է ունեցել բոլոր քարտեզներում: Որպեսզի դու բարոյական ունենաս խոսելու խորհրդային քարտեզներով անկլավների մասին, նախ վերականգնիր ԼՂԻՄ-ը՝ Շուշիով եւ Հադրութով: Սա ձեռնոց նետել է, եւ Ադրբեջանը դա չի անելու: Ադրբեջանը հայտարարել է, որ ԼՂ-ն ունենալու է զրո կարգավիճակ: Մինչդեռ նախկինում եւ հայր Ալիեւը, եւ որդին բազմաթիվ անգամ հայտարարել են միջնորդներին՝ ձեր մատը դրեք աշխարհում ամենաբարձր ինքնավարություն ունեցող միավորի կարգավիճակի վրա, ես պատրաստ եմ դա տալ ղարաբաղցիներին: Նա դա չի անելու եւ ԼՂԻՄ-ը վերականգնելու մերժումը այն կարմիր գիծն է միջազգային իրվաբանության մեջ, որ եթե կա ժողովուրդ, որն իրավունք ունի ինքնորոշման, առաջինը նրան ընձեռնվում է ներքին ինքնորոշման իրավունքը: Իսկ եթե մայր երկիրը այդ իրավունքը ունենալով հանդերձ մերժում է նրա ներքին ինքնորոշումը, եւ այդ ժողովուրդը ժամանակի ընթացքում ենթարկվում է ոտնձգությունների, միանշանակորեն առանց կասկածի  միջազգային իրավուքնում կիրառվում է «անջատում հանուն փրկության» սկզբունքը: Այնպես որ մի փոքր ռիսկի գնալով կարելի է ձեռնոց նետել: Ավելին, Հայաստանը կարող է ձեռնոց նետել, որ ընդհանրապես ԼՂ կարգավիճակի խնդիրը քննարկվի արդեն միջազգային դատարանում»,-հայտարարեց Օսկանյանը: Նա դիմեց իշխանություններին՝ նշելով. «Այսօր եթե դու իշխանություն ես եւ խնդիր չես տեսնում Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, դու ռիսկ չես վերցնում, գնա առաջ եւ խնդիրը դիր միջազգային դատարանի առաջ: Երբ դու խնդիրը տնում ես իրավական հարթություն, աշխարհը տեսնում է դա ու դրանով դու բացառում ես ադրբեջանական որեւէ նոր ագրեսիա, որովհետեւ ցույց ես տալիս, որ պատրաստ ես քաղաքակիրթ ճանապարհով գնալ խաղաղ կարգավորման: Այս ամենը թույլ կտա չստորագրել որեւէ փաստաթուղթ: Արցախի հենասյունը չփլուզվելու համար մենք երկու բան ունենք անելու. Առաջինը՝ ներսում համախմբվենք եւ իսկական դիմադրություն ցույց տանք այս իշխանություններին, թույլ չտանք ստորագրել որեւէ փաստաթուղթ, որը կարող է վտանգել ԼՂ ապագա ինքնորոշման իրավունքը:  իսկ դրսում մենք համախմբենք մեր ողջ ներուժը, որ կարողանանք Արցախի ինքնորոշման իրավունքը պահել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում»:
16:03 - 24 փետրվարի, 2023
Լաչինի միջանցքի բացումը պետք է լինի մե՛ր նախաձեռնությունը․ Վարդան Օսկանյան

Լաչինի միջանցքի բացումը պետք է լինի մե՛ր նախաձեռնությունը․ Վարդան Օսկանյան

Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը իր հոդվածն է տրամադրել լրատվամիջոցներին Արցախի շարունակվող շրջափակման և ճանապարհը բացելու ուղղությամբ քայլերի մասին։ Սառը պատերազմի ավարտից անմիջապես հետո աշխարհում գոյություն ուներ ընթացիկ ինքնորոշման և/կամ երկրների ինքնիշխանությանն անմիջականորեն առնչվող հիսունից ավելի շարժում։ Այդ թիվն այսօր էլ տատանվում է այս շրջակայքում։ Այս շարժումներից մի քանիսը՝ Արևելյան Թիմոր, Էրիթրեա, Հարավային Սուդան, մասամբ՝ նաև Կոսովո, արդեն իսկ լուծվել են հօգուտ ինքնորոշման, և միջազգային հանրությունը ճանաչել է նրանց անկախությունը։ Եվս մի քանիսը՝ Քվեբեկ, Կատալոնիա, Շոտլանդիա, մետրոպոլիաների կազմում են մնացել, բայց նրանց խնդիրն էլ կարելի է համարել ժամանակավորապես լուծված հօգուտ ինքնորոշման, որովհետև այդ կարգավիճակը հանրաքվեի միջոցով այդ ժողովուրդների կամարտահայտության դրսևորումն է։ Այլ կերպ ասած՝ այդ ժողովուրդները թեկուզ և շատ չնչին մեծամասությամբ՝ հանրաքվեի միջոցով են որոշել մնալ մայր երկրների կազմում։ Ինքնորոշման մնացած շարժումները մնում են սառեցված կամ բանակցային վիճակում։ Եթե Հայաստանը, հայ ժողովուրդը, Արցախը երբևէ պարտադրված կամ կամովին հրաժարվեն ինքնորոշման իրենց անքակտելի իրավունքից և ընդունեն Ադրբեջանի ինքնիշխանությունն Արցախի նկատմամբ, ապա դա աշխարհում կլինի նախադեպ, որը մեզ կարժանացնի ժողովուրդների կամային արժանիքների որակավորման ցածր և նվաստացուցիչ գնահատականի։ Ցավալի կլինի նաև այն, որ այսօր առկա՝ ժողովուրդների ինքնորոշման չորս տասնյակից ավելի շարժումներից ամենաուժեղ ու հիմնավոր պատմական, իրավական և քաղաքական հիմքերը ունի հենց Արցախի ինքնորոշման շարժումը։ Պատմականորեն՝ Արցախի ժողովուրդը հազարամյակներ ապրել և գոյատևել է հենց այս տարածքում։ Ավելին, այսօր մեր երկու պետությունների՝ հայերով բնակեցված տարածքներից ամենահայկականը հենց Արցախինն է։ Պատմության ընթացքում, երբ Հայաստանը ենթարկվել է տարբեր ազգերի ասպատակությունների, Արցախը միշտ պահել է առնվազն իր կիսանկախ կարգավիճակը։ Իրավականորեն՝ Արցախի ինքնորոշման իրավունքի հիմքերը պարզապես անխոցելի են։ Ինքնորոշման իրավունքի պահանջատիրության հիմնական նախապայմանները նախկինում և այսօր ամբողջությամբ բավարարված են։ Ղարաբաղում ապրող հայերը ոչ թե Ադրբեջանի կազմում ինչ-որ փոքրամասնություն են, այլ իրենց պատմական հողի վրա ապրող ժողովուրդ, որը Խորհրդային Միության շրջանում, դրա փլուզումից հետո, առավել ևս՝ 44-օրյա պատերազմի ու վերջին այս ագրեսիաներով և շրջափակումով մշտապես ենթարկվել է Ադրբեջանի վայրագություններին, այլ կերպ ասած՝ շարունակաբար ոտնահարվել են նրա բոլոր տեսակի իրավունքները։ Վերջապես, անկախ նրանից, որ Արցախի ժողովուրդը երբեք չի ընդունի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում՝ Բաքուն թերևս հրաժարվում է նրանց առաջարկել անգամ ինչ-որ ինքնավար կարգավիճակ իր կազմում։ Այս մեկը միջազգային իրավունքում հենց այն խախտումն է, որի դեպքում որևէ ժողովուրդ իրավունք կունենա արդեն հռչակելու իր անջատումը կամ ինքնորոշումը։ Քաղաքականորեն՝ Արցախը ունի երեք տասնամյակից ավելի բանակցային նախապատմոււթյուն, որի ընթացքում ինչ-որ պահի միջազգային հանրությունը՝ միջնորդների բերանով, հարցի խաղաղ կարգավորման օպտիմալ միջոց է համարել Արցախի ժողովրդի ազատ և անկաշկանդ կամարտահայտությունը։ Ինչ պետք է անել այսօր։ Մեր առաջ պետք է դնենք երկու պարզ և համեստ նպատակ՝ դիմադրել և խուսափել Արցախը Ադրբեջանի մաս ենթադրող որևէ փաստաթուղթ ստորագրելուց և միաժամանակ հետևողականորեն արծարծել և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հրամայականը։ 44-օրյա պատերազմի արդյունքում մեզ համար ստեղծված անբարենպաստ իրավիճակին պետք է հակադրել վերոնշյալ՝ պատմական, իրավական և քաղաքական մեզ համար բարենպաստ հանգամանքները։ Նախ, մենք կանգնած ենք Լաչինի միջանցքի բացման հրամայականի առաջ։ Ոչ ոք մեզ համար մեր խնդիրները չի լուծելու՝ ո՛չ միջազգային կազմակերպությունները, ո՛չ անհատ երկրները։ Այո՛, անհրաժեշտ է արդյունավետ դիվանագիտություն միջանցքի բացման հարցում, բայց գետնի վրա այդ հարցի լուծումը պետք է լինի մե՛ր նախաձեռնությունը։ Դա արդեն պետք է լինի Հայաստանի և Արցախի իշխանությունների համատեղ, ինչ-որ տեղ՝ համարձակ որոշման արդյունք։ Սա, պարզապես, այն խնդիրն է, որի հարատևումը կամ լուծումը մեծ զիջումների հաշվին սկիզբ կդառնա ավելի մեծ կորուստների։ Երկրորդ, Երևանը պետք է հայտարարի, որ Արցախի բնակիչները հայեր են և ինքը չի կարող անտարբեր լինել նրանց անվտանգության խնդիրներին։ Երրորդ, Հայաստանը պետք է ակնհայտ դարձնի, որ վերջին հաշվով Արցախի ժողովուրդն է որոշելու է իր կարգավիճակի ճակատագիրը, ինչն ամրագրված է Մադրիդյան սկզբունքների փաստաթղթում։ Ու եթե արցախցիները շարունակելու են ձգտել ինքնորոշման, Հայաստանը ներդնելու է իր քաղաքական և դիվանագիտական միջոցները նրանց այդ հարցում աջակցելու համար։ Սա նվազագույնն է, որ Հայաստանի իշխանությունները պետք է անեն։ Ասում եմ նվազագույնը, որովհետև ավելին ակնկալելն անիմաստ է։ Իշխանությունները հրաժարվել են Արցախից իբր թե հանուն Հայաստանի «փրկության»։ Սա, իհարկե, մոլորություն է և անընդունելի է։ Այն, ինչ առաջարկում եմ, առնվազն չի բացառում և խոչնդոտում արցախցիների ինքնորոշմանը միտված նախաձեռնությունները։  
15:27 - 09 հունվարի, 2023
Համազգային միջամտությամբ կանխել Արցախյան հենասյունի փլուզումը. Վարդան Օսկանյան

Համազգային միջամտությամբ կանխել Արցախյան հենասյունի փլուզումը. Վարդան Օսկանյան

Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր հոդվածը Արցախի խնդրի շուրջ գործընթացների մասին։ Ֆրանսիայի Սենատի որոշումը մասնակի պատասխան էր բոլոր նրանց, ովքեր պնդում են, թե 44-օրյա պատերազմի արդյունքում մենք կորցրել ենք Լեռնային Ղարաբաղն ու չունենք դիվանագիտական որևէ ճանապարհ կամ այլընտրանք, քան ընդունել Բաքվի պարտադրանքը, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է։ Ցավալին, իհարկե, այն է, որ հանձնվողականության գլխավոր ջատագովը Հայաստանի իշխանություններն են։ Կարծեք թե համատեղել են իշխանական ողջ հնարավորությունները աշխարհին համոզելու, թե ԼՂ-ն ադրբեջանական տարածք է։ Այս քաղաքականությունից զարմացած են անգամ միջնորդ և շահագրգիռ երկրները՝ անկախ նրանից, թե ինչպիսին են նրանց շահերը խնդրի լուծման այս կամ այն տարբերակի շուրջ։ Ամենայն անկեղծությամբ և առանց քաղաքական շահարկման նպատակ ունենալու՝ ես ուզում եմ պարզապես պահանջել, որ եթե չեք կարող կամ չեք ցանկանում պաշտպան լինել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին, ապա հակառակը մի՛ արեք, պարզապես լռե՛ք և մի՛ խանգարեք այլոց աշխատանքին։ 44-օրյա պատերազմի առաջացրած ամեն տեսակի բացասական և անընդունելի հետևանքներն արդարացնելու և սեփական բոլոր սխալները նախկինների վրա բարդելու մարմաջի մեջ չի կարելի մեկընդմիշտ փակել Արցախի ինքնորոշման հնարավորությունը։ Անկախ նրանից, թե Ադրբեջանն ու Թուրքիան ինչ են ասում, Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի լուծվել։ Չէր լուծվել 1918-20 թվականներին, չէր լուծվել խորհրդային ամբողջ շրջանում, չէր լուծվել նախորդ երեսուն տարիներին ու չի լուծվել նաև այսօր։ Լեռնային Ղարաբաղի հարցում հայկական քաղաքական և դիվանագիտական ձեռքբերումները չի կարելի նսեմացնել։ Հայաստանի Հանրապետության որևէ իշխանություն երբևէ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել Ադրբեջանի կազմում, իսկ Մադրիդյան սկզբունքները դիվանագիտական լրջագույն ձեռքբերում էին և չեն կորցրել այժմեականությունը։ 2007-ի նոյեմբերի վերջին Մինսկի խմբի համանախագահ երեք երկրները ԵԱՀԿ նախարարների խորհրդին այդ փաստաթուղթը ներկայացրել են ոչ թե որպես հարցի կարգավորման հերթական առաջարկություն, այլ որպես հարցի լուծման համար նրանց համատեղ վերջնական «լավագույն տարբերակ» (co-chairs best guest), որը և ի պահ է տրվել ԵԱՀԿ դեպոզիտարիային։ Մադրիդյան սկզբունքների փաստաթուղթն իր էությամբ նման է Կոսովոյի հարցում ՄԱԿ-ի բանագնաց, Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարիի՝ Սերբիայի և Կոսովոյի միջև նրա տարիների միջնորդական արաքելության արդյունքում ներկայացված վերջնական լավագույն տարբերակին (best guest), որտեղ առաջարկվում էր, որ հարցի միակ լուծումը Կոսվոյի անկախությունն է։ Մադրիդյան փաստաթղթով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցում համանախագահ երկրների ներկայացրած տեսակետները կարճ ժամանակ անց վերահաստատվեցին, երբ 2008-ի մարտի սկզբներին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում տարածքային ամբողջականության հիման վրա ԼՂ հարցի լուծման Ադրբեջանի ներկայացրած բանաձևին համանախագահ երկրները դեմ քվեարկեցին։ Այս մոտեցումները մնացին նույնը և հետագայում իրենց արտահայտությունը գտան Մեծ ութնյակի շրջանակում Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների իրարահաջորդ հայտարարություններում։ Այս բոլորը մոռացության տալ այն ջանասիրությամբ, ինչ անում են Հայաստանի իշխանությունները, չի կարելի։ Ափսոս է։ Հայոց պետականությունը անկախության օրվանից և հաջորդող տարիներին խարսխվել է հինգ հենասյուների վրա՝ Արցախ, բանակ, սահմանադրություն, առաքելական եկեղեցի և սփյուռք։ Այսօր այդ հենասյուները էապես խարխլվել են, իսկ դրանցից մեկը՝ Արցախը, ամբողջական փլուզման վտանգի դեմ է կանգնած։ Հրաժարվել ենք Արցախից, փոշիացրել ենք բանակը, ոտնահարում ենք սահմանադրությունը, հալածում ենք եկեղեցին և արհամարհում ու նվաստացնում սփյուռքը։ Ժամանակն է զբաղվել այս հենասյուների ամրացմամբ և առաջին հերթին համազգային միջամտությամբ կանխել Արցախյան հենասյունի փլուզումը։ Այսօր ամբողջ հայությունն իր առաջ երկու խնդիր պետք է դնի՝ ներսում դիմադրի իշխանություններին և թույլ չտա՝ ստորագրվի որևէ փաստաթուղթ, որը կփակի կամ նույնիսկ կդժվարացնի ԼՂ-ի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը, իսկ դրսում համախմբի բոլոր տեսակի քաղաքական և իրավական հնարավորությունները՝ կենդանի և այժմեական պահելու Արցախի ինքնորոշման հարցը միջազգային թատերաբեմում։ Այստեղ առաջնորդողը պետք է լինի Արցախն իր իշխանությունների հստակ, աներկբա վճռականությամբ և իր ժողովրդի հաճախակի և զանգվածային հավաքներով։
22:25 - 18 նոյեմբերի, 2022
Հայաստանի ժողովուրդը չպետք է ուշացնի Արցախի աջակցության ի՛ր հավաքը․ Վարդան Օսկանյան

Հայաստանի ժողովուրդը չպետք է ուշացնի Արցախի աջակցության ի՛ր հավաքը․ Վարդան Օսկանյան

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը (1998-2008) լրատվամիջոցներին տարածել է իր հերթական հոդվածը Լեռնային Ղարաբաղի խնդրի ներկա փուլի մասին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին հինգշաբթի արած մեկնաբանություններում կար երկու հստակ ուղերձ և մեկ առաջարկություն։ Առաջինը՝ այն վիճակը, որում այսօր հայտնվել է հայ ժողովուրդը, Ռուսաստանի մեղքը չէ, այլ միայն ու միայն Հայաստանի իշխանությունների։ Երկրորդը՝ այն վիճակը, որում դեռ կարող է հայտնվել հայ ժողովուրդը, կախված է արդեն ոչ միայն Հայաստանի իշխանություններից, այլ շատ բանով նաև հայ ժողովրդից։ Իսկ նրա առաջարկն այն էր, որ սեղանի վրա կա Ռուսաստանի՝ խաղաղության պայմանագրի նախագիծ, որն ի տարբերություն ԱՄՆ-ի նախագծի՝ առավել նպաստավոր է Հայաստանի համար։ Այստեղ կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի առաջարկության էությունն այն է, որ երկու կողմերը, ճանաչելով միմյանց տարածաքային ամբողջականությունը, արձանագրում են, որ դեռ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի հարց, ինչի շուրջ շարունակելու են բանակցությունները՝ հասնելու ընդունելի լուծման։ Ակնհայտ է, որ մենք մտնում ենք բանակցային կրիտիկական փուլ։ Այստեղ բախվելու են ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի շահերը, այլև Ռուսաստանի և Արևմուտքի։ Երկու կողմերի ներգրավվածությունը պետք է դիտարկել նաև այդ տեսանկյունից։ Անցել են Մինսկի խմբի միասնական գործունեության օրերը։ Հաջող և արդյուանվետ որևէ բանակցություն վարելու համար անհրաժեշտ է ապահովել երեք նախապայման․ – Նպաստավոր պայմանների ստեղծում (set-up)․ սա ենթադրում է ազգային միասնություն, բանակի մարտունակություն, դիվանագիտական հնարավորությունների մոբիլիզացում, դաշնակիցների աջակցություն և սփյուռքյան միահամուռ ճակատի առկայություն։ – Գործարքի նախագիծ (deal design)․ սա ենթադրում է, որ հայկական կողմը հասկանա իր խնդիրները և հստակ ձևակերպի իր պահանջները։ – Բանակցային տակտիկա (negotiating tactics)․ այստեղ գլխավորն այն է, որ այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանի համար դիտարկվի ոչ թե որպես նպատակ, այլ միջոց իր ազգային շահերը պաշտպանելու համար։ Դժբախտաբար, նշված պայմաններից և ոչ մեկը բավարարված չէ։ Դրանք պարզապես գոյություն չունեն։ Հետևապես, շատ կարևոր է հոկտեմբերի 30-ին Արցախում անցկացվելիք հանրահավաքը։ Հուսով եմ, որ կհավաքվի հիսուն հազարից ավելի մարդ, և ելույթ ունեցողները չեն ծամծմի իրենց բառերը, և այդ օրն Արցախի ժողովուրդն աշխարհին միահամուռ ցույց կտա, որ աննկուն է և վճռականորեն բացառում է Ադրբեջանի կազմում իր գոյությունն ու հետամուտ է մինչև վերջ իր ինքնորոշման իրավունքն իրացնելու հարցում։ Հայաստանի ժողովուրդը չպետք է ուշացնի աջակցության ի՛ր հավաքը։ Այո՛, թեկուզ մեկ օրով, սակայն արժե, որ մենք վերապրենք 80-ականների վերջի ու 90-ականների սկզբի միասնության մթնոլորտը՝ ի ցույց դնելով հայ ժողովրդի միասնականությունը Արցախի ինքնորոշման հարցում։ Միգուցե այդ օրը մի կողմ դրվեն իշխանափոխության խնդիրը, «հինն ու նորը», «Արևելք, թե Արևմուտք»-ը, «ՀԱՊԿ, թե ՆԱՏՕ»-ն՝ կենտրոնանալով միայն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման խնդրի վրա։Դժբախտաբար, Արցախի հարցում մենք երեսուն տարվա շրջապտույտ կատարելով և հիմնականում վերջին չորս տարիների սխալների պատճառով շատ բանով վերադարձել ենք սկզբնական կետ։ Բայց նաև, բարեբախտաբար, այդ երեսուն տարվա շրջապտույտը եղել է պարուրաձև, և այդ հարցում մենք այսօր գտնվում ենք որակապես այլ հարթության վրա։ Նմանությունները սկզբնական կետի հետ շատ են, սակայն բազմաթիվ են նաև տարբերությունները։ Չունենք Շուշի, չունենք հայկական վերահսկողությամբ Լաչինի միջանցք, չունենք Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտի, բայց ունենք երեսուն տարվա փորձ, սխալներից սովորելու հնարավորություն, Արցախում՝ կայացած պետականության խարիսխներ, Մադրիդյան փաստաթուղթ, իսկ միջազգային թատերաբերում՝ 1991-ից ի վեր ինքնորոշման բազմաթիվ նախադեպեր։ Անվիճելի է, որ այսօր Լեռնային Ղարաբաղն ունի միջազգային իրավունքի բոլոր դրույթները բավարարող ինքնորոշման նախապայմանները Վերջապես, անհրաժեշտ է, որ ստեղծվի միջազգային մի մարմին՝ բաղկացած հայ և օտար դիվանագետներից և միջազգային իրավաբաններից, ազդեցիկ մարդկանցից, որը, հենվելով Արցախում ու Հայաստանում հայ ժողովրդի արտահայտած պահանջատիրությանը, հետամուտ կլինի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի պաշտպանությանն ու իրացմանը։ Պետք է նաև ի հայտ բերել այն մարդուն՝ հենց Արցախից, որը միջազգային ասպարեզում կլինի Արցախի ինքնորշման դեմքը, ինչպես Արևելյան Թիմորում եղել է Հոսե Ռամոս-Հորտան, իսկ Կոսովոյում՝ Իբրահիմ Ռուգովան։ Ցանկալի կլիներ, որ Հայաստանն ինքը լիներ Արցախի ինքնորշման առաջամարտիկը։ Այս առաջարկությունները ես անում եմ, որովհետև հույսս կորցրել եմ, որ Հայաստանի իշխանությունները երբևէ կարող են ուժ գտնել իրենց մեջ տեր կանգնելու հայ ժողովրդի շահերին ու իրավունքներին։
14:23 - 29 հոկտեմբերի, 2022
Ինքնորոշման իրավունքի պահանջատեր լինելն ավանտյուրա չէ․ Վարդան Օսկանյան

Ինքնորոշման իրավունքի պահանջատեր լինելն ավանտյուրա չէ․ Վարդան Օսկանյան

Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր հերթական գրառումը հայ-ադրբեջանական հարաբերությունների ու Արցախի խնդրի ներկա փուլի մասին։ Այս օրերին Հայաստանում է Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը, որը հանդիպումներ է ունենում Հայաստանի իշխանությունների հետ։ Անկախ նրանից, թե Հայաստանի իշխանությունները ինչ փաթեթավորմամբ կներկայացնեն հատկապես վերջին օրերի բանակցություններն ու դիվանագիտական ակտիվ գործունեության արդյունքները, մեկ բան ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում։ Մի բան, որ, համոզված եմ, Արցախի իշխանությունները շատ լավ հասկանում են։ Հայաստանի իշխանություններն իրենք իրենց խճճել են ադրբեջանական օրակարգային եռանկյունու մեջ՝ Ղարաբաղն Ադրբեջանի մաս, միջանցք և անկլավներ, և փորձ են անում մեկի հաշվին բարենպաստ լուծումներ ստանալ մյուս հարցերում։ Իշխանությունների տրամաբանությունն իհարկե այստեղ հետևյալն է՝ հրաժարվենք Ղարաբաղից, «փրկենք» Հայաստանը։ Խնդիրն այն է, որ Ղարաբաղի իշխանություններն էլ կարծես ինչ-որ չափով մտել են այս տրամաբանության մեջ։ Չնայած դա նշանակում է իրենց իսկ երկրից հրաժարվել՝ նրանք, սակայն, չեն ուզում գնալ որևէ տեսակի «ավանտյուրայի», որը կարող է վնասել Հայաստանի անվտանգությանն ու ինքնիշխանությանը։ Իհարկե, Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունների նման մոտեցումը ամենակարճ ճանապարհն է Լեռնային Ղարաբաղն անվերադարձ կորցնելու՝ առանց որևէ երաշխիք ունենալու Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության վերաբերյալ։ Այսօր «ավանտյուրան» ոչ թե ինչ-որ քայլ անելը կլինի, այլ ոչինչ չանելը։ Ինչպես նախորդ երեսուն տարում Արցախն իր ֆիզիկական գոյությամբ, տարածքով ու պետական կառույցներով Հայաստանին տվել է անվտանգության լայն պաշար, այսօր ևս Հայաստանի անվտանգությունը շատ բանով կախված է, թե հմուտ և համարձակ ինչ քայլեր կանեն արցախցիները։ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում մենք ամբողջությամբ կորցրել ենք նախաձեռնությունն ու առհասարակ բովանդակային նարատիվը թե՛ բանակցություններում, թե՛ միջազգային հանրության ընկալումներում․ ինքնորոշման իրավունքն ամբողջությամբ դուրս է եկել բանակցային բառապաշարից։ Արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանի իշխանությունների բերանից չի լսվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունք բառակապցակությունը։ Ինքնորոշման իրավունքի նարատիվը ամեն գնով պետք է վերականգնել, ու քանի որ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են դրանից, դա կարող են անել հենց արցախցիները։ Ինքնորոշման իրավունքի պահանջատեր լինելն ավանտյուրա չէ, եթե դա արվում է խաղաղ, հմուտ և ճիշտ ճանապարհով։ Դա Արցախի ժողովրդի իրավունքն է միջազգային իրավունքի տառին ու ոգուն համահունչ։ Ինքնորոշման իրավունքի պահանջատիրության հիմնական չորս նախապայմանները նախկինում և այսօր ամբողջությամբ բավարարված են։ Առաջին՝ Ղարաբաղում ապրող հայերը ոչ թե Ադրբեջանի կազմում ինչ-որ փոքրամասնություն են, այլ իրենց պատմական հողի վրա ապրող ժողովուրդ, որը էթնիկապես, կրոնով, ավանդույթներով տարբերվում է «մետրոպոլիայից» և ունի ինքնորոշման հավաքական ու աներկբա ձգտում։ Երկրորդ՝ Խորհրդային Միության շրջանում, դրա փլուզումից հետո, առավել ևս՝ 44-օրյա պատերազմի ու վերջին այս ագրեսիաներով Արցախի ժողովուրդը մշտապես ենթարկվել է Ադրբեջանի վայրագություններին, այլ կերպ ասած՝ շարունակաբար ոտնահարվել են նրա բոլոր տեսակի իրավունքները։ Երրորդ՝ անկախ նրանից, որ Արցախի ժողովուրդը երբեք չի ընդունի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում՝ Բաքուն թերևս հրաժարվում է նրանց առաջարկել անգամ ինչ-որ ինքնավար կարգավիճակ իր կազմում։ Այս մեկը միջազգային իրավունքում հենց այն խախտումն է, որի դեպքում որևէ ժողովուրդ իրավունք կունենա արդեն հռչակելու իր անջատումը կամ ինքնորոշումը։ Չորրորդ՝ հաշվի առնելով բոլոր վերոնշյալ կետերը՝ պարզապես այլ լուծում չկա, քան ճանաչել Արցախի ժողովրդի անջատում հանուն փրկության իրավունքի իրացումը։ Արցախի ժողովուրդը շատ մոտ ապագայում նախ պետք է կազմակերպի առնվազն 50 – 75 հազար մարդկանց մասնակցությամբ հավաք Ստեփանակերտի հրապարակում, որտեղ հստակ պետք է ասվի և՛ Ադրբեջանին, և՛ Թուրքիային, և՛ միջազգային հանրությանը, որ իրենք հետամուտ են լինելու իրենց ինքնորոշման իրավունքի իրացմանը։ Դրանից անմիջապես հետո Հայաստանը ՄԱԿ-ում պետք է նախաձեռնի բանաձևի ընդունում, որով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հայց կներկայացնի Արդարադատության միջազգային դատարան, ինչպես որ արվել է Կոսովոյի դեպքում՝ խորհրդատվական կարծիք հայտնելու, թե արդյոք 1991-ի Լեռնային Ղարաբաղի հանրաքվեն հակասում է միջազգային օրենքին։ Այսօր տեղի ունեցողի հիմքում ընկած է Ադրբեջանի այն համոզումը, որ ինքն արդեն լուծել է Ղարաբաղի հարցը հօգուտ իրեն և անցել է իր պահանջատիրությանը Հայաստանից։ Այն պահին, երբ Ալիևը հասկանա, որ Ղարաբաղի հարցը չի լուծվել, և Արցախի ժողովուրդը պարզապես բացառում է ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում, Ադրբեջանի հավակնությունները Հայաստանից ոչ միայն կնվազեն, այլև կդառնան անիրատեսական։
20:55 - 15 հոկտեմբերի, 2022
Վարդան Օսկանյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Վարդան Օսկանյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն արձագանքել է նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրեն ուղղված քննադատությանը, թե «Վարդան Օսկանյանը և մյուսները իրենց ժառանգություն են թողել կապիտուլյացիոն փաստաթուղթ»։ Օսկանյանը լրատվամիջոցներին տրամադրել է իր արձագանքն այդ հայտարարությանը։ «Իմացա Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի երեկ արած հայտարարությունների մասին։ Այդ կապակցությամբ ընդամենը կարող եմ վերահաստատել այն, ինչ բազմիցս ասել եմ՝ 2008-ին սեղանին դրված փաստաթուղթը ամենահայանպաստ լուծումներն էր ենթադրում, որը հմուտ օգտագործման դեպքում կհանգեցներ Արցախի ինքնորոշման՝ միջազգայնորեն ճանաչելի իրացմանը։ Դեռ անգամ 2018-ին Նիկոլ Փաշինյանը ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ այն չարհամարհելու, զրոյական կետից չսկսելու և հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում ոչ միայն կարող էր բացառել պատերազմը, այլև հենց այդ փաստաթղթերում առկա դրույթների վրա հենվելով՝ հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների: Իրականում նույնիսկ ամենամեծ զիջումների դեպքում լուծումը կլիներ անհամեմատ ավելի լավը, քան այն ընտրությունը կամ նույնիսկ ընտրության բացակայությունը, ինչին հանգեցրել է գործող իշխանության փորձի ու գիտելիքի բացը։ Այսօր, դժբախտաբար, նույն համառ գործելաոճը շարունակվում է։ Իշխանություններն իրենց վարած քաղաքականության արդյունքում մեզ դրել են անելանելի երկընտրանքի առաջ՝ ընդունել Ադրբեջանի ամենամաքսիմալիստական պահանջները, եթե ոչ՝ պատերազմ։ Մարտնչող համառության հետ բանավիճելն անիմաստ է։ Դատելով վերջին օրերի դիվանագիտական ակտիվությունից և հայտարարություններից՝ այսօր սեղանի վրա են Ադրբեջանի երեք պահանջները՝ Ղարաբաղի ճանաչումը Ադրբեջանի մաս, միջանցքը, սահմանազատման խնդիրը, այսինքն՝ անկլավները։ Հայկական կողմն այդպես էլ չկարողացավ ընդլայնել այս՝ բացառապես ադրբեջանական օրակարգը։ Դիվանագիտական առևտուրը կարծես թե գնում է հենց այս եռանկյունու շրջանակում, որտեղ հայկական կողմի մոտեցումն է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելով՝ Ադրբեջանին դրդել հրաժարվել միջանցքից և անկլավներից։ Բնականաբար, այս մոտեցման իրականացումը կլինի Արցախի վերջնական կորստի ամենակարճ ճանապարհը։ Թեկուզև ժամանակի առումով արդեն ուշ է, ես, համենայն դեպս, կարծում եմ, որ Պրահայում Փաշինյանը նախ պետք է խուսափի փաստաթուղթ ստորագրելու ժամկետների պարտադրանքից, ապա ամեն կերպ փորձի դուրս գալ Ադրբեջանի թելադրած և պարտադրած ու ոչ մի լավ տեղ չտանող այդ օրակարգից և փակ շրջանակից։ Բանակցային այս օրակարգն այնքան նեղ ու միակողմանի է, որ սեղանի վրա առկա հարցերի շուրջ որևէ առևտուր միանշանակ լինելու է ի վնաս Հայաստանի։ Հայաստանը պետք է կարողանա բանակցային սեղանին դնել իր օրակարգային խնդիրները, այդ թվում՝ Շուշիի և Հադրութի ճակատագրի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման և գերիների վերադարձի խնդիրները։ Այս հարցերն անպայմանորեն հենց Պրագայում պետք է դնել սեղանին՝ բանակցային օրակարգը եռանկյունուց դարձնելով բազմանկյուն, ինչը լայն հնարավորություններ կստեղծի բանակցային գործընթացում առավել արդյունավետ ելքեր որոնելու համար»։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ–ում հայտարարել էր, որ Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանն են Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս։
16:17 - 06 հոկտեմբերի, 2022
Համոզված չեմ, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը երբևէ կարող է արդար և օբյեկտիվ եզրահանգման գալ․ Վարդան Օսկանյան

Համոզված չեմ, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը երբևէ կարող է արդար և օբյեկտիվ եզրահանգման գալ․ Վարդան Օսկանյան

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր մեկնաբանությունը՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի՝ իրեն հրավիրելու մասին։ «Մամուլից իմացա, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ինձ հրավիրել է լսումների։ Դեռ հայց չեմ ստացել։ Համենայն դեպս, որոշել եմ չգնալ երկու պատճառով․ 1․ Համոզված չեմ, որ այդ հանձնաժողովի նպատակները անկեղծ և ազնիվ են։ Առավել ևս՝ համոզված չեմ, որ այդ հանձնաժողովը երբևէ կարող է արդար և օբյեկտիվ եզրահանգման գալ։ 2․ Անկախ հանձնաժողովի անդամների կողմից ինձ տրվելիք հարցերից՝ իմ բոլոր պատասխանների եզրակացությունը լինելու է այն, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների անցած ուղու, դրանց բովանդակությանը տիրապետելու, չարհամարհելու և հմուտ ու ճիշտ դիվանագիտություն վարելու դեպքում պատերազմ պարզապես չէր լինի։ Նույնը կարելի է ասել այսօրվա իրավիճակի մասին՝ ճիշտ և հմուտ դիվանագիտություն վարելու դեպքում հնարավոր է առանց պատերազմ հրահրելու հենց միջազգային հանրության աջակցությամբ խուսափել Արցախը ԼՂԻՄ սահմաններով Ադրբեջանի կազմում ճանաչելու, Հայաստանի ինքնիշխան տարածքից որևէ հատված Ադրբեջանին տալու և Սյունիքում Ադրբեջանին հաղորդակցային միջանցք տրամադրելու Հայաստանի վրա Թուրքիայի և Ադրբեջանի կողմից բանեցվող ճնշումներից»,- ասված է Վարդան Օսկանյանի մեկնաբանությունում։
20:50 - 28 մայիսի, 2022