Ադրբեջանը պետք է գիտակցի՝ փաշինյանական լուծումը խաղաղություն չի բերելու․ Վարդան Օսկանյան
14:37 - 23 մայիսի, 2023

Ադրբեջանը պետք է գիտակցի՝ փաշինյանական լուծումը խաղաղություն չի բերելու․ Վարդան Օսկանյան

Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը մայիսի 22-ի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ գրառում է կատարել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսից վերջնականապես պարզ դարձավ, որ նա Ղարաբաղը հանձնում է Ադրբեջանին։ Պարզ դարձավ նաև, որ 2020-ի պատերազմից հետո Հայաստանի ինքնիշխան տարածքից կորսված հատվածներից բացի՝ «անկլավների» քողի տակ նա հանձնում է լրացուցիչ տարածքներ, որոնք միանշանակ վնասելու են մեր բարեկամ երկու երկրների՝ Իրանի և Վրաստանի հետ ռազմավարական հաղորդակցությունները, ինչը բնականաբար առաջացնելու է անվտանգային լրջագույն խնդիրներ։ Կասկած չունեմ՝ շուտով նաև կլսենք, որ Ադրբեջանին տրվում է միջանցք «ոչ միջանցքային տրամանաբնությամբ»։

Այս բոլորը բացատրվում և արդարացվում է պարզունակ հիմնավորմամբ, թե Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակում և աշխարհաքաղաքական առկա փոփոխությունների պայմաններում պարզապես այլընտրանք չկա։

Նախ արձանագրենք, որ Հայաստանում և Արցախում ստեղծված այսօրվա իրավիճակի հիմնական պատճառը բացառապես Փաշինյանի սխալ և անհեռատես ռազմաքաղաքական ու դիվանագիտական ձախողումներն են։

Երկրորդ՝ աշխարհաքաղաքական այսօրվա հեղհեղուկ վիճակը մեզ ստիպում է ոչ թե արագ հասնել մեզ համար բացարձակապես անընդունելի հանգուցալուծման, այլ ճիշտ հակառակը՝ առավել լայն հնարավորություններ է ստեղծում հարցի՝ մեզ համար բարենպաստ լուծումների հասնելու համար։

Առանց մտնելու վերլուծությունների, պատմական անդրադարձերի և այլ քննարկումների մեջ՝ ուզում եմ ամենայն վստահությամբ և պատասխանատվությամբ ասել, որ լրջագույն այլընտրանք կա այն ամենին, ինչ արվում է այսօր։ Եվ որ շատ կարճ ժամանակում հնարավոր է կտրուկ փոփոխություն մտցնել այս հարցում հետաքրքրություն ցուցաբերող և միջնորդական առաքելություն իրականացնող երկրների տեսակետներում և մոտեցումներում։ Նույն ժամանակահատվածում հնարավոր է հասնել մի այնպիսի բանակցային փուլի, որի օրակարգային հարցերի համադրումը հնարավորություն կստեղծի հասնել Արցախյան հարցի՝ կողմերի համար ընկալելի լուծման, որը և կարող է լինել միակ երաշխիքը այս տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության։

Միջազգային հանրությունը և Ադրբեջանը պետք է գիտակցեն, որ խնդրի փաշինյանական լուծումը խաղաղություն չի բերելու երկու ժողովուրդների միջև։

Իհարկե, այն, ինչ արվում է, անընդունելի է և դատապարտելի։ Համոզված եմ՝ Փաշինյանին չի հաջողվելու հարցին նման լուծում տալ։ Եթե անգամ նա նման փաստաթուղթ ստորագրի, դա կլինի ժամանակավոր շեղում պատմության բնականոն ընթացքից»,- ասված է Օսկանյանի գրառման մեջ։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի՝ 86,6 հազար կմ² տարածքային ամբողջականությունը, որի մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը։ «86, 6հազար կմ²-ը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք՝ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով․․․ 86,6 հազար կմ² տարածքային ամբողջականությունը Հայաստանը պատրաստ է ճանաչել և, մեր ընկալմամբ, Ադրբեջանը պատրաստ է ճանաչել ՀՀ 29,8 հազար կմ² տարածքային ամբողջականությունը»,- ասել էր Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել