ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Բելառուսը վստահեցնում է՝ կարող է ապահովել սեփական անվտանգությունը, անհրաժեշտության դեպքում՝ Ռուսաստանի օգնությամբ |azatutyun.am|

Բելառուսը վստահեցնում է՝ կարող է ապահովել սեփական անվտանգությունը, անհրաժեշտության դեպքում՝ Ռուսաստանի օգնությամբ |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի պաշտպանության նախարարությունը այսօր հայտարարել է, թե Մինսկը կարող է ապահովել սեփական անվտանգությունը, անհրաժեշտության դեպքում՝ Ռուսաստանի Դաշնության օգնությամբ։ «Բելառուսի զինված ուժերը պատրաստ են կոշտ հարված տալ ցանկացած հարձակման։ Վտանգներին ու մարտահրավերներին արձագանքելու համար ստեղծված մեր համակարգը հնարավորություն է տալիս ապահովել երկրի անվտանգությունը, այդ թվում մեր գլխավոր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ», - հայտարարել է Բելառուսի պաշտպանական գերատեսչությունը։ Նախարարությունը նաև պնդել է, թե Մինսկը պատրաստ է պաշտպանել «Ռուսաստանի հետ Միութենական պետության սահմանները և ամենասեղմ ժամկետում սկսել զորքերի խմբավորում ցանկացած ուղղությամբ»։ Հայտարարությունը հնչել է Բելառուսի և Եվրամիության սահմանին օրեր շարունակվող միգրացիոն ճգնաժամի ֆոնին։ Արևմտյան երկրները երեկ ՄԱԿ-ում խստորեն դատապարտել էին Բելառուսի իշխող վաչակազմին՝ ներգաղթյալներին դեպի Եվրամիության սահման ուղղորդելու համար։ ԵՄ առաջնորդները չէին բացառել, որ կարող են խստացնել պատժամիջոցները Ալեքսանդր Լուկաշենկոյի բռնապետական վարչակազմի նկատմամբ։
17:35 - 12 նոյեմբերի, 2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:Նիստի ընթացքում փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.«Կառավարությունների հարգելի ղեկավարներ, Նիստի հարգելի մասնակիցներ,Առաջին հերթին թույլ տվեք շնորհակալություն հայտնել այսօրվա նիստի կազմակերպիչներին և Գործադիր կոմիտեին կատարված մեծ և արդյունավետ աշխատանքի համար:Վերադառնալով այսօրվա նիստի օրակարգի հարցերին՝ նշեմ, որ օրակարգում ներկայացված փաստաթղթերը հայկական կողմը դիտարկում է որպես ԱՊՀ պետությունների ջանքերի դրսևորում՝ ուղղված տնտեսական փոխգործակցության խթանմանը, ԱՊՀ մասնակից պետությունների տնտեսությունների մրցունակության բարձրացմանը և նրանց դիրքերի ամրապնդմանը համաշխարհային համակարգում։ Ակնհայտ է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումը որոշիչ դեր է խաղում անվտանգության ապահովման և բնակչության կենսամակարդակի բարձրացման գործում։ Բարձր տեխնոլոգիաներ ստեղծող և զարգացնող երկրները առաջատար դիրքեր են զբաղեցնում միջազգային ասպարեզում։ Ժամանակակից աշխարհում թվայնացումը, նորարարությունը և նորագույն տեխնոլոգիաները համարվում են պետական կառավարման համակարգի արդյունավետության հետագա բարձրացման, բարենպաստ բիզնես միջավայր ստեղծելու, շարունակական տնտեսական աճ ապահովելու և բնակչությանը բարձրորակ հանրային ծառայություններ մատուցելու համար առանցքային գործիքներ։ Այս համատեքստում կցանկանայի նշել մինչև 2030 թվականը ԱՊՀ պետությունների նորարարական համագործակցության միջպետական նախագծի իրականացման համալիր ծրագրի կարևորությունը։ Գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների և մշակումների համատեղ կենտրոնների գործունեությունը, փորձի փոխանակման և համատեղ նախագծերի իրականացման միջոցով տեսական գիտելիքների և գործնական հմտությունների փոխանցումը կբարելավեն ոչ միայն ներդրումային միջավայրը, այլև թույլ կտան առևտրայնացնել տեխնոլոգիաները՝ երրորդ երկրների շուկաներ մուտք գործելու նպատակով։ Հաշվի առնելով թվային տեխնոլոգիաների անխուսափելի զարգացումը՝ պատշաճ ուշադրություն պետք է դարձնել մտավոր սեփականության իրավական պաշտպանության խնդիրներին։ Տեղեկատվական և հեռահաղորդակցական ցանցերում հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի ընդունումը թույլ կտա միավորել թվային միջավայրում մտավոր սեփականության իրավունքները պաշտպանելու ուղղությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ջանքերը, հաստատել ընդհանուր մոտեցումներ և մշակել մեխանիզմներ հեղինակների և հեղինակային իրավունքի սեփականատերերի իրավունքների պաշտպանության ոլորտում։ Հայկական կողմը աջակցում է նաև ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանունակության հետագա զարգացմանն ուղղված համակարգված միջոցառումների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի ընդունմանը։ Նիստի հարգելի մասնակիցներ, Չեմ կարող չնշել մեր համագործակցության մշակութային ասպեկտի դերը։ Ժողովրդական արվեստի ավանդույթների, պատմամշակութային ժառանգության, արվեստի, գրականության բնագավառում ժառանգության պահպանումը, ժողովրդական արհեստների և ժողովրդական արվեստի յուրացումը մեր երկրների փոխգործակցությունը միավորող գործոններ են։Այս առումով ողջունում ենք 2022 թվականին ԱՊՀ-ում ժողովրդական արվեստի և մշակութային ժառանգության տարի անցկացնելու միջոցառոումների ծրագրի ընդունումը։Ամփոփելով նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է ակտիվ և կառուցողական աշխատանքը՝ նպատակ ունենալով հետևողականորեն խթանել փոխշահավետ համագործակցությանն ուղղված համատեղ նախաձեռնությունները։Շնորհակալություն ուշադրության համար»:
16:43 - 12 նոյեմբերի, 2021
Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը. ՀՀ փոխվարչապետ |armenpress.am|

Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը. ՀՀ փոխվարչապետ |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով 40 հազար մարդ մնացել է անօթևան և կորցրել ունեցվածքը, ոչնչացվել է 17 հազար քաղաքացիական օբյեկտ և ենթակառուցվածք. մի քանի հազար մարդ զոհվել և վիրավորվել է, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, շատերի ճակատագիրը դեռևս անհայտ է: Նոյեմբերի 12-ին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստում այս մասին հայտարարեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Չնայած նոյեմբերի 9-ին ստանձնած պարտավորություններին, Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, ներառյալ բազմաթիվ հայ ռազմագերիների գերության մեջ պահելը, ինչը ոչ միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի կոպիտ խախտում է, այլ նաև միջազգային մարդասիրական իրավունքի: Խեղաթյուրելով տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթները՝ Ադրբեջանի կողմից շահարկվում է «միջանցքի» գաղափարը, որն ուղեկցվում է ուժի կիրառման սպառնալիքներով»,- ընդգծեց փոխվարչապետը: Փոխվարչապետը շեշտեց` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ուժային ճանապարհով: «Հակամարտության կարգավորմանը կարելի է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով՝ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում։ Իրավիճակը լիցքաթափելու և տարածաշրջանի խաղաղ զարգացման փուլ մտնելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում որդեգրի՝ հրաժարվելով ատելության քաղաքականությունից, ագրեսիվ հռետորաբանությունից և թշնամական գործողություններից»,- եզրափակեց Գրիգորյանը:
15:07 - 12 նոյեմբերի, 2021
Ճապոնիայի ԱԳՆ-ն Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագիր կնքելու ցանկություն է հայտնել |armenpress.am|

Ճապոնիայի ԱԳՆ-ն Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագիր կնքելու ցանկություն է հայտնել |armenpress.am|

armenpress.am: Ճապոնիան մտադիր է լուծել չորս կղզիների՝ Կունաշիրի, Շիկոտանի, Իտուրուպի եւ Հաբոմայիի հարցը եւ հաշտության համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ: Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին: «Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագրի հարցում մեր ուղղությունը հետեւյալն է. հաջորդ սերունդների ուսերին չթողնել հարցի լուծումը, լուծել չորս կղզիների պատկանելության հարցը եւ կնքել հաշտության համաձայնագիր: Մենք դրա վրա աշխատելու ենք ավելի վաղ կնքված համատեղ համաձայնությունների հիման վրա, այդ թվում՝ նաեւ այն համաձայնության, որը ձեռք է բերվել Սինգապուրում 2018 թվականին»,-ասել է Հայասին: Ռուսաստանի եւ Ճապոնիայի հարաբերությունները երկար տարիներ փչացնում է հաշտության համաձայնագրի բացակայությունը: 1956 թվականին ԽՍՀՄ-ը եւ Ճապոնիան Համատեղ հռչակագիր են ստորագրել, որում Մոսկվան համաձայնել է Հաբոմայի եւ Շիկոտանա կղզիները հանձնելու հնարավորությունը քննարկել հաշտության համաձայնագիր կնքելուց հետո, Կունաշիրի եւ Իտուրուպի ճակատագրի հարցը չի շոշափվել:
14:34 - 12 նոյեմբերի, 2021
Մեկ տարվա ընթացքում ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 8000 ավտոմեքենայի անվտանգ տեղաշարժը Լեռնային Ղարաբաղում. ՌԴ ՊՆ |tert.am|

Մեկ տարվա ընթացքում ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 8000 ավտոմեքենայի անվտանգ տեղաշարժը Լեռնային Ղարաբաղում. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության ռազմական ոստիկանության ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում մեկամյա գործունեության ընթացքում ապահովել են 200 ավտոշարասյան կազմում ավելի քան 8000 մեքենայի անվտանգ տեղաշարժը: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:Ինչպես հաղորդվում է, շինանյութ և պարենային ապրանքներ տեղափոխող բեռնատարները երթևեկում են Շուշի-Կարմիր շուկա-Քաջար և հակառակ ուղղություններով:Ավելի քան 40 բեռնատարից կազմված շարասյուների երթևեկությունը կազմակերպվում է բարձրլեռնային տեղանքի դժվարանցանելի հատվածներով անցնող գրունտային ճանապարհներով:  «Ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության առաջին տարվա ընթացքում ռազմական ոստիկանության ավելի քան 600 անձնակազմ է ներգրավվել ավելի քան 8000 մեքենայի անվտանգ տեղաշարժն ապահովելու գործում», - ասել է զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Լևիկինը:
10:54 - 12 նոյեմբերի, 2021
Հայաստանի ազգային արխիվի տնօրենն առցանց մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում ընթացող 8-րդ միջազգային գիտաժողովին

Հայաստանի ազգային արխիվի տնօրենն առցանց մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում ընթացող 8-րդ միջազգային գիտաժողովին

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի  տնօրեն Գրիգոր Արշակյանը նոյեմբերի 11-ին առցանց ձևաչափով մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում ՌԴ մշակույթի նախարարության «Ռուսաստանի ազգային գրադարան» դաշնային պետական հաստատության կողմից կազմակերպված «Գրադարանային հավաքածուների պահպանման ապահովում. գիտություն և պրակտիկա» խորագրով 8-րդ միջազգային գիտագործնական գիտաժողովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Արդարադատության նախարարության «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ից, նշելով ելույթներով հանդես  են եկել  Ռուսաստանի, Թուրքմենստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Մոլդովայի գրադարանային և արխիվային ոլորտի ներկայացուցիչները: Գիտաժողովին  «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Արշակյանը հանդես է եկել «Արխիվային հավաքածուի դերը՝ որպես կարևորագույն սկզբնաղբյուր» խորագրով զեկույցով: Կարևորելով գրադարանների և արխիվների վիթխարի գիտական դերը՝ բանախոսը նշել է, որ այդ հաստատություններում պահպանվող հսկայական հավաքածուները լույս են սփռում ազգերի պատմության զանազան էջերի վրա, փոխանցում պատմական հիշողությունը դարեդար, դաստիարակում հայրենասեր և հերոսական սերունդ: Գրիգոր Արշակյանն անդրադարձել է նաև Հայաստանի ազգային արխիվում պահվող փաստաթղթային հավաքածուներին, նշելով, որ արխիվի նյութերից արժեքավոր սկզբնաղբյուրներ են ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի, Երևանի Հայոց կոնսիստորիայի, Երևանի Հայոց թեմական վարչության, Էջմիածնի Սուրբ լուսավորչական Սինոդի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի դիվանի, Երևանի արքունական պալատի, ՀՀ կառավարության, Հայաստանի առաջին Հանրապետության, Բաքվի հայոց մարդասիրական ընկերության, Կովկասի հայոց բարեգործական ընկերության, Հայ եկեղեցու, հոգևորականության կյանքին ու գործունեությանը վերաբերող փաստաթղթերը, Հայկական մարզային վարչության, Հայ ազգային պատվիրակության և այլ արխիվային հավաքածուներ: Նա ընդգծել է, որ հատկապես մեծ է հետաքրքրությունը Հայաստանի Առաջին Հանրապետությանը, Հայոց ցեղասպանությանը, կրթական, ոստիկանական համակարգին, կուսակցությունների պատմությանը, միջկուսակցական հարաբերություններին, Արցախյան հիմնահարցին վերաբերող արխիվային փաստաթղթերի նկատմամբ: «Արխիվային փաստաթուղթը ժողովրդի պատմական հիշողությունն է, նրա բազմադարյա պատմության վկայությունը: Ուստի, արխիվների առջև դրված է ազգապահպան մեծագույն առաքելություն, որին ծառայելու համար մոտ մեկդարյա այս կառույցը գործադրել է ահռելի ջանքեր և արժանացել բարձր գնահատականի: «Հայաստանի ազգային արխիվն այսուհետ ևս  ջանալու է հավատարիմ մնալ իր նախնիների պատգամներին` պահել և պահպանել ազգային այս կառույցը, նպաստել նրա զարգացմանն ու ապագային, քանզի առանց հիշողության ցանկացած ազգ դատապարտված է կործանման»,- եզրափակել է իր ելույթը Գ.Արշակյանը: Գիտաժողովն իր աշխատանքը շարունակելու է նաև նոյեմբերի 12-ին:
16:38 - 11 նոյեմբերի, 2021
Քննարկվել են ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովին առնչվող հարցեր

Քննարկվել են ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովին առնչվող հարցեր

ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 10-ին հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա գործունեությանը վերաբերող հարցեր: «Քննարկվել են միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա 3 տարիների համար հաստատված աշխատանքային պլանի, հերթական նիստի ժամկետի և օրակարգի ձևավորման հարցերը»,- հայտնում են ԱԺ-ից: Պատգամավորներն անդրադարձել են հանձնաժողովի շրջանակներում Արցախի հարցի շուրջ քննարկումների, հանձնաժողովին կից գործարարների խորհրդի ստեղծման, փորձագիտական խորհրդի գործունեության, համատեղ մշակութային ու կրթական միջոցառումների իրագործման, ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացների զարգացման, օրենսդրական դաշտի ներդաշնակեցման և մի շարք այլ հարցերի: ԵԱՏՄ շրջանակներում օրենսդրության ներդաշնակեցման համատեքստում կարևորվել է գործադիրի հետ համաձայնեցված աշխատանքը: Քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի միջոցառումների անցկացման համատեղ աշխատանքի իրականացման ձևաչափը:
15:02 - 11 նոյեմբերի, 2021
Այս շրջափուլում Ադրբեջանը փորձելու է ստիպել Հայաստանին փոխելու իր դիրքորոշումը և միջանցքի տրամադրման հարցում ընդունել ադրբեջանական նախապայմանները․ ՀՀ շուրջ օղակը շարունակվում է սեղմվել․ Տ․ Աբրահամյան

Այս շրջափուլում Ադրբեջանը փորձելու է ստիպել Հայաստանին փոխելու իր դիրքորոշումը և միջանցքի տրամադրման հարցում ընդունել ադրբեջանական նախապայմանները․ ՀՀ շուրջ օղակը շարունակվում է սեղմվել․ Տ․ Աբրահամյան

Պաշտպանության նախարարությունը երեկ հերքեց Սև լճի հատվածում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուքի ու հայ զինծառայողների շրջափակման մեջ հայտնվելու վերաբերյալ տեղեկությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Եթե սա մի կողմ դնենք ու որպես իրականություն ընդունենք, մյուս կողմից ակնհայտ է, որ ադրբեջանցիներն այս հատվածում որոշակի ակտիվություն են դրսևորում են, փորձում են ամրանալ։ Ադրբեջանի համար ռազմավարական առաջնահերթությունն այս փուլում Սյունիքն է, որի մատույցներում ամրանալու և կարևոր դիրքեր, բարձունքներ զբաղեցնելու համար մեծ ռեսուրսներ են դրվում։ ՀՀ-ից, ՌԴ-ից միջանցքի գաղափարը հերքող հայտարարությունները Ադրբեջանին ստիպում են մեծացնել ճնշումը։ Այս շրջափուլում Ադրբեջանը փորձելու է ստիպել Հայաստանին փոխելու իր դիրքորոշումը և միջանցքի տրամադրման հարցում ընդունել ադրբեջանական նախապայմանները։ Սա նշանակում է, որ ադրբեջանական ճնշումներն առաջին հերթին դրսևորվելու են սահմանագծին, իսկ դրա վտանգավորությունն առաջին հերթին կարող է արտահայտվել առաջնագծի խոցելի ուղղություններ ֆիքսելով և ձմեռային ամիսների առանձնահատկությունը հաշվի առնելով, նոր առաջխաղացում ապահովելու ձևով։ Նորմալ իշխանություն ունեցող երկրները, նման իրավիճակներում կլոունադայի փոխարեն լուրջ միջոցառումներ կիրականացնեին անվտանգության աստիճանի բարձրացման ուղղությամբ, իսկ Հայաստանի դեպքում իշխանության միակ անելիքը պետք է լինի առանց ցնցումների հեռացումը։ Դա բխում է և՛ երկրի, և՛ իրենց շահերից։ Հայաստանի շուրջ օղակը շարունակվում է սեղմվել»,-գրել է Տիգրան Աբրահամյանը։
11:51 - 11 նոյեմբերի, 2021
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը միջազգային լայն աջակցություն ունի․Մարիա Զախարովա |hetq.am|

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը միջազգային լայն աջակցություն ունի․Մարիա Զախարովա |hetq.am|

hetq.am: ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է արցախյան հակամարտության համատեքստում Մինսկի խմբի գործունեությանն ու «3+3» ձևաչափի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշմաը։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը միջազգային լայն աջակցություն ունի, ինչպես որ նշված է ՌԴ ԱԳՆ ընթացիկ տարվա նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Կարևոր ենք համարում եռյակի գծով շարունակել ջանքերը նախևառաջ տարածաշրջանի առաջ ծառացած սոցիալ-տնտեսական և մարդասիրական խնդիրների լուծման համատեքստում»,- ասել է Զախարովան։ Նա հիշեցրել է, որ 2021 թվականի սեպտեմբերի 24-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում, հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։  Նրա պնդմամբ՝ ներկայում համանախագահ եռյակը նախապատրաստվում է հանդիպումներ և շփումներ ունենալ եվրոպական մի շարք մայրաքաղաքներում։ «Մենք կարևոր ենք համարում նաև հնարավորինս արագ վերականգնել եռյակի՝ այդ տարածաշրջան այցելելու պրակտիկան»,- հավելել է Մարիա Զախարովան։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պատասխանել է նաև Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների առաջարկած «3+3» ձևաչափի վերաբերյալ հարցին։ Զախարովայի խոսքերով՝ Ռուսաստանը սատարում է այդ առաջարկը։ Նրա խոսքերով՝ ժամանակն է, որ դրա գործարկմանն ուղղված ծրագրերը կյանքի կոչվեն։  
20:10 - 10 նոյեմբերի, 2021
Կընդլայնվեն զենքի ձեռքբերման հնարավորությունները․ Արցախի նախագահը ներկայացրել է, թե ինչ է արվում  հրադադարի ռեժիմն ամրապնդելու և անվտանգային մյուս խնդիրները լուծելու համար

Կընդլայնվեն զենքի ձեռքբերման հնարավորությունները․ Արցախի նախագահը ներկայացրել է, թե ինչ է արվում հրադադարի ռեժիմն ամրապնդելու և անվտանգային մյուս խնդիրները լուծելու համար

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի ՛ հայրենակիցներ Ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում փխրուն հրադադարի հաստատումից հետո անցել է մեկ տարի։ Այդ ընթացքում ամենօրյա ռեժիմով Արցախի իշխանությունները, ՀՀ ու Սփյուռքի աջակցությամբ և ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցությամբ, ջանում են լուծել պատերազմի հետևանք հանդիսացող տարաբնույթ խնդիրները` ռազմա-քաղաքական, անվտանգային, սոցիալ-տնտեսական և այլն։ Սակայն երբեմն ունենում ենք իրավիճակներ, երբ ադրբեջանական կողմը խախտում է ինչպես բարձր մակարդակով մեկ տարի առաջ ստորագրված հայտարարության դրույթները, այնպես էլ՝ առօրյա աշխատանքներին վերաբերող պայմանավորվածությունները։ Այդպես է շփման գծում հրադադարի խախտումների դեպքում և այդպես է վերջին երկու դեպքում, երբ զոհվեցին ու վիրավորվեցին քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի բացահայտ ահաբեկչության թիրախում Արցախի Հանրապետության քաղաքացիներն էին, ինչպես նաև՝ ՌԴ խաղաղապահները. նպատակը խուճապային տրամադրություններ սերմանել Արցախում ապրողներիս շրջանում, և, իհարկե, փորձել հեղինակազրկել ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը։ Կուզեի հակիրճ անդրադառնալ, թե այս ժամանակահատվածում ինչ է արվում ԱՀ Պաշտպանության բանակի և խաղաղապահների միջոցով ապահովվող հրադադարի ռեժիմն ամրապնդելու և անվտանգային մյուս խնդիրները լուծելու համար։ 1 Զենքի մասին օրենքում կատարվող փոփոխությունները կընդլայնեն զենքի ձեռքբերման հնարավորությունները։ 2. Թեև առ այսօր շոշափելի աշխատանք է տարվել շփման գծին հարակից բնակավայրերում մշտական զինված հսկողություն ապահովելու առումով, սակայն այսուհետ իրավապահ մարմինների կազմում գործող համապատասխան ստորաբաժանումներն էլ ավելի մեծ մասնակցություն կունենան շփման գծին մոտ տարածքներում կատարվող աշխատանքների, բնակավայրերի ու ճանապարհների անվտանգության ապահովման գործում։ Այդ առումով խնդրում եմ բոլոր քաղաքացիներին ու կազմակերպություններին նշված տարածքներում աշխատանքներ իրականացնելու դեպքում դիմել ԱՀ ազգային անվտանգության ծառայություն։ 3. Իհարկե, այս մեկ տարվա ընթացքում նաև զգալի աշխատանք է տարվել առաջնագծի ամրացման ու ՊԲ գործառույթների պատշաճ իրականացումն ապահովելու ուղղությամբ: 4. ՌԴ խաղաղապահների հետ նույնպես վարում ենք ամենօրյա համագործակցություն բազմաբնույթ անվտանգային ռիսկերի կանխարգելման ու խնդիրների վերացման ուղղությամբ: Գլխավորապես չերևացող տարբեր ջանքերի միջոցով հնարավորինս անելու ենք, որ մեր բնակչության անվտանգության մակարդակը շարունակաբար բարձրանա՝ օգտագործելով և՛ սեփական անվտանգային կարողությունները, և՛ ՌԴ խաղաղապահ զորակազմի տրամադրած ռազմաքաղաքական երաշխիքները: Գործադրվող ջանքերի համար մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմին, հրամանատարությանը և անձամբ Ռուսասատանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին»:
17:13 - 10 նոյեմբերի, 2021
Փոփոխություններ Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի վերաբերյալ |1lurer.am|

Փոփոխություններ Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի վերաբերյալ |1lurer.am|

1lurer.am: ՌԴ «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» Դաշնային օրենքում փոփոխություններ մտցնելու մասին Դաշնային օրենքի և «Ռուսաստանի Դաշնությունում պետական մատնադրոշմային գրանցման մասին» 2021 թ. հուլիսի 1-ի Դաշնային օրենքի՝ աշխատանքային գործունեության նպատակով ՌԴ ժամանած Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիները 2021 թ. դեկտեմբերի 29-ից պարտավոր են. - մեկանգամյա պետական մատնադրոշմային գրանցում ու լուսանկարահանում անցնել ՌԴ մուտք գործելու օրվանից երեսուն օրացուցային օրվա ընթացքում. - ՌԴ մուտք գործելու օրվանից երեսուն օրացուցային օրվա ընթացքում բժշկական զննություն անցնել՝ նրանց կողմից առանց բժշկի նշանակման թմրանյութերի կամ հոգեմետ դեղերի օգտագործումը և ՌԴ լիազոր դաշնային մարմնի կողմից հաստատված ցանկով՝ շրջապատի համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների ու մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ-վիրուս) հետևանքով առաջացած հիվանդությունների առկայությունը հաստատելու կամ ժխտելու նպատակով. - տվյալ բժշկական փաստաթղթերի ժամկետը լրանալուց հետո երեսուն օրացուցային օրվա ընթացքում կանոնավոր կերպով՝ անմիջաբար կամ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով՝ պետական և մունիցիպալ ծառայությունների միասնական պորտալի միջոցով կամ ենթագերատեսչական ձեռնարկության կամ լիազոր կազմակերպության միջոցով, ներքին գործերի բնագավառի գործադիր իշխանության տարածքային մարմին ներկայացնել հրատապ բժշկական փաստաթղթերը: Օտարերկրյա քաղաքացիների կողմից այս պահանջները չկատարելու դեպքում նրանց ժամանակավոր կեցության ժամկետը Ռուսաստանի Դաշնությունում կրճատվում է: Ինչպես և՝ ՌԴ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշում է կայացվում նրանց կեցության (բնակության) անցանկալիության կամ ՌԴ մուտքն արգելելու մասին, եթե բուժզննության արդյունքներով հաստատվել է նրանց կողմից առանց բժշկի նշանակման թմրանյութերի կամ հոգեմետ դեղերի օգտագործման կամ նոր պոտենցիալ հոգեներգործուն դեղերի օգտագործման կամ ՄԻԱՎ-ի փաստը:
10:55 - 10 նոյեմբերի, 2021
ՌԴ-ն և Ֆրանսիան Փարիզում կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև ճգնաժամի կարգավորումը |tert.am|

ՌԴ-ն և Ֆրանսիան Փարիզում կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև ճգնաժամի կարգավորումը |tert.am|

tert.am: Նոյեմբերի 12-ին Փարիզում Լիբիայի հարցով միջազգային համաժողովի շրջանակում Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներն ու պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները երկկողմ հանդիպում կանցկացնեն։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը։ Նախարարները կքննարկեն Եվրոպայում ռազմավարական կայունության և անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային ճգնաժամերի քաղաքական և ռազմական ասպեկտները։Քննարկումներ կլինեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ճգնաժամի կարգավորման ուղղությամբ Ֆրանսիայի և Ռուսաստանի աշխատանքի և Համատեղ համապարփակ համաձայնագրի դրույթների կատարման շուրջ Իրանի հետ բանակցությունների շուտափույթ վերսկսման թեմայի շուրջ՝ կապված իր միջուկային ծրագրի հետ։
10:44 - 10 նոյեմբերի, 2021