hetq.am: ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է արցախյան հակամարտության համատեքստում Մինսկի խմբի գործունեությանն ու «3+3» ձևաչափի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշմաը։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը միջազգային լայն աջակցություն ունի, ինչպես որ նշված է ՌԴ ԱԳՆ ընթացիկ տարվա նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Կարևոր ենք համարում եռյակի գծով շարունակել ջանքերը նախևառաջ տարածաշրջանի առաջ ծառացած սոցիալ-տնտեսական և մարդասիրական խնդիրների լուծման համատեքստում»,- ասել է Զախարովան։ Նա հիշեցրել է, որ 2021 թվականի սեպտեմբերի 24-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում, հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։
Նրա պնդմամբ՝ ներկայում համանախագահ եռյակը նախապատրաստվում է հանդիպումներ և շփումներ ունենալ եվրոպական մի շարք մայրաքաղաքներում։ «Մենք կարևոր ենք համարում նաև հնարավորինս արագ վերականգնել եռյակի՝ այդ տարածաշրջան այցելելու պրակտիկան»,- հավելել է Մարիա Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պատասխանել է նաև Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների առաջարկած «3+3» ձևաչափի վերաբերյալ հարցին։
Զախարովայի խոսքերով՝ Ռուսաստանը սատարում է այդ առաջարկը։ Նրա խոսքերով՝ ժամանակն է, որ դրա գործարկմանն ուղղված ծրագրերը կյանքի կոչվեն։
comment.count (0)