Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Հայ գերիների վերադարձի հարցում էական կլինի ԵԱՀԿ առաջիկա համաժողովը. ՀՀ-ում Լեհաստանի դեսպան |armenpress.am|

Հայ գերիների վերադարձի հարցում էական կլինի ԵԱՀԿ առաջիկա համաժողովը. ՀՀ-ում Լեհաստանի դեսպան |armenpress.am|

armenpress.am: Լեհաստանը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը դրական լուծում կունենա: Այդ մասին Մեդիա կենտրոնում հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ դեր կարող է խաղալ Լեհաստանը, որպես 2022 թվականին ԵԱՀԿ-ում նախագահող, Հարավային Կովկասում հակամարտության կարգավորման, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, դրանց առնչվող հումանիտար խնդիրների լուծման և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Լեհաստանի դեսպանը նաև դրական գնահատեց Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման նպատակով սկսված երկխոսությունը և դրական ազդակների փոխանակումը: «Հրաշալիորեն գիտակցում ենք, որ Հայաստանի քաղաքացիների և կառավարության համար առաջնահերթ խնդիր է գերիների հնարավորինս շուտ վերադարձը: Կարծում եմ, որ այս գործընթացում էական կլինի Վիեննայում հունվարի 13-ին կայանալիք հանդիպումը [ԵԱՀԿ համաժողովը], և չէի ուզենա դրանից առաջ ընկնել և նշել մեր առաջնահերթությունները, քանի դեռ դա չի արել իմ ղեկավարությունը», - հավելեց Լեհաստանի դեսպանը: Դեսպան Պավել Չեպլակի խոսքով՝ Հարավային Կովկասում տարածաշրջանային իրավիճակի և անվտանգության ոլորտի վերաբերյալ Լեհաստանի դիրքորոշման մասին ավելի մանրամասն տեղեկություններ կհաղորդվեն 2022 թ. հունվարին, երբ Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուին կայցելի Վիեննա՝ ստանձնելով ԵԱՀԿ նախագահությունը և ներկայացնելով Լեհաստանի առաջնահերթությունները որպես ԵԱՀԿ նախագահողի, այդ թվում՝ Հարավային Կովկասում ձեռնարկվող քայլերի և նախաձեռնությունների վերաբերյալ: «Տվյալ հարցը քննարկվել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի միջև այս տարի Վիեննայում և Ստոկհոլմում կայացած հանդիպումների ընթացքում», - նշեց դեսպան Պավել Չեպլակը:
14:50 - 30 դեկտեմբերի, 2021
Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամն ստացել է 254 221 913 դրամի հանգանակություն․ Արտակ Բեգլարյան

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամն ստացել է 254 221 913 դրամի հանգանակություն․ Արտակ Բեգլարյան

Ամանորն ու Սուրբ Ծնունդը լավագույն առիթներն են՝ վերարժևորելու մեր կյանքի իմաստը և ավելի շատ բարի գործեր կատարելու: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը: «Շատերդ գիտեք, որ բացի հանրային ծառայությունից ու պետական գործունեությունից՝ փորձում եմ հնարավորինս իրականացնել նաև հասարակական արժեքավոր գործունեություն: Մասնավորապես, այս տարի Արմոս Մարտիրոսյանի ու այլ ընկերների հետ համատեղ հիմնել ենք Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը՝ ՀՀ-ում ու Արցախում կյանքի համար պայքարող երեխաներին աջակցելու նպատակով: Հիմնադրման պահից՝ հունիսի 1-ից սկսած, HFC Armenia հիմնադրամը հասցրել է օգնություն տրամադրել 1118 երեխայի, որից 38 երեխայի դեպքում իրականացվել են բուժման համար անհրաժեշտ հետազոտություններ, կատարվել վիրահատություններ, տրամադրվել է անհրաժեշտ դեղորայք, 1080 երեխայի դեպքում տարբեր բուժհաստատությունների տրամադրվել են անհրաժեշտ տեսակի թեստեր:   Այս կարճ ժամանակահատվածում HFC Armenia հիմնադրամը ստացել է 254 221 913 դրամի հանգանակություն, և տրամադրել 194 904 554 դրամի աջակցություն կյանքի համար պայքարող երեխաներին. շուրջ 18 000 բարերարների շնորհիվ առողջական ծանր խնդիրներ ունեցող բազմաթիվ երեխաներ հնարավորություն ստացան ապրելու: Կարծում եմ` նորաստեղծ հիմնադրամի համար բավականին լավ ցուցանիշներ են: Հիմնադրամի գործունեության մանրամասն հաշվետվությունը կներկայացնենք 2022 թ. հունվար ամսին։   Մեծագույն շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր աջակիցներին. ձեր շնորհիվ անհնարը դարձավ հնարավոր բազմաթիվ երեխաների համար:   2022 թ. HFC Armenia հիմնադրամի շրջանակներում նախատեսել ենք բազմապատկել օգնության ծավալները, զգալի ներդրում կատարել առողջապահության ոլորտի ինստիտուցիոնալ զարգացման կարևոր գործում: Այս ուղղությամբ արդեն իսկ մշակել ենք մի շարք ծրագրեր, ներգրավել ֆինանսական միջոցներ, որոնց վերաբերյալ մանրամասներ կներկայացնենք հաջորդ տարվա սկզբում:   Այսքանից հետո, եթե ցանկություն առաջացավ օգնել HFC Armenia հիմնադրամի առաքելությանը, կարող եք ամսական պարբերականությամբ կամ միանվագ նվիրատվություններ կատարել https://hfc.am/#donate-container կայքի օգնությամբ, որի համար անչափ շնորհակալ կլինենք:   Համամիտ չե՞ք, որ կյանք պարգևելն ու ծառայությունը մարդկանց, հատկապես՝ երեխաներին, բացառիկ հնարավորություններ են սեփական կյանքդ իմաստալից դարձնելու: Առողջություն ու իմաստալից կյանք բոլորիդ:   Լուսանկարում 2 տարեկան Ադամն է, որը վերջերս մեր հիմնադրամի աջակցությամբ ոսկրածուծի փոխպատվաստում է անցել Պետերբուրգում»,- գրել է Արցախի պետնախարարը: Ավելի վաղ հայտնել էինք՝ Արտակ Բեգլարյանն ընտրվել է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:  
12:39 - 30 դեկտեմբերի, 2021
Արցախում 2022-ին բնակչության համար բուժօգնությունը կլինի լրիվ անվճար

Արցախում 2022-ին բնակչության համար բուժօգնությունը կլինի լրիվ անվճար

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ միասին, դեկտեմբերի 29-ին մասնակցել է առողջապահության համակարգի արդյունքների ամփոփմանը նվիրված տարեվերջյան նիստին, որին մասնակցում էին ոլորտում գործող բոլոր պետական բուժհիմնարկների ղեկավարները:Պետական նախարարը և առողջապահության նախարարը լսել են Ստեփանակերտի և շրջանային բուժհիմնարկների, առանձնացված ստորաբաժանումների, նախարարության աշխատակազմի ընթացիկ տարում իրականացրած աշխատանքների մասին հաշվետվությունները, առկա խնդիրների ու լուծումների մասին դիտարկումները և ծավալել շահագրգիռ քննարկում՝ նվիրված հանրապետության առողջապահական ծառայությունների կատարելագործմանը:Առանձին անդրադարձ է կատարվել Արցախում լրիվ անվճար բուժօգնության ծրագրի ներդրմանը: Ա. Բեգլարյանը նշել է, որ համաձայն հանրապետության նախագահի ծրագրի՝ առողջապահության ոլորտում պետական քաղաքականության ուղղությունները հստակ են: Արդեն ձևավորված է անվճար բուժօգնության իրավական և գործնական հիմքերը, և 2022 թվականին կյանքի է կոչվելու լրիվ անվճար բուժօգնությունը բնակչության համար:Քննարկվել են նաև ոլորտային մի շարք այլ բարեփոխումներ և տեղային բնույթի տարբեր խնդիրների լուծման հնարավորությունները: Պետական նախարարն առաջարկել է նման ընգրկվածությամբ հանդիպումներն առավել հաճախակի դարձնել՝ քննարկումների ու մասնագիտական վերլուծությունների միջոցով նպաստելով առողջապահական համակարգի շարունակական բարելավմանն ուղղված պետական քաղաքականության կիրարկմանը:  
18:58 - 29 դեկտեմբերի, 2021
Արցախի ժողովուրդն ու իշխանությունները երբևէ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ. Արայիկ Հարությունյան

Արցախի ժողովուրդն ու իշխանությունները երբևէ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 29-ին ընդունել է Հադրութի Մ. Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցի, Շուշիի Դ. Ղազարյանի անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված և Խ. Աբովյանի անվան դպրոցների աշխատանքային կոլեկտիվներին։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Երկրի ղեկավարն ի դեմս ներկաների շնորհակալություն է հայտնել Արցախի բռնազավթված տարածքների համայնքների դպրոցների բոլոր ուսուցիչներին և ստեղծագործական հաստատությունների աշխատակիցներին, որոնք այս դժվար ժամանակաշրջանում և ստեղծված բարդ սոցիալ-կենցաղային պայմաններով հանդերձ բարեխղճորեն կատարել և կատարում են իրենց աշխատանքը՝ տեղահանված աշակերտների համար ապահովելով անխափան կրթական պրոցեսը։ Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ արդեն 2022 թվականի սեպտեմբերի 1-ից Հադրութի և Շուշիի դպրոցներն ու մանկապարտեզները ունենալու են նոր առանձին մասնաշենքեր մայրաքաղաք Ստեփանակերտում։ Պատասխանելով ուսուցիչների՝ ապագայի և անվտանգության վերաբերյալ մտահոգություններին և հուզող հարցերին՝ նախագահը շեշտել է, որ Արցախի ժողովուրդն ու իշխանությունները երբևէ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ, իսկ երկրի անվտանգ կենսագործունեությունն ապահովում և ապահովելու են Պաշտպանության բանակն ու ՌԴ խաղաղապահ զորակազմը։ Անդրադառնալով տեղահանված քաղաքացիների սոցիալական խնդիրներին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ պետությունն այսօր առավելագույնն է անում բնակարանային ապահովության հարցը ամբողջությամբ լուծելու, ինչպես նաև աշխատանքով և այլ սոցիալական երաշխիքներով ապահովելու ուղղությամբ։ Այս համատեքստում երկրի ղեկավարն ընգծել է, որ, իր հանձնարարականի համաձայն, Արցախի Հանրապետության բոլոր կառույցներում կադրային քաղաքականության կարևորագույն սկզբունքներից մեկն է լինելու աշխատանքի ընդունելիս տեղահանված քաղաքացիներին առաջնահերթություն տալը։
17:52 - 29 դեկտեմբերի, 2021
Արցախցին մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում. միջոցներ են ձեռնարկվում նրան վերադարձնելու ուղղությամբ

Արցախցին մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում. միջոցներ են ձեռնարկվում նրան վերադարձնելու ուղղությամբ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու արդյունքում Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ:   «Այսօր՝ առավոտյան ժամը 07։30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի 1971 թ. ծնված բնակիչ Արմեն Աբրիկի Վերդյանի անհայտ կորելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արցախի հիշյալ քաղաքացին առավոտյան Ասկերանի շրջանի Նախիջևանիկ և Ուղտասար համայնքների հատվածում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:   Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության մեջ:   Այս պահին բանակցություններ են ընթանում Արցախի Հանրապետության քաղաքացուն հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ»,- հայտնում են Արցախի ԱԱԾ-ից:  
14:02 - 29 դեկտեմբերի, 2021
Արցախում «Հայաստան» հիմնադրամի գործունեության դադարեցման տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. պարզաբանում

Արցախում «Հայաստան» հիմնադրամի գործունեության դադարեցման տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. պարզաբանում

Լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամը պատրաստվում է դադարեցնել գործունեությունն Արցախում, չի համապատասխանում իրականությանը։  «Լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամը պատրաստվում է դադարեցնել գործունեությունն Արցախում, չի համապատասխանում իրականությանը։ Հիմնադրամը շարունակում է բնականոն գործունեություն ծավալել և Արցախում ունի բազում կարևոր լայնածավալ ծրագրեր, որոնց մի մասն արդեն ավարտվել է, իսկ մյուս մասն ընթացքում է։ Այս պահին հիմնադրամն Արցախում իրականացնում է շուրջ 40 մեծածավալ տարաբնույթ ծրագրեր, ընդհանուր առմամբ՝ շուրջ 70 միլիոն դոլար արժեքով։ Կառուցվում է 1100 բնակարան և առանձնատուն, 50 կմ-ից ավել ռազմավարական տարբեր ճանապարհներ, ավարտին է հասնում Արցախի պետական համալսարանի կառուցումը, վերանորոգվում և կառուցվում են դպրոցներ, իրականացվում է ջրամատակարարման երեք խոշոր ծրագիր և այլն։ Հիմնադրամի շուրջ անհիմն շահարկումները վնասում են մեր ընդհանուր գործին,- ասված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարածած հայտարարությունում։
09:51 - 29 դեկտեմբերի, 2021
Աշխարհը մի օր հաշվի է նստելու մեզ հետ. Արցախի նախագահ

Աշխարհը մի օր հաշվի է նստելու մեզ հետ. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության անդամներին։ Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից` հանդիպման ընթացքում քննարկվել են զորացրված և պահեստազոր անցած սպաների ու նրանց ընտանիքների սոցիալական խնդիրները։ Հատուկ անդրադարձ է եղել Արցախի Հանրապետության անվտանգային, ինչպես նաև ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի։ Արայիկ Հարությունյանը ընդգծել է, որ Արցախի կարգավիճակի հարցում պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը հստակ է և անկախության ճանապարհից ետ քայլ չի լինելու: «Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ծանր պատերազմի հետևանքով շատ կորուստներ ենք ունեցել, սակայն շարունակում և շարունակելու ենք մեր պետականակերտման  աշխատանքը: Համոզված եմ՝ աշխարհը մի օր հաշվի է նստելու մեզ հետ, և մեր տասնամյակների պայքարը տալու է իր ցանկալի արդյունքը»,- ասել է նախագահը: Հանդիպման ընթացքում նախագահը նշել է, որ 2022 թ.-ի հունվարի 1-ից ԱՀ կառավարության որոշմամբ 25 հազար ՀՀ դրամով բարձրացվելու են զինվորական բոլոր թոշակառուների թոշակները, ուշադրության կենտրոնում է գտնվում գործող և թոշակառու սպաներին բնակարաններով ապահովելու հարցը, որը նախատեսված է ամբողջությամբ լուծել մինչև 2023 թվականը։  
20:24 - 28 դեկտեմբերի, 2021
Արցախի առողջապահության նախկին նախարարը վերականգնել է պետությանը պատճառած մոտ 6 մլն դրամի վնասը

Արցախի առողջապահության նախկին նախարարը վերականգնել է պետությանը պատճառած մոտ 6 մլն դրամի վնասը

Պետությանը պատճառված 5.945.235 դրամի չափով գույքային վնասը վերականգնվել է ԱՀ առողջապահության նախկին նախարարի կողմից: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության դատախազությունը: ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա նախաքննական մարմինը հաստատված է համարել, որ ԱՀ առողջապահության նախկին նախարարը, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, դժգոհ լինելով ԱՀ առողջապահության նախարարության կողմից հիմնադրված «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի գործունեությունից և ունենալով նրան աշխատանքից ազատելու անձնական նպատակ ու իր համոզմամբ աշխատանքից ազատելու հիմքեր, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը միակողմանի լուծարելու փոխարեն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, 05.08.2020թ. ԱՀ առողջապահության նախարարության անունից ստորագրել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության (այսուհետ ընկերություն) գործադիր տնօրենի հետ կնքված թիվ 349 առ 04.04.2019թ. աշխատանքային պայմանագիրը լուծարելու մասին համաձայնագիր՝ որպես գործատուի ներկայացուցիչ պետության անունից ստանձնելով աշխատանքային պայմանագրով նախատեսված՝ չաշխատած ողջ ժամկետի համար գործադիր տնօրենի պաշտոնային դրույքաչափով սահմանված աշխատավարձի գումարը միանվագ վճարելու պարտավորություն, որի հետևանքով Արցախի Հանրապետությունից հօգուտ աշխատողի բռնագանձվել է ընդհանուր 5.591.357 դրամ գումար՝ այդ կերպ պետությանը պատճառելով էական գույքային վնաս: Վերը նկարագրված ենթադրյալ հանցավոր արարքի կատարման համար ԱՀ առողջապահության նախկին նախարարի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործության կատարման մեղադրանքով: Նախաքննության ընթացքում ԱՀ պետական բյուջե է վերադարձվել պետությանը պատճառված վնասը՝ 5.591.357 դրամ գումարը: Նկատի ունենալով, 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության պաշտպանությանն ակտիվ մասնակցություն ցուցաբերած անձանց առնչությամբ ԱՀ դատախազության կողմից որդեգրված միասնական և համընդհանուր քրեական քաղաքականությունը, հիմք ընդունելով ենթադրյալ հանցանք կատարած անձի կողմից 2020թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին առողջապահական ոլորտում իրականացված աշխատանքների ակտիվ համակարգումը և անձնական մասնակցությունը, ներկայումս պետական ծառայության մեջ չգտնվելը, պետությանը պատճառված վնասը լրիվ վերականգնված լինելը և կատարած արարքի համար զղջալը, քրեական գործով հսկող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից որոշում է կայացվել ոչ արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
12:33 - 28 դեկտեմբերի, 2021
Արցախի անկախությունն անվիճարկելի է․ Արցախի ԱԺ նախագահի ուղերձը

Արցախի անկախությունն անվիճարկելի է․ Արցախի ԱԺ նախագահի ուղերձը

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի կազմավորման 30-ամյակի առիթով։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից։ Ուղերձում ասված է․ «30 տարի առաջ այս օրը՝ 1991թ. դեկտեմբերի 28-ին կայացած ընտրությունների արդյունքում կազմավորվել է նորաստեղծ հանրապետության օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը, որը 1992 թվականի հունվարի 6-ի անդրանիկ նիստում ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակագիրը՝ ելնելով ժողովրդի ինքնորոշման անկապտելի իրավունքից, հենվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ազատ կամքի վրա։ Այս առիթով ջերմորեն շնորհավորում եմ օրենսդիր մարմնի բոլոր գումարումների նախագահներին, փոխնախագահներին, հանձնաժողովների նախագահներին և խմբակցությունների ղեկավարներին, պատգամավորներին և մաղթում առողջություն, խաղաղություն, արժանապատիվ ապագա։ Անկախության հռչակագրին Ադրբեջանը պատասխանել է երեք պատերազմով։ Արցախյան առաջին պատերազմին զինվորագրվել և իրենց կյանքն են զոհաբերել Գերագույն խորհրդի առաջին գումարման 11 պատգամավոր։ Հավերժ փառք նրանց և հայրենիքի համար նահատակված բոլոր քաջորդիներին, խոնարհումս նրանց սուրբ հիշատակին։ ԼՂՀ գերագույն խորհրդի 30-ամյակի առթիվ Արցախի խորհրդարանը նպատակ է ունեցել դեկտեմբերի 28-ին հատուկ նիստ հրավիրել, սակայն Հանրապետությունում տարածված համավարակի և հայտարարված համապետական կարանտինի պատճառով նիստ չի գումարվել։ Մեր օրերում Արցախը, թեկուզ ծվատված, ունի պետականություն, իսկ նրա անկախությունն անվիճարկելի է։ Հակամարտության վերջնական լուծման կողքին անվերապահորեն դրված է նաև Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և նրա սահմանների խնդիրը: Պատմության քառուղիներում մաքառած հայ ժողովրդի գոյությունն ու փրկությունը մշտապես պայմանավորված էր հայության համախմբվածությամբ և միակամությամբ։ Մեր ապրելակերպով և հաստատակամությամբ պետք է տեր կանգնենք ճակատագրորեն մեզ վիճակված հայրենիքին և հետևողականորեն պայքարենք մեր իրավունքների պաշպանության համար։ Մեր կամքն ու նպատակները անշեղելի են և ենթակա չեն զիջման։ Համայն հայությանը միասնականության, փոխըմբռնման և հանդուրժողականության կոչ ենք անում»։
11:11 - 28 դեկտեմբերի, 2021
Արտակ Բեգլարյանը մասնակցել է զոհված զինծառայողների տեղահանված 20 ընտանիքի բնակարանամուտի արարողությանը

Արտակ Բեգլարյանը մասնակցել է զոհված զինծառայողների տեղահանված 20 ընտանիքի բնակարանամուտի արարողությանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 27-ին ներկա է գտնվել զոհված զինծառայողների տեղահանված 20 ընտանիքի Ստեփանակերտում բնակարանների տրամադրման արարողությանը, որոնք կառուցվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ:Բնակարանային հարցերի կոմիտեի անցկացրած վիճակահանությամբ զոհված զինծառայողների տեղահանված 20 ընտանիք մայրաքաղաքի նորակառույց թաղամասում ստացել են սեփական բնակարանների բանալիները:Արտակ Բեգլարյանը ընտանիքների հետ միասին այցելել է բնակարաններ և տեղում շնորհավորել շահառուներին բնակարանամուտի կապակցությամբ: Պետական նախարարն ընդգծել է, որ պետությունը շարունակելու է սոցիալապես խոցելի խմբերին բնակարանով ապահովելու իր պարտավորությունների կատարումը՝ համաձայն Հանրապետության նախագահի ծրագրի: Արտակ Բեգլարյանը շեշտադրել է, որ կառավարության կողմից հնարավորինս արվում է գործընթացի արդար ու թափանցիկ կերպով կազմակերպման ուղղությամբ՝ նշելով, որ բնակարանային ոլորտի բարեփոխումները շարունակական են լինելու:Քաղաքաշինության նախարարի և բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի հետ պետական նախարարը տեղում քննարկել է կառուցվող մյուս բնակարանների շինարարության և շահառուներին տրամադրելու վերաբերյալ հարցեր: Նրան զեկուցել են, որ առաջիկա օրերին ավելի քան 100 բնակարան կհանձնվի շահագործման, իսկ մեկ ամսվա ընթացքում՝ ավելի քան 300:
20:10 - 27 դեկտեմբերի, 2021
Արցախի նախագահ Հարությունյանն ընդունել է Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչներին

Արցախի նախագահ Հարությունյանն ընդունել է Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 27-ին ընդունել է Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչներին՝ համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի գլխավորությամբ։ Քննարկվել են համայնքային կյանքին, ինչպես նաև կրթական և մշակութային ոլորտներում իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր։ «Երկրի ղեկավարը հետաքրքրվել է համայնքի խնդիրներով և կարիքներով, լսել դրանց հոգալու վերաբերյալ առաջարկություններն ու կարծիքները՝ վստահեցնելով ներկաներին, որ ԱՀ իշխանությունները մշտապես հատուկ ուշադրության ներքո են պահելու Արցախի ռուսական համայնքը։ Նախագահը շեշտադրել է, որ ռուսական համայնքի անդամները ԱՀ լիարժեք ու լիիրավ քաղաքացիներ են, որոնք հավասարապես մասնակցում են և՛ Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին, և՛ պետության կենսագործունեության մնացած ոլորտների զարգացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ Արցախում բարձր են գնահատում ադրբեջանա-ղարաբաղյան­ հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի Դաշնության ներդրած ջանքերն ու ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից ներկայումս իրականացվող առաքելությունը։ Դրա հետ մեկտեղ նախագահը կարևորել է ռուս ժողովրդի հետ պատմական, մշակութային, հոգևոր, արժեհամակարգային ընդհանուր հիմքի վրա ձևավորված հարաբերությունները, ինչի արժևորման մասին վկայում են վերջերս հանրապետության տարածքում ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ տալը և մի շարք այլ նախաձեռնությունների իրականացումը։  
19:35 - 27 դեկտեմբերի, 2021
Արցախին առնչվող քննարկումները պիտի ունենան ազգային շահերի հիման վրա ձևավորված կարմիր գծեր՝ վեր ներքաղաքական շահերից. սա վերաբերում է թե՛ արցախյան, թե՛ հայաստանյան քաղաքական գործիչներին. Ա. Բեգլարյան

Արցախին առնչվող քննարկումները պիտի ունենան ազգային շահերի հիման վրա ձևավորված կարմիր գծեր՝ վեր ներքաղաքական շահերից. սա վերաբերում է թե՛ արցախյան, թե՛ հայաստանյան քաղաքական գործիչներին. Ա. Բեգլարյան

Որևէ մեկը կասկած ունի՞, որ արցախահայությունը շարունակում և շարունակելու է իր պայքարը հանուն Արցախի հայկական ապագայի, անկախության միջազգային ճանաչման և, վերջիվերջո, Մայր Հայաստանի հետ միացման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետնախարարԱրտակ Բեգլարյանը: «Յուրաքանչյուր հայի համար արցախահայության կամքն ու ձգտումները պետք է լինեն անձեռնմխելի և հիմք Հայրենիքին աջակցելու մղումներում ու ջանքերում: Արցախին առնչվող գործողություններն ու քննարկումները պետք է ունենան հստակ ու ազգային շահերի հիման վրա ձևավորված նպատակներ, սկզբունքներ ու կարմիր գծեր՝ վեր ցանկացած տիպի նեղ ու կարճաժամկետ շահերից, այդ թվում՝ ներքաղաքական: Եվ սա վերաբերում է թե՛ արցախյան, թե՛ հայաստանյան և թե՛ սփյուռքյան քաղաքական ուժերին ու գործիչներին՝ ինձնից սկսած: Յուրաքանչյուր հայ, ով կարծում է, որ Արցախը պետք է մնա հայկական, ունի անելիք, և դա առաջին հերթին չվնասելն է, հետո՝ աջակցելը»,- գրել է Բեգլարյանը: 
17:14 - 27 դեկտեմբերի, 2021
Արցախահայությանն ուղղված ծրագրերում շեշտը դրվելու է զարգացման բաղադրիչի վրա |armenpress.am|

Արցախահայությանն ուղղված ծրագրերում շեշտը դրվելու է զարգացման բաղադրիչի վրա |armenpress.am|

armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիտարկում է արցախահայությանն ուղղված ծրագրերում առաջիկայում զարգացման բաղադրիչի վրա շեշտը դնելու հնարավորությունը: Այս մասին նշեց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Աշխատանք է տարվում կարիքների գնահատման ուղղությամբ և, ըստ այդմ, կոնկրետ զարգացման ծրագրեր են առաջարկվելու: «Այսօր էլ իրականացվում են աշխատանքներ արցախահայության զբաղվածության խնդիրների լուծման ուղղությամբ: Պետության կողմից իրականացվող երկու զբաղվածության ծրագրից բացի, նախաձեռնություններով հանդես է գալիս նաև բիզնես հատվածը: Եթե կարիք կա արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար զարգացնել հմտությունները, ապա մենք պատրաստ ենք աջակցել այդ հարցում»,-ասաց նախարարն՝ ավելացնելով, որ վերջերս հանդիպում է ունեցել Հայաստանում Արցախի կառավարության շտաբի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և նախանշել են, որ պետք է ակտիվացնեն այդ ուղղությամբ աշխատանքները: Նախատեսվում է թե մասնավոր, թե պետական ոլորտում եղած ազատ հաստիքները առավել հասանելի դարձնել Հայաստանում ապրող արցախցիներին: Դրանից բացի, նախարարությունը հայտարարել է, որ կամրջի դեր է կատարելու սոցիալական բիզնեսներն Արցախ ուղղորդելու հարցում: Այդ համատեքստում Արցախում սոցիալական բիզնեսի շաբաթ է անցկացվել: Արդեն կան նախաձեռնություններ տեղում ջերմոցային տնտեսություն հիմնելու և այլ նման ծրագրեր իրականացնելու համար: Նարեկ Մկրտչյանը նշեց, որ սպասում են Արցախի կառավարության արձագանքին՝ հստակեցնելու, թե որն է լինելու այն մարմինը, որը համակարգելու է ուղղորդված սոցիալական բիզնես ծրագրերը:
13:56 - 27 դեկտեմբերի, 2021
Անընդունելի ենք համարում Արցախի հայկականությունը կասկածի տակ դնող և հնարավոր օտար տարրերի ներկայության կարևորությունը ընդգծող հայտարարությունները․ Արցախի ԱԺ

Անընդունելի ենք համարում Արցախի հայկականությունը կասկածի տակ դնող և հնարավոր օտար տարրերի ներկայության կարևորությունը ընդգծող հայտարարությունները․ Արցախի ԱԺ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․   «Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների և մարտահրավերների մասին   Ղարաբաղյան հիմնախնդրի տարեգրության ողջ ընթացքում պարբերաբար շրջանառվում են հիմնախնդրի էությունը խեղաթյուրող և նենգափոխող հայտարարություններ, որոնք բարդացնում ու խճճում են հակամարտության համապարփակ և վերջնական կարգավորման գործընթացը։ Անթույլատրելի ենք համարում տարբեր քաղաքական ուժերի և գործիչների կողմից Արցախի սուբյեկտայնությունը, նրա հայկական ապագան կասկածի տակ դնող կամ նվազեցնող ցանկացած հայտարարություն։ Տարակուսելի է, որ վերջին նման հայտարարությունը հնչել է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից՝ դեկտեմբերի 24-ին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին պատասխանելու ընթացքում։   Արցախի ճակատագիրը որևէ քաղաքական ուժի մենաշնորհը չի եղել և չի լինելու։ Արտահայտելով Արցախի Հանրապետության հանրային և քաղաքական լայն շրջանակների կարծիքն ու դիրքորոշումը՝ մեր անհամաձայնությունն ու վրդովմունքն ենք հայտնում հարցազրույցի ընթացքում հնչած մի շարք վնասակար և վտանգավոր ձևակերպումների ու գաղափարների առթիվ։   Մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ 1988 թ. ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման արդյունքների ֆոնին հնչեցվում են ձևակերպումներ, որոնք կասկածի տակ են դնում 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակված և միջազգային իրավունքի նորմերին լիովին համապատասխան ձևավորված Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության գոյությունը և նրա տևական պայքարը միջազգային ճանաչման հասնելու ուղղությամբ։   Նախորդ տարիների բանակցային գործընթացում հայկական կողմերի իրավական և քաղաքական հիմքերը և մեր ազգային շահերի պաշտպանությունն այդ համատեքստում որևէ հակասության մեջ չէր մտնում միջազգային կառույցների և միջնորդների ներկայացրած դիրքորոշումների հետ։   Այն, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը երբեք չի անտեսվել միջնորդների կողմից նախկինում ներկայացված առաջարկություններում, հաստատվում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տրված պարզաբանումներում։ Բանակցային գործընթացում տարբեր տարիների քննարկված աշխատանքային տարբերակների և բանակցային ձևաչափի հնարավոր փոփոխման մասին շահարկումները մտահոգիչ և վտանգավոր են։   Անընդունելի ենք համարում Արցախի հայկականությունը կասկածի տակ դնող և հնարավոր օտար տարրերի ներկայության կարևորությունը ընդգծող հայտարարությունները, որոնք մերժելի ու պարսավելի են Արցախի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հազարավոր հայորդիների հիշատակի դիմաց։   Գլուխ խոնարհելով արցախյան գոյապայքարի բոլոր նահատակների առջև, միաժամանակ երախտագիտություն ենք հայտնում համայն հայությանը, մասնավորապես ՀՀ մեր հայրենակիցներին՝ Արցախի կողքին կանգնելու, նրա տառապանքներն ու զրկանքները միասին կիսելու համար:   Հայկական երկու հանրապետությունների եղբայրական փոխհարաբերությունների հիմքում տարիներ շարունակ անխափան գործել է դեռևս 1992թ. հուլիսի 8-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ընդունած որոշումը, որը հստակ սահմանել է միջազգային հանրության լիիրավ անդամ Հայաստանի Հանրապետության վերաբերմունքը միջազգային ճանաչման ձգտող Արցախի Հանրապետության նկատմամբ: Այդ որոշմամբ ՀՀ-ը պարտավորվում է «հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը»:   Սահմանվում է նաև, որ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»: Այս բանաձևն արդիական է նաև այսօր:   Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, վերահաստատելով Արցախի ժողովրդի և իշխանությունների դիրքորոշումը Արցախի Հանրապետության ինքնիշխանության և անկախության հարցում, հայտարարում է՝ անընդունելի է առանց Արցախի իշխանությունների տեսակետը հաշվի առնելու դիրքորոշում հայտնելը, քանի որ Արցախի ապագայի հարցով որոշում ընդունելու իրավասություն ունեն միայն Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից ընտրությունների միջոցով ձևավորված իշխանությունները»։
13:03 - 27 դեկտեմբերի, 2021