Արցախահայությանն ուղղված ծրագրերում շեշտը դրվելու է զարգացման բաղադրիչի վրա |armenpress.am|
13:56 - 27 դեկտեմբերի, 2021

Արցախահայությանն ուղղված ծրագրերում շեշտը դրվելու է զարգացման բաղադրիչի վրա |armenpress.am|

armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիտարկում է արցախահայությանն ուղղված ծրագրերում առաջիկայում զարգացման բաղադրիչի վրա շեշտը դնելու հնարավորությունը: Այս մասին նշեց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Աշխատանք է տարվում կարիքների գնահատման ուղղությամբ և, ըստ այդմ, կոնկրետ զարգացման ծրագրեր են առաջարկվելու:

«Այսօր էլ իրականացվում են աշխատանքներ արցախահայության զբաղվածության խնդիրների լուծման ուղղությամբ: Պետության կողմից իրականացվող երկու զբաղվածության ծրագրից բացի, նախաձեռնություններով հանդես է գալիս նաև բիզնես հատվածը: Եթե կարիք կա արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար զարգացնել հմտությունները, ապա մենք պատրաստ ենք աջակցել այդ հարցում»,-ասաց նախարարն՝ ավելացնելով, որ վերջերս հանդիպում է ունեցել Հայաստանում Արցախի կառավարության շտաբի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և նախանշել են, որ պետք է ակտիվացնեն այդ ուղղությամբ աշխատանքները: Նախատեսվում է թե մասնավոր, թե պետական ոլորտում եղած ազատ հաստիքները առավել հասանելի դարձնել Հայաստանում ապրող արցախցիներին:

Դրանից բացի, նախարարությունը հայտարարել է, որ կամրջի դեր է կատարելու սոցիալական բիզնեսներն Արցախ ուղղորդելու հարցում: Այդ համատեքստում Արցախում սոցիալական բիզնեսի շաբաթ է անցկացվել: Արդեն կան նախաձեռնություններ տեղում ջերմոցային տնտեսություն հիմնելու և այլ նման ծրագրեր իրականացնելու համար: Նարեկ Մկրտչյանը նշեց, որ սպասում են Արցախի կառավարության արձագանքին՝ հստակեցնելու, թե որն է լինելու այն մարմինը, որը համակարգելու է ուղղորդված սոցիալական բիզնես ծրագրերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել