Բելառուս

Բելառուսում կայացած ընտրություններն ու դրան հաջորդած իրադարձությունները՝ ամփոփ

Բելառուսում կայացած ընտրություններն ու դրան հաջորդած իրադարձությունները՝ ամփոփ

Բելառուսում երեկ տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որտեղ հիմնական պայքարը գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, ու ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայայի միջև, որն իր թեկնածությունը առաջադրեց այն բանից հետո, երբ ձերբակալեցին իր ամուսնուն՝ Սերգեյ Տիխանովսկիին։ Վերջինս հավակնում էր մասնակցել ընտրություններին որպես թեկնածու, իսկ Լուկաշանկոյի համար հաղթանակի դեպքում սա կլինի 6-րդ պաշտոնավարումը․ նա Բելառուսի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1994թ. հուլիսից։ Հայտնում է svoboda.org-ը։ Ստորև ներկայացնում ենք երեկվա իրադարձությունների համառոտ ժամանակագրությունը. •  Ընտրողների ակտիվությունը բավականին բարձր էր․ պաշտոնական տվյալներով քվեարկել է ընտրողների ավելի քան 81 տոկոսը: Շատ ընտրատարածքներում գոյացել էին հսկայական հերթեր, ինչի պատճառով ոչ բոլոր ցանկացողները հասցրին քվեարկել, ինչը դժգոհության առաջացրեց մարդկանց մոտ. •  Այս պահի դրությամբ պաշտոնապես հրապարակվել են միայն փակ ընտրատարածքների տվյալները, ըստ որոնց՝ գործող նախագահը հավաքել է 81 տոկոսից ավելի, Սվետլանա Տիխանովսկայան՝ 8 տոկոս։ Պաշտոնական էքզիթ փոլի տվայլները նույն պատկերն են արտացոլում, մինչդեռ, ըստ անկախ էքզիթ փոլների տվյալների՝ արդյուքնները ամբողջությամբ հակառակն են: •  Տիխանովսկայայի շտաբի ներկայացուցիչները, հիմնվելով Մինսկի ու մի շարք այլ տարածաշրջանների արձանագրությունների վրա, ցույց են տալիս, որ իրենց թեկնածուն շատ դեպքերում հավաքել է ավելի շատ ձայն, քան Լուկաշենկոն:•  Ընտրատեղամասերի փակվելուց և պաշտոնական էքզիթ փոլի տվյալների հարապարակումից անմիջապես հետո Մինսկում ու Բելառուսի այլ քաղաքներում հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ պահանջելով ձայների արդար հաշվարկ և Լուկաշենկոյի հրաժարական: Բախումներ սկսվեցին ոստիկանության ու հատուկ նշանակության ջոկատների հետ, որոնք հատկապես ուժգին էին մայրաքաղաք Մինսկի կենտրոնում:•  Տվյալներ են հաղորդվում տասնյակ, անգամ հարյուրավոր բերման ենթարկվածների մասին, ըստ անկախ լրատվամիջոցների՝ կան նաև վիրավորներ: Բախումներ և ձերբակալություններ տեղի են ունեցել նաև Բրեստում, Վիտեբսկում, Մոգիլևում ու Բելառուսի այլ քաղաքներում:•  Տեղի ունեցող դժգոհությունների կապակցությամբ Բելառուսի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է տեղական օպերատիվ շտաբների ձևավորման մասին: Միաժամանակ, Մինկսի ոստիկանությունը հերքել է տեղեկությունն այն մասին, որ ցուցարարների դեմ կիրառվել են լուսաձայնային նռնակներ ու ջրցան մեքենաներ: Ինչպես հաղորդում է ria.ru-ն, Բելառուսի Քննչական կոմիտեն հայտնում է, որ քրեական գործեր են հարուցվել զանգվածային անկարգությունների ու ոստիկանության դեմ կիրառված բռնությունների փաստերով:  Ցույցերի կազմակերպիչները կարող են դատապարտվել 8-15 տարվա ազատազրկման: Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
09:34 - 10 օգոստոսի, 2020
Նախագահական ընտրություններում մասնակցությունը գերազանցել է 54%-ը, դրանք կարելի է կայացած համարել․ Բելառուսի ԿԸՀ նախագահ |factor.am|

Նախագահական ընտրություններում մասնակցությունը գերազանցել է 54%-ը, դրանք կարելի է կայացած համարել․ Բելառուսի ԿԸՀ նախագահ |factor.am|

factor.am: Բելառուսի նախագահական ընտրություններում մասնակցությունը գերազանցել է 54%-ը, դրանք կարելի է կայացած համարել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Լիդիա Երմոշինան։ «Ընտրությունները կայացել են։ Քվեարկությանը մասնակցել է ընտրողների ավելի քան 54%-ը»,- ասել է Երմոշինան։ Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն ակնկալում է նախագահի ընտրությունների առաջին արդյունքները ստանալ արդեն այս երեկո։ «Արդեն կարող ենք ասել, որ օրվա վերջում ինչ-որ արդյունք կունենանք»,- հավելել է ԿԸՀ նախագահը։ Երմոշինան նաև նշել է, որ որոշ մարզերում քվեարկության կազմակերպման հետ կապված բողոքներ են ստացել, բայց գրեթե բոլորը՝ չհիմնավորված։ Հ Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնին հավակնում է 5 թեկնածու՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Անդրեյ Դմիտրիևը, Աննա Կանոպացկայան, Սվետլանա Տիխանովսկայան և Սերգեյ Չերեչենը։
16:04 - 09 օգոստոսի, 2020
Մինսկում ձերբակալել, այնուհետև երկրից վտարել են «Ազատություն» Ռ/Կ-ի երեք լրագրողների |azatutyun.am|

Մինսկում ձերբակալել, այնուհետև երկրից վտարել են «Ազատություն» Ռ/Կ-ի երեք լրագրողների |azatutyun.am|

azatutyun.am: Մինսկում բերման ենթարկված «Ազատություն» Ռ/Կ-ի «Current Time» ռուսալեզու հեռուստածրագրի երեք լրագրողներին երեկ կեսգիշերին մոտ արտաքսել են Բելառուսից։ Իրինա Ռոմալիյսկայան, Յուրի Բարանյուկն ու Իվան Գրեբենյուկը շաբաթներ շարունակ լուսաբանում էին Բելառուսի նախագահական ընտրությունների քարոզարշավը։ Վերջինս Ռուսաստանի քաղաքացի է, մյուս երկուսը՝ Ուկրաինայի։ Օգոստոսի 7-ին ոստիկանները նրանց բերման են ենթարկել Մինսկի հյուրանոցից ու տարել մոտակա ոստիկանական բաժանմունք։ Ձերբակալվածների, ինչպես նաև Բելառուսում «Current Time»-ի թղթակից Ռոման Վասյուկովիչի ձեռքի հեռախոսները արգելափակված էին։ «Current Time»-ի լրագրողները ձերբակալվել են Բելառուսի նախագահական ընտրությունները պրոֆեսիոնալ լուսաբանելու ընթացքում», - հայտարարել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» Ռ/Կ-ի գործող նախագահ Դեզի Սինդլերը։ «Current Time»-ը շաբաթներ առաջ էր դիմել Բելառուսի արտգործնախարարություն լրագրողներին հավատարմագրելու համար, սակայն պատասխան չէր ստացվել։ Երեկ ուշ երեկոյան Իվան Գրեբենյուկը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ իրենց արտաքսում են երկրից, 10 տարի իրավունք չունեն մտնել Բելառուս, օդանավակայանից մեկնում են Օդեսա։ Բելառուսի նախագահական ընտրությունները օգոստոսի 9-ին է։ 1994 թվականից երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն առաջադրվել է թեկնածու, նրա մրցակիցները ենթարկվել են հետապնդումների և ձերբակալությունների։
13:22 - 08 օգոստոսի, 2020
Լուկաշենկոն ու Պուտինը քննարկել են Բելառուսում ձերբակալված ռուսաստանցի վարձկանների հարցը
 |azatutyun.am|

Լուկաշենկոն ու Պուտինը քննարկել են Բելառուսում ձերբակալված ռուսաստանցի վարձկանների հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր հեռախոսազրույց են ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ։ Նրանք քննարկել են Մինսկում ձերբակալված 33 ռուսաստանցի վարձկանների հարցը։ Ըստ Կրեմլի մամուլի ծառայության, Պուտինը և Լուկաշենկոն համոզմունք են հայտնել, որ իրավիճակը կկարգավորվի երկու երկրների փոխըմբռման շրջանակներում։ Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ համաձայնություն է ձեռք բերվել հետաքննելու գործի բոլոր մանրամասները պարզելու համար իրական պատճառները, գտնել մեղավորներին և պատասխանատվության ենթարկել նրանց։ Պուտինը նաև հույս է հայտնել, որ օգոստոսի 9-ին նախագահական ընտրությունները Բելառուսում կանցնեն հանդարտ մթնոլորտում։ Քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունների այլ հարցեր։
19:08 - 07 օգոստոսի, 2020
Լուկաշենկոն հայտնում է ԱՄՆ-ի քաղաքացիների ձերբակալության մասին` չբացելով մանրամասները |azatutyun.am|

Լուկաշենկոն հայտնում է ԱՄՆ-ի քաղաքացիների ձերբակալության մասին` չբացելով մանրամասները |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի նախագահական ընտրությունների շեմին Ալեքսանդր Լուկաշենոկն հայտնել է ԱՄՆ-ի քաղաքացիների ձերբակալելու մասին, բայց չի հստակեցրել, թե երբ են տեղի ունեցել ձերբակալությունները, և ովքեր են նրանք։ «Որոշ մարդիկ են ձերբակալվել, նրանք ամերիկյան անձնագրեր ունեն, ամուսնացած են ամերիկացիների հետ, աշխատում են Պետքարտուղարությունում», - բելառուսական «Բելտա» գործակալության փոխանցմամբ` օգոստոսի 6-ին ասել է Լուկաշենկոն։ Մինսկում ԱՄՆ-ի դեսպանությունից այս պահին որևէ մեկնաբանություն չկա: Հուլիսի վերջին Բելառուսի իշխանությունները հայտնեցին, որ երեք տասնյակից ավելի ռուսաստանցիներ են ձերբակալվել։ Մինսկը հայտնում է, որ նրանք կիսառազմականացված «Վագներ» ընկերության վարձկաններ են, որոնք պետք է ընտրություններից առաջ ապակայունացնեին իրավիճակը Բելառուսում։ Ավելի քան քառորդ դար, 1994 թվականից երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն կրկին առաջադրվել է նախագահի թեկնածու։ Բելառուսի նախագահական ընտրությունները օգոստոսի 9-ին են։
15:35 - 07 օգոստոսի, 2020
Լուկաշենկոն հայտարարել է, որ իրեն պետք չէ վախեցնել ԱՄՆ-ով և ՆԱՏՕ-ով |tert.am|

Լուկաշենկոն հայտարարել է, որ իրեն պետք չէ վախեցնել ԱՄՆ-ով և ՆԱՏՕ-ով |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում ձերբակալված ՌԴ քաղաքացիների հարցում իրեն պետք չէ վախեցնել ԱՄՆ-ով և ՆԱՏՕ-ով` ավելացնելով, որ «նրանք չեն նրանց այստեղ ուղարկել»: Այս մասին տեղեկացնում է sputnik.by կայքը: «Մենք կլուծենք այդ հարցը: Ոչ մի քաղաքականացում պետք է չլինի»,-հայտարարել է Լուկաշենկոն ընտրությունների ընթացքում անվտանգության ապահովմանը նվիրված նիստի ժամանակ: Նրա խոսքով` «մեզ պետք չեն ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական ներկայացումներ»: «Եվ հետևանքներով մեզ վախեցնել նույնպես պետք չէ: Մենք գիտենք բոլոր հետևանքների մասին: Պետք չէ մեզ վախեցնել ամերիկացիներով և ՆԱՏՕ-ականներով: Ո՛չ ամերիկացիները, ո՛չ էլ ՆԱՏՕ-ականներն են այստեղ 33 մարդ ուղարկել»,-հայտարարել է Լուկաշենկոն: Հիշեցնենք, որ լույս հուլիսի 29-ին Բելառուսի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են արտասահմանյան մասնավոր ռազմական կազմակերպության 33 զինյալի: Ավելի ուշ պարզ էր դարձել, որ ձերբակալված արտասահմանցի զինյալները ռուսական «Վագների խումբ» մասնավոր ռազմական կազմակերպության անդամներ են: Ավելին՝ tert.am-ում
16:37 - 06 օգոստոսի, 2020
Բելառուսի նախագահության ընդդիմադիր թեկնածուին զրկում են հավաքների հնարավորությունից |azatutyun.am|

Բելառուսի նախագահության ընդդիմադիր թեկնածուին զրկում են հավաքների հնարավորությունից |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի իշխանությունները նախագահության ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային թույլ չեն տվել նախընտրական միջոցառում անցկացնել: Հավաքը նախատեսված էր Սլուցկ ավանում, սակայն երեկ իշխանությունները հայտնել են, թե հավաքի վայրում, իբր, պետք է շտապ կարգով նորոգման աշխատանք կատարվի: Սլուցկում ոստիկանները ձերբակալել են հավաքին մասնակցելու համար ժամանած քաղաքացիներից առնվազն 17-ին: Տիխանովսկայայի հավաքն արգելել են նաև Սոլիգորսկ ավանում, որտեղ առնվազն 5 մարդ է ձերբակալվել: Նախօրեին էլ չեղարկվել է Ստոլբցի ավանում ծրագրված միջոցառումը: Տեղական իշխանությունները շինարարական տեխնիկա են մոտեցրել մարզադաշտին և անհնարին են դարձրել նախընտրական հավաքը: Բելառուսում նախագահական ընտրությունները տեղի կունենան այս կիրակի օրը՝ օգոստոսի 9-ին: Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի քան 25 տարի է իշխում և ցանկանում է վեցերորդ անգամ ընտրվել:
15:17 - 05 օգոստոսի, 2020
ԱԺ պատգամավորները դիտորդական առաքելություն կիրականացնեն Բելառուսի նախագահական ընտրություններում

ԱԺ պատգամավորները դիտորդական առաքելություն կիրականացնեն Բելառուսի նախագահական ընտրություններում

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդական առաքելության շրջանակում դիտորդական առաքելություն կիրականացնեն Բելառուսի նախագահական ընտրություններում: Պատգամավորների գործուղման մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը: «ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդական առաքելության շրջանակում 2020 թվականի օգոստոսի 7-10-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) կգործուղվեն Ազգային ժողովի պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը և Արմեն Եղիազարյանը»,- ասված է հայտարարության մեջ: Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` ընտրություններում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդական առաքելության շրջանակում առաքելություն կիրականացնի 47 դիտորդ:
14:58 - 04 օգոստոսի, 2020