Արայիկ Վլադիմիրի Հարությունյան

Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը (դեկտեմբերի 14, 1973, Ստեփանակերտ) Արցախի Հանրապետության գործող նախագահն է։  Խոշոր գործարար է, պետական-քաղաքական գործիչ Արցախի Հանրապետությունում, Արցախի նախկին պետական նախարարն է, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահը, տեխնիկական գիտությունների թեկնածու։

1990թ․ ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը։ 1994թ․ տեղափոխվել եւ 1995թ․ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996թ․ ընդունվել եւ 1998թ․ ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 2013-ին պաշտպանել է ատենախոսությունը եւ դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։
 


1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։ 1997-1999 թվականներին աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
2005- թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
2005- 2007 թթ․ եղել է Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա նախագահը:
2007- 2009թթ -Պատգամավորական գործունեությունը դադարեցրել եւ կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
 
Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։ 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։ ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ վարչապետ։ 2017թ-ին որպես վարչապետ եւ իշխող կուսակցության ղեկավար աջակցել է Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որի արդյունքում գործող նախագահը շարունակել է պաշտոնավարումը երրորդ ժամկետով առանց ընտրությունների անցկացման:

Նախագահի 2017թ․ սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար: 2018թ․ հունիսի 6-ին ազատվել է ԱՀ պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու:

 2020 թվականից Արցախի Հանրապետության նախագահն է։
Անջատողականությու՞ն, թե՞ չափազանցված մտահոգություն․ Արցախում ռուսաց լեզվի դասաժամերի ավելացման հիմնավորումները

Անջատողականությու՞ն, թե՞ չափազանցված մտահոգություն․ Արցախում ռուսաց լեզվի դասաժամերի ավելացման հիմնավորումները

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Արցախի Հանրապետության համար առաջիկա հինգ տարիները Ռուսաստանի Դաշնության հետ առկա հարաբերությունների ընդլայնման եւ զարգացման շրջան են լինելու: Այս կոնտեքստում Պողոսյանը հայտնել է, որ առաջիկայում օրենսդրական փոփոխության միջոցով ավելացվելու է հանրային հեռուստառադիոընկերությամբ ռուսերենով հեռարձակվող հաղորդումների սահմանված եթերաժամանակը․ սա ԱՀ նախագահի եւ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ու «Միասնական հայրենիք» կուսակցության նախաձեռնությունն է՝ «հայրենակիցների հետ սերտ կապերի պահպանման պահանջով»։ Պողոսյանը հավելել էր նաեւ, որ մեկ այլ նախաձեռնությամբ առաջարկվելու է հանրակրթական եւ բուհական կրթական ծրագրերում ավելացնել ռուսերենի դասավանդման ժամաքանակը, իսկ, հաշվի առնելով ՌԴ-ից Արցախ ժամանող զբոսաշրջիկների թիվը, եւ գործընթացը խթանելու նպատակով Արցախի ողջ տարածքում տեղադրված տեղեկատվական նշանակության ցուցանակներում պարտադիր տեղ կգտնի նաեւ ռուսերեն տարբերակը: Թեմայի շուրջ Infocom.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի խոսնակը, մեկնաբանելով նախաձեռնության անհրաժեշտությունը, ասաց, որ հիմնական պատճառն այն է, որ արցախահայության ամենամեծ սփյուռքը ՌԴ-ում եւ ռուսախոս երկրներում է՝ Ուկրաինայում, Բելառուսում․ «Ցավոք սրտի, այդ մարդիկ լեզվի խնդիր ունեն, բայց, միեւնույն ժամանակ, ունեն մեծ հետաքրքրություն հայրենիքի նկատմամբ։ Այսինքն՝ արցախյան անցուդարձի վերաբերյալ հետաքրքրություն կա, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում Արցախում, եւ վերջապես իրենք որքանով կարող են մասնակցել այդ փոփոխություններին։ Մենք նրանցից բազմիցս  առաջարկներ ենք ստացել, դրանք հնչել են ե՛ւ Արցախում, ե՛ւ տարբեր երկրներից՝ նամակների տեսքով, որ «խնդրում ենք հնարավորությունների սահմանում ռուսալեզու լրատվություն ապահովել, որպեսզի մենք էլ կարողանանք տեղեկանալ Արցախում տեղի ունցող իրադարձությունների մասին»։ Այդ նպատակով մենք ե՛ւ օնլայն տիրույթն ենք զարգացնելու՝ ռուսերեն մատուցվող տեղեկության առումով, ե՛ւ, բնականաբար, հնարավոր բոլոր պայմանները ստեղծելու ենք, որ իրենց համար լուծենք այդ խնդիրը»։ Նախագահի խոսնակը անդրադաձավ նաեւ Արցախում օտարերկրյա ներդրումների հանգամանքին՝ նշելով, որ դրանց մեծ մասն իրականացնում են հենց Ռուսաստանի Դաշնությունում ապրող հայերը։ Պողոսյանի պնդմամբ՝ նրանց եւ բիզնես-ոլորտի մասնագետների այցերին շատ է նպաստելու է այս նախագիծը․ «Բացի այս՝ կարեւոր են նաեւ ՌԴ-ից զբոսաշրջիկների այցերը․ Ռուսաստանից անհամեմատ շատ են զբոսաշրջիկները։ Այս մարդկանց համար ավելի հարմար պայմաններ ապահովելու նպատակով ճանապարհների ցուցանակների վրա կգրվեն նաեւ ռուալեզու տարբերակները։ Այս փոփոխությամբ կխթանենք զբոսաշրջությանը, ներդրումներին, մեր հայրենակիցների համար տեղեկացվածություն կկարողանանք ապահովել։ Իհարկե, այդ տեղեկացվածությունը ինչ-որ պահի քչանում կամ վերանում է, ապա կապի վրա թողնում է բացասական ազդեցություն, դրա համար մենք շահագրգռված ենք այդ ամենն ապահովել։ Այդ կապը մեզ համար շատ թանկ է, եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որ որեւէ կերպ չկտրվեն հայրենիքից, թեկուզ առցանց տարբերակում՝ այդ հեռավորության դեպքում»։  Հարցին, թե ինչո՞ւ անհրաժեշտություն առաջացավ ավելացնել ռուսերենի դասաժամերը, սա՞ ինչով է խթանում հայրենիք-սփյուռք կապին, Պողոսյանը պատասխանեց, որ նույն համատեքստում էլ առաջ է եկել նաեւ ռուսերենի դասաժամերի ավելացման անհրաժեշտությունը, քանի որ, նրա համոզմամբ, շփումների համար այն շատ կարեւոր է։ Մեր զրուցակցի պնդմամբ՝ այստեղ կա նաեւ երկորդ հանգամանքը՝ ռուսախոս երկրներում ապրող արցախցիներ կան, որոնք հիմա բազմաթիվ հայտեր են ուղարկում՝ հայտնելով, որ ցանկություն ունեն վերադառնալու։ «Իրենց երեխաները հիմանակում ռուսական դպրոցներ են հաճախում, այդ տրանֆորմացիան, որը պետք է Արցախում տեղի ունենա, նրանց համար շատ ավելի հեշտ կդարձնի ուսումը։ Սա նույնպես շատ կարեւոր կոմպոնենտ է»,- հավելեց ԱՀ նախագահի խոսնակը՝ տեղեկացնելով նաեւ, որ փոփոխությունների մեկնարկը կարելի է տրված համարել, որովհետեւ նախագահի հանձնարարականն արդեն կա, մասնավորապես ցուցանակաների վերաբերյալ։ Արդեն առաջիկայում՝ աշնանը, երբ Արցախի խորհրդարանը սկսի նոր նստաշրջանը, տեղի կունենան օրենսդրական փոփոխությունները՝ հանրային հեռուստռառադիոընկերության եթերաժամանակի եւ ժամաքանակը մեծացնելու վերաբերյալ։ Այս պահին քննարկվում է նաեւ բուհական եւ հանրակրթական ծրագրերում ռուսաց լեզվի ժամերը ավելացնելու հարցը։  Թեմայի վերաբերյալ Infocom.am-ը զրուցեց նաեւ «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ, որը նկատեց՝ այս ամենի մեջ, ամենահետաքրքիրը ներկայացվող տեղեկության համատեքստն է․ «Ի պատասխան ինչ-որ թերթի հրապարակումների («Հրապարակ» օրաթերթի հոդվածում ասվում էր, որ Արցախում հակառուսական տրամադրություններ են զարգանում)՝ ցույց են տալիս, թե ռուսերենի դիրքերն ամրապնդում են։ Դա, իհարկե, ծիծաղելի է, բայց ամբողջովին տեղավորվում է Արայիկ Հարությունյանի գործելաոճի մեջ։ Վերջին տարիներին Արցախում տարբեր նախաձեռնություններ կան օտար լեզուների դասավանդման մակարդակը բարձրացնելու համար։ Օրինակ, տարիներ առաջ շատ դպրոցներում երրորդ օտար լեզու էր ներմուծվել՝ անգլերենի եւ ռուսերենի հետ մեկտեղ։ Ստեղծվել էր ֆրանկոֆոնիայի կենտրոն, եւ այժմ դրա համար մեծ շենք է կառուցվում»,- ասաց Խանումյանը՝ ընդգծելով, որ ռուսերենի ժամաքանակի ավելացումն ա՛յս համատեքստում է տեսնում, եւ դրա շուրջ մտահոգիչ կարծիքները համարում է չափազանցված։ Արցախցի գործիչը շեշտեց, որ այնտեղ հակառուսական տրամադրություններ չեն զարգանում, եւ բնականաբար դրանք ոչ տեղին ենթադրություններ են։ Ռուսաց լեզվի դասաժամերի ավելացման վերբերյալ նա կարծիք չհայտնեց սակայն՝ ասելով, որ կրթության ոլորտի մասնագետներն ավելի լավ կարող են ասել, թե որեւէ առարկայի ժամաքանակի ավելացումն ինչպես կնպաստի այդ առարկայի յուրացմանը։   Խոսելով արդեն Արցախի Հանրային հեռուստառադիոյում ռուսերեն եթերի ժամաքանակի ավելացման մասին, Խանումյանն ասաց․   «Արցախի հանրայինի եթերաժամանակն ընդհանրապես ավելացել է, եւ եթե ռուսերեն հաղորդումը շաբաթական ոչ թե կես ժամ լինի, այլ մեկ ժամ, դրանից ոչինչ չի փոխվի։ Նամանավանդ, որ Արցախում հեռարձակվում են բազմաթիվ ռուսական ալիքներ։ Այս որոշումը, միգուցե, կարող է օգնել Մոսկվայում Արցախի օգտին աշխատանքների կազմակերպման հարցում, եթե, իհարկե, նմանատիպ աշխատանքներ արվեն։ Վերջին տարիներին ռուսաստանյան ուղղությամբ ես նկատում եմ ոչ ակտիվ աշխատանք, նույնիսկ խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում ակտիվություն չկա»,- ասաց Հայկ Խանումյանը։   Արցախում «Սասնա Ծռեր» կուսակցության պատասխանատու Գագիկ Եսայանն էլ Infocom-ի հետ զրույցում տրամագծորեն հակառակ տեսակետ հնչեցրեց՝ ընդգծելով, որ Արցախը ՀՀ մարզ է եւ չի կարող առանձին հարաբերություններ ունենալ որեւէ պետության հետ։   «Արցախի տարածքում ձեւականորեն առկա կեղծ պետական ինստիտուտների կողմից օտար պետությունների հետ առանձին հարաբերություններ հաստատելու փորձերը անջատողականություն են եւ պետք է պատժվեն։ Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում՝ Արցախի մարզում, որեւէ պետության կամ ժողովրդի նկատմամբ բացասական վերաբերմունք չկա։ Անկախ դրանից՝ մենք պարտավոր չենք որեւէ մեկի առաջ արդարանալու եւ մեր ազգային շահերի հաշվին նրանց ինչ-որ բան ապացուցելու»,- եզրափակեց Եսայանը։   Ասպրամ Փարսադանյան
12:47 - 01 սեպտեմբերի, 2020
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության պատվիրակությանը

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 31-ին ընդունել է «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության պատվիրակությանը՝ տարածաշրջանային ծրագրերի ղեկավար Նիկ Սմարթի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Երկրի ղեկավարը շնորհավորել է «The HALO Trust» արցախյան ծրագրի նորանշանակ ղեկավար Մայլզ Հոթորնին նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով Արցախում կազմակերպության կողմից կարևորագույն առաքելության իրականացման գործում:Հանրապետության նախագահի խոսքով՝ կառույցի գործունեությունը կենսական նշանակություն ունի Արցախի համար, քանի որ այն գնահատվում է ոչ միայն ականազերծված տարածքների չափով, այլ այն բազմաթիվ խաղաղ բնակիչների փրկված կյանքերով, որոնք ծրագիրը չգործելու պարագայում կարող էին դժբախտ պատահարի զոհ դառնալ:  Նիկ Սմարթը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության և կառույցի ու պետական համապատասխան մարմինների միջև ստեղծված համագործակցության բարձր մակարդակի համար: Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։
15:46 - 31 օգոստոսի, 2020
Արցախի նախագահը պարգևատրել է Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգի նախագծի հեղինակներին

Արցախի նախագահը պարգևատրել է Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգի նախագծի հեղինակներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 31-ին, Արցախի Հանրապետության օրվան ընդառաջ, ընդունել է շինարարության ոլորտի մի խումբ գիտնականների և պատասխանատուների։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:   Նախագահը կարևորել է նրանց ունեցած նշանակալի ավանդը 2008-2012 թվականներին Ստեփանակերտի մշտական և բնականոն ջրամատակարարման համակարգի նախագծի մշակման ու դրա իրականացման գործում և Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար հանձնել պետական բարձր պարգևներ։    Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը, գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք։
14:30 - 31 օգոստոսի, 2020
Արցախի ՊԲ-ում անցկացվել է ծառայողական խորհրդակցություն` ՀՀ-ի և Արցախի ղեկավարների մասնակցությամբ

Արցախի ՊԲ-ում անցկացվել է ծառայողական խորհրդակցություն` ՀՀ-ի և Արցախի ղեկավարների մասնակցությամբ

Օգոստոսի 30-ին ՊԲ-ի շտաբում անցկացվել է ծառայողական խորհրդակցություն, որին ներկա են գտնվել Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայկական երկու պետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարներ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ու Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան զինվորականներ ու պաշտոնյաներ: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Խորհրդակցության ժամանակ քննարկվել են հայկական երկու պետությունների ռազմական համագործակցության օրակարգային թեմաներ, անդրադարձ է կատարվել այն համալիր գործընթացներին, որոնք իրականացվում են հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործման, անվտանգային միջավայրի հետագա ամրապնդման, զինծառայողների ծառայողական ու սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղություններով: Հայկական երկու պետությունների ղեկավարները ընդգծել են համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը և համապատասխան պաշտոնատար անձանց ու զինվորականներին տվել ցուցումներ ու հանաձնարարականներ: Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը ներկա են գտնվել նաև ՊԲ-ի զորամասերից մեկի նորակառույց և անձնակազմի սննդի կազմակերպման նոր՝ արտապատվիրման տարբերակով գործող ճաշարանի բացման արարողությանը, ապա այցելել առաջնագիծ: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները ծանոթացել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքներին, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաներին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին: Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը զինվորականներին վստահեցրել են, որ ինժեներաամրաշինական աշխատանքները առաջնագծում, զինծառայողների համար նոր որակի սննդակարգի ապահովումը, սպառազինության արդի միջոցների ձեռքբերումը և ընդհանուր առմամբ, բանակաշինության բոլոր ուղղությունները ընդգրկող համալիր գործընթացները, այսուհետ ևս կմնան Հայաստանի և Արցախի հանրապետությունների ռազմաքաղաքական ղեկավարության առաջնահերթությունները:
10:39 - 31 օգոստոսի, 2020
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Հայրապետյանին

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Հայրապետյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 30-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին: Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների միջեւ կապերի զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը նշել է, որ օրենսդրական դաշտի կատարելագործումը շարունակական գործընթաց է, և այդ ուղղությամբ պետք է անընդհատ նոր ջանքեր գործադրել: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ Աժ պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը, անդրադարձ է եղել նաև ոլորտային մի շարք խնդիրների:
19:38 - 30 օգոստոսի, 2020
Վարչապետ Փաշինյանն Արայիկ Հարությունյանի հետ այցելել է սահմանապահ դիրքեր և ՊԲ զորամասերից մեկում ներկա գտնվել նորակառույց ճաշարանի բացմանը

Վարչապետ Փաշինյանն Արայիկ Հարությունյանի հետ այցելել է սահմանապահ դիրքեր և ՊԲ զորամասերից մեկում ներկա գտնվել նորակառույց ճաշարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այցելել է սահմանապահ դիրքեր: Վարչապետին և նախագահին ուղեկցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացվել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքները, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները, նոր սպառազինությունը, դիրքերում անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքները, տեխնիկական հագեցվածությունը: Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը ծանոթացել են զինծառայողների կենցաղային պայմաններին և զրուցել զինվորների հետ: Այնուհետև նրանք եղել են ՊԲ զորամասերից մեկում, որտեղ ներկա են գտնվել նորակառույց ճաշարանի բացման արարողությանը: Այստեղ ևս ներդրվել է նոր սննդակարգը: Վարչապետը ծանոթացել է զինծառայողներին տրամադրվող սննդի տեսականուն, որակին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ նոր սննդակարգի ներդրման գործընթացը զինված ուժերում հաջողությամբ շարունակվում է: ՀՀ վարչապետը կարևորել է Զինված ուժերի, ռազմարդյունաբերության շարունակական զարգացումը` հավելելով, որ խնդիրը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում ու այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են հետևողական կերպով:  
18:44 - 30 օգոստոսի, 2020
Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանն այցելել են Կաշենի լեռնահանքային համալիր

Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանն այցելել են Կաշենի լեռնահանքային համալիր

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այցելել է «Բեյզ Մեթըլս» ընկերության Կաշենի լեռնահանքային համալիր: Վարչապետն ու ԱՀ նախագահն ընկերության ղեկավարների ուղեկցությամբ շրջայց են կատարել համալիրում, ծանոթացել Կաշենի լեռնահանքային համալիրում իրականացվող աշխատանքներին, ընկերության գործունեությանն ու առաջիկա ծրագրերին: Նշվել է, որ «Բեյզ Մեթըլս»-ը հանդիսանում է Արցախի ամենախոշոր արտադրական միավորումներից մեկը, որի գործունեության արդյունքում մի շարք ոլորտներում իրականացվում են նաև տարբեր ծրագրեր: Տեղեկացվել է, որ արտադրությունն իրականացվում է բնապահպանական արդի չափանիշներին համապատասխան տեխնիկական սարքավորումներով: Շրջայցի ավարտին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ընկերության ղեկավարները մանրամասն անդրադարձ են կատարել հանքանյութի արտադրության գործընթացին և արդյունաբերության ոլորտում ընկերության զարգացման հեռանկարներին:
21:29 - 29 օգոստոսի, 2020
Լիբանանի հայկական համայնքին է փոխանցվել Արցախից ուղարկված հերթական դրամական օգնությունը

Լիբանանի հայկական համայնքին է փոխանցվել Արցախից ուղարկված հերթական դրամական օգնությունը

Օգոստոսի 27-ին Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարապետ Քաբաբջյանը Բեյրութում հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտաքիին գործերի նախարարությունը։ Հանդիպման գլխավոր նպատակն էր Արամ Առաջին Վեհափառի հովանու ներքո գործող՝ Լիբանանի հայկական համայնքային բոլոր կառույցներն ընդգրկող հանձնախմբին փոխանցելու Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարականով Արցախի կառավարության կողմից լիբանանահայությանը հատկացված 25 միլիոն ՀՀ դրամի չափով դրամական օգնությունը։  Նույն օրը Կարապետ Քաբաբջյանը Լիբանանի ազգային առաջնորդարանում հանդիպում է ունեցել Լիբանանի հայ համայնքի հոգևոր առաջնորդների հետ։ Հանդիպմանը Կարապետ Քաբաբջյանը նշել է, որ Արցախի համար դժվարին ժամանակներում Լիբանանի հայ համայնքը մշտապես սատար է կանգնել արցախահայությանը, և այժմ Արցախն է օգնության ձեռք մեկնում լիբանանահայությանը՝ Բեյրութում տեղի ունեցած աղետալի պայթյունի հետևանքների վերացմանն օժանդակելու համար։ Լիբանանի հայ համայնքի հոգևոր առաջնորդների անունից շնորհակալական խոսք է ասել Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Շահէ արքեպիսկոպոս Փանոսեանը՝ նշելով, որ Արցախի կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունն ավելին է, քան պարզապես դրամական օգնություն. այն ուժ և կորով է ներշնչում լիբանանահայությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը։
18:41 - 29 օգոստոսի, 2020
Ստեփանակերտում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի առանձնազրույցը

Ստեփանակերտում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի առանձնազրույցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում է: Ստեփանակերտում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի առանձնազրույցը: «Մեծարգո՛ պարոն վարչապետ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել հերթական անգամ Արցախ այցելելու կապակցությամբ: Ցանկանում եմ կիսվել երեկ Սարդարապատում կայացած միջոցառման կապակցությամբ: Երեկ խորհրդանշական օր էր, որովհետև Հայաստանի Հանրապետության առիթով հերոսացման առիթներ շատ ենք ունեցել, բայց ունենալ այնպիսի հաջողություն, որը մենք արձանագրել ենք հուլիսյան օրերին Տավուշում և ծանոթանալով մեր հերոսների սխրագործությանը, ակամայից հիշել եմ 1990-ական թվականները` պատերազմի ժամանակահատվածը: Նշեմ, որ դա մեր հերթական հաղթանակն է անկախության տարիներին: Տպավորված եմ և այսօր ողջ օրվա ընթացքում շփումների ժամանակ կիսել եմ այն ապրումները, որոնք ունեցել եմ: Ցանկանում եմ բոլորիս շնորհավորել երեկվա կապակցությամբ: Դա հերթական ապացույցն է, որ մեր ընտրած ճանապարհը ճիշտ է: Կրկին ցանկանում եմ ողջունել Ձեզ Արցախի Հանրապետությունում: Մենք նախանշել ենք ոչ միայն այցելություն Զինված ուժեր, առաջնագիծ, նաև տնտեսական խոշոր որոշ նախագծեր, որոնք համակարգաստեղծ նշանակություն ունեն ոչ միայն Արցախի տնտեսության, այլ նաև մեծ նշանակություն են ունենալու մեր ընդհանուր Հայաստան աշխարհի, Հայաստանի Հանրապետության տնտեսության համար: Բարով եք եկել»,-ասել է Արայիկ Հարությունյանը: «Մեծարգո՛ պարոն նախագահ, ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար: Սա Ձեր երդմնակալության արարողությունից հետո առաջին այցն է Արցախի Հանրապետություն: Իհարկե, մենք մի շարք այցելություններ կունենանք, նաև առիթ կունենանք քննարկելու տարածաշրջանում տեղի ունեցող պրոցեսները: Ցավոք, ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ լարված, ականատես ենք լինում սադրիչ գործողությունների, բայց մյուս կողմից մեր մարտավարությունը և ռազմավարությունը և մեր փոխգործակցության, և մեր զարգացման ռազմավարությունը չի փոխվում, որովհետև այդ սադրանքները, որոնք տեղի են ունեցել և տեղի են ունենում, մեզ համար կանխատեսելի են: Մենք բազմիցս քննարկել ենք հնարավոր պարամետրերը: Իհարկե, մենք համատեղ շատ մեծ օրակարգ ունենք՝ սկսած Հայաստանի զինված ուժերի և Արցախի պաշտպանության բանակի բնականոն զարգացումից: Իհարկե, մենք նաև որոշակի պարտավորություններ ենք ստանձնել Արցախում, տնտեսության, էներգետիկ ոլորտում ունենք բավականին լայն օրակարգ: Ցավոք, նոր տիպի կորոնավիրուսի համավարակը որոշակիորեն փոխեց տնտեսական տրամադրությունը, և մենք պետք է ավելի շատ ջանք գործադրենք, որպեսզի տնտեսական տրամադրությունը ոչ միայն վերադարձնենք նախահամավարակային շրջանին, այլև շատ ավելի բարձր նոտաներ հաղորդենք: Համաձայն եմ, երեկվա միջոցառումը շատ կարևոր էր և ուրախ եմ, որ Ստեփանակերտում էլ համանման մի արարողություն ենք ունենալու, ինչը շատ կարևոր է: Կարծում եմ, նման միջոցառումները, նման որոշումները մեծացնում են մեր ազգային համախմբվածության մակարդակը և մեզ նոր ուժ ու լիցք են տալիս, որովհետև մեր կենդանի հերոսները, մեր նահատակները, իհարկե, այն ուղենիշն են, որոնց երազանքների և նպատակադրումների իրագործումը մեզ համար պիտի դառնա ամենօրյա խնդիր: Իհարկե, մենք պետք է հասկանանք, որ դա մեկ գործողությամբ չէ տեղի ունենալու, պարզապես մենք պետք է լինենք հետևողական»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: «Մի քանի նախադասությամբ կցանկանայի ներկայացնել տնտեսական իրավիճակը. անմիջական Ձեր ղեկավարությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության ստեղծած հնարավորությունը թույլ է տալու տարին փորձել ամփոփել առանց անկման: Սա մեզ համար կլինի լուրջ հաջողություն, իսկ մյուս տարի կնախատեսենք երկնիշ աճի տեմպ` հիմքում ունենալով այն ծրագրերը, որոնք այսօր սկսել ենք կյանքի կոչել: Դրանք ուղղված են ենթակառուցվածքների զարգացմանը, լայնածավալ ճանապարհաշինությանը, ոռոգման համակարգերի կառուցմանը: Արդեն սկսված է մեր ամենախոշոր ծրագիրը` ոռոգման համակարգերի արդիականացման ու զարգացման, որոնք նախատեսում ենք ավարտել մեկուկես տարում: Այս փուլում նախատեսում ենք 35 հազար հեկտար ոռոգելու հնարավորություն, ինչը ոչ միայն տնտեսական ցուցանիշներն է կարգավորելու, այլ նաև ինչպես քննարկել ենք անվտանգության խորհուրդների համատեղ նիստին մեր ընդհանուր հայրենիքի պարենային անվտանգության խնդիրներն ենք լուծելու: Իհարկե, սրանով չենք սահմանափակվելու, վերամշակման, մանավանդ սննդի արդյունաբերության առումով ունենք նախանշված ուղղություններ: Ընդհանուր առմամբ, սննդի վերամշակման ոլորտը լինելու է մեր գլխավոր ուղղություններից մեկը, և արդեն այսօր նոր հնարավորություններ ենք փնտրում նոր շուկաներ մուտք գործելու նպատակով: Կրկին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ամենօրյա օպերատիվ համագործակցության, կառավարության ստորաբաժանումների օպերատիվ արձագանքման, հնարավորության դեպքում մեր բարձրացրած խնդիրներին աջակցություն ցուցաբերելու համար: Դա մեզ համար ամենագլխավորն է»,-նշել է Արցախի Հանրապետության նախագահը:  
18:17 - 29 օգոստոսի, 2020
Ես երդվել էի Արթուր Մկրտչյանի շիրիմին. Արցախի նախագահը՝ ԼՂ ԳԽ առաջին նախագահի եւ Ուրֆանյանի պարգեւների մասին |armtimes.com|

Ես երդվել էի Արթուր Մկրտչյանի շիրիմին. Արցախի նախագահը՝ ԼՂ ԳԽ առաջին նախագահի եւ Ուրֆանյանի պարգեւների մասին |armtimes.com|

armtimes.com: Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու պարգևներ հանձնվեցին  հանդիսավոր պայմաններում: Պարգեւատրման արարողության վերջում ելույթ ունեցավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ. Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, Արթուր Մկրտչյանի եւ Արմենակ Ուրֆանյանի ընտանիքի հարգարժան անդամներ, Հարգելի ներկաներ, Այսօր կարեւոր եւ խորհրդանշական օր է մեր ժողովրդի կյանքում եւ կրկնակի կարեւոր ու խորհրդանշական՝ որպես Արցախի Հանրապետության նախագահի: Դեռեւս ապրիլի 14-ին, նախագահական ընտրությունների օրը, քվեարկության գնալուց առաջ ես այցելեցի արցախյան ազգային-ազատագրական շարժման աննկուն մարտիկ, քաղաքական ու պետական գործիչ, Լեռնային Ղարաբաղի գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին: Եվ որպես յուրատեսակ երդում, խոստացա ընտրվելու դեպքում խոստացա անել առավելագույնը՝ նրա կիսատ թողած գործը շարունակելու, նրա վեհ գաղափարները կյանքի կոչելու եւ մեր բոլորի երազած հայրենիքը կերտելու համար: Դա երդում էր ինչպես Արթուր Մկրտչյանի, այնպես էլ մեր հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր հայորդիների առջեւ: Մեր ժողովրդի համար ճակատագրական ու վճռորոշ պահին նրանք ստանձնեցին հսկայական պատասխանատվություն՝ կանգնելով առաջնագծում եւ քաջ գիտակցելով, որ զոհասեղանին դրված է ամենաթանկը՝ սեփական կյանքը: Հարգելի բարեկամներ, օգոստոսի 27-ին ես ստորագրել եմ հրամանգիր՝ Արթուր Մկրտչյանին եւ  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու, պահեստազորի ենթասպա  Վահրամ Թամրազյաին  եւ հայրենիքին մատուցած ծառայությունների համար սփյուռքահայ հրամանատար  Հովսեփ Հովսեփյանին «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով պարգեւատրելու մասին: Կարծում եմ, այս պարգեւատրումը խորհրդանշական է նաեւ այն իմաստով, որ իր մեջ յուրահատուկ կերպով ամփոփում է հայրենիք, այսինքն՝ Հայաստան-Արցախ-սփյուռք անխախտ կապը: Մենք հաղթել ենք այդ միասնականության շնորհիվ: Եվ պատահական չէ, որ այս հրամանագրերը ես ստորագրել եմ Արցախի Հանրապետության հռչակման հերթական տարեդարձի կապակցությամբ, որովհետեւ հայրենիքին մատուցած նրանց ծառայությունները բացառիկ են եւ արժանի գնահատանքի: Այսօր մենք մեր խոնարհումն ենք բերում մեր ժողովրդի հերոս զավակներին, նրանք միշտ մեզ հետ են եւ առաջնորդում են մեզ մեր բոլոր ձեռնարկումներում: Նրանց կատարծ գործը հայրենասիրության վառ օրինակ է եւ լավագույն դաս հետագա սերունդների համար: Մեր խոնարհումն ենք բերում նաեւ մեր հերոսների ծնողներին, որ դաստիարակել են հայրենիքի նվիրյալներ: Վստահ եղեք, պետությունը միշտ ձեզ հետ է եւ ձեր կողքին: Մեր խոնարհումը նաեւ նրանց, որոնք այսօր էլ շարունակում են իրենց անգնահատելի ներդրումն ունենալ Արցախի զարգացման եւ զորացման գործում: Շնորհակալություն ձեզ: Եվ քանի որ պարգեւատրման այս արարողությունը տեղի է ունենում Արցախի կարեւորագույն տոնի՝ Արցախի Հանրապետության տոնի նախաշեմին, իմ շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ վարչապետին:   
17:02 - 29 օգոստոսի, 2020
Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհվեց |armtimes.com|

Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհվեց |armtimes.com|

armtimes.com: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու պարգևներ հանձնվեցին  հանդիսավոր պայմաններում: Արմենակ Ուրֆանյանի պարգեւը հանձնվեց հերոսի մորը: Հանդիսավոր արարողությանը ներկա է  նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք՝ ապրիլի 2-ի գիշերը՝ ժամը 3-ին, Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը հակառակորդը ենթարկում է ինտենսիվ հրետակոծության, հետո այն գրոհում են հակառակորդի տանկերն ու հարյուրավոր ադրբեջանցի զինվորներ: Այս դիրք ներթափանցելու հակառակորդի բոլոր ջանքերը կասեցվում են հենց 4-րդ վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի, ժամկետային զինծառայողներ Քյարամ Սլոյանի, Անդրանիկ Զոհրաբյանի եւ Ռոբերտ Աբաջյանի շնորհիվ: Շատերը նրանց անվանում են «Մարտակերտի փրկիչներ»: Մերօրյա հերոս Արմենակ Ուրֆանյանն իր 6 մարտիկներին հրամայել է շրջանաձեւ պաշտպանության դիրք գրավել եւ ընդունել մարտը՝ հրամայելով չնահանջել, քանի որ գիտակցել էր, որ եթե այդ մարտական դիրքը հանձնվի հակառակորդին, մնացած մարտական դիրքերը կշրջափակի հակառակորդը: Անհավասար մարտում վաշտի 7 մարտիկները՝ Արմենակ Ուրֆանյանի գլխավորությամբ, հետ են մղել թշնամու առաջին փորձը՝ խփելով մեկ տանկ: Երկրորդ գրոհն ավելի մեծ ուժերով է նախաձեռնվել, թշնամին դեպի դիրքեր փորձել է ճանապարհ հարթել էվակուացիոն մեքենայով, բայց Արմենակը ոչնչացրել է նաեւ դա, հակառակորդը մեծաթիվ ուժերով կրկին նահանջել է: Հակառակորդի մեծաթիվ զորքը գրոհել է 7 հոգանոց վաշտի վրա եւ շարունակել հրետակոծությունը: Արմենակ Ուրֆանյանը զոհվել է արկի պայթյունից: Նրա հետ զոհվել է նաեւ ազգությամբ եզդի, շարքային Քյարամ Սլոյանը, որը մինչեւ այդ հրաշալի կատարել է գնդացրորդի իր պարտականությունները: Արմենակը մարտի ընթացքում միշտ կապի մեջ է գտնվել գումարտակի հրամանատարության հետ. «Մարտը վարում եմ ու ձեռքիս տակ ընկած բոլոր միջոցներով խոցում: Հաստատ դիրքը պահելու եմ, չեմ տալու»,- եղել է Ուրֆանյանի վերջին նախադասությունը: Ուրֆանյանի, Սլոյանի, Զոհրաբյանի զոհվելուց հետո դիրքն անձնազոհաբար պաշտպանել է Աբաջյանը՝ իր հետ միասին պայթեցնելով հակառակորդի մի քանի զինվորի: Ավելին՝ armtimes.com-ում
15:45 - 29 օգոստոսի, 2020
Արայիկ Հարությունյանը Քարվաճառում ծանոթացել է իրականացվող ծրագրերի ընթացքին

Արայիկ Հարությունյանը Քարվաճառում ծանոթացել է իրականացվող ծրագրերի ընթացքին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 28-ին այցելել է Քարվաճառ քաղաք և ծանոթացել շրջկենտրոնում իրականացվող ծրագրերին: Երկրի ղեկավարը նախ հետևել է Վարդենիս-Մարտակերտ մայրուղուց դեպի շրջկենտրոն տանող 17,5 կմ երկարությամբ ճանապարհի կապիտալ վերանորոգման աշխատանքներին, հետաքրքրվել ասֆալտապատումը սկսելու ժամկետներով: Կապալառու կազմակերպության՝ «Դորոժնիկ» ՍՊԸ պատասխանատուները վստահեցրել են նախագահին, որ աշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերի առաջին կեսին: Ծրագրով նախատեսված է ամրացնել ճանապարհահատվածը սպասարկող կամուրջները, ամբողջությամբ ասֆալտապատել նաև Քարվաճառի կենտրոնական ճանապարհը:  Այնուհետև նախագահը շրջայց է կատարել շրջկենտրոնում, ծանոթացել ավստրալահայ համայնքի կողմից տրամադրված միջոցներով՝ 15 առանձնատների, պետական ֆինանսավորմամբ՝ 48 բնակարանանոց նոր երկու թաղամասերի, բարեգործական և պետական համաֆինանսավորմամբ՝ շրջկենտրոնի հիվանդանոցի նոր մասնաշենքի կառուցման, ինչպես նաև սալապատման և հին ավերակների ապամոնտաժման աշխատանքներին: Հանրապետության նախագահը կարևորել է իրականացվող ծրագրերը և ընդգծել, որ Քարվաճառի զարգացման համար դրանք էական նշանակություն ունեն: Այցի ընթացքում նախագահ Հարությունյանը շրջանի համայքների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել: Քննարկվել են համայնքների խմելու ջրին, գիշերային լուսավորությանը, կարիքավոր ընտանիքների առանձնատների վերանորոգման նպատակով պետական միջոցներից շինանյութի հատկացմանը վերաբերող և մի շարք այլ օրախնդիր հարցեր:
10:49 - 29 օգոստոսի, 2020