Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Արցախի Հանրապետության համար առաջիկա հինգ տարիները Ռուսաստանի Դաշնության հետ առկա հարաբերությունների ընդլայնման եւ զարգացման շրջան են լինելու: Այս կոնտեքստում Պողոսյանը հայտնել է, որ առաջիկայում օրենսդրական փոփոխության միջոցով ավելացվելու է հանրային հեռուստառադիոընկերությամբ ռուսերենով հեռարձակվող հաղորդումների սահմանված եթերաժամանակը․ սա ԱՀ նախագահի եւ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ու «Միասնական հայրենիք» կուսակցության նախաձեռնությունն է՝ «հայրենակիցների հետ սերտ կապերի պահպանման պահանջով»։
Պողոսյանը հավելել էր նաեւ, որ մեկ այլ նախաձեռնությամբ առաջարկվելու է հանրակրթական եւ բուհական կրթական ծրագրերում ավելացնել ռուսերենի դասավանդման ժամաքանակը, իսկ, հաշվի առնելով ՌԴ-ից Արցախ ժամանող զբոսաշրջիկների թիվը, եւ գործընթացը խթանելու նպատակով Արցախի ողջ տարածքում տեղադրված տեղեկատվական նշանակության ցուցանակներում պարտադիր տեղ կգտնի նաեւ ռուսերեն տարբերակը:
Թեմայի շուրջ Infocom.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի խոսնակը, մեկնաբանելով նախաձեռնության անհրաժեշտությունը, ասաց, որ հիմնական պատճառն այն է, որ արցախահայության ամենամեծ սփյուռքը ՌԴ-ում եւ ռուսախոս երկրներում է՝ Ուկրաինայում, Բելառուսում․
«Ցավոք սրտի, այդ մարդիկ լեզվի խնդիր ունեն, բայց, միեւնույն ժամանակ, ունեն մեծ հետաքրքրություն հայրենիքի նկատմամբ։ Այսինքն՝ արցախյան անցուդարձի վերաբերյալ հետաքրքրություն կա, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում Արցախում, եւ վերջապես իրենք որքանով կարող են մասնակցել այդ փոփոխություններին։ Մենք նրանցից բազմիցս առաջարկներ ենք ստացել, դրանք հնչել են ե՛ւ Արցախում, ե՛ւ տարբեր երկրներից՝ նամակների տեսքով, որ «խնդրում ենք հնարավորությունների սահմանում ռուսալեզու լրատվություն ապահովել, որպեսզի մենք էլ կարողանանք տեղեկանալ Արցախում տեղի ունցող իրադարձությունների մասին»։ Այդ նպատակով մենք ե՛ւ օնլայն տիրույթն ենք զարգացնելու՝ ռուսերեն մատուցվող տեղեկության առումով, ե՛ւ, բնականաբար, հնարավոր բոլոր պայմանները ստեղծելու ենք, որ իրենց համար լուծենք այդ խնդիրը»։
Նախագահի խոսնակը անդրադաձավ նաեւ Արցախում օտարերկրյա ներդրումների հանգամանքին՝ նշելով, որ դրանց մեծ մասն իրականացնում են հենց Ռուսաստանի Դաշնությունում ապրող հայերը։ Պողոսյանի պնդմամբ՝ նրանց եւ բիզնես-ոլորտի մասնագետների այցերին շատ է նպաստելու է այս նախագիծը․
«Բացի այս՝ կարեւոր են նաեւ ՌԴ-ից զբոսաշրջիկների այցերը․ Ռուսաստանից անհամեմատ շատ են զբոսաշրջիկները։ Այս մարդկանց համար ավելի հարմար պայմաններ ապահովելու նպատակով ճանապարհների ցուցանակների վրա կգրվեն նաեւ ռուալեզու տարբերակները։ Այս փոփոխությամբ կխթանենք զբոսաշրջությանը, ներդրումներին, մեր հայրենակիցների համար տեղեկացվածություն կկարողանանք ապահովել։ Իհարկե, այդ տեղեկացվածությունը ինչ-որ պահի քչանում կամ վերանում է, ապա կապի վրա թողնում է բացասական ազդեցություն, դրա համար մենք շահագրգռված ենք այդ ամենն ապահովել։ Այդ կապը մեզ համար շատ թանկ է, եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որ որեւէ կերպ չկտրվեն հայրենիքից, թեկուզ առցանց տարբերակում՝ այդ հեռավորության դեպքում»։
Հարցին, թե ինչո՞ւ անհրաժեշտություն առաջացավ ավելացնել ռուսերենի դասաժամերը, սա՞ ինչով է խթանում հայրենիք-սփյուռք կապին, Պողոսյանը պատասխանեց, որ նույն համատեքստում էլ առաջ է եկել նաեւ ռուսերենի դասաժամերի ավելացման անհրաժեշտությունը, քանի որ, նրա համոզմամբ, շփումների համար այն շատ կարեւոր է։ Մեր զրուցակցի պնդմամբ՝ այստեղ կա նաեւ երկորդ հանգամանքը՝ ռուսախոս երկրներում ապրող արցախցիներ կան, որոնք հիմա բազմաթիվ հայտեր են ուղարկում՝ հայտնելով, որ ցանկություն ունեն վերադառնալու։
«Իրենց երեխաները հիմանակում ռուսական դպրոցներ են հաճախում, այդ տրանֆորմացիան, որը պետք է Արցախում տեղի ունենա, նրանց համար շատ ավելի հեշտ կդարձնի ուսումը։ Սա նույնպես շատ կարեւոր կոմպոնենտ է»,- հավելեց ԱՀ նախագահի խոսնակը՝ տեղեկացնելով նաեւ, որ փոփոխությունների մեկնարկը կարելի է տրված համարել, որովհետեւ նախագահի հանձնարարականն արդեն կա, մասնավորապես ցուցանակաների վերաբերյալ։
Արդեն առաջիկայում՝ աշնանը, երբ Արցախի խորհրդարանը սկսի նոր նստաշրջանը, տեղի կունենան օրենսդրական փոփոխությունները՝ հանրային հեռուստռառադիոընկերության եթերաժամանակի եւ ժամաքանակը մեծացնելու վերաբերյալ։ Այս պահին քննարկվում է նաեւ բուհական եւ հանրակրթական ծրագրերում ռուսաց լեզվի ժամերը ավելացնելու հարցը։
Թեմայի վերաբերյալ Infocom.am-ը զրուցեց նաեւ «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ, որը նկատեց՝ այս ամենի մեջ, ամենահետաքրքիրը ներկայացվող տեղեկության համատեքստն է․
«Ի պատասխան ինչ-որ թերթի հրապարակումների («Հրապարակ» օրաթերթի հոդվածում ասվում էր, որ Արցախում հակառուսական տրամադրություններ են զարգանում)՝ ցույց են տալիս, թե ռուսերենի դիրքերն ամրապնդում են։ Դա, իհարկե, ծիծաղելի է, բայց ամբողջովին տեղավորվում է Արայիկ Հարությունյանի գործելաոճի մեջ։ Վերջին տարիներին Արցախում տարբեր նախաձեռնություններ կան օտար լեզուների դասավանդման մակարդակը բարձրացնելու համար։ Օրինակ, տարիներ առաջ շատ դպրոցներում երրորդ օտար լեզու էր ներմուծվել՝ անգլերենի եւ ռուսերենի հետ մեկտեղ։ Ստեղծվել էր ֆրանկոֆոնիայի կենտրոն, եւ այժմ դրա համար մեծ շենք է կառուցվում»,- ասաց Խանումյանը՝ ընդգծելով, որ ռուսերենի ժամաքանակի ավելացումն ա՛յս համատեքստում է տեսնում, եւ դրա շուրջ մտահոգիչ կարծիքները համարում է չափազանցված։
comment.count (0)