ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Նոյեմբերի 16-ին ՀՀ ԶՈՒ մարտական դիրքի կորստի և զինծառայողների գերեվարման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորվել է գումարտակի հրամանատարի պաշտոնակատարը

Նոյեմբերի 16-ին ՀՀ ԶՈՒ մարտական դիրքի կորստի և զինծառայողների գերեվարման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորվել է գումարտակի հրամանատարի պաշտոնակատարը

2021թ. նոյեմբերի 16-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կողմից ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի մարտական հենակետերի ուղղությամբ հարձակում գործելու, ագրեսիվ պատերազմ սանձազերծելու փաստերով նույն օրը ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում հարուցված և ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանությանը հանձնված Ջերմուկի տեղամասում հակառակորդը անակնկալ հարձակվել է ՀՀ ԶՈՒ դիրքի անձնակազմի վրա, սակայն վերջինս հարձակումը ժամանակին հայտնաբերելուն, կամ դրան դիմակայելուն ուղղված համապատասխան միջոցներ չի ձեռնարկել, որն առաջացրել է ծանր հետևանքներ։Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։Նախաքննության ընթացքում պարզված այս հանգամանքների առթիվ 22.11.2021թ. որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նոր քրեական գործ հարուցելու մասին, որը նախորդիվ նշված գործի հետ միացվել է մեկ վարությում:2021թ. նոյեմբերի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի մեկ պայմանագրային զինծառայող և նույն զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնակատար, մայոր Գ. Գ.-ն։Նախաքննությամբ պարզվել է, որ Գ.Գ.-ն նշանակված է եղել գումարտակի պահպանության նշված շրջանում տեղակայված հրամանատարական դիտակետում՝ մարտական դիրքերից մեկում: Միաժամանակ, նա ստանձնած է եղել գումարտակի պահպանությանը վստահված թվով 10 մարտական դիրքեր ընդգրկող պահպանության շրջանի պատասխանատուի պարտականությունները:Բանակային կորպուսի հրամանատարի 2021թ. նոյեմբերի 16-ի մարտական կարգադրության և զորամասի հրամանատարի հրամանի համաձայն՝ զորամասը պահպանությունից անցել է պաշտպանության, ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի, կառավարման մարմիններն անցել են «Մարտական» աշխատանքային ռեժիմի, որի պայմաններում զորամասը՝ ենթակա ստորաբաժանումներով, պատրաստվել է մարտական գործողությունների։Գ. Գ.-ն, պատասխանատու լինելով գումարտակի մարտական պատրաստության և նրա կողմից մարտական առաջադրանքների հաջող կատարման համար, չի ապահովել մարտական հերթապահությունում ընդգրկված ուժերի կողմից առաջադրված մարտական խնդիրների՝ մասնավորապես, հակառակորդի մոտեցող ուժերին զենքի կիրառմամբ դիմադրություն ցույց տալու արդյունավետ կատարումը, ԳԳ.-ն ևս 7 զինծառայողի հետ դիմել է փախուստի, հենակետում գտնվող 11 զինծառայող գերեվարվել է, ՀՀ ԶՈՒ զինծառայողներից 2-ի սպանված դիերը նոյեմբերի 17-ին և 19-ին փոխանցվել են հայկական կողմին, իսկ մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ:Նշված արարքները կատարելու համար 2021թ. նոյեմբերի 24-ին Գ.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով։Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար, որը դատարանի նոյեմբերի 25-ի որոշմամբ բավարարվել է:Դատախազական հետևողական ղեկավարման ներքո քրեական գործով ընթացող նախաքննության շրջանակներում իրականացվում են լայնածավալ քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կատարվածի ամբողջական հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած այլ անձանց արարքներին իրավական գնահատականներ տալու նպատակով:
21:34 - 25 նոյեմբերի, 2021
37 անձի մեղադրանք է  առաջադրվել կաշառքով վարորդական իրավունքի վկայականների տրամադրման և ձեռքբերման համար

37 անձի մեղադրանք է առաջադրվել կաշառքով վարորդական իրավունքի վկայականների տրամադրման և ձեռքբերման համար

ՀՀ դատախազությունը, մյուս իրավապահ մարմիններն իրենց իրավասությունների շրջանակում համագործակցությամբ հետևողական պայքար են մղում հանցավոր ճանապարհով վարորդական վկայականներ ձեռք բերելու արատավոր երևույթի դեմ՝ հաշվի առնելով նաև ճանապարհային երթևեկության անվտանգության և երթևեկության մասնակիցների համար դրանից ածանցվող ռիսկերը։ Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը: ՀՀ ԱԱԾ Լոռու մարզային վարչությունում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2021թ. օգոստոսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 1-ին մասով և 313-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալով մի քանի տասնյակ անձանց օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու՝ վարորդական վկայականի տրման ապօրինի հիմքեր ստեղծելու դեպքի առթիվ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում:Այս գործով նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության Երևան քաղաքի հաշվառման-քննական բաժնի տեսուչ Ա. Ս.-ն 2020թ. օգոստոսից մինչև 2021թ. հուլիս իր մտերիմ անձնավորության միջնորդությամբ, մի քանի տասնյակ անձանց վարորդական վկայականի տրման համար նախատեսված գործնական քննությունները սահմանված կարգի խախտմամբ անցկացնելու, դրական գնահատելու և դրա հիման վրա նրանց վարորդական վկայական տրամադրելու համար յուրաքանչյուրից ստացել է 75.000-150.000-ական ՀՀ դրամ կաշառք: Արդյունքում գործնական քննությանը փաստացի չմասնակցած կամ ձևական մասնակցած անձանց տրվել են վարորդական վկայականներ: Նախաքննության ընթացքում, ապացույցների բավարար գնահատմամբ, ՃՈ տեսուչին 24.08.2021թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ նրան օժանդակած անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:Նախաքննության ընթացքում կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ձեռք բերելու և կաշառքի միջնորդության համար մեղադրանքներ են առաջադրվել նաև  35 անձի:Այս գործով պատշաճ դատախազական հսկողության ներքո ձեռնարկվում են միջոցներ հիշյալ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը բացահայտելու և նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով:Ավելի վաղ տեղեկացվել է, որ նույնատիպ սխեմայով գործնական քննությանը փաստացի չմասնակցած կամ ձևական մասնակցած անձանց վարորդական վկայականներ տրամադրելու վերաբերյալ բազմադրվագ մեկ այլ քրեական գործով առերևույթ կաշառք ստացած ՀՀ ոստիկանության ՃՈ հաշվառման-քննական տարածքային բաժանմունքի տեսուչի և կաշառք տվողներից մեկի մասով ներկայումս դատական քննություն է իրականացվում, իսկ վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով կաշառք տված 6 անձի մասով դատարանը կայացրել էր մեղադրական դատավճիռներ: Ելնելով դատական ակտը վերջնական ուժի մեջ մտնելու հանգամանքից՝ ՀՀ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ, հանցավոր ճանապարհով այդ անձանց ստացած վարորդական իրավունքի վկայականները ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության որոշումներով ճանաչվել են անվավեր:Գործընթացը լինելու է շարունակական: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:17 - 25 նոյեմբերի, 2021
Դատախազությունը կբողոքարկի Հրանտ Դավթյանի և նրա որդու վերաբերյալ գործով կայացված դատական ակտը

Դատախազությունը կբողոքարկի Հրանտ Դավթյանի և նրա որդու վերաբերյալ գործով կայացված դատական ակտը

Դատախազությունը կբողոքարկի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանի և նրա որդու վերաբերյալ գործով կայացված դատական ակտը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Դատարանը, քննության առնելով պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությունը, 2021թ. նոյեմբերի 10-ին որոշում է կայացրել Արսեն և Հրանտ Դավթյանների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ իրադրության փոփոխման հիմքով: ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել և ուսումնասիրվել է հիշյալ դատական ակտը: Հաշվի առնելով, որ այդ հիմքով և այդպիսի որոշման կայացումն անհիմն է, դրա դեմ կներկայացվի բողոք ՀՀ վերաքննիչ դատարան: Ընդ որում, դեռևս նախաքննության ավարտական փուլում պաշտպանի կողմից մեղադրյալների նկատմամբ նույն հիմքով և հիմնավորումներով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություններ էին ներկայացվել գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին, որոնք համապատասխան հիմնավորումներով մերժվել էին:  Վերաքննիչ բողոքը ներկայումս նախապատրաստման փուլում է»,- գրել է Աբրահամյանը: ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ «Hetq.am»-ում հրապարակված «Մեծահարուստ հայերի ու պաշտոնյաների տները Դուբայի շքեղ համալիրներում» վերտառությամբ հոդվածի հիման վրա նախապատրաստված նյութերով 2020թ. փետրվարի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց կողմից օրենքով նախատեսված հայտարարագրերում հայտարարագրման ենթակա՝ առանձնապես խոշոր չափերով գույքեր թաքցնելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ: Ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել էր, որ Հրանտ Դավթյանը, 2018թ. հունիսի 20-ից մինչև 2019թ. հունվարի 14-ը հանդիսանալով ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման պատգամավոր և կրելով գույքի և շահերի հայտարարագրման պարտականություն՝ 2018թ. հոկտեմբերի 1-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված, պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ, ինչպես նաև 2019թ. հունիսի 11-ին պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին հայտարարագրում չի հիշատակել և այդ կերպ թաքցրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող մի քանի անշարժ գույքերի մասին տվյալները: Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է նաև, որ նրա որդին՝ Արսեն Դավթյանը ևս, նույն ժամանակահատվածում հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձ և ունենալով հայտարարատու պաշտոնատար անձի` պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, դադարեցնելու, ինչպես նաև տարեկան հայտարարագրերում իր գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալներ ներկայացնելու պարտականություն, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված, սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և եկամուտների մասին 2018թ. հայտարարագրում չի հիշատակել և այդ կերպ թաքցրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող մի քանի անշարժ և շարժական գույքերի, դրանց շարժի, ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տվյալները: Նշված հանցավոր արարքները կատարելու համար նրանց մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց վերաբերյալ անջատված մասով, գործը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, 2021թ ապրիլի 28-ին Գլխավոր դատախազությունից ուղարկվել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
11:25 - 24 նոյեմբերի, 2021
ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության մասնագիտացված ստորաբաժանում

ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության մասնագիտացված ստորաբաժանում

ՀՀ գլխավոր դատախազի 2021թ. նոյեմբերի 16-ի հրամանով ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչություն և դադարեցվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության գործունեությունը: Այս մասին հայտնում է Դատախազությունը:  Մասնագիտացված ստորաբաժանման ստեղծումը պայմանավորված է ՀՀ հատուկ քննչական ծառայության գործունեության դադարեցմամբ և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ, որին, «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով վերապահվել է կոռուպցիոն հանցագործություններով ինչպես մինչդատական վարույթի, այնպես էլ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը: Համաձայն 2021թ. ապրիլի 14-ին ընդունված և ուժի մեջ մտած ««Դատախազության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի 6-րդ հոդվածի՝  ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծվող հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների պաշտոններում կարող են նշանակվել բացառապես օրենքով սահմանված կարգով բարեվարքության ուսումնասիրություն անցած անձինք: Իսկ ՀՀ գլխավոր դատախազի վերոնշյալ հրամանի համաձայն՝ փոփոխություններն ուժի մեջ են մտնում, այսինքն նշված նոր ստորաբաժանումն սկսում է գործել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության առնվազն 5 դատախազների նշանակման օրը: ՀՀ գլխավոր դատախազի նոյեմբերի 22-ի հրամաններով նշանակվել են վարչության 8 դատախազներ: Վարչության պետ է նշանակվել Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արսեն Մարտիրոսյանը, որը մինչ այդ ղեկավարում էր ՀՀ գլխավոր դատախաության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունը: Մինչ այդ վարչության դատախազների պաշտոնների բոլոր թեկնածուները օրենքով սահմանված կարգով անցել են բարեվարքության ուսումնասիրություն: Դրանց արդյունքում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունները հաշվի են առնվել ՀՀ գլխավոր դատախազի կողմից նշանակումները կատարելիս:
17:22 - 23 նոյեմբերի, 2021
Վանաձորում ՃՈ տեսուչը 6 անձի վարորդական իրավունք տվել է կաշառքով, նրան մեղադրանք է առաջադրվել, իսկ վարորդական իրավունքները կճանաչվեն անվավեր

Վանաձորում ՃՈ տեսուչը 6 անձի վարորդական իրավունք տվել է կաշառքով, նրան մեղադրանք է առաջադրվել, իսկ վարորդական իրավունքները կճանաչվեն անվավեր

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 311-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 38-311-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ ՀՔԾ-ում կատարված քննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Ա.Գ.-ն, իր մտերիմ՝ Գյումրի քաղաքի բնակիչ Ս. Գ.-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ և օժանդակությամբ, սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները պատշաճ ստուգելու, 2020թ. փետրվար-մայիս ամիսների ընթացքում ապահովել է կաշառքի դիմաց քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու համար վեց անձից ձևական բնույթ կրող տեսական և գործնական քննությունների ընդունումը, ինչի արդյունքում նրանց տրվել են վարորդական վկայականներ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Ա. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել վեց դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, վեց դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և վեց դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ 2020թ. սեպտեմբերին որոշում է կայացվել գործից մեղադրյալներ Ա. Գ.-ի և կաշառք տվողներից մեկի մասն առանձնացնելու և մեղադրական եզրակացությամբ ՀՀ գլխավոր դատախազությունից այն Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ուղարկելու մասին, որով դատական քննությունը շարունակվում է: Քրեական գործով վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով կաշառք տված ևս 6 անձանց, ինչպես նաև պաշտոնատար անձին օժանդակած Ս. Գ.-ին նույնպես առաջադրվել են մեղադրանքներ, որոշում է կայացվել նրանց մասով քրեական գործն անջատելու և 2020թ. սեպտեմբերի 2-ին մեղադրական եզրակացությամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ուղարկելու վերաբերյալ: 2021թ. մայիսի 3-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով, ի թիվս այլոց, վերջիններս մեղավոր են ճանաչվել իրենց մեղսագրված արարաքների կատարման մեջ և նրանց նկատմամբ որպես պատիժ է նշանակվել տարբեր չափերի տուգանք: Հիշյալ դատավճռով դատարանը հաստատված է համարել, որ ՀՀ ոստիկանության ՃՈ Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչին կաշառք տալու արդյունքում, առանց ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքների և գործնական հմտությունների պատշաճ ստուգման հիշյալ անձինք ստացել են «B», «C» կարգի վարորդական իրավունքի վկայականներ, իսկ մեկ անձի պարագայում տեսական քննությունը գնահատվել է դրական և վերջինիս հնարավորություն է ընձեռնվել մասնակցելու գործնական քննությանը: Նկատի ունենալով վերոգրյալը՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից գրություն է հասցեագրվել ՀՀ ոստիկանության պետին՝ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով քննարկման առարկա դարձնել այդ անձանց վարելու իրավունքը դադարեցնելու հարցը: Արդյունքում, ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության որոշումներով այդ անձանց վարորդական իրավունքի վկայականները, իսկ մեկ անձի դեպքում՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ստանալու տեսական քննության արդյունքներով կազմված արձանագրությունը ճանաչվել է անվավեր: Նման մոտեցում դրսևորվելու է նաև հետագայում:   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:31 - 19 նոյեմբերի, 2021
ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգում է Ադրբեջանի 6 զինծառայողներին գերի վերցնելու և գաղտնի պայմաններում հետ հանձնելու վերաբերյալ հրապարակումները

ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգում է Ադրբեջանի 6 զինծառայողներին գերի վերցնելու և գաղտնի պայմաններում հետ հանձնելու վերաբերյալ հրապարակումները

Ադրբեջանի ԶՈՒ 6 զինծառայողներին ՀՀ ԶՈՒ-ի կողմից գերի վերցված լինելու և գաղտնի պայմաններում հետ հանձնելու վերաբերյալ հրապարակումները վերհանվել են ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ մշտադիտարկումների շրջանակում: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Դրանք ուղարկվել են վարույթն իրականացնող համապատասխան մարմին՝ Ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից ՀՀ պետական սահմանը նոյեմբերի 14-ին ապօրինի հատելու և տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ ՀՀ Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով և 300.2-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ստուգելու, քննության առարկա դարձնելու համար»,- նշված է գրառման մեջ: Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր մամուլում և սոցցանցերում շրջանառվող տեղեկությունները, թե նոյեմբերի 14-ին հայկական կողմը 6 ադրբեջանցի զինծառայող է գերեվարել, այնուհետև գաղտնի վերադարձրել նրանց:
16:27 - 18 նոյեմբերի, 2021
Չկա և չի քննվում որևէ քրգործ՝ դիրքերի վրա հարձակումը չկանխելու հրաման տրված լինելու, հակառակորդի ուղղությամբ կրակ չարձակելու հրամանին չենթարկվելով կրակ վարելու փաստերով. Գոռ Աբրահամյան

Չկա և չի քննվում որևէ քրգործ՝ դիրքերի վրա հարձակումը չկանխելու հրաման տրված լինելու, հակառակորդի ուղղությամբ կրակ չարձակելու հրամանին չենթարկվելով կրակ վարելու փաստերով. Գոռ Աբրահամյան

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ երեկ սոցցանցում որոշ օգտատերերի դիտարկումների է հանդիպել այն մասին, որ քրեական գործեր են հարուցվում չկրակելու վերաբերյալ տված հրամաններին չենթարկված զինծառայողների նկատմամբ:   «Իհարկե, այդ գրառումները որևէ փաստի հղում չէին պարունակում, և բացառելի չէ, որ զուտ էմոցիոնալ հայտարարությունների շարքից էին:   Այդուհանդերձ, հնարավոր անտեղի շահարկումները բացառելու համար ուզում եմ նշել, որ ՀՀ քննչական մարմիններում չկա և չի քննվում որևէ քրեական գործ՝ կապված ՀՀ պետական սահմանների պաշտպանության պարտականություններ կատարող ՀՀ ԶՈՒ զինծառայողներին, ստորաբաժանումներին պետական սահմանների անձեռնմխելիությունը խախտող, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժող, ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերին մոտեցող թշնամական ուժերին դիմադրություն ցույց չտալու, սահմանների և դիրքերի վրա հարձակումը չկանխելու հրաման տրված լինելու, նման պայմաններում հակառակորդի ուղղությամբ կրակ չարձակելու հրամանին չենթարկվելով կրակ վարելու փաստերով:   Ավելին, նման բան չի կարող լինել:   Ճիշտ հակառակը՝ ՀՀ Սահմանադրությամբ, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, զինվորական կանոնագրքերով սահմանված կարգով պետական սահմանների անձեռնմխելիության պաշտպանությունը, այդ համատեքստում ըստ անհրաժեշտության նաև ագրեսիա իրականացնող թշնամական ուժերի ուղղությամբ կրակ արձակելը ՀՀ բանակի, յուրաքանչյուր տեղամասի կտրվածքով սահմանի տվյալ տեղամասերի պաշտպանության համար պատասխանատվություն կրող ստորաբաժանման պարտականությունն է:   Եվ դրա չկատարման արդյունքում, որպես հետևանք՝ պետության տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն թույլ տալը, պետական իշխանության կամ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություն է և հանգեցնում է քրեական պատասխանատվության»,- գրել է Գոռ Աբրահամյանը:   
15:32 - 18 նոյեմբերի, 2021
Օթևան համայնքի տարածքում ապօրինի ընդերքօգտագործմամբ պատճառված շուրջ 20մլն դրամի վնասը վերականգնվել է

Օթևան համայնքի տարածքում ապօրինի ընդերքօգտագործմամբ պատճառված շուրջ 20մլն դրամի վնասը վերականգնվել է

Քննությամբ պարզվել է, որ «N» ՍՊ ընկերությունը  խախտել է երկրաբանական ուսումնասիրության ընդերքօգտագործման պայմանագրի մի քանի կետեր և ՀՀ հողային օրենսգրքի պահանջները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը: «ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզի դատախազության դատավարական հսկողության ներքո՝ մարզային քննչական վարչության Թալինի քննչական  բաժնում  ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ  «N» ՍՊ ընկերության՝ որոշումներ կայացնելու իրավասությամբ օժտված պատասխանատու անձինք ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի 2019թ. մարտի 15-ի հրամանով ընկերությանը տրամադրված՝ մարզի Օթևան համայնքի վարչական տարածքի 6.8 հա մակերեսով հողատարածքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ընդերքօգտագործման պայմանագրի հիման վրա Արագածոտնի մարզի Օթևանի տուֆերի երևակման հատվածում իրականացրել է երկրաբանական ուսումնասիրություն: Քննությամբ պարզվել է, որ վերջինս խախտել է երկրաբանական ուսումնասիրության ընդերքօգտագործման պայմանագրի մի քանի կետեր և ՀՀ հողային օրենսգրքի պահանջները: Մասնավորապես՝ նշված պայմանագրով և դրան կից 2019թ. ընթացքում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման ժամանակացույցով թույլատրված 300 մ3 ծավալով փորձնական հանույթի աշխատանքների փոխարեն տեղամասում և տեղամասի սահմաններից դուրս գտնվող տարածքում քանդել և տեղահանել է լեռնային զանգված, մինչև 2020թ. սեպտեմբերի 1-ը չի կատարել շահագործված տարածքի հողերի ռեկուլտիվացիա՝ լանդշաֆտի վերականգնման նպատակով շահագործված տարածքը չի ծածկել հողաշերտով, որի արդյունքում դեգրադացվել է գյուղատնտեսական նշանակության հող՝ արոտավայր, և պետությանը պատճառվել  է ընդհանուրը 19.594.291 ՀՀ դրամի չափով վնաս»,- Նշված է հաղորդագրության մեջ: Քրեական գործով շարունակվող նախաքննությամբ միջոցներ են ձեռնարկվում հանքի ապօրինի շահագործման, ընդերքօգտագործման թույլտվություն ստացած և պայմանագրային պարտավորությունների, օրենսդրության պահանջների խախտմամբ իրականացված գործունեությամբ հողերի դեգրադացման հանգամանքները լիարժեք պարզելու, դրանց համար պատասխանատու անձանց արարքներին վերջնական իրավական գնահատականներ տալու ուղղությամբ: Նշվում է, որ ՀՀ Արագածոտնի մարզի դատախազության հետևողականության արդյունքում պետությանը պատճառված վերոնշյալ վնասն ամբողջությամբ վերականգնվել է:   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:52 - 18 նոյեմբերի, 2021
Գլխավոր դատախազը ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանին

Գլխավոր դատախազը ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն հանդիպում է ունեցել մեր երկրում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատի հետ: Այս մասին հայտնում է Դատախազությունը: Ողջունելով պարոն դեսպանին ՀՀ գլխավոր դատախազությունում՝ Արթուր Դավթյանն ընդգծել է բոլոր ոլորտներում հայ-եգիպտական հարաբերությունների բարձր մակարդակը և բարեկամական բնույթը՝ շեշտելով, որ չնայած դրան՝ իրավական ոլորտում երկու երկրների միջև համագործակցության խորացման չիրացված ներուժ կա: Նա հույս է հայտնել, որ ՀՀ դատախազության և ԵԱՀ-ի դեսպանատան միջև առավել անմիջական հաղորդակցության հաստատումը կնպաստի այս ուղղությամբ երկկողմ հետաքրքրության և շահագրգռության մեծացմանը, ինչի համար կարևոր հիմք է հանդիսանում բավարար իրավական բազայի առկայությունը: Ըստ ՀՀ գլխավոր դատախազի՝ դրա անհրաժեշտությունը պայմանավորված է նաև վերջին շրջանում Հայաստանի և Եգիպտոսի քաղաքացիների փոխայցելությունների ծավալների մեծացման հանգամանքով և դրանով պայմանավորված՝ երկու բարեկամ երկրներում նրանց իրավական պաշտպանության բարձր մակարդակ ապահովելու անհրաժեշտությամբ:     Դեսպան Բահաա Էլ Դին Բահգատին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և փոխանցել իր երկրի պատրաստակամությունը նաև իրավական ոլոտում հարաբերությունների ընդլայնման հարցում՝ նշելով, որ իրենք պատրաստ են քննարկելու այս հայ-եգիպտական բազմավեկտոր օրակարգը նաև այս ուղղությամբ հարստացնելու առաջարկները: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկայում Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանին ՀՀ գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակության այցի կազմակերպման, Եգիպտոսի Արաբական Հանրապետության գլխավոր դատախազության հետ համագործակցության հեռանկարների և իրավական բազան երկու երկրների դատախազությունների կարողությունների զզարգացման արդի կարիքներին համապատասխանեցնելուն առնչվող հարցեր:          
13:44 - 17 նոյեմբերի, 2021
Ադրբեջանի ԶՈՒ կողմից ՀՀ-ի նկատմամբ ռազմական ագրեսիայի ակտ իրականացնելու առթիվ քրեական գործ է հարուցվել

Ադրբեջանի ԶՈՒ կողմից ՀՀ-ի նկատմամբ ռազմական ագրեսիայի ակտ իրականացնելու առթիվ քրեական գործ է հարուցվել

2021 թվականի նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի XXIX նստաշրջանի թիվ 3314 բանաձևի «ա», «բ» և «գ» կետերի, 1998թ․հունիսի 17-ին ընդունված Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի 8-bis հոդվածի պահանջները, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու և պայթյունի եղանակով գույքի ոչնչացման դիտավորությամբ, զինված ուժերի օգտագործմամբ, կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ոտնձգել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ՝ սանձազերծելով ագրեսիվ պատերազմ և իրականացնելով ագրեսիայի ակտ: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը: Ադրբեջանի զինված ուժերը, վարելով ագրեսիվ պատերազմ, նպատակադրվել են ձեռք բերել ռազմական գերակայություն՝ կոպտորեն խախտելով «Միջազգային զինված կոնֆլիկտների զոհերի պաշտպանության վերաբերյալ» Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիաներին կից Ժնևի 1977 թվականի 1-ին Լրացուցիչ արձանագրության 48-րդ, 51-րդ (2), 52-րդ (2) հոդվածների, 51-րդ (4) հոդվածի 3-րդ կետի և 85-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթները, միջազգային սովորույթային մարդասիրական իրավունքի 1-ին, 7-րդ, 11-րդ, 12-րդ, 54-րդ նորմերը։ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, թույլ տալով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ, զինված ուժերի օգտագործմամբ, հրետանային միջոցների, զրահատեխնիկաների և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ են դարձրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի՝ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի  մարտական հենակետերը։ Դրանց ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, ինչպես նաև խոշտանգվելով գերևարվել ՀՀ զինված ուժերի մի շարք զինծառայողներ:  Նկատի ունենալով, որ առկա է սպանության, սպանության փորձի, առանձնապես խոշոր չափերով գույքը ոչնչացնելու կամ վնասելու,  ագրեսիվ պատերազմ սանձազերծելու կամ վարելու, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու հանցագործությունների հատկանիշներ՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում դեպքի առիթվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով, 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 391-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչությանը։
22:32 - 16 նոյեմբերի, 2021
Ադրբեջանցի զինծառայողների ՀՀ պետական սահմանը Սիսիանի ուղղությամբ հատելու, 1-ից մինչև 2 կմ առաջանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․Գոռ Աբրահամյան

Ադրբեջանցի զինծառայողների ՀՀ պետական սահմանը Սիսիանի ուղղությամբ հատելու, 1-ից մինչև 2 կմ առաջանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․Գոռ Աբրահամյան

Նախօրեին Սյունիքում Ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։    «2021թ. նոյեմբերի 14-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողների կողմից առանց թույլտվության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի վարչական տարածքին հարող ՀՀ պետական սահմանը հատելու և ՀՀ տարածքով 1-ից մինչև 2 կմ առաջանալու, ՀՀ ԶՈՒ 4 մարտական դիրքերին մոտենալու, այնտեղ գտնվող ՀՀ ԶՈՒ զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելու, ՀՀ տարածքի այդ մասը Ադրբեջանի Հանրապետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելու, զենքի գործադրման սպառնալիքներով ՀՀ ԶՈՒ զինծառայողներին այդ տարածքներից հեռանալու պահանջ ներկայացնելու դեպքի առթիվ ՀՀ Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով և 300.2-րդ հոդվածի հատկանիշներով:   Քրեական գործի շրջանակներում, հակառակորդի գործողություններից զատ քննության առարկա է դառնալու նաև նշված մարտական դիրքերին թշնամական ուժերի մոտենալը հնարավոր դառնալու, այդ դիրքերից ՀՀ ԶՈւ զինծառայողների հեռանալու հանգամանքները:   Դրանց կապակցությամբ ևս կտրվեն իրավական գնահատականներ»,- ասված է Գոռ Աբրահամյանի տարածած հաղորդագրության մեջ։ 
19:37 - 15 նոյեմբերի, 2021
Մանվել Փարամազյանը շարունակում է մնալ Քաջարանի համայնքապետ․ վերաքննիչը մերժել է դատախազության բողոքը․ պաշտպաններ

Մանվել Փարամազյանը շարունակում է մնալ Քաջարանի համայնքապետ․ վերաքննիչը մերժել է դատախազության բողոքը․ պաշտպաններ

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի պաշտպաններ Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը հայտարարություն են տարածել․ «Հենց նոր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Անդրանիկ Մնացականյանի, որոշում կայացրեց մերժել դատախազության բողոքը, որով պահանջվում էր կասեցնել Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի լիազորությունները։ Մանվել Փարամազյանը շարունակում է հանդիսանալ համայնքի ղեկավար։ Համայնքի ղեկավարի նկատմամբ իրականացվող հետապնդումների քաղաքական բնույթը հիմնավորող հերթական հետաքրքրական հանգամանքը ի հայտ եկավ նաև վերաքննիչ դատարանում հարցի քննարկման ընթացքում։ Դատախազը դատարանին ներկայացնելու համար բերել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գ.Սանոսյանի գրությունը, ըստ որի Մանվել Փարամազյանն իբր խոչընդոտում է Քաջարանի համայնքապետարանի բնականոն աշխատանքները, ինչը դրսևորվում է նրանով, թե նա չի ընդունում իր տեղակալի հրաժարականի դիմումը, որպեսզի կառավարությունը հնարավորություն ստանա համայնքի ղեկավար նշանակել իր ցանկացած պաշտոնակատարին... Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ներկայացված գրությունը որևէ աղերս չունի համայնքի ղեկավարի պաշտոնավարումը կասեցնելու օրենսդրական կարգավորումների հետ, մեռանանք, որ համայնքի ղեկավարի տեղակալի աշխատանքից ազատման դիմում գոյություն չունի, նման դիմում համայնքի ղեկավարին չի ներկայացվել, իսկ ապօրինի կալանքից ազատ արձակված տեղակալը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել իր աշխատանքային պարտականությունները, փաստ է, որ իշխանություններն արդեն չեն էլ փորձում որևէ կերպ քողարկել թե՛ հետապնդման քաղաքական բնույթը, թե՛ այդ հետապնդման իրական նպատակը։ Հիշեցնենք նաև, որ դեռևս ընդհանուր իրավասության դատարանում, Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնելու միջնորդության քննարկմանը նախորդել էր նույն նախարարի մամուլի խոսնակի հայտարարությունը, թե համայնքի ղեկավարի պաշտոնավարման կասեցումն անհրաժեշտ է պաշտոնակատար նշանակելու համար»։
13:57 - 15 նոյեմբերի, 2021
Վերականգնվել է Արագածոտնի մարզի Անտառուտ համայնքին պատճառված շուրջ 23 մլն դրամի վնասը

Վերականգնվել է Արագածոտնի մարզի Անտառուտ համայնքին պատճառված շուրջ 23 մլն դրամի վնասը

Արագածոտնի մարզի դատախազության հետևողականության արդյունքում համայնքին պատճառված 22.707.154 դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Այն եղել էր համայնքի ղեկավարի գործողությունների արդյունքում: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ մանրամասնելով. 2020թ. օգոստոսի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված և ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը Արագածոտնի մարզի Անտառուտ համայնքի վարչական տարածքում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող գյուղատնտեսական արտադրական, ինչպես նաև խոտհարք և արոտավայր նպատակային նշանակության հողատարածքներից ընդհանուրը 5.007մ2 հողամասի վրա, առանց վերջինիս նպատակային նշանակությունը փոփոխվելու, առանց օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթերի և թույլտվության, 2013-2018թթ. ինքնակամ կառուցել է եռահարկ, երկհարկ և մեկ հարկանի քարե շինություններ, որոնք շահագործվել են որպես հյուրանոցային համալիր և ռեստորան: Անտառուտ համայնքի ղեկավարը, ում ի պաշտոնե վերապահված է ինքնակամ շինարարությունը կանխարգելելու ու կասեցնելու, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով դրա հետևանքների վերացումն ապահովելու լիազորություն, տվյալ քաղաքացու հոր հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվելու հանգամանքնով պայմանավորված, նրանց համար անբարենպաստ հետևանքներ չառաջացնելու շահագրգռվածությունից ելնելով, ինքնակամ կառուցված շինություններն ամբողջությամբ օրինականացնելու, հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու ուղղությամբ որևէ միջոց չի ձեռնարկել, վարչական օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում վարչական պատասխանատվության միջոց չի կիրառել քաղաքացու նկատմամբ:  Արդյունքում Անտառուտ համայնքի համար անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ՝ համայնքային բյուջե չի մուտքագրվել ինքնակամ կառուցված 3 շինությունների օրինականացման և հողամասերի նպատակային նշանակությունները փոփոխելու դեպքում վճարվելիք առանձնապես խոշոր չափերի՝ 22.707.154 դրամ գումարը: Քրեական գործով համայնքի ղեկավարը ներգրավվել է որպես մեղադրյալ, 2021թ. նոյեմբերի 4-ին որոշում է կայացվել կասեցնել վերջինիս լիազորությունները, որի իրավաչափությունը հաստատվել է դատարանի կողմից: Արագածոտնի մարզի դատախազության հետևողականության արդյունքում համայնքին պատճառված 22.707.154 դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
13:21 - 15 նոյեմբերի, 2021
Քվեարկության օրը առերևույթ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել․ դատախազություն

Քվեարկության օրը առերևույթ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել․ դատախազություն

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարկ եմ համարում տեղեկացնել, որ 2021թ. նոյեմբերի 14-ին ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան և Լերմոնտովո համայնքներում, Սյունիքի մարզի Կապան համայնքում, Լոռու մարզի Արզնի համայնքում կայացած տեղական ինքակառավարման մարմինների ընտրություններում քվեարկության ամբողջ օրը ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի առերևույթ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ, ահազանգեր իրավապահ մարմինները չեն ստացել, իրականացվող մշտադիտարկման ընթացքում չեն արձանագրվել նաև քրեական վարույթի շրջանակներում քննության առնելու ենթակա ԶԼՄ հրապարակումներ:  Տավուշի մարզի Իջևան համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների առնչությամբ ստացվել է ընդամենը մեկ ահազանգ՝ առերևույթ կրկնակի քվեարկություն կատարելու փորձի վերաբերյալ, որի կապակցությամբ դատախազության հանձնարարությամբ քրեադատավարական կարգով նախապատրաստվում են նյութեր: Բացի նշվածը, այլ հանցավոր ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր, հաղորդումներ չեն ստացվել:  Մինչև քվեարկության մեկնարկը, այսինքն ընտրարշավի ընթացքում Կապան համայնքի ՏԻՄ ընտրությունների հետ կապված ստացված է եղել առերևույթ ընտրական հանցագործության վերաբերյալ ընդամենը երկու ահազանգ, որոնք ՀՀ գլխավոր դատախազության և Սյունիքի մարզի դատախազության նախաձեռնությամբ դարձվել են ստուգման առարկա: Սակայն ստուգողական գործողությունների արդյունքում դրանք չեն հաստատվել և թողնվել են անհետևանք: Մյուս համայնքների կտրվածքով մինչև քվեարկությունն ընկած ժամանակահատվածում հանցավոր ընտրախախտումների վերաբերյալ ևս որևէ ահազանգ չի արձանագրվել»։
10:14 - 15 նոյեմբերի, 2021
«Ֆիզգորոդոկում» ոստիկանների ու բնակիչների միջեւ տեղի ունեցածի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը ՀՔԾ-ի լուծարումից հետո շարունակվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում

«Ֆիզգորոդոկում» ոստիկանների ու բնակիչների միջեւ տեղի ունեցածի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը ՀՔԾ-ի լուծարումից հետո շարունակվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում

ՀՀ հատուկ քննչական ծառայության լուծարվելուց հետո «Ֆիզգորոդոկում» տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում։ Այս մասին Infocom-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Երևան քաղաքի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեում, որ առավել հայտնի է որպես «Ֆիզգորոդոկ», այս տարվա օգոստոսին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայողների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու և այլ ապօրինի գործողություններ կատարելու ենթադրյալ դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվել էին նյութեր, որոնցով 2021 թվականի սեպտեմբերի 6-ին հարուցվել են 3 քրեական գործեր։  Քրգործերից մեկը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը՝ բռնության գործադրմամբ եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը։ Մյուս երկու քրգործերը եւս հարուցվել են ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հակտանիշներով։ Երեք քրգործերը, ինչպես Infocom-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից, հետագայում գործերի փաստական հանգամանքներով պայմանավորված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ միացվել են մեկ վարույթում: Օրեր առաջ «Ֆիզգորոդոկի» գործով տուժողի ներկայացուցիչ, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանը հրավիրված ասուլիսի ժամանակ նշել էր, քրեական գործը հարուցվել է Հատուկ քննչական ծառայությունում, որը, սակայն, այժմ լուծարված է։ ՀՔԾ-ի լուծարումից հետո (ՀՔԾ-ի փոխարեն գործելու է Հակակոռուպցիոն կոմիտեն,-հեղ․), Ղարագյոզյանի խոսքով, տուժողներին որևէ կերպ չեն տեղեկացրել, թե որ քննչական վարույթում է գործը․ «Այս ամիսների ընթացքում մենք նորություն չենք ունեցել, ես նամակներ եմ ուղարկել ՀՔԾ քննիչին, երկու շաբաթ անց իմ նամակը հետ է եկել՝ նամակի վրա նշելով, որ Հատուկ քննչական ծառայությունը լուծարված է։ Այսինքն՝ ՀՔԾ-ն լուծարված է, և պետությունը որևէ ձևով չի տեղեկացնում տուժողներին, թե որ քննչական վարույթում է հիմա գործը, և ով է այս գործով քննություն իրականացնում։ Մենք կարող է սպասեինք, նստեինք, և ստանայինք որոշում՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ Հիմա մենք փաստացի որևէ ձևով տեղեկացված չենք, թե կոնկրետ որ քննչական բաժնում է գործը և որ քննիչն է զբաղվում»,- ասուլիսի ժամանակ ասել էր Ղարագյոզյանը՝ նշելով, որ գործը հարուցվել է լիազորությունների անցման հիմքով։ Ըստ նրա՝ ակնհայտ է, որ արդյունավետ քննության մասին անգամ խոսք չի կարող լինել․ «Դեպքից տևական ժամանակ անց տուժողներին հրավիրել են հարցաքննության և ընդամենը տուժող ճանաչելու որոշմանն ենք ծանոթ, և որպես տուժող՝ տուժողները հարցաքննվել են։ Այդ ժամանակ ՀՔԾ-ն դեռ չէր լուծարվել, և, ընդհանուր առմամբ, շատ թերի, միակողմանի քննություն է իրականացվել»,- կարծիք էր հայտնել նա։ Ինչ վերաբերում է քրեական գործի ընթացքին՝ Infocom-ի հարցին ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից նշել են, որ գործով դեռևս որևէ անձ որպես մեղադրյալ ներգրավված չէ․ «Պատշաճ դատախազական հսկողությամբ ձեռնարկվում են քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ միջոցառումները՝ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար»,- վստահեցրել են հարցման պատասծանում: Հիշեցնենք՝ այս տարվա օգոստոսի 19-ին Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, որ առավել հայտնի է որպես «Ֆիզգորոդոկ», սկսվել էին մի բարձրահարկի կառուցման շինաշխատանքներ։ Բնակիչների պնդմամբ՝ բարձրահարկ շենքի կառուցումն ապօրինի է։ Օգոստոսի 20-ին շենքի կառուցման դեմ բողոքող մի խումբ բնակիչների և ոստիկանության միջև քաշքշուկ էր տեղի ունեցել, եղել էին բերման ենթարկված անձինք։ Հայարփի Բաղդասարյան
15:56 - 13 նոյեմբերի, 2021
«Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ»-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել․ դատախազի միջնորդությունը բավարարվել է

«Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ»-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել․ դատախազի միջնորդությունը բավարարվել է

«Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ»-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել․ դատախազի միջնորդությունը բավարարվել է: Այս մասին տեղեկացնում է դատախազության մամուլի ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում կատարված աշխատանքների և դիպլոմներ տրամադրելու վերաբերյալ ՀՀ ՊՎԾ-ի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների հիման վրա ՀՀ դատախազությունում հարուցված քրեական գործով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով (3 դրվագ) մեղադրանք էր առաջադրվել նշված ՊՈԱԿ-ի տնօրենին: Նախաքննությամբ ապացույցներ էին ձեռք բերվել այն մասին, որ վերջինս, ուսհաստատության մի շարք աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնական փաստաթղթերում ներառել է իրականությանը չհամապատասխանող տվյալներ, կազմակերպել ակնհայտ կեղծ գրառումների կատարում. մի քանի ուսանողների՝ քոլեջում ուսումնական և քննական պրոցեսին մասնակից չլինելու պարագայում, այդ մասին համապատասխան նշագրումներ կատարելու փոխարեն, նրանց ստուգման գրքույկներում և դասամատյաններում նշանակվել են գնահատականներ՝ իրավական հիմքեր ստեղծելով նրանց կազմակերպությունից չհեռացնելու համար:Քննական շրջանն ավարտելու վերաբերյալ կեղծ հիմքեր ստեղծելով՝ այդ ուսանողներին տրամադրել են դիպլոմներ: 2021թ. նոյեմբերի 9-ին գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող՝ Սյունիքի մարզի դատախազության դատախազի կողմից որոշում է կայացվել «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ տնօրեն Ա. Մ.-ի լիազորությունները կասեցնելու մասին: Նույն օըը միջնորդություն էր ներկայացվել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ հիշյալ որոշման իրավաչափությունը հաստատելու նպատակով: 2021թ. նոյեմբերի 11-ին դատախազի միջնորդությունը բավարարվել է«,-նշված է հայտարարության մեջ:
19:31 - 11 նոյեմբերի, 2021