Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց (օգոստոսի 21, 1961, ՈսկեհատՎաղարշապատի շրջան)։ Հայ ազգային եկեղեցական գործիչ, 1999 թ․ նոյեմբեր 4-ից Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու 132-րդ կաթողիկոս։ 

1965 թ ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։ 1972 թ․ Տ. Տիրան արք. Ներսոյանի կողմից ձեռնադրվել է կուսակրոն քահանա և վերակոչվել Գարեգին անվամբ։ Նույն թվականին Կաթողիկոս Վազգեն Ա-ի տնօրինությամբ մեկնել է Ավստրիա՝ Վիեննայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում իր կրթությունը շարունակելու։ 1975 թ․ նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ։  1980 թ․ նշանակվել է Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգնական, իսկ 1983-ի ապրիլին՝ փոխանորդ։

1983 թ․ հոկտեմբերի 23-ին  Վազգեն Ա-ի կողմից արժանացել է եպիսկոպոսական ձեռնադրության։  1998 թ․  Ամենայն հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ, իսկ վերջինիս մահից հետո՝ 1999 թ․ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած Ազգային-եկեղեցական ժողովի կողմից ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս և նոյեմբերի 4-ին արժանացել կաթողիկոսական ձեռնադրության ու օծման։ 

Լևոն Տեր-Պետրոսյանը արձագանքել է «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված հոդվածին

Լևոն Տեր-Պետրոսյանը արձագանքել է «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված հոդվածին

ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ՀՀ Առաջին նախագահի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում այսօր հրապարակված հոդվածի վերաբերյալ, որտեղ նշված է, թե ինչ է Ադրբեջանը պահանջում Հայաստանից։   «Արձագանքը վերաբերում է ՀՀ վարչապետի անձնական/ընտանեկան լրատվամիջոցի այսօրվա հրապարակմանը, որն, ըստ էության, մերժողական պատասխան է ընդդիմության և իշխանության միջև երկխոսություն սկսելու առաջարկին:   Նախագահը գնահատում է այդ հրապարակումը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների ակնկալվող կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի պահանջների բացահայտման համար: Դա, ըստ էության, ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի տեքստի ադրբեջանական նախագիծը, որի մանրամասներին, ինչպես նշվել էր ՀՀ Առաջին նախագահի սեպտեմբերի 26-ի հարցազրույցում, մինչ այժմ տիրապետում էին միայն վարչապետը և իշխանության վերին էշելոնի մի նեղ շրջանակ: Նույնպիսի նախագիծ, բնականաբար, պատրաստել է նաև Հայաստանը, որի մանրամասները չեն բացահայտվում, և ճիշտ է, որ չեն բացահայտվում՝ ելնելով քաղաքական խորհրդապահության նկատառումներից:   Հասկանալի է, որ նմանատիպ նախագծեր երկուստեք պատրաստվում են նաև հայ-թուրքական հարաբերությունների հաշտությանն ուղղված դիվանագիտական շփումների հարթակում: Այս պարագայում, անշուշտ, մեծ անակնկալներ չեն սպասվում: Հայ-թուրքական հաշտության պայմանագիրն, ըստ էության, շատ չի տարբերվելու Դավութօղլուի և Նալբանդյանի միջև 2009թ. հոկտեմբերի 10-ին կնքված Ցյուրիխյան արձանագրություններից:   Այսպիսով, պետք է արձանագրել, որ իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել, ինչը, սակայն, ամենևին չի նսեմացնում Վեհափառի համառ ջանքերը, որոնք, սույն արձագանքի առիթը հանդիսացող հրապարակման փաստով, արդեն իսկ տվեցին իրենց արդյունքը:   Ի դեպ, ՀՀ Առաջին նախագահը հարկ է համարում նաև ընդգծել, որ Վեհափառի նախաձեռնության շնորհիվ տեղի ունեցավ նշանակալից իրադարձություն. 1998 թվականից ի վեր՝ Հայաստանում կայացավ առաջին լուրջ քաղաքական բանավեճը»:
17:17 - 03 հոկտեմբերի, 2022
{Չհաստատված} Ի գիտություն Վեհափառ հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը
 |armtimes.com|

{Չհաստատված} Ի գիտություն Վեհափառ հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը |armtimes.com|

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ փոխկապակցված «Հայկական ժամանակ» օրաթերթի armtimes.com կայքն այսօր «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ «Ի գիտություն Վեհափառ հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը» վերտառությամբ հրապարակում է արել, որտեղ, կայքի ձեւակերպմամբ, ներկայացվում են Ադրբեջանի հինգ հիմնական պահանջները Հայաստանից։ Հրապարակումը ներկայացնում ենք ամբողջությամբ՝ առանց խմբագրման․ Միջազգային եւ տարածաշրջանի լարվածության պայմաններում հաճախ իսկապես դժվար է գույքագրել Հայաստանից Ադրբեջանի կոնկրետ պահանջները: Բայց եթե գնանք գույքագրման ճանապարհով կարող ենք ասել, որ Ադրբեջանը Հայաստանից ունի 5 հիմնական պահանջ: Դրանք հետեւյալն են: ԼՂ պաշտպանության բանակի լուծարում: ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որեւէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով: Միջանցք Հայաստանի տարածքով: Սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը): Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով: Պետք է հաշվի առնել, որ վերը նշված հարցերը թվարկված են ըստ սադրիչ գործողությունների հնարավորության, թե որքանով դրանք կարող են Ադրբեջանի կողմից օգտագործվել Հայաստանի դեմ նոր ռազմական սադրանքներ կազմակերպելու համար: Սա նշանակում է, որ Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության հասնելու համար պետք է հասցեագրել այս հարցերը: Հասցեագրել՝ տվյալ դեպքում նշանակում է կամ բավարարել պահանջները, կամ գտնել փոխզիջում, կամ Ադրբեջանին ստիպել/համոզել հրաժարվել այդ պահանջներից: Կամ՝ գտնել այլ տարբերակ: Այս հրապարակումը կարելի է համարել նաև պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանի այն պնդմանը, թե իրենք չունեն ամբողջական տեղեկատվություն բանակցային գործընթացների մասին: Հաջորդիվ կանդրադառնանք հարցին, թե ինչ է ուզում Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը, ԵՄ-ն:
14:27 - 03 հոկտեմբերի, 2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախապատրաստում է ՀՀ և ԼՂՀ նախկին նախագահների հետ նոր հանդիպում

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախապատրաստում է ՀՀ և ԼՂՀ նախկին նախագահների հետ նոր հանդիպում

ՀՀ և ԼՂՀ նախագահների հաջորդ հանդիպման նախապատրաստման նպատակով Ամենայն Հայոց Կաթողիկոսը այս օրերին առանձին հանդիպումներ է ունեցել նախագահների հետ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը: «Երեկ տեղի է ունեցել հանդիպում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Առանձնազրույցի բովանդակության և նաև վարչապետի հետ հանդիպման վերաբերյալ տարածվող նյութերը կեղծ են։ Կարծում ենք, որ այս ամենը նպատակ է հետապնդում ձախողել նախաձեռնված քննարկումների գործընթացը»,- նշված է գրառման մեջ: Ավելի վաղ տելեգրամյան ալիքներում տեղեկություն էր շրջանառվում, որ Ամենայն Հայց Կաթողիկոսն ու ՀՀ առաջին նախագահը հանդիպել են, և հղում անելով իրենց տեղեկություններին, հայտնել էին, որ Վեհափառը բողոքել է, թե ընդդիմադիր եպիսկոպոսները ճնշում են իրեն։ Շրջանառվող լուրին անդրադարձել է ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը․ «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ Առաջին նախագահը քառասուն տարվա գործընկերներ են Գևորգյան ճեմարանում և «Էջմիածին» ամսագրում համատեղ աշխատանքի ժամանակներից։ Ուստի նրանց հանդիպումները զարմանք չպետք է հարուցեն։ Ինչ վերաբերում է Տելեգրամյան ալիքի այսօրվա հրապարակած հորինվածքներին, դրանք պարզապես միտված են իշխանության և ընդդիմության հնարավոր երկխոսության վիժեցմանը»։  
15:32 - 30 սեպտեմբերի, 2022
Հայրենիքը և ազգային արժանապատվությունը չեն կարող ստորադասվել անձնական ու հատվածական շահերին և բարեկեցությանը․ Գարեգին Բ-ի շնորհավորական ուղերձը՝ Անկախության օրվա առթիվ

Հայրենիքը և ազգային արժանապատվությունը չեն կարող ստորադասվել անձնական ու հատվածական շահերին և բարեկեցությանը․ Գարեգին Բ-ի շնորհավորական ուղերձը՝ Անկախության օրվա առթիվ

Միասնական աղոթք է բարձրացվել առ Աստված հայրենիքի անսասանության, խաղաղ և անվտանգ կյանքի համար:   Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների մասնակցությամբ կատարված մաղթանքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն հայրապետական ուղերձ է հղել համայն հայ ժողովրդին.   «Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ,   Այսօր սեպտեմբերի 21-ն է՝ մեր երկրի Անկախության տոնը:   Ավելի քան երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը Արցախյան ազատամարտի մաքառումների մեջ անհուն զրկանքների ու զոհողությունների գնով վերակերտեց իր անկախ պետականությունը և ամրագրեց ազատ ապրելու իր իրավունքը:   Անկախությունը մենք հռչակեցինք մեր ժողովրդի անվտանգ կյանքը կառուցելու, ազգային մեր ինքնությունը զորացնելու, արժանապատիվ կեցություն ապահովելու և հայրենաբնակ ու աշխարհասփյուռ համայն հայությանը հայրենիքի շուրջ համախմբելու նվիրական տեսիլքով:   Այսօր՝ անկախությունից 31 տարիներ անց, խռովված սրտով ենք դիմավորում ազգային ու պետական կարևորագույն մեր տոնը: Մորմոքում է մեր սիրտը Արցախյան 44-օրյա պատերազմի ահռելի կորուստներով: Վշտացած և խռովված ենք մեր երկրի նկատմամբ Ադրբեջանի նվաճողական նկրտումների և չդադարող ոտնձգությունների պատճառով: Օրեր առաջ էր, երբ Ադրբեջանի զինված ուժերը, ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, լայնածավալ հարձակում գործեցին մեր երկրի դեմ՝ ավերիչ հանցագործ հարվածներ հասցնելով խաղաղ բնակավայրերին։ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ունենք բազմաթիվ զոհեր, վիրավորներ, գերեվարված ու անհայտ կորած հայորդիներ, հազարավոր տեղահանվածներ:   Մեր խոնարհումն ենք բերում հայրենիքի անկախության համար իրենց կյանքն ընծայած զինվորների խնկելի և լուսավոր հիշատակին։ Մաղթում ենք շուտափույթ ապաքինում վիրավոր մեր զավակներին։   Առկա զարգացումները վկայում են՝ մեր ժողովուրդը վերստին գոյաբանական հիմնախնդիրների առջև է։ Վտանգներ են սպառնում Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու անկախ պետականության անվտանգությանը, հայրենի հողում արցախահայության ազատ ու անկախ ապրելու իրավունքին, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը։   Մենք այսօր մտահոգ ենք նոր կորուստներով, հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքների անորոշությամբ և արձանագրվող հարկադրանքով, հայ-թուրքական երկխոսության հապճեպությամբ։   Մտահոգ ենք մեր երկրում առկա սոցիալ-տնտեսական լրջագույն մարտահրավերներով, մեր հասարակության մեջ տիրող անհամերաշխությամբ ու միմյանց հանդեպ անհանդուրժողությամբ, հրատապ խնդիրները երկրորդական հարցերով փոխարինելու ընթացքով, առկա սպառնալիքների հանդիման միաբանվելու և միասնաբար պայքարելու վճռականության բացակայությամբ։   Մտահոգ ենք արժեքային և կրթական դաշտում ծառացած խնդիրներով, սփյուռքի համայնքների, ազգային կառույցների և հայրենի իշխանությունների միջև ստեղծված որոշակի անվստահությամբ, նաև Եկեղեցի-պետություն հարաբերություններում հայրենանպաստ գործակցության բացակայությամբ։ Բաժանումն ու մասնատվածությունը չեն կարող բարիք ծնել այս դժվարին իրադրության հաղթահարման համար։ Սուրբ Գիրքը խրատում և ուսուցանում է մեզ. «Նույն սերն ունեցեք ձեր մեջ, եղեք միաշունչ, միախորհուրդ: Մի՛ արեք որևէ բան հակառակության ոգով» (Փիլիպ. 2.2-3):   Սիրելինե՛ր, մեր լինելիության, մեր պետականության անվտանգության հիմնասյունը մեր ազգային միաբանությունն է։ Որքան ամուր եղավ այդ հիմքը, այնքան հաստատուն կլինի մեր անկախ պետականությունը և դրա նվիրական գիտակցությունը մեր մեջ: Անկախության համար պետք է տքնել և պայքարել ամեն օր։ Անկախությունը գերագույն և անսակարկելի արժեք է։   Այսօր հրամայական է, որ աշխարհասփյուռ հայությունը համախմբվի հայրենիքի շուրջ՝ գործելով և արարելով ի շահ նրա արժանապատիվ կյանքի և առաջընթացի։   Հայրենիքը և ազգային արժանապատվությունը չեն կարող ստորադասվել անձնական ու հատվածական շահերին և բարեկեցությանը։ Հայրենիքը ազգի յուրաքանչյուր զավակինն է։ Եվ ամենքս պատասխանատու ենք հայրենիքի համար մեր արածի և բացթողումի, ձեռքբերումի և կորստի համար, պատասխանատու ենք Աստծո առջև, մեր սրբազան հողի, կորսված շեների ու սրբավայրերի առջև, պատասխանատու ենք հայրենիքին իրենց կյանքն ընծայած մեր նահատակների և ապագա սերունդների առջև։   Սիրելի՛ ժողովուրդ հայոց, հայրական Մեր հորդորն է՝ Անկախության տոնի այս օրը ուխտենք վերստին ամենայն հանձնառություն ու զոհողություն ստանձնել հանուն Հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի։   Ապրենք ճշմարիտ հայրենասիրությամբ, ազգային ու պետական շահերի բարձր գիտակցությամբ՝ խույս տալու համար ցավալի նոր կորուստներից։ Աստվածապավինությամբ և անխախտ հավատարմությամբ առ հայրենին չընկրկենք, չհուսահատվենք փորձությունների ու նեղությունների առջև և միասնական ջանքերով կերտենք լուսեղեն գալիքը մեր ժողովրդի, հաղթական նոր էջը մեր պատմության։ Մեր հավատքի զորությամբ է, որ կարող կլինենք հաղթահարելու չարահնար բոլոր հարձակումները, քանզի, ինչպես առաքյալն է ասում, «ամեն ոք, որ Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին: Եվ ա՛յս է այն հաղթությունը, որ հաղթում է աշխարհին՝ մեր հավատը» (Ա Հովհ. 5.4): Մեր հորդորն է Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ անկախ կուսակցական և գաղափարական տարբերություններից գործակցել և ընդհանուր հայրենաշահ որոշումներ կայացնել ազգի բոլոր կարող ուժերի հետ՝ առկա բարդ ու դժվարին իրավիճակի կարգավորման, ծառացած հիմնախնդիրների բարվոք լուծման, ինչպես և հայության ներուժը ազգային-հայրենական շահերին լավագույնս ծառայեցնելու համար։   Հայոց Եկեղեցին միշտ եղել է պետականության զորացման նվիրյալը, առաջամարտիկը նրա անսասանության պաշտպանության։ Եկեղեցին իր զավակների սրտերում ու հոգիներում մշտավառ է պահել ազատության տենչը, ոգեշնչել պայքարի՝ հանուն անկախության և պետականության վերականգնման, քանզի մեր հայրապետներն ու ողջ հոգևոր դասը չմարող համոզմունք են կրել, որ մեր լինելիության, ազգային մեր ինքնության ու գիտակցության երաշխիքները ամուր ու անսասան են անկախ պետականության պայմաններում: Նույն նախանձախնդրությամբ շարունակելու ենք ջանքեր բերել հայոց անկախ պետականության ամրապնդման կարևոր գործին:   Մեր աղոթքն ու քաջալերանքն ենք բերում հայոց բանակին, մեր զինվորներին՝ պաշտպանելու մեր սրբազան Հայրենիքը, արիությամբ դիմակայելու թշնամուն: Աղոթում ենք զոհված մեր զավակների հոգիների հանգստության և վիրավորների շուտափույթ ապաքինման համար:   Անկախության նվիրական տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում աշխարհասփյուռ Մեր զավակներին՝ հայցելով, որ Ամենակալ Տերը Իր Սուրբ Խաչի հովանու ներքո խաղաղություն պարգևի մեր հայրենիքին և անվտանգ պահի մեր երկրի սահմանները։ Թող Բարեգութն Աստված ապահովության ու բարօրության մեջ պահի ու պահպանի ազգս հայոց, այսօր և միշտ և հավիտյանս։   Շնորհ, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ և ընդ ամենեսեան. ամէն»:   Լուսանկարը՝ Սպուտնիկ Արմենիա-ի
13:03 - 21 սեպտեմբերի, 2022
Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ԱՀ Ազգային ժողովի պատվիրակությունը սեպտեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում են ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի կառավարության լրատվական ծառայությունը։ Քննարկվել են ստեղծված իրավիճակում Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները, վերջին օրերի Ադրբեջանի ոտնձգությունները և առկա գոյաբանական սպառնալիքները։ Հանդիպմանն ընդգծվել է անհրաժեշտությունը ազգային ողջ ներուժի համախմբման և համահայկական միասնական ջանքերի գործադրման` ի նպաստ ստեղծված դժվարին իրավիճակի հանգուցալուծման և կայուն խաղաղության վերահաստատման։ Հանրապետության նախագահը և խորհրդարանականները կարևոր են նկատել պետություն-եկեղեցի գործակցությունը, մասնավորապես, այս օրերին Հայ Առաքելական եկեղեցու առաքելությունը ազգային միասնականության ամրապնդման գործում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Արցախի թեմի գործունեությանը և հոգևոր կյանքի զորացմանն ուղղված ծրագրերին և այդ համատեքստում պետության անելիքներին:
13:49 - 17 սեպտեմբերի, 2022
Դատապարտելի են խաղաղության օրակարգով բանակցային գործընթացների ժամանակահատվածում ձեռնարկված այս դավադիր քայլերը․ Գարեգին Բ

Դատապարտելի են խաղաղության օրակարգով բանակցային գործընթացների ժամանակահատվածում ձեռնարկված այս դավադիր քայլերը․ Գարեգին Բ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տարածել է Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը, որում, մասնավորապես, ասվում է․   «Սիրելի ժողովուրդ հայոց,   Վերստին խռովված են մեր հոգիները։ Ցավով և անհանգստությամբ ենք հետևում Հայաստանի սահմանի երկայնքով Ադրբեջանի կողմից գիշերը սանձազերծված սադրիչ մարտական գործողություններին, որոնց հետևանքով գնդակոծվել են խաղաղ բնակավայրեր, կան զոհեր և վիրավորներ։ Դատապարտելի են խաղաղության օրակարգով բանակցային գործընթացների ժամանակահատվածում ձեռնարկված այս դավադիր քայլերը։ Ակնհայտ է՝ թշնամին չի փոխվել, չեն փոխվել նաև նրա նկրտումներն ու մտադրությունները։ 2020 թվականի պատերազմը, վայրագ գործողությունները Արցախի մեր ժողովրդի և ոտնձգությունները Հայաստանի սահմանների նկատմամբ, որ համարժեք միջազգային գնահատականի այդպես էլ չարժանացան, համարձակություն ներշնչեցին թշնամուն շարունակական ռազմական գործողություններով փորձելու հասնել ցանկալի զիջումների։ Իրական, արժանապատիվ խաղաղությունը չի կարող հաստատվել սպառնալիքներով ու պարտադրանքներով, չի կարող բարեբեր լինել և հարատևություն ունենալ։   Սիրելի զավակներ մեր ի Հայաստան, Արցախ և ի սփյուռս, վստահ ենք, մեր ժողովրդի ոգին ամուր է, հայրենիքի սահմանները պահող զինվորները՝ անվեհեր։ Թիկունքում հայրենի սրբազան հողն է, մեր ընտանիքները, հայրենի դրոշը ծածանող մեր նահատակ հերոսների շիրիմները և առ Աստված ձայնող տաճարները։ Առկա իրադրության մեջ թույլ չպետք է տանք, որ անմիաբանությունն ու ներհասարակական բևեռացումները մեզ առաջնորդեն նոր պարտությունների, պարտադրված խաղաղությունը՝ նոր զիջումների։ Մեր միասնականությամբ և հայրենիքի հանդեպ հավատարմությամբ պետք է դիմակայենք նաև այս փորձությանը։ Արդ, մեր կարողություններն ու հնարավորությունները, ազգային ողջ ներուժը համախմբենք և սատար լինենք Հայոց Բանակին և հայրենիքի կարիքներին։ Չերկմտենք և գործենք առ հայրենին սիրով և պատասխանատվությամբ։ Ամենայն հանձնառությամբ յուրաքանչյուրս մեր պատասխանատվության ոլորտում անենք կարելին՝ հանուն անկախ պետականության անսասանության, հանուն մեր ազգի հարատևության։   Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը և հատկապես մեր բարեկամ երկրներին՝ ազդու քայլեր ձեռնարկել կասեցնելու Ադրբեջանի հերթական ագրեսիան և նկրտումները Հայոց աշխարհի նկատմամբ։   Եղբայրական մեր դիմումն է Քույր Եկեղեցիների հովվապետերին աղոթելու առաջին քրիստոնյա պետության, նրա հավատավոր ժողովրդի ապահովության համար և կարելի նպաստ բերելու տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմանը։   Մեր հայցն է առ Միածին Որդին՝ մեր Տերը Հիսուս Քրիստոս՝ վերստին այցի գալու իր փոքր հոտին, որին դարեր առաջ ընտրեց ի վկայություն իր հավատի։ Աղոթում ենք զոհված մեր զավակների հոգիների խաղաղության, նրանց հարազատների ու ընտանիքների մխիթարության համար։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր վիրավորներին։ Թող Տերը ամուր ու տոկուն պահի և Իր Ամենախնամ Սուրբ Աջով պահպանի հայոց զինվորին։   Աստված պահապան Հայոց բանակին և մեր հայրենիքին»։
12:46 - 13 սեպտեմբերի, 2022
Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ

Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է․ «Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական սիրով Մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորում բոլոր կրթօջախների սաներին ու մանկավարժներին, կրթության գործում ներգրավված բոլոր պատասխանատուներին։  Սիրելիներ, սկսվում է ևս մեկ ուսումնական տարի` գիտելիքների ամբարման ու արժեքների ճանաչման, հոգևոր ու մտավոր հասունացման, նոր ձգտումների ու ջանադրության ժամանակամիջոց, որը նախաշավիղն է մեր երկրի զարգացման ու առաջադիմության։ Արդարև, իր լուսավոր ապագային նայող ամեն ժողովրդի և հասարակության  համար ուսումն ու կրթությունը առաջնահերթ նպատակներ են։ Այդպես է դարերով ընկալել նաև մեր ժողովուրդը՝ նեղություններով լի ժամանակներում անգամ վառ պահելով իմացության ու կրթության ջահը։ Այս համոզումը առավել պիտի առաջնորդի մեզ այսօր, երբ մեր կյանքը խռովված է պատերազմի ծանր հետևանքներով, երբ աշխարհն ալեկոծվում է իրարամերժ ընթացքներով։ Ներկա մարտահրավերների առջև առավել քան անհրաժեշտ է արդիական կրթության ապահովումը՝ խարսխված ազգային և հոգևոր մեր արժեքների վրա, որպեսզի մեր զավակները հարազատ մնան իրենց ինքնությանը և աստվածային պատգամների կենսագործմամբ կառուցեն իրենց կյանքն ու ապագան մեր հայրենիքի։ «Տունը շինվում է իմաստությամբ և հաստատվում խոհեմությամբ, և գիտությամբ շտեմարանները լցվում են ամենայն հարստությամբ ու պատվական բարիքներով» (Առակ․24․ 3-4)։ Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Աստված լուսավոր պահի մեր կրթօջախները, օրհնի մանկավարժներիդ աշխատանքը` կրթելու մեր ժողովրդի արժանավոր զավակներ և պարգևի ձեզ ուժ ու եռանդ ձեր նվիրական առաքելության մեջ։ Սիրելի սաներ, զորացեք ջանասիրությամբ, քաջարթուն մտքով ու հոգով և ձեր ուսուցիչների առաջնորդությամբ ու միասնական ջանքերով ուսումնական տարին առատ դարձրեք արդյունքներով, որոնք պիտի լուսավորեն ձեզանից յուրաքանչյուրի և մեր ողջ ժողովրդի ճանապարհը ու ծառայեն աստվածպարգև մեր հայրենիքի զորացմանն ու առաջընթացին:  Թող Աստված Իր Ամենախնամ հովանու ներքո խաղաղության մեջ առատապես օրհնի ու հանապազ պահպանի մեր հայրենիքն ու ժողովրդին»:
10:16 - 01 սեպտեմբերի, 2022
Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին Երկրորդին

Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին Երկրորդին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին՝ ծննդյան 71-րդ տարեդարձի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է.«Վեհափառ Տեր, Թույլ տվեք Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի խորոց սրտի շնորհավորել Ձեզ այս հիշարժան օրվա՝ Ձեր ծննդյան 71-րդ տարեդարձի առթիվ։ Արցախում գիտենք և բարձր ենք գնահատում Ձեր երկարամյա հայրենանվեր ու ազգանպաստ գործունեությունը, անձնուրաց ու անմնացորդ ծառայությունը Մայր Եկեղեցուն ու հարազատ ժողովրդին։ Ձեր աստվածահաճո գործերը մեծապես նպաստել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զորացմանը, քրիստոնեական հավատքի տարածմանն ու ամրապնդմանը, աշխարհասփյուռ հայության համախմբմանն ու միավորմանը։ Թող ամենազոր Աստված խաղաղություն, արևշատություն ու ամենայն բարիք պարգևի Ձեզ, մեր հավատավոր ժողովրդին ու հայոց աշխարհին»։
13:51 - 21 օգոստոսի, 2022
Գարեգին Բ․ «Սրտի խոր ցավով ենք հետևում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքներին»

Գարեգին Բ․ «Սրտի խոր ցավով ենք հետևում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքներին»

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտարարություն է տարածել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Սրտի խոր ցավով ենք հետևում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքներին: Ի խորոց սրտի աղոթում ենք զոհերի հոգիների խաղաղության ու հանգստության համար, Սուրբ Հոգու սփոփանքն ու մխիթարությունը հայցում նրանց ընտանիքներին և հարազատներին: Այլև աղոթում ենք բոլոր վիրավորների արագ ապաքինման համար՝ մաղթելով Տիրոջ խնամքն ու զորակցությունը: Թող Բարձրյալն Աստված օգնական և պահապան լինի մեր Երկրին և ժողովրդին»։ Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ 23։30-ի դրությամբ՝ կան 3 զոհեր, շուրջ 20 անհետ կորածներ և 6 տասնյակի հասնող տուժածներ։
10:19 - 15 օգոստոսի, 2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արցախի պետնախարարին և ՄԻՊ-ին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արցախի պետնախարարին և ՄԻՊ-ին

Հունիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանին և ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանին՝ ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղոկատվական համակարգից: Նշվում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի պետնախարարը քննարկել են ներկա պայմաններում արցախահայության առջև ծառացած մարտահրավերները և 44-օրյա պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերը. «Այս առումով կարևորվել է համազգային ներուժի և ջանքերի մեկտեղումը՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի» Ըստ հաղորդագրության՝ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանության հարցերին, Արցախ-Սփյուռք կապերին։ «Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է բերել Արցախի իշխանություններին եկեղեցու նկատմամաբ դրսևորած հոգատար վերաբերմունքի համար։ Հանդիպման ավարտին պրն. Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել Նորին Սրբությանը պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում Մայր Աթոռի և նրա աշխարհասփյուռ թեմերի՝ Արցախին բերած զորակցության համար»,- նշված է պաշտոնական հայտարարութունում:
09:29 - 24 հունիսի, 2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է ԵԽ գլխավոր քարտուղարին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է ԵԽ գլխավոր քարտուղարին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանի:   Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է, որ ԵԽ գլխավոր քարտուղարի այցը Հայաստան տեղի է ունենում մեր ժողովրդի համար դժվարին իրավիճակում, երբ երկրի առջև ծառացած են հետպատերազմյան բազմաթիվ մարտահրավերներ՝ անվտանգային հարցեր, չլուծված սոցիալական, տնտեսական ու հումանիտար խնդիրներ։ Նորին Սրբությունը նկատել է, որ նման այցերը ամրապնդում ու զորացնում են համագործակցությունը ԵԽ և Հայաստանի միջև՝ նպաստելով նաև առկա մարտահրավերների հաղթահարմանը։   Անդրադառնալով 44-օրյա պատերազմին և դրա հետևանքներին, Ադրբեջանում միչև օրս պահվող ռազմագերիներին և հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին՝ Հայոց Հովվապետը կարևորել է միջազգային հանրության աջակցությունը։ Այս առիթով Նորին Սրբությունը խոսել է Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական կրոնամշակութային արժեքների ոչնչացման քաղաքականության մասին, որի հետևանքով դեռևս 1998-2005 թթ. Ադրբեջանում և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում քանդվեցին ու փոշիացվեցին հայկական քրիստոնեական հնագույն մշակույթի շուրջ յոթ հազար պատմական հուշարձաններ՝ խաչքարեր, եկեղեցիներ ու պաշտամունքային այլ շինություններ։   Խոսելով տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման կարևորության մասին՝ Վեհափառ Հայրապետը տարակուսանք է հայտնել հարևան երկրների կողմից շարունակ հնչող սպառնալիքների և ռազմատենչ հայտարարությունների մթնոլորտում պարտադրվող խաղաղության հնարավորության առնչությամբ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս է հատնել, որ բարեկամ երկրները, միջազգային հանրությունը և Եվրոպայի խորհուրդը հստակ կեցվածք կդրսևորեն մտահոգիչ այս խնդիրների վերաբերյալ և քայլեր կձեռնարկեն տարածաշրջանն ապակայունացնող նման երևույթների զսպման, Արցախի ժողովրդի ազատ, անկախ ու անվտանգ կյանքի ապահովման ուղղությամբ։   Վեհափառ Հայրապետը նաև անդրադարձ է կատարեց հակամարտության ընթացքում և հետպատերազմյան շրջանում Եկեղեցու գործադրած ջանքերին, ի մասնավորի՝ տարածաշրջանի հոգևոր առաջնորդների հանդիպումներին։   Իր հերթին, Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հաստատեց, որ Վեհափառ Հայրապետի մատնանշած խնդիրներն ԵԽ ուշադրության կենտրոնում են։ Վերջինս հատկապես կարևորեց սահմանների անվտանգության, գերիների վերադարձման, հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման և Արցախի ժողովրդի անվտանգության առաջնահերթությունները։ ԵԽ գլխավոր քարտուղարն ընդգծեց, որ իր հիմնական նպատակն է երկխոսության և փոխըմբռնման միջոցով ժողովուրդների ու պետությունների միջև հաստատել տևական խաղաղություն և վերացնել առկա հակամարտությունները։   Մարիա Պեյչինովիչ Բուրիչը կարևոր է համարել նաև մշակութային ու կրոնական երկխոսությունը՝ ողջունելով տարածաշրջանում խաղաղության և կայության հաստատմանն ուղղված Մայր Աթոռի ջանքերը։  
17:42 - 17 հունիսի, 2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Արևելյան հայոց թեմի ուխտավորներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Արևելյան հայոց թեմի ուխտավորներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Արևելյան հայոց թեմի Բոստոն քաղաքի Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ եկեղեցու ուխտավորներին՝ առաջնորդությամբ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Շնորհք քահանա Սուինի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ Տեր Շնորհքը ներկայացրել է ուխտավորաբար Մայր Աթոռ ժամանած հավատացյալներին: «Իր հայրական օրհնությունը փոխանցելով ուխտավորներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց աշխարհասփյուռ հայոց թեմերից նման ուխտագնացությունների կազմակերպումը, որոնց միջոցով հայորդիներին հնարավորություն է ընձեռնվում իրենց ուխտը վերանորոգելու և հայ ժողովրդի համար դժվարին այս օրերին գոտեպնդելու Հայաստանում ապրող իրենց հայրենակիցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձել է նաև արցախյան 44-օրյա պատերազմին ու դրա հետևանքներին՝ վստահություն հայտնելով, որ աշխարհասփյուռ հայությունն իր միասնականության և զորեղ հավատքի շնորհիվ ուժ կգտնի հաղթահարելու առկա մարտահրավերները:
17:49 - 12 հունիսի, 2022
Հունաստանի ՊՆ-ն պատրաստակամ է աջակցելու Հայաստանին առկա մարտահրավերների հաղթահարման գործում. Նիկոս Խարդալիաս

Հունաստանի ՊՆ-ն պատրաստակամ է աջակցելու Հայաստանին առկա մարտահրավերների հաղթահարման գործում. Նիկոս Խարդալիաս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության փոխնախարար Նիկոս Խարդալիասին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանի։   Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ուրախությունն է հայտնել երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև ձևավորված սերտ փոխգործակցության առնչությամբ։ Անդրադարձ կատարելով տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակին՝ Նորին Սրբությունն իր մտահոգությունն է արտահայտել Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների և չդադարող սպառնալիքների առնչությամբ։   Այս առիթով Հայոց Հովվապետը վստահություն է հայտնել, որ ՀՀ զինված ուժերը կկարողանան ոգի և կամք դրսևորել կանխելու Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ի դեմս պարոն Նիկոս Խարդալիասի, իր երախտագիտությունն է հայտնեց Հունաստանի իշխանություններին և ժողովրդին Արցախյան պատերազմի ծանր օրերին Հայաստանին ցուցաբերած եղբայրական զորակցության և աջակցության համար։   Հունաստանի ազգային պաշտպանության փոխնախարարը, շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ հայ և հույն ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի խորքից։   Նիկոս Խարդալիասը, անդրադառնալով հայ-հունական ռազմական համագործակցությանը, նշել է, որ Հունաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստակամ է ամեն ջանք ներդնելու այն առավել խորացնելու համար և աջակցելու Հայաստանին առկա մարտահրավերների հաղթահարման գործում։   Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել միջեկեղեցական փոխհարաբերություններին։ Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցեց Աթենքի ու Համայն Հունաստանի Հիերոնիմոս Երկրորդ Արքեպիսկոպոսին:   Վեհափառ Հայրապետը մաղթել է, որ Աստծո Ամենախնամ Աջի պահպանության ներքո հայ-հունական հարաբերություններն արդյունավորվեն նորանոր իրագործումներով ի նպաստ եղբայրական երկու ժողովուրդների բարօր ու խաղաղ կյանքի:  
18:38 - 02 հունիսի, 2022